Ինչ֊որ տեղ վերևից լսվում էր մեղմ երաժշտություն։ Լինելով երաժշտության մեծ գիտակ, ես միանգամից ճանաչեցի Բախի այդ ստեղծագործությունը․ « Լավ տեմպերացված կլավիր»։
==Սպիտակ ձիու վրա==
Անիծվա՜ծ Զիլբերովիչ։ Քիչ էր նրան իմ բերած «Գորբաչովը», նա հետո 0, 75 լիտրանոց «Բուրբոն» քարշ տվեց, ասելով, որ ամերիկացիների մոտ դա համարվում է աշխարհում լավագույն խմիչքը։ Բայց նրանք այդ լավագույն խմիչքին սոդայաջուր են ավելացնում, իսկ մենք առանց դրա, աղ դրված վարունգի հետ էինք խմում։
Իհարկե, այդպիսի խմիչքի հետ ինչ֊որ բան խառնելը հիմարություն է և հանցագործություն, բայց խառնել այն օղու հետ նույնպես չարժեր։
Դժվարությամբ բացելով աչքերս, ես շուրջս նայեցի։
Ես պառկած էի փայտյա մահճակալի չոր ներքնակի վրա, ինչ֊որ տարօրինակ սենյակում, որը ոչ այն է բանտախուց, ոչ այն է վանականի խուց էր հիշեցնում։ Մի անկյունում սրբապատկերներով դարակ, մյուսում՝ գյուղական լվացարան իր թասով (արդյոք այն նույնը չէ՞ր, որը ես տեսել էի սրանից քսան տարի առաջ Սիմիչի նկուղում): Փոքրիկ պատուհան առաստաղի տակ, որի միջով սենյակ էին ներխուժում տարբեր նողկալի ձայներ։ Ինչ֊որ տականք թմբուկ է խփում և փչում ճչացող շվի ։ Ինչպիսի՜ հանդգնություն։ Մի՞թե կարելի է այսքան վաղ․․․
Ես մոտեցրի աչքերիս ժամացույցը և ապշեցի։ Տասներկուսից քսան է պակաս, իսկ ես դեռ քնած եմ։ Եվ դա էլ այն տանը, որտեղ տերն ու նրա բոլոր օգնականները աշխատում են առավոտից մինչև երեկո։
Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ եմ ես այդքան խմել։ Ախր ինչո՞ւ ես չեմ կարող, ինչպես նորմալ մարդիկ, ինչպես ինչ֊որ մի ամերիկացի, մի քիչ լցնել բաժակի մեջ, սոդայաջուր ավելացնել և վարել հանգիստ, հավասարակշռված խոսակցություն Դանթեի և հարկերի մասին։
Սակայն, մեր խոսակցությունն էլ ինչ֊որ առումով հետաքրքիր էր։ Լեոն սկզբից մեծամիտ էր և գաղտնապահ, իսկ հետո, հարբելով, որոշ գաղտնիքներ պատմեց այստեղի իրենց կյանքի մասին։
Նրանք շատ մեկուսի են ապրում։ Սիմիչը օրական գրում է քսանչորս էջ։ Երբեմն աշխատում է իր առանձնասենյակում, երբեմն էլ զբոսնելով կալվածքի տարածքում։ Քայլելիս գրում է ծոցատետրում։ Վերջացնելով էջը, դեն է նետում առանց նայելու գետնին, իսկ Կլեոպատրա Կազիմիրովնան և Ժանետան միանգամից այդ թղթերը հավաքում են և դասավորում։ Անցնելով առաջ ասեմ, որ ես հետո տեսա, ինչպես է դա տեղի ունենում։ Նա ծոցատետրը ձեռքին զբոսնում է, իսկ կինը և զոքանչը կամացուկ քայլում են նրա ետևից։ Երբ նա դեն է նետում հերթական թերթիկը, նրանք բարձրացնում են, տեղնուտեղը կարդում և Ժանետան անհապաղ գնահատում է գրվածը մեկ բալլանոց սանդղակով։ «Հանճարեղ է» ― ասում է նա շշուկով, որպեսզի չխանգարի Սիմիչին։
Մի ժամանակ, նա այդպես էր գնահատում Լենինին։ Հիշում եմ, դեռ համալսարանում, ես վերցրեցի նրանից մի լենինյան գրքույկ ( կարծեմ, «Պետություն և հեղափոխություն») և այնտեղ «հանճարեղ» բառը գրված էր լուսանցքներում համարյա ամեն տողի դիմաց։
Համենայն դեպս «Գորբաչովին» «Բուրբոնի» հետ խառնել չարժեր։ Գլուխս սարսափելի ցավում էր, և նույնիսկ սկսեցի մտածել, որ հարբեցողությանը պետք է վերջ տալ։ Ես նույնիսկ խոսք տվեցի, որ վերջ կտամ։ Միայն թե հիմա պետք է մի բան խմել, իսկ հետո վերջնականապես հրաժարվել։
Թմբուկը դեռ հարվածում էր, շվին շվվացնում, չթողնելով կենտրոնանալ։
Ես կանգնեցի աթոռին և հասա պատուհանին։ Դուրս նայեցի և չհավատացի աչքերիս։ Տան առաջ գտնվող հրապարակում, հենց զոլավոր սյունի տակ, որի վրա գրված էր «ՍՍՍՌ», կանգնած էր սովետական համազգեստով զինվոր, ուսին գցած ավտոմատ։ Ես հուսահատ թափ տվեցի գլուխս։ Սա ի՞նչ բան է։ Սովետական զորքերը ներխուժել են Կանադա՞, թե իմ աչքին է արդեն երևում։
Թեքելով աչքերս, ես տեսա Թոմին սաքսֆոնով և Ստեպանիդային թմբուկով, որը նրա հետույքից էլ մեծ էր։ Ինչպես և ենթադրեցի, նրանք ոչ թե նվագում էին, այլ միայն պատրաստվում էին նվագել։
Հետո հայտնվեցին երկու ռուսական գեղեցկուհի ծաղկավոր սառաֆաններով և գլխաշորերով։ Նրանցից մեկը ձեռքում պահել էր հացի բոքոնը, իսկ մյուսը աղամանով ափսեն։
Հետո․․․ Ես ճշգրիտ չհասկացա ինչ կատարվեց։ Սկզբից, կարծեմ, Թոմը փչեց ինչ֊որ հանդիսավոր բան, իսկ Ստեպանիդան հարվածեց թմբուկին։ Այդ նույն ժամանակ հեռավոր շինություններից եկող ծառուղու վրա հայտնվեց սպիտակ ձիու վրա նստած, սպիտակ հագնված հրաշալի հեծյալը։
Սաքսոֆոնը երգում էր, թմբուկը հարվածում, սանդղամուտքի մոտ շղթայված շունը հաչում էր և ուզում էր պոկվել։ Նժույգը ձգտում էր առաջ, կրծում էր սանձը և գլուխը թափ տալիս, բայց հեծյալը նրան զսպում էր և մոտենում դանդաղ, բայց անողոք ճակատագրի նման։
Ինչպես ես ասացի նա ամբողջովին սպիտակ էր հագնված։ Սպիտակ թիկնոց, սպիտակ կամզոլ, սպիտակ վարտիկ, սպիտակ երկարաճիտ կոշիկներ, սպիտակ մորուք, իսկ կողքին երկար սուր սպիտակ պատյանի մեջ։
Ես լայն բացեցի պատուհանը և դուրս հանեցի գլուխս, որպեսզի ավելի լավ տեսնեմ և լսեմ։ Ուշադիր նայելով, ես ճանաչեցի Սիմ Սիմիչին։ Նրա դեմքը ոգեշնչված էր և խիստ։
Սիմիչը մոտեցավ ժամապահին։ Սաքսոֆոնը և թմբուկը լռեցին։ Սիմիչը հանկարծ մի տեսակ թեքվեց, ձեռքի ինչ֊որ շարժում արեց, և արևի շողերի տակ փայլեց երկար և նեղ սուրը։ Թվում էր, նա ուզում է դժբախտ զինվորի գլուխը թռցնել։
Ես փակեցի աչքերս։ Երբ նորից բացեցի տեսա, որ զինվորը կանգնած է վեր բարձրացրած ձեռքերով, նրա ավտոմատը ընկած է գետնին, իսկ Սիմիչը դեռ պահում է սուրը նրա գլխավերևում։
― Պատասխանի՛ր, լսեցի ես նրա զրնգուն ձայնը, ― ինչո՞ւ էիր ծառայում ամենակուլների իշխանությանը։ Պատասխանի՛ր, ո՞ւմ դեմ էիր պահում զենքը։
― Ներիր, հայր, ― պատասխանեց զինվորը Զիլբերովիչի ձայնով։ Իմ ցանկությամբ չեմ ծառայել, ինձ ստիպել էին սատանայական ամենակուլները։
― Երդվո՞ւմ ես արդյոք, հետագայում ծառայել միայն ինձ և կանգուն մարտնչել ամենակուլ կոմմունիստների և պլյուռալիստ պնակալեզների դեմ։
― Ճիշտ այդպես, հայր, խոսք եմ տալիս պայքարել բոլոր թշնամիների դեմ, պահել ռուսական սահմանները մեր ժողովրդի բոլոր ատողներից։
― Համբուրի՛ր սուրը, ― ասաց հայրը։
Ծնկի գալով Զիլբերովիչը հպեց շրթունքները սրին, իսկ Սիմիչը անցավ երևակայական գիծը, որից հետո երկու գեղեցկուհիները (հիմա արդեն ես չէի կասկածում, որ դա Ժանետան և Կլեոպատրա Կազիմիրովնան էին) նրան մատւցեցին հացն ու աղը։
Սիմիչը հացը ընդունեց, ձեռքը մեկնեց գեղեցկուհիներին համբյուրի համար և ասպատակելով ձիուն, արագ հեռացավ կողքի ծառուղիներից մեկով։
Դրանով երևի թե արարողությունը վերջացավ։ Բոլոր մասնակիցները ցրվեցին։
Մինչև ես շալվարս էի հագնում, Զիլբերովիչը, ինչպես կար, համազգեստով ու ավտոմատով, ներս մտավ իմ մոտ, խուց։
― Դեռ քնա՞ծ ես, ծերուկ, ― ասաց նա կշտամբանքով։ Եվ նույնիսկ մեր փորձը չե՞ս տեսել։
― Տեսել եմ, ― ասացի ես։ ― Ամեն ինչ տեսել եմ։ Միայն թե չհասկացա, ինչ է նշանակում այդ ամենը։
― Ի՞նչ կա չհասկանալու, ― ասաց Զիլբերովիչը։ ― Այստեղ հասկանալու ոչինչ չկա։ Սիմիչը փորձ է անցկացնում։
Մի՞թե հույս ունի վերադառնալ սպիտակ ձիու վրա նստած, ― հարցրեցի ես հեգնանքով։
― Ւհարկե, ծերուկ։ Իհարկե հույս ունի։
― Բայց դրա մասին նույնիսկ ծիծաղելի է մտածել։
― Գիտես ինչ, ծերուկ, բառերը ընտրելով ասաց Զիլբերովիչը։ Մի ժամանակ, դու հանդիպեցիր նրան ներքնահարկում, աղքատ և սոված, ոչ մեկին չհետաքրքրող ժայռաբեկորներով սնդուկում։ Այն ժամանակ նրա ծրագրերը քեզ նույնպես թվում էին ծիծաղելի։ Իսկ հիմա դու տեսնում ես, որ իրավացին նա է և ոչ թե դու։ Ուրեմն ինչո՞ւ դու չես կարող ենթադրել, որ նա հիմա էլ քեզանից առաջ է տեսնում։ Հանճարները միշտ տեսնում են այն, ինչ մեզ, հասարակ մահկանացուներիս տրված չէ տեսնել։ Մեզ միայն մնում է որոշել, վստահել նրանց, թե ոչ։
Խոստովանում եմ, նրա բառերը ինձ համարյա թե չխոցեցին։ Նրա նախկին, բարձր կարծիքը իմ մասին վաղուց արդեն փոշիացել էր։ Նա Սիմիչին ամպերի տակ էր բարձրացրել, իսկ ինձ համարում էր իր հետ նույն մակարդակի, կամ նույնիսկ ավելի ցածր։ Որովհետև նա համենայն դեպս հանճարի կողքին էր, իսկ ես միայն ինքս ինձ հետ էի։ Բայց ես հասկանում էի, որ Լեոն դատարկ մարդ է, և չնեղացա։ Ես նայեցի ժամացույցին և հարցրեցի Զիլբերովիչին, ինչ է նա մտածում, հնարավո՞ր է ժամը վեցի չվերթի համար տոմս վերցնել ուղղակի օդանավակայանում, թե՞ ավելի լավ է նախօրոք պատվիրել հեռախոսով։
Զիլբերովիչը ինձ նայեց ոչ այն է զարմացած, ոչ այն է շփոթված (հստակ չկարողացա որոշել) և ասաց, որ այսօր մեկնել ինձ ոչ մի կերպ չի հաջողվի։
― Ինչո՞ւ, ― հարցրեցի ես։
― Որովհետև Սիմիչը քեզ հետ դեռ չի զրուցել։
― Բայց մենք դեռ բավականին շատ ժամանակ ունենք։
― Այդ դու ունես շատ ժամանակ, նկատեց Զիլբերովիչը։ Իսկ նա չունի։ Նա ուզում էր ընդունել քեզ նախաճաշի ժամանակ, բայց դու քնած էիր։ Իսկ նրա ամբողջ ժամանակը, բաշխված է րոպե առ րոպե։ Յոթին նա վեր է կենում։ Կես ժամ վազում է լճի շուրջը, տաս րոպե ցնցուղ ընդունում, տասնհինգ րոպե աղոթում, քսան րոպե նախաճաշում։ Ութնանց տասնհինգ նա նստում է սեղանի մոտ։ Տասներկուսից քառորդ պակաս նա թամբում է Գլագոլին․․․
― Ո՞ւմ։
― Դա իր նժույգն է։ Գլագոլը։ Ուղիղ ժամը տասներկուսին Ռուսաստան մուտք գործելու արարողության փորձը։ Հետո նորից աշխատանք մինչև ժամը երկուսը։ Երկուսից մինչև երեքի կեսը նա ճաշում է։
― Ահա, շատ լավ է, ― բացականչեցի ես։ ― Թող ճաշի ժամանակ ինձ ընդունի։
― Չի կարող, ― հոգոց հանեց Զիլբերովիչը։ ― Ճաշի ժամանակ նա աչքի է անցկացնում ընթերցիչը։
― Ւ՞նչն է աչքի անցկացնում։
― Դե թերթը, ― ասաց Լեոն նյարդայնացած։ ― Դու գիտես չէ, որ նա պայքարում է օտար բառերի հետ։
― Իսկ ճաշից հետո հույս ունեմ, նա ո՞ւնի ազատ ժամանակ։
― Ճաշից հետո նա քառասուն րոպե ռուսերեն է պարապում Ստեպանիդայի հետ, հետո կես ժամ քնում, որովհետև նրան պետք է ուժերը վերականգնել։
― Իսկ քնից հետո՞։
― Քնից հետո նորից փոքրիկ մարզանք, ցնցուղ, թեյ և աշխատանք մինչև ժամը յոթը։ Հետո ընթրիք։
― Նորից թերթերո՞վ։
― Ոչ, նայիչով։
― Հասկանալի է, ― ասացի ես։ Ուրեմն հեռուստացույց է նայում։ Զվարճանում է։ Ւսկ ես պետք է սպասեմ։
― Ի՞նչ ես ասում, թափահարեց ձեռքերը Զիլբերովիչը։ ― Ի՜նչ զվարճություններ։ Նա նայում է միայն նորություններ և միայն կես ժամ։ Իսկ հետո աշխատում է մինչև տասն անց կես։
― Դե լավ, թող ընդունի տասն անց կեսից հետո։ Այդ դեպքում ես գոնե կմեկնեմ վաղը առավոտյան։
― Տասն անց կեսից մինչև տասնմեկանց կեսը նա կարդում է Դալի բառարանը, հետո նրա մոտ մնում է կես ժամ Բախի համար և ժամանակն է քնելու։ Բայց դու, ծերուկ մի հուզվիր։ Վաղը նա քեզ երևի անպայման կընդունի։ Միայն թե դու քնով չանցնես և չուշանաս նախաճաշին։
Բայց դուք անամոթն եք հա՜, ― ասացի ես վրդովված։
― Այդ ովքե՞ր, մենք։
― Չէ, ես ուրիշների մասին չեմ խոսի, բայց դու անամոթ ես, իսկ քո Սիմիչը եռակի անգամ ավելի անամոթ է։ Քիչ էր, որ ստիպեց երկրագնդի կեսը անցնել, հիմա էլ ձևեր է թափում։ Նա գրաֆիկով է ապրում, նա ժամանակ չունի։ Ինձ նույնպես վերջի վերջո ժամանակը ինչ֊որ բանի համար պետք է։
― Ճիշտ է, ― աշխուժացավ Զիլբերովիչը։ ― Քո ժամանակը պետք է քեզ, իսկ նրա ժամանակը պետք է բոլորին, ամբողջ մարդկությանը։
Այստեղ ես ուղղակի հունից դուրս եկա։ Ես, իմիջիայլոց, այդ հղումները ժողովրդին, տանել չեմ կարող։ Եվ ես ասացի Զիլբերովիչին, որ եթե Սիմիչը պետք է մարդկությանը, թող դիմի մարդկությանը։ Իսկ ես անհապաղ մեկնում եմ օդանավակայան։ Եվ ի դեպ, հույս ունեմ, որ իմ բոլոր տրանսպորտային ծախսերը կհատուցվեն։
― Դրա մասին, ծերուկ, կարող ես չանհանգստանալ, նա ամեն ինչ գիտի և ամեն ինչի համար կվճարի։ Բայց դու հիմարություն մի արա։ Եթե մեկնես, նա այնպես կզայրանա, որ դու նույնիսկ չես պատկերացնում։
Վերջ ի վերջո նա ինձ համոզեց և ես մնացի։
Ճաշից հետո ես ու Զիլբերովիչը գնացինք սունկ հավաքելու, հետո լողանալու գոլորշիով և փայտյա շայկաներով, իսկական ռուսական բաղնիքում։
Բաղնիքի նախասենյակում ես տեսա մի դյուժին թարմ կեչիից ավելներ, ընտրեցի ամենալավը և հարցրեցի Զիլբերովիչին, վերցնե՞լ նաև նրա համար, թե այս մեկը կհերիքի երկուսիս։
― Ինձ հարկավոր չի, ― մի տեսակ տարօրինակ քմծիծաղ տվեց Լեոն,― ինձ արդեն դրանով լողացրել են։
Ես չհասկացա, թե դա ինչ է նշանակում, բայց երբ Լեոն հանվեց, տեսա, որ նրա ամբողջ կոր մեջքը վերից վար ծածկված է զոլավոր մորեգույն սպիերով։
― Այդ ի՞նչ է, ― հարցրեցի ես զարմացած։
― Թոմը, ― ասաց Լեոն առանց զայրույթի։ Եթե մի ինչ֊որ բան է անում, ապա ուժը չի խնայում։
― Չեմ հասկանում, ― ասացի ես։ Դուք ինչ է կռվե՞լ եք։ Ոչ թե մենք կռվել ենք, այլ նա ծեծել է ինձ ճիպոտներով։
― Ինչպես թե, ― զարմացա ես։ Ինչպե՞ս կարող էր նա հարվածել քեզ ճիպոտներով։ Եվ ի՞նչու դու այդ թույլ տվեցիր։
― Դե իր ցանկությամբ չի արել։ Դա Սիմիչն էր նշանակել ինձ հիսուն հարված։
Այդ ժամանակ ես հանում էի ձախ կոշիկս և այդ կոշիկով էլ ձեռքիս մնացի քարացած։
― Այո, ― ասաց Զիլբերովիչը ։ ― Սիմիչը մտցրել է մեզ մոտ մարմնական պատիժներ։ Դե իհարկե, ես ինքս էի մեղավոր։ Նա ուղարկել էր ինձ փոստ հրատարակչին ձեռագիրը ուղարկելու համար։ Իսկ ես ճանապարհին մտա մի փոքրիկ ռեստորան, այնտեղ մի քիչ խմեցի և մոռացա ձեռագիրը։ Իսկ երբ արդեն փոստի մոտ հիշեցի և վերադարձա, ձեռագիրը արդեն չկար։
― Իսկ ի՞նչ է, դա միակ օրինա՞կն էր, ― հարցրեցի ես։
― Ոչ, ― ասաց Զիլբերովիչը, եթե դա միակ օրինակը լիներ, նա ինձ ուղղակի կսպաներ։
Ես լռում էի, այդպիսի հայտարարությունից շշմած։ Հետո հանկարծ խփեցի կոշիկով նստարանին։
― Լեո, ― ասացի ես։ Ես չեմ կարողանում հավատալ այդպիսի վայրենությանը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր օրերի ազատ երկրում, այսպիսի մեծ, նուրբ, մտածող մարդու, ինտելլեկտուալի, ծեծեն ախոռում, ինչպես ճորտի։ Չէ՞ որ դա ոչ միայն ֆիզիկական ցավ է, այլև վիրավորում է մարդկային արժանապատվությանը։ Մի՞թե դու չես բողոքել։
Այն էլ ոնց եմ բողոքել, ― ասաց Լեոն հուզվելով։ ― Ես կանգնել եմ նրա առաջ ծնկներիս վրա։ Ես նրան աղաչում էի «Սիմիչ, ասում եմ, ― սա առաջին և վերջին անգամ է։ Ես երդվում եմ պատվովս, որ դա երբեք չի կրկնվի»։
― Իսկ նա՞,― հարցրեցի ես։ Մի՞թե չխղճաց։ Մի՞թե նրա սիրտը չփափկեց։
Ինչպե՜ս չէ, փափկեց, ― ասաց Զիլբերովիչը և թափ տվեց ձախ աչքից դուրս հոսած արցունքը։
Ես այնպես հուզվեցի, որ կոշիկս ձեռքիս, սկսեցի վազվզել բաղնիքի նախամուտքում։
― Լեո, ― ասացի ես։ Այսպես էլ չի կարող շարունակվել։ Պետք է դրա վերջը տալ։ Դու ոչ մեկին չպետք է թույլ տաս անլեզու անասունի նման վերաբերվել քեզ հետ։ Ահա թե ինչ, բարեկամս, հագնվիր, գնանք։ ― Ես նստեցի նստարանին և նորից հագա կոշիկս։ Ո՞ւր գնանք, ― չհասկացավ Լեոն։
― Ոչ թե գնանք, այլ մեկնենք այստեղից, ― ասացի ես։ Կգնանք օդանավակայան։ Իսկ այնտեղից Մյունխեն։ Փողի մասին մի մտածիր, ես շատ ունեմ։ Կտանեմ քեզ Մյունխեն, կտեղավորեմ աշխատելու «Ազատություն ռադիոկայանում», այնտեղ կվարես որևէ հակասովետական հաղորդում, բայց քեզ էլ ոչ ոք ծեծել չի համարձակվի։
Լեոն նայեց ինձ և տխուր ժպտաց։
― Ոչ, ծերուկ, ի՜նչ «Ազատություն»։ Իմ պարտքն է մնալ այստեղ։ Հասկանում ես, Սիմիչը իհարկե, շատ քմահաճ մարդ է, բայց դու գիտես, որ բոլոր հանճարներն էլ հակում ունեն կամակորությունների, իսկ մենք պետք է դա համբերատար տանենք։ Ես չգիտեմ, չգիտեմ, ― շտապեց նա, կարծես կանխելով իմ առարկությունները։ ― Քեզ դուր չի գալիս, երբ ես ասում եմ «մենք», դրանով ինձ ու քեզ դնելով նույն հարթության վրա։ Բայց ես մեզ չեմ հավասարեցնում։ Ես հասկանում եմ, որ ինչ֊որ տաղանդ դու ունես։ Բայց պետք է հասկանաս, որ տաղանդի և հանճարի միջև գոյություն ունի անդունդ։ Իզուր չէ, որ ամբողջ Ռուսաստանը երդվում է նրա անունով։
― Ռուսաստանը երդվո՞ւմ է, ― ասացի ես։ Հա֊ հա֊հա։ Նրան արդեն վաղուց այնտեղ մոռացել են։
Լեոն ուշադիր նայեց ինձ և ճոճեց գլուխը։
― Ոչ, ծերուկ, սխալվում ես։ Նրան ոչ միայն չեն մոռացել, այլ ընդհակառակը, նրա ազդեցությունը ուղեղների վրա գնալով աճում է։ Նրա գրքերը հենց այնպես չեն կարդում։ Կան գաղտնի խմբեր, որտեղ ուսումնասիրում են նրա գործերը։ Նա ունի կողմնակիցներ ոչ միայն ինտելլիգենցիայի, այլև բանվորների, պարտիայի, ԿԳԲ֊ի և գլխավոր շտաբի շրջանակներում։ Եթե ուզում ես իմանալ, ― Լեոն ետ նայեց դռանը և ասաց ականջիս, ― անցայլ շաբաթ եկել էր․․․
Եվ արդեն ավելի ցածրացնելով ձայնը մինչև խշխշոց, Լեոն ասաց ինձ Պոլիտբյուրոի այն անդամի ազգանունը, որը վերջերս եղել էր Ամերիկայում։
― Դա արդեն խաբում ես, ― ասացի ես։
― Տականք լինեմ, եթե խաբում եմ, ― ասաց Լեոն և գողականի նման եղունգով փորեց ատամը։
Հաջորդ առավոտյան ես ավելի վաղ վեր կացա։ Տանից դուրս գալով տեսա երկու մեծ մեքենա վաշինգտոնյան համարներով։ Մեկը մարդատար, մյուսը ավտոբուս՝ «AMERICAN TELEVISION NEWS» մակագրությամբ։ Ինչ֊որ մարդիկ քանդում էին մալուխները և տուն էին խցկում սարքավորումները։ Միայն մեկը, անգործ կանգնած սիգար էր ծխում։
― Ջո՞ն, զարմացա ես։ ― Այդ դո՞ւք եք։ Ի՞նչ եք այստեղ անում։ Մի՞թե դուք նաև հեռուստատեսությունում եք աշխատում։
― Այո, ― ասաց Ջոնը։ Ես բոլորի համար էլ աշխատում եմ։ Իսկ դուք այստեղ ի՞նչ եք անում։ Ես կարծում էի, որ արդեն շատ հեռու պիտի լինեք։ Եթե մտափոխվել եք, ստիպված կլինեք վճարել շատ մեծ տուգանք։
― Մի անհանգստացեք, ― ասացի ես։ Դեռ մի շաբաթ ունեմ մինչև թռիչքը։
― Ես չեմ անհանգստանում, ― ժպտաց Ջոնը։ ― Ես գիտեմ, որ դուք գնել տոմս։ Ես եկել եմ ասյտեղ ոչ ձեր համար, այլ փոքրիկ հարցազրույց վերցնել պարոն Կարնավալով։
Այս խոսքերով նա մտավ տուն ղեկավարելու սարքավորումների տեղադրումը, իսկ ես որոշեցի զբոսնել լճի մոտ։
Այստեղ ինձ հանդիպեց վազող Սիմիչը, նա բարևեց ինձ շարունակելով վազքը, այնպես, կարծես մենք ամեն օր հանդիպում էինք այս ճանապարհի վրա։
Երբ ես եկա նախաճաշի, այնտեղ արդեն Ջոնի ղեկավարությամբ աշխատում էր օպերատորների, լուսավորողների և հնչյունային տեխնիկների մի ամբողջ խումբ։ Ճաշասենյակում, սեղանի մոտ հավաքվել էին բոլոր տնեցիները․ Կլեպատրա Կազիմիրովնան, Ժանետան, Զիլբերովիչը, Թոմը և Ստեպանիդան։ Բոլորը ինչ֊որ բանից հուզված էին, իսկ իմ հայտնվելուն պես, նույնիսկ որոշ չափով շփոթվեցին, որի պատճառը սակայն, անմիջապես պարզվեց։
Բանը նրանում է, շատ քաղաքավարի ասաց ինձ Ժանետան, որ հիմա Սիմ Սիմիչին պետք է նկարահանեն ընտանեկան միջավայրում նախաճաշելիս մերձավորների հետ, իսկ քանի որ ես այդ ամենամերձավորների շրջանին չեմ պատկանում, չե՞ի լինի ես արդյոք այնքան սիրալիր, որ համաձայնվեի նախաճաշել իմ սենյակում։
Ես նեղացա և ուզում էի անմիջապես գնալ։ Վերջ ի վերջո ինչո՞ւ եմ ես այստեղ նստել։ Սպասում եմ, որ վճարեն իմ ուղևորության համա՞ր։ Ես ինքս այնքան ապահովված եմ, որպեսզի այդպիսի չնչին գումարից կախված չլինեմ։
Ես արդեն ուզում էի գնալ դեպի ելքը, երբ դուռը բացվեց և սկզբում սայլակով ներս բերեցին Ջոնին, որը ջինսերի մեջ փաթեթավորված հետույքը վեր ցցած, նայում էր կամերայի մեջ։ Նրա հետևից հայտնվեց ինքը Սիմ Սիմիչը սպորտային կոստյումով։ Նա քայլում էր արագ, կարծես չնկատելով կամերաները, անձատուր եղած իր մեծ մտքերին։
Բայց մոտենալով սեղանին, նա կերպարանափոխվեց և պահեց իրեն որպես իսկական դենդի, համբուրեց կնոջը, հետո Կլեոպատրա Կազիմիրովնայի ձեռքը, սեղմեց Ստեպանիդայի ձեռքը, Թոմի մեջքին թփթփացրեց, Զիլբերովիչին գլխով արեց, իսկ ինձ ասաց․
― Մենք արդեն հանդիպել ենք։
Հետո նա նստեց սեղանի գլխին, առաջարկեց աղոթել Աստծուն և բարակ ձայնով գոռաց «Господи, иже еси на небеси...»
― Օ կեյ, ― ընդհատեց նրան Ջոնը, ― բավական է, մենք միևնույն է թարգմանել
անգլերեն։ Հիմա դուք մի քիչ ուտել և խոսել։ Եվ եթե կարելի է, մի քիչ ժպիտ արեք։
― Ոչ մի ժպիտ, զայրացած ասաց Սիմիչը։ ― Աշխարհը կործանվում է։ Արևմուտքը ամենակուլներին է տալիս երկիր երկրի ետևից, կոմմունիզմի երկաթյա ծնոտները արդեն հասել են մինչև մեր կոկորդը և շուտով կպատռեն ադամագեղձը, իսկ դուք շարունակում եք ժպտալ։ Դուք ապրում եք չափից ավելի ապահով, և այնքան եք նրբացել, որ չեք հասկանում․ ազատության համար պետք է պայքարել, դուք պետք է զոհեք ձեզ։
― Ինչպե՞ս մենք պետք է պայքարենք, ― քաղաքավարի հարցրեց Ջոնը։
Ամենից առաջ դուք պետք է հրաժարվեք բոլոր ավելորդ բաներից։ Ամեն մեկը պետք է ունենա միայն այն, ինչ իրեն խիստ անհրաժեշտ է։ Այ նայեք ինձ։ Ես ամբողջ աշխարհում հայտնի գրող եմ, բայց ես համեստ եմ ապրում։ Ես ունեմ միայն մեկ տուն, երկու քոթեջ, բաղնիք, ախոռ և փոքրիկ եկեղեցի։
― Ասացեք, իսկ այս լիճը ձե՞րն է։
― Այո, ես ունեմ մի փոքրիկ համեստ լիճ։
― Միստեր Կարնավալով, ձեր կարծիքով, ո՞վ է այսօր ամենալավ գրողը աշխարհում։
― Իսկ դուք չգիտե՞ք։
― Ես գլխի եմ ընկնում, բայց ուզում եմ այդ հարցը անել ձեզ։
― Գիտե՞ք ինչ, ― ասաց Սիմիչը մի քիչ մտածելուց հետո։ Եթե ես ասեմ, որ աշխարհի լավագույն գրողը ես եմ, դա կլինի անհամեստություն։ Իսկ եթե ասեմ, որ ես չեմ, դա չի լինի ճշմարիտ։
Միստեր Կարնավալով, բոլորին է հայտնի, որ դուք ունեք միլլիոնավոր ընթերցողներ։ Բայց կան մարդիկ, որոնք չեն կարդում ձեր գրքերը․․․
― Բանը նրանում չի, որ չեն կարդում, ― խոժոռվեց Սիմիչը, այլ նրանում, որ մինչև վերջ չկարդալով զրպարտում են։
― Բայց կան մարդիկ, որոնք մինչև վերջ կարդում են և չեն կիսում ձեր հայացքները։
― Հիմարությո՜ւն, ― նյարդային գոչեց Սիմիչը և պատառաքաղով խփեց սեղանին։ Հիմարություն և անմտություն։ Ի՞նչ է նշանակում կիսում են, կամ չեն կիսում գաղափարները։ Որպեսզի բաժանեն իմ գաղափարները, պետք է ունենան մի քիչ ավելի մեծ ուղեղ, քան հավինը։ Ամենակուլների ուղեղը կեղտոտված է ժանգով, իսկ պլյուռալիստների մոտ ընդհանրապես ուղեղ չկա։ Եվ մեկը և մյուսը չեն հասկանում, որ ես ասում եմ ճշմարտություն և միայն ճշմարտություն և որ տեսնում եմ շատ տասնամյակներ առաջ։ Վերցրեք օրինակ նրան։ ― Սիմիչը ցույց տվեց ինձ մատով։ Նա, կարծես թե, նույնպես համարվում է գրող։ Բայց այսօրվանից առաջ չի տեսնում։ Եվ նա, փոխանակ նստի ու աշխատի, գնում է ինչ֊որ տեղ, այնտեղ, այսպես կոչված ապագան։ Ուզում է իմանալ, թե ինչ կկատարվի վաթսուն տարի հետո։ Իսկ ինձ պետք չի ոչ մի տեղ գնալ։ Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչ կլինի այնտեղ։
― Շատ հետաքրքրիր է, ― բացականչեց Ջոնը։ ― Շատ։ Եվ հատկապես ի՞նչ կլինի այնտեղ։
Սիմիչը մռայլվեց, ետ հրեց ափսեն և սկսեց մորուքից թափ տալ փշրունքները։ Եթե աշխարհը չի ուզում մտածել այն մասին, ինչի մասին որ խոսում եմ, ― ասաց նա ուղիղ նայելով կամերային, ― ոչ մի լավ բան այնտեղ չի լինի։ Ոչ այնտեղ և ոչ էլ որևիցե ուրիշ տեղ։ Ամենակուլները կուտեն ամբողջ աշխարհը և իրենք իրենց։ Ամեն ինչ կնվաճեն չինացիները։
― Իսկ եթե աշխարհը համենայն դեպս ձեզ լսի՞։
― Օ՜, այն ժամանակ, ― աշխուժացավ և իր համոզմունքներին հակառակ ժպտաց Սիմիչը։ ― Այն ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Կսկսվի ընդհանուր առողջացում, և կսկվի առաջին հերթին Ռուսաստանում։
― Ինչպիսի՞ն եք տեսնում ապագա Ռուսաստանը։ Հույս ունե՞ք, որ այնտեղ հաղթանակելու է կառավարման դեմոկրատական ձևը։
― Ո՛չ մի դեպքում, ― առարկեց Սիմիչը։ Ձեր գովվերգած դեմոկրատիան, մեզ ռուսներիս համար չէ։ Այն երևույթը, երբ ամեն մի հիմար կարող է իր կարծիքը արտահայտել և ցուցում տալ իշխանությանը, թե ինչ պետք է նրանք անեն կամ չանեն, մեզ համար ընդունելի չէ։ Մեզ պետք է այնպիսի ղեկավար, որը ունի անառարկելի հեղինակություն և ստույգ գիտի, ուր գնալ և ինչու։
― Ւսկ դուք կարծում եք, այդպիսի ղեկավարներ լինո՞ւմ են։
― Միգուցե և չեն լինում, բայց կարող են լինել, ասաց Սիմիչը նշանակալից և հայացք փոխանակեց Ժանետայի հետ։
― Ես շատ ներում եմ, ― ասաց Ջոնը։ ― Դուք հատկապես որևիցե մեկի՞ն ի նկատի ունեք, թե դա միայն թեորիա է։
― Գրողը տանի, ― հանկարծ հուզվեց Սիմիչը։ Նա խփեց իր ծնկին, վեր կացավ և սկսեց նյարդային քայլել սենյակում։ ― Տեսնում եք, եթե ես ձեզ ասեմ, ինչ եմ մտածում, սարսափելի ոռնոց կբարձրանա, ամբողջ աշխարհի պլյուռալիստները շների նման կհարձրակվեն ինձ վրա։ Կասեն․ Կարնավալովը ուզում է դառնալ թագավոր։ Ես թագավոր լինել չեմ ցանկանում։ Ես արվեստագետ եմ։ Ես մտածում եմ գեղարվեստորեն։ Ես պատկերավոր եմ մտածում։ Ես վերցնում եմ պատկերը, խորհրդածում և եմ թղթի վրա։ Հասկանալի՞ է։
― Այո, ― անվստահ ասաց Ջոնը։ Ընդհանուր առմամբ հասկանալի է։
Դե ուրեմն, ես թագավոր լինել չեմ ուզում։ Ես դեռ իմ ոչ բոլոր գեղարվեստական խնդիրներն եմ իրագործել։ Բայց երբեմն պատմական իրողությունները այնպես են դասավորվում, որ մարդ պետք է իր վրա վերցնի այն առաքելությունը, որը նրա վրա աստվածն է դրել։ Եթե ուրիշ այդպիսի մարդ աշխարհում չի գտնվում, նա պետք է այդ գործը վերցնի իր վրա։
― Եթե այդ առաքելությունը դրվի ձեզ վրա, դուք չէի՞ք հրաժարվել։
― Ես կհրաժարվեի, եթե լիներ գոնե մի մարդ, որին կարելի լիներ վստահել։ Բայց շուրջը ոչ ոք չկա։ Ամենուր միայն մանրուք։ Եվ միայն դրա համար, եթե Աստված ուզում է պատմության այդ էջը գրել այս ձեռքով, ― Սիմիչը բարձրացրեց պատառաքաղը բռնած ձեռքը, ― այն ժամանակ ինչ արած․․․
Կիսատ թողնելով խոսքը, Սիմիչը տխրեց, երևի կասկածեց, որ Աստված կընտրի հենց այդ ձեռքը։
― Դե լավ, ― ասաց նա խոնարհաբար, անմիջապես սակայն անցնելով տիրական ոճի։ ― Ինչպես կլինի, այնպես էլ կլինի, իսկ հիմա նախաճաշը ավարտված է, ժամանակն է աշխատել։
Ջոնը հարցրեց Սիմիչին, կարելի՞ է արդոք նրան նկարահանել աշխատանքի ժամանակ։ Սիմիչը ասաց, որ իհարկե, ինքը կաշխատի, իսկ նրանք կարող են նկարահանել․ նա սովոր է աշխատել դժվար պայմաններում, և հեռուսատատեսությունը նրան չի շեղում։
Սիմի՛չ, նետվեցի ես նրա կողմը։ ― Մինչև այս կամ այն, միգուցե մենք խոսե՞նք։
― Չեմ կարող, ― ասաց Սիմիչը։ ― Ես արդեն առանց այն էլ շատ ժամանակ կորցրեցի։
Հաջորդ առավոտյան ինձ ընդհանրապես չթողեցին նախաճաշի, որովհետև Սիմիչի մոտ էր եկել կոնգրեսմեն Պիտեր Բլոխը և նախաճաշի ժամանակ նրանք կարճ բանակցություններ վարեցին ատոմային զինաթափության մասին։
Ես չդիմացա և զայրացած հայտնեցի Զիլբերովիչին, որ ամեն դեպքում մեկնում եմ։
― Դե սպասիր, սպասիր, ― խնդրեց Զիլբերովիչը։ ― Ես կաշխատեմ ամեն ինչ գլուխ բերել։