Changes
/* Երկար հրաժեշտ */
Սիրտս այնպես էր խառնում, որ երբ բարձրացնում էի ճամպրուկը կշեռքի վրա, քիչ մնաց ընկնեմ։ Իսկ երբ «Լյուֆտգանզայի աշխատակցուհին հարցրեց ինձ, ինչպիսի տեղ ինձ համար դուրս գրի «ռաուխեն օդեր նիխտ ռաուխեն», ես ասացի «ռաուխեն» և այնպես շնչեցի նրա վրա, որ նա, իմ կարծիքով, որոշ ժամանակով հայտնվեց ուշագնաց վիճակում։ Ինձ շոշափող ոստիկանը նույնպես, ինչպես ինձ թվաց, իրեն անհարմար զգաց, քանի որ կատարելով իր ծառայողական պարտականությունը, նա ուշի֊ուշով աշխատում էր շրջվել ինձանից։
==Դեմք իլլյումինատորում==
Ես չհասցրեցի արտաքինից զննել թռչող ապպարատը։ Ոչ միայն այն պատճառով, որ ժամանակ չունեի, այլ որովհետև ուղեևորները մտնում էին այնտեղ հատուկ տեղադրված միջանցքով, որոնք այժմ կան բոլոր ժամանակակից օդանավակայաններում։
Ներսից՝ դա ինքնաթիռ էր, ինչպես ինքնաթիռ․ բազկաթոռներ, գոտիներ, իլլյումինատորներ և ուղեկցորդուհիներ։
Ուղևորները շատ չէին։ Տաս֊տասներկու , կամ հինգ֊վեց հոգի (աչքերումս ամեն ինչ կրկնապատկվում էր)։
Ես տեղ զբաղեցրի պատուհանի մոտ, անցնելով պզուկավոր երիտասարդի ծնկների վրայով։ Չնայած նրան, որ հագել էր մեծ, մուգ ակնոցներ, նրա դեմքը ինձ թվաց ծանոթ, բայց ես դրան ոչ մի նշանակություն չտվեցի։ Երբ ես խմած եմ լինում, հանդիպած մարդկանցից համարյա կեսը ինձ ծանոթ են թվում։
Տեղավորելով «դիպլոմատը» ոտքերիս տակ, ես սկսեցի պատուհանից դուրս նայել։ Այնտեղ սովորական նախաթռիչքային աշխատանքներ էին ընթանում։ Կապույտ կոմբինեզոններով մարդիկ ինչ֊որ բան էին զննում և լցնում, իսկ մեկը շարժական ռացիայով և ականջակալներով, ինչ֊որ մեկի հետ խոսում էր միկրոֆոնով։
Կարծես թե, ես ննջեցի։
Երբ ես առաջին անգամ ուշքի եկա, մեր ֆանտաստիկ դրանդուլետը արդեն օրորվելով լողում էր, ղեկանվային ճանապարհով։
Կանգնեց, նորից շարժվեց․ հետո նորից կանգնեց։
Ես դուրս նայեցի իլլյումինատորից և որոշեցի, որ մենք գտնվում ենք բավականին մեծ թվով ինքնաթիռների հերթում, որոնք սպասում էին թույլտվության իրենց տեղը գրավել թռիչքուղու վրա։ Հերթի սկիզբը թեքվել էր աջ, և ես հնարավորություն ունեի տեսնել առջևից շարժվող մեքենաները։
Առջևում «Լուֆտգանզայի» երկու ինքնաթիռ էին, հետո «Ալիտալիա», նրանից հետո իսրաելական «Էլ Ալ» ընկերությանը պատկանող ինքնաթիռ, հետո բուլղարական «Տու֊154֊ը», անգլիական «Կառավելլան» և էլի մեկ գերմանական «Բոինգ»։ Երբ վերջապես մենք էլ թեքվեցինք, ես տեսա, որ անմիջապես մեր ետևից, ներքև
թեքված դելֆինանման քթով կարծես հոտ քաշելով մեր հետքից, գալիս էր սովետական Աէրոֆլոտի հպատրությունը՝ «Իլ֊62֊ը», 382776 համարով։
Չնայած ալկոհոլիզմիծ վատացած հիշողությանս, ես այս համարը հեշտությամբ հիշեցի։ Թվերի առաջին մասը բազմապատկվում է միջին մասում գտնվող թվի վրա, ստացվում է 38 x 2 = 76: Որպեսզի չհիշես այդպիսի թիվը պետք է բացարձակ անմիտ լինես, իսկ ես, փառք Աստծո, դեռ այդպիսին չէի։
Իհարկե, տեսնել թե ինչ կար «Իլի» ներսում անհնարին էր, և ես չէի էլ ձգտում դրան։ Ես ուղղակի զննում էի ինքնաթիռը և նրա ընդհանուր ուրվագիծը, երբ ինչպես ինձ թվաց, իլլյումինատորներից մեկում տեսա ապակուն սեղմված և լայնացած մի դեմք․․․ և ո՞ւմն էր, ի՞նչ եք կարծում։ Դե իհարկե Լյոշկա Բուկաշևինը։
Տեսնելով նրան, ես ինքաբերաբար ծիծաղեցի։ Ես հիշեցի այն ժամանակը, երբ Մոսկվայում ինձ մշտապես ուղեկցում էին ԿԳԲ֊ի գործակալներով լցված մեքենաները։ Նրանք ունեին ուժեղացված հզոր շարժիչներ և ինձ համարյա երբեք չէր հաջողվում պոկվել նրանցից։
Բայց հիմա իրադրությունը փոխվել էր։ Այժմ, եթե նույնիսկ Բուկաշևը ուզեր էլ հետևել ինձ, դա նրան հազիվ թե հաջողվեր։ Նա դեռ Մյունխենի արվարձանները կդիտի, երբ մեր թռչող ապպարատը դուրս կգա Արևային համակարգի սահմաններից։
Իմ մտքերն ընդհատեց ռադիոն։ Նավապետ հերր Օտտօ Շմիտդը, ողջունելով ուղևորներին, խնդրեց կոճկվել և ժամանակավորապես խուսափել ծխելուց։ Նա ուղևորներին և ինքն իրեն երջանիկ թռիչք ցանկացավ, և հույս հայտնեց, որ այնտեղ, ուր մենք շուտով կժամանենք մեր հիանալի կոսմոպլանով մեզ չեն խժռի ինչ֊որ դինոզավրեր կամ սարսափելի մուտանտներ, որոնք բազմացել են երկրագնդում համընդհանուր ատոմային աղետի հետևանքով։ Բոլոր ուղևորները ինքնստինքյան ծիծաղեցին, և ես էլ, բայց ազնվորեն խոստովանում եմ, որ այդ կատակից ես ինձ մի քիչ վատ զգացի։
Վերջապես ստացվեց թռիչքի թույլտվությունը։ Մեր մեքենան տեղում կանգնած դղրդաց, բացելով իր տուրբինների թևերը, հետո ծանրորեն շարժվեց տեղից և սարսափելի ոռնոցով և թղկթղկոցով սկսեց իր տակ առնել թռիչքային ուղին։
Մեր կողքով անցան ինքնաթիռների հերթը, օդանավակայանի շինությունները, ինչ֊որ տեղ կորավ, անհետացավ, գույնզգույն մեքենաներով լցված ավտոճանապարհը։ Ես տեսա Իզար գետի ոլորանը, ԲՄՎ ֆիրմայի չորսցիլլինդրանոց շենքը, երկգլլխանի Ֆրաուէն Կիրխե եկեղեցին, իսկ հետո մանրամսները անորոշանում էին, ջնջվում, անտառների և լճերի ուրվագծերը սեղմվում էին, կարծես ես նրանց նայում էի շուռ տված հեռադիտակով, արագ փոխելով ֆոկուսային հեռավորությունը։
Մնաս բարով, Մյունխեն։ Մնաս բարով Գերմանիա։ Մնաս բարով իմ անցյալ կյանք։ Մնաս բարով անիծված քսաներորդ դար։