Բայց ճաշից առաջ, երբ ես դեռ նոր էի բաց թողել Ստեպանիդային, վազելով եկավ հուզված Զիլբերովիչը և ասաց, որ Սիմիչը անհապաղ պահանջում է ինձ իր մոտ։
== Լավ է==
Սիմիչը այնքան էր տարված աշխատանքով, որ չլսեց, ինչպես ես ներս մտա։ Սեղանին թեքված նա ինչ֊որ բան էր գրում, իմիջիայլոց, ոչ թե գրասենյակային, այլ «Պարկեր» ֆիրմայի գնդիկավոր գրիչով։ Իսկ գրասենյակայինը՝ այն նույնը, կրծոտած ծայրով, որը մի ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն էր գործել, ուրիշ գրիչների ու մատիտների հետ ցցված էր այն ալյումինե բաժակից, որի վրա փորագրված էին նրա ինիցիալները՝ «Ս․ Կ․»։
Սիմիչը բռնել էր «պարկերը» բռունցքի մեջ սեղմած, ինչպես կտրիչ, և գրում էր, աջ ուսով սեմելով գրչի վրա և պատռելով թուղթը։ Ես չէի տեսնում, թե նա ինչ է գրում, բայց, գրելով մի կտոր, կամ նախադասություն, նա բարձրացնելով գրիչը անշարժանում էր, վերակարդալուց շարժում շրթունքները։ Կարդալով մինջև վերջ թափ էր տալիս գլուխը և բացականչում․
― Լա՜վ է։
Եվ կտրուկ հարվածով, կարծես մեխ խփելիս լիներ, կետ էր դնում։
Հետո նորից մի նախադասություն և նորից․
― Լա՜վ է։
Եվ նորից կետ։
Ես նրան նախանձով էի նայում։ Երևում էր, որ աշխատում է իր ուժերին վստահ վարպետ։ Ես անհարմար էի զգում ընդհատել նրան, բայց կանգնել նրա մեջքի հետևում, նույնպես մի տեսակ հարմար չէր։ Ես հազացի մի անգամ, հետո նորից։ Վերջապես նա ինձ լսեց, ցնցվեց և շուռ եկավ․
― Ա՜, այդ դու ես։ ― Եվ անհամբեր ասաց․ ― Ի՞նչ է քեզ պետք։
Ես ասացի, որ ինձ ոչինչ պետք չէ, ես եկել եմ հրաժեշտ տալու և լսելու նրա ցանկությունները։
― Լավ, ― ասաց նա և նայեց ժամացույցին։ ― Ես քո համար ունեմ ուղիղ յոթ և կես րոպե։
― Սիմի՛չ, ― բացականչեցի ես վրդովված։ ― Դու ինձ ներիր, բայց սա անպատկառություն է։ Ես քո պատճառով օրերով այստեղ եմ մնացել, իսկ դու իմ համար ունես միայն յոթ ու կես րոպե։
― Յոթ ու կես էր, իսկ հիմա, ― նա նորից նայեց ժամացույցին, ― միայն յոթ։ Բայց դա էլ հերիք է։ Ի՞նչու ես «եփում»։ Քեզ համար մեր հանդիպումը նույնպես օգտակար կլինի։ Կվերցնես քեզ հետ «Մեծ զոնան»։
― «Մեծ զոնա՞ն», ― զարմացա ես։ ― Ինձ հետ Մյունխե՞ն։
― Ոչ թե Մյունխեն, այլ երկու հազար․․․ ո՞ր թվի Մոսկվա։ Քառասուն երկո՞ւ։ Հենց այնտեղ էլ կտանես։
― Ինչպե՞ս։ Բոլոր վաթսուն ժայռաբեկորնե՞րը։
― Վաթսո՞ւն, ― մռայլվեց Սիմիչը, ― ես դեռ այդքան չեմ գրել։ Ինձ չափից ավելի են ընդհատում։ Ես գրել եմ միայն երեսունվեցը։
― Եվ դու ուզում ես, որ ես ապագան քաշ տամ երեսունվեց բեկո՞ր։ Ինչի՞ համար։ Մի՞թե դու չես հավատում, որ մինչև այդ նրանք արդեն տպագրված կլինեն։
― Իհարկե կլինեն, ― հաստատեց Սիմիչը։ ― Բայց ես վախենում եմ, որ նրանք այնտեղ ինչ֊որ բան կխեղաթյուրեն կամ կուղղեն։ Իսկ ես ուզում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի։
― Հասկանում եմ, ― ասացի ես։ Բայց երեսունվեց ժայռաբեկոր, ես ուղղակի չեմ կարողանա տեղ հասցնել։ Ես ճողվածք ունեմ և հինգից ավելի ոչ մի կերպ չեմ կարող տանել։
― Պարզ է, ― քմծիծաղ տվեց Սիմիչը ինքնգոհ։ ― Այն ինչ ես եմ կարող, ուրիշների ուժերից վեր է։ Բայց դու, ես հույս ունեմ կկարողանաս։
Նա բացեց պլաստմասայից սարքվաց փոքրիկ տուփը և այնտեղից հանեց բարակ, ափի չափսի սև սկավառակ։ Դա տնային կոմպյուտերի հասարակ ֆլոպպի դիսկ էր, բայց երևի շատ ավելի մեծ հնարավորություններով։
― Ահա, ― ասաց նա հեգնանքով։ Բոլոր երեսունվեց ժայռաբեկորները։ Չես լարվի։
― Եվ ի՞նչ եմ անելու սրա հետ այնտեղ։
― Այդ ես չգիտեմ, հոգոց հանեց Սիմիչը։ Դա կախված է նրանից, թե ինչ կլինի այնտեղ։ Եթե այս ամենը տպագրված լինի, կկարդաս, կհամեմատես սխալները․․․
«Է՜լ ինչ », ― ասացի ես մտքումս։ ― Կարդալ երեսունվեց ժայռաբեկոր ինձ համար (ես դանդաց եմ կարդում) ― մի տարվա աշխատանք է, իսկ ես մեկնում եմ ոչ ավել, քան մեկ ամսով։
Եթե սխալներ չկան, հանձնիր սկավառակը Կարնավալովի թանգարանը․․․
― Իսկ եթե թանգարան չկա՞, ― հարցրեցի ես զգուշորեն խայթելով։
― Եթե չկա, ― զայրացավ նա կամ ինձ, կամ անշնորհակալ հետնորդների վրա, ― ուրեմն, այնտեղ դեռ կառավարում են ամենակուլները։ Այն ժամանակ, դու․․․ ― այստեղ նա ուղղակի ամբողջապես դողաց և քայլեց սենյակով․․․ Ուրեմն, ահա թե ինչ։ Գտիր որևէ ապագա համակարգիչ, դիր նրա մեջ այս իրը, տպիր որքան կարող ես շատ օրինակներ և տարածիր, որքան լայնորեն, այնքան ավելի լավ։ Ուղղակի բաժանիր աջ ու ձախ։ Թող մարդիկ կարդան, թող իմանան, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանց ագահ ղեկավարները։
― Սիմիչ, ― ասացի ես կամաց։ ― Ինչպե՞ս եմ տարածելու։ Ախր, եթե այնտեղ դեռևս ղեկավարում են ամենակուլները, նրանք ուղղակի կձերբակալեն ինձ, իսկ միգուցե և գնդակահարեն։
Այդ ես շատ անզգույշ արտահայտվեցի։ Ես դեռ չէի վերջացրել նախադասությունը, իսկ նա արդեն կարմրեց, սեղմեց բռունցքները և զայրույթից ցնցվեց։
― Երիտասարդ, ― ասաց նա այնքան բարձր, որ նույնիսկ ապակիները զրնգացին։ ― Ամոթ է, երիտասարդ։ Ռուսաստանը կործանվում է։ Ագահ ամենակուլները արդեն խրթխրթացնում են աշխարի կեսի ոսկորները, պետք են զոհեր, իսկ դուք անհանգստանում եք միայն ձեր մասին։
Սակայն տեսնելով իմ շփոթմունքը, նա արագ փոխեց զայրույթը ներողամտությամբ։
― Դե լավ, ― ասաց նա, ― լավ։ Հոգու թուլությունը դա արատ է, որը հատուկ է շատ մարդկանց։ Իսկ քո մոտ դա նրանից է, որ Աստծուն չես հավատում։ Եթե հավատայիր Աստծուն, ապա կիմանայիր, որ մեր երկրային կյանքը միայն ժամանակավոր զբոսանք է, իսկ այնտեղ հանգստություն և հավերժական երանություն։ Մտածիր այդ մասին։ Իսկ հիմա մեկնիր․․․ Հա, քիչ մնաց մոռանայի է։ Ահա քեզ երկտող։ Վերցրու այն հետդ և այնտեղ կփոխանցես ձեռքից ձեռք ում որ պետք է։ Բայց չփորձես բացել և կարդալ։
Այս բառերով նա ինձ հանձնեց կնիքով զմռսված մի լիքը փաթեթ։ Ծրարի վրա խոշոր տառերով գրված էր․
Ռուսաստանի ապագա ղեկավարներին
― Լե՛ո, ― կանչեց նա։
Դուռը անմիջապես բացվեց, հայտնվեց ջինսերով և վերնաշապիկով, որը աներիկցիները անվանում են «տի֊շերտ» հասարակ հագնված Լեոն։ Վերնաշապիկի վրա պատկերված էր Սիմիչը։
― Լե՛ո, ― ասաց Սիմիչը, գլխով ցույց տալով ինձ։ ― Նա մեկնում է։ Ուղեկցիր նրան մինչև Մոնրեալի ճանապարհը։
― Սիմիչ, ― ասաց Լեոն բավականին սանձարձակ տոնով, իսկ միգուցե նա ճաշի մեզ հետ և հետո նոր գնա՞։
― Ոչ ― վճռականորեն առարկեց Սիմիչը։ Կճաշի թռչողում։ Կարիք չկա իզուր ժամանակ կորցնել։
Մյուս առավոտ ես վերադարձա Մյունխեն և ապագայի ղեկավարներին ուղաված նամակը իջեցրի աղբամանը։ Բայց ֆլոպպի֊դիսկը չգիտեմ ինչու պահեցի։