Մյուս առավոտ ես վերադարձա Մյունխեն և ապագայի ղեկավարներին ուղաված նամակը իջեցրի աղբամանը։ Բայց ֆլոպպի֊դիսկը չգիտեմ ինչու պահեցի։
==Երկար հրաժեշտ==
Չգիտեմ ինչպես է մյուսների մոտ, բայց մեր, ռուսներիս մոտ, ընդունված է երկար և լրջորեն հրաժեշտ տալ։ Մարդը գնում է պատերազմ, թե շուրջերկրյա ճանապարհորդության, մի քանի օրով գործուղման է մեկնում կողքի քաղաք, թե ընդհակառակը՝ գյուղ բարեկամների մոտ, նրան ճանապարհում են երկար և հիմնավորապես։
Բանաստեղծն ասել է․ «․․․ և ամեն անգամ հավերժ հրաժեշտ տվեք, երբ գնում եք մի պահով»։
Մենք հենց այդպես էլ անում ենք։ Կանչում ենք հյուրեր, խմում ենք, կենացներ ասում ուղևորվողներին և մնացողներին։ Տանից դուրս գալուց առաջ ընդունված է մի րոպեով նստել և լռել։ Իսկ հետո, կայարանում, նավամատույցում, կամ օդանավակայանում երկար համբուրվում ենք, լաց լինում, արտասանում հրաժեշտի հիմար խոսքեր և ձեռքերով թափահարում։
Մեր տանը ընդունված էր, որ երբ որևիցե մեկը մեկնում էր, մայրս չէր մաքրում հատակը այնքան ժամանակ, մինչև հեռագիր էր գալիս, որ մեկնողը բարեհաջող տեղ է հասել։
Միգուցե ինչ֊որ մեկը կարծում է, որ դա վայրենություն է, բաց այս դարավոր ավանդույթների վրա հիմնված սովորությունը ինձ դուր է գալիս և թվում է ունի խոր միտք։ Որովհետև մենք երբեք չգիտենք, թե մեր հրաժեշտներից որ մեկը կլինի վերջինը։
«․․․ Եվ ամեն անգամ հրաժեշտ տվեք, երբ գնում ե ք մի պահով։»
Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակալից ձևով, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտիկ օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել աղվանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես չէի մերժում և չէի հերքում, ինչը ավելացրեց անիմաստ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։
Հյուրերի մեջ էր նաև Ռուդին, որը (ես պետք է դա հատուկ նշեմ) պահում էր իրեն շատ նրբանկատ և ոչ մի բառով ու ակնարկով ցույց չտվեց, իր տեղյակ լինելը։
Պետք է ասել, որ չնայած հրաժեշտը մի քիչ ձգձգվեց, բայց լավ անցավ։ Վերջին հյուրին մենք դուրս հրեցինք գիշերվա երեքից տասնհինգ պակաս, իսկ առավոտյան վեցն անց տասնհինգ, կինս արդեն ինձ ոտքի հանեց։
Կարող եք պատկերացնել իմ վիճակը, երբ ես, դեռ չզգաստացած, տառապելով գլխացավից, այրոցից և վատ մարսված ուտելիքից, քարշ էի տալիս դեպի մեքենան ապագայի ընկեր֊հետնորդների համար նախատեսված նվերներով լցված ճամպրուկը։
Կինս առաջ էր վազում, անիծելով ինձ, դանդաղ քայլելու համար, և ինձ մի քիչ տարօրինակ թվաց, որ նա այդպես շտապում է ինձ ճանապարհ դնել։ Նրա համար հեշտ էր խոսելը, քանի որ ձեռքին միայն մի փոքրիկ «դիպլոմատ» տիպի փոքրիկ ճամպրուկ կար, որի մեջ ես շտապ գցել էի այն ամենը, ինչը անհրաժեշտ կլինի առաջին ժամանակ․ ներքնաշապիկներ, կիսավարտիկներ, գուլպաներ, և էլի տարբեր բաներ, որոնցով սափրվում են, սանրվում, եղունգներ կտրում և ատամներ մաքրում։
Ճիշտն ասած մենք դեռ բավականին ժամանակ ունեինք, բայց երբ հասանք մեքենային պարզվեց, որ նախօրեին ես մոռացել էի հանգցնել լույսերը, և մարտկոցը սատկել է։ Կանչեցինք տաքսի, բայց օդանավակայանի մոտ ընկանք խցանի մեջ․ ոստիկանությունը փակել էր ճանապարհը երկու իրար խփած ավտոբուսների պատճառով։
Կարճ ասած, երբ մենք օդանավակայան ընկանք, թռիչքի գրանցումը արդեն համարյա ավարտվում էր։
Սիրտս այմպես էր խառնում, որ երբ բարձրացնում էի ճամպրուկը կշեռքի վրա, քիչ մնաց ընկնեմ։ Իսկ երբ «Լյուֆտգանզայի աշխատակցուհին հարցրեց ինձ, ինչպիսի տեղ ինձ համար դուրս գրել «ռաուխեն օդեր նիխտ ռաուխեն», ես ասացի «ռաուխեն» և այնպես շնչեցի նրա վրա, որ նա, իմ կարծիքով, որոշ ժամանակով հայտնվեց ուշագնաց վիճակում։ Ինձ շոշափող ոստիկանը նույնպես, ինչպես ինձ թվաց, իրեն անհարմար զգաց, քանի որ կատարելով իր ծառայողական պարտականությունը, նա ուշի֊ուշով աշխատում էր շրջվել ինձանից։