Changes

Բասքըրվիլների շունը

Ավելացվել է 37 715 բայտ, 14:43, 1 Մայիսի 2014
/* Գլուխ XIV Բասկերվիլների շունը */
Մենք շատ հետքեր գտանք ճահճուտում շրջապատված կղզյակում, որտեղ նա թաքցնում էր իր սարսափելի գործակցին։ Վիթխարի դարպասն ու կիսով չափ մանրախճով լցված հանքահորը ասում էին, որ մի ժամանակ այստեղ հանքեր են եղել։ Նրա կողքին հանքափորների քանդված հյուղակներն էին, որոնց, հավանաբար, այստեղից քշել էին ճահճային թունավոր գոլորշիները։ Այդ հյուղակներից մեկում գտանք պատից կախված մի օղակ, շղթա ու բազմաթիվ կրծոտված ոսկորներ։ Հավանորեն, այստեղ էլ Սթեփլտոնը պահում էր իր շանը։ Աղբի մեջ ընկած էր շան կմախք՝ վրան շեկ բրդի մի կտոր։
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց Հոլմսը, ― ախր սա սպանիելն է։ Խեղճ Մորտիմերն այլևս երբեք չի տեսնի իր սիրելիին։ Դե ինչ, ես կարծում եմ, որ այժմ այս կղզյակն իր բոլոր գաղտնիքները բացեց մեր առաջ։ Շանը թաքցնելը դժվար չէ, բայց այ փորձեք նրան ստիպել, որ լռի։ Այստեղից էլ գալիս էր այդ առնոցը, որից նույնիսկ ցերեկով մարդիկ իրենց վատ էին զգում։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Սթեփլտոնը կարող էր շանը ցախատուն փոխադրել, տանը մոտիկ, բայց այդպիսի ռիսկի կարելի էր դիմել միայն ամենավճռական պահին, երբ գործն ավարտին էր մոտենում։ Իսկ ահա այս թիթեղամանի քսուկը հենց այն փայլուն պատրաստուկն է, որով նա օծում էր իր շանը։ Նրան այդ մտքին է մղել ոչ այլ ինչ, բայց եթե Բասկերվիլների հրեշային շան լեգենդը, և նա որոշել է այդ միջոցով ազատվել սըր Չարլզից։ Այժմ զարմանալի չէ, որ չարաբաստիկ աքսորականը աղաղակելով փախուստի է դիմել, երբ այդպիսի հրեշը խավարից դուրս է պրծել նրա վրա։ Ճիշտ այդպես վարվեց նաև մեր բարեկամը, և հենց մենք էլ հեռու չէինք դրանից։ Սթեփլտոնը խորամանկ է մտածել։ Արդեն չասած այն մասին, որ շունը կօգներ սպանել զոհին, ով տեղացի ֆերմերներից վճռեր ավելի մոտիկից ծանոթանալ այդ շան հետ։ Այդպիսի արարածի հետ մի հանդիպումն էլ բավական է։ Բայց չէ որ նրան շատերն են տեսել ճահիճներում։ Ես այդ մասին ասել եմ Լոնդոնում, Ուոթսն, և նորից կրկնում եմ․ մենք երբեք գործ չէինք ունեցել ավելի վտանգավոր մարդու հետ, քան նա, որն այժմ պառկած է այնտեղ։ ― Եվ նա ցույց տվեց մուգ կանաչ ճահճուտը, որ ձվում էր հեռու դեպի տորֆաճահիճների զառիվեր լանջերը։   ==Գլուխ XV Հետադարձ հայացք==  Նոյեմբերի վերջն էր։ Անձրևային, մառախլապատ մի երեկո ես ու Հոլմսը նստել էինք Բեյքր֊ստրիտի աշխատասենյակի բոցավառ բուխարու մոտ։ Ողբերգության ժամանակից, որն ավարտեց մեր ուղևորությունը Դևոնշիր, բարեկամս հասցրել էր երկու երկու հույժ կարևոր գործ հետաքննել։ Դրանից առաջինում նրան հաջողվեց մերկացնել գնդապետ Էպվուդին, որը խառն էր «Պատրիկ» ակումբի թղթախաղի սեղանի շուրջ ծագած սկանդալին, երկրորդում՝ դժբախտ մադամ Մոնպեսյեի վրայից ամբողջովին հանել խորթ աղջկա՝ դեռահաս օրիորդ Կառերի սպանության մեղադրանքը, որը, ինչպես հայտնի է, կես տարի անց հայտնվեց Նյու֊Յորքում և բարեհաջող ամուսնացավ։ Երկու այդպիսի դժվարին ու լուրջ գործերի վերծանումից հետո Հոլմսը հիանալի հոգեվիճակում էր և, օգտվելով դրանից, որոշեցի որոշ մանրամասներ իմանալ բասկերվիլյան պատմությունից։ Ես համբերությամբ սպասում էի իմ ժամին՝ իմանալով, որ Հոլմսը չի սիրում գլխում միանգամից մի քանի գործ պահել, և որ նրա պայծառ, տրամաբանական միտքը չի վերանա ընթացիկ աշխատանքից հանուն անցյալի հիշողությունների։ Ճիշտ այդ օրերին Լոնդոնում էին գտնվում սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը, որոնք հեռավոր ճանապարհորդության էին պատրաստվում․ բժիշկներ այդ ճանապարհորդությունը նշանակել էին բարոնետի խախտված նյարդային համակարգը ամրացնելու համար։ Առավոտյան նրանք այցելեցին մեզ, այնպես որ ես հարկավոր թեմայի շուրջ խոսակցություն բացելու լավ առիթ ունեցա։ ― Իրեն Սթեփլտոն կոչող մարդու տեսակետից՝ դեպքերը ծավալվում էին ինչպես ծրագրված էր, ― սկսեց Հոլմսը, ― բայց մեզ այդ ամենը անչափ դժվար էր թվում, որովհետև այդ ժամանակ մենք ամենաչնչին պատկերացում իսկ չունեինք, թե նա իր գործողություններում ինչով է ղեկավարվում․ գիտեինք միայն որոշ փաստեր։ Դրանից հետո ես երկու խոսակցություն եմ ունեցել միսիս Սթեփլտոնի հետ, և ամեն ինչ պարզվել է։ Կարծում եմ, որ հիմա այլևս հանելուկներ չկան։ Այդ գործի առիթով իմ նշումները կարող եք գտնել քարտարանում՝ «Բ» տառի տակ։ ― Իսկ գուցե դեպքերի ընթացքը շարադրեք պարզապես հիշողությա՞մբ։ ― Հաճույքով, չնայած չեմ երաշխավորում, որ կհիշեմ բոլոր մանրամասները։ Երբ կենտրոնանում ես որևէ բանի վրա, անցած մտքերը գլխիցդ գոլորշիանում են։ Իր հերթական գործն անգիր իմացող և դրա համար դատարանում տաք֊տաք վիճաբանող փաստաբանը երկու շաբաթ հետո ամեն ինչ մոռանում է։ Այդպես էլ ես․ ամեն մի նոր հետաքննություն հիշողությունիցս դուրս է մղում նախորդը, և օրիորդ Կառեռն իր անձով իմ գիտակցությունից քողարկել է Բասկերվիլ֊հոլլը։ Թերևս, վաղն իմ առջև կանգնի մի ուրիշ խնդիր, որն իր հերթին դուրս կմղի չքնաղ ֆրանսուհուն ու խաղանենգ Էպվուդին։ Բայց և այնպես, ես կաշխատեմ շարադրել այդ ամբողջ պատմությունը, իսկ եթե որևէ բան մոռանամ, կհուշեք ինձ։ Հավաքած տեղեկություններն ինձ վերջնականապես համոզեցին, որ ընտանեկան դիմանկարը չի ստում, և որ այդ մարդն իսկապես Բասկերվիլների տոհմից է։ Պարզվեց, որ նա սըր Չարլզի կրտսեր եղբոր՝ Ռոջեր Բասկերվիլի որդին է, որն ստիպված էր եղել փախչել Հարավային Ամերիկա, որտեղ և սմուսնացել էր ու իրենից հետո թողել մի որդի, որը կրում էր հոր ազգանունը։ Ձեզ ոչ անծանոթ սույն կտրիճը ամուսնանում է Կոստա֊Ռիկայի գեղեցկուհիներից մեկի՝ ոմն Բերիլ Գարսիայի հետ, վատնում պետական փողերը և, ազգանունը Վանդելեր փոխելով փախչում Անգլիա, որտեղ շուտով դպրոց է բացում՝ Յորքշիրի արևելյան մասում։ Գործունեության այդ մարզը նա ընտրեց այն պատճառով, որովհետև կարողացավ օգտվել մի ուսուցչի գիտելիքներից ու փորձից, որի հետ ծանոթացել էր ճանապարհին։ Բայց նրա գործընկերը՝ Ֆրեզերը, թոքախտի վերջին ստադիայում էր և շուտով մահացավ։ Դպրոցի գործերն ավելի ու ավելի վատ էին գնում, իսկ վերջը բոլորովին անփառունակ եղավ։ Վանդելեր ամուսինները հարմար գտան ազգանունը փոխել և այդ օրվանից սկսեցին կոչվել Սթեփլտոններ։ Հետագայում Սթեփլտոնն իր կարողության մնացորդներով, ապագայի նոր ծրագրերով և միջատաբանության նկատմամբ ունեցած մոլությամբ տեղափոխվեց Անգլիայի հարավ։ Բրիտանական թանգարնում ես տեղեկություններ հավաքեցի ու պարզեցի, որ Վանդելերը ճանաչված հեղինակություն էր համարվում իր բնագավառում, և որ նրա անունը շնորհվել էր իր կողմից դեռևս Յորքշիրում նկարագրած գիշերային մի թիթեռի։ Այժմ մենք հասանք նրա կյանքի այն շրջանին, որն այնքան հետաքրքիր եղավ մեզ համար։ Այդ մարդը, ըստ երևույթին, տեղեկանում է, որ իր և վիթխարի կալվածքի միչև ընդամենը երկու կյանք է ընկած։ Երբ նա պատրաստվում էր Դևոնշիր մեկնել, նրա ծրագրերը, հավանաբար, դեռ բավական մշուշապատ էին, բայց չար մտադրությունը հասունանում էր․ իզուր չէ, որ հենց սկզբից կնոջը ներկայացնում էր որպես քույր։ Վերջինիս խայծի տեղ օգտագործելու միտքը միանգամից համակեց նրան, չնայած, թերևս դեռ չէր էլ պատկերացնում, թե հետագայում այդ բոլորն ինչպես կդասավորվի։ Նրա նպատակն էր կալվածքն ստանալ, հանուն դրա նա միջոցների մեջ խտրություն չէր դնում, դիմում էր ամեն վտանգի։ Եվ այսպես, իբրև սկիզբ պետք էր տեղավորվել որքան կարելի է Բասկերվիլ֊հոլլին մոտ, իսկ հետո բարեկամական հարաբերություններ հաստատել սըր Չարլզի ու մյուս հարևանների հետ։ Բարոնետն ինքը նրան պատմեց շան ավանդությունը, դրանով ոտք դնելով սեփական մահվան վրա։ Սթեփլտոնը, ինչպես ես կոչելու եմ նրան առաջվա պես, գիտեր, որ ծերունու սիրտը հիվանդ է, և որ ուժեղ ցնցումը կարող է սպանել նրան։ Այդ բոլորը նա լսել էր դոկտոր Մորտիմերից։ Բացի դրանից, նրան հայտնի էր, որ սըր Չարլզը սնահավատ մարդ է ու մեծ նշանակություն է տալիս այդ մռայլ ավանդությանը։ Սթեփլտոնի հնարագետ միտքն անմիջապես հուշեց այն միջոցը, որով կարելի էր վերացնել բարոնետին և անձամբ կասկածից դուրս մնալ։ Գործողության ծրագիր մշակելով՝ Սթեփլտոնն անցավ դրա իրագործմանը՝ իր խառնվածքին հատուկ ողջ ճկունությամբ։ Սովորական հանցագործն այդպիսի դեպքում կբավարարվեր պարզապես միայն չար շնով, բայց Սթեփլտոնի մեջ հանճարեղ միտք ծագեց՝ այդ շանը դարձնել դժոխքի ծնունդ։ Նա այդ շունը գնեց Լոնդոնում, Ռոսսի ու Մենգլասի մոտից, եղածների միջից ընտրելով ամենախոշորին ու ամենակատաղիին։ Հետո Հյուսիսային գծով նրա հետ եկավ Դևոնշիր և մեծ շրջան գծեց ճահիճների միջով, որպեսզի աննկատ տուն հասցնի նրան։ Թիթեռների ետևից իր էքսկուրսիաների ժամանակ նա գտավ Գրիմպենյան ճահճուտի խորքերը տանող ուղին, իսկ շան համար ավելի ապահով տեղ չէր էլ կարելի պատկերացնել։ Նրան շղթայեց այնտեղ ու սկսեց սպասել հարմար առիթի։ Սակայն այդպիսի առիթ երկար ժամանակ չէր ներկայանում․ սըր Չարլզին հնարավոր չէր գիշերով կալվածքի սահմաններից դուրս հանել։ Սթեփլտոնը շատ անգամ էր դարանել ծերունուն՝ շանը պատրաստ պահած, բայց ապարդյուն։ Ահա ճահիճներում այդ զուր թափառումների ժամանակ նա, ավելի ճիշտ՝ նրա գործակիցը տեղացի ֆերմերներից ոմանց աչքով ընկավ, և հրեշավոր շան մասին լեգենդն ստացավ իր նոր հաստատումը։ Այդ ժամանակ Սթեփլտոնը իր բոլոր հույսերը դրեց կնոջ վրա, բայց այս անգամ վերջինս անսպասելիորեն հանդես բերեց բնավորության հաստատակամություն։ Միսիս Սթեփլտոնը կտրականապես հրաժարվեց հրապուրել ծերունուն, իմանալով, որ դա կարող է կործանել նրան։ Ոչ սպառնալիքները, ոչ նույնիսկ ավա՜ղ, ծեծը չօգնեցին։ Նա չէր ցանկանում մասնակցել ամուսնու դավերին, և ժամանակավորապես Սթեփլտոնը հայտնվեց փակուղում։ Բայց այդ փակուղուց ելք գտնվեց։ Սըր Չարլզը բարեկամական զգացումներով համակվեց Սթեփլտոնի նկատմամբ ու նրան որպես միջնորդ ուղարկեց միսիս Լաուրա Լայոնսի մոտ։ Ներկայանալով իբրև ամուրի, սա բոլորովին գերեց այդ դժբախտ կնոջը ու հասկացրեց նրան, որ կամուսնանա հետը, եթե նա ապահարզան ստանա։ Եվ իսկույն էլ պարզվեց, որ պետք է անհապաղ գործել, քանի որ դոկտոր Մորտիմերի թախանձագին խնդրանքով սըր Չարլզը պատրաստվում էր մեկնել Լոնդոն։ Այս բանի հետ Սթեփլտոնն առերևույթ համաձայնեց։ Սակայն չէր կարելի ոչ մի րոպե կորցենլ, այլապես զոհը կարող էր դուրս պրծնել։ Սթեփլտոնը միսիս Լայոնսին հարկադրեց նամակ գրել սըր Չարլզին, որով աղաչում էր ծերունուն Բասկերվիլ֊հոլլից մեկնելուց առաջ հնարավորություն տար տեսնվելու հետը։ Ապա պատշաճ պատրվակով նա համոզեց այդ կնոջը չգնալ տեսակցության, և ահա երկար սպասված առիթը ներկայացավ։ Երեկոյան վերադառնալով Կումբի֊Թրեսիից, Սթեփլտոնը հասցրեց վազել շան ետևից, օծել նրան այդ դժոխային պատրաստուկով ու բերեց այնտեղ, ուր պիտի գար ծերունին։ Տիրոջ կողմից քսի տված շունը թռավ դռնակի վրայից ու սլացավ դժբախտ ծերունու ետևից, որն աղաղակներով փախչում էր կարմրածառի ծառուղով։ Պատկերացնում եմ, թե ի՜նչ սարսափելի էր դա։ Շուրջը խավար է, և այդ խավարում ետևիցդ սլանում է փայլուն երախով ու հրեղեն աչքերով ինչ֊որ մի վիթխարի մի բան։ Բարոնետի սիրտը չդիմացավ, և նա անշունչ փռվեց ծառուղու վերջում։ Շունը նրա ետևից սլանում էր ճիմի նեղ շերտի վրայով, ուստի ճանապարհին ոչ մի հետք չկար, բացի մարդկանց հետքերից։ Երբ սըր Չարլզն ընկել է, նա, հավանաբար, հոտոտել է նրան, բայց առանց մեռածին ձեռք տալու փախել է։ Հենց այդ հետքերն էլ նկատել է դոկտոր Մորտիմերը։ Սթեփլտոնը կանչեց շանը ու շտապեց ետ տանել նրան Գրիմպենյան ճահճուտի խորքը։ Այսպես է առաջացել այդ հանելուկը, որը մոլորեցրեց ոստիկանությանը, շրջակայքի ողջ բնակչությունը տագնապի մատնեց և, վերջապես, ներկայացվեց մեր քննությանը։ Ահա այն ամենը, ինչ վերաբերում է սըր Չարլզ Բասկերվիլի մահվանը։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ սատանայական խորամանկությամբ է այդ մարդը իր գործը սարքել։ Չէ որ հանցագործին մերկացնելն անհնարին էր։ Գործակիցը միայն մեկն էր, ըստ որում այնպիսին, որը չէր մատնի։ Իսկ ողջ մտահղացման անըմբռնելի, ֆանտաստիկ բնույթն արդեն իսկ լիովին խճճեց հետաքննությունը։ Այս գործին խառնված երկու կանայք էլ՝ միսիս Սթեփլտոնն ու միսիս Լաուրա Լայոնսը, կռահում էին, թե ով է սըր Չարլզի մահվան իսկական մեղավորը։ Միսիս Սթեփլտոնը գիտեր, որ ամուսինը դավեր է նյութում ծերունու դեմ, գիտեր նաև շան գոյության մասին։ Միսիս Լայոնսն ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մասին, բայց նրան ապշեցրեց, որ սըր Չարլզի մահը համընկավ դռնակի մոտ չկայացած տեսակցության հետ, որի մասին բացի Սթեփլտոնից, ոչ ոք չգիտեր։ Բայց նրանք երկուսն էլ ամբողջովին նրա իշխանության տակ էին, և նա կարող էր չվախենալ նրանցից։ Այսպիսով, խնդրի առաջին կեսը հաջողությամբ կատարվեց, մնաց երկրորդը՝ շատ ավելի դժվարը։ Շատ հնարավոր է, որ Սթեփլտոնն սկզբում նույնիսկ չէր կասկածում Կանադայում գոյություն ունեցող ժառանգորդի մասին։ Բայց նա չհապաղեց իմանալ այդ մասին իր բարեկամ դոկտոր Մորտիմերից, որը միաժամանակ տեղեկացրեց նրան, թե երբ է ժամանելու սըր Հենրի Բասկերվիլը։ Ամենից առաջ նրա գլխում միտք ծագեց, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ երիտասարդ կանադացու հետ հաշիվները մաքրել Լոնդոնում, մինչև նրա Դևոնշիր ժամանելը։ Սթեփլտոնն այլևս կնոջը չէր վստահում, հիշելով, որ նա հրաժարվեց ծերունի Բասկերվիլին իր ցանցի մեջ գցելուց։ Երկար ժամանակ նրան մենակ թողնել նույնպես չէր համարձակվում՝ այդպես կարող էր իշխանությունը լիովին կորցնել նրա նկատմամբ։ Հարկադրաված միասին մեկնեցին Լոնդոն։ Նրանք կանգ էին առել, ինչպես հետո պարզեցի, «Մեքսբորո» հյուրանոցում՝ Կրևեն֊ստրիտ փողոցում, որտեղ Քարթրայթը նույնպես եղել է «Թայմսի» կտրտված էջը որոնելիս։ Սթեփլտոնը կնոջը փակեց համարում, իսկ ինքը, կեղծ մորուք կպցնելով, գնաց դոկտոր Մորտիմերի ետևից՝ Բեյքր֊ստիտ, կայարան, «Նորտումբերլինգ» հյուրանոց։ Միսիս Սթեփլտոնը կասկածում էր, թե ամուսինն ինչ ծրագրեր է կազմում, բայց այնպես էր վախենում նրանից, որ չհամարձակվեց սըր Հենրիին գրել սպառնացող վտանգի մասին։ Եթե նամակն ընկներ Սթեփլտոնի ձեռքը, ո՞վ կերաշխավորեր նրա կյանքի համար։ Վերջ ի վերջո, ինչպես գիտենք, նա դիմեց խորամանկության․ անհրաժեշտ բառերը կտրեց լրագրից ու հասցեն գրեց փոխված ձեռագրով։ Նամակը հասավ բարոնետին՝ ծառայելով իբրև առաջին նախազգուշացում։ Սթեփլտոնին ամեն գնով հարկավոր էր սըր Հենրիի հագուստներից որևէ իր՝ այն դեպքում, եթե հարկ լիներ շանը բաց թողնել նրա ետևից։ Ինչպես միշտ, գործելով արագ ու համարձակ՝ նա չհապաղեց և մենք կարող ենք չկասկածել, որ թե՛ միջանցքի սպասավորը, թե՛ աղախինը առատորեն վարձատրվել էին օգնության համար։ Ավա՜ղ, առաջին կոշիկը հագնված չէր և, հետևաբար, անպետք էր։ Նա վերադարձրեց այն ու փոխարենը ուրիշն ստացավ։ Այդ փաստից ես շատ կարևոր եզրակացություն արեցի։ Ինձ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք իսկական շան հետ, քանզի միայն դրանով կարելի էր բացատրել կոշիկն ստանալու Սթեփլտոնի ջանքերը։ Որքան անհեթեթ ու կոպիտ է թվում ձեզ որևէ մանրամասնություն, այնքան մեծ ուշադրության է արժանի այն։ Այն հանգամանքները, որոնք առաջին հայացքից միայն բարդացնում են գործը, ամենից հաճախ են հասցնում խնդրի լուծմանը։ Անհրաժեշտ է միայն ինչպես հարկն է, ոչ դիլետանտորեն, գլուխ հանել դրանցից։ Հաջորդ առավոտյան մեր բարեկամները եկան մեզ մոտ, իսկ Սթեփլտոնը հեռվից կառքով հետևում էր նրանց։ Շատ նշաններից դատելով և թեկուզ նրանից, որ նա գիտեր ինձ դեմքով, գիտեր նաև իմ հասցեն, նրա կարիերան չի սահմանափակվել միայն բասկերվիլյան գործով, ես դրանում համարյա համոզված եմ։ Այսպես, օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում արևմտյան կոմսություններում չորս խոշոր կողոպուտ է կատարվել, իսկ հանցագործներին հայտնաբերել չի հաջողվել։ Դրանցից վերջինը, դա եղել է մայիս ամսին Ֆոլքսթոն֊Կորտում, ավարտվել է ոչ առանց արյունահեղության։ Դիմակավորված գողը ատրճանակի կրակոցով գետին է փռել վրա հասած ծառայող֊տղային։ Այժմ ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը այդ միջոցով կարգավորում էր խարխլված ֆինանսական գործերը, և որ նա վաղուց արեն վտանգավոր հանցագործ էր։ Նրա հնարամտության ու հանդգնության մեջ կարող էինք համոզվել այն առավոտ, երբ նա այնպես ճարպկորեն ճողոպրեց մեզնից և հետո ներկայացավ իմ անունով՝ հիանալի գիտենալով, որ ես կգտնեմ այդ կառապանին։ Եվ այդ ժամանակ Սթեփլտոնը հասկացավ, որ Լոնդոնում չի կարող հաջողության վրա հույս դնել, քանի որ այդ գործն իմ ձեռքում է։ Նա մեկնեց Դարթմուր և սկսեց սպասել բարոնետի ժամանելուն․․․ ― Սապսեցե՛ք, ընդհատեցի ես Հոլմսին։ ― Դուք միանգամայն ճիշտ շարադրեցիք դեպքերի ընթացքը, բայց մի կետ այնուամենայնիվ ինձ համար պարզ չէ։ Ի՞նչ եղավ շունը, երբ նրա տերը Լոնդոն մեկնեց։ ― Շատ էական հարց է, ես ինքս էլ եմ դրանով հետաքրքրվել։ Սթեփլտոնը, անշուշտ, ինչ֊որ համախոհ ուներ, չնայած, դժվար թե նա իր բոլոր ծրագրերին տեղյակ պահեր նրան․ դա կնաշանակեր լիովին ընկնել նրա իշխանության տակ։ Հիշո՞ւմ եք Մերիփիթ֊հաուսի ծառային՝ ծերուկ Անտոնիին։ Նա Սթեփլտոնների մոտ ապրել էր մի քանի տարի, դեռևս այն ժամանակ, երբ նրանք դպրոց ունեին, և իհարկե գիտեր, որ նրանք մարդ ու կին են։ Ահա ուրեմն, հենց այդ նույն Անտոնին անհետ կորել է, Անգլիայում չկա այլևս։ Ուշադրություն դարձրեք նաև այն բանի վրա, որ Անտոնի անունը մեզ մոտ հազվադեպ է պատահում, Իսկ Իսպանիայում և Լատինական Ամերիկայում Անտոնիոներ հանդիպում են ամեն քայլափոխի։ Ծերուկը անգլերեն խոսում էր միսիս Սթեփլտոնից ոչ վատ, բայց նույն տարօրինակ ակցենտով։ Ինքս եմ տեսե, թե ինչպես է նա Սթեփլտոնի նշած արահետով գնացել Գրիմպենյան ճահճուտի խորքերը։ Ուստի, շատ հավանական է, որ տիրոջ բացակայության ժամանակ շանը ծերուկ Անտոնին էր կերակրում, չնայած կարող է պատահել, որ չիմանար, թե ինչ նպատակով են նրան այդտեղ պահում։ Եվ այսպես, Սթեփլտոնները վերադարձան Դևոնշիր, իսկ շուտով դուք ևս սըր Հենրիի հետ հասաք այնտեղ։ Այժմ մի քանի խոսք կասեմ իմ մասին։ Հավանաբար հիշում եք, որ սըր Հենրիին ուղարկված նամակը զննելով, ես հետաքրքրվեցի, թե արդյոք նրա վրա ջրանիշներ կա՞ն։ Թերթիկը մոտեցրի աչքերիս և թեթև հոտ զգացի՝ «Սպիտակ հասմիկի» հոտ։ Կան յոթանասուներեք տեսակի օծանելիքներ, որոնք փորձված խուզարկուն պետք է կարողանա տարբերել իրարից։ Սեփական փորձով համոզվել եմ, որ հանցագործությունների հաջող հետաքննությունը շատ անգամ կախված է եղել դրանից։ Եթե հասմիկի հոտ է գալիս, ուրեմն՝ նամակի հեղինակը կին է, իսկ այդ ժամանակ Սթեփլտոններն արդեն սկսել էին հետաքրքրել ինձ։ Եվ այդպես, դեռևս Դևոնշիր մեկնելուցս առաջ ես հասկացա, որ շունն իսկապես գոյություն ունի և գլխի ընկա, թե ով է հանցագործը։ Պետք էր Սթեփլտոնին հետևել։ Բայց եթե ես հետևեի նրան՝ լինելով ձեզ հետ, նա անմիջապես կզգուշանար։ Հարկ եղավ խաբել բոլորին, այդ թվում և ձեզ։ Ես ասացի, որ մնում եմ Լոնդոնում, բայց եկա ձեր ետևից։ Այն զրկանքները, որ հարկ եղավ կրել, այքան էլ սարսափելի չէին, որքան թվում է ձեզ։ Բացի այդ, նման դատարկ բաները չպետք է խանգարեն մեր աշխատանքին։ Ես ապրում էի, իսկապես, Կումբի֊Թրեսիում և այցելում էի ճահիճների անձավը միայն այն դեպքերում, երբ պահանջվում էր գործողության վայրին մոտ գտնվել։ Քարթրայտը Դևոնշիր եկավ ինձ հետ․ գյուղական տղայի տեսքով թափառելով ամենուր, նա մեծ օգնություն ցույց տվեց ինձ։ Բացի դրանից նա ինձ կերակրում ու մաքուր սպիտակեղեն էր մատակարարում և հետևում էր ձեզ, երբ ես զբաղված էի լինում Սթեփլտոնով։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, բոլոր թելերն իմ ձեռքում էին։ Դուք արդեն գիտեք, որ ձեր հաշվետվությունները Բեյքր֊ստրիտից անմիջապես ուղարկվում էին Կոմբի֊Թրեսի։ Ես դրանցից շատ բան քաղեցի, հատկապես նրանցից, ուր հայտնվում էր Սթեփլտոնների կենսագրության միակ ճիշտ էպիզոդը։ Դրանից հետո դժվար չէր պարզել նրանց երկուսի անձնավորությունը, և ես հասկացա, թե ում հետ գործ ունեմ։ Սակայն հետաքննությունը բարդանում էր մի կողմնակի հանգամանքով՝ աքսորականի փախուստով և Բերիմոռների հետ ունեցած նրա կապով։ Բայց դուք այդ հանգույցն էլ լուծեցիք, չնայած ես էլ էի արդեն հանգել նույն եզրակացության սեփական զննումներիս շնորհիվ։ Երբ դուք ճահճի անձավում գտաք ինձ, հանցագործության պատկերն արդեն լիովին պարզված էր, բայց դեռ վաղաժամ էր գործը երդվայլների դատարանին հանձնել։ Նույնիսկ Սթեփլտոնի անհաջող մահափորձը սըր Հենրիի դեմ, որն ավարտվեց չարաբաստիկ աքսորականի մահով, ուղղակի հանցանշաններ չէր տալիս։ Մնում էր միակ ելքը՝ բռնել նրան հանցանքի վայրում՝ սըր Հենրիին դնելով որպես խայծ։ Բարոնետը պետք է գնար մեն֊մենակ, իբր ոչ ոքի կողմից չպաշտպանված։ Այդպես էլ արեցինք, և ծանր ցնցումի գնով, որ ապրեց մեր բարեկամը, ոչ միայն ավարտեցինք մեր հետաքննությունը, այլև Սթեփլտոնին հասցրինք կործանման։ Հաճախորդիս այդպիսի փորձության ենթարկելով, ես, իհարկե, գործը վատ վարելու համար լիովին արժանի եմ հանդիմանության, սակայն նախօրոք ո՞վ կարող էր իմանալ, թե ինչպիսի սարսափելի, ցնցող տեսարան կտեսնենք, ո՞վ կարող էր նախատեսել, որ գիշերը մառախուղ կլինի, և շունն այնտեղից ուղղակի կնետվի մեզ վրա։ Մենք թանկ գնով հասանք մեր նպատակին, բայց երկու բժիշկն էլ՝ և՛ նյարդային հիվանդությունների մասնագետը, և՛ դոկտոր Մորտիմերը, հավատացնում են, որ սըր Հենրին շուտով կապաքինվի։ Ճանապարհորդությունը մեր բարեկամին կօգնի ոչ միայն ամրապնդելու ցնցված նյարդերը, այլև բուժելու սրտի վերքերը։ Չէ՞ որ նա այնպես խաբվեց միսիս Սթեփլտոնի հարցում, որի հանդեպ այնքան անկեղծ ու խոր զգացմունք էր տածում։ Դա ամենից շատ է տանջում նրան։ Այժմ ինձ մնում է պատմել, թե այդ կինն ինչ դեր է խաղացել, այս մռայլ պատմության մեջ։ Ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը նրան լիովին ենթարկել էր իր ազդեցությանը։ Ինչո՞վ բացատրել դա։ Սիրո՞ւմ էր նրան, թե վախենում, կամ գուցե և՛ մեկը, և՛ մյուսը։ Չէ՞ որ այդ երկու զգացմունքները լիովին համատեղելի են։ Համենայն դեպս, մարդը գործում է հաստատապես։ Միսիս Սթեփլտոնը համաձայնեց հանդես գալ որպես նրա քույրը, բայց ուղղակի մեղսակից դառնալ հանցգործությանը, այնուամենայնիվ, կտրականապես հրաժարվեց, և այդտեղ ամուսինը համոզվեց, որ իր իշխանությունը նրա վրա անսահման չէ։ Կինը շատ անգամ է փորձել սպառնացող վտանգի մասին նախազգուշացնել սըր Հենրիին, բայց դա այնպես է արել, որ ամուսնուն չմատնի։ Ըստ երևույթին Սթեփլտոնը խանդոտ էր, և երբ բարոնետն սկսեց քնքուշ զգացումներ տածել իր սրտի տիկնոջ նկատմամբ, Սթեփլտոնը չդիմացավ, չնայած դա մտնում էր նրա ծրագրերի մեջ, և կատաղի բորբոքման պահին մատնեց մինչ այդ խնամքով թաքցրած իր խառնվածքի ողջ կրքոտությունը։ Բայց և այնպես, նա շարունկեց խրախուսել սըր Հենրիի սիրահետումները, հուսալով, որ նա Մերիփեթ֊հաուսի հաճախակի հյուրը կդառնա և վաղ թե ուշ կընկնի իր ճանկը։ Բայց ամենավճռական պահին կինը ըմբոստացավ։ Նա լսել էր փախած աքսորականի վախճանի մասին և իմացել էր, որ այդ գիշեր, երբ սըր Հենրին պետք է գար ճաշի, շանը փոխադրել էին բակի ցախատունը։ Դրան հաջորդեց բուռն մի տեսարան։ Միսիս Սթեփլտոնը ոճրագործ անվանեց ամուսնուն և առաջին անգամ նրանից լսեց, որ ինքը մրցակցուհի ունի։ Երբեմնի հավատարմությունը տեղի տվեց ատելությամբ։ Սթեփլտոնը հասկացավ, որ կինն իրեն կմատնի ու կապեց նրան, որպեսզի նա չկարողանա սըր Հենրիին նախազգուշացնել։ Նրա բոլոր հաշվարկները հենվում էին այն բանի վրա, որ, իմանալով բարոնետի մահվան մասին, կոմսությունում կհիշեն Բասկերվիլների տոհմի գլխին կախված անեծքի մասին, և այնժամ նա նորից կհարկադրի կնոջը հնազանդվել ու լռել։ Սթեփլտոնն այստեղ էլ սխալվեց։ Նրա ճակատագիրը որոշված էր առանց մեր իսկ մասնակցության։ Կինը, որի երկաներում իսպանական արյուն էր հոսում, չէր ների նրա դավաճանությունը։ Ահա և բոլորը, թանկագին Ուոթսն։ Իսկ եթե ձեզ ավելի հանգամանալից հաշվետվություն է պետք այս արտակարգ գործի մասին, ապա ես պետք է նայեմ իմ գրառումները։ Բայց ես, կարծեմ, ոչ մի էական բան բաց չթողի։ ― Մի՞թե Սթեփլտոնը հույս ուներ, որ այդ խրտվիլակին տեսնելով՝ սըր Հենրին նույնպես վախից կմեռնի։ ― Շունը միանգամայն վայրի էր, բացի դրանից, կիսաքաղց էր պահում։ Եթե սըր Հենրին տեղնուտեղը չմեռներ, ապա, համենայն դեպս, այդպիսի սարսափելի տեսարանը կարող էր կաթվածահար անել նրա ուժերը, և նա չէր կարող ոչ մի դիմադրություն ցույց տալ։ ― Այո, թերևս։ Այժմ միայն մնում է մի հարց։ Եթե Սթեփլտոնն ապացուցեր Բասկերվիլ֊հոլլի նկատմամբ իր իրավունքները, ինչպե՞ս կարող էր բացատրել այն փաստը, որ, լինելով ժառանգորդ, ապրում էր ուրիշի անվան տակ և այն էլ կալվածքին այդքան մոտիկ։ Մի՞թե դա կասկած չէր հարուցի։ ― Այդ հարցին հազիվ թե կարողանամ պատասխանել, դուք չափազանց շատ բան եք պահանջում ինձանից։ Իմ գործունեության ոլորտը անցյալն ու ներկան են։ Թե մարդն ինչ է պատրաստվում անել ապագայում՝ հանձն չեմ առնում լուծել։ Միսիս Սթեփլտոնի ասելով, նրա ամուսինը շատ անգամներ է մտածել այդ մասին։ Նա կարող էր երեք ելք գտնել։ Առաջին․ մեկնել Հարավային Ամերիկա, այնտեղ հաստատել իր անձը բրիտանական հյուպատոսությունում և ժառանգությունը պահանջել այնտեղից, առանց Անգլիա գալու։ Երկրորդ․ այդ ամենն անել Լոնդոնում՝ նախօրոք անճանաչելիորեն կերպարանափոխելով իրեն։ Եվ երրորդ․ իբրև ժառանգ ներկայացնել դրածո անձի, տալով նրան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ իրեն վերապահելով եկամուտների որոշակի մասը։ Ճանաչելով Սթեփլտոնին՝ կարող ենք չկասկածել, որ այս կամ այն ելքը կգտնվեր։ Իսկ այժմ, բարեկամս, մտածենք ավելի հաճելի բաների շուրջ։ Այդպիսի ծանր աշխատանքի շաբաթները մեզ ազատ երեկոյի իրավունք են տալիս։ Ես օթյակ եմ վերցրել օպերայում։ Դուք «Հուգենոտներում» լսե՞լ եք Ռեցկեին։ Այսպես, ուրեմն, բարի եղեք կես ժամվա ընթացքում պատրաստ լինել։ Այնժամ ճանապարհին կանցնենք Մարցինիի մոտ և հանգիստ կճաշենք։
Ադմին, Վստահելի
1876
edits