Changes
===Շուշու հասարակական կյանքը եւ տնտեսական զարգացումը===
Շուշու բնակչության հարցը եւ նրա զարգացման դինամիկան ըստ պատմական էտապների քննելուց հետո անցնենք այն խնդրին, թե ինչպիսի քաղաքական եւ տնտեսական զարգացման շրջաններ է ունեցել Շուշի քաղաքն իր ծագման սկզբից մինչեւ մեր օրերը, պահպանելով քաղաքի պատմության նույն ժամանակագրությունը, որ մենք նշել ենք նախորդ էջերում։
<i>ա) Շուշին մինչեւ Ղարաբաղի խանության կենտրոն դառնալը</i>
Շուշին մինչեւ Ղարաբաղի ադրբեջանական խանության կենտրոն դառնալը գոյություն է ունեցել, լինելով ավելի շուտ որպես բերդ, այդ մենք կասկածից դուրս ենք համարում, որովհետեւ այդ բնակավայրի գոյության մասին ունենք մի շարք պատմական վկայություններ, որոնց մասին արդեն խոսել ենք նախորդ գլուխներում։ Շուշին անցյալում հավանականորեն Ղարաբաղի փոքր բերդերից մեկն է եղել, մինչեւ նրա՝ Փանահ֊խանի խանության կենտրոն դարձնելը։ Պետք է ենթադրել, որ նա ունեցել է զինվորական կազմակերպություն, այնտեղի բնակչությունը, անշուշտ, խաղաղ տարիներին ունեցել է իր տնտեսական զբաղմունքները, որոնք ամենայն հավանականությամբ ավելի մոտ պետք է լինեին գյուղացիական զբաղմունքներին։
<i>բ) Քաղաքի հասարակական եւ տնտեսական կյանքը Ղարաբաղի խանության քաղաքական կենտրոն դառնալուց հետո</i>
XVIII դարի հիսնական թվականներին Շուշին դառնում է ուժեղ բերդաքաղաք, շրջապատված ամուր պարիսպներով ու բուրգերով եւ պատրաստվում է հենց առաջին հարկ եղած դեպքում դեմ առնել Ղարաբաղի նոր հիմնադրված, ավելի ճիշտ իր վարչական կենտրոնը Բայաթից, ապա Շահբուլաղից Շուշի փոխադրած խանության բազմաթիվ թշնամիներին։ Պաշտպանության համար հարմար եւ անառիկ բնական դիրք ունենալով, ամրություններով ու պարիսպներով շրջապատված քաղաքը դառնում է Ղարաբաղի խանության վարչական կենտրոնը, որը համառ պայքար է մղում իր տարածքն ընդլայնելու եւ հզորությունը ամրապնդելու համար։
Քաղաքներն այն ժամանակ տիպիկ միջնադարյան քաղաք֊ամրոցներ էին, որոնք ծառայում էին պաշտպանությանը, իսկ հաջողության դեպքում՝ հիմք դառնում հարձակողական գործողություններ սկսելու համար։ Ուստի բնական է, որ այն ժամանակ կամ նրանից առաջ ծագած համարյա բոլոր քաղաքները բերդաքաղաքներ էին, ամբողջապես շրջապատված պարիսպներով, խանդակներով եւ պաշտպանողական այլ կառույցներով կամ ունեին իրենց միջնաբերդը քաղաքի ներսում։ Այդպիսի քաղաքներ էին Նուխին, Շամախին, Բաքուն, Գանձակը, Երեւանը, Գյումրին (Ալեքսանդրապոլը), Թիֆլիսը, Գորին, Ախալցխան, Քութայիսը եւ շատ ուրիշներ։
Շուշին բազմաթիվ այլ բերդաքաղաքների մեջ ավելի ուշ է սկիզբ առել, բայց շնորհիվ իր բնական ամրության ու Ղարաբաղի խաների առաջին պատերազմական հաջողությունների, խիստ բարձրանում է հարեւան խանությունների մեջ եւ առաջնակարգ դիրք գրավում նրանց համեմատությամբ։ Շուշին որպես բերդաքաղաք առանձնապես մեծ ծառայություն է մատուցել Ղարաբաղի առաջին խաներին՝ Փանահ֊խանին, Իբրահիմ Խալիլ խանին, Խամսայի՝ Լեռնային Ղարաբաղի հայ մելիքների դեմ մղված պայքարում։
Բերդաքաղաք Շուշին պետք է ունենար միջնադարյան քաղաքի եւ այլ տիպիկ հատակագծեր։ Խաների տիրապետության ժամանակ Շուշին ավելի շուտ պիտի նմանվեր գյուղի, որն ուներ որոշ տարածությամբ ցանքսեր, այգիներ եւ արոտավայրեր։ Ճիշտ է, այդպիսի գյուղատնտեսական հողահանդակները Շուշի քաղաքում չէին կարող մեծ տարածություն գրավել, որովհետեւ քաղաքի տարածքը, որը տեղադրված էր ծովի մակերեւույթից 1300—1500 բարձրության վրա եւ խիստ սահմանափակ տարածություն էր գրավում լեռնային պլատոյի գագաթին, գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար շատ քիչ հարմարություններ ուներ, այնուամենայնիվ՝ այն ժամանակ, բերդաքաղաքի գոյության առաջին շրջանում, երբ նրա մշտական բնակչությունը դեռ սահմանափակ էր եւ ազատ ու չբնակեցված տարածությունները համեմատաբար շատ, քաղաքի բնակչության մի մասի գյուղատնտեսությամբ զբաղվելը կասկածից դուրս պետք է համարենք, բայց, անտարակույս սահմանափակ չափերով։
Սակայն Շուշու բնակչության հիմնական զբաղմունքը արհեստն էր, իսկ հետագայում նաեւ առեւտուրը։ Նախ եւ առաջ, Շուշին որպես բերդաքաղաք պահանջում էր մեծ քանակությամբ կառուցող բանվորական ուժեր՝ քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ եւ այլ արհեստավորներ, որոնք աշխատում էին բերդի շրջապատը, բուրգերը, պալատները, բնակելի տները, բաղնիքները, եկեղեցիները, մեչիդները եւ այլ շենքեր կառուցելու համար։ Միրզա Ջամալ Ջիվանշիրը իր «Ղարաբաղի պատմություն» գրքի վերջում հատուկ գլուխների մեջ, որ կոչվում են «Հանգուցյալ Փանահ֊խանի եւ Իբրահիմ խանի կառուցած հուշարձանների եւ շենքերի մասին», թվում է այն հուշարձանները, որոնք կառուցվել են այդ խաների ժամանակ<ref><i>Мирза Джамал Дживаншир Карабахский, Карабах-наме (История Карабаха). Изд. инст. Истории АН Азерб. ССР, Баку, 1959, стр. 101—102․</i></ref>, ընդ որում նա Փանահ֊խանին վերագրում է «Բայաթ ամրոցի կառուցումը իր շուկայով, պարիսպներով եւ շենքերով, որ շինված է թրծած աղյուսից եւ Շահբուլաղ ամրոցի կառուցումը աղբյուրի մոտ շինված մեչիդով, բաղնիքով, քաղաքի շենքերով եւ շուկայով, որոնք շինված են քարով ու կրով»։
Միրզա Ջամալ Ջիվանշիրը վերը նշած գրքում հաղորդում է, որ Փանահ֊խանը կառուցել է նաեւ «նախկին Շուշու բերդի պատերը եւ այն շենքերը, որ այժմ օգտագործվում է որպես հացահատիկների պահեստ», «զորքերի համար», իսկ «Իբրահիմ խանը 1182 մուսուլմանական թվականին (մեր թվարկության 1768—69 թթ․) կառուցել է Շուշու մեչիդը, եւ երբ վերջինս հնացել է, Իբրահիմ խանի դուստր Գյովար խանումը այն վերականգնել է, եւ առաջվանից ավելի գեղեցիկ է դարձել»։ Այնուհետեւ Միրզա Ջամալը հաղորդում է, որ Իբրահիմ խանը կառուցել է Շուշի բերդաքաղաքի պատերը (1783—1784 թթ․), իսկ Շուշի քաղաքից դուրս էլ մի շարք պարիսպներ (Ասկերանում, խանի ղաշում՝ Խանաբադում, Աղդամում, Խազնա կոչված վայրում եւ այլն)։ Բացի Միրզա֊Ջամալ Ջիվանշիրի վկայությունից, մենք այժմ էլ Շուշում գտնում ենք այդ բերդաքաղաքի կիսավերված փլատակների մնացորդները, որոնք մի ժամանակ շրջապատում էին քաղաքը, նաեւ Շուշին պաշտպանող բուրգերն ու դարբասները։ Քաղաքի շրջապատի պարիսպների բարձրությունը հասնում էր 6—8 մետրի։ Պահպանվել են նաեւ Իբրահիմ խանի եւ նրա դուստր Կարա Բոյուք խանումի ամրոցների մնացորդները, նաեւ մի շարք այլ հուշարձաններ, որոնք վերաբերում են Ղարաբաղի առաջին խաների ժամանակներին։
Կանգ չառնելով XVIII դարի երկրորդ կեսում Շուշի քաղաքի կառուցողական արվեստի գնահատության խնդրի վրա, անցնենք մեր անմիջական հարցին՝ բնակչության պրոֆեսիոնալ կազմին եւ զբաղմունքին։
Չունենալով անմիջական ստույգ տվյալներ Շուշու բնակչության պրոֆեսիոնալ կազմի քանակի մասին Ղարաբաղի խանության օրերին, մենք, այնուամենայնիվ, մի քանի հանրածանոթ փաստերի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ քաղաքի բնակչությունը պետք է կազմված լիներ հետեւյալ հիմնական խմբերից․
1․ Առաջին խմբի մեջ մտնում են խանն ու նրա մերձավորները, խանական վարչության ծառայողները, զինվորականները, բեկերն ու աղալարները, նոքյարները եւ այլն։ Այս խումբը չէր կարող կազմել Շուշի քաղաքի մշտական բնակչության զգալի մասը, թեեւ երբեմն նա կարող էր աճել զգալի քանակությամբ (պատերազմական գործողությունների, արշավանքների օրերին եւ ալյն)։
2․ Պաշտամունքի սպասավորները (մահմեդական, քրիստոնյա) կազմում էին անաշխատ բնակչության երկրորդ խումբը, որ նույնպես ինքնըստինքյան բազմամարդ լինել չէին կարող։
3․ Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում Շուշու բնակչության մեծ մասը կազմում էին արհեստավորները, որոնց վրա ծանրանում էին հիմնական աշխատանքները։ Նրանք պետք է կառուցեին բերդի պարիսպներն ու բուրգերը, պալատներն ու սովորական շենքերը, թե տիրող դասակարգի եւ արտոնյալների եւ թե հասարակ զինվորականների ու բերդում բնակվողների համար, նրանք պետք է ճանապարհներ շինեին զորքի փոխադրության համար, պետք է զենք մատակարարեին, ծառայեին գյուղական բնակչության կարիքներին։ Նոր քաղաք կառուցելը, նրա համար նորանոր կապեր հաստատելը, խանության մոտավոր ու հեռավոր շրջանների հետ Ղարաբաղի խանության նոր կենտրոնի առաջ դնում էին նորանոր խնդիրներ։ Այս բոլորը պետք է կատարվեր արհեստավորների ձեռքերով։ Քաղաքում բնակություն հաստատած արհեստավորությունը Շուշում գտավ աշխատանքի մեծ պահանջ եւ անհրաժեշտ շինանյութեր՝ բերդերը կառուցելու, պարիսպներով շրջապատելու եւ հոյակապ պատեր բարձրացնելու, շնորհիվ այն կրաքարի, որից կազմված էր Շուշու սարահարթը, որը հիմք էր ծառայում կիր ստանալու համար, իսկ անհրաժեշտ փայտանյութերը կարելի էր ստանալ շրջակա անտառներից։
Շուշու հիմնադրման սկզբնական շրջանում բնակչության արհեստավորական մասսան գլխավորապես պետք է զբաղված լիներ կառուցողական աշխատանքներով, այսինքն պետք է կազմված լիներ քարտաշներից, որմնադիրներից, ատաղձագործներից, փականագործներից, դարբիններից եւ այլն, իսկ ժամանակի ընթացքում, երբ ավելանում էր քաղաքի բնակչությունը եւ բազմանում նրա պահանջները, արհեստները պետք է բազմազան դառնային եւ առաջնային նորանոր մասնագիտացումներ, օրինակ, կաշեգործներ, գլխարկագործներ, դերձակներ, պղնձագործներ, կլայեկչիներ, թամբագործներ, ոսկերիչներ եւ այլն։ Պատկերացնել թե ինչպիսի արհեստներով է զբաղվել Շուշու բնակչությունը այդ ժամանակաշրջանում, մեզ օժանդակում է XIX դարի հիսնական թվականների մեր ձեռքի տակ գտնվող արհեստավորների պրոֆեսիոնալ կազմի ցուցակը եւ արհեստներով զբաղվողների քանակը։ Ցուցակի մեջ դժվար է մատնանշել մի արհեստ, որը գոյություն չունենար XVIII դարի երկրորդ կեսում<ref>«Кавказский календарь на 1852 г.» Կոնտորովիչի հոդվածը Շուշիի մասին, էջ 430—435․</ref>։
Սակայն դրանցից բացի, անշուշտ, մենք ուղղակի տվյալներ ունենք, որ վերաբերում են XVIII դարի երկրորդ կեսին եւ վկայում են Շուշու արհեստավորների կազմի մասին։
Րաֆֆու «Խամսայի մելիքությունները»<ref>Րաֆֆի, Երկեր, հ․ 10, Հայպետհրատ, Երեւան, էջ 240, 248, 252։</ref> աշխատության մեջ մենք հանդիպում ենք մի պատմություն՝ ոսկերիչ Մելքումի մասին, որը առասպելական պայքար է մղում Ղարաբաղի խաների տիրապետության դեմ եւ որի մասին ասված է, որ նա շուշեցի էր (էջ 252)։ Մեզ համար այդ փաստը նշանակալից է այն տեսակետից, որ Իբրահիմ խանի ժամանակ Շուշում եղել են ոսկերիչներ։
Ղարաբաղի խաները դրամահատման իրավունք ունեին եւ իրենք հատում էին արծաթե եւ պղնձե դրամներ (ոսկե դրամների հատման իրավունքը վերապահվում էր միայն շահին)<ref>Ղարաբաղի խաները ահագին կարողության տեր էին եւ մեծ եկամուտ էին ստանում իրենց ունեցվածքից։ Միրզա Ջամալ Ջիվանշիրը «Ղարաբաղի պատության» մեջ Իբրահիմ խանի եկամուտների մասին գրում է հետեւյալը․ «Հիշում եմ, մի անգամ հաշիվ տեսնելուց պարզվեց, որ խանը այնքան անասուն ու գութաններ ունի, որքան Ղարաբաղի ամբողջ բնակչությունը միասին վերցրած եւ նույնիսկ երկու զույգով ավելի, քան նա» (էջ 103)։ Իբրահիմ խանի մոտ «կային 3—4 հազար գլուխ մատակ ձի եւ համապատասխան քանակությամբ զտարյուն արտադրողներ, իսկ ոչխարների, կովերի եւ էգ գոմեշների քանակը այնքան մեծ էր, որ հաշվի չէր ենթարկվում» (էջ 104)։</ref>։
Թե ինչպիսի ներքին կազմակերպություն է ունեցել Շուշու արհեստավորությունը Ղարաբաղի խաների տիրապետության ժամանակ, դժվար է հաստատ ասել, բայց պետք է ենթադրել, որ արհեստավորների այն համքարական կազմակերպությունը, որ եղել է Շուշում ցարական կառավարության ժամանակ, մոտավորապես նույն պատկերն է ունեցել, ինչ որ եղել է Ղարաբաղի խանության օրերին։
Ինչպես պարզ երեւում է հայկական աղբյուրներից, որոնք հաղորդում են Շուշում բնակություն հաստատած հայերի կազմի եւ զբաղմունքների մասին, դրանք գլխավորապես արհեստներով եւ վաճառականությամբ զբաղվողներ էին, ղազանչիներ, այսինքն կաթսաներ պատրաստող պղնճագործներ, որ եկել էին Շահկերտ գյուղից եւ, ինչպես Լեոն է ասում, «նշանավոր էին իրենց ընդունակություններով»<ref><i>Լեո</i>, Պատմություն հայոց, հ․ 3, էջ 762։</ref>, կային ագուլիսեցիներ, այսինքն Ագուլիսից գաղթածներ, այն վայրից, որը «Հին Ջուղայից (Ջուլֆայից) հետո ամենախոշոր առեւտրական համայնքն է ներկայացնում»<ref><i>Լեո</i>, «Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր թեմական դպրոցի», Թիֆլիբ, 1914, գլ․ 3 («Շոշվա ղալա»)։</ref> եւ մեղրեցիներ, որոնք նույնպես հայտնի էին իրենց արհեստներով եւ վաճառականությամբ
Եւ ահա տեղափոխված հայերը զբաղվում էին արհեստներով եւ առեւտրով, եւ թեեւ առեւտուրը Շուշու Ղարաբաղի խանության օրերին չէր կարող հասնել մեծ չափերի, բայց եւ այնպես նա սկսում է աստիճանաբար ծավալվել, իսկ ռուսական տիրապետության ժամանակ նա այնպիսի չափերի է հասնում, որ ապահովում է առեւտրականների գերակշռությունը մնացած հասարակական խավերի նկատմամբ, եւ Շուշին արդարացի կերպով ստանում է առեւտրական կենտրոնի հռչակ<ref>«1826 թվականի ռուս֊պարսկական պատերազմից առաջ Շուշին ստացել էր վաճականական քաղաքի հոչակ» գրում է Լեոն իր նույն աշխատության մեջ («Պատմություոն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի», գլուխ 3֊րդ, «Շուշջե ղալա»)։</ref>։
Այն, որ մենք ասացինք Ղարաբաղի խանության ժամանակ Շուշում հաստատված առաջին հայ բնակչության մասին, նույնը մասամբ արդարացի է նաեւ Շուշու մահմեդական բնակչության նկատմամբ։ Անշուշտ, արհեստներն ու առեւտուրը XVIII դար երկրորդ կեսին պետք է սկսեին զարգանալ նաեւ քաղաքի մահմեդական բնակչության մեջ, թեեւ XVIII դարի վերջերին նրանք մահմեդականների մոտ չէին հասել այնպիսի չափերի, ինչպես հայերի։
<references />