Changes

Դատավարություն

Ավելացվել է 10 255 բայտ, 10:23, 13 Ապրիլի 2014
/* Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը */
― Ա՛խ այդ կապիկները,― ասաց նկարիչը և իզուր փորձեց կոճկել շապիկի օձիքը։ Ընդհանրապես նա ոտաբոբիկ էր, միայն վուշի կտավից կարած լայն, փոքր ինչ դեղնավուն տաբատ էր հագել և ամուր կապել գոտիով, երի երկար ծայրը ազատ այսուայնկողմ էր ճոճվում։― Այդ կապիկները իսկապես բեռ են ինձ համար։― Շապիկը հանգիստ թողնելով (վերևի կոճակը պոկված էր) շարունակեց նա, բազկաթոռ բերեց և Կ֊ին համառորեն խներց նստել։― Մի անգամ նրանցից մեկին նկարեցի (հիմա նա հետները չէ) և այդ օրվանից պրծում չունեմ։ Երբ ես տանն եմ, նրանք միայն իմ թույլտվությամբ են ներս գալիս, իսկ երբ այստեղ չեմ լինում, ապա նրանցից առնվազն մեկն այստեղ է։ Նրանք այս դռան համար մի բանալի են հարմարեցրել և իրար են փոխացնում։ Չենք կարող պատկերացնել, թե ինչքան են զզվացնում։ Օրինակ, ցանկանում եմ մի տիկնոջ նկարել, նրա հետ գալիս եմ տուն, իմ բանալիով բացում եմ դուռը և, ասենք, կուզիկին եմ տեսնում սեղանի մոտ կանգնած, վրձնով շուրթերը կարմիր ներկելիս, իսկ նրա փոքրահասակ քույրերը, որ իր հսկողությանն են հանձնավծ, այսուայնտեղ են մտնում և ապականում սենյակի բոլոր անկյունները։ Կամ, ինչպես երեկ եղավ։ Ուշ երեկոյան գալիս եմ տուն (այդ բանը հաշվի առնելով, խնդրում եմ ներեք իմ տեսքի ու սենյակի թափթփված վիճակի համար), ուրեմն, ուշ երեկոյան գալիս եմ տուն և ուզում եմ մահճակալին պառկել։ Մեկ էլ մի բան կսմթում է ոտքս։ Նայում եմ մահճակալի տակ և սրանցից մեկին դուրս հանում։ Ես էլ չգիտեմ, թե այս սենյակը ինչով է նրանց ձգում։ Դուք էլ կարող եք տեսնել, որ իմ կողմը չեմ գրավում։ Նրանք, ինչ խոսք, խանգարում են աշխատել և, եթե այս արվեստանոցը ձրի տրամադրած չլինեին, արդեն վաղուց գնացած կլինեի։
 
― ՏԻտորելլի, հիմա կարելի՞ է գալ։― Նույն պահին դռան հետևում հարցրեց երեխայական բարակ ու վախվորած մի ձայն։
 
― Ո՛չ։
 
― Ոչ էլ ե՞ս։
 
― Դու էլ։― Նկարիչը մոտեցավ դռանը և փակեց։
 
Այդ ընթացքում Կ֊ն սենյակն էր աչքի անցկացնում։ Առանց նկարչի օգնության նա երբեք չէր մտածի, թե կարելի է արվեստանոց անվանել այս փոքր, խղճուկ խուցը, որի լայնքն ու երկայնքը հազիվ երկու մեծ քայլից ավելի լինեին։ Ամեն ինչ՝ հատակը, պատկերը և առաստաղը, փայտից էին, իսկ գերանների արանքում նեղ ճեղքեր էին երևում։ Կ֊ի դիմացը՝ պատի մոտ, խայտաբղետ սավան֊ծածկոցներով ծանրաբեռնված մահճակալն էր, սենյակի մեջտեղում՝ նկարակալի վրա, շապիկով ծածկված կտավ էր ամրացված, շապիկի թևքերը կախ էին ընկել ու համարյա հատակին էին քսվում։ Կ֊ի թիկունքում պատուհանն էր։ Մառախուղը թույլ չէր տալիս կողքի տան ձյունածակ կտուրից այն կողմ որևէ բան տեսնել։ Կողպեքի մեջ բանալու պտտվելը Կ֊ին հիշեցրեց, որ ուզում էր շուտ գնալ։ Նա գրպանից հանեց ֆաբրիկատիրոջ նամակը, պարզեց նկարչին և ասաց․
 
― Ձեզ ծանոթ այս պարոնից եմ իմացել Ձեր մասին և խորհուրդ հարցնելու համար եմ եկել։― Նկարիչը աչքերը տողերի վրայով սահեցնելով կարդաց, հետո նամակը նետեց մահճակալին։ Եթե ֆաբրիակտերը Տիտորելլիի մաիսն պատմած չլիներ, թե ծանոթ է իրեն, իր տված ողորմություններով ապրող, աղքատ մարդ է, ապա իսկապես կարելի էր կարծել, թե նկարիչը բնավ չի ճանաչում ֆաբրիակտիրոջը կամ առնվազն չի կարողանում հիշել նրան։
 
― Դուք նկարնե՞ր եք ուզում գնել, թե՞ ուզում եք, որ նկարեմ Ձեզ։ Ի լրումն արդեն եղածի, հարցրեց Տիտորելլին։
 
Կ֊ն զարմացած նայեց։ Իրոք, ի՞մչ էր գրված նամակում։ Նա ինքնին հասկանալի էր համարել, որ ֆաբրիկատերը հայտնած կլինի, թե դատարանում հարուցված գործի վերաբերյալ մի քանի բան տեղեկանալուց բաից, Կ֊ն ոչինչ չի ուզում։ Նա, ախր, շատ շտապ և առանց երկար մտածելու էր ասյտեղ վազել։ Այժմ հարկավոր էր ինչ֊որ կերպ պատասխան տալ նկարչին, և նա՝ նկարակալի վրա հայացք գցելով, հարցրեց․
 
― Դուք որևէ նկարի վրա աշխատո՞ւմ եք արդեն։
 
― Այո։― Տիտորելլին կտավը ծածկող շապիկը նետեց նամակի հետևից։― Դիմանկար է։ Լավ գործ է, բայց դեռ ավարտված չէ։
 
Պահը նպաստավոր էր։ Դատարանի մասին խոսելու հնարավորությունը պարզապես հրամցվեց Կ֊ին, որովհետև, ինչպես երևում էր, կտավի վրա դատավորի դիմանկար էր պատկերված։ Պետք է ասել, որ աչքի զարնող նմանություն կար այս և դոկտոր Հուլդի առանձնասենյակում կախված նկարների միջև։ Առանձնասենյակի կտավը յուղաներկ էր, իսկ սա կավճաներկով թուլ և ոչ այնքան հստակ էր նկարված, ու թեև այս նկարում պատկերված դատավորը լրիվ ուրիշ մարդ էր՝ գեր էր և մինչև աչքերի տակը հասնող սև, մացառանման մորուք ուներ, ապա մնացած ամեն ինչում նմանություն կար, որովհետև այս նկարում էլ դատավորը սեղմել էր գահավորակի արմնկակալները և սպառնագին ցանկանում էր վեր կենալ։
 
«Սա, ախր, դատավորի նկար է»,― ուզեց անմիջապես նկատել Կ֊ն, սակայն առայժմ զսպեց իրեն և, կարծես մտադիր էր մանրակրկիտ զննել նկարը՝ ավելի մոտեցավ։ Նա չկարողացավ հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում գահավորակի թիկնակի մեջտեղում կանգնած բարձր արձանիկը և նկարչին հարցրեց։
 
― Վերջնական տեսքի բերոլու համար դեռ մի փոքր մշակել է պետք,― ասաց նկարիչը, փոքր սեղանի վրայից վերցրեց կավիճը և թեթևակի տարավ արձանիկի եզրերով, առանց դրանով Կ֊ի համար ավելի հստակ դարձնելու։
 
― Արդարադատության կերպարն է։― Վերջապես ասաց նա։
 
― Արդեն հասկացա։ Աչքերի շուրջը քողն է, իսկ սա կշեռքն է։ Բայց կրունկների վրա թևեր չե՞ն արդյոք։ Եվ ընդհանրապես, նա կարծես վազելիս լինի։
 
― Այո։ Ինձ այդպես են պատվիրել։ Իրականում այս կերպարը մարմանվորում է արդարության և հաղթանակի աստվածութհիներին։
 
― Այնքան էլ լավ համատեղում չէ։― Ժպտաց Կ֊ն։― Արդարությունը պետք է հանգիստ լինի, թե չէ կշեռքի նժարները կտատանվեն և ոչ մի արդարացի վճիռ հնարավոր չի լինի։
 
― Այդ հարցում ես իմ պատվիրատուի հետ եմ համամիտ։
 
― Այո, իհարկե,― ասաց Կ֊ն։ Իր դիտողությամբ նա չէր ուզում ոչ մեկին նեղացնել։― Դուք արձանիկն այնպես եք նկարել, ինչպես իրականում գահավորակի թիկնակին է։
 
― Ոչ։ Ես ոչ գահավորակն եմ տեսել, ոչ էլ արձանիկը։ Այս ամենը հնարովի է, սակայն ինձ ասել են, թե ինչ պետք է նկարեմ։
 
― Ինչպե՞ս։― Կ֊ն դիտավորյալ ձևացնում էր, թե լրիվ չի հասկանում նկարչին։― Չէ՞ որ նկարում պատկերվածը ատենական գահավորակին նստած դատավոր է։
 
― Այո, բայց նա բարձրաստիճան դատավոր չէ և երբևէ նման գահավորակի նստած չի եղել։
 
― Եվ պատվիրում է նման հպարտ կեցվածքո՞վ նկարել։ Նա, ախր, արդարադատության պրեզիդենտի նման է նստել։
 
― Այս պարոնները մեծամիտ են։ Վերևից նրանց թույլ են տվել այսպիսի նկարներ պատվիրել։ Ամեն մեկին ճշգրտորեն բացատրված է, թե ինչ դիրքով է կարելի նկարվել։ Ցավոք, հենց այս նակրեին նայելով հնարավոր չէ զգեստի և նստած դիրքոի մասին դատողություններ անել․ կավճաներկով հնարավոր չէ դրանք հստակ պատկերել։
 
― Այո։ Ես էլ զարմացա, որ գործը կավճաներկով է արված։
 
― Դատավորն այդպես կամեցավ։ Այս նկարը մի տիկնոջ համար է պատվիրված։
 
Նկարը կարծես աշխատելու ցանկություն առաջ բերեց նրա մեջ։ Նա քշտեց թևերը, մի քանի կավճաներկ առավ ձեռքը, և Կ֊ն տեսավ, թե ինչպես կավիճների թրթռացող սայրերի տակ դատավորի գլխի շուրջը կարմրավուն ստվեր ձևավորվեց ու ճառագայթաձև ցոլքերով դեպի նկարի եզրերը ձգվելով, լուծվեց կտավի անգունության հետ։ Ստվերի այդ խաղը զարդարանքի կամ մի վերին նշանի նման օղակի մեջ առավ նրա գլուխը։ Արդարության արձանիկի շուրջը աննշան լուսավոր շերտ կար, և այդ ֆոնի վրա արձանիկը կարծես ավելի ուժեղ էր աչքի զարնում․ այժմ ոչ արդարության, ոչ էլ հաղթանակի աստվածուհիներին չէր հիշեցնում։ Այսպես նա ավելի շուտ նման էր որսորդության աստվածուհուն։ Նկարչի աշխատանքը Կ֊ին ավելի շատ գրավեց, քան նա ուզում էր սկզբում։ Ի վերջ նա նախատեց ինքնիրեն, որովհետև արդեն երկար ժամանակ այստեղ էր, բայց սեփական գործի համար էական ոչինչ չէր ձեռնարկել։
 
― Դատավորի անունն ի՞նչ է,― անսպասելի հարցրեց նա։
 
― Այդ մեկն ասելու իրավունք չունեմ։― Նկարիչը խորը կռացել էր նկարի վրա և բացարձակ անուշադրության մատնել հյուրին, մինչդեռ սկզբում այնպես հարգանքով էր ընդունել նրան։ Կ֊ն դա կամակորություն համարեց և զայրացավ, որովհետև այդ պատճառով ժամանակ էր կորցնում։
 
― Դուք, հավանաբար, դատարանում վստահելի մա՞րդ եք,― հարցրեց Կ֊ն։