Changes
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Ինֆանտեւը |հեղինակ = [[Անդրեյ Բիտով]] |թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան |աղբյուր = «Ապ...
{{Վերնագիր
|վերնագիր = Ինֆանտեւը
|հեղինակ = [[Անդրեյ Բիտով]]
|թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան
|աղբյուր = «Ապրելու մտադրություն» գրքից, Ռուս֊Հայկական(Սլավոնական) համալսարանի հրատարակչություն, 2004
}}
:Ռեզո Գաբրիաձեին
:Թե երբվանի՞ց էր Ինֆանտեւն աշխատանքի անցել այդ գիտահետազոտական ինստիտուտում, ոչ ոք չգիտեր, թեկուզ այն պատճառով, որ այդ կարգի տեղեկություններ տրամադրելը հենց նրա մենաշնորհն էր։ Թվում էր, թե նա միշտ այստեղ է աշխատել։ Մի տեսակ տարօրինակ էր, սակայն նրան ընհանրապես ոչ ոք չէր նկատում ու չէր հիշում բոլոր այս երկարուձիգ տարիներին։ Ասում էին, թե նա գիտի՛ իր գործը։
:Ինֆանտեւին նկատեցին մեկեն, երբ նա բաժնի վարիչ դարձավ։
:Հենց այդ ժամանակ էլ սկսեցին կարծիք կազմել Ինֆանտեւի՝ կնոջ հետ ունեցած հարաբերությունների մասին։ Չէ՞ որ կինը ծառայում էր նույն ԳՀԻ֊ում, ճիշտ է, վաղուց՝ պատերազմից անմիջապես հետո եւ ոչ երկար։ Բայց հին սերունդը շեշտակիորեն թոշակի էր անցնում եւ արդեն վատ էլ հիշում էր։ Հիշում էին, որ Ինֆանտեւից ջահել էր, բարալիկ, լավիկն էր, սեւուկ եւ էլի մի մանրուք՝ որ կլոր ականջօղեր էր կրում՝ գնչուհու պես։ Հիշում էին, որ նա ուրախ էր, աշխույժ, թեեւ կարծես մի առանձին բան չուներ, որի համար նրան կարելի լիներ պարսավել։ Որեւէ ավելի էական բան թերեւս չկար էլ․ չէին նկատել։ Մանավանդ որ այն ժամանակից ի վեր նրան ոչ ոք չէր տեսել, ու թե ինչպիսին էր դարձել այժմ՝ ոչ ոք չգիտեր։ :Ի դեպ, գնալով հո չե՞նք ջահելանում․․․
:Մի խոսքով, ցավում էին, որ ժամանակին ուշադիր չէին գտնվել։ Որովհետեւ, աշխատակիցների տեսակետի համաձայն, Ինֆանտեւի հարաբերությունները կնոջ հետ լավ չէին։ Այս մասին կարելի էր դատել թեկուզեւ ըստ նրա, թե ինչպես էր հեռախոսում կնոջ հետ։ Նախեւառաջ՝ նրա հետ «դուք»֊ով էր խոսում եւ անվանում էր Նատալյա Վլադիմիրովնա։ Երկրորդ՝ նրա պատասխանները կցկտուր էին ու կոպիտ․ «Է՞լ ին կա։ Ոչ, ոչ, ոչ։ Զբաղված եմ։ Այո։ Այո»։ Երրորդ՝ վատ էին։
:Կուզենային ավելին իմանալ, սակայն Ինֆանտեւը բնույթով բավական մռայլ ու մենակ մարդ էր եւ որեւէ մեկի հետ չէր անկեղծանում։ Ժամանակին ի՞նչ էր անցել նրանց միջեւ, որ հանգեցրել էր ահա այսպիսի հետեւանքների՝ մնում էր գուշակել միայն։
:Բայց օրերից մի օր այդ գուշակությունները եւս միանգամայն անկարեւոր դարձան։
:Մի անգամ Ինֆանտեւի օվկիանոսային սեղանին հնչեց հեռախոսազանգը, եւ Ինֆանտեւը ծանրումեծ վերցնելով լսափողը, հանկարծ բացարձակապես փոխվեց ու ասաց․ «Հա, Նատա․․․ Ինչպե՞ս ես քեզ զգում․․․ Հիմա կգամ․․․», ― ու տեղնուտեղը հավաքվեց, եւ, ոչ մեկի ոչինչ չասելով, աճապարեց դուրս։ Նրա սենյակում նստած այցելուները սաստիկ անհանգստացան։ Լուրն ակնթարթորեն տարածվեց ԳՀԻ֊ում։ Եվ այն ժամանակ բոլորն անխտիր, մտաբերեցին, որ Ինֆանտեւը վերջերս փոխված էր։ Արդեն մի ամիս կլինի, չէ՝ երկու, չէ՝ մեկուկես, լավ հիշում եմ, երբ մենք խմբով թատրոն էինք գնում․․․ Այսինքն պարզապես զարմացել էին, թե ինչպես միանգամից գլխի չէին ընկել։ Չէ՞ որ վերջին ամսվա ընթացքում նա այնքան հաճախ էր տեղից պոկվում ու անհետանում աշխատանքային օրվա կեսին։ Մյուսներն ասում էին, թե Ինֆանտեւը միշտ էլ ծածկամիտ է եղել, եւ տարօիրնակ բան չկա։ Երրորդներն էլ՝ թե խղճում են նրան՝ այդպիսի վիշտ․․․ Թեպետ ի՞նչ վիշտ՝ դեռեւս չգիտեին էլ։
:Այսպիսին էր պատկերը կողքից։
:Իսկ դժբախտությունն այն էր, որ Ինֆանտեւի կինը կրծքի քաղցկեղ ուներ։ Դա հայտնի դարձավ դեռեւս կես տարի առաջ։ :Ինֆանտեւը հասկանում էր, որ դա ոչ միայն ցավոտ ու վտանգավոր, այլեւ կանանց համար մեկ ուրիշ, առավել ծանր մի բան է։ :Նա խղճում էր կնոջը, եւ երբ վերջինս վիրահատությունից հետո տուն վերադարձավ, ջանաց այնպես անել, որ նա, որքան հնարավոր է, շուտ մոռանա կրածը։ Նա յուրովի էր հասկանում դա․ ջանում էր կնոջը թույլ չտալ որ սա թթվի ու սեւեռվի հիվանդության վրա, եւ այդ պատճառով իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ չէր պատահել։
:Կինն առաջվա պես պետք է տնտեսությամբ զբաղվեր։ Եվ եթե նա տեսնում էր, որ կինը նստած է անջատված, թեւաթափ, նայում ու չի տեսնում, ապա տեղնուտեղը որեւէ բան էր բստրում նրան զբաղեցնելու կամ շեղելու համար։ «Կոճակս կարեք», ― ասում էր նա օրինակ։ Բայց, իհարկե, այս պարագայում էական դեր էր խաղում նաեւ բազմամյա կարգուկանոնը պահպանելու ցանկությունը։ Ի դեպ, ամեն իինչ չէ, որ նախկինի պես նույնությամբ հաջողվում էր։
:Օրինակ՝ Ինֆանտեւը կնոջից թաքցրել էր, որ աղջիկը հեռացել է բուհ֊ից։ Նա գիտեր, թե որքան կարեւոր է դա կնոջ համար։ :Առաջ նա երբեք որեւէ բան չէր թաքցնի միայն այն նկատառումով, թե դա կարող է ցավ պատճառել կնոջը, թե անհրաժեշտ է խնայել նրան, բայց այժմ թաքցրեց։ Եվ ոչ միայն իր ջահելության, այլեւ հենց այդ պատճառով աղջիկը չէր հասկանում ընտանեկան վիշտը։ Բայց Ինֆանտեւին հատկապես շվարեցնում էր այն, որ ամեն ինչ միանգամից եղավ՝ թե՛ կինը, թե՛ աղջիկը։
:Իսկ հետո կինն այնքան վատ էր, որ սույն՝ «ամեն ինչ՝ առաջվա պես եւ թույլ չտալ, որ անձկության մեջ ընկնի» մեթոդը դադարեց գործել, եւ կինը դարձյալ հիվանդանոց ընկավ։
:Այնտեղ այլեւս ոչինչ չձեռնարկեցին։ Եվ շուտով Ինֆանտեւն աղջկա հետ գնաց Նատալյա Վլադիմիրովնային տուն բերելու։ :Նատալյա Վլադիմիրովնան ոչ մի կերպ չհամաձայնվեց մենքենա նստել․ դրա հոտից նա շնչահեղձ էր լինում։ Կարճ ասած՝ թոքերի վարատում։ Եվ նրանք ոտքով եկան։ Ճանապարհը եկար էր եւ նրանք՝ աղջիկն ու ինքը, կնոջ թեւատակերից բռնած բերեցին մինչեւ տուն։ Պարզկա օր էր, սառնամանիք, եւ պարզ, մոխրագույն երկնքից թափվում էին նոսր, հատուկենտ փաթիլներով թեթեւ ձյունը։
:Հետո․․․ Նատաշա, Նատա, դու․․ նա արդեն վեր չէր կենում անկողնուց։ Աղջիկն ամեն առավոտ ինչ֊որ տեղ էր գնում․ ինստիտուտ՝ մայրիկի համար։ Իսկ Ինֆանտեւը, Ինֆանտեւը․․․ նա՝ ցածրահասակ, նիհար, սղալած, մոխրագույն, գրեթե ճերմակած մազերով ու պայծառ դատարկ աչքերով․ Նատաշա, Նատ․․․ դու․․․, ― լսում էին, թե ինչպես է նա խոսում հեռախոսով ու պոկվում տեղից՝ հիմա՛, հիմա՛։ Իհարկե, արդեն ոչ մի կերպ չէր կարելի, չէր հաջողվելու այնպես անել, որ կինը չզգա, որ հիվանդ է, չքմեղանալ՝ իբր ամեն ինչ առաջվանն է։ Նատաշա՛, Նա՛տ, դո՛ւ․․․
:Նրան թաղեցին քաղաքի ամենալավ գերեզմանատանը։ Այն վաղուց արդեն ասես թանգարան լինի, եւ թաղումներ այնտեղ բացառիկ դեպքերում են կատարվում։ Ինֆանտեւի կապերը բավեցին գործը գլուխ բերել։ Այս գերեզմանատունը լճի վերեւում է՝ սոճու ծառերի մեջ կորած բլրաշատ բարձր ափին։ Ու արանքում՝ շիրիմներ, շիրիմներ․․․ Իսկ բլրի գագաթին՝ հին տաճարն է։ Սա հիանալի գերեզմանոց է․ բնավ էլ ճնշող տպավորություն չի թողնում, նույնիսկ ինչ֊որ կենդանի, թե՞ պայծառ, տրտում, գուցե անգամ ուրախ ազդեցություն է թողնում այցելուի վրա։ Եվ որ կարեւոր է՝ գերեզմանները թեպետ շատ մոտ են, սակայն չեն փակում տեսադաշտը, չեն խցանում, այլ իջնում են զառիթափն ի վար։ Եվ ամբողջ տեսարանը՝ դարատափը, սոճիները, լիճը եւ դրան հանդիպակաց անտառոտ հեռավոր ափն ու աջ կողմի անկարգելային կայմը նույնիսկ ավելի շուտ են աչքի զարնում, քան տապանաքարերը։ Իսկ եթե երկինքը մաքուր է, եւ արեւ է, եւ սոճիները աղմկում են, եւ ջրում արտացոլվում են ամպի քուլաները՝ ուրեմն՝ մահ չկա էստեղ։ Եվ արեւը մայր է մտնում այն հեռավոր ափից անդին, եւ նրա արդեն հորիզոնական շողերը լուսավորում են դարատափը, բոլոր տապանաքարերը, ողջ գերեզմանատունը մինչեւ վերջալույս։
:Այս տեղը մի տեսակ լուսավոր է ու լայնարձակ․․․
:Երբ նրան թաղում էին, որոշակի մի եղանակ էր՝ չէր հիշում ինչ տեսակ։ Նա հիշում էր, որ եղանակն առանձնահատուկ էր, սակայն խնդո՞ւն էր, թե՞ տխուր՝ չէր հիշում։
:Առհասարակ այդ օրը նրա հիշողության մեջ նմանվում էր կետագծի կամ կրակահերթի․ նրանում երեք գծիկ, երեք պատկեր, երեք գնդակ կար, մնացյալը չէր հիշում, կորսված ժապավենի երեք կադր․․․ Բայց նույնիսկ այդ երեքը չէին տեղավորվում նրա գիտակցության մեջ, ծվատում էին, եւ ասես իր՝ Ինֆանտեւի մասին էլ չէին, այլ մեկ ուրիշ, թվում է՝ իրեն շատ նման մեկի, սակայն, այնուամենայնիվ, ո՛չ իր մասին։ Այդ պատկերներն Ինֆանտեւին որոշակի տարակուսանքի էին մատնում։ Դրանք ուղեղում ծագում էին անկախ իր կամքից, հանկարծակի, երեքն էլ միշտ միասին եւ միեւնույն հաջորդականությամբ․․․
:Ասելը հեշտ է․․․ Նա իրեն կորսված էր զգում․․․ «Տատիկն ո՞ւր է։ Տատիկն ո՞ւր է»՝ խոսեցին հանկարծ։ Ինֆանտեւին թվաց, թե բոլորն իր կողմն են շրջվել, նայում, հարցնոմ են հենց իրեն։ «Լավ, ես հիմա․․․», ― ասաց նա եւ ետ վազեց տապանաքարերի միջով ձգվող նեղլիկ արահետով։ Արահետը, որոց հենց նոր առաջ էր շարժվում իրենց թափորը, այժմ դատարկ էր։
:Ինֆանտեւը վազում էր վառ դեղին ավազով պատած այս շավղով եւ, յուրայիններից հեռանալուն զուգընթաց, նրան համակում էր տարօրինակ ու անասելի մի հուզմունք։ Նա՝ ասես մեծերի պատվերով վազող տղեկ, սլանում էր՝ շնչակտուր լինելով պատասխանատվությունից ու վստահությունից (մոռացված մի զգացում), եւ միաժամանակ, հարկա՜վ, փախչում օտարոտի, իր հետ կապ չունեցող մի բան էր կատարվում, անհասկանալի էր՝ ինչու է ինքը մասնակցում, պարտավո՞ր է մասնակցել երկար արկղը տանող թափորի այս տարօրինակ գնացքին․ արկղ, որի մեջ․․․ չէ, իհարկե չէ, հայտնի չէ՝ ինչ է։
:Ինֆանտեւը վազում էր։
:Մեկ էլ հանկարծ ասես գայթեղ ու քարացավ անկայուն հավասարակշռության դիրքում՝ առաջ հակված, ինչպես որ վազում էր, այդպես ցած չընկնելով։ Թափորը նրա վրա էր գալիս։ Ինֆանտեւը փութով ընկրկեց՝ կանգնելով առվակի մեջ՝ հերվա խաշամի վրա, որսաց ինչ֊որ մեկի դատապարտող, կշտամբալից հայացքն ու աչքերը գետնին հառեց։ Ինքն ուրեմն, ոչ մի տեղ էլ չէր փախել, այլ շրջան էր արել ու նորից եկել նույն իր թափորի մեջ։ Հայացքն զգուշորեն բարձրացնելով՝ նա իր դիմաց տեսավ քահանային․ սա քայլում էր բոլորի առջեւից՝ ունայնության եւ, միեւնույն ժամանակ ծուլության արտահայտությունը լայն դեմքին, թեթեւակի թափահարելով բուրվառը, քայլում էր մի տեսակ ընկճված, շատ ավելի դանդաղ, քան կուզենար, ասես վախենալով, առաջ ընկնել կափարիչից, որ բերում էին իր ետքից եւ դագաղից, որ տանում էին կափարիչի ետեւից։
:Այստեղ Ինֆանտեւը կարողացավ ինքն իրեն մրմնջալ «դագաղ» բառը, որովհետեւ թեթեւացած հասկացավ, որ սա մեկ ուրիշ թափոր է՝ ո՛չ իրենցը, որ ուղեղը պարզապես մթանգնել է․ հիմարություն էր անգամ այդպես մտածելը։ Իհարկե, սա իրենց թափորը, իրենցը չէ՛ր, իրենցը չէր կարող քահանա ունենալ․․․ Այդ պահին ինչ֊ինչ ծվեններ միացան ուղեղում, նա մեկեն հասկացավ ամեն ինչ ու տեղում անհամբեր ոտընդփոխ տալովէ դնդնաց, եւ հենց որ թափորն անցավ, նրա առջեւ բացվեց լուսավոր, մեջտեղում հողաթումբ ունեցող այս հարթակը, որ եզրափակվում էր հենց այն եկեղեցիով, որի կապույտ գմբեթը տեսանելի էր ամեն կողմից։ Եվ եկեղեցու դռները բաց էին։ Ինֆանտեւը վազքով կտրեց֊անցավ այդ տարածությունը եւ երկու ոստյունով հաղթահարեց աստիճանները։ Նրա արձակ վերարկուի փեշերը դեուդեն էին ծածանվում։ Վերեւ վազելով՝ նա թափով կանգ առավ՝ լույսից հետո ոչինչ չնշմարելով եկեղեցու մութ խորքում։ Վերարկուի փեշերը վար իջան, եւ, ասես ծալելով թեւերը, նա կամացուկ ներս սահեց։ Թերեւս կյանքում ոչ մի անգամ չէր եղել եկեղեցում, ինքն իր մասին ասաց․ «Չեմ եղել ներսում»։ :Բնազդորեն բարձրացրեց գլուխն ու վեր նայեց․ վերից ներս էր հորֆում փոշոտ լույսը․ ուրիշ բան չտարբերեց։ Սթափվելով՝ կախեց գլուխն ու ձեռքերը հանեց վերարկուի գրպաններից։
:Հանելով, սակայն, նա արդեն չէր իմանում՝ ուր խցկի դրանք։ Նշմարեց մուկ կերպարանքներ, ուրավագծեր․ սրանք խմբվել էին մի կենտրոնի շուրջ, եւ այդ դարձյալ դագաղ էր։ Լույսի նեղ սյունը երկու կես էր անում ողջ այդ ստվերոտ ծավալը։ «Թրի պես․․․», ― ասաց իրեն Ինֆանտեւը։ Նա առաջվա պես չգիտեր՝ ուր խցկի ձեռքերը՝ մեկ փորին, մեկ մեջքին դնելով, մեկ էլ ծածուկ սրբելով դրանք թաշկինակով։ Մարդիկ խռնվել, նույնիսկ ասես քուլան֊քուլա կիտվել էին այդ նեղ ճառագայթի մեջ, քուլա֊քուլա վեր էին բարձրանում, ինպես փոշոտ լույսը։ «Նրանց վիշտն ընդհանուր է․․․», արգելակվելով մտածես ԻՆֆանտեւը։
:Զարմանքով նկատեց, որ բոլոր մարդիկ իրենց ավելի ազատ են զգում, քան ինքը։ «Նրանք, ախր, հավատում են, իսկ ես՝ չէ․․․», ― զարմանքով ինքն իրեն ասաց Ինֆանտեւը՝ ուշադրություն դարձնելով սարսուռի եւ լռության բացակայության վրա, որ սպասում էր տեսնել այստեղ։ Հակառակը՝ այստեղ գվվոց ու ցրվածություն էր տիրում։ Նույն վշտով համակված այս մարդիկ, ինչպես թվաց իրեն, չափազանց ազատ էին պահում իրենց։ Միայն մեկը՝ դեմքը ծածկած մի տիկին, չափից շատ էր կսկծում, գրեթե կաղկանձում էր։ Մեկն էլ բարձր խնչում էր, երկու հոգի աշխույժ զրուցում էին, ծանրամարմին մի պառավ ծունկի էր իջել եւ երկար հարմարվում էր տեղում՝ խշխշացնելով ու շուռումուռ գալով։ Ինչ֊որ անհեթեթություն հանկարծ պարզ դարձավ Ինֆանտեւին․ նա, ի դեպ, վերջին օրերին այդ ամենի ականատեսն էր, բայց նոր միայն հասկացավ։ Դա, թերեւս, անհեթեթություն էլ չէր, այլ խորտակումը սխալ մի պատկերացման, որը չգիտես ինչու, ապրում էր իՆֆանտեւի մեջ՝ թե վիշտը մարդիկ կրում են հույժ միասնաբար, միատեսակ, միաձույլ, որ խորունք վիշտը մեկ մի արտահայտություն ունի։
:Եվ ահա, այժմ, դիտելով դագաղի շուրջ սպասող այս խուռներամ բժժանքը (ընդ որում, Ինֆանտեւը պատկերացում իսկ չուներ, թե ինչի՞ էին սպասում), դիտելով այս ցացառ երամը եւ մինչեւ իսկ հրեշավոր թվացող անհամբերությունը, իր՝ անհավատի մեջ նշմարելով նույնիսկ առավել երկյուղածություն ու անձկագին հուզմունք, քան նկատելի էր հավատացյալների դեմքերին, չիմանալով՝ ուր խցկի ձեռքերը, Ինֆանտեւն իսպառ մոռացավ ամեն բան ու զարմացած շուրջն էր նայում, երբ հանկարծ տեսավ տատիկին։ Նա, չտարբերվելով մյուս պառավներից, կանգնած էր հենց դագաղի կողքին՝ սեւավոր, չորուկ գլուխը լռիկ մի կողմ թեքած, թաշկինակի կնձիկը համաչափ կերպով միշտ միեւնույն աչքին մոտեցնելով եւ շուրթերը դանդաղ շարժելով։ Ինֆանտեւն արագ մի քայլ արեց, վերարկուի փեշերը դարձյալ ծածանվեցին, ասես թեւերն էր թափահարում։
:Նա շրջանցում էր այս մուգ, իր համար հանկարծ կանգ առած կերպարանքները՝ մոտենալով տատիկին։ «Այ քեզ բա՜ն, ― կրկնում էր նա ինքնիրեն համր տարակուսանքով, ― ուրիշի դագաղի մոտ ենք․․․ Տե՜ր Աստված․․․», ― ասում էր նա, իսկ պառավը, միեւնույն է, չէր շարժվում տեղից։ «Դե գնանք․․․ ― ասում էր նա՝ կյանքում առաջին անգամ զոքանչին մամ, այլ ոչ թե մայրիկ, հենց մամ կոչելով։ ― Մեզ սպասում են»։ Տատիկը, վերջապես ճանաչելով նրան, շլմորելով թեւքի մեջ էր թաքցնում թաշկինակի եւ կողքանց, հայացքը կախ հեռանում էր դագաղից, երբ հանկարծ ասես ընդհանուր մի հառաչանք պոկվեց բոլորի շուրթերից, ու ամենքը սսկվեցին․ առաջ եկավ փարաջայով մեկը։ «Տերտերը․․․ քահանան․․․», ― Ինֆանտեւը չգիեր՝ ինչպես կոչի նրան։ Բարեհունչ ցածր ձայնը լույսի նեղ սյան միջով կերկերաց ներքեւից վեր։ Եվ այստեղ գտնվող մարդիկ հանկարծ ապշեցրին Ինֆանտեւին։ Չքացավ խառնակ իրարանցումն ու մեկեն ծնվեց հենց այն ընդհանուրությունը, որ այնքան միամտորեն, ուր որ է սպասում էր տեսնել Ինֆանտեւը ընդհանուր վշտով համակված մարդկանց մեջ։ Նրանց հանկարծ քարացան՝ միաշար, նպատակաձիգ ու միասնական։ Բայց դրանում արդեն վիշտ չկար, եւ դա է՛լ ավելի ապշեցրեց Ինֆանտեւին։
:Ապա հետեւում էր երկրորդ պատկերը։ Նա կանգնած էր եզրին․ առաջինն ինքը պետք է մի բուռ հող լցներ։ Բոլորն սաես ընկրկեցին, չքացան, չկային։ Նա կանգնած էր եզրին, եւ առջեւում ոչինչ չկար։ Միայն շուրջբոլորը հանկարծ ողողվեց համաչափ լույսով, արեւ ծագեց։ Իսկ Ինֆանտեւը տակավին անշարժ կանգնած էր եզրին եւ ասես երաժշտություն էր լսում։ Այն նրա վրա իջավ լույսի հետ միասին՝ ծորուն ու հանդարտ, միալար, ասես անվերջ կրկնվելով։ Վերից հանկարծ թեթեւ ձյուն մաղեց, մարդիկ ետ քաշվեցին ու կարծես դեսուդեն թռան։ Միայն արեւի հետ տեղացող այս ձյունն էր, եւ ծորուն մեղեդու ձայնը, եւ նրանից, ինչպես պայթյունի կենտրոնից մի տեսակ անսահմանորեն խույս տալը, մնացած բոլոր մարդկանց նրանից հեռանալը, փախուստը դեպի հեռավոր, ավելի ու ավելի հեռասլաց, խելահեղ ու համասփյուռ անսահմանություն՝ ասես փչել են խատուտիկի վրա, ու այն ցրիվ է եկել չորս դի։ Եվ ահա նա դեռեւս գամված է եզրին՝ առջեւում անէություն, կաթնագույն ամայություն եւ հայտնի չէ ուրկից թափվող արեւախառն ձյուն, թիկունքին՝ շրջվող դեմքերի տարօրինակ փախուստն անէություն․․․ ու հանկարծ խոնավ հնչյունով հողակոշտն ընկավ կափարիչի վրա։ Լույս, լույս, լույս․․․
:Հետո արդեն երրորդը․․․ Երբ Ինֆանտեւն ինչ֊որ մեկի դրդումով ու քաջալերանքով պետք է ետ դառնար, ամենայն հավանականությամբ՝ տուն․․․ Նատալյա Վլադիմիրովնան արդեն չկար։ Ինֆանտեւը կանգնել էր բլրի ստորոտին՝ գրեթե ջրի ափին։ :Դեղին ավազի շերտը եւ լիճը։ Ոչ մի շիրիմ առջեւում եւ լոկ նրա մուգ հողաթումբը։ Եվ ահա, երբ նա շրջվեց զառիթափով ետ դառնալու (նրան շրջեցին)՝ հանկարծ տեսավ հարեւան գերեզմանն ու զարմացավ։ Պաղեց ու բութ զննեց այն։
:Սա շրջափակված էր տանիքապատ ցանցով ոչ այն է տնակի, ոչ այն է ծածկապատշգամբի պես։ Տնակում գեղեցիկ տապանաքար կար, վերեւում՝ հուշարձան։ Հուշարձանի մեջ զետեղված էր հաճելի ու խելացի դեմքով երիտասարդ բեղավոր տղամարդու մի դիմանկար։ Սակայն, դատելով տապանաքարից, նա մահացել էր 52 տարեկան հասակում, այնպես որ այդքան լավ տեսք չպետք է ունենար։ Դա, ըստ երեւույթին, ավելի վաղ արված լուսանկար էր։ Տապանաքարի կողքին կոկիկ նստարան կար, ամեն բան կատարելապես կոկիկ տեսք ուներ։ Իսկ տապանաքարի վրա, եւ դա ամենազարմանալին էր, կենդանի ճնճղուկը կոնֆետ էր կտցում։
:Թաղումից հետո Ինֆանտեւը երկար ժամանակ ուժ չուներ այցելելու կնոջ գերեզմանին։ Միայն գարնանը, երն արդեն ձյունը հալվել, եւ զարմանալի մի օր էր, նա գնաց։ Հուշաքարի մասին տեղեկանալու։
:Մինչ գնում էր, իսկ գնում էր երկար՝ տրամվայով եւ արդեն դուրս էր եկել քաղաքի շրջագծից եւ շուտով իջնելու էր, դեղին ամպեր կուտակվեցին եւ մթնեղ։ Ինֆանտեւը դա նկատեց մեկեն․ արեւ էր՝ մթնեց։ Նա զարմացավ, որ առաջ չէր նկատել դա եւ միայն զարմանալով հասկացավ, որ ողջ երկարուձիգ ճանապարհի ընթացքում ասես խորասուզված է եղել ինչ֊որ տեղ։ :Այսինքն՝ այժմ նա չէր կարողանում հիշել ոչ այն, թե ինչպես է եկել, ոչ՝ ինչ է տեսել, ոչ էլ՝ ովքեր էին բարձրանում կանգառներում։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ ոչ մի այնպիսի բան, ինչի մասին կարելի լիներ այդպես մտահոգվել ու խորասուզվել (ինչի՞ մեջ, որտե՞ղ) նա չէր մտածել։ Այս, իսկապես, ընդհանուրի կողմից ընդունված իմաստով չէր մտածում։ :Բայց չէ՞ որ ամբողջովին կլանված էր։ Եվ այդժամ հիշեց՝ ինչով։ Եվ տեղնուտեղն էլ կարկամեց, անգամ շառագունեց եւ աջուձախ շուռ եկավ՝ ասես կարող էին թիկունքից ինչ֊որ բան նկատել։ Բայց ուղեւորները ոչինչ չէին կասկածում։ Եղած֊չեղածը երեք հոգի էին։ Եվ վագոնավարը ննջում էր։ Ի վերջո հիմարություն էր չորսբոլորը զննելը։ Նա հանկարծ հասկացավ, որ իր ճակատին ոչինչ էլ գրված չէ։
:Եվ եթե չլիներ այս հանկարծական մթագնումը, միտք արեց Ինֆանտեւը, ես ոչ մի նման բան էլ չէի նկատի, այլ պարզապես կիջնեի եւ կմոռանայի ամենը, ինչ տեղի էր ունենում ուղեղից մեջ այս ճանապարհի ընթացքում։ Ա՜յ քեզ բան․․․ Անհեթեթ է։
:․․․Ի՜նչ երկար էր ճանապարհը․․․ եւ Նատան, ― հանկարծ նա բարձրանում է տրամվայ, իսկ լուսամուտից այն կողմ՝ տրամվայի զույգ պատերից դենը, երկինքն է (տրամվայը սողում է բլուրն ի վեր) եւ սոճիներ են․ սրանք խշշում են, իսկ նա ներս է մտնում՝ բարալիկ, անլսելի։ Ներս է մտնում ու․․․ հանկարծ մի տեսակ սարսուռ զգաց, սարսափեց։ Չէ, նա կենդանի է։ Բայց հատկապես այն պատճառով, որ արեւ է, եւ երկինքն է, եւ սոճիներն են, եւ տրամվայը սողում է սարն ի վեր, նա՝ Ինֆանտեւը, ճչում է, բայց, տարօրինակ բան, լուռ է։ Իսկ Նատան մատը շուրթերին մոտեցրել ու նրան է նայում եւ դեպի նա գալիս։ :Այնպես անլսելի։ Սակայն ուղեւորներից եւ ոչ մեկը ուշադրություն չի դարձնում նրա վար․ մեկը դուրս է նայում լուսամուտից, սա էլ՝ ննջում է։ Իսկ Նատան մոտ է գալիս ու ասում․ «Դեհ, ինչպե՞ս ես»։ Իսկ ինքն ուզում է ասել, որ վատ է, ամեն ինչ վատ է, լավ չէ․․․ «Ոչինչ, ― ասում է նա, ― առանց քեզ տխուր է, կարոտում ենք»։ «Դա լավ է, ասում է Նատան, լավ է»։ Բայց Ինֆանտեւը տարօրինակ կերպով զգում է, որ ամեն ինչ նորմալ է, բնական եւ, միեւնույն ժամանակ, անկարելի է, որ այսպես լինի, անհնար է, որ «այնտեղ» գոյություն ունենա։ Եվ որքան պարզ ու անհրաժեշտ է՝ «այնտեղ»․․․ «Դեհ, ո՞նց է էնտեղ», ― հարցնում է նա չգիտես ինչու երկչոտ ու շշուկով։ «Ի՞նչ կա էնտեղ», ― հարցնում է նա անսովոր հետաքրքրասիրությամբ՝ ահով, երկյուղածությամբ, մի առանձին պատկառանքով դիմելով այն մարդուն, ով հաստատապես գիտի այդ, եւ հիմա Ինֆանտեւն ինքն էլ ի վերջո կիմանա ճշմարտությունը։ «Ի՞նչ կա էնտեղ», ― հարցնում է Ինֆանտեւը։ «Ահա», ― ասում է Նատան եւ մատնացույց անում լուսամուտը։ Ինֆանտեւը դուրս է նայում․ այնտեղ կապույտ֊կապույտ երկինք է (տրամվայը սողում է սարն ի վեր)։ «Հա», ― հառաչում է Ինֆանտեւը։ Շրջվում է՝ Նատան չկա։
:Դե ինչ, եթե հիմա մթնշաղ է, եւ այդ պատճառով էլ ինքը նկատեց֊զգաց այս ամենը, ուրեմն նախկինում էլ է եղել․․․ Ահա նստած է նա տանը եւ միտք է անում․ այն, որ Նատան մահացավ, այնքան անհեթեթ է, որ չի էլ կարող լինել։ Առավել եւս՝ թաղումը, գերեզմանատունը․ այդ ամենը հեռացել է (որովհետեւ անբնական է, որ տեւեր֊մնար), հեռացել է, եւ այդ պատճառով պարզապես չգիտես ինչու այսքան երկար ժամանակ չկա Նատան։ Նստած է Ինֆանտեւը սեղանի մոտ եւ չի շրջվում, քանի որ հանկարծ առկայծում է ուղեղում, թե ինչու, ասենք, ներս չմտնի Նատան, հեշտ ու հասարակ՝ ներս մտնի ու նստի կողքին․ ինքը չի էլ զարմանա։ Եվ հանկարծ՝ զանգ։ Ինֆանտեւը գույնը գցեց, մոտեցավ դռանը, բացեց՝ մարդ չկա։ Երազում էլ է եղել, այն էլ՝ ոչ մեկ անգամ։ Ոչ այնքան հաճախ, բայց ոչ մեկ անգամ։
:Նատան տուն է մտնում, եւ նրան տեսնում է միայն ինքը։ Աղջիկը չի տեսնում, հարեւաններն էլ չեն տեսնում։ Ու իրենք զրուզում են տան մասին, եւ մի անսովոր հանգստություն ու իմաստություն է համակում իրեն։ Նատան անցուդարձ է անում սենյակներով, խոսում է, բայց միայն Ինֆանտեւն է տեսնում դա, ոչ մնացյալները։ Եվ Նատան ու ինքը պայման են կնքել․ նա խնդրել է՝ ինքը կգա, բայց Ինֆանտեւն այդ մասին չպետք է ասի ոչ մեկի, ոչ մեկի․․․
:Ինչ անհեթեթություն․ գալիս՝ արեւ էր, տեղ հասավ՝ ամպ ու զամպ։ Գերեզմանոցը մթնեց, եւ այստեղ ահա նա հասկացավ, թե որքան զարմանալի գերեզմանոց է սա․ այն, միեւնույն է, մեռյալ չէ։ Պարզապես մթնշաղ է, եւ սոճիներն են աղմում։ Նա իջավ թեք ափին, հողաթմբերի արանքով ձգվող նեղլիկ արահետի վրա եւ ահա՝ լճափին է։ Մի տեսակ շատ հանդարտ ու մթամած էր լիճը։ :Որքան էլ հարթ, այն, անգամ անհասականալի է, թե ինչու ճողփյունով զարնվում էր առափնյա հարթ ծանծաղուտին։ Ինֆանտեւը զարմացավ, թե որքան հանգիստ է ինքը նայում գերեզմանին։ Իհարկե, ինքը հիմա արգելակված է, եւ աչքերը շարունակ սառում են մի կետի վրա։ Գուցե այդպես է նաեւ այն պատճառով, որ չի գիտակցում, որ Նատան այս քարի տակ է։ Չէ՞ որ դա՝ այդ գիտակցումն եւս անբնական է։ Իրականում սա պարզապես տեղն է, պարզապես հիշողությունն է, պարզապես պատկանելությունը, եւ միայն այդ պատճառով կարելի է գալ գերեզմանոց։ Ինֆանտեւը նկատեց, որ հարեւան տնակ֊գերեզմանի մոտ, արն այնպես երեւացող է, կանգնած է ինչ֊որ մեկը՝ մի կին։
:Այդպես Ինֆանտեւը կանգնել էր ավելի շուտ լճի, քան գերեզմանի մոտ՝ անշարժ, հոգին խաղաղ, թեթեւ, միտքը՝ թափուր, երբ հանկարծ որոտը թնդաց հենց լճի ու ջրի վրա, եւ առաջին կլորիկ ու հատուկենտ կաթիլները գորշ գնդիկներով շրմփացին ավազի վրա։ Բոլորովին մեքենայաբար Ինֆանտեւը նայեց երկնքին։ Շարժումը պարզ ու անհեթեթ էր, որովհետեւ ուրիշ էլ ուրկի՞ց, եթե ոչ երկնքից։ Մինչ վերեւ էր նայում, կաթիլների կտկտոցը հաճախացավ, եւ նա լսեց, թե ինչպես իրեն ձայն տվին։ Նա ցնցվեց ու նայեց հարեւան գերեզմանին։ Կինքը կանգնած էր դեմքով դեպի նա, ձեռքով կանչում էր ու ասում․ «Եկեք, էստեղ եկեք։ Ախր կթրջվեք»։ Եվ հենց որ նա մտավ այդ ցանցապատ տնակը, անձրեւը հեղեղի պես վրա տվեց։ Ինֆանտեւը շնորհակալություն հայտնեց ու շուրջը նայեց։ Ցանցապատերից մեկին հեծանիվ էր հենված, եւ անձրեւի խոշոր կաթիլները զարկում էին դրա թափքին։ Ինֆանտեւն ապշեց․ լայն, ցածր տապանաքարին շրջանով կոնֆետներ էին շարված։ «Արջը հյուսիսում»։
:Ինֆանտեւը խեթ նայեց կնոջը։ Սրա տեսքը, սակայն, լիովին նորմալ էր․ նա շատ հանգիստ, անգամ երանավետ դեմք ուներ եւ հասակակից էր Ինֆանտեւին։ Ինֆանտեւը նայեց ու փախցրեց հայացքը։ «Այսօր մեզ համար տոն է», ― ասաց կինը։ Ինֆանտեւը կարկամեց։ Բոլորվին մթնել էր, երկինքը որոտում էր, եւ կայծակի շեղբերը, թվում է, ծեծում ― շանթում էին լճի սեւ կուրծքը։ Ողջ այս ցանցկեն տնակը բոլորված էր անձրեւով, եւ շիթերը, ցանցից ներս թռչելով, չոր էին թողնում միայն կենտրոնի փոքրիկ հարթակը։ Այն ամենը, ինչ կատարվում էր դրսում, ահարկում էր ու զվարճալի։ Վրադիր էլ սա՝ կոնֆետներով այս տարօրինակ կինը։ Թե՞ ցնդած է․․․
:«Ի՞նչ տոն», ― հարցրեց նա համենայնդեպս։ «Միշայի ծննդյան օրն է», ― ասաց կինը, մատնացույց արեց բեղավոր մարդու դիմանկարը եւ, նայելով Ինֆանտեւին, արագ֊արագ վրա տվեց, ասես վազում էր․ «Նա բեւեռախույզ էր, տեսեք՝ «Արջը հյուսիսում», ես նրա տապանաքարին մեծ արջ էի կանգնեցրել, միայն թե գողացան, այ՝ հրես հետքերը․ ես էլ պարսպապատեցի, որ կողպվի, արջն էնպես սիրուն էր, սպիտակ․․․»։
:Երկինքը պատռվեց հենց լճի վերեւում։ Նրանում ձագարանման անցք գոյացավ, եւ այնտեղից դուրս պրծավ արեւը։ Բայց ամպերն առաջվա պես պատել էին երկինքը, եւ անձրեւը մտրակում էր, ու ծանր խշշում էին սոճիները։ Շուրջն անսպասելիորեն կերպարանափոխվեց; Անձրեւը փայլկտում ու քրքրում էր ավազը, իսկ արեւը՝ հենց լուսարձակ, լուսավորում էր թաց սոճիները, եւ տապանաքարերը պսպղում էին, ու ալեծածան ցոլցոլում էր լիճը։ Որոտը թնդում էր այլեւս ինչ֊որ հեռվում։ Ինֆանտեւը նույնիսկ ասաց․
:― Հոյակապ է։
:― Հա՛,― ասաց կինը, ― ես ու Միշան շատ ենք սիրում էս տեղը։
:«Հատկապես՝ Միշան․․․», ― մտածեց Ինֆանտեւն ու մեկ էլ սաստիկ կարմրեց։
:― Ա՛խ, ես ձեզ չբացատրեցի, ― առաջվա չխոսեց՝ վազ տվեց կինը։ ― Միշան պատմում էր, էն ժամանակ դեռ նոր էինք ծանոթացել, թե թանձր մառախուղի մեջ քիթ քթի սպիտակ արջի է հանդիպել․ սողացել է, սողացել, հանկարծ զգացել՝ էս ինչ թաց ու տաքուկ բան է։ Դու մի ասա՝ արջի քիթն է եղել, իսկ արջը ոչ մի վնաս չի տվել ու հեռացել է։ Ահա ես էլ արջ էի կանգնացրել տապանաքատին՝ դիմանկարի դիմաց։
:― Հա, ― ասաց Ինֆանտեւը,― ահա թե ինչ․․․
:― Հյուրասիրվեք, ― ասաց կինը, ― վերցրեք, կոնֆետ վերցրեք։
:― Չէ, ինչ եք ասում․․․ ― ասաց Ինֆանտեւը։
:Նրանք նստել էին տապանաքարի կողքի նստարանին։ Ինֆանտեւը ծամում էր կոնֆետը։ Երկնքի ճեղքը մեծացավ, եւ ահա երկնքի կեսն արդեն ջինջ էր, եւ ամեն ինչ փայլում էր լվացված։ Եվ Ինֆանտեւը բոլորովին կորցրեց գլուխը։ Որովհետեւ առաջ անձրեւ էր, եւ այն ժամանակ հասկանալի էր, թե ինչու է ինքն այս վանդակում գտնվում եւ ականջ դնում այս կնոջը, իսկ հիմա անձրեւ չկար, եւ՝ հասկանալի չէր։ Եվ շատ բան անհասկանալի էր կնոջ պատմածի մեջ։ Ամեն ինչից դատելով, նա գրեթե ամեն օր այստեղ է գալիս, ահա ուրեմն հեծանիվն էլ հատկապես դրա համար է գնել։
:Մոտոռոլեր էր ուզում, վախեցավ՝ գողանան, էն էլ՝ գերեզմանատանը։ Տես է՜, ուրեմն հասկանում է, որ ինչքան չլինի, գերեզմանատուն է։ Այսպիսի հուշարձան է կանգնացրել, կոնֆետներ է բերում, բայց ասաց, որ իրենք տարիներով բաժան են ապրել։ Ինֆանտեւը մի տեսակ չընկալեց, թե նա դա ինչպես ասաց։ Թերեւս արշավախմբերում են եղել։ Չէ, նա էդպես չասաց։ :Կինը դեռ վազ էր տալիս մանրիկ, միաձույլ բառերի վրայով, իսկ Ինֆանտեւն անհարմարությունից կորցրել էր գլուխը։ Էստեղ մի աբողջ կյանք, պատմություն, իսկ ի՞նքն ինչ գործ ունի․․․
:Եվ արդյոք սրա խելքը տե՞ղն է․․․ ու անձրեւը կտրվեց։ Նա ծամում էր կոնֆետները եւ դրանից իրեն դարձյալ անհարմար էր զգում։ Բայց չծամել եւ միայն լսել՝ հո՞ ավելի վատ էր․․․ Կոնֆետները․․․ ի՜նչ համեղ էին։ Ու մեկ էլ մտածեց՝ քանի տարի չի կերել։ Նա չկարողացավ հիշել, թե վերջին անգամ երբ է կերել։ Միայն մանկության կոնֆետներն էր հիշում։ Իսկ նա կուտեր՝ թեկուզ ամեն օր․․․ Եվ այս կինը․․․ Թեպետեւ անհարմար էր զգում եւ չէր հաջողում հետեւլ նրա խոսքին, իր համար, չգիտես ինչու, խիստ կարեւոր էր լսել այս կցկտուր ու շփոթ խոսքը, եւ այն, ինչ նա ասում էր՝ շատ կարեւոր էր, անգամ՝ սրտամոտ։ :Հետեւողականության առումով նրա խոսքում ամեն ինչ անհասկանալի էր։
:Բայց, միեւնույն ժամանակ, ի վերջո ամենագլխավորը, ասածի բուն էությունը հասավ Ինֆանտեւին։ Եվ նա մտածեց, որ գուցե ողջ կյանքւոմ շատ բան է լսել, որ հնարավոր էր, կարելի էր հասկանալ ու չի հասկացել։ Որովհետեւ համարում էր, որ հասկանալը մտքի պարզ հետեւողականությունը, մեկը մյուսից բխելն է։ Եվ հենց այս վազկան, անհետեւողական պատմությունն էր պետք հիմա իրեն, քանի որ մերժելով հետեւողականւոթյունը՝ արտահայտում էր բուն էությունը։ Ինֆանտեւը նույնսիկ շուռումուռ եկավ նստարանին․ չափազանց բարդ ու անարտահայտելի էր այն, ինչ նա այդ րոպեին մտածում ու հասկանում էր։ Իսկ գուցե հենց հիմա չպետք է ձգտի ձեւակերպել՝ ինչ է դա, եւ այնժամ ավելի ճիշտ կլինի․․․
:Կինը նայեց Նատալյա Վլադիմիրովնայի գերեզմանի կողմը․․․
:― Ձեր կինը Ձե՞ր ազգանունն էր կրում, ― հարցրեց նա մտածկոտ։
:― Իմ․․․ ― վարանելով հաստատ Ինֆանտեւը։
:― Ուրեմն Ձեր հայրը քահանա՞ էր, ― ուրախացավ կինը։
:― Ինչո՞ւ, ― տարակուսեց Ինֆանտեւը։
:― Հապա ինչպես․․․ ― կրկին փութով վրա տվեց կինն իր շորորուն խոսքով։ ― Դատեցեք ինքներդ․․․ Դուք ռուս եք․․ ռո՞ւս եք, չէ՞։
:― Ռո՛ւս եմ, ― փքվեց Ինֆանտեւը։
:― Իսկ ազգանվան արմատը, ― վազ էր տալիս կինը՝ չլսելով նրան, ― ավելի քան ֆրանսիական է․․․ անգամ իսպանական։ Ինֆանտ՝ արքայորդի, ժառանգորդ։ Իսկ դու հաստատ ծագումով իսպանացի չեք․․․
:― Դա որ հաստատ է, ― ուրախացավ Ինֆանտեւը գոնե որոշակի հասկանալի մի բանի վրա։ Ես էստեղ եմ ծնվել։
:― Իսկ Ձեր հա՞յրը։
:― Վոլգայի ափին․․․ ― ասաց Ինֆանտեւը։ ― Աստրախանի մոտակայքում․․․ Սպասես, ― ուրախացավ նա, ― նա, ախր, իրոք էլ կարծեմ մի կարճ ժամանակ սովորել է ճեմարանում․․․ Բայց հետո, հետո, ― սթափվեց Ինֆանտեւը, ― բնավ էլ այդպես չէ։ Նա փականագործ է, ― զայրացավ Ինֆանտեւը։
:― Ահա տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, ― ցնծում էր կինը։ ― Ուրեմն Ձեր պապը քահան է եղել։
:― Չի եղել, ― վերջնականապես պոռթկաց Ինֆանտեւը։ Որտեղի՞ց իմացաք։
:― Հապա ինչպե՜ս, հապա ինչպե՜ս։ Շատ հերաքիքր է․․․ ― բացականչում էր կինը։ ― Ռուսիայում հենց գավառական քահանաներն էին էդ տեսակ տարօրինակ ազգանուններ հնարում։ Երբ հիմնական եկեղեցական ազգանունները՝ Պրեոբրոժենսկի, Վոսկրեսենսկի, Բոգոյավլենսկի, խլխլեցին պրծան, սկսեցին ավելի խրթինները բստրել՝ մենակ թե գեղեցիկ, բարեհունչ լինեին․ ես, օրինակ ընկերություն եմ անում Ֆենոմենով ազգանանունով մի քահանայի հետ․․․ ահա Դուք էլ Ինֆանտեւ եք։
:― Հըմ, հա, ― ոչինչ չասաց Ինֆանտեւը։ Հետո, այնուամենայնիվ, գտավ։ ― Ինչպես կրկեսում։
:― Ճիշտ որ, ճիշտ որ։ Դերասանների ազգանունները՝ նույնպես, ― ուրախացավ կինը։ ― Ինչպես նուրբ դիտողություն։ :Կրկեսում հաճախ իտալականներ են, բայց կան նաեւ Ալմազովներ, Իզումրուդովներ․․․ Շատ։ Ես երբեք այդպես չեմ մտածել։ Հետաքրքիր է։ Մոնախով՝ այդպիսի արտիստական ազգանուն կա, բայց չէ՞ որ քահանաներից է սերում։ Հավանորեն հայրը նույնպես հոգեւորական է եղեկ, որդին՝ դերասան։ Պատկերացնո՞ւմ եք՝ դրամա, հակամարտություն։
:― Հա, բայց իմ պապը տարտեր չի եղել։ ― Ինֆանտեւը նմանվեց չհրկիզվող պահարանի։
:― Եղել է։ Հավատացնում եմ Ձեզ։ Հենց Վոլգայի ափին՝ մի խուլ տեղ գյուղական քահան եղած կլինի։ Եվ Ձեր ապուպապը, Ձեր ապուպապի պապն էլ․․․ Ահա Ձեր հորն էլ ճեմարանում են տեղավորել, թեպետեւ չի ավարտել, ինչպես ասում եք։ Այլապես էդպիսի ազգանուն բնավ չէր կարող ունենալ։ Թե՞ դուք պնդում եք, որ սերում եք ըմբիշներից։
:― Այսինքն՝ ինչպե՞ս։ Դե այո։ Ի դեպ, ի՞նչ նկատի ունեք, ― խճճվեց Ինֆանտեւը։
:― Կրկեսը, ― ծիծաղեց կինը։
:Ինֆանտեւը բերանը կոնֆետ դրեց, ավելի ճիշտ՝ խցկեց։
:Իսկ կինը շարւոնակում էր վազ տալ մանրիկ ու հոծ բառերի շարանով՝ պատմվելով, թե ինչպես էր սուրացել Միությունով մեկ՝ իմանալով ամուսնու մահվան բոթը, թե ինչպես մոտը փող չէր եղել, վրադիր՝ բնակարանն էին կողոպտել, եւ ինչպես փողերը լրիվ ծախսվել էին հուշաքարի վրա, որ զավակ ունի՝ դպրոցական, եւ ինչ դժվար, դժվա՜ր է, եւ ինքան երջանի՜կ, երջանի՛կ է եւ վերջում՝ այնքան անհասկանալի ու միաժամանակ ամենահասկանալի մի բան, բայց դա արդեն անհնար էր որսալ֊մտապահել, կարելի էր միայն գզալ, եւ գուցե իր զգացածի մասին հիշողությունն էր․․․
:― Այո,― հառաչեց Ինֆանտեւը։ ― Ահա թե ինչպես․․․
:― Իսկ տղաս արդեն մեծ է․․․ ― ասաց նա։
:Ինֆանտեւը հանկարծ հասկացավ, թե որքան շատ տարիներ են անցել այն ժամանակից ի վեր, որքա՜ն վաղուց է եղել այն, ինչի մասին խոսում էր կինը, եւ որքա՜ն այսօրեական, զարմանալիորեն հենց հիմա տեղի ունեցող մի բան էր կնոջ պատմածը։
:Կինն ասես հասկացավ՝ ինչի մասին մտածեց Ինֆանտեւը։
:― Ինձ թվում է՝ ես առնչվում եմ նրա հետ, ― ասաց կինը։ ― Ոչ էլ թե՝ թվում է, հաստատ առնչվում եմ։
:― Հա, ― ասաց Ինֆանտեւը, ու, միեւնեւյն է, չհասկանալով նրան նայեց։
:― Ես գիտեմ, Ձեր վիշտն ավելի մեծ է։ Ձերը դեռ նոր է․․․
:― Հա, ― պարզապես ասաց Ինֆանտեւը։ ― Էնքան դատարկ․․․
:― Իսկ ես, եթե վատ եմ լինում, միշտ գալիս եւ խոսում եմ նրա հետ։ Նա կլռի, ու ես կթեթեւանամ։
:― Դուք երեւի հավատում եք Աստծուն, ― շշուկով հարցրեց Ինֆանտեւը եւ զգուշորեն նայեց երկնագույն գմբեթին։
:Կինը նկատեց նրա հայացքը եւ անհասկանալի ժպտաց։
:― Չէ, ― ասաց նա։ ― Ես այնտեղ երբեք չեմ եղել։ ― Եվ նույնպես նայեց գմբեթին։
:― Ես եղել եմ։ ― Ինֆանտեւը հառաչեց։ ― Պատահաբար․․․ Տարօրինակ կերպով․․․ Ինչ արած, ― քրթմնջաց նա արդեն բոլորովին անիմաստ։ ― Դուք, ուրեմն նրա հետ խոսո՞ւմ եք։
:― Դուք մի զարմացեք, ― ասաց կինը։ ― Ես ախր կրթված մարդ եմ։ Ուրիշ էլ ի՞նչ դա, եթե ոչ առնչություն։
:― Դե․․․ այո, ― ասաց Ինֆանտեւը, ― ես պարզապես այդպես դեռ չեմ մտածել։
:― Մանավանդ, որ նա այնտեղ չէ, ― ասաց կինը եւ մատնացույց արեց տապանաքարը։
:― Ինչպե՞ս․․․
:― Չէ՞ որ Ձեր կինն էլ այնտեղ չէ։ Չէ՞ որ սա հուշարձան է, հիշողություն․․․ Եվ տեղը գեղեցիկ է։
:― Նա էլ այնտեղ չէ, ― համաձայնեց Ինֆանտեւը։
:― Նրանք ողջ են, իհարկե, ― ասաց կինը։ ― Այլապես մենք ինչպե՞ս կխոսեինք նրանց հետ։
:― Ես ինչ֊որ գլխի չեմ ընկել այդպես մտածել, ― ապշած ծոր տվեց Ինֆանտեւը։
:― Նա նույնիսկ այցի է գալիս ինձ․․․
:― Ձե՞զ էլ, ― բացականչեց Ինֆանտեւը։
:Նա տուն էր դառնում՝ տրամվայը սողում էր սարն ի վեր։ Երկինքը գունատվել ու մթնել էր, զառիթափին՝ սոճիներ, եւ սոճիների արանքից առկայծում էր կարմիր արեւը։
:«Այո, ես այդպես չեմ մտածել, ― կրկնում էր Ինֆանտեւը։ ― Ես էլ մտածում էի՝ ի՞նչ բան է դա։ Իսկ դա, պարզվում է, ահա՛ թե ինչ է»։
[[Կատեգորիա:Արձակ]]