Changes

Արևի ոսկե խնձորները

Ավելացվել է 22 399 բայտ, 07:17, 22 Փետրվարի 2014
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Արևի ոսկե խնձորները |հեղինակ = [[Ռեյ Բրեդբերի]] |աղբյուր = «451 աստիճան ըստ Ֆարե...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Արևի ոսկե խնձորները
|հեղինակ = [[Ռեյ Բրեդբերի]]
|աղբյուր = [[«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»]]
|թարգմանիչ = Լևոն Անանյան
}}
[[Կատեգորիա:Արձակ]]


— Դեպի հարավ,– ասաց տիեզերանավի հրամանատարը։

— Բայց այստեղ,— առարկեց անձնակազմը,— տիեզերքում պարզապես անհնար է կողմնորոշվել։

— Երբ թռչում ես արևին ընդառաջ,– պատասխանեց հրամանատարը,– և ամեն ինչ դառնում է դեղին, տաք, ծուլաբեր, ապա դուք միայն մի ուղղություն ունեք։

Նա փակեց աչքերը և պատկերացնելով տիեզերքում բոցավառվող հեռավոր, հրաշեկ կղզին, մեղմ հոգոց հանեց։– Դեպի հարավ։

Դանդաղ գլխով արեց և կրկնեց.

— Հարավ։

Նրանց հրթիռը կոչվում էր «Կոպե դե օրո» , բայց ևս երկու անուն ուներ՝ «Պրոմեթևս» և «Իկար»։ Եվ իսկապես նրանք թռչում էին դեպի միջօրեի կուրացուցիչ արևը։ Ի՜նչ բարձր տրամադրությամբ նրանք երկու հազար շիշ թթվաշ օշարակ և հազար շիշ փրփրուն գարեջուր բեռնեցին՝ պատրաստվելով այս ճամփորդությանը դեպի անծիր Սահարա։ Եվ այժմ, երբ վերևում արևն էր քլթքլթում, նրանք հիշեցին բանաստեղծություններ և մեջբերումներ։

— Արևի ոսկե խնձորնե՞րը։

— Յե՞յթս ;

— Մի վախեցիր այլևս արևի ջերմությունի՞ց։

— Իհարկե, Շեքսպիրն է։

— Ստայնբեկի «Ոսկե թասը»։ Ստիվընսի «Ոսկե սափորը»։ Իսկ հիշո՞ւմ եք ծիածանի ծայրերին թաղված ոսկե անոթները։ Գրողը տանի, ահա և մեր ուղեծրին հարմար անուն՝ «Ծիածան»։

— Ջերմաստիճա՞նը...

— Ֆարենհայթի հազար աստիճան։

Հրամանատարը նայեց նավակողի սև, վիթխարի դիտանցքից։ Ահա արևը։ Եվ նրան ամբողջովին համակեց մեն մի նվիրական միտք՝ հասնել արևին, շոշափել և ընդմիշտ մի մասնիկ փախցնել նրանից։ Տիեզերանավը միավորում էր զուսպ հարմարավետություն և սթափ հաշվարկ։ Սառցապատ միջանցքներում բքաշունչ ձմռան սառնությունն էր փչում։ Տիեզերքում բռնկվող հզոր օջախի ամենաչնչին կայծը, կրակի ամենաչնչին շնչառությունը, եթե ի վիճակի լինի սողոսկել նավի կարծր պատյանից ներս, կհանդիպի նիրհած ձմռանը, ասես այստեղ թաքնվել էին փետրվարյան ամենասաստիկ սառնամանիքները։

Բևեռային լռության մեջ քրթմնջաց խոսող ջերմաչափը․

— Ջերմաստիճանը երկու հազար աստիճան։

«Ընկնում ենք,— մտածեց հրամանատարը,–– ընկնում ենք, ինչպես ձյան փաթիլը շոգ հունիսի, տոթ հուլիսի կամ օգոստոսի հեղձուցիչ տապի գիրկը»։

— Ֆարենհայթի երեք հազար աստիճան։

Ձյան ծածկոցի տակ հռնդում էին շարժիչները։ Սպիտակ օձագալար խողովակաշարով ժամում տասը հազար մղոն արագությամբ պոմպերը սառեցնող հեղուկ էին մղում։

— Ֆարենհայթի չորս հազար աստիճան։

Կեսօր։ Ամառ։ Հուլիս։

— Ֆարենհայթի հինգ հազար...

Վերջապես հրամանատարը անշտապ ազդարարեց ճամփորդության նպատակը.

— Այժմ մենք կդիպչենք արևին։

Այդ մտքից նրանց աչքերը փայլեցին հալած ոսկու նման։

— Յոթ հազար աստիճան։

Տարօրինակ է, որ մետաղական ջերմաչափի անկենդան ձայնը կարող է այդպես հուզախռով հնչել։

— Ժամը քանի՞սն է,– հարցրեց ինչ-որ մեկը։

Բոլորը ժպտացին։

Քանի որ այստեղ գոյություն ուներ միայն Արեգակը և կրկին Արեգակը։ Արեգակն էր հորիզոնը և աշխարհի բոլոր կողմերը։ Նա էր վառում րոպեները, վայրկյանները, ավազի ժամացույցները, զարթուցիչները, նրա մեջ այրվում էր ժամանակը և հավերժությունը։ Նա այրում էր կոպերը և կոպերի ետևում գտնվող մութ աշխարհի շիճուկը, ցանցաթաղանթը և ուղեղը։ Նա այրում էր քունը և հաճելի հիշողությունները քնի ու զովասուն մթնշաղի մասին։

— Նայեցե՛ք։

— Հրամանատա՛ր։

Առաջին ղեկապետ Բրեթընը փլվեց եղյամածածկ տախտակամածին։ Պաշտպանական համազգեստը սուլեց պատռված տեղում։ Պոկվեց սառչող գոլորշու ամպը՝ մարդու ջերմությունը, թթվածինը, նրա կյանքը։

— Արագ։

Բրեթընի պլաստմասսայե դիմակը ներսից արդեն պատվել էր կաթնագույն սառցափոշով, ապակու վրա եղյամի նախշեր էին երևում։ Ընկերները հակվեցին նրա վրա։

― Համազգեստը խոտան է, հրամանատար։ Նա մեռած է։

― Սառել է։

Նրանք հայացքները հառեցին ջերմաչափին, որը ցույց էր տալիս, թե ինչ ձմեռ էր տիրում իրենց ձյունե նավում։ Հազար աստիճան զրոյից ցածր։ Հրամանատարն ակնապիշ նայեց սառած արձանին և կայծկլտող «սացաբյուրեղներին, որոնք արագորեն շաղ էին գալիս նրա վրայով։ «ճակատագրի ի՜նչ չար խաղ,– մտածեց նա,– մարդը վախենում էր կրակից, բայց մեռավ սառնամանիքից»։

Հրամանատարը շրջվեց։

― Ժամանակ չկա։ Ժամանակ չկա։ Թողեք պառկած մնա։

Նա զգաց, ինչ դժվարությամբ է շարժվում լեզուն.

― Ջերմաստիճա՞նը։

Թվացույցը ցատկել էր չորս հազար աստիճան։

― Տեսե՛ք, հրամանատար, տեսե՛ք։

Նրանց թռչող սառցալուլան սկսեց հալչել։

Հրամանատարը կտրուկ բարձրացրեց գլուխը և նայեց առաստաղին։ Եվ ասես մեկեն լուսավորվեց կինոէկրանը, նրա գիտակցության մեջ հստակորեն ծագեց ծիծաղաշարժ տեսարանը, հեռավոր մանկության հիշողությունը։

... Գարնանային առավոտ էր։ Ինքը փոքրիկ տղա, ձյան բուրմունքը ռունգերում, իր ննջասենյակի պատուհանից կախվել էր տեսնելու, թե ինչպես է արևի տակ պսպղում ձմռան վերջին սառցալուլան։ Թափանցիկ բյուրեղյա սայրից սպիտակ գինու պես կաթում էր զով, բայց հետզհետե տաքացող ապրիլի արյունը։ Դեկտեմբերի զենքը րոպե առ րոպե դառնում էր պակաս վտանգավոր։ Վերջապես միայնակ զանգերի ղողանջով սառցալուլան զարնվեց մանրախճով ծածկված պատին։

― Հրամանատար, ջարդվեց օժանդակ պոմպը։ Սառեցման սարքը... Սառույցը հալվում է։

Վերևից տաք անձրև տեղաց։ Հրամանատարը գլուխը աջ ու ձախ էր տարուբերում։

― Որտե՞ղ է վնասվածքը։ Գրողը տանի, մի՛ խանգարեք, մենք ժամանակ չունենք։

Մարդիկ խռնվեցին։ Հայհոյելով՝ հրամանատարը խույս էր տալիս տաք անձրևից, նրա ձեռքերը շոշափում էին սառը սարքը, փնտրում-որոնում էին, և քանի դեռ աշխատում էր՝ աչքերի առջև հառնեց ապագան, որից իրենց, թվում էր՝ բաժանում էր լոկ մի կարճ հոգոց։ Նա տեսնում էր, թե ինչպես էր թափվում տիեզերանավի ծածկույթը, թե ինչպես անպաշտպան մարդիկ վազվզում են, պատեպատ խփվում, բերանները բաց անձայն ճիչով։ Տիեզերքը մի սեփ-սև մամռակալած ջրհոր էր, որի մեջ կյանքը խեղդում էր իր աղաղակն ու սարսափը։ Ճչա որքան կուզես, տիեզերքը կխեղդի ճիչը ծնվելու պահին։ Մարդիկ իրար են անցել, ինչպես մրջյունները այրվող լուցկու տուփի մեջ, տիեզերանավը վեր է ածվել եռման լավայի, շոգեմրրիկի։

— Հրամանատա՞ր;

Մղձավանջը ցրվեց։

— Ահա այստեղ է։

Նա աշխատում էր վերին տախտակամածից տեղացող գոյ մանրաշաղ անձրևի տակ։

Նա շոշափեց օժանդակ պոմպը։

— Գրողը տանի։

Հրամանատարը թափով քաշեց ճոպանից։ Վերահաս մահը մահերի պատմության մեջ կլինի ամենաարագը։ Սոսկ մի ակնթարթ, ճիչ, տաք բռնկում... ապա միայն տիեզերական կրակի միլիարդավոր տոննաներ կշրշան անարձագանք, անծիր տարածության մեջ։ Հնոցը նետված մի բուռ կարմիր մորի՝ նրանց մտքերը մի պահ կքարանան շիկացած օդում՝ ավելի երկար ապրելով, քան նրանց ածխացած և լուսածորող գազի վերածված մարմինները։

— Գրողը տանի։

Նա պտուտակահանով հարվածեց պոմպին։

— Աստվա՜ծ իմ։

Հրամանատարը սարսռաց։ Լիակատար ոչնչացում։ Նա կկոցեց աչքերը, սեղմեց ատամները։

― Աստվա՜ծ իմ,– մտածեց նա,– մենք սովոր ենք մեկնել ավելի հանգիստ, րոպեների կամ ժամերի ընթացքում։ Նույնիսկ քսան վայրկյանը դանդաղ մահ է այն բանի համեմատությամբ, ինչ հիմա կանի մեզ խժռելու պատրաստվող այս քաղցած հրեշը։

— Հրամանատար, հիմա ինչ, խաղից դո՞ւրս ենք գալիս, թե մնում ենք։

― Թասը պատրաստեք։ Ա՜յ այստեղ է, արագ վերջացրեք։

Նա շրջվեց հսկայական թասի բանող սարքի կողմը և ձեռքը մտցրեց տարածական կառավարման ձեռնոցի մեջ։ Դաստակի մի շարժում, և տիեզերանավի խորքերից դուրս ցցվեց վիթխարի մի ձեռք՝ վիթխարի մատներով։ Ավելի մոտ, ավելի մոտ... մետաղյա ձեռքը ընկղմվեց «Կոպե դե օրոյի» բոցկլտուն անշունչ քուրայի մեջ։ Արեգակի անմարմին մարմնի մեջ։

Միլիոն տարի առաջ, արագորեն մտածեց Նա, թասը ուղղելով, միլիոն տարի առաջ մերկ մարդը հյուսիսային ամայի արահետի մոտ կայծակնահար ծառ տեսավ։ Մինչ նրա ցեղը ահաբեկված փախչում էր, մատՆերն այրելով՝ նա ճանկեց ածխակոթը և մարմնով պաշտպանելով անձրևից, հաղթականորեն նետվեց իր քարայրը, որտեղ զրնգուն ծիծաղով ածխակոթը նետեց չոր տերևների կույտի մեջ և իր ցեղակիցներին ամառ նվիրեց։ Սարսափած մարդիկ մոտ սողացին կրակին, պարզեցին իրենց դողահար ձեռքերը և զգացին, ինչպես քարայր մուտք գործեց տարվա նոր եղանակը։ Այդ դեղին, փոքրիկ կայծը եղանակը փոխեց։ Նրանք վերջապես անհամարձակ ժպտացին։ Այդպես կրակը դարձավ մարդկանց սեփականությունը։

— Հրամանատա՛ր։

Ընդամենը չորս վայրկյան էր հարկավոր, որ վիթխարի ձեռքը դատարկ թասը ընկղմեր կրակի մեջ։

«Եվ ահա մենք այսօր կրկին մի ուրիշ արահետի վրա ենք,– մտածեց հրամանատարը,– կպարզենք թասով ձեռքը թանկարժեք գազի և վակուումի ետևից, այլ տեսակի մի բուռ բոցի ետևից, որպեսզի նրա հետ, լուսավորելով մեր ճանապարհը, ետ սլանանք ցուրտ տիեզերքով և Երկիր հասցնենք անմար ընծան։ Հանուն ինչի՞»։

Պատասխանը նա գիտեր հարցը տալուց առաջ։

«Որովհետև ատոմները, որոնք հնազանդեցրել ենք Երկրի վրա, ողորմելի են, ատոմային ռումբը խղճուկ է և փոքր, մեր գիտելիքները խղճուկ են ու աննշան, և միայն արևն իսկապես գիտի այն, ինչ մենք ուզում ենք իմանալ, միայն արևը գիտի գաղտնիքը։ Դրանից բացի հրաշալի, մեծ բան է՝ այստեղ գալ, կպչել նրան և սրընթաց ետ փախչել։ Իսկապես, այլ բացատրություն չկա, բացի մժղուկ մարդկանց հպարտությունից և սնափառությունից, որոնք հանդգնում են քաշքշել առյուծի պոչը և խույս տալիս նրա երախից։ Աստվա՜ծ իմ, մենք հետո կասենք, որ գլուխ հանեցինք։ Ահա էներգիայի, կրակի, իմպուլսների մեր թասը,– կոչեք ինչպես ուզում եք,– այն հոսանք կտա մեր քաղաքներին, ընթացքի մեջ կդնի մեր նավերը, լույս կտա մեր գրադարաններին և արևայրուկ՝ մեր երեխաներին, կթխի մեր հացը հանապազօր, և կօգնի գիտելիքներ յուրացնել տիեզերքի մասին։ Խմե՛ք այս թասից, բարի մարդիկ, գիտության ու կրոնի ներկայացուցիչներ։ Թող այս կրակը տաքացնի ձեզ, ցրի տգիտության խավարը և սնահավատության երկար ձմեռը, անվստահության ցրտաշունչ քամիները ու ամեն մարդու հետապնդող մթության մեծ սարսափը։ Եվ այսպես՝ մենք ձեռք ենք պարզում մուրացիկի թասով...»։

— Օ՜հ։

Թասը ընկղմվեց արևի մեջ։ Նա թեքվեց՝ վերցնելով մի կտոր աստվածային մարմին, տիեզերքի մի կաթիլ արյուն, բոցավառվող միտք, կուրացուցիչ իմաստություն, որը նշագծել ու կառուցել է Ծիր Կաթինը, բաց է թողել մոլորակները նրա ուղեծրով, սահմանել նրանց ընթացքը և ստեղծել է կյանքը՝ իր ողջ բազմազանությամբ։

— Զգո՜ւյշ,— շշնջաց հրամանատարը։

— Ի՞նչ է լինելու, երբ մենք թասը ետ քաշենք... Առանց այն էլ այսպիսի ջերմաստիճան է։

— Աստված գիտե,– ասաց հրամանատարը։

— Օժանդակ պոմպը սարքին է։

— Միացրե՛ք։

Պոմպն աշխատեց։

— Թասը փակեք կափարիչով և ներս քաշեք։ Դանդա՛ղ, ավելի՛ դանդաղ...

Գեղեցիկ ձեռքը տիեզերանավի դրսից ցնցվեց, վիթխարի անդրադարձումով կրկնելով հրամանատարի շարժումը և անաղմուկ սահեց իր տեղը։ Ամուր փակված թասը, շաղ տալով դեղին ծաղիկներ և ճերմակ աստղեր՝ անհետացավ տիեզերանավի որովայնում։ Խոսող ջերմաչափը շչաց։ Սառեցման սարքերը ցնցվեցին, հեղուկ ամոնիակը զարնվում էր խողովակների պատերին, ինչպես արյունը ճչացող խելագարի քունքերին։

Նա փակեց դրսի օդախցանով դուռը։

― Պատրաստ է։

Բոլորը սպասման մեջ էին։ Տիեզերանավի զարկերակը բաբախեց, սիրտն սկսեց արագորեն տրոփել, ոսկե թասը նավի մեջ էր։ Սառն արյունը հորդում էր կարծր երակներով։

Հրամանատարը հանգիստ շունչ քաշեց։

Առաստաղից կաթոցը կտրվեց։ Սառույցը դադարեց հալչել։

― Այժմ՝ ետ գնացինք։

Տիեզերանավը շրջվեց ու սլացավ հեռու։

― Լսեցե՞ք։

Տիեզերանավի սիրտը զարկում էր ավելի ու ավելի հանդարտ։ Սարքերի սլաքները սրընթաց ցած էին վազում՝ հաշիվը պակասեցնելով հազարներով։ Ջերմաչափը երգում էր տարվա եղանակների հերթագայությունը։ Եվ բոլորը նույնն էին մտածում. «Սուրա՛, սուրա՛ բոցից ու կրակից, տապից ու եռքից, դեղինից ու սպիտակից հեռու։ Սուրա՛ ցրտին և մառախուղին ընդառաջ»։ Քսան ժամ հետո, թերևս կարելի լինի անջատել սառնարանների մի մասը, և ձմեռը կմեռնի։ Շուտով նրանք կշարժվեն այդպիսի ցուրտ գիշերվա մեջ, հնարավոր է՝ հարկ լինի օգտվել տիեզերանավի նոր հնոցից, ջերմություն կորզել ամբարած կրակից, որ այժմ տանում են իրենց հետ, ինչպես չծնված երեխա։

Նրանք տուն էին վերադառնում։

Նրանք տուն էին վերադառնում, և հրամանատարը խոնարհվելով Բրեթընի դիակի վրա, որ պառկած էր ճերմակ ձյունակույտի մեջ, հիշեց շատ տարիներ առաջ գրած իր բանաստեղծությունը.

::Երբեմն արևն ինձ թվում է այրվող ծառ,<br/>
::Որի ոսկե մրգերը պայծառ լողում են տաք օդում,<br/>
::Որի խնձորները ներծծված են ձգողության հյութով.<br/>
::Եվ մարդիկ երկրպագում են նրան,<br/>
::Արեգակը նրանց թվում է այրվող ծառ։<br/>

Երկար նստեց հրամանատարը զոհվածի կողքին, և խառն զգացումներ էին պաշարել նրան։– Ես տխուր եմ,– մտածեց նա,– և երջանիկ եմ, ու ինձ այն տղայի նման եմ զգում, որ դպրոցից տուն է գալիս ձեռքին խատուտիկների մի մեծ փունջ։

— Այսպես,— հոգոց հանեց հրամանատարը՝ աչքերը փակ նստած,— ո՞ւր ենք այժմ թռչում, ո՞ւր...

Նա գիտեր, որ իր բոլոր մարդիկ այստեղ են, կանգնած կամ նստած շուրջը, որ սարսափը մեռել է, նրանք հանգիստ են շնչում։

— Դեպի Արեգակ երկար-երկար ճամփորդությունից հետո, երբ դու հպվեցիր նրան, հապաղեցիր մի պահ, պտտվեցիր շուրջը և սլացար հեռու, այժմ ո՞ւր ես գնում։ Երբ դու հեռացար տապից, միջօրեի լույսից ու քաղցր թմբիրից, ո՞ւր ես, արդյոք, գնում։

Անձնակազմը սպասում էր, թե հրամանատարը ինքը երբ կասի։ Նրանք սպասում էին, մինչև որ նա իր մտքի մեջ իմի բերեր ողջ սառնությունն ու սպիտակությունը, թարմությունն ու վճիտ օդը մի բաղձալի բառի մեջ, և նրանք տեսան, թե ինչպես է ծնվում բառը նրա շուրթերին ու մեղմորեն սահում պաղպաղակի կտորի պես։

— Մեզ համար տիեզերքում այժմ միայն մի ուղղություն կա,–– վերջապես ասաց նա։

Նրանք սպասում էին։ Սպասում էին, քանի դեռ տիեզերանավը արագընթաց շարժվում էր լույսից դեպի ցուրտ խավարը։

— Դեպի հյուսիս,– շշնջաց հրամանատարը։–– Դեպի հյուսիս։

Բոլորը ժպտացին, ասես տոթակեզ ետմիջօրեին հանկարծ փչել էր զովասուն քամի։
Վստահելի
1318
edits