Changes
/* Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը */
― Դուք, հավանաբար, դատարանում վստահելի մա՞րդ եք,― հարցրեց Կ֊ն։
Նկարիչն իսկույն մի կողմ թողեց կավիճները, ուղղվեց, իրար քսեց ձեռքերը և ժպտալով նայեց Կ֊ին։
― Եկեք անկեղծ խոսենք։ Դուք, ինչպես երաշխավորագրում է ասված, ինչ֊որ բան եք ուզում իմանալ դատարանի մասին և ինձ սիրաշահելու համար սկզբում նկարների մասին խոսեցիք։ Սակայն ես չեմ նեղանում, որովհետև Դուք չէիք կարող իմանալ, որ ինձ հետ նման ձևով վարվելն ավելորդ է։ Օ, թույլ տվեց,― կտրուկ ավելացրեց նա, երբ Կ֊ն փորձեց հակաճառել, և շարունակեց։― Իսկ ընդհնարպաես, ճիշտ նկատեցիք։ Դատարանում ես վստահելի անձ եմ։― Նա մի պահ լռեց, կարծես ցանկանում էր Կ֊ին քիչ առաջ լսածը գնահատելու հնարավորություն տալ։ Դռան հետևում կրկին լսվեցին աղջնակների ձայները։ Նրանք հավանաբար խռնվել էին բանալու անցքի շուրջը, մինչդեռ երևի կարելի էր պատերի ճեղքերից էլ ներս նայել։ Կ֊ն չուզեց ներողություն խներլ․ նա չէր ուզում նկարչին շեղել, ինչպես և չէր ուզում, որ նա շատ գոռոզանար ու անմատչելի պատկերացներ իրեն։ Այդ պատճառով հարցրեց․
― Իսկ դա պաշտոնապես ընդունվա՞ծ է։
― Ո՛չ,― կարճ պատասխանեց նկարիչը։ Թվաց, թե այդ կենտ բառը զրկեց նրան հետագա խոսքերից։ Բայց Կ֊ն չէր ուզում, որ նա լռեր, և ասաց․
― Շատ հաճախ ճանաչում չստացած նման պաշտոններն ավելի ազդեցիկ են, քան օրենքով հաստատվածները։
― Այս դեպքում այդպես է,― ասաց նկարիչը և, ճակատը խոժոռելով, գլխով արեց։― Երեկ ֆաբրիկատիրոջ հետ Ձեր մասին էի խոսում։ Նա հարցրեց՝ արդյոք չե՞մ ուզում օգնել Ձեզ, ես պատասխանեցի՝ թող մի անգամ գա, և ուրախ եմ Ձեզ այդքան շուտ տեսնելու համար։ Երևում է, որ դատավարությունը շատ սրտամոտ եք ընդունում։ Ի դեպ, դա ինձ չի զարմացնում։ Գուցե նախ հանե՞ք Ձեր վերարկուն։
Թեև Կ֊ն մտադիր էր միայն կարճ ժամանակ մնալ, այնուամենայնիվ, մեծ հաճույքով ընդունեց նկարչի առաջարկը։ Սենյակի օդը գնալով ավելի ճնշող էր թվում, ընթացքում նա մի քանի անգամ զարմանքով նայել էր անկյունում դրված երկաթյա փոքր վառարանին, որ, անկասկած, չէր օգտագործվում և չէր կարողացել բացատրել, թե ինչո՞ւ է սենյակի օդն այդեպես հեղձուցիչ։ Երբ Կ֊ն վերարկուն հանեց ու պիջակի կոճակները քանդեց, նկարիչը ներողություն խնդրելով ասաց․
― Իմ սենյակը պետք է տաք լինի։ Այստեղ շատ հաճելի է, այդպես չէ՞։ Տաքության տեսակետից սենյակի դիրքը շատ լավ է։― Ի պատասխան Կ֊ն ոչինչ չասաց։ Եթե անկեղծ խոստովանելու լինենք, սենյակի տաքությունը չէր, որ տհաճություն էր պատճառում, այլ, ավելի շուտ, շնչելը դժվարացնող ծանր օդը․ սենյակը հավանաբար երկար ժամանակ չէր օդափոխվել։ Տհաճության զգացումը ավելի թունդ երանգ ստացավ, երբ նկարիչը՝ նկարակալի դիմաց դրված միակ աթոռին ինքը նստելով, նրան խնդրեց տեղավորվել մահճակալի վրա։ Դրանից բացի, նկարիչը կարծես չհասկացավ, թե ինչու Կ֊ն, ավելի հարմար տեղավորվելու խնդրանքը անտեսելով, մահճակալի եզրին նստեց, և որովհետև հյուրը վարանում էր, անձամբ մոտեցավ, մահճակալի ու բարձերի մեջ խորը թաղված նստեցրեց նրան, վերադարձավ բազկաթոռի մոտ ու վերջապես տվեց առաջին գործանական հարցը․ դրանից հետո Կ֊ն մնացած ամեն ինչ մոռացավ։
― Դու անմե՞ղ եք։
― Այո։― Հարցի պատասխանը Կ֊ին անկեղծ հաճույք պատճառոց առանձնապես այն պատճառով, որ իր դիմաց մասնավոր մարդ էր նստած, հետևաբար՝ պատասխանատվությունը բացակայում էր։ Դեռ ոչ ոք նկարչի պես բացահայտ չէր հարցրել։ Հաճույքը անմնացորդ վայելելու համար նա ավելացրեց․― ես բոլորովին մեղք չունեմ։
― Այդպես։― Նկարիչը գլուխը խոնարհեց և թվաց, թե մտածում է։ Հանկարծ նա ուղղվեց և ասաց․― եթե Դուք անմեղ եք, ապա շատ հասարակ գործ է։
Կ֊ն մռայլվեց։ Դատարանի ենթադրյալ վստահելի մարդը անգետ երեխայի պես էր խոսում։
― Իմ անմեղ լինելը չի հեշտացնում գործը։― Չնայած ամեն ինչին, նա ստիպված էր ժպտալ և դանդաղ օրորել գլուխը։― Շատ նրբություններ կան, որոնց մեջ խճճվում է դատարանը, և հետո ինչ֊որ տեղից, ուր նախկինում ոչինչ հնարավոր չէր գնտել, մի մեծ մեղք է երևան բերվում։
― Այո, այո, իհարկե։― Նկարիչն այնպիսի տոնով խոսեց, կարծես Կ֊ն խանգարում էր նրան մտածել։― Սակայն Դուք, այնուամենայնիվ, անմե՞ղ եք։
― Դե իհարկե։
― Գլխավորը դա է,― ասաց նկարիչը։ Հակառակ փաստարկներով նրա վրա ազդել հնարավոր չէր, միայն թե, չնայած նրա վճռականությանը, դեռ պարզ չէր՝ այդպես խոսելու պատճառը համոզվածությո՞ւնն էր, թե՞ անտարբերությունը։ Կ֊ն ցանկացավ նախ դա պարզել և ասաց․
― Դուք, անշուշտ, դատարանն ինձնից լավ գիտեք։ Ես տարբեր մարդկանցից լսած կարծիքներից բացի ոչինչ չգիտեմ։ Մի հարցում, սակայն, նրանց բոլորի խոսքերը համընկնում էին․ թեթևամիտ մեղադրանքներ առաջ չեն քաշվում, և եթե դատարանը մի անգամ մեկին մեղադրում է, հաստատ համոզված է դիմացինի մեղավորության մեջ ու այդ համոզմունքից կարող է շատ մեծ դժվարությամբ հրաժարվել։
― Դժվարությա՞մբ,― հարցրեց նկարիչն ու վեր նետեց մի ձեռքը։― Դատարանը երբեք չի հրաժարվում իր համոզմունքներից։ Եթե բոլոր դատավորներին կողք֊կողքի նկարեմ այստեղ, իսկ Դուք կանգնեք նրանց դիմաց և պաշտպանվեք կտավի վրա պատկերված նկարներից, ապա ավելի մեծ հաջողություն կունենաք, քան իսկական դատարանում։
― Այո։―Ինքնիրեն ասաց Կ֊ն և մոռացավ, որ միայն հարցուփորձ անել էր ուզում։
― Տիտորելլի։― Դռան հետևից նորից հարցրեց աղջնակներից մեկը։ Նա դեռ երկա՞ր է մնալու այդտեղ։
― Ձայնե՛րդ,― դռան կողմը բղավեց նկարիչը։― Չե՞ք տեսնում, որ պարոնի հետ քննարկելու բան ունեմ։
― Դու նկարելո՞ւ ես նրան,― հարցրեց աղջնակը, որովհետև նկարչի խոսքերը չգոհացրին նրան։― Խնդրում եմ, այդ այլանդակ մարդուն մի նկարիր։― Երբ Տիտորելլին ոչինչ չպատասխանեց, ավելացրեց նա։ Դրան հաջորդեց հավանություն տվող անհասկանալի կանչերի աղմուկը։ Նկարիչը մի ցատկով մոտեցավ դռանը, փոքր ճեղքի չափով բացցեց (երևացին աղջնակների աղերսագին առաջ պարզված ձեռքերը) և ասաց․
― Եթե խելոք չմնաք, բոլորիդ աստիճաններով ներքև կշպրտեմ։ Նստեք այստեղ և հանգիստ պահեք ձեզ։― Երեխաներն հավանաբար անմիջապես չհնազանդվեցին, և նա ստիպված էր հրամայել։― Նստեք աստիճաններին։― Միայն դրանից հետո նրանք սսկվեցին։
― Ներեցեք, խնդրեմ։― Վերադառնալուց հետո ասաց նա։ Կ֊ն ընդհանրապես չէր շրջվել աստիճանների կողմն ու լրիվ նկարիչ հայեցողությանն էր թողել, թե արդյո՞ք և ինչպե՞ս կպաշտպանի իրեն։ Նա չշարժվեց նույնիսկ, երբ նկարիչը կռացավ և, դրսում լսելի չլինելու համար, շշնջաց ականջին․
― Այս աղջնակները նույնպես դատարանինն են։
― Ինչպե՞ս թե,― հարցրեց Կ֊ն, գլուխը թեքեց ու նայեց նկարիչն։ Վերջինս, սակայն, կրկին նստեց իր բազկաթոռին և կես կատակ֊կես լուրջ բացատրեց․
― Ախր ամեն ինչ դատարանին է պատկանում։
― Նման բան դեռ չեմ նկատել,― կարճ ասաց Կ֊ն։ Նկարչի՝ բոլորին նկատի ունենալը վերացրեց աղջնակների վերաբերյալ ակնարկի պատճառած անհանգստությունը։ Չնաած դրան, նա մի պահ նայեց դռանը, որի հետևում այժմ արդեն ձայները կտրած երեխաները լուռ նստել էին աստիճաններին։ Նրանցից մեկը հարդի ծղոտը մտցրել էր գերանների արանքն ու դանդաղ վերուվար էր խաղացնում։
― Դուք կարծես դեռ ոչ մի ընդհանուր պատկերացում չունեք դատարանի մասին,― ասաց նկարիչը։ Նա ոտքերը իրարից բավական հեռու էր դրել և թաթերով գետնին էր խփում։― Քանի որ անմեղ եք, դրա անհրաժեշտությունը չկա։ Ես մենակ Ձեզ դուրս կբերեմ։
― Ինչպե՞ս եք մտադիր վարվել,― հարցրեց Կ֊ն։― Քիչ առաջ ինքներդ ասացիք, որ դատարանը ընդհանրապես ոչ մի փաստարկ չի ընդունում։
― Միայն այն փաստարկները, որոնք դատարանին են ներկայացվում։― Ցուցամատը բարձրացնելով այնպես ասաց նկարիչը, կիարծես Կ֊ն մի շատ նուրբ տարբերություն չէր նկատել։― Սակայն գործն այլ կերպ է դասավորվում, երբ մարդ՝ այս տեսակետից ելնելով, որևէ բան փորձում է հրապարակային դատի կուլիսների հետևում։ Այսինքն՝ խորհրդակցության սենյակներում, միջանցքներում կամ, օրինակ, այստեղ՝ արվեստանոցում։― Նկարչի ասածը Կ֊ին այնքան էլ անհավատալի չթվաց։ Ավելի շուտ, այս վերջին տեղեկությունը չափից դուրս զուգադիպեց տարբեր մարդկանց արտահայտած կարծիքներին։ Այո, այդ ամենն, իրոք, շատ հուսադրող էր։ Եթե անձնական կապերի շնորհիվ իսկապես շատ հեշտ կարելի էր ազդել դատավորի վրա (ինչպես փաստաբանն էր պատմում), ապա նկարչի՝ ինքնահավան դատավորների հետ ունեցած ծանոթությունները իսկապես կարևոր էին, և ինչ ուզում է լիներ, երբեք չէր կարելի թերագնահատել։ Նկարիչը շատ լավ կարող էր տեղ գրավել օգնականների այն շղթայի մեջ, որ Կ֊ն էր աստիճանաբար ստեղծում իր շուրջը։ Բանկում մի առիթով դրվատել էին նրա կազմակերպչական ձիրքը, և այժմ, երբ ամեն ինչ սեփական ուժերով պետք է աներ, այդ ընդունակությունը մինչև վերջ ի հայտ բերելու լավ հնարավորություն ստեղծվեց։ Նկարիչը հետևում էր բացատրության թողած տպավորությանը և հետո վախի որոշ երանգով ասաց․
― Չե՞ք նկատում, որ ես համարյա իրավախորհրդատուի պես եմ խոսում։ Անընդհատ դատարանի պարոնների հետ շփվելն է իր ազդեցությունը թողել։ Դրանից, ինչ խոսք, ես շահում եմ, սակայն մեծ մասամբ ստեղծագործական վերելքն է տուժում։
― Իսկ դատավորների հետ առաջին անգամ ինչպե՞ս եք ծանոթացել։― Մինչև նկարչին իր մոտ ծառայության վերցնելը Կ֊ն ուզում էր նախ նրա վստահությունը շահել։
― Այդ մեկը շատ հեշտ էր։ Ես ժառանգել եմ այդ ծանոթությունը։ Իմ հայրն էլ էր դատարանի նկարիչ, դա ժառանգաբար գնացող գործ է, և նոր մարդկանց վերցնել չեն կարող։ Օրինակ, տարբեր պաշտոններ ունեցող մարդկանց նկարելու համար այնքան շատ, իրարից տարբեր ու, ամենից առաջ, գաղտնի օրենքներ են ձևավորվել, որ կոնկրետ ընտանիքներից դուրս չեն կարող տարածվել։ Օրինակ՝ այստեղ՝ գզրոցում, ես պահում եմ հորս թողած գծագրերը և ոչ ոքի ցույց չեմ տալիս։ Ով այդ գծագրերը լավ գիտենա, արդեն կկարողանա դատավորներին նկարել։ Սական, եթե անգամ դրանք կորցնելու էլ լինեմ, ապա կպահպանեմ այն բազմաթիվ կանոնները, որ միայն ես գիտեմ (դրանք իմ գլխում են և ոչ ոք չի կարողանա իմ պաշտոնը վիճարկել)։ Յուրաքանչյուր դատավորի պետք է այնպես նկարել, ինչպես նախկինում մեծ դատավորներին են նկարել, իսկ դա միայն ես եմ կարող։
― Նախանձելի է,― ասաց Կ֊ն։ Նա մտածում էր բանկում ունեցած իր դիրքի մասին։― Ուրեմն Ձեր դիրքը անսասան է։
― Այո։ Անսասան է։― Ուսերը հպարտ բարձրացնելով, ասաց նկարիչը։― Այդ իսկ պատճառով երբեմն֊երբեմն համարձակվում եմ դատարանում գործ ունեցող որևէ խեղճ մարդու օգնել։
― Իսկ ինչպե՞ս եք անում,― հարցրեց Կ֊ն, կարծես իրեն չէր, որ քիչ առաջ խեղճ մարդ անվանեցին։ Սակայն նկարիչը թույլ չտվեց շեղել իրեն և ասաց․
― Կոնկրետ Ձեզ համար, օրինակ, որովհետև անմեղ եք ընդհանրապես, այսպես կվարվեմ։