Changes

Դատավարություն

Ավելացվել է 23 156 բայտ, 08:37, 13 Ապրիլի 2014
/* Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը */
― Ցավոք, շատ բան չեմ կարող հայտնել,― ասաց ֆաբրիկատերը։― Սակայն նման հարցերում մարդ ամենաաննշան բանն անգամ չպետք է աչքաթող անի։ Դրանից բացի, ինչքան էլ իմ օգնությունը համեստ լինի, ուզում եմ Ձեզ ինչ֊որ կերպ օգնած լինել։ Մենք, ախր, առօրյա լավ ենք համագործակցել իրար հետ, այնպես չէ՞։― Կ֊ն ուզեց ներողություն խնդրել այսօրվա ընդունելության ժամանակ ցույց տված վերաբերմունքի համար, բայց ֆաբրիկատերը թույլ չտվեց ընդհատել և, ցանկանալով հասկացնել, որ շտապում է, պայուսակը ավելի բարձր խցկեց թևի տակ ու շարունակեց։― Ձեր գործի մասին ես ոմն ՏԻտորելլիից եմ իմացել։ Նա նկարիչ է։ Տիտորելլին նրա ծածկանունն է, իսկական անունը չեմ կարող ասել։ Արդեն քանի տարի է, երբեմն֊երբեմն գալիս է իմ գրասենյակը և հետը նկարներ է բերում։ Փոքր նկարներ են, որոնց համար (նա մուրացկանի հավասար մարդ է) ողորմության պես բան եմ տալիս նրան։ Դրանք, ի դեպ, արտակարգ նկարներ են․ մարգագետիններ և նման բաներ։ Մեր առևտուրը հարթ ընթանում էր իր համար, երկուսս էլ ընտելացել էինք։ Մի անգամ, սակայն, նրա այցելությունները չափազանց հաճախակի դարձան, ես նախատեցի նրան, խոսքի բռնվեցինք, հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է կարողանում միայն նկարներով գոյությունը պահպանել, և, ի զարմանս ինձ, իմացա, որ նրա եկամուտների հիմնական աղբյուրը դիմանկարչությունն է։ Նա ասաց, որ դատարանի համար է աշխատում։ Ի՞նչ դատարան, հարցրեցի ես։ Եվ նա պատմեց։ Դուք երևի ավելիլավ կարողանաք պատկերացնել, թե ինչքան էի զարմացած այդ պատմությունից։ Դրանից հետո նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ որևէ նորություն իմանում եմ դատարանի մասին և դրանով իսկ որոշակի պատկերացում կազմում։ Տիտորելլին, համենայնդեպս, զավզակ բնավորություն ունի, և հաճախ է հարկ լինում պաշտպանվել նրանից ոչ միայն, որովհետև նա, իհարկե, նախ ստում է, այլ ամենից առաջ այն պատճառով, որ ինձ նման գործարար մարդը, որ ուժասպառ է լինում գործարքների պատճառած հոգսերից, այնքան էլ շատ չի կարող ուրիշ բաներով հետաքրքրվել։ Դա իմիջիայլով։ Այժմ ես մտածեցի, որ Տիտորելլին գուցե կարողանա փոքր֊ինչ օգտակար լինել Ձեզ։ Նա շատ դատավորների է ճանաչում և եթե նույնիսկ մեծ ազդեցություն էլ չունենա, ապա կարող է խորհուրդներ տալ, թե ինչպես գտնեք ուրիշ ազդեցիկ մարդկանց։ Իսկ եթե խորհուրդներն իրենցից էական ոչինչ չներկայացնեն, ապա, իմ կարծիքով, դրանք Ձեր ձեռքի տակ մեծ նշանակություն կունենան։ Դուք ախր համարյա փաստաբան եք։ Ես սովորություն ունեմ ասելու՝ հավատարմատար Կ֊ն փաստաբանի հավասար մարդ է։ Օ, Ձեր դատավարաւոթյունը բնավ չի անհանգստացնում ինձ։ Կգնա՞ք Տիտորելլիի մոտ։ Իմ երաշխավորույթյամբ նա, անկասկած, հնարավոր ամեն ինչ կանի։ Ես կարծում եմ, որ Դուք, իրոք, պետք է գնաք նրա մոտ։ Դա, իհարկե, կարող եք ոչ այսօր անել։Մի օր, հենց այնպես, պատահաբար։ Համենայնդեպս, ուզում եմ ասել, որ իմ խորհուրդը չպետք է պարտավորեցնի Ձեզ։ Ոչ։ Եթե կարծում եք, թե կարող եք առանց Տիտորելլիի յոլա գնալ, ինչ խոսք, ավելի լավ կլինի նրան մի կողմ էողնել։ Երևի Դուք որևէ կոնկրետ ծրագի՞ր ունեք և Տիտորելլին կարող է խանգարե՞լ։ Ոչ, այդ դեպքում բնավ մի դիմեք նրան։ Նման մի մարդու խորհուրդներն հանդուրժելու համար, անշուշտ, ուժերի լարում է պետք։ Այսինքն, ինչպես գիտեք։ Ահա երաշխավորագիրը և հասցեն։
 
Կ֊ն հուսախաբ վերցրեց նամակը և խցկեց գրպանը։ Նույնիսկ լավագույն դեպքում երաշխավորագրի ենթադրվող առավելությունը անհամեմատ ավելի փոքր էր պատճառած վնասներից․ ֆաբրիկատերը տեղյակ էր դատավարությանը, իսկ նկարիչը կտարածեր լուրը։ Նա հազիվ կարողացավ ստիպել իրեն մի քանի բառով շնորհակալություն հայտնել դեպի դուռը գնացող ֆաբրիկատիրոջը։
 
― Կամ կգնամ,― դռան մոտ հրաժեշտ տալով ասաց նա,― կամ որովհետև շատ եմ զբաղված, կգրեմ, թող մի անգամ ինձ մոտ՝ գրասենյակ անցնի։
 
― Գիտեի, որ լավագույն ելքին կդիմեք, բայցևայնպես, կարծում եմ, ավելի լավ կլինի Տիտորելլիի նման մարդկանց դատական գործի մասին խոսելու համար բանկ հրավիրելուց խուսափեք։ Եվ հետո, այդպիսի մարդկանց ձեռքը նամակ տալը ոչ միշտ է ձեռնտու։ Սակայն, Դուք, իհարկե, ամեն ինչ կշռադատել եք և լավ գիտեք, թե ինչպես է պետք վարվել։― Կ֊ն գլխով արեց և ֆաբրիկատիրոջը նախասենյակով էլ ուղեկցեց։ Նա, չնայած արտաքին անվրդով տեսքին, ինքն իրենից շատ էր վախեցած․ որ Տիտորելլիին նամակ կգրի, ինչ խոսք, միայն ֆաբրիկատիրոջ խորհուրդը գնահատած լինելու համար ասաց և ուզեց ցույց տալ, որ անմիջապես կմտածի Տիտորելլիի հետ կապվելու հնաարվորության մասին, բայց եթե նկարչի օժանդակությունը իսկապես պետքական համարեր, ապա երբեք չէր տատանվի գրել նրան։ Դրան հաջորդելիք վտանգները նա միայն ֆաբրիկատիրոջ խոսքերից հետո նկատեց։ Իրո՞ք արդեն սեփական խելքին այդքան քիչ էր կարող վստահել։ Եթե կարող էր նման մի կասկածելի մարդու պարզ֊պարզ շարադրված նամակով բանկ հրավիչել և նրանից խորհուրդներ աղերսել, այն ժամանակ, երբ ընդամենը մի դուռ էր բաժանում իրեն տնօրենի տեղակալից, արդյոք հնարավոր և նույնիսկ շատ հավանականն չէ՞ր, որ անտեսում էր մյուս վտանգները կամ ինքն էր անձամբ իրեն վտանգի ենթարկում։ Զգուշացնելու համար ոչ միշտ էր որևէ մեկը կողքին կանգնած։ Եվ հենց հիմա՞ պետք է սփական զգոնության վերաբերյալ մինչև այժմ անծանոթ կասկածներ երևան գային, երբ ինքը ուզում էր հանդես գալ ուժերն ի մի բերած։ Արդյոք գրասենյակային աշխատանքի ժամանակ զգացած դժվարությունները դատավարությամբ զբաղվելիս է՞լ ի հայտ կգային։ Այժմ նա, համենայնդեպս, չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ ուզեց նամակ գրել Տիտորելլիին և բանկ հրավիրել։
 
Կ֊ն դեռ զարմացած տարուբերում էր գլուխը, երբ ծառան մոտեցավ և նախասենյակում նստած երեք պարոնների վրա հրավիրեց ուշադրությունը․ նրանք արդեն բավական երկար ժամանակ է սպասում էին։ Երբ Կ֊ն ծառայի հետ էր խոսում, նրանք ոտքի կանգնեցին, և ամեն մեկն ուզում էր մյուսներից շուտ օգտագործել Կ֊ին մոտենալու հնարավորությունը։ Քանի ստիպում որ բանկի աշխատանկիցները այցելուներին անուշադրության մատնելով ստիպում էին սպասասրահում ժամանակ կորցնել, նրանք որոշեցին ներողամիտ չլինել։
 
― Պարոն հավատարմատար։― Խոսեց նրանցից մեկը, բայց Կ֊ն ծառային արդեն պատվիրել էր վերարկուն բերել և երբ նրա օգնությամբ հագնում էր, դիմեց բոլոր երեքին․
 
― Ներեցեք, պարոնայք, սակայն այս պահին ձեզ ընդունելու համար ոչ մի րոպե ժամանակ չունեմ։ Ներողություն եմ խնդրում, անհետաձգելի գործեր ունեմ և ստիպված եմ անմիջապես հեռանալ։ Դուք, ախր, ինքներդ տեսաք, թե ինչքան ժամանակ կորցրեցի։ Բարի եղեք գալ վաղը կամ ուրիշ ցանկացած օր։ Գուցե հեռախոսո՞վ խոսենք գործի մասին կամ երևի կարճ հայտնեք բանն ի՞նչ է, և ես գրավոր մանրամասն պատասխան տամ ձեզ։ Համենայնդեպս, լավ կլիներ ուրիշ անգամ գայիք։― Կ֊ի առաջարկները այնպիսի շփոթության մեջ գցեցին երեք պարոններին, որ նրանք, հասկանալով, որ լրիվ իզուր են այդքան սպասել, լուռ նայեցին իրար երեսի։
 
― Դե, ուրեմն համամի՞տ եք ինձ հետ։― Գլխարկը բերելու գնացած ծառայի կողմը շրջված, հարցրեց Կ֊ն։ Առանձնասենյակի բաց դռան միջով երևում էր, թե դրսում ձյան տեղատարափը ինչպես էր ուժեղացել։ Այդ տեսնելով, Կ֊ն բարձրացրեց վերարկուի օձիքը և կոճկեց պարանոցի կոճակները։ Նույն պահին կողքի սենյակից դուրս եկավ տնօրենի տեղակալը, ժպտալով նայեց երարկուն հագին պարոնների հետ բանակցող Կ֊ին և հարցրեց․
 
― Պարոն հավատարմատար, Դուք գնո՞ւմ եք։
 
― Այո,― ուղղվելով ասաց Կ֊ն։― Մի գործի կապակցությամբ։
 
― Իսկ պարոննե՞րը։― Սպասասրահում նստածների կողքը շրջվելով, հարցրեց տնօրենի տեղակալը։― Կարծեմ նրանք բավական երկար են սպասել։
 
― Մենք արդեն համաձայնության ենք եկել։
 
Սակայն պարոններն արդեն չսպասեցին։ Նրանք շրջապատեցին Կ֊ին և հայտարարեցին, որ եթե իրենց գործերը կարևոր չլինեին, հենց այժմ առաձին խոսելու, քննարկելու ենթակա չլինեին, իրենց այդքան երկար չէին սպասի։ Տնօրենի տեղակալը լսեց նրանց, նայեց ձեռքում պահած գլխարկի վրայից փոշին տեղ֊տեղ սրբող Կ֊ին և ասաց․
 
― Պարոնայք, մի պարզ ու հասարակ ելք կա։ Եթե կարողանամ գոհացնել ձեզ, ապա պարոն հավատարմատարի փոխարեն հաճույքով կստանձնեմ ձեզ լսելու պարտականությունը։ Ձեր գործերն, անշուշտ, անմիջապես պետք է քննարկվեն։ Մենք էլ ձեզ նման՝ գործի մարդիկ ենք և գիտեքն ճիշտ գնահատել ժամանակը։ Ներս համեցեք։― Նա բացեց իր գրասենյակի սպասասրահը տանող դուռը։
 
Տնօրենի տեղակալը լավ էր կարողանում ստանձնել այն ամենը, ինչ այժմ Կ֊ն էր թողնում անհրաժեշտությունից դրդված։ Սակայն արդյոք նա անհրաժեշտ եղածից շատ չէ՞ր բաց թսղնում։ Երբ անորոշ և, ինչպես ինքը պետք է խոստովաներ, աննշան հույսերով վազում էր անծաոնթ նկարչի մոտ, բանկում իր հեղինակությանը անբուժելի հարված հասավ։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ կրկին հաներ վերարկուն և ստիպված առաջին այցելուի դուրս գալուն սպասող երկու պարոններին գոնե նորից իր կողմը գրավեր։ Կ֊ն երևի այդպես էլ վարվեր, եթե նույն պահին իր սենյակում չտեսներ գրադարակների մոտ կանգնած ու ինչ֊որ բան փնտրող (կարծես սեփական առանձնասենյակում լիներ) տնօրենի տեղակալին։ Երբ Կ֊ն հուզված տեսքով մտեցավ դռանը, նա շուռ եկավ ու կանչեց․
 
― ԱԽ, Դուք դեռ չե՞ք գնացել։― Նրա դեմքի ձգված մկանները կարծես ոչ թե տարիքի, այլ ուժի ապացույց լինեին։― Պայմանագրի պատճեններն են հարկավոր։ Ֆիրմայի ներկայացուցիչը պնդում է, թե Ձեզ մոտ պետք է լինեն։ Չէի՞ք օգնի ինձ։― Փնտրտուքը վերսկսելով ասաց նա։ Կ֊ն մի քայլ արեց։― Շնորհակալություն, արդեն գտա,― ասաց տնօրենի տեղակալը և, փաստաղթերի հաստ թղթապանակը ձեռքին, վերադարձավ իր սենյակը։ Այնտեղ պայմանագրից բացի հաստատ ուրիշ փաստաթղթեր էլ կային։
 
«Առայժմ չեմ կարող հետը խոսել։― Մտածեց Կ֊ն։― Թող դեռ իմ անձնական գործերի դժվարությունները հաղթահարվեն, նա իսկապես առաջին մարդը կլինի, որ կզգա այդ բանը, և շատ դառը կզգա»։ Այդ մտքից որոշ չափով հանգստացած՝ Կ֊ն միջանցքի դուռը վաղուց բաց պահած ծառային պատվիրեց առիթի դեպքում զեկուցել տնօրենին, որ ինքը գործով տեղ է գնացել և, երկար ժամանակով իր գործով զբաղվելու հնարավորություն ունենալու մտքից կիսով չափ ուրախացավ՝ դուրս եկավ բանկից ու անմիջապես մեկնեց նկարչի մոտ։
 
Նկարինչ ապրում էր դատարանային գրասենյակների արվարձանի հակադիր ծայրամասում։ Տեղանքն այդտեղ ավելի աղքատ էր, տներն՝ ավելի մութ, փողոցները լի էին հալչող ձյան մակերևույթին այսուայնտեղ թափթփված աղբով։ Նրա բնակված շենքի մեծ դարպասի միայն ի թևն էր բաց, մյուս թևի վրա՝ պատի մեջ, անցք էր բացված, և երբ Կ֊ն մոտեցավ, գոլորշի արձակող դեղնավուն, զզվելի հեղուկ հոսեց, որից վախեցած մի քանի առնետներ փախան֊մտան խողովակը։ Աստիճանների ներքևի մասում՝ գետնին, փորնիվար պակած մի փոքր երեխա էր լաց լինում, սակայն դարպասի մյուս կողմի մուտքում գտնվող թիթեղագործի արհեստանոցի՝ ամեն մի ուրիշ ձայն խլացնող աղմուկը թույլ չէր տալիս լսել նրա լացը։ Արեհստանոցի դուռը բաց էր, երեք աշակերտները կիսաշրջան կազմած կանգնել էին պատրաստվող մասի մոտ և խփում էին թակերով։ Պատից կախված սպիտակ թիթեղի մեծ թերթը գունատ լույս էր արձակում, որ թափանցում էր երկու օգնականների արանքից և լուսավորում էր նրանց դեմքերը ու գոգնոցները։ Դրանք միայն Կ֊ի թռուցիկ հայցքին արժանացան։ Նա ուզում էր հնարավորին չափ արագ վերջացնել այստեղի գործը, նկարչից սոսկ մի քանի բան հարցուփորձ անել և անմիջապես վերադառնալ բանկ։ Եթե այստեղ թեկուզ աննշան իսկ հաջողություն ունենար, ապա բանկի այսօրվա աշխատանքի վրա դա լավ ազդեցություն կունենար։ Չորրորդ հարկում նա ստիպված էր քայլերը փոքրացնել, որովհետև շունչը լրիվ կտրվել էր, աստիճանները՝ հարկաբաժինները ևս, անսովոր բարձր էին, իսկ նկարիչը երևի ամենավերևում, ձեղնահարկի սենյակներից մեկում էր ապրում։ Օդն էլ էր հեղձուչից․ ոչ մի սանդղահարթակ չկար, նեղ աստիճանը աջ ու ձախ կողմերից սեղմված էր պատերի մեջ, ուր այսուայնտեղ՝ ամենավերևում, միայն մի քանի նեղ պատուհաններ էին երևում։ Կ֊ն հենց այն ժամանակ կանգ առավ, երբ բնակարաններից մեկից մի քանի փոքրիկ աղջիկներ դուրս վազեցին և ծիծաղելով, շտապեցին աստիճաններն ի վեր։ Կ֊ն դանդաղ հետևեց նրանց, հասավ մեկին, որ սայթաքել էր ու մյուսներից ետ մնացել, և կողք֊կողքի վեր բարձրանալու ժամանակ հարցրեց․
 
― Այստեղ Տիտորելլի ազգանունով նկարիչ բնակվո՞ւմ է։
 
Հազիվ տասներեքամյա, փոքր֊ինչ սապատավոր աղջնակն այդ խոսքի վրա արմունկով հրեց նրան ու կողքանց նայեց․ ո՛չ տարիքը, ո՛չ էլ մարմնական արատը կարող էին խանգարել, որ արդեն լրիվ փչացած լիներ։ Նա չժպտաց նույնիսկ, այլ լուրջ, պահանջկոտ հայացքով նայեց Կ֊ին, ոչ չնկատելու տվեց աղջկա շարժուձևերը և հարցրեց․
 
― Դու նկարիչ Տիտորելլիին ճանաչո՞ւմ ես։
 
― Ի՞նչ եք ուզում նրանից։― Գլխով արեց աղջնակն ու հարցրեց իր հերթին։
 
Նկարչի մասին արագ որոշ բաներ իմանալը ձեռնտու թվաց Կ֊ին։
 
― Ուզում եմ, որ նկարի ինձ։
 
― Նկարի՞։― Աղջնակն արտասովոր լայն բացեց բերանը, ձեռքով թեթևակի հերց Կ֊ին, կարծես վերջինս անակնկալ կամ անհարմար բան էր ասել, երկու ձեռքով բարձրացրեց առանց այն էլ կարճ շրջազգեստը և ուժերի ներածին չափ արագ վազեց մյուսների հետևից, որոնց աղմուկը անորոշ մի տեղ՝ վերևում, լռել էր արդեն։ Սակայն ասիտճանի հաջորդ շրջադարձին Կ֊ն կրկին տեսավ աղջնակներին։ Պարզ երևում էր, որ սապատավորը հայտնել էր Կ֊ի մտադրությունը, և նարնք սպասում էին․ կանգնել էին աստիճանների երկու եզրերին, սեղմվել էին պատին, որ Կ֊ն հնարավորություն ունենար առանց նեղվելու անցնել իրենց արանքով, և ձեռքերով գոգնոցներն էին հարթեցնում։ Նրանց դեմքերը և շարք կանգնելը երեխայության ու արատավորության խառնուրդ էր ներկայացնում։ Կ֊ի թիկունքնում ծիծաղելով իրար խառնված շարքի վրևում այժմ սապատավորն էր կանգնել․ նա առաջնորդում էր։ Կ֊ն նրան պետք է շնորհակալ լիներ, որ անմիջապես ճիշտ ճանապարհը գտավ։ Նա ուզում էր ուղիղ վեր բարձրանալ, մինչդեռ աղջնակը ցույց տվեց, որ եթե ուզում է Տիտորելլիի մոտ գնալ, պետք է աստիճանների ճյուղավորումներից մեկն ընտրի։ Նրա սենյակը տանող աստիճանը անսովոր նեղ էր, շատ երկար ու առանց շրջադարձների, երևում էր իր ողջ երկարությամբ մեկ և անմիջապես դռան մոտ էր վերջանում։ Չսպիտակեցված գերաններից սարքած դուռը, որի վրա լայն վրձնահարվածներով, կարմիր գույնով գրված էր նկարչի անունը՝ «Տիտորելլի», վերևում բացված փոքր ու շեղ օդանցքից թափվող լույսի շնորհիվ ավելի լավ էր լուսավորված, քան աստիճանները։ Խմբի ուղեկցությամբ Կ֊ն հազիվ էր հասել աստիճանների կեսին, երբ նկարչի դուռը փոքր ճեղքի չափով բացեց (հանգիստ կարելի էր կռահել, որ դրա պատճառը բարձրացողների ոտնաձայնն էր) և, հավանաբար, միայն գիշերազգեստ հագած մի տղամարդ երևաց բացվածքի մեջ։
 
― Օ՜հ։― Մոտեցող բազմությանը նկատելով,բ ացականչեց նա ու անհետացավ։ Սապատավոր աղջնակը ուրախությունից ծափ տվեց, իսկ խմբի մնացած անդամները ավելի արագ առաջ մղելու համար սկսեցին թիկունքից սեղմել Կ֊ին։ Նրանք դեռ վերևի չէին հասել, երբ նկարիչը լայն բացեց դուռը և խոր գլուխ տալով Կ֊ին ներս հրավիրեց։ Աղջնակներին՝ հակառակը, ներս չթողեց, և որքան էլ նրանք խնդրեցին, փրոձեցին եթե ոչ թույլտվությամբ, ապա նրա կամքին հակառակ խցկվել, նկարիչը տեղի չտվեց։ Միայն սապատավորին հաջողվեց առաջ պարզած ձեռքերի տակով ներս ճողոպրել, սակայն նկարիչը ընկավ նրա հետևից, շորից բռնած մի պտույտ տվեց ու կանգնեցրեց դռան մոտ, մյուսների կողքին, որոնք, թեև նկարչը լքել էր իր կետը, չէին համարձակվել շեմն անցնել։ Կ֊ն չգիտեր ինչ անուն տալ կատարվածին։ Ի դեպ, նրան թվում էր, թե մտերմիկ փոխըմբռնում կա ամեն ինչում։ Դռան մոտ կանգնած երեխաները մեկը մյուսի հետևից ձգում էին վզերն ու Կ֊ի համար անհասկանալի տարբեր բաներ էին ասում, որ երևի թե կատակներ էին։ Նկարիչը նույնպես․ նա ծիծաղում էր, երբ սապատավորը համարյա ճախրում էր իր ձեռքերի մեջ։ Հետո նա փակեց դուռը, մի անգամ ևս գլուխ տվեց Կ֊ին և, ձեռքը պարզելով, ներկայացավ․
 
― Գեղանկարիչ Տիտորելլի։
 
― Երևում է, այս շենքում շատ են սիրում նրանց։― Կ֊ն ցույց տվեց դռան կողմը, որի հետևում լսվում էին երեխաների շշուկները։
 
― Ա՛խ այդ կապիկները,― ասաց նկարիչը և իզուր փորձեց կոճկել շապիկի օձիքը։ Ընդհանրապես նա ոտաբոբիկ էր, միայն վուշի կտավից կարած լայն, փոքր ինչ դեղնավուն տաբատ էր հագել և ամուր կապել գոտիով, երի երկար ծայրը ազատ այսուայնկողմ էր ճոճվում։― Այդ կապիկները իսկապես բեռ են ինձ համար։― Շապիկը հանգիստ թողնելով (վերևի կոճակը պոկված էր) շարունակեց նա, բազկաթոռ բերեց և Կ֊ին համառորեն խներց նստել։― Մի անգամ նրանցից մեկին նկարեցի (հիմա նա հետները չէ) և այդ օրվանից պրծում չունեմ։ Երբ ես տանն եմ, նրանք միայն իմ թույլտվությամբ են ներս գալիս, իսկ երբ այստեղ չեմ լինում, ապա նրանցից առնվազն մեկն այստեղ է։ Նրանք այս դռան համար մի բանալի են հարմարեցրել և իրար են փոխացնում։ Չենք կարող պատկերացնել, թե ինչքան են զզվացնում։ Օրինակ, ցանկանում եմ մի տիկնոջ նկարել, նրա հետ գալիս եմ տուն, իմ բանալիով բացում եմ դուռը և, ասենք, կուզիկին եմ տեսնում սեղանի մոտ կանգնած, վրձնով շուրթերը կարմիր ներկելիս, իսկ նրա փոքրահասակ քույրերը, որ իր հսկողությանն են հանձնավծ, այսուայնտեղ են մտնում և ապականում սենյակի բոլոր անկյունները։ Կամ, ինչպես երեկ եղավ։ Ուշ երեկոյան գալիս եմ տուն (այդ բանը հաշվի առնելով, խնդրում եմ ներեք իմ տեսքի ու սենյակի թափթփված վիճակի համար), ուրեմն, ուշ երեկոյան գալիս եմ տուն և ուզում եմ մահճակալին պառկել։ Մեկ էլ մի բան կսմթում է ոտքս։ Նայում եմ մահճակալի տակ և սրանցից մեկին դուրս հանում։ Ես էլ չգիտեմ, թե այս սենյակը ինչով է նրանց ձգում։ Դուք էլ կարող եք տեսնել, որ իմ կողմը չեմ գրավում։ Նրանք, ինչ խոսք, խանգարում են աշխատել և, եթե այս արվեստանոցը ձրի տրամադրած չլինեին, արդեն վաղուց գնացած կլինեի։