Changes

Պահապանները

Ավելացվել է 7409 բայտ, 22:13, 29 Մարտի 2014
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
===Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ===
 
― Դուրս գալ հարկավոր է սուսուփուս եւ որքան կարելի է արագ, ― մշտապես հիշեցնում էր Գանդալֆը։
 
Առաջին խոսակցությունից արդեն անցել էր երկու թե երեք շաբաթ, իսկ Ֆրոդոն դեռեւս ճանապարհի պատրաստություն չէր տեսնում։
 
― Գիտեմ, գիտեմ, ― ասում էր Ֆրոդոն։ ― Մենակ թե դա այդքան էլ ճիշտ չէ՝ արագ, այն էլ սուսուփուս։ Կգնամ Բիլբոյի պես ու լուրը կթնդա ամբողջ Հոբիթստանում։
 
― Ոչ, դու Բիլբոյի պես մի գնա, ― ասաց Գանդալֆը։ ― Միայն այդ էր մեզ պակաս։ Արագ՝ այո, բայց ոչ հանկարծակի։ Մտածիր, իհարկե, թե ինչպես հեռանալ Հոբիթստանից առանց ավելորդ աղմուկի, եւ այնուամենայնիվ մի հապաղիր, այնպես չլինի, որ ուշանաս։
 
― Գուցե աշնանը, մեր ընդհանուր ծննդյան օրից հետո, ― առաջարկեց Ֆրոդոն։ ― Մինչեւ այդ կհասցնեմ ամեն ինչ կարգավորել։
 
Ճիշտն ասած, երբ բանը հասավ գործին, լրիվ կորավ ճամփորդելու ցանկությունը։ Պարկուտը հանկարծ դարձավ անչափ հարմարավետ, ու Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախանում էր Հոբիթստանում իր վերջին ամառով։ Իսկ աշնանը, մտածում էր նրա, մեզ մոտ ձանձրալի կլինի ու սիրտս էլ, մշտականի պես, կձգտի դեպի օտար երկրներ։ Մտքում նա արդեն հաստատ որոշել էր սպասել իր հիսնամյակին եւ Բիլբոյի հարյուրքսանութամյակին։ Տարեդարձը կլինի՝ այդ ժամանակ էլ ճամփա ընկիր։ Բիլբոյի օրինակով։ Առանց այդ օրինակի ինքը մի քայլ էլ չէր անի, կյանքում սիրություն չէր ունենա։ Ճամփորդության նպատակի մասին աշխատում էր չմտածել եւ Գանդալֆի հետ էլ չէր անկեղծանում։ Գուցե հրաշագործն ինքն էլ ամեն ինչ կռահում, բայց ըստ սովորության, լռում էր․․․
 
― Այո, այո, ամեն ինչ կկարգավորեմ եւ ճանապարհ կընկնեմ։
 
Գանդալֆը նայեց նրան եւ քմծիծաղեց։
 
― Լավ, ― ասաց նա, ― թող այդպես լինի, միայն թե ոչ ուշ։ Ինչ֊որ շատ եմ տագնապում։ Միայն թե տես, հա՜, ոչ մեկին ոչ մի խոսք այն մասին, թե ուր ես ճանապարհվում․․․ Եվ որպեսզի քո Սամն էլ մեռելի պես՝ ձայն չհանի, թե չէ այնպես կանեմ, որ իսկապես գորտի նման կցատկոտի։
 
― Իսկ ո՞ւր եմ ճանապարհվում, ― ասաց Ֆրոդոն, ― ես ինքս էլ չգիտեմ, այնպես որ այստեղ դուրս տալը դժվար է։
 
― Առանց հիմարությունների, ― հոնքերը կիտես Գանդալֆը։ ― Նրա համար չեմ ասում, որ գլուխդ առնես ու կորչես։ Բայց Հոբիթստանից հեռանում ես, եւ հարկավոր է, որ այդ մասին ոչ ոք չիմանա։ Մի որեւէ տեղ կգնաս՝ գուցե հյուսիս, հարավ, արեւմուտք կամ նույնիսկ արեւելք, հենց դա էլ հարկավոր է գաղտնի պահել։
 
― Ես այնքան տխուր եմ, որ Պարկուտը պիտի թողնեմ ու բոլորին հրաժեշտ տամ, որ նույնիսկ չեմ մտածել, թե ուր եմ ճանապարհվելու, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկապես ո՞ւր։ Ես ի՞նչ գիտեմ, որտեղ կարելի է թաքնվել։ Բիլբոն գնաց գանձ բերելու եւ վերադարձավ, իսկ ես ուրեմն, պետք է գանձը վերադարձնեմ, իսկ ինքս չքվե՞մ, հա՞։
 
― Այդպես է, ու այդպես չէ, ― արձագանքեց Գանդալֆը։ ― Այստեղ ես էլ քեզ ցուցում տվող չեմ։ Գուցե դու կհասնես մինչեւ Օրոդրուին, իսկ գուցե դա բոլորովին էլ քո գործը չէ, ի՞նչ իմանաս։ Ես ուրիշ բան գիտեմ․ առայժմ դու այդպիսի ճանապարհի համար պատրաստ չես։
 
― Չէ մի, էլ ի՜նչ կուզեիք, ― բացականեց Ֆրոդոն։ ― Դե, իսկ իմ ճանապարհը, ախր, ո՞րն է, ո՞րը․․․
 
― Եզրով, ― պատասխանեց հրաշագործը, ― ամենածայրոց, հաստատ ու զգույշ։ Ասենք, թե առայժմ դնա, թեկուզ հենց Ազատք։ Դա շատ վտանգավոր ուղի չէ, չնայած ճանապարհին հիմա ամեն ինչ պատահում է, իսկ աշնանը նույնիսկ սարսափելի կլինի։
 
― Ազա՞տք, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Լավ, կգնամ արեւելք, դեպի Ազատք։ Սամն էլ ինձ հետ կգա, էլֆերին կտեսնի, ա՜յ թե կուրախանա․․․
 
Նա իբրեւ թե իմիջիայլոց մեջ գցեց դ, բայց դե շատ էր ցանկանում լինել այն երանելի հովտում, որտեղ Զարմանալի Ժողովուրդը շարունակում էր խաղաղ ու երջանիկ ապրել։
 
Մի անգամ, ամռան մի երեկո, «Գողտրիկ անկյունում» եւ «Կանաչ վիշապում» քննարկվում էին մի անհավանական բան, որ իբր այնտեղ սահմանների վրա հսկաներ ու չարքեր կան․․․ Պարզվում է, Ֆրոդոն վաճառում է, եթե արդեն չի վաճառել, Պարկուտը եւ այն էլ ում՝ Քսակ֊Պարկինսին։
 
― Դե, մեծ գումարով, ― ասում էին ոմանք։
 
― Իր գնով, ― առարկում էին մյուսները, ― հանգիստ եղեք, Սերինիան մի գրոշ անգամ ավել ի չի տա (Օթհոն արդեն հասցրել էր մեռնել, ապրելով մինչեւ հարյուր երկու տարի եւ չհասնելով իր իղձերի կատարմանը)։
 
Գնի շուրջ շատ էին վիճում, բայց ավելի շատ վիճում էին այն մասին, թե ինչո՞ւ Ֆրոդոյի խելքին փչեց վաճառել այդպիսի հրաշալի կալվածքը։ Ոմանք ակնարկում էին, այդ էր ակնարկում նաեւ պարոն Պարկինսն ինքը, որ փողերը հաշիվ են սիրում, իսկ նրա փողերն արդեն վերջանում են։ Եղածը հազիվհազ կբավականացնի Նորգորդում հաշիվները փակելու եւ Զայգորդ՝ բարեկամների մոտ տեղափոխվելու համար։
 
 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]