Changes

Դատավարություն

Ավելացվել է 42 743 բայտ, 16:09, 1 Փետրվարի 2014
/* Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը */
Այդպտեղ արդեն, իհարկե, ոչինչ հնարավոր չէ, որոհվետև այն, ինչ նրանք առանձին զրուցելու ժամանակ են ասել, առանձին ասված խոսք է մնում, և որքան էլ որ պաշտպանությունը հակված չլինի պարոնների բարեհաճությունը վայելելու, միևնույն է, վճիռը ոչ մի հասարակական քննարկման ենթակա չէ։ Մյուս կողմից, շատ ճիշտ է համենայնդեպս, որ մարդասիրական կամ բարեկամական զգացմունքների պատճառով չէ, որ պարոնները պաշտպանության (իհարկե, միայն բանիմաց դատապաշտպանների) հետ կապ են պաշտպանում․ ինչ֊որ տեղ նրանք այլ ելք չունեն։ Հենց այստեղ է զգացվում գաղտնի դատավարությունն իր գործունեության հիմքում հաստատած դատարանի թերությունը։ Բնակչության հետ ունեցած կապն է պակասում պաշտոնյաներին։ Սովորական կամ միջին դժվարության գործերի համար նրանք լավ են պատրաստված, նման դատավարությունները համարյա միշտ հանգիստ, իրենց հունով են ընթանում, միայն ժամանակ առ ժամանակ են որևէ խթանի կարիք զգում, իսկ ինչ վերաբերում է հասարակ ու առանձնապես դժվար դեպքերին՝ պարոնները մեծ մասամբ անօգնական են, որոհվետև օր ու գիշեր օրենքների մեջ խցկված՝ ոչ մի ճիշտ պատկերացում չունեն մարդկային հարաբերությունների մասին և հենց այդտեղ են զգում դրա պակասությունը։ Հետո նրանք պորհրդակցելու համար փաստաբանի մոտ են գալիս, իսկ ծառաներից մեկը բերում է շարունակ գաղտնի պահված արձանագրությունները։ Այս պատուհանի մոտ այնպիսի պաշտոնյաներ են կանգնել, որ հնարավոր չէ պատկերացնել։ Ու մինչ նրանք անմխիթար տեսքով դուրս են նայել, ինքը՝ մի լավ խորհուրդ տալու համար, նարքն արձանագրություններն է ուսումնասիրել։ Ի դեպ, միայն նման դեպքերում կարելի է տեսնել, թե պարոններն ինչպիսի լրջությամբ են վերաբերվում իրենց գործին և ինչպես են հուսահատության գիրկն ընկնում այն արգելքների պատճառով, որ սեփական բնավորությունը թույլ չի տալիս հաղթահարել։ Ընդհանրապես նրանց վիճակը հեշտ չէ, և կարիք չկա անարդարացի լինել՝ հակառակ կարծիք կազմելով։ Աստիճանակարգումը և աստիճանների բարձրացումը դատարանում վերջ չունեն, նույնիսկ դատարանի հետ առնչվողները դրա վերջը չեն տեսնում։ Դատական ատյաններում հետաքննությունն ընդհանրապես ենթակա պաշտոնյաներից էլ է գաղտնի պահվում։ Նրանք չեն կարողանում հետագա ընթացքի մեջ հետամուտ լինել իրենց իսկ վարած գործերին։ Այսպիսով, դատական գործը նրանց տեսադաշտում հայտնվում է որոշակի վիճակում, և նարքն հաճախ չեն իմանում, թե որտեղի՞ց է սկսվում այն և ինչպե՞ս է զարգանում։ Հեևաբար, դատավարության առանձին շրջանների, վերջնական որոշումների և պատճառների ուսումնասիրությունից որոշ բաներ սովորելու հնարավորությունը այս պաշտոնայներին տրված չէ։ Նրանք կարող են միայն դատավարության՝ օրենքով նախատեսված հատվածով զբաղվել և իերնց սեփական աշխատանքի արդյուքների մասին մեծ մասամբ ավելի քիչ են տեղյակ լինում, քան որպես կանոն մինչև վերջ մեղադրվող կողմի հետ կապի մեջ մնացող պաշտպանության ներկայացուցիչները։ Այստեղ էլ որոշ արժեքավոր բաներ նրանք կարող են իմանալ միայն պաշտպանությունից։ Այս ամենին տեղյակ լինելով հանդերձ, Կ֊ն դեռ զարմանում է պաշտոնյաների՝ երբեմն մեղադրվող կողմի հետ վիրավորական տոնով խոսելիս դրսևորվող (դա բոլորն են զգում) գրգռվածության վրա։ Բոլոր պաշտոնյաներն էլ, եթե անգամ արտաքին հանգստությունը պահպանում են, նյարդային են։ Փոքր փաստաբանները դրանից, իհարկե, ավելի շատ են տուժում։ Օրինակ, նման մի բան են պատմում, որ շատ ճշմարտանման է։ Մի ծեր պաշտոնյա՝ բարի ու լռակյաց մի պարոն, օր ու գիշեր անընդհատ ուսումնասիրում է փաստաբանի ներկայացրած խնդրագրերի պատճառով էլ ավելի խճճված մի ծանր գործ։ Դատարանի պաշտոնյաներն իրականում ջանասեր են, ինչպես ուրիշ ոչ ոք։ Առավոտյան կաղմ արդեն՝ հավանաբար ոչ շատ արդյունավետ, քսանչորսժամյա աշխատանքից հետո, նա դարան է մտնում մուտքի դռան մոտ և ներս մտնել ցանկացող բոլոր փաստաբաններին աստիճաններից ներքև է շպրտում։ Փաստաբանները հավաքվում են ներքևի սանդղահարթակին և մտածում, թե ինչ անեն․ մի կողմից նրանք չեն կարող առարկել, որ իրենց ներս չեն թողնում (օրենքով դժվար կարողանային այդ ծերունու դեմ որևէ բան ձեռնարկել և, ինչպես ասվեց, պետք է զգուշանային մնացած պաշտոնայաներին էլ իրենց դեմ լարելուց), մյուս կողմից, սակայն, դատարանում չանցկացրած ամեն մի օրը նրանց համար կորած էր, այնպես էր նորս մտնելն անհրաժեշտ էր։ Ի վերջո, նրանք միաբան որոշում են ծերունուն չարչարել։ Փաստաբանները հերթով, մեկ֊մեկ վերև են վազում և, ոչ այնքան եռանդուն դիմադրությունից հետո, թույլ են տալիս, որ ծերունին իրենց ներքև նետի, ուր գործընկներները բռնում են ընկնողին։ Խաղը մոտ մի ժամ է տևում, հետո առանց այն էլ գիշերվա անքուն աշխատանքից հոգնած պաշտոնյան ուժասպառվում է և գնում իր գրասենյակը։ Ներքևում կանգնածները նախ չեն հավատում, մեկին ուղարկում են, որ ստուգի՝ արդյոք այնտեղ մարդ չկա՞, և հետո նոր ներս են մտնում՝ չհամարձակվելով նույնիսկ ձայն հանել։
 
Փաստաբանները (թեկուզ ամենափոքրը, որ գոնե մասամբ կարող է հասկանալ այնտեղի կարգը) բավական հեռու են դատարանում որևէ բարեփոխում մտցնելու և իրականացնելու ցանկությունից, մինչդեռ յուրաքանչյուր մեղադրյալ, նույնիսկ խելացի մադրիկ (ի դեպ, սա հատկանշական է), դատավարության առաջին օրից սկսած բարեկարգող առաջարկների մասին են մտածում և վատնում են իրենց ուժն ու ժամանակը, թեև կարող էին դրանք ավելի լավ օգտագործել։ Միակ ճիշտ քայլը տիրող պայմանների հետ հաշտվելն է։ Եթե մի անգամ հնարավոր էլ լինի մանր֊մունր հարցերում ինչ֊որ բանի հասնել (սա անմտություն է), լավագույն դեպքում, սոսկ հետագա գործերի համար, մարդ մի բանի հասած կլինի, մինչդեռ դրանով անչափ կվնասի իրեն, որովհետև ավելի կգրավի վրեժխնդիր ու հիշաչար դարձող պաշտոնյաների ուշադրությունը։ Միայն թե ուշադրություն չգրավել, որքան էլ հակառակվելու ցանկությունը մեծ լինի, հանգիստ մնալ է պետք, հսկայական օրգանիզմը շարունակ հավասարակշռված վիճակում է, ու եթե մարդ իր տեղում ինքնագլուխ կերպով ինչ֊որ բան փոխի, հենց իրեն կզրկի հենարանից և կարող է ներքև գլորվել, մինչդեռ ինքնուրույն, փոքր խանգարման համար դատարանը մի ուրիշ հատկվածից փոխարինող կճարի (ախր ամեն ինչ փոխկապակցված է) և անփոփոխ կմնա, եթե իհարկե մի բան էլ (շատ հնարավոր է) ավելի պարփակված, խիստ զգոն ու չար չդառնա։
 
Խանգարելու փոխարեն ավելի լավ է աշխատանքը փաստաբանին թողնել։ Նախատիքներն իզուր են, հատկապես երբ հնարավոր չէ դրանց պատճառներն իրենց ողջ էությամբ հասկանալի դրաձնել, մինչդեռ հարկ է նշել, թե գրասենյակների տնօրենի հանդեպ ցուցաբերած վարքով Կ֊ն ինչքան վնասեց գործին։ Այդ ազդեցիկ մարդուն ընդհանրապես կարելի է հանել դատարանի այն պաշտոնայաների ցուցակից, որոնց մոտ հնարավոր էր ինչ֊որ բանի հասնել։ Դատավարության մասին թռուցիկ հիշատակումներն անգամ նա բացահայտ դիտավորությամբ անուշադրության է մատնում։ Որոշ հարցերում պաշտոնայաներն իսկապես երեխայավարի են պահում իրենց։ Հաճախ նույնիսկ ամենաանմեղ արարքը (Կ֊ի արածը, ցավոք, դրանց շարքին չի դասվում) կարող է այնպես վիրավորել նրանց, որ դադարում են նույնիսկ ամենամոտ ընկների հետ խոսել, հանդիպելիս երես են թեքում և հնարավոր ամեն ինչում հակառակն են անում։ Հետո բավական է մի անգամ անհիմն պատճառով անսպասելի ծիծաղեն (նրանք համարձակվում են ծիծաղել, կատակում են սոսկ, որովհետև ցանկացած այլ միջոց արդեն անօգուտ է թվում), իսկույն մոռանում են եղածը։ Նրանց հետ գործ ունենալը և հեշտ է, և դժվար, ոչ մի սկզբուն գոյություն չունի։ Երբեմն զարմանալ կարելի է․ միջին տևողության մի կյանքը բավականացնում է շատ բան անելու համար, կարելի է նույնիսկ որոշակի հաջողության հասնել։ Հետո մռայլ ժամեր, համենայնդեպս, լինում են, և մարդ մտածում է (համարյա բոլորի հետ լինում է), մարդ մտածում է, թե ոչ մի արդյունքի չի հասել, թվում է, թե այն գործերն են բարեհաջող ավարտ ունեցել, որոնց համար հենց սկզբից լավ ելք է նախանշված եղել, և եթե մարդ ոչինչ էլ չձեռնարկեր, միևնույն է, դրանց վերջը լավ կլինր, այն ժամանակ, երբ մնացած բոլոր գործերը՝ չնայած վազվզոցներին, ուրախություն պատճառած փոքր, թվացյալ հաջողություններին, տանում էին տվել։ Դրանից հետո ոչ մի բանի հանդեպ հավատ չի մնում և մարդ չի համարձակվում հերքել այն կարծիքը, թե ըստ էության լավ ընթացող գործը հենց միջամտության պատճառով է ծուռ գնացել։ Սա էլ է յուրովի ինքնավստահություն, սակայն գործից հետո մանցած միակ բանն է։ Փաստաբանները նման նոպաներ (դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նոպաներ) ունենում են, երբ բավական առաջ տարված, հաջող ընթացող մի գործ ձեռքերից հանկարծ վերցնում են։ Ամենավատ բանն է, որ կարող է կատարվել դատապաշտպանի հետ։ Մեղադրյալը չէ վերցնողը․ նման բան ոչ ոք չի անի։ Կոնկրետ որևէ դատապաշտպան ընտրած մեղադրյալը, ինչ ուզում է լինի, չպետք է փաստաբանից հեռանա։ Ինչպե՞ս կկարողանա նա՝ երբևէ ուրիշի օգնությանը դիմած լինելուց հետո, իր գլխի ճարը տեսնել։ Այդպես, ուրեմն, չի լինում, բայց երբեմն դատն այնպիսի ընթացք է ընդունում, որ դատապաշտպանն այլևս իրավունք չի ունենում գործին հետևել։ Նա պարզապես եռացվում է գործից, մեղադրյալից, մի խոսքով՝ ամեն ինչից, և այդ պահից սկսած պաշտոնայների հետ ունեցած ամենալավ կապերն անգամ չեն օգնի, քանզի ծանոթներն ևս ոչինչ չեն իմանում։ Դատավարություն այնպիսի բնույթ է ընդունում, որ ոչ մի օգնություն հնարավոր չէ․ անձեռնհաս գերագույն ատյաններն են վարում գործը, և դատապաշտպանը մեղադրյալի դեմքը այլևս չի տեսնում։ Հետո, մի գեղեցիկ օր, մարդ տուն է գալիս և այն բոլոր հայցերը, որ ուժերը ներդնելով և վարդագույն հույսեր փայփայելով գրել էր գործի կապակցությամբ, տեսնում է սեղանին դրված։ Դրանք վերադարձվել են, որովհետև անարժեք քրջեր են և գործի նոր էտապում այլևս չի կարելի օգտագործել։ Միաժամանակ, դատը չպետք է ոչ մի դեպքում տանուլ տրվի․ հոռետեսական ենթադրության համար ոչ մի հիմք չի կարող լինել։ Պարզպաես այլևս ոչ ոք ոչ մի տեղեկություն չի ունենում գործից և հետագայում էլ չի ունենա։ Նման դեպքերը, բարեբախտաբար, բացառություններ են։ Եթե անգամ Կ֊ի գործին ևս նույն բախտը վիճակվի, ապա գոնե առայժմ նման բնույթ ընդունելուցայն շատ, շատ է հեռու։ Այստեղ դատապաշտպանի աշխատելու համար դեռևս բավական հնարավորություն կա, և Կ֊ն պետք է վստահ լինի, որ դա լիովին կօգտագործվի։ Ինչպես ասվեց, խնդրագիրը դեռ ուղարկված չէ, սակայն դա այնքան էլ հրատապ գործ չէ։ Ազդեցիկ պաշտոնայների հետ ունեցած նախնական քննարկումներն ավելի կարևոր են, իսկ դրանք արդեն տեղի են ունեցել։ Պետք է խոստովանել, որ հաջողությունները փոփոխական են։ Ավելի լավ կլինի առայժմ մանրամասները չհրապարակել։ Դրանք կարող են տհաճություն պատճառել Կ֊ին․ չափից դուրս կհուսադրեն կամ կվախեցնեն։ Կ֊ն թող իմանա միայն, որ մի քանիսը լավ են արտահայտվել, բարեհաճ են և մեծ հաճույքով են ցանկացել օգնել, մինչդեռ մյուսները պակաս բարեկամաբար տրամադրված լինելով, չեն հրաժարվել օգնություն ցույց տալ։ Ամբողջապես վերցրած, արդյունքն ուրախացնող է, սակայն չի կարելի դրանից ինչ֊որ առանձնահատուկ եզրակացությունների հանգել, որովհետև նախնական քննություններն ընդհանարպես են ունենում նման սկիզբ, և միայն դեպքերի հետագա ընթացքն է դրանց իսկական արժեքը ցույց տալիս։ Համենայնդեպս, առայժմ ոչինչ կորսված չէ և, չնայած ամեն ինչին, եթե մի բան էլ հաջողվի շահել գրասենյակների տնօրենի բարեհաճությունը (այդ ուղղությամբ որոշ բաներ արվել են արդեն), ապա, ինչպես վիրաբույժներն են ասում, վերքը մաքուր է, և կարելի է հանգիստ սպասել, թե ինչ կլինի։
 
Փաստաբանը այս և նման խոսքերի անսպառ պաշարներ ուներ։ Ամեն մի նոր ացյելության ժամանակ դրանք կրկնվում էին։ Ամեն անգամ առաջընթաց քայլեր կային, սակայն երբեք չէր կարելի առաջընթացները հրապարակել, ամեն անգամ նա առաջին խնդրագիրը կազմելու վրա էր աշխատում, բայց դեռ պատրաստ չէր, և հաջորդ այցելության ժամանակ դա մատուցվում էր որպես մեծ առավելություն, որովհետև վերջին ժամանակները շատ աննպաստ էին խնդրագրերը հանձնելու համար, իսկ դա հնարավոր չէր կանխատեսել։ Նման ճառերից լրիվ հոգնած Կճն երբեմն նկատում էր, որ, անկախ բոլոր դժվարություններն հաշվի առնելուց, գործն, իրոք, դանդաղ է առաջ գնում, իսկ դոկտոր Հուլդը առարկում էր, թե բնավ դանդաղ չի ընթանում և բավական առաջ գնացած կլիներ, եթե Կ֊ն ժամանակին դիմեր փաստաբանին։ Նա ձեռքից բաց էր թողել այդ հնարավորությունը, իսկ դա հետագայում՝ և ոչ միայն ժամանակավորպես, իր վատ հետևանքները դեռ ցույց կտար։
 
Փաստաբանի մոտ լինելիս բավականություն պատճառող միակ ընդմիջումը Լեննին էր։ Նա կարողանում էր գործն այնպես դասավորել, որ Կ֊ի ներկայությամբ էր թեյ մատուցում։ Հետո նա կանգնում էր Կ֊ի թիկունքում, ձևացնում էր, թե հետևում է փաստաբանի շարժումներին՝ ինչպես էր նա մի տեսակ ագահությամբ գավաթի վրա հակված թեյ լցնում և խմում, մինչդեռ ծածուկ թույլ էր տալիս, որ Կ֊ն բռնի իր ձեռքը։ Կատարյալ լռություն էր տիրում․ փաստաբանը թեյն էր խմում, Կ֊ն սեղմում էր Լեննիի ձեռքը, իսկ Լեննին երբեմն֊երբեմն համարձակվում էր քնքշորեն շոյել Կ֊ի մազերը։
 
― Դեռ այստե՞ղ ես։― Թեյը խմելուց հետո հարցնում էր փաստաբանը։
 
― Ուզում էի սպասքն հավաքել։― Նրանք վերջին անգամ իրար ձեռք էին սեղմում, փաստաբանը սրբում էր շուրթերը և սկսում նոր եռանդով քարոզ կարդալ։
 
Փաստաբանի նպատակը սփոփե՞լն էր, թե՞ հիասթափության հասցնելը։ Կ֊ն չգիտեր, սակայն եկավ այն հաստատ եզարակցության, որ պաշտպանությունը հուսալի ձեռքերում չէ։ Փաստաբանի՝ սեփական անձը հնարավորին չափ առաջին պլան մղելու ձգտումը երևում էր պարզ։ Նա հավանաբար դեռ երբեք նման խոշոր գործ՝ ինչպես իր կարծիքով Կ֊ինն էր, չէր վարել։ Թող նրա պատմածները ճիշտ լինեն, սակայն պաշտոնայների հետ ունեցած անձնական կապերի անընդհատ ընդգծումը կասկած էր հարուցում։ Արդյո՞ք դրանք բացառապես ի շահ Կ֊ի կօգտագործվեին։ Փաստաբանը երբեք չէր մոռանում նկատել, որ խոսքը միայն ենթակա պաշտոնյաների մասին էր, այսինքն՝ մեծ կախում ունեցող խաշտոնյաների, որոնց առաջընթացի համար գործերի որոշակի շրջադարձերը հավանաբար կարող էին մեծ նշանակություն ունենալ։ Երևի նրանք փաստաբանին այդ նպատակով էին օգտագործում, որ նման, իհարկե մեղարդյալի համար ոչ ձեռնտու, փոփոխությունների հասնեին։ Գուցե ոչ բոլոր գործերի ժամանակ էին այդպես վարվում (դա հնարավոր չէր), դատավարություններ կային, որոնց ժամանակ փաստաբանին՝ մատուցած ծառայությունների համար զիջումներ անում էին․ երևի դատապաշտպանի հեղնիանակությունը բարձր պահելը նրանց համար էլ էր կարևոր։ Բայց եթե դա այդպես էր, ինչպես կվարվեին նրանք Կ֊ի դատավարության ժամանակ, որն, համաձայն դոկտոր Հուլդի խոստովանության, շատ դժվար, կարևոր գործ էր և դեռ սկզբում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նրանց հետագա անելիքները հասկանալու համար այնքան էլ շատ մտածելու անհրաժեշտություն չկար։ Այդպիսի ենթադրության հավաստիության համար որպես ապացույց կարող էր ծառայել այն, որ, չնայած գործը մի քանի ամիս արդեն ընթացքի մեջ էր, առաջին խնդրագիրը դեռ չէր ներկայացվել և, ինչպես փաստաբանն էր ասում, դեռ վերջնական տեսքի չէր բերվել։ Նման ձևով շատ հեշտ կարելի էր մեղադրյալին հանգստացնել և անօգնական վիճակի մեջ պահել։ Հետո, վերջնական դատավճռով կամ նման մի ծանուցմամբ, թե իբր հետաքննության՝ մեղադրյալի համար ոչ ձեռնտու արդյունքները ավելի բարձր մերմինների ննարկմանն են հանձնված, նրան հանկարծակիի կբերեին։ Կ֊ի անմիջական միջամտությունն անպայման անհրաժեշտ էր։ Հենց սարսափելի հոգնած զգալու օրերին էր (ինչպես ձմեռային այդ օրն էր, երբ ակամա վերհիշեց անցած֊գնացածը) նա համոզվում միջամտության անհրաժեշտության մեջ։ Դատավարության հանդեպ նախկինում ունեցած արհամարանքն այլևս անտանելի էր։ Եթե նա մենակ լիներ, ինչ գործ էլ որ հարուցելու լինեին, հանգիստ կանտեսեր, եթե նույնիսկ վստահ էլ լիներ, որ գործը հետո չէր հարուցվի, բայց քեռին նրան արդեն տարել էր փաստաբանի մոտ, պետք է ընտանիքի մնացած անդամների կարծիքների հետ ևս հաշվի նստեր։ Ինքն անձամբ մի քանի ծանոթների մոտ անզգուշորեն, անբացատրելի բավականությամբ խոսել էր դատավարության մասին, մյուսները հասկանալի չէ, թե ինչպես էին տեղեկաել։ Ֆրոյլայն Բյուրստների հետ հարաբերությունները կարծես թե տատանվում էր դատավարության ընթացքին համապատասխան․ կարճ ասած, նա այնքան էլ անկախ չէր դատավարությունից և դատավարությունն ընդունելու կամ մերժելու ընտրություն այլևս չուներ․ խրվել էր, պետք է պաշտպանվեր։ Եթե հոգնած էր, ավելի վատ իր համար։
 
Սակայն հոգսը չափազանցելու համար առայժմ ոչ մի պատճառ չկար։ Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում նա կարողացել էր բանկում հասնել բարձր պաշտոնի և, բոլորի կողմից ճանաչում գտնելով, պահպանել իր դիրքը։ ԱՅժմ պետք էր առաջընացը հնարավոր դարձած այդ ունակությունը մի փոքր շրջել դատավարության կողմը, և կասկած լինել չէր կարող, որ վերջը լավ կլիներ։ Եթե ուզում էր որևէ բանի հասնել, հենց սկզբից անհրաժեշտ էր նախօրոք վանել հանցանքի մասին հնարավոր ամեն մի միտք։ Ոչ մի հանցանք։ Դատավարությունը ոչ այլ ինչ էր, քան մի խոշոր գործարք, մեկն այն ձեռնտու գործարքներից, որ նա ինքն էր բանկի համար բազմիցս կնքել, մի գործարք, որի հետ կապված տարբեր վտանգներ կային, որոնցից, սակայն, պետ էր պաշտպանվել։ Համենայնդեպս, թեկուզ հենց այդ պատճառով չէր կարելի խաղալ ինչ֊որ հարցում մեղավոր լինելու զգացման հետ․ հնարավորին չափ ամուր էր պետք կառչել սեփական առավելության մասին ունեցած մտքից։ Այդ տեսակետից ելնելով՝ փաստաբանի ձեռքից պաշտպանությունը վերցնելը անխուսափելի էր, և դա պետք էր անել շատ շուտ, ավելի լավ է հենց այս երեկոյան։ Թեև ըստ նրա պատմությունների, մի չլսված և հավանաբար շատ վիրավորական բան ստացվեր, բայց Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ դատավարության համար անձամբ իր գործադրած ջանքերը որևէ արգելքների հանդիպեին, և դրանց պատճառը, հնարավոր է, հենց իր դատապաշտպանը լիներ։ Եթե փաստաբանից ազատվեր, անմիջապես խնդիրագիր կներկայացներ, աստո ամեն օրը կպահանջեր, որ գործին ուշադրություն դարձնեին։ Այդ նպատակի համար, ինչ խոսք, բավական չէր լինի, որ Կ֊ն մյուսների նման նստեր միջանցքում, գլխարկը դներ նստարանի տակ ու սպասեր։ Ինքն անձամբ, կանայք կամ ուրիշ հանձնակատարաներ ամեն օր կվազեին ծառայողների մոտ և կստիպեին սենյակների ճաղերի արանքից միջանցք նայելու փոխարեն նստել սեղանների մոտ և ուսումնասիրել Կ֊ի ներկայացրած խնդրագրերը։ Այդ ջանքերը չպետք է թուլացվեին, ամեն ինչ կազմակերպել և հսկել էր պետք․ դատարանը գոնե մի անգամ կհանդիպեր իր իրավունքները պաշտպանել կարողացող մեղադրյալի։
 
Կ֊ն որքան էլ համոզված էր, թե իր ծրագրերը կիրականացնի, միևնույն է խնդրագրի շարադրման դժվարությունը ճնշող էր։ Նախկինում (հենց մի շաբաթ առաջ) նա թերևս ամոթախառն զգացումով մտածեր, թե երբևէ ստիպված կլինի անձամբ զբաղվել նման մի խնդրագիր կազմելով, իսկ որ, ի լրումն այդ ամենի, գործը կարող էր դժվար լինել, չէր պատկերացնում բնավ։ Նա հիշեց, թե ինչպես մի օր, չնայած աշխատանքով ծանրաբեռնված լինելուն, հանկարծ ամեն ինչ մի կողմ հրեց ու խնդրագրի շարադրանքի հաջորդականությունը կազմելու, հետո այն դանդաղաշարժ փաստաբանի տրամադրության տակ դնելու մտադրությամբ հանեց նոթատետրը, և ինչպես նույն պահին բացվեց ղեկավարության դուռն ու տնօրենի տեղակալը բարձրաձայն ծիծաղելով ներս մտավ։ Թեև տնօրենի տեղակալի ծիծաղի պատճառն, ինչ խոսք, խնդրագիրը չէ, այլ քիչ առաջ լսած բորսային կատակը, բայց այն ժամանակ Կ֊ն շատ անհարմար վիճակի մեջ ընկավ։ Կատակը հասկանալու համար գծագիր էր հարկավոր, և տնօրենի տեղակալը՝ գրասեղանին խոնարհվելով, Կ֊ի ձեռքից վերցրեց մատիտը և խնդրագրի համար նախատեսված նոթատետրի էջին քաշեց գծերը։
 
Այսօր արդեն ամոթի ոչ մի զգացում գոյություն չուներ․ խնդրագիրը պետք է կազմվեր։ Եթե գրասենյակում դրա համար ոչ մի րոպե ժամանակ չգտներ (որ շատ հավանական էր), ապա պետք է աշխատեր տանը, գիշերվա ժամերին։ Եթե գիշերներն էլ չբավականացնեին, ստիպված կլիներ արձակուրդ վերցնել։ Միայն թե ճանապարհի կեսին չլռվեր֊մնար․ դա ոչ միայն գործարքներ կնքելուց, այլ միշտ և ամենուր ամենաանիմաստ բանն էր։ Խնդրագիրը կազմելը հավանաբար անվերջ֊անվախճան աշխատանք էր։ Կարիք չկար այդքան շատ վախենալ, սակայն հեշտուհանգիստ կարելի էր համոզվել, որ խնդրագիրը երբևէ ավարտելն անհնար էր։ Այդ փաստաթղթի պատրաստման ժամանակ փաստաբանին երևի միայն ծուլությունը կամ խարդախությունը խանգարեին, մինչդեռ Կ֊ն անտեղյակ էր մեղադրանքին ու դրա հնարավոր հետևանքներին և պետք է ողջ կյանքը, ընդհուպ մինչև ամենաննշան դեպքերն ու իրադարձությունները վերհիշեր, պատկերացներ ու բոլոր կողմերից քններ։ Եվ ի՜նչ ձանձրալի աշխատանք էր դա։ Միգուցե այդ գործը բնորոշ լիներ թոշակի անցնելուց հետո մանկամիտ դարձած ծերունուն․ նրան երկար օրերը մթնեցնելու համար զբաղմունք էր պետք։ Իսկ Կ֊ն այժմ պետք է սկսեր խնդրագիրը կազմելու աշխատանքը, այժմ, երբ բոլոր ուժերը պետք է կենտրոնացներ աշխատանքի համար, երբ յուրաքանչյուր ժամը սլանում էր անասելի արագությամբ, երբ ինքը դեռ վերելք էր ապրում և տնօրենի տեղակալի համար արդեն վտանգ էր ներկայացնում, երբ ուզում էր պատանու նման վայելել կարճատև երեկոներն ու գիշերները։ Նա մտովի նորից անդրադարձավ հայցին ու, այդ վիճակից դուրս գալու համար, համարյա ակամա սեղմեց նախասենյակի զանգի կոճակը։ Սեղմելիս նայեց ժամացույցին․ տասնմեկն էր։ Երկու երկար ու թանկարժեք ժամ երազներով էր տարվել, և անշուշտ, առաջվանից ավելի թույլ ու հոգնած էր։ Այնուամենայնիվ, ժամանակը վատնված չէր․ նա այնպիսի եզրակացությունների էր հանգել, որոնք կարող էին արժեքավոր լինել։
 
Տարբեր թղթերից բացի, ծառաները ներս բերեցին նաև արդեն երկար ժամանակ Կ֊ին սպասող երկու պարոնների այցետոմսերը։ Նրանք բանկի համար շատ կարևոր անձնավորություններ էին և ոչ մի դեպքում չէր կարելի սպասեցնել տալ։ Նրանք ինչո՞ւ էին այդքան անպատեհ ժամի եկել, և ինչո՞ւ էր ջանասեր Կ֊ն (թվաց, թե փակ դռան հետևում այդ հարցը տվեցին պարոնները) առավոտվա ամենալավ ժամերը անձնական գործերին տրամադրում։ Նախորդած դեպքերից հոգնած և հոգնած հաջորդներին սպասելով՝ Կ֊ն առաջին այցելուին ընդունելու համար ոտքի կագնենց։
 
Ներս մտնողը փոքրամարմին, անշխույժ պարոն էր, ֆաբրիկատեր։ Կ֊ն նրան լավ էր ճանաչում։ Նա ներողություն խնդրեց Կ֊ին կարևոր աշխատանքից կտրելու համար, Կ֊ն իր հերթին՝ ֆաբրիկատիրոջը երկար սպասեցնելու։ Արդեն ներողությունն իսկ Կ֊ն այնպես մեքենայորեն և սխալ շեշտադրությամբ հայտնեց, որ ֆաբրիակտերը, եթե ամբողջովին կլանված չլիներ գործին վերաբրեող հարցերով, հաստատ կնկատեր։ Փոխարենը նա բոլոր գրպաններից փութով հանեց հաշվարկներն ու ցուցակները, փռեց Կ֊ի գրասեղանին, տարբեր տեսակետներ բացատրեց, ուղղեց փոքր սխալը, որ նակտեց նույնիսկ թռուցիկ հայաց նետելով, հիշեցրեց համարյա մի տարի առաջ իրար հետ կնքած նմանատիպ գործարքի մասին, իմիջիայլոց ակնարկեց, թե այս անգամ մի ուրիշ բանկ էր ուզում մեծ զիջումների գնով ձեռք գցել գործարքը, և վերջապես ձայնը կտրեց, որպեսզի այժմ արդեն Կ֊ի կարծիքն իմանար։ Կ֊ն սկզբում ուշադիր հետևում էր ֆաբրիկատիրոջ խոսքերին, կարևոր գործարքի մասին միտքը նրան էլ համակեց, սակայն, ավա՜ղ, ոչ մինչև վերջ։ Շուտով նա դադարեց ունկնդրել, հետո որոշ ժամանակ ֆաբրիկատիրոջ բարձրաձայն խոսքերին ի պատասխան գլխով արեց և վերջում դարդաեց նույնիսկ գլխով անել․ թղթերի վրա կռացած ճաղատին էր նայում և ինքնիրեն հարցնում, թե այս մարդը վերջապես ե՞րբ կհասկանա, որ իր խոսելն ամբողջությամբ վերցրած իզուր է։ Երբ նա լռեց, Կ֊ն սկզբում իսկապես մտածեց, թե դադարը խոստովանելու և հնարավորություն տալու համար է․ ինքն անկարող է լսել։ Բոլոր հակաճառումներին բացահայտորեն պատրաստ ֆաբրիկատիրոջ լարված դիմագծերը տեսնելով, Կ֊ն ափսոսանքով նկատեց, որ գործնական խոսակցությունը շարունակվելու է։ Նա կարծես հրաման լսելիս լիներ․ գլուխը կախ էր գցել ու մատիտը դանդաղ այսուայնկողմ էր տանում թղթերի վրա, երբեմն֊երբեմն դադարեցնում էր զբաղմունքը և աչքերը հառում թվերից մեկին։ Ֆաբրիկատերը առարրկության էր սպասում․ գուցե թվերը իսկապե՞ս հավաստի չէին, գուցե թվե՞րը չէին կարևորը։ Համենայնդեպսնա ձեռքով ծածկեց թղթերը և կիպ մոտենալով Կ֊ին, նորից սկսեց գործարքի ընդհանուր նկարագրությունը։
 
― Դժվար է,― ասաց Կ֊ն, ծռեց շուրթերը, և որովհետև թղթերը՝ միակ մատչելի բանը, ծածկված էին, բազկաթոռի արմնակալի վրա խոնարհվեց։ Երբ դուռը բացվեց, նա միայն թռուցիկ հայացքով նայեց վեր և այնտեղ՝ ինչպես թանզիֆե վարագույրի հետևից, աղոտ տեսավ տնօրենի տեղակալին։ Կ֊ն այլևս ոչ մի բանի մասին չէր մտածում, միայն հետևում էր տնօրենի տեղակալի հայտնվելու անմիջական ազդեցությանը։ Դա նրան շատ զվարճալի թվաց, որովհետև ֆաբրիկատերը իսկույն վեր թռավ բազկաթոռից ու տեղակալին ընդառաջ շտապեց։ Ինչ մնում էր Կ֊ին, նա կուզենար ֆաբրիկատիրոջը տասնապատիկ ավելի արագաշարժ դարձնել, որովհետև վախենում էր, թե տեղակալը կարող էր նորից անհետանալ։ Սակայն վախն ավելորդ էր։ Պարոնները տեսան իրար, մեկմեկու պարզեցին ձեռքերը և միասին մոտեցան գրասեղանին։ Ֆաբրիկատերը գանգատվեց, թե հավատարմատարը քիչ է շահագրգռված գործարքով և ցույց տվեց տնօրենի տեղակալի հայացքի տակ կրկին թղթերի վրա խոնարհված Կ֊ի կողմը։ Հետո, երբ երկուսով հենվեցին գրասեղանին, և ֆաբրիկատերն այժմ սկսեց տնօրենի տեղակալին իր կողմը տրամադրել, Կ֊ին թվաց, թե գլխավերևում (նրանց մեծությունը նա չափազանցված էր պատկերացնում) հենց իր մասին են խոսում։ Նա զգուշորեն վեր հառած աչքերով փորձեց իմանալ, թե ինչ է կատարվում գլխավերևում և առնաց նայելու՝ գրասեղանից վերցնելով ձեռքն ընկած թղթերից մեկը, դրեց բաց ափի մեջ ու ձեռքը պարոններին պարզած, դանդաղ վեր բարձրացավ։ Այդ պահին նա որոշակի ոչինչ չէր մտածում։ Թուղթը վեր պարզելիս նրան թվում էր, որ եթե վիճակը վերջնականապես թեթևացնող մեծածավալ խնդրագիրը ավարտած լինի, ապա հենց այդպես կվարվի։ Համակ ուշադրութոյւն դարձած ֆաբրիկատիրոջն հետևող տնօրենի տեղակալը թռուցիկ հայացք գցեց թղթին, աչքի չանցկացրեց, թե ինչ է գրված այնտեղ, որովհետև ինչ կարևոր էր թվում հավատարմատարին, նրա կարծիքով անկարևոր էր։
 
― Շնորհակալություն, ես արդե՛ն ամեն ինչին տեղյակ եմ։― Ասաց նա, Կ֊ի ձեռքից վերցնելով թուղթը և հանգիստ դրեց սեղանին։ Կ֊ն դառնացած հայացքով կողքանց նայեց նրան, սակայն տնօրենի տեղակալը բնավ չնկատեց այդ հայացքը կամ եթե նկատեց էլ, ապա ավելի աշխուժացավ, սկսեց ավելի հաճախ բարձրաձայն ծիծաղել, հնարամիտ առարկությամբ ակնհայտորեն շփոթեցրեց ֆաբրիկատիրոջը, սակայն ինքնիրեն առարկելով, նրան իսկույն հանեց անհարմար վիճակից և վերջում առաջարկեց իր գրասենյակն անցնել, ուր կարող էին վերջացնել գործարքը։
 
― Շատ կարևոր գործ է,― ասց նա ֆաբրիկատիրոջը։― Ես հասկանում եմ դրա ողջ կարևորությունը, իսկ պարոն հավատարմատարի համար, ինչ խոսք, շատ ավելի լավ կլինի, եթե նրանից վերցնենք սա։― Անգամ այս խոսքերն արտասանելիս նա բացառապես ֆաբրիատիրոջ հետ էր խոսում։― Գործը հանգիստ կշռադատել է պահանջում, մինչդեռ նա, թվում է, շատ է ծանրաբեռնված այսօր, և հետո, մի քանի հոգի արդեն երկար ժամանակ նրան են սպասում։
 
Կ֊ն դեռ տիրապետում էր ինքնիրեն, որ շրջվեր տնօրենի տեղակալից և մտերմիկ, քարացած ժպիտըմիայն ֆաբրիկատիրոջը դարձներ, սակայն նա բնավ չմիջամտեց, այլ կառավարակետին երկու ձեռքով հենցված գործերի կառավարչի նման փոքր֊ինչ առաջ թեքված հետևեց, թե ինչպես երկու պարոնները զրույցը շարունակելով, սեղանի վրայից հավաքեցին թղթերը և անեհտացան ղեկավարության սենյակում։ Դռան մեջ ֆաբրիկատերը շրջվեց, հայտնեց, որ դեռևս հրաժեշտ չի տալիս, քննարկման արդյունքերի մասին կտեղեկացնի պարոն Կ֊ին և, բացի այդ, դեռ նրան հայտնելու մի փոքր բան ունի։
 
Վերջապես Կ֊ն մենակ էր։ Նա բնավ մտադիր չէր հաջորդ այցելուին ընդունել, և աղոտ կերպով նրա գիտակցությանն հասավ այն միտքը, թե ինչքան հաճելի էր, երբ դրսում նստած մարդիկ մտածում էին, թե ինքը շարունակ ֆաբրիկատիրոջ հետ է խորհրդակցում և այդ պատճառով ոչ ոք, նույնիսկ ծառան, ներս չէր մտնում։ Նա մոտեցավ պատուհանին, նստեց գոգին, ամուր կառչեց բռնակից ու նայեց դուրս՝ հրապարակին։ Ձյունը չէր դադարում, առաջվա պես մառախուղ էր։
 
Նա՝ առանց իմանալու, թե իսկապես ի՞նչն էր տանջում իրեն, երկար նստեց այդպես։ Միայն ժամանակ առ ժամանակ ուսի վրայով վախվորած նայում էր նախասենյակի դռան կողմը, որովհետև թվում էր, թե աղմուկ է լսում։ Բայց ոչ ոք ներս չմտավ, նա հանգստացավ, մոտեցավ լվացարանին, սառը ջրով լվացվեց և, ավելի թարմացած՝ վերադարձավ պատուհանագոգի իր տեղը։ Պաշտպանությունը սեփական ձեռքը վերցնելու որոշումը նրան ավելի ծանր թվաց, քան սկզբում էր ենթադրել։ Ինքը, քանի դեռ պաշտպանությունը փաստաբանին էր թողել, դատավարության հետ, ընդհանրապես վերցրած, քիչ էր առնչվում, միայն հեռվից էր դիտում և հազիվ թե հասնալի լիներ նրա համար․ երբ ուզենար, կարող էր ստուգել, թե ինչպես է ընթանում գործը, սակայն ցանկացած պահին կարող էր նաև ետ քաշվել։ Այժմ՝ հակառակը։ Եթե ուզում էր անձամբ վարել պաշտպանությունը, ստիպված էր թեկուզ տվյալ պահին՝ ամբողջոովին ենթարկվել դատարանին։ Պաշտպանության հաջողությունը հետագայում լիակատար և վերջնական ազատության կվերածվեր, սակայն դրան հասնելու համար նա հիմա պետք է ավելի մեծ վտանգի ենթարկվեր, քան մինչև այժմ։ Եթե փորձեր կասկածել, ապա ֆաբրիկատիրոջ և տնօրենի տեղակալի միախմբելու այսօրվա փաստը հակառակ համոզմանը հանգեցնելու համար բացական էր։ Բայց ինչպե՞ս էր ինքիրեն պաշտպանելու խեղճուկրակ որոշմամբ համակված հանգիստ նստել։ Ի՞նչ էր լինեոլւ հետագայում։ Ա՛յ թե օրեր էին սպասում իրեն։ Արդյո՞ք կկարողանա՞ր գտնել բոլոր դժվարությունների միջով լավ ավարտի հանգեցնող ճանապարհը։ Արդյոք բարեխիղճ պաշտպանությունը (բարեխղճորեն չնախապատրաստվելը անմջություն էր), արդյոք արդյոք բարեխիղճ պաշտպանությունը շրջապատող ամեն ինչից հնարավորին չափ մեկուսանալու անհրաժեշտություն չէ՞ր նշանակում։ Կհաջողվե՞ր հաղթահարել։ Իսկ ի՞նչ պետք է աներ բանկում, դրա իրականացման համար։ Խոսքը միայն խնդրագրի մասին չէր․ դրա պատրաստման համար արձակուրդը, թերևս, բավականացներ։ Պետք էր խոստովանել, որ հենց այս պահին արձակուրդ խնդրելը մեծ համարձակության հետ էր կապված, որովհետև խոսքը դատավարության մասին էր, իսկ դրա տևողությունը հնարավոր չէր կանխատեսել։ Այ թե խոչընդոտի հանդիպեց Կ֊ն՝ ծառայողական աստիճանով վեր բարձրանալիս։ Եվ ա՞յս պահին դեռ պետք է բանկի համար աշխատեր։ Նա հայացքը գրասեղանի կողմը դարձրեց։ Ա՞յժմ պետք է այցելուներ ընդուներ ու բանակցեր հետները։ Երբ առաջ էր ընթանում իր դեմ հարուցած գործը, երբ ձեղնահարկում նստած պաշտոնյաները գործի հետ կապված արձանագրություններ էին աչքի անցկացնում, ինքը պետք է զբաղվեր բանկի գործարքներո՞վ։ Արդյոք դատարանի կողմից հավանության արժանացած տանջանք չէ՞ր սա, որ սերտորեն կապված էր դատավարության հետ և ուղեկցում էր դրան։ Եվ արդյո՞ք բանկում կատարած աշխատանքը քննարկելու ժամանակ այս արտասովոր վիճակը հաշվի կառնեին։ Ո՛չ ոք և երբե՛ք։ Թեև այնքան էլ պարզ չէր, թե ո՞վ և որքանո՞վ էր տեղյակ դատավարությունից, սակայն Կ֊ի գործը այլևս գաղտնիք չէր։ Այդ փսփսոցները հավանաբար դեռ չէին հասել տնօրենի տեղակալին, հակառակ դեպքում կարելի կլիներ պարզ տեսնել, թե ինչպես է նա՝ առանց հաշվի առնելու, որ իրենք գործընկերն են, իրեն հասած լուրերը անմարդկային կերպով օգտագործում Կ֊ի նկատմամբ և, եթե գործի էությանը տեղյակ լիներ, հնարավոր է վիճակը թեթևացնելու համար ձեռքից եկած որոշ բաներ աներ։