Changes

Պահապանները

Ավելացվել է 16 615 բայտ, 19:13, 29 Մարտի 2014
/* Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը */
Գանդալֆը անուրախ ծիծաղեց։
 
― Ահա, տեսնո՞ւմ ես, Ֆրոդո, արդեն դու չես կարողանում բաժանվել Մատանուց, պահպանում ես վնասվելուց։ Ես քեզ «ստիպել» չէի կարող՝ թերեւս միայն կոպիտ ուժով, իսկ դրան էլ դու չէիր դիմանա։ Եվ ոչ մի ուժով, իսկ դրան էլ դու չէիր դիմանա։ Եվ ոչ մի ուժով Մատանին ջարդուփշուր չես անի։ Ինչքան ուզում ես հարվածիր նրան դարբնոցի վեց փթանոց մուրժով՝ դրա վրա հետք էլ չի մնա։ Դե դու ինչ, երբ ես՝ որ ես եմ, էլի դրան ոչինչ անել չեմ կարող։
 
Քո բուխարիկի կրակում նույնիսկ սովորական ոսկին էլ չի հալվի։ Իսկ Մատանին, դու տեսար, այն կրակի մեջ միայն թարմացավ, նույնիսկ չշիկացավ։ Եվ քո ողջ Հոբիթստանում ոչ մի այդպիսի դարբին չկա, որ կարողանա գոնե մի փոքր տափակացնել այն։ Նույնիսկ թզուկների քուրան ու մուրճը դրան չեն վնասի։ Ասում են, թե Կախարդական Մատանիները հալվում են վիշապի կրակի մեջ, բայց այսօրվա վիշապները խղճուկ արարածներ են, նրանցից ո՞րի ուժը կպատի հալել Մեծ Մատանին, որը Սաուրոնն անձամբ է կռել։
 
Միայն մի միջոց կա․ գնալ Օրոդրուին՝ ճակատագրի լեռը, եւ Մատանին գցել նրա հրակեզ ընդերքը․․․ Եթե դու իսկապես ցանկանաս, որ այն հալվի ու հավիտյանս չհասնի Թշնամուն։
 
― Դե չէ, ես, իհարկե, շատ եմ ուզում, որ այն․․․ չընկնի Թշնամու ձեռքը, ― շտապ վրա տվեց Ֆրոդոն։ ― Միայն թե թող դա անեմ ոչ ես, թող անի ուրիշ որեւէ մեկը, մի՞թե իմ ուժերը կներեն այդպիսի քաջագործության համար։ Առհասարակ, ինչո՞ւ Մատանին ինձ հասավ, ես ի՞նչ կապ ունեմ։ Եվ ինչո՞ւ հատկապես ես․․․
 
― Հարցեր իրար հետեւից, ― ասաց Գանդալֆը, ― իսկ քեզ ի՞նչ պատասխաններ են հարկավոր․․․ Որ դու քաջագործության համա՞ր չես ընտրված։ Ո՛չ, ոչ քաջագործության համար։ Դու ո՛չ ուժ ունես, ո՛չ իմաստնություն։ Սակայն ընտրված ես դու։ Իսկ դա նշանակում է․ ստիպված կլիներ դառնալ ուժեղ, իմաստուն ու քաջազուն։
 
― Ախր ես ինչպե՞ս․․․ Դու, Գանդալֆ, եւ ուժեղ ես, եւ իմաստուն, վերցրո՛ւ ինձնից Մատանին, վերցրո՛ւ։
 
― Ո՛չ, ― ճչաց Գանդալֆն ընկրկելով։ ― Եթե այդպիսի սարսափելի հզորություն ունենայի, ես կդառնայի Մատանու ամենազոր ստրուկը։ ― Նրա աչքերը փայլեցին, դեմքը ներսից լուսավորվեց մութ կրակով։ ― Ո՛չ, ո՛չ, ես չեմ ուզում Մատանին, Սեւ Տիրակալը ահավոր է, իսկ չէ որ ես կարող եմ ավելի ահավոր դառնալ։ Մատանին գիտի դեպի իմ սիրտը տանող ճանապարհը, գիտի, որ ինձ տանջում է խղճահարությունը բոլոր թույլերի ու անպաշտպանների նկատմամբ, իսկ իր օգնությամբ՝ օ՜հ, որքան հուսալի կպաշտպանեի ես նրանց՝ որպեսզի հետո դարձնեի իմ ստրուկները։ Դու իմ վզին մի փաթաթիր։ Ես չեմ կարող սոսկ պահապան լինել, Մատանին չափազանց հարկավոր է ինձ։ Իմ առջեւ խավար է ու մահ։
 
Նա մոտեցավ պատուհանին եւ հետ քաշեց վարագույրները։ Սենյակը նորից հեղեղվեց արեւով։ Պատուհանի տակով, շվշվացնելով, անցավ Սամը։
 
― Ինչպես տեսնում ես, ― ասաց հրաշագործը, դեպի Ֆրոդոն շրջվելով, ― ստիպված պետք է ինքդ որոշես։ Բայց ես քեզ չեմ լքի։ ― Եվ նա ձեռքը դրեց Ֆրոդոյի ուսին։ ― Ես կօգնեմ քեզ տանելու այդ բեռը, քանի այդ բեռը քոնն է։ Միայն թե հապաղել պետք չէ։ Թշնամին չի դանդաղում։
 
Լռություն տիրեց։ Գանդալֆը նորից նստեց բազկաթոռին եւ ծխամորճը ֆսֆսացրեց՝ ուրեմն մտքերի մեջ է ընկել։ Աչքերը կիսախութ էր արել ու կոպերի տակից աչալուրջ հետեւում էր Ֆրոդոյին։ Իսկ Ֆրոդոն անթարթ նայում էր բուխարիկի ալ կարմիր ածուխներին, ասես նոր էր դրանք տեսել, ու նրան թվում էր, թե կրակի հորի մեջ է նայում։ Նա մտածում էր հինավուրց ու ահարկու Լեռան բոսոր վիհերի մասին։
 
― Այդպես, ― ասաց վերջապես Գանդալֆը։ ― Դե, ինչի՞ մասին ես մտածում։ Ի՞նչ որոշեցիր․․․
 
― Ոչի՛նչ, ― խուլ պատասխանեց Ֆրոդոն։ Բայց կրակե խավարը հանկարծ բաց թողեց նրան։ Նա նորից նստած էր լուսավոր սենյակում՝ հիանալով պայծառ լուսամուտով եւ արեւավառ այգով։ ― Այսինքն՝ որոշեցի։ Ես քո ասածներից բոլորը չէ, որ հասկանում եմ, բայց առայժմ երեւի ստիպված կլինեմ Մատանին ինձ մոտ թողնել ու պահպանել այն, իսկ հետո ինչ լինելու է թող լինի։
 
― Քեզ շատ բան կարող է պատահել, ― ասաց Գանդալֆը, ― բայց դու բավական լավ ես սկսում։ Մատանին քեզ դեռ շուտ չի շեղի դեպի չարը։
 
― Դու դա ավելի լավ գիտես, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն թե լավ կլիներ ավելի հուսալի պահապան գտնեիր։ Իսկ առայժմ, եթե դու ճիշտ ես, ապա ես մեծ վտանգի մեջ եմ, եւ իմ բարեկամներն էլ ինձ հետ։ Ըստ երեւույթին, հազիվ թե ինձ հաջողվի պահպանել Մատանին եւ բարեկամներիս, եթե մնամ տանը։ Ստիպված պետք է լինեմ լքել Պարկուտը, լքել ու հեռանալ Հոբիթստանից եւ առհասարակ գնալ ուր աչքս կտրի։ ― Նա հռչակեց։ ― Միայն թե Հոբիթստանում ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, ճիշտ է, ես մեկ֊մեկ հոբիթներին հիմարության համար անիծել եմ վերջին խոսքերով, նրանց եկրաշարժ ու վիշապների ներխուժոիմ հղելով, բայց այս դեպքում՝ ոչ, ավելի լավ է այդպիսի բան չլինի։ Քանի որ Հոբիթստանը թիկունքումս է, հեշտ է ինձ համար՝ գիտեմ, որ նահանջը հնարավոր է, թեպետ նահանջելու տեղ չկա։
 
 
Ես, իհարկե, առաջ էլ էի մտածում, չմեկնե՞մ արդյոք, ինչ֊որ խնջույք էի պատկերացնում, արկածներ, Բիլբոյի արկածների պես կամ նույնիսկ ավելի հետաքրքիր՝ չէ՞ որ տարբեր արկածներ են լինում եւ բոլորն էլ լավ են վերջանում։ Իսկ հիմա անընդհատ վախը սրտումս է, մահն էլ կրնկակոխ։ Դե, ինչպես երեւում է, ստիպված եմ լինելու մենակ ճանապարհորդել, քանի որ ինձ այդպիսի ճակատագիր է վիճակվել՝ փրկել Հոբիթստանը։ Միայն թե ես ախր փոքր եմ, այնտեղ բոլորի համար օտար եմ, եւ չգիտեմ ինչպես ասեմ՝ նրանցից չեմ։ Իսկ Թշնամին այնպես ուժեղ է ու ահարկու։
 
Նա Գանդալֆին չխոստովանեց, որ մինչ խոսում էր, սրտում ցանկություն բռնկվեց Բիլբոյի հետեւից գնալու՝ գուցեւ հանդիպի՞ նրան։ Ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վախը նահանջեց․ նա, երեւի թե, հենց այդպես էլ կնետվեր փախչելու, Բիլբոյի պես՝ առանց գլխարկ ու հանկարծակի։
 
― Այդ դո՞ւ ես, Ֆրոդո, ― բացականչեց Գանդալֆը։ ― Ժամանակին ճիշտ եմ ասել․ հոբիթները զարմանալի էակներ են։ Թվում է, թե մեկ ամիսն էլ է բավական նրանց ուսումնասիրելու համար, իսկ նրանք հարյուր տարի հետո անասելի կզարմացնեն քեզ։ Այ, թե ի՜նչ չէի սպասում՝ նույնիսկ քեզնից էլ։ Դե Բիլբոն էլ հո չի սխալվել ժառանգորդ ընտրելիս, չնայած չի հասկացել, թե դա որքան կարեւոր է։ Այո, երեւում է, որ դու իսկապես ճիշտ ես։ Ներկա վիճակով Հոբիթստանը Մատանու տեղը չէ, դո՛ւ եւ ոչ միայն դու, ստիպված կլինես հեռանալ եւ որոշ ժամանակով մոռանալ, որ դու Պարկինս ես։ Այդ անունը վտանգավոր է նաեւ Հոբիթստանից դուրս։ Արի ես քեզ ուրիշ անուն դնեմ։ Ասենք, Զառիթափցի․․․
 
Իսկ կգնաս, այնուամենայնիվ, ո՛չ մենակ։ Քո բարեկամներից ո՞ւմ ես լիովին վստահում, նրանցից ո՞վ է ընդունակ մահացու փորձությունների դիմանալ․․․ Իմիջիայլոց, փորձություններ երեւի չեն էլ լինի, բայց այնուամենայնիվ մտածիր ուղեկցի մասին, նա քեզ շատ պետք կգա․․․ Եվ դուր մի տուր, նույնիսկ մոտիկ բարեկամներիդ մի ասա․․․ Թշնամին ամեն տեղ լրտեսներ ունի, նա ամեն ինչ լսում է։
 
Հրաշագործը հանկարծ լռեց ու ականջ դրեց։ Սենյակում ու այգում զրնգուն լռություն էր տիրում։ Գանդալֆը ծածուկ մոտեցավ պատուհանին, թռավ պատուհանի գոգին, երկար ձեռքը պարզեց՝ եւ պատուհանի մեջ, խղճալիորեն ծվծվալով հայտնվեց Սամ Համեստուկի գանգրահեր գլուխը՝ ականջից ձգված։
 
― Այդպե՜ս, այդպե՜ս, մորուքս վկա, ― ասաց Գանդալֆը։ ― Սամ Համեստուկն է՝ հենց ինքը․․․ Ուրեմն պատուհանի տակ․․․
 
― Ի՞նչ եք ասում, տեր իմ, ի՞նչ եք ասում, պարոն Գանդալֆ, ― եռանդուն առարկում էր Սամը։ ― Ո՞ր պատուհանի տակ․․․ Ես այդտեղ քաղհանում ու ջրում էի խոտը, տեսնո՞ւմ եք, ― եւ իբրեւ ապացույց ցույց տվեց այգեպանի մկրատը։
 
― Տեսնում եմ, ― մռայլ ասաց Գանդալֆը։ ― Իսկ այ քո մկրատը վաղուց դադարել է չխկչխկալուց․․․ Ակա՞նջ էիր դնում, լրտեսում էիր։
 
― Ի՜՜նչ եք ասում, պարոն։ Խոտը լրիվ չորացել է․․․
 
― Հիմարի տեղ մի դիր քեզ․․․ Ի՞նչ ես լսել եւ ինչո՞ւ էիր ականջդ կախել, ― Գանդալֆի աչքերը փայլեցին ու հոնքերի մազերը բիզ֊բիզ կանգնեցին։
 
― Պարոն Ֆրոդո, գոնե դուք խոսեք, ― սարսափահար ճչաց Սամը, ― գոնե դուք թույլ մի տվեք նրան, թե չէ մեկ էլ տեսար ինձ ինչ֊որ բան դարձրեց։ Հետո արի ու իմ ծերուկին ապացուցիր, որ դա ես եմ։ Ես ոչ մի վատ բան չէի անում, ազնիվ խոսք, պարոն․․․․
 
― Ոչ մի բան էլ քեզ չի դարձնի, ― ծիծաղը հազիվ զսպելով, ասաց զարմացած ու մտահոգված Ֆրոդոն։ ― Նա էլ ինձ նման գիտի, որ դու լսում էիր առանց չար մտքի։ Վախենալը մի վախենա, իսկ որ հարց է տալիս, պատասխանիր։
 
― Դե ի՞նչ, տեր իմ, ― գլուխն ուսերի մեջ քաշած խոստովանեց Սամը։ ― Ես ահագին լսեցի, չնայած հո բոլորը չհասկացա՞․ ե՛ւ Թշնամու, ե՛ւ Մատանում, ե՛ւ պարոն Բիլբոյի, համ էլ վիշապների մասին, Հրամեջ լեռան, եւ իհարկե, էլֆերի մասին։ Բոլորվին էլ չէի ուզում լսել, բայց լսեցի, ինքներդ գիտեք, ինչպես է պատահաբար լինում։ Ախր ինձ ոչ հաց տուր, ոչ ջուր, մենակ թող էլֆերի մասին լսեմ, հետո ինչ, թե Թոդն ինչեր է ասում։ Գոնե կես աչքով դրանց տեսնի։ Ա՜յ, տեր իմ, դուք կգնաք, դե ինձ էլ էլֆերին ցույց կտաք, հը՞․․․
 
Գանդալֆը հանկարծ ծիծաղեց։
 
― Հապա մի արի այստեղ, ― գոռաց նա եւ պատուհանից ներս քաշեց ապշած Սամին՝ մկրատն ու բահը ձեռքին, եւ դրեց հատակին։
 
― Ասում ես, էլֆերին ցո՞ւյց տանք քեզ, ― հարցրեց նա, Սամին հայացքով զննելով ու ակամա ժպտալով։ ― Ուրեմն դու լսե՞լ ես, որ քո տերը գնում է։
 
― Լսել եմ, բա ո՞նց։ Այ էդտեղ էլ հազս կատիկս թռավ, ու դուք էլ լսեցիք։ Այո, ես պատահական եմ լսել, չէ որ դա շատ ցավալի է․․․
 
― Ի՜նչ արած, Սամ, ― տխուր ասաց Ֆրոդոն։ Նա հանկարծ հասկացավ, որ Հոբիթստանին հրաժեշտ տալը շատ դժվար է լինելու եւ որ ինքը հրաժեշտ է տալիս ոչ միայն Պարկուտին։ ― Ես պետք է մեկնեմ, իսկ դու, ― նա խստությամբ նայեց Սամին, ― եթե դու իսկապես անհանգստանում ես ին համար, ապա լեզուդ քեզ քաշիր, լա՞վ․․․ Որեւէ բան դուրս տվեցիր անմեղ լսածներիցդ, մեկ էլ տեսար Գանդալֆը կվերցնի ու քեզ պտավոր գորտ կդարձնի, իսկ լորտուները, գիտես, մի բարի պտուղ չեն։ ― Սամը դողաց ու ծնկի եկավ։
 
― Վեր կաց, Սա՛մ, ― կարգադրեց Գանդալֆը։ ― Ես ավելի սարսափելի մի բան մտածեցի․ դու ոչինչ դուրս չես տա եւ սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում թաքուն ականջ դնել։ Ֆորդոյի հետ կգնա՞ս։
 
― Ե՞ս։ Տիրոջս հե՞տ, ― բացականչեց Սամը եւ վեր թռավ, ինչպես շունը, որին կանչում են զբոսնելու։ ― Ե՛վ էլֆերին կտեսնեմ, ե՛ւ դեռ շատ ուրիշ բանե՞ր էլ․․․ Ուռռա՜, ― գոռաց նա եւ հանկարծ լաց եղավ։
 
 
===Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ===
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]