Changes

Յուշեր

Ավելացվել է 36 229 բայտ, 22:39, 26 Մարտի 2014
Պատմում եմ գիտցածս նորութիւնները։ Երեւում է, որ խօսքերս տպաւորութիւն են թողնում Մալխասի վրայ։ Ընդբռնում է, որ ես լաւատեղեակ եմ եւ, «Բիւրո»յին մօտ մարդ։ Իսկոյն պաշտօնական եղանակը փոխւում է մտերմականի․
 
— <i>Ախպա՛ր, ձգէ սա «դուք»ը, «պարոն»ը, — եւ մարդու պէս խօսէ հետս</i>։
 
Այնուհետեւ Մալխասը շտապ֊շտապ, ասես ետեւից վազող կար, պատմում է իր շրջանի, մանաւանդ, ինձ վերաբերող լուրերը։
 
Բանից երեւում է, որ մի երկու շաբաթ առաջ վանքի գծով մեկնել է մի խումբ, Տիգրանի գլխաւորութեամբ։ Յետոյ անցել է Հնչակեանների մի գործիչ, ոմն Աշոտ, վանեցի Հաջի Յակոբի ուղեկցութեամբ։ Տեղեկանում եմ, որ Սալմաստի գծերը փչացել են Դումանի մռուի եւ, մանաւանդ, Փոխիկի խմբի ջարդուելուց յետոյ։
 
Անդրանիկը նոր էր դուրս եկել Վանից․ դեռ շարունակւում էր նրա զինուորների եւ մշեցի փախստականների քարաւանի շարանը։ Եւ, որ գլխաւորն է, որովհետեւ Սասունի գործը վիժել էր, եւ զինուորական ուժերի հոծ մի բազմութիւն ապաւինել էր Վասպուրական, կառավարութեան ուշադրութիւնը դարձել էր Վանի վրայ։
 
Արդէն Անդրանիկի ներկայութեամբ երկու կռիւներ եղել են․ մէկը՝ Աղթամարի կղզին, միւսը՝ Այգեստանի մէջ, այսպէս կոչուած Մուրոյի դէպքը։ Անդրանիկից յետոյ էլ երկու կռիւ ունենում է Իշխանը, Նարեկ գիւղի մէջ եւ մի քանի մանր ընդհարումներ այս եւ այն գաւառում։
 
Բայց այս բոլորը լայն արձագանգներ չեն գտնում, — մի կողմից՝ վախկոտ ու խաղաղասէր Թահիր փաշայի շնորհիւ, միւս կողմից՝ Վանի յեղափոխական գործիչների ջանքերի հետեւանքով․ նրանք իսկոյն արտասահման են ճամբում աւելորդ զինուորական ուժերը․ պահում են կազմակերպական֊զինուորական հրահանգչութեան ընդունակ սակաւաթիւ տարրեր՝ երկար ժամանակ լռիկ մնջիկ աշխատելու եւ արտաքուստ չերեւալու համար։
 
Այս լուրերն ինձ համար, ինչպէս ասացի, անախորժ էին․ որովհետեւ նախ իմ գնալս, եթէ ո՛չ անկարելի, գէթ հարցական էր դառնում — աշնան եղանակին։ Իսկ տղաների — Յարութիւնի, Նիկոլի եւ Մոսոյի — ինձ հետ գալը՝ անկարելի։
 
Պէտք է գիտնալ, որ ամենայարմար եղանակը, փախստական խմբով կամ նոյն իսկ մի երկու հոգւով գնալու համար, աշնան եղանակն է — Սեպտեմբերից Հոկտեմբեր, երբ քրդերը քաշւում են սարերից եւ գիշերուայ երկարութեան պատճառով կարելի է որոշ ճանապարհ կտրել։ Միւս բարեպատեհ շրջանը վաղ գարնան է — Մարտից֊Մայիս, մանաւանդ գարնան սկիզբը, երբ ձիւնը «քիրշա» (եղուրճ) է բռնում, այսինքն՝ ամրանում է եւ կարելի է վրայից քայլել։ Միւս կողմից էլ, ի հարկէ, քրդերը ցրտերի պատճառով <i>զօղան</i> բարձրացած չեն լինում։
 
Իսկ ձմեռը բուքի ենթարուելու վտանգը կայ, մինչ ամառը անխուսափելի է քրդերի հանդիպումը, որոնք որսորդական շների պէս հոտ առնել գիտեն եւ, եթէ մի անգամ տեղդ գիտցան, ազատում չկայ, եթէ, ի հարկէ, պարսկական սահմանի մօտ չես։ Այդպիսի դէպքում խմբերը մինչեւ երեկոյ կուում են եւ յետ փախչում․ այլապէս ամէն կողմից ստուար բազմութեամբ քրդերը բազմաթիւ օղակներ են կազմում եւ ջարդում։ Այս բոլորը կատարւում է մեծ մասամբ ո՛չ թէ այն պատճառով, որ քրդերը թուրք պետութեան հաւատարիմ են, ուզում են պետական պարտականութիւն կատարել, — ամենեւին ո՛չ, — այլ զուտ թալանի նպատակով։ Ամէնքը գիտեն, որ ֆիդային լաւ զէնք, լաւ ձի, լաւ հագուստ, դրամ, ժամացոյց, դիտակ եւայլն ունի․ ամէն ոք շտապում է մի բան փրցնելու դիտաւորութեամբ։
 
Յամենայն դէպս, Մալխասէն խնդրում եմ, որ գէթ ինձ մինակ շտապով ճամբէ Վան, գուցէ որեւէ պատեհութեամբ ես էլ այս ուշացած եղանակին ներս կարողանամ անցնիլ։
 
Բարեբախտաբար, վանքի զինուորները հէնց նոր էին եկել ռազմամթերք տանելու։ Մալխասը խոստանում է հէնց վաղն եւեթ ինձ նրանց հետ ճամբել, հետս դնելով եւ իմ լաւ ծանօթ Փայլակին, որ ինձ աջակցի շուտ մեկնելու։
 
Թադէոս Առաքեալի վանքը գտնւում է Մակու, պարսկա֊թուրք սահմանագլխի վրայ, Աբաղային սահմանակից, թուրքական Կարէնի մեծ գիւղից մէկուկէս ժամ հեռու, իսկ թուրքական սահմանից ձիով վեց ժամ հեռաւորութեան վրայ։
 
Խոյից մինչեւ վանք 14 ժամուայ ճամբայ է ձիով, այն էլ լաւ քշելու պայմանով։ Ո՛չ մի հայ գիւղ չկայ ճանապարհին։ Այնպէս որ Խոյից վանք պէտք է երթալ մի շնչով, մի գիշերուայ մէջ։ Գիշեր եմ ասում, որովհետեւ գնացողները զինատար կամ ռազմամթերք տանող խմբեր են լինում, որոնք չեն ուզում ընդհարումներ ունենալ Գորելի ձորի եւ Գեադուկի (կիրճ) մէջ ապրող շատ ռազմիկ քրդերի եւ թուրքերի հետ։
 
Թադէի վանքը, ինչպէս յետոյ կը տեսնենք, երկիր ռազմամթերք եւ մարդ փոխադրող ամենախոշոր խողովակն էր։ Խոյից վանք ռազմամթերքը միշտ փոխադրել ենք մեր միջոցներով, այսինքն՝ մեր զինատար խմբերով, կամ վանքի քարաւաններով՝ <i>վանքի ապրանքներ</i> անուան տակ։ Մի քանի փորձեր են եղել Շահթախթից կամ Ղամարլուից ուղղակի վանք ապրանք տեղափոխելու, քրդերի կամ թուրքերի միջոցով․ բայց յետոյ այնքան է աղմուկ դուրս եկել, այնքան ուռուցիկ կերպով այդ լուրերը տարածուել են շրջանի թուրքերի եւ քրդերի մէջ, որ վանքի գոյութիւնը շատ անգամ մազից է կախուած եղել։ Այդ պատճառով սահմանագլխի գործիչները ստիպուած են եղել <i>մեր</i> միջոցով կատարել այդ տեղափոխութիւնը որ անաղմուկ լինի։ Տեղափոխութիւնը կատարւում էր շատ հասարակ ձեւով։ Տեղափոխում էին կամ վանքի գիւղացիք, որ լաւ ռազմիկներ եւ կտրին մարդիկ էին, կամ Սարդարի սարբազները, որ գալիս էին Խոյ ապրանք փոխադրելու եւ կամ Խոյի ու Սալմաստի զինուորները՝ 10—15 ձիաւոր՝ իրենք էին տանում ապրանքները վանք ու վերադառնում իրենց տեղերը։ Իսկ եթէ զինուած խմբեր էին Երկիր գնում, ուղղակի իրենք իրենց պատրաստութեամբ Սալմաստից կամ Խոյից մեկնում էին վանք եւ ապա՝ Երկիր։
 
Յարութիւնի, Նիկոլի ու Մոսոյի սրտերը, ի հարկէ, սեւացան, երբ իմացան, որ իրենք հետս չեն կարող գալ, բայց խորհրդակցեցինք, որ վանքից անպայման նրանց կանչեմ եւ միասին երթանք։
 
Միւս օրը երեկոյեան դեռ մութը չկոխած՝ Խոյից մեկնեցինք դէպի վանք։ Վեց ժամ անդադար պէտք է Խոյի դաշտը կամաց կամաց բարձրանալ մինչեւ Մակուի սարահարթը։ Սարերի լանջերին արդէն ձիւնը ընկել էր, իսկ գագաթները վաղուց էին ճերմակել։ Տասնեւչորս ժամ Մակուի լեռնային ցրտի մէջ, ձիով, բայց մեծ մասամբ ոտով, տաքանալու համար, ճանապարհ կտրելով, վերջապէս, հեռուից տեսնում ենք վանքի գմբէթները։
 
«<i>Թադէի Վանուց ձայնիկդ ինձ դիպաւ…</i>»։
 
Միտքս սլանում է դէպի հին֊հին դարեր եւ մօտակայ ժամանակներ։ Սա ի՞նչ ճակատագրական զուգադիպութիւն է․ Հին Հայաստանի Լուսաւորիչները, նոր կրօնի առաքեալները այս ճանապարհով են անցել եւ նրանցից շատերը այս մեծ ճանապարհի վրայ են ընկել։
 
Այստեղով են անցել եւ երիտասարդ Հայաստանի առաքեալները՝ Սերոբ Փաշան, Անդրանիկը, Աղբէրը, Սասունի Վահանը, Դաշտի Հրայրը, Վարդգէսը, Պետօն, Իշխանը, Կոմսը, Ռուբէնը, Շաւրոն, Սարգիսը, արմենական Աւետիսը, հնչակեան Փարամազը, եւ դեռ շատ ուրիշներ, — անուանի հին եւ նոր, փորձուած երիտասարդներ։
 
Նրանցից շատերն էլ ընկել են այս մեծ ճանապարհի վրայ… Բայց հին առաքեալներն աւելի երջանիկ էին․ ահաւասիկ նոցա յիշատակի բարձրաբերձ կոթողը։
 
— <i>Հրէ՛ն Թադէի վանքի գմբէթները</i>, — ձայնում է Փայլակը։
 
Խե՜ղճ Փայլակ, չէիր մտածում, որ դու էլ Թադէի վանքի ճանապարհով մի անգամ Վան պիտի երթաս՝ այլեւս ետ չդառնալու համար։
 
Թադէի վանքը Վանի չեղափոխական, ազգային,հասարակական֊կրթական գործունէութեան գլխաւոր նաւահանգիստն էր։ Վանը՝ բռնակալութեան ժամանակին՝ առաջդիմութեան, յեղափոխական գործունէութեան եւ գործիչների բազմութեան մեծագոյն մասը պարտական է այս վանքին, որ ճակատագրի մի բարեբախտ դիպուածով ընկել եւ մնացել է այս հոծ քրդութեան եւ թրքութեան մէջ, իբրեւ մի փրկութեան ովասիս։
 
Վերջապէս, հասնում ենք վանքի գիւղը։ Շների հաջոցը իրար է խառնւում։ Ահա՛ եւ վանքի դուռը։ Բաւական դժուարութեամբ արթնացնում ենք ծառաներին։ Դուռը բացում են եւ մեզ առաջնորդում դէպի վանքում նստող ներկայացուցչի դուռը։ Վանքում այն ժամանակ շատ սենեակներ չկային։ Մնացել էին միայն քարուկիր երկու խուցեր․ մէկի մէջ նստում էր վանահայր Գէորգ Վարդապետ Նալբանդեան — մեզ մօտ յայտնի էր <i>Ընծայը</i> կեղծանունով —, իսկ միւսում՝ կուսակցութեան ներկայացուցիչը, որը այն ժամանակ Թաւրիզից եկած մի պարոն էր՝ <i>Արտուր</i> կեղծանունով։
 
Արտուրի դուռը ջղայնօրէն ծեծում է Փայլակը։ Բայց նա մրափի մէջ չգիտէ թէ մենք ի՞նչ վիճակի մէջ ենք դուրսը։ Վերջապէս, արթնացաւ եւ, երբ իմացաւ, որ նորեկներ ենք, այն էլ Խոյից եկած, մերժեց դուռը բանալ, ի նկատի առնելով որ մեզ հետ կը լինին անպայման քոլերայի բացիլներ։
 
Փայլակի սպառնալիքներն ու հայհոյանքները մի բան չարժեցին։
 
Գլխիկոր դառնում ենք դէպի վանահօր խուցը։ Դուռը, ի հարկէ, անմիջապէս բացում է։ Ներս ենք մտնում եւ խնդրում վառարանը վառել եւ ինքնաեռ դնել մեզ համար։ Իսկ մինչեւ այդ՝ Փայլակն ու Վարդապետը մէկ֊մէկ կոնծում են Փայլակի խուրջինը եղած օղիից իմ կենացը։ Շուտով հասնում է եւ թէյը։ Մի քիչ տաքանալուց եւ թէյ խմելուց յետոյ՝ անկողին ենք մտնում ջարդուած եւ փետացած մեր մարմնին հանգստութիւն տալու։
 
Անուշ քնից ինձ արթնացնում է Փայլակի եւ Արտուրի հայհոյանքներով համեմուած վէջը։ Ճար չկայ, պէտք է ելնել։ Աչքերս բանալս եւ տեղիցս ցատկելս մէկ եղաւ․ որովհետեւ վէճը տաքանում էր։ Հագնուեցի․ ծանօթացանք Արտուրի հետ․ վէճին միջամտեցի եւ հաշտութեան եզր գտանք, որը, յամենայն դէպս, իմ միջամտութեան շնորհքը չէր, այլ Փայլակի բերած մի քանի շիշ կոնեակի եւ օղու, որ գնուած էր իմ դրամով՝ ճանապարհին գործածելու համար։
 
Վանքին, շրջապատին, գիւղին ծանօթանալուց յետոյ՝ դիմում եմ Վարդապետին հարցնելու իմ առաքելութեան մասին, իմանալու, թէ հնարաւորութիւն կա՞յ արդեօք այս օրերին անցնելու համար։
 
Վարդապետը նոյնպէս կրկնում է, որ ուշ է․ սարերն արդէն ձիւնով բռնած են, բուք է ու բորան։ Բայց եւ այնպէս շատ թախանձանքիս հետեւանքով՝ յոյս է տալիս, որ մի փորձ կʼանենք․ «<i>Եթէ Աբազայի գիւղերէն հայեր եկան, մեր սուրհանդակ֊փոխադրողները՝ լաւ։ Եթէ ոչ, կʼաշխատինք մեր տեղական քիւրդ սուրհանդակների հետ ճամբել քեզ</i>»։
 
Իսկոյն մարդ ենք ճամբում քրդի տունը, որ վանք գայ՝ խօսելիք ունինք։ Քիւրդը մի երկու օրից գալիս է, վերջապէս։ Վարդապէտը լաւ քրդախօս էր եւ, առհասարակ, մեծ հեղինակութիւն ուներ շրջանի թուրք եւ քիւրդ տարրի մէջ։ Նա է առանձնանում եւ երկար֊բարակ խօսում ու հարցաքննում, թէ ի՞նչ պարագաների տակ տանի ինձ։
 
Վերջապէս, փոխադարձ համաձայնութեամբ գտնում են, որ մեկնելը հնարաւոր է։ Խօսք է տալիս, որ տուն կʼերթայ ճամբու պատրաստութիւններ կը տեսնէ եւ մի քանի օրից տղային կը ճամբէ վանք, ինձ իրենց գիւղը տանելու։ Իսկ այն կողմը պիտի առաջնորդէ ինքը, մինչեւ Վան։
 
Մինչ այս, մինչ այն, վանք է գալիս եւ Յարութիւնը։ Շատ ուրախ եմ, որ ծանօթ եւ վստահելի մի ընկեր հետս կը լինի, մանաւանդ, որ նա երկրացի է, երկրի սովորոյթները եւ կարգերը գիտէ, եւ լաւ քրդախօս է։
 
Մենք էլ մեզ համար ենք սկսում պատրաստութիւն տեսնել։ Պիտի գնայինք ցերեկը, ի հարկէ, ծպտուած տեղական տարազով եւ արտաքինով։
 
Անհրաժեշտ էր, որ հագուստ գտնէին երկուքիս համար։ Այդ մեծ դժուարութիւն չունէր․ որովհետեւ պիտի հագնէինք հին հագուստներ, որ աչքի չընկնէինք։ Հագուստը գնեցինք հէնց վանքի գիւղացիներից։
 
Մեծ դժուարութիւնը մի այլ գործի մէջ էր։ Այն ժամանակ ես հազիւ 22֊23 տարեկան էի, դեռ երես ածիլելը ինչ է չգիտէի։ Ի հարկէ, բեղ֊մորուս ունէի եւ անհրաժեշտ էր, որ ածիլուեմ։
 
Բայց ո՞րտեղից գտնել այս սարի գլխին կանոնաւոր սափրիչ, գէթ ածելի․ ո՛չ, այս կայ, եւ ո՛չ այն։ Դէս ու դէն ենք ընկնում։ Վերջապէս, յայտնում են, որ գիւղի ու վանքի ամենալաւ «թրաշչին» վանքի ծառայ Սահակն է, որն ունէր մի լաւ սուր դանակ, որով, ե՛ւ ոչխար էր մորթում, ե՛ւ փայտ կտրում եւ մարդու երես ածիլում… Ճար չկար․ ոնց որ եզը կը տանեն սպանդանոց, ինձ էլ նստացրին Սահակի առջեւ։ Տնաքանդը սապոնով «թրաշ» անելու սովորութիւն էլ չունէր․ այդ բանը նրա գլուխը ձգեց Յարութիւնը։ Վերջապէս, երկար֊բարակ նախապատրաստութիւններից վերջը՝ դանակը սրեց եւ գործի սկսաւ։
 
Ղըրթա ղըրթ․ անտէր երեսս շատ սարթ է․ խեղնի դանակը չի կտրում․ սոսկալի ցաւ է պատճառում արդէն այստեղից այնտեղից մի քանի ածելի առնելը։ Իսկ, երբ մի երեսս վերջացրեց եւ սկսեց վիզս, ուղղակի ահռելի էր։ Դիմանալ չկարողացայ։ Արդէն մի քանի տեղից կտրել էր, տղայի պէս խռովեցի եւ ըմբոստացայ։ Վարդապետը, Փայլակը, Արտուրը եւ Յարութիւնը կանգնած կը խնդային ու կը հեգնէին։ Միայն վերջինն էր, որ փորձեր էր անում օգնել։ Ծառան վախեցած փախաւ։ Գործը շարունակեց Յարութիւնը։ Մնացածը երեւակայելու է։ Վերջանալուց յետոյ ամբողջ երեսս արիւնոտուել էր։
 
Քիւրդը, բարեբախտաբար, մի քանի օր ուշացաւ։ Երեսս ամբողջովին վէրք էր։ Այս հալով եւ այսպիսի բուք բորանին ճամբայ ելնելու ժամանակը չէր։
 
Քիւրդը եկաւ, վերջապէս։ Մենք հագնուած պատրաստ ենք․ տակից կապած մէկ֊մէկ տասնոց եւ Սմիտ ատըրճանակներ․ ամէն մէկի ջէբը՝ մի քանի <i>մէջիդ</i> դրամ (շատ դրամ վերցնելու զգուշանում էինք, որ հէնց տանողը մեզ չսպաննէ դրամի համար)․ մէկ մէկ շալակ մեր հացը, մէկ մէկ աւելորդ չարուխ եւ գուլպայ կրծքերնիս կախած՝ ճանապարհին փոխելու համար․ ամէն մէկի ձեռքը՝ մի դագանակ ձիւնի մէջ չխրուելու համար։
 
Անջատման արարողութեան վրայ, երբ վերջին անգամ Վարդապետը քրդին դառնալով ասաց․
 
— <i>Գիտցէ՛ք, որ դու, քո հայրը եւ ձեր ամբողջ տանիքը «Կոմիտայի» առաջ պատասխանատու էք, եթէ այս մարդկանց քիթը արիւնի…</i>
 
Քիւրդը իսկոյն այլայլուեց, վախեցաւ եւ հրաժարուեց մեզ տանել։ Մենք, ի հարկէ, շատ տխրեցինք․ ինչպէս որ երեխաներին հագցնեն՝ հարսնիք տանելու համար եւ յանկարծ յայտնեն, թէ չէք երթայ…
 
Ուրեմն, մնացինք սահմանագլխին, կամ վանեցոց ասածի պէս․— <i>Մէջ Արարք, մէջ Վարագ</i>, Արարքի եւ Վարագի միջեւ։
 
Սկսում եմ ծանօթանալ մեր կուսակցական գործերին, ուսումնասիրում եմ վանքի կատարած դերը, փոխադրութեան ձեւերը, դէպքերն ու դէմքերը։
 
Նախ սկսեմ Վարդապետից։ Ինչպէս ասացի, այն ժամանակ վանահայր էր <i>Գէորգ Վարդապետ Նալբանդեանը</i>։ Սա բնիկ Ուրֆայից էր, Աղթամարի միաբան։ Մեծ դէքպին (1869ին) իբրեւ յեղափոխական՝ աքսորուած էր Պոլիս, այնտեղից անցել էր Բուլգարիա եւ մերոնց գործակցել։ Այնտեղից ծանօթ էր Վարդգէսի, Վահան Մանուէլեանի եւ շատ ուրիշների հետ։
 
Իմ վրայ նա մի լաւ աշխատող, շինարար եւ հայրենասէր մարդու տպաւորութիւն է թողել, թէեւ ընկերներից շատերը նրան չէին սիրում։ Ճիշդ է, նա մի քիչ մամոնասէր էր, ինչպէս բոլոր վարդապետները։ Բայց եւ այնպէս մեր վերածնունդի համար մեծապէս տառապող հայ վարդապետներից մէկն էր։
 
Նրա օրով վանքը շէնացել էր․ մի նոր ջրաղաց էր շինել, նոր առու հանելով․ հին եւ նոր ջրաղացի համար քարեր էր բերել տուել հին Նախիջեւանից Ջուլֆայի վրայով մինչեւ վանք։
 
Վանքի մէջ մի քանի սենեակներ էր շինել տուել։ Ի հարկէ, այս բոլորն անում էր մասամբ կուսակցութեան միջոցներով եւ մասամբ էլ հանգանակութիւններով Խոյ, Սալմաստ, Թաւրիզ եւայլն, ո՛ւր կրկին մերոնք էին կատարում այդ հանգանակութիւնները։ Բայց եւ այնպէս նրանից առաջ էլ այդ բոլորը եղել է․ եւ ոչ ոք, բացի իր անձնական գործից, ոչնչով չէր հարստացրել վանքը։ Նրանից յետոյ վանքը նորից քանդուեց։
 
Գէորգ Վարդապետը «Հուրիաթ»ին Առաջնորդ էր Սղերդի․ այնտեղից էլ անցել էր Խարբերդ Չարսանճագ, ուր քրդական տիրապետութիւն էր դարձել եւ հողային մեծ վէճեր կային։ Այնտեղ միւս առաջնորդների նման իր հօտի հետ միասին հերոսաբար նահատակուել էր։
 
<i>Արտուրը</i>, ինչպէս ասացի, կուսակցութեան պաշտօնական ներկայացուցիչն էր։ Իսկական անունը չեմ յիշում։ Մի շատ կոպիտ ու կոշտ մարդ էր։ Թաւրիզի կոմիտէն էր ուղարկել նրան ԸՆձայրի գլխուն վերեւ վերահսկիչ եւ լիազօր։ Բայց, բացի խմելուց եւ սրան նրան հայհոյելուց, նա ոչինչ չէր անում։
 
Սա մի շատ տարօրինակ վարմունք ունեցաւ եւ իմ դէմ։ Իբրեւ կուսակցութեան վստահելին եւ իբրեւ կուսակցութեան տեղի դրամի գանձապահը՝ նրան յանձնեցի ե՛ւ իմ մօկ եղած դրամը, որը կարծեմ 50֊60 թումանից աւելի չպիտի լինէր, բայց ինձ համար շատ անհրաժեշտ գումար էր, թէ՛ տեղի վրայ եղած մանր֊մունր ծախսերի եւ թէ՛, մանաւանդ, ճանապարհի վրայ լինելիք ծախսերի համար։
 
Կարծեմ Դեկտեմբերին էր թէ Նոյեմբերին, Թաւրիզում Ռայոնական ժողով կար, որին պիտի մասնակցէին նաեւ Վանքի, Խոյի եւ Սալմաստի ներկայացուցիչները։
 
Արտուրը, առանց ինձ լուր տալու անգամ թէ ժողովի է գնում, (այդպէս արել էին եւ միւս ներկայացուցիչները) շտապ շտապ պատրաստուեց եւ մեկնեց։
 
Ես, ի հարկէ, չէի կարող խորհիլ, որ նա իմ դրամներն էլ հետը կը տանի։ Գնալու րոպէին սնտոկի բանալիները ինձ յանձնեց, ասելով, որ «<i>քո դրամները մէջն են, պէտք որ ունենաս՝ վերցրու</i>»։
 
Մի երկու օրից, երբ ուզում էի դրամ վերցնել, նկատեցի, որ Պ․ Արտուրը դրամ չի գձել սնտուկը, այլ եղած֊չեղածը հաւաքել տարել է։ Այլեւս չկարողացայ ինձ զսպել․ վերցրի մի խիստ նամակ գրեցի Թաւրիզ, բողոքելով, թէ ի՞նչ կասկածելի մարդիկ էք ճամբում այսպիսի կարեւոր վայրեր եւ յայտնելով, թէ Արտուրը դրամներս առել փախել է։
 
Երբ այնտեղ բացատրութիւն են պահանջում, իբր թէ ամօթից ինքնասպանութեան փորձ է անում, բայց, ի հարկէ անյաջող։ Այնուհետեւ, կարծեմ, ի սպառ հեռացել էր յեղափոխական գործերից եւ շատ լաւ էր արել։
 
<i>Փայլակ</i>։ Սա պոլսեցի էր՝ Ռուբէն Դերձակեան, արհեստով դեղագործ․ Պարսկաստան արդէն դոքտորի անուն ունէր։ Հին մաքուր յեղափոխական էր եւ շիտակ մարդ։ Եղել էր Կուկունեանցի արշաւանքին, աքսորուել էր Սիբիր, այնտեղից փախել էր կրկին Կովկաս, ապա Պարսկաստան։ Սկիզբը Սալմաստ, Խոյ, Վանք եւ ապա Ջուլճայում զբաղուել էր զէնքի փոխադրութեան գործով։ Միշտ անձնական աշխատանքով ո՛չ միայն ինքն էր ապրել, այլ ապրեցրել էր շատ ընկերներ։ Պարսկական յեղափոխութեան ժամանակ շատ մեծ դեր էր կատարել։ Երբ մերոնք ստիպուած հեռացել էին Թաւրիզից, Ուրմիայից, Սալմաստից եւ Խոյից եւ քաշուել Վան, Փայլակը՝ Դուման֊Նիկոլի, Սամսոնի, Աշոտի֊Թորոսի հետ ապրում էին Վանում։ Յետոյ ինքը եւ Թորոսը Արճէշ սեփական գործ սկսեցին, այդտեղ շարունակելով չեղափոխական աշխատանքը։ Այս անգամ էլ օժանդակում էին Կովկասից Վան եղած փոխադրական գործին, եւ Արճէշի մէջ էլ օգնում էին ազգային, դպրոցական, պետական եւ այլ գործերին։
 
Այսպէս 24 տարի անդադար գործել էր եւ վերջ ի վերջոյ ենթարկուել ընդհանուր ճակատագրին։ Արճէշի կոտորածի ժամանակ, առաջին խմբի մէջ, Եէիշէ քահանայի, սրա մեծ որդու, քաղաքի մնացած ազդեցիկ տղաների հետ կապուած գնդակահարուել է, վերջին րոպէին էլ պահելով իր անվեհերութիւնը եւ քաջութիւնը։ Պատահմունքով ազատուած արճէշցի Յակոբը պատմեց, որ մինչեւ վերջը հայհոյեց գայմագամին եւ կառավարութեան՝ այս տմարդի վարմունքի համար։ Խե՝ղճ Փայլակ, Պոլսոյ մէջ թուրք ռէժիմը քո ճակատին գրել էր մահ, այդ ճակատագիրը քեզ հետեւեց Պոլսից Կաղզուան, Կարսից Սիբիր, ապա Պարսկաստան եւ վերջը քեզ զարկեց Վանայ գեղածիծաղ ափերին։
 
<i>Մոկացի Յովհաննէս</i>․ Վանքի այն ժամանակուայ միակ դուրսեցի զինուորն էր․ նոր էր վերադարձել Երկրից, ուղեկցել էր Տիգրանի խմբին, որ աշնան մտել էր Երկիր, տարել էր ապահով մինչեւ Վան եւ յետ դարձել։
 
Արտաքինով համեստ, բայց հոգիով քաջ տղայ էր։ Վանքի փոխադրութեան ամբողջ ծանրութիւնը սրա ուսերի վրայ էր համարեա։ Նա պէտք է խմբով երթար Խոյից զէնքեր բերելու․ պէտք էր Երկիր գնացող խմբերին եւ սուրհանդակներին ուղեկցէր ամենաքիչը մինչեւ Աբաղա։
 
Պարսկական յեղափոխութեան ժամանակ եղել էր Խոյի մէջ․ Զուլումաթի եւ Մոկացի Գրիգորի հետ․ կռուել էր Մակուի Սարդարի ամբողջ բանակի դէմ։ Երբ Զուլումաթը սպաննւում է, Գրիգորը մի կերպ ճողոպրում է․ ինքն իբրեւ սպանուած ընկնում է գետին, քրդերը գալիս հանում են հագուստները, մերկացնում են եւ անցնում գնում են։ Այսպէս մերկ, փորի վրայ սողալով, մի քանի ժամ անձրեւի տակ, կարողանում է փախչել եւ հասնիլ Հայոց֊Թաղը։
 
Պարսկական Ռէակցիայի օրերը վանքում կռուելով, իր աներոջ հետ փախչում է Աբաղա եւ վերաբնակւում Մուստաֆա բէյի գիւղը՝ Նազարաւա։ Այդտեղ խաղաղ գիւղացի էր դարձել, զբաղուած էր երկրագործութեամբ։ 1914ի պատերազմը դեռ չսկսած, բայց զօրահաւաքը եղած, մի քանի ուրիշ հայերի հետ բռնւում է, իբրեւ ռուսներին լրտեսութիւն անող․ այն ինչ ոչ մի բանից խաբար չի ունեցել։
 
Վանում մի քանի ամիս բանտ նստելուց յետոյ, մեր միջամտութիւնների հետեւանքով զինուորական ատեանը անպարտ արձակեց։ Մի երկու օր միայն կարողացաւ մնալ Այգեստան, Ապրիլ 5ին, գնաց քաղաք՝ գիւղ մեկնելու։ Այդ օրը, երբ իմացաւ Իշխանի սպանութիւնը եւ Վռամեանի բանտարկութիւնը, մնաց քաղաքի մէջ։
 
Եւ ապրիլեան կռիւներին, քաղաքամիջի լաւագոյն ռազմիկն եղաւ, ամէն տեղ հասնելով․ նա էր որ շատախցի Աւոյի հետ քրդական երգերով օդն էր թնդացնում եւ թշնամին սարսափեցնում։
 
Կամաւորների գալուց յետոյ, ինքը շատախցի Աւոյի, նրա որդու վանքեցի Մելքոնի (որը կամաւորների հետ էր), Պզտիկ֊գեղցի Ղուկասի հետ դարձան Աբաղա։ Բայց Խաչանի մօտ, հանդիպելով անհամեմատ շատ քրդերի, մինչեւ երեկոյ կռուի են բռնուել եւ ամէնքը սպաննուել… Մայիս 20ին, 1915ին։
 
Բուն վանքեցի երեք լաւ եւ հայրենասէր զինուորներ ունէինք, որոնց մասին արժէ յիշատակել։
 
<i>Տէրտէրի Մկօն</i> մի երկարահասակ գեղեցիկ երիտասարդ մարդ էր, լաւ որսորդ, նշան զարկող, Սարդարի լաւ զինուորներից, մասնակցել էր Խոյից մինչեւ սահման անցնող խմբերին ուղեկցելու գործին եւ պարսկական յեղափոխական կռիւներին։ Սպաննուեց 1909ին Աբաղայի մէջ, ուր գնացել էր գոմէշ գնելու, իր որդու հետ միասին։
 
<i>Մելքոն</i> լաւ եւ կտրիճ զինուոր էր․ սպաննուել է, ինչպէս վերն ասացի, Աբաղայի դաշտը՝ Մոկացի Յովհաննէսի հետ։
 
<i>Ասատուր</i>ը, որ նոյնպէս մասնակցում էր բոլոր փոխադրութիւններին, վանքի հաւատարիմներից էր․ չգիտեմ, ուր մնաց եւ ի՞նչ եղաւ։
 
Չեմ կարող լռութեամբ անցնիլ նաեւ վանքի ծառայ <i>Թոմասի</i> վրայից։ Հայոց Ձորի Աթանան գիւղացի էր․ 1896 թուին կոտորածից յետոյ վանք էր եկել եւ հաստատուել։ Սա մի ի բնէ ազնիւ մարդ էր, հայ ժողովրդի հազուադգիւտ բիւրեղներից մէկը։ Գիշեր ցերեկ վանքի գործերով դէս ու դէն էր վազում, — մի անգամ ջրաղաց, միւս անգամ՝ արտ, երրորդ անգամ՝ սենեակները պարոններին թէյ կամ սեղան պատրաստելու համար։
 
Հաւատարմութեան ու մաքրութեան տիպար էր։ Վանքի ամբողջ ամբարը, կուսակցութեան ամբողջ հարստութիւնը նրա ձեռքին էր․ բայց ամէնքը գիտէին, որ Թոմասը սուրբ մարդ է եւ չի գողանայ վանքից եւ, մանաւանդ, կուսակցութեան շահերը կը պաշտպանէ։ Պէտք է տեսնել, թէ ամէն անգամ երբ մէկ մարդ էր ճամբում Երկիր, ինչպէ՞ս էր հեկեկում եւ ինչպէ՞ս համբուրւում։
 
— <i>«Ախպրտանք, Աստուած ձեր խետ, բարով էրթէք, խէրով զէք…»</i>։
 
Չիմացայ, թէ մեր սիրելի Թոմասը ի՞նչ եղաւ։ Վանի գրաւումից յետոյ մի անգամ Վան պատահեցի, ուղարկեցի, որ գնայ Աղթամար։ Վերջինը այն ժամանակ թալանուած եւ կողոպտուած էր․ չէր կարողացել մնալ եւ այսքան տարի սահմանի վրայ մնալուց վերջ, այսքան տարի Հայաստանին զէնք ուղարկելուց եւ նրա մասին երազելուց յետոյ, խեղճը Հայաստանը աւերակ գտաւ։
 
Չգիտեմ՝․ նա ի՞նչ տպաւորութեամբ գնաց․ չգիտեմ կենդանի՞ է նա, թէ մեռած, միայն գիտեմ, որ նա լաւ մարդ էր։ Ա՜խ, ինչպէ՜ս կʼուզէի, որ մերոնք ամէնքը այդքան լաւ լինէին։
 
***
<references/>