Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 61 082 բայտ, 19:57, 4 Մայիսի 2014
/* Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է» */
Չնայած այդ խոսքերը չարագուշակ հնչեցին, բայց ես հետևեցի նրան։ Օստինը, որ նման էր փայտե աստծու, դուռը ծածկեց մեր ետևից։
 
 
==Գլուխ IV «Մեծագույն հայտնագործությունը աշխարհում»==
 
 
Հազիվ էր դուռը մեր ետևից փակվել, երբ սեղանատնից դուրս վազեց միսիս Չելենջերը։ Այդ փոքրիկ կինը բարկությունից իրեն կորցրել էր։ Նա կանգնեց ամուսնու առաջ, ինչպես գրգռված թուխս, որը կրծքով է դիմավորում բուլդոգին։ Ինչպես երևում է, միսիս Չելենջերն ականատես էր եղել իմ դուրս վռնդվելուն, բայց իմ վերադարձը չէր նկատել։
 
― Ջո՛րջ, այդ ի՜նչ գազանություն է, ― ծղրտաց նա։ ― Դու հաշմանդամ դարձրիր այն սիրելի պատանուն։
 
― Ահա նա՝ ողջ և առորղջ։
 
Միսիս Չելենջերը շփոթվեց, բայց արագ տիըապետեց իրեն։
 
― Ներեցեք, ես ձեզ չնկատեցի։
 
― Մի անհանգստացեք, տիկին, ոչ մի սարսափելի բան չի պատահել։
 
― Բայց նա ձեր աչքի տակը կապտացրել է։ Ի՜նչ խայտառակություն․․․ Մեզ մոտ շաբաթ չի անցնում առանց սկանդալի։ Ջո՛րջ, բոլորը քեզ ատում են, չարախնդում քեզ վրա։ Ո՛չ, համբերությունս վերջացավ։ Սա էլ արդեն բաժակը լցրեց։
 
― Կեղտոտ սպիտակեղենը մի՛ խառնշտորի մարդկանց մոտ, ― թնդաց պրոֆեսորը։
 
― Ո՛չ ոքի համար այդ գաղտնիք չէ, ― ճչաց կինը։ ― Մի՞թե դու կարծում ես, թե այս բաները մեր ամբողջ փողոցին, ի՜նչ եմ ասում՝ ամբողջ Լոնդոնին հայտնի չեն․․․ Օստին, դուք մեզ հարկավոր չեք, կարող եք գնալ։ Բոլորը, ովքեր չեն ծուլանում, բամբասում են քեզ։ Դու մոռանում ես սեփական արժանապատվության մասին։ Դու, որ պետք է պրոֆեսոր լինեիր մի մեծ համալսարանում, ուսանողների հարգանքը վայելեիր։ Ո՞ւ ր է քո արժանապատվությունըմ Ջո՛րջ։
 
― Իսկ քո՞նը որտեղ է, թանկագինս։
 
― Աստված գիտե, թե ուր հասցրիր դու ինձ։ Խուլիգան, հայտնի խուլիգան։ Ահա թե ինչ ես դարձել դու։
 
― Ջեսսի, ուշքի եկ։
 
― Անզուսպ սկանդալիստ։
 
― Բավական՛ն է։ Այդպիսի խոսքերի համար հարկավոր է խայտառակության սյունին բարձրացնել, ― ասաց պրոֆեսորը։
 
Եվ, ի մեծ զարմանս իմ, նա կռացավ, բարձրացրեց կնոջը և դրեց հոլլի անկյունում կանգնած սև մարմարե բարձր պատվանդանին։ Այդ պատվանդանը, որն առնվազն յոթ ոթնաչափ բարձրություն ուներ, այնքան նեղ էր, որ միսիս Չելենջերը հազիվ էր իրեն պահում նրա վրա։ Դժվար էր ավելի անհեթեթ տեսարան պատկերացնել․ վախենալով ցած գլորվելուց՝ կինը ասես քարացել էր զայրույթից աղճատված դեմքով և հազիվ միայն ոտքերն էր ցնցում։
 
― Իջեցրու, ― վերջապես աղաչեց միսիս Չելենջերը։
 
― Ասա՝ «խնդրում եմ»։
 
― Սա խայտառակություն է, Ջորջ։ Ա՛յս րոպեիս իջեցրու ինձ։
 
― Միստր Մելոուն, գնանք իմ կաբինետը։
 
― Բայց ներեցեք, սըր․․․ ― ասացի ես՝ նայելով նրա կնոջը։
 
― Լսո՞ւմ ես Ջեսսի։ Միստր Մելոունը միջնորդում է քեզ համար։ Ասա՛ «խնդրում եմ», այն ժամանակ կիջեցնեմ։
 
― Խայտառակություն։ Դե, խնդրում եմ, խնդրում եմ։
 
Չելենջերն այնպիսի թեթևությամբ ցած բերեց կնոջը, ասես թե նա դեղձանիկից ծանր չէր։
 
― Քեզ կարգին պահիր, թանկագինս։ Միստր Մելոունը մամուլի ներկայացուցիչ է։ Վաղն ևեթ նա այս ամենը կխցկի իր ողորմելի թերթուկի մեջ և տիրաժի մեծ մասը կվաճառի մեր հարևաններին։ «Մի բարձրաստիճան անձի տարօրինակ քմայքները»։ Բարձրաստիճան անձը՝ դու ես, Ջեսսի․ հիշիր, թե մի քանի րոպե առաջ որտեղ էի կանգնեցրել քեզ։ Հետո գալիս է ենթավերնագիրը․ «Մի օրիգինալ ամուսնական զույգի կյանքից»։ Այս միստր Մելոունը ոչնչից չի խորշում, նա էլ իր գրչակիցների նման սնվում է լեշով․ porcus ex grege diaboli ― սատանայի հոտի խոզ է։ Ճի՞շտ եմ ասում, միստր Մելոուն։
 
― Դուք իսկապես որ անտանելի եք, ― վրդովված ասացի ես։
 
Պրոֆեսորը քրքրջաց։
 
― Խնդրեմ, երկուսով միացեք իմ դեմ, ― որոտաց նա՝ դուրս ցցելով իր հզոր կուրծքը և նայելով մերթ իմ կողմը, մերթ կնոջ։ Հետո արդեն բոլորովին այլ տոնով ավելացրեց, ― միստր Մելոուն, ներեցեք մեզ այս անմեղ ընտանեկան զվարճությունները։ Ես ձեզ առաջարկեցի վերադառնալ ամենևին էլ ոչ նրա համար, որպեսզի մասնակից դարձնեմ անվնաս վեճերին։ Դե, տիկին, մարշ այստեղից և առանց բարկության, խնդրում եմ։ ― Նա իր վիթխարի ձեռքերը դրեց կնոջ ուսերին։ ― Դու իրավացի ես, ինչպես միշտ։ Եթե Ջորջ Էդուարդ Չելենջերը լսեր քո խորհուրդները, շատ ավելի հարգարժան մարդ կլիներ, միայն թե ինքը չէր լինի։ Հարգարժան մարդիկ շատ կան, թանկագինս, իսկ Ջորջ Էդուարդ Չելենջերը միակն է աշխարհում։ Այնպես որ ջանա մի կերպ յոլա գնալ նրա հետ։ ― Նա հնչյուն համբույր դրոշմեց կնոջ երեսին, որն ինձ շատ ավելի շփոթեց, քան նրա վայրի արարքները։ ― Իսկ հիմա, միստր Մելոուն, ― շարունակեց պրոֆեսորը՝ նորից վեհաշուք տեսք ընդունելով, ― բարի եղեք այստեղ գալաու։
 
Մենք ներս մտանք նույն սենյակը, որտեղից տասը րոպե առաջ այնպիսի դղրդոցով դուրս էինք թռել։ Պրոֆեսորն իր ետևից ուշադիր ծածկեց դուռը, ինձ նստեցրեց բազկաթոռին և սիգարի տուփը առաջս դրեց։
 
― Իսկական «Սան֊Խուան Կոլորադո» է, ― ասաց նա։ ― Ձեզ նման հեշտ գրգռվող մարդկանց վրա նարկոտիկները լավ են ներգործում։ Աստվա՜ծ իմ, ո՞վ է ծայրը կծում։ Կտրեցե՛ք։ Պետք է հարգանք ունենալ սիգարի նկատմամբ։ Իսկ այժմ ետ ընկեք բազկաթոռի թիկնակին և ուշադիր լսեք այն ամենը, ինչ որ կբարեհաճեմ ասել ձեզ։ Եթե հարցեր կունենաք, ջանացեք հետաձգել ավելի հարմար ժամանակի։ Ամենից առաջ՝ ձեր վերադարձի մասին իմ տուն՝ միանգամայն արդարացի արտաքսումից հետո։ ― Նա մորուքն առաջ ցցեց և հայացքը հառեց ինձ վրա այնպես, ասես սպասում էր, թե ես նորից վեճի կբռնվեմ։ ― Եվ այսպես, կրկնում եմ՝ ձեր միանգամայն արդարացի արտաքսումից հետո ինչո՞ւ ես ձեզ հրավիրեցի վերադառնալ։ Որովհետև ինձ դուր եկավ այն լիրբ ոստիկանին տված ձեր պատասխանը, որի մեջ նկատեցի օրինավորության որոշ նշույլներ, որ հատուկ չէ ձեր մասնագիտության ներկայացուցիչներին։ Ընդունելով, որ մեղքը ձերն է, դուք հանդես բերեցիք որոշ օբյեկտիվություն և հայացքնեի լայնություն, որոնք արժանացան իմ բարեհաճ ուշադրությանը։ Մարդկային ցեղի ստորին ներկայացուցիչները, որոնց թվին, դժբախտաբար, պատկանում եք նաև դուք, միշտ դուրս են գտնվել իմ մտավոր տեսադաշտից։ Ոստիկանին տված ձեր պատասխանը մեկեն ձեզ իմ տեսադաշտի մեջ առավ։ Ես ուզեցի ավելի մոտ ծանոթանալ ձեզ և առաջարկեցի վերադառնալ։ Բարի եղեք մոխիրը թափ տալ ճապոնական մոխրամանի մեջ, որ դրված է ձեր կողքի բամբուկե սեղանին։
 
Այդ ամենը պրոֆեսորը վրա տվեց առանց դադարի, ասես ուսանողներին դասախոսություն էր կարդում։ Նա նստել էր դեմքով դեպի ինձ, փքված, ինչպես վիթխարի դոդոշ, գլուխը ետ էր գցել, աչքերը կկոցել ամբարտավանորեն։ Հանկարծ նա դարձավ ինձ կողքանց, այնպես որ ես տեսնում էի միայն նրա մազափուջը, որը կախվել էր դուրս ընկած կարմիր ականջի վրա, խառնշտորեց սեղանի վրա թափված թղթերի կույտը և այնտեղից դուրս հանեց ինչ֊որ խիստ քրքրված մի գրքույկ։
 
― Ես ուզում եմ որոշ բաներ պատմել ձեզ Հարավային Ամերիկայի մասին, ― սկսեց նա։ ― Ձեր դիտողությունները կարող եք պահել ձեզ։ Ամենից առաջ բարի եղեք հիշել․ այն, ինչ որ հիմա կլսեք, արգելում եմ հրապարակել ինչ ձևով ուզում է լինի, մինչև որ համապատսխան թույլտվություն չստանաք ինձանից։ Ամենայն հավանականությամբ, այդ թույլտվությունը երբեք չի տրվի։ Հասկանալի՞ է։
 
― Ինչի՞ համար է այդպիսի չափից դուրս խստությունը, ― ասացի ես։ ― Ըստ իս, անաչառ շարադրումը․․․
 
Նա գրքույկը դրեց սեղանին։
 
― Այլևս խոսելիք չունենք։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ։
 
― Ո՛չ, ո՛չ, համաձայն եմ ամեն մի պայմանի, ― բացականչեցի ես։ ― Չէ՞ որ ես ընտրություն կատարել չեմ կարող։
 
― Ընտրության մասին խոսք անգամ լինել չի կարող, ― հաստատեց նա։
 
― Այդ դեպքում խոստանում եմ լռել։
 
― Ազնիվ խո՞սք։
 
Նա չափեց ինձ լկտի ու անվստահ հայացքով։
 
― Իսկ ի՞նչ գիտեմ, թե ինչպիսին են ազնվության մասին ձեր հասկացողությունները։
 
― Դե, գիտե՛ք, սըր, ― զայրացա ես, ― դուք չափազանց շատ բան եք թույլ տալիս ձեզ։ Ես դեռևս այդպիսի վիրավորանքներ չեմ լսել։
 
Իմ բորբոքվելը նրան հավասարակշռությունից չհանեց, այլ, ընդհակառակը, նույնիսկ հետաքրքրեց։
 
― Կարճագլուխ տիպ, ― շշնջաց նա։ ― Բրախիցեֆալ, <ref>կարճ կամ կլորագլուխ</ref> գորշ աչքեր, սև մազեր, նեգրոիդի որոշ գծեր․․․ Դուք, հավանորեն, կե՞լտ<ref>Կելտեր ― ցեղերի մի խումբ, որոնք դեռևս երկրորդ հազարամյակում մինչև մեր դարաշրջան ապրում էին արևմտյան Եվրոպայում և հետագայում գրավեցին ժամանակակից Ֆրանսիան, Բելգիան, Բրիտանիան և իռլանդիան</ref> եք։
 
― Ես իռլանդացի եմ, սըր։
 
― Զտարյո՞ւն։
 
― Այո, սըր։
 
― Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Այսպես, ուրեմն, դուք խոստացաք գաղտնի պահել այն տեղեկությունները, որ կհաղորդեմ ձեզ։ Այդ տեղեկությունները, անշուշտ, խիստ ժլատ են։ Սակայն որոշ հետաքրքիր տվյալներ կհայտնեմ։ Դուք, հավանորեն, գիտեք, որ երկու տարի առաջ ես ճանապարհորդություն կատարեցի Հարավային Ամերիկայում՝ մի ճանապարհորդություն, որը կմտնի համաշխարհային գիտության ոսկե ֆոնդի մեջ։ Իմ նպատակն էր ստուգել Ուոլլեսի<ref>Ուոլլես Ալֆրեդ Ռեսսել (1822 - 1913) ― անգլիացի բնագետ։</ref> և Բեյթսի<ref>Բեյթս Հենրի Ուոլտեր (1825 - 1892) անգլիացի բնագետ և ճանապարհրորդ</ref> որոշ եզրակացությունները, իսկ այդ կարելի էր անել միայն տեղում, նույն պայմաններում, որոնցում նրանք արել էին իրենց դիտողությունները։ Եթե իմ ճանապարհորդության արդյունքները միայն դրանով էլ սահմանափակվեին, միևնույն է, արժանի կլինեին ամենայն ուշադրության, սակայն տեղի ունեցավ մի չնախատեսված հանգամանք, որը հարկադրեց ինձ իմ հետազոտություններն ուղղել միանգամայն նոր ճանապարհով։
 
Երևի ձեզ հայտնի է, ― սակայն ով գիտե, տգիտության մեր դարում ոչ մի բան զարմանալի չէ, ― որ որոշ տեղեր, որոնցով հոսում է Ամազոն գետը, լրիվ ուսումնասիրված չեն, և որ նրա մեջ թափվում են բազմաթիվ վտակներ, որոնք մինչև այժմ քարտեզի վրա չեն անցկացված։ Ահա ես էլ իմ առաջ խնդիր դրի այցելել այդ սակավ հայտնի վայրերը և հետազոտել նրանց ֆաունան։ Այնքան նյութ հավաքեցի, որ հերիք կանի մի քանի գլուխ ավելացնելու այն վիթխարի, մոնումենտալ կենդանաբանական աշխատությանը, որը կծառայի իբրև իմ ողջ կյանքի արդարացումը։ Ավարտելով էքսպոզիցիան, վերադառնում էի տուն։ Մի անգամ հարկ եղավ գիշերելու հնդկական մի փոքրիկ ավանում, ոչ հեռու այնտեղից, ուր Ամազոն է թափվում նրա վտակներից մեկը․ այդ վտակի անվան և աշխարհագրական դիրքի մասին լռում եմ։ Ավանում ապրում էին կուկամա ցեղի հնդկացիներ՝ խաղաղ, բայց արդեն այլասերվող մի ժողովուրդ, որի մտավոր մակարդակը հազիվ թե միջին լոնդոնցու մակարդակից բարձր լինի։ Դեռևս իմ առաջին այցելության ժամանակ, երբ բարձրանում էի գետն ի վեր, ես բուժեցի տեղացի մի քանի բնակիչների և ընդհանրապես ուժեղ տպավորություն գործեցի հնդկացիների վրա, ուստի զարմանալի չէ, որ ինձ սպասում էին այնտեղ։ Նրանք իսկույն սկսեցին նշաններով հասկացնել, որ ավանում իմ օգնության կարիքն զգացող մի մարդ կա։ Ես նրանց առաջնորդի ետևից մտա մի խրճիթ։ Ներս մտնելով, համոզվեցի, որ օգնության կարիք զգացող հիվանդը հենց նոր հոգին ավանդել էր։ Ի զարմանս իմ, նա ոչ թե հնդկացի էր, այլ սպիտակ, ամենասպիտակ սպիտակը, եթե կարելի է այդպես արտահայտվել, որովհետև նա ուներ բոլորովին շեկ մազեր և ալբինոսի<ref>Ալբինիզմ ― լսնամաշկություն (աննորմալ սպիտակամաշկություն և սպիտակահերություն):</ref> բոլոր նշանները։ Հագուստից միայն ծվեններ էին մնացել, սարսափելի նիհար մարմինը վկայում էր երկարատև զրկանքների մասին։ Որքան կարողացա հնդկացիներին հասկանալ, նրանք առաջ երբեք այդ մարդուն չէին տեսել․ նա ավան էր եկել անտառից, մենակ, առանց ուղեկիցների, և թուլությունից հազիվ էր ոտքի վրա մնում։ Անծանոթի իրերի պարկը դրված էր նրա կողքին։ Ստուգեցի նրա պարունակությունը։ Ներսի կողմից կարած էր մի պիտակ՝ պարկի տիրոջ անվամբ և հասցեով․ «Մեպլ֊Ուայտ, Լեկլավենյու, Դետրոյթ, Միչիգանի նահանգ»։ Ես միշտ պատրստ եմ այդ անվան առաջ գլուխս խոնարհել։ Չափազանցություն չի լինի ասել, որ երբ իմ կատարած հայտնագործության կարևորությունը ընդհանուր ճանաչում գտնի, նրա անունը կդրվի իմ անվան կողքին։
 
Պարկի պարունակությունը պարզ ասում էր, Մեպլ֊Ուայտը նկարիչ էր ու բանաստեղծ․ նա ճանապարհրորդում էր նոր ու վառ տպավորություններ գտնելու նպատակով։ Պարկի մեջ պահպանվել էին նրա բանաստեղծությունների սևագրերը։ Ես ինձ գիտակ չեմ համարում այդ բնագավառում, բայց կարծում եմ, որ բանաստեղծությունները մի առանձին բանի նման չէին։ Բացի դրանից պարկում գտա բավական միջակ գետային պեյզաժներ, ներկերով լի մի արկղ, մի տուփ ներկամատիտ, վրձիններ, ահա այս ծռված ոսկորը, որ դրված է թանաքամանին, Բեքստերի մի հատորը՝ «Թիթեռներ», էժանագին մի ատրճանակ և մի քանի փամփուշտ։ Անձնական գործածության իրերը նա, հավանորեն կորցրել էր իր թափառումների ժամանակ կամ գուցե բոլորովին էլ չէր ունեցել։ Ամերիկյան բոհեմայի այդ տարօրինակ ներկայացուցիչը ուրիշ ոչինչ չուներ։
 
Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ հանկարծ նկատեցի, որ մի բան դուրս է ցցվել նրա պատառոտված բաճկոնակի գրպանից։ Դա Էտյուդների ալբոմ էր՝ ահա, դրված է ձեր առջև, և նույնպես քրքրված է, ինչպես այն ժամանակ։ Կարող եք համոզված լինել, որ այն օրից, ինչ այս մասունքը ընկել է իմ ձեռքը, ես սրա նկատմամբ նվազ երկյուղածություն չունեմ, քան կունենայի Շեքսպիրի առաջին հրատարակության նկատմամբ։ Այժմ այս ալբոմը հանձնում եմ ձեզ և խնդրում եմ էջ առ էջ նայել, թափանցելով նկարների էության մեջ։
 
Նա ծխեց իր սիգարը, ետ ընկավ աթոռի թիկնակին և, առանց իմ դեմքից կատաղի ու միաժամանակ փորձող հայացքը հեռացնելու՝ սկսեց հետևել, թե ինչ տպավորություն կթողնեն ինձ վրա այդ նկարները։
 
Բաց արի ալբոմը, սպասելով ինչ֊որ հայտնություններ գտնել՝ թե ինչպիսին, ինձ համար էլ պարզ չէր։ Սակայն առաջին էջը հիասթափեցրեց, որովհետև այնտեղ նկարված էր ծովայինի բաճկոնակ հագած հաղթանդամ մի երիտասարդ, իսկ նկարի տակ գրված էր․ «Ջիմմի Կոլվերը փոստային շոգենավի վրա»։ Այնուհետև գալիս էին մի քանի մանր ժանրային ճեպանկարներ հնդկացիների կյանքից։ Հետո մի նկար, ուր պատկերված էր հոգևոր դասի բարեհոգի մի հաստլիկ՝ լայնեզր գլխարկով, սեղանի մոտ նստած մի շատ նիհար եվրոպացու ընկերակցությամբ։ Մակագրությունը բացատրում էր․ «Նախաճաշ Ռոսարիոյում ֆրա Քրիսֆերոյի հետ»։ Հետևյալ էջերը լցված էին կանացի ու մանկական գլուխներով, որոնց հաջորդում էր կենդանիների նկարների ամբողջ մի սերիա այսպիսի մակագրություններով․ «Ծովային կով ավազե ծանծաղուտում», «Կրիաներ և կրիաների ձվեր», «Սև ագուտին<ref>Ագուտի ― կրծողներ, որոնք ապրում են Հարավային և կենտրոնական Ամերիկայի անտառներում։</ref> արմավենու տակ», ― ագուտին խիստ նման էր դուրս եկել խոզի, ― և, վերջապես, հետևյալ երկու էջերը զբաղեցնում էին ինչ֊որ խիստ նողկալի երկարաքիթ թեփամորթների ճեպանկարները։ Չգիտեի ինչ մտածել այդ բոլորի մասին, ուստի բացատրությունների համար դիմեցի պրոֆեսորին․
 
― Սրանք, հավանորեն, կոկորդիլոսնե՞ր են։
 
― Ալիգատորնե՛ր են, ալիգատորնե՛ր։ Հարավային Ամերիկայում իսկական կոկորդիլոսներ չկան։ Մեկ և մյուս տեսակի միջև եղած տարբերությունը այն է․․․
 
― Ուզում եմ ասել միայն, որ մի առանձին բան չեմ տեսնում այստեղ, ո՛չ մի այնպիսի բան, որը հաստատեր ձեր խոսքերը։
 
Նա անխռով ժպիտով պատասխանեց․
 
― Մի էջ ևս շուռ տվեք։
 
Բայց հետևյալ էջն էլ ոչ մի բանում չհամոզեց ինձ։ Դա ջրաներկով հազիվ նշված մի պեյզաժ էր, մեկն այն անավարտ էտյուդներից, որոնք ծառայում են նկարչի համար իբրև ապագա թեմայի ավելի մանրակրկիտ մշակման նմուշներ միայն։ Էտյուդի առջևի պլանը գրավել էին գունատ կանաչավուն փետրատերև բույսեր, որոնք վեր էին բարձրանում զառիվայրով։ Վերջինս անցնում էր մուգ կարմրագույն կողավոր ապառաժների գծին, որոնք նման էին բազալտե կազմավորությունների։ Հետին պլանում այդ ապառաժները կանգնած էին համատարած պարսպով։ Աջ կողմում բարձրանում էր բրգաձև մի ժայռ, որը ըստ երևույթին հիմնական լեռնապարից անջատված էր խոր ծերպով։ Ժայռի գագաթը պսակում էր մի վիթխարի ծառ։ Այդ բոլորի վերևում շողում էր արևադարձային կապույտ երկինքը։ Կանաչի մի բարակ շերտիկ երիզում էր կարմիր ապառաժների բարձունքները։ Հետևյալ էջում տեսա նույն պեյզաժի էլի մի ջրաներկ ճեպանկար, որ արված էր ավելի մոտ տարածությունից, այնպես որ մասերն ավելի հստակ էին երևում։
 
― Դե՞հ, ― ասաց պրոֆեսորը։
 
― Իրոք որ շատ հետաքրքրական կազմավորություն է, ― պատասխանեցի ես, ― բայց դժվարանում եմ դատել, թե որքան բացառիկ է․ չէ՞ որ ես երկրաբան չեմ։
 
― Բացառի՞կ, ― կրկնեց նա։ ― Ախր սա իր տեսակի մեջ միակ լանդշաֆտն է։ Սա թվում է անհավանական։ Այպիսի բան նույնիսկ երազում չի կարող երևալ։ Շուռ տվեք էջը։
 
Ես շուռ տվի և չկարողացա զարմանքի բացականչությունս զսպել։ Ալբոմի էջից ինձ էր նայում ինչ֊որ անսովոր արարած։ Այդպիսի հրեշ կարող էր պատկերվել միայն ափիոն ծխողի տեսիլքներում կամ ջերմախտով տառապող հիվանդի զառանցանքի մեջ։ Նրա գլուխը թռչունի էր, մարմինը՝ ինչպես չափից դուրս փքված խլեզի մարմին, գետով քարշ եկող պոչը փշաքաղվել էր սուր ասեղներով, իսկ կորացած մեջքը ծածկված էր բարձր փշերով, որոնք նման էին աքաղաղի կատարի։ Այդ արարածի դեմ կանգնել էր մի փոքրիկ մարդուկ, համարյա թզուկ։
 
― Դե, ի՞նչ կասեք, ― բացականչեց պրոֆեսորը՝ հաղթական տեսքով շփելով ձեռքերը։
 
― Սա ինչ֊որ հրեշավոր բան է, ինչ֊որ գրոտեսկ։
 
― Իսկ ի՞նչն է ստիպել նկարչին այդպիսի գազան նկարելու։
 
― Կարծում եմ՝ ջինի պատկառելի քանակությունը։
 
― Ավելի լավ բացատրություն չե՞ք կարող մտածել։
 
― Լավ, սըր, իսկ դուք ինքներդ ինչպե՞ս եք բացատրում։
 
― Շատ հասարակ․ այդպիսի կենդանի գոյություն ունի։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ նկարն արված է բնականից։
 
Ես չքրքջացի միայն նրա համար, որ ժամանակին հիշեցի, թե ինչպես էինք անիվի նման գլորվում ամբողջ միջանցքով։
 
― Անկասկած, անկասկած, ― ասացի ես այն հաճոյակատարությամբ, որը սովորաբար շռայլում են տկարամիտների հետ զրուցելիս։ ― Միայն թե ինձ մի փոքր շփոթեցնում է մարդկային այս փոքրիկ կերպարանքը։ Եթե այստեղ հնդկացի նկարված լիներ, կարելի էր մտածել, թե Ամերիկայում գոյություն ունի թզուկների ինչ֊որ ցեղ, բայց սա եվրոպացի է, գլխին խցանե կորդակ ունի։
 
Պրոֆեսորը փնչացրեց, ինչպես կատաղած ցուլ։
 
― Դուք հարստացնում եք ինձ փորձով, ― գոչեց նա։ Մարդկային բթամտության սահմանները շատ ավելի լայն են, քան ես կարծում էի։ Դուք մտավոր լճացում եք ապրում։ Ապշեցուցի՜չ է։
 
Այդ բռնկումն այնքան ահեթեթ էր, որ նույնիսկ չբարկացրեց ինձ։ Եվ մի՞թե արժեր դատարկ տեղը ջղեր մաշել։ Եթե բարկանալու լինեիր այդ մարդու վրա, ուրեմն ամեն րոպե, նրա յուրաքանչյուր խոսքի համար պիտի զայրանայիր։ Ես սահմանափակվեցի հոգնած ժպիտով։
 
― Ինձ ապշեցրին այս թզուկի չափերը, ― ասացի ես։
 
― Հապա մի նայեցե՜ք, ― բղավեց պրոֆեսորը՝ առաջ թեքվելով և մազմզոտ, նրբերշիկի պես հաստ մատը տնկելով ալբոմի էջին։ ― Տեսնո՞ւմ եք ահա այս բույսը կենդանու ետևում։ Դուք հավանորեն, խլածաղկի տեղ ընդունեցիք սա կամ կամ բրուսելյան կաղամբի, ճի՞շտ է։ Ո՛չ պարոն, սա հարավամերիկյան արմավենի է, որը կոչվում է «փղոսկր» և որի բարձրությունը հասնում է հիսուն֊վաթսուն ոտնաչափի։ Մի՞թե չեք հասկանում, որ մարդկային ֆիգուրան իզուր չի նկարված այստեղ։ Նկարիչը չէր կարող ողջ մնալ՝ դեմ առ դեմ հանդիպելով այսպիսի գազանի, ո՜ւր մնաց թե նկարեր։ Նա իրեն նկարել է միայն նրա համար, որպեսզի պատկերացում տա մասշտաբների տարբերության մասին։ Նրա հասակը եղել է․․․ Դե, ասենք, հինգ ոտնաչափից մի քիչ ավելի։ Ծառը, ինչպես և պետք էր սպասել, տասն անգամ ավելի բարձր է։
 
― Տե՜ր աստված, բացականչեցի ես։ ― Ուրեմն, դուք կարծում եք, թե այս արարածը․․․ Ախր եթե սրան բույն փնտրելու լինենք, Չարինգ֊Կրոսս կայարանն էլ փոքր կլինի․․․
 
― Այդ իհարկե չափազանցություն է, բայց իրոք խոշոր օրինակ է, ― հպարտությամբ ասաց պրոֆեսորը։
 
― Բայց հո չի՛ կարելի, ― բացականչեցի ես, ― հո չի՛ կարելի մի նկարի հիման վրա դեն նետել մարդկային ցեղի ամբողջ փորձը։ ― Ես թերթեցի մնացած էջերը և համոզվեցի, որ ալբոմի մեջ ուրիշ ոչինչ չկա։ ― Մի միակ նկար ինչ֊որ թափառաշրջիկ նկարչի, որը կարող էր այդ անել հաշիշ ծխելով կամ ջերմախտի տենդում, և կամ պարզապես ի հաճույս իր հիվանդագին երևակայության։ Դուք, իբրև գիտության մարդ, չեք կարող այդպիսի տեսակետ պաշտպանել։
 
Պատասխանի փոխարեն պրոֆեսորը գրադարակից ինչ֊որ գիրք վերցրեց։
 
― Ահա իմ տաղանդավոր բարեկամ Ռեյ Լանկաստերի փայլուն մենագրությունը, ― ասաց նա։ Այստեղ մի իլյուստրացիա կա, որ ձեզ անհետաքրքիր չի թվա։ Հըմ։ Ահա այն։ Կարդացեք մակագրությունը․ «Յուրայան շրջանի՝<ref>Յուրայան ջրջան ― մեզոզոյի (միջին կյանքի դարաշրջանի) միջին բաժինը երկրաբանական ժամանակագրության մեջ, մոտ 730 միլիոն տարի առաջ։</ref> դինոզավր֊ստեգոզավրի<ref>Ստեգոզավր (տանիքաթեփուկավոր) ― մեռած թեփուկավոր դինոզավրերի (զարհուրելի թեփուկավոր) ընդարձակ խմբից, որոնք իշխում էին ցամաքում յուրայան և կավճային շրջաններում։ Պատկանում է խոտաճարակ դինոզավրերի խմբին։ Մինչև տասներկու մետր երկարություն ունի։</ref> ենթադրվող արտաքին տեսքը։ Ետևի վերջավորությունները հավասար են երկու մարդահասակի։ Դե, հիմա ի՞նչ կասեք։
 
Նա բաց գիրքը ինձ մեկնեց։ Նայեցի իլյուստրացիան և ցնցվեցի։ Անհայտ նկարչի ճեպանկարի և վաղուց անհայտացած աշխարհի այդ ներկայացուցչի միջև, որն ստղծվել էր գիտնականի երևակայությամբ, անկասկած մեծ նմանություն կար։
 
― Իրոք ապշեցուցիչ է, ― ասացի ես։
 
― Բայց և այնպես դուք շարունակում եք համառե՞լ։
 
― Սակայն, միգուցե սա հասարակ զուգադիպություն է կամ թե ձեր ամերիկացին երբևէ տեսել է այսպիսի մի նկար և զառանցանքի մեջ հիշել այն։
 
― Շատ լավ, ― համբերությամբ ասաց պրոֆեսորը, ― թող այդպես լինի։ Այժմ բարի եղեք նայելու ահա այս։
 
Նա պարզեց ինձ այն ոսկորը, որը, իր ասելով, գտել էր մեռածի իրերի մեջ։ Ոսկորը վեց դյույմ երկարություն ուներ, բութ մատիցս հաստ էր, իսկ ծայրին պահպանվել էին բոլորովին չորացած կրճիկի մնացորդներ։
 
― Ձեզ հայտնի կենդանիներից որի՞ն կարող է պատկանել այս ոսկորը, ― հարցրեց պրոֆեսորը։
 
― Ես մանրակրկիտ զննեցի այն, օգնության կոչելով բոլոր գիտելիքներս, որ դեռ մտքիցս չէին թռել։
 
― Սա կարող է շատ հաղթանդամ մարդու անրակ լինել, ― ասացի ես։
 
Խոսակիցս արհամարհանքով ձեռքերը թափահարեց։
 
― Մարդու անրակը կորացրած ձև ունի, իսկ այս ոսկորը բոլորովին ուղիղ է։ Մակերեսին փոսիկ ունի, որը վկայում է, որ այստեղով հաստ ջլեր են անցել։ Անրակին ոչ մի նման բան չկա։
 
― Այդ դեպքում դժվարանում եմ պատասխանել։
 
― Մի՛ վախեցեք ձեր տգիտությունը ցուցադրելուց։ Կարծում եմ, որ Հարավային Կենսինգտոնի<ref>Հարավային Կենսինգտոն ― Լոնդոնի արվարձանը, որտեղ գտնվում է Բրիտանական թանգարանի պատմա֊բնագիտական բաժինը։</ref> կենդանաբանների մեջ չի գտնվի մեկը, որը կարողանա որոշել այս ոսկորը։ ― Նա վերցրեց մի փոքրիկ դեղատուփ և նրա միջից հանեց լոբու մեծության մի ոսկոր։ ― Որքան կարող եմ դատել, ահա այս ոսկորը մարդկային կմախքի կառուցվածքում համապատասխանում է նրան, որ դուք բռնել եք ձեր ձեռքում։ Այժմ որոշ պատկերացում ունե՞ք այդ կենդանու չափերի մասին։ Մի մոռացեք նաև ջլերի մնացորդը, որը վկայում է, որ դա եղել է թարմ օրինակ և ոչ թե բրածու։ Դե, այժմ ի՞նչ կասեք։
 
― Միգուցե փիղը․․․
 
Նա ցնցվեց ասես ուժեղ ցավից։
 
― Բավակա՛ն է, բավակա՛ն է։ Փղեր Հարավային Ամերիկայո՞ւմ։ Չհամարձակվե՛ք նույնիսկ ակնարկել այդ մասին։ Նույնիսկ մեր ժամանակակից տարրական դպրոցում․․․
 
― Դե, լավ, ― ընդհատեցի ես նրան։ ― Թող փիղ չլինի, այլ մի ուրիշ հարավամերիկյան կենդանի, օրինակ՝ գետակինճ։
 
― Հավատացեք ինձ, երիտասարդ, որ գիտության այդ բնագավառում ես տարրական գիտելիքներ ունեմ։ Չի կարելի նույնիսկ մի այնպիսի միտք թույլ տալ, թե այս ոսկորը պատկանում է գետակինճի կամ թե կենդանաբաններին հայտնի մի ուրիշ կենդանու։ Սա ոսկրն է խիստ ուժեղ, հետևապես և խիստ կատաղի մի գազանի, որն ապրում է երկրագնդի վրա ինչ֊որ տեղում, բայց մինչև այժմ անհայտ է գիտությանը։ Դուք դեռ շարունակում եք տարակուսե՞լ։
 
― Համենայն դեպս, սա խիստ հետաքրքրեց ինձ։
 
― Նշանակում է, դեռ անհուսալի չեք։ Զգում եմ, որ ձեր ուղեղում ինչ֊որ բան նշմարվում է, ուրեմն եկեք համբերությամբ բորբոքենք այդ կայծը։ Թողնենք հիմա հանգուցյալ ամերիկացուն և նորից անցնենք իմ պատմությանը։ Իհարկե, գլխի եք ընկնում, որ ես չէի կարող բաժանվել Ամազոնից, առանց պարզելու, թե բանն ինչ է։ Ես որոշ տեղեկություններ ունեի, թե որտեղից էր եկել այդ նկարիչը։ Սակայն, կարող էի առաջնորդվել միայն հնդկացիների լեգենդներով, քանի որ անծանոթ մոտիվը անցնում է գետամերձ ցեղերի բոլոր ավանդությունների միջով։ Անշուշտ, լսել եք Կուրուպուրի մասին։
 
― Ոչ, չեմ լսել։
 
― Կուրուպուրին՝ անտառի ոգին է, չար, ահեղ մի բան․ նրան հանդիպելը տանում է դեպի կործանում։ Ոչ ոք չի կարող մի կարգին նկարագրել Կուրուպուրիին, բայց այդ անունը հնդկացիներին սարսափ է ներշնչում։ Սակայն Ամազոնի ափերին ապրող բոլոր ցեղերը մի բանում համամիտ են իրար․ նրանք ճշգրիտ կերպով ցույց են տալիս, թե որտեղ է ապրում Կուրուպուրին։ Այդ նույն տեղերից էր եկել նաև ամերիկացին։ Այնտեղ ինչ֊որ անհասանելի ու զարհուրելի բան էր թաքնված։ Եվ ես որոշեցի պարզել, թե բանն ինչ է։
 
― Ի՞նչ արեցիք։
 
Իմ թեթևամտության հետքն անգամ չմնաց։ Այդ հսկան կարողանում էր իր հանդեպ ուշադրություն ու հարգանք նվաճել։
 
― Ինձ հաջողվեց հաղթահարել հնդկացիների դիմադրությունը, այն ներքին դիմադրությունը, որ նրանք ցույց են տալիս, երբ նույնիսկ լոկ խոսակցություն ես սկսում այդ թեմայով։ Գործի դնելով ամեն տեսակ հորդորներ, նվերներ և, պետք է խոստովանեմ, սպառնալիքներ, գտա երկու ուղեկցող։ Բազմաթիվ արկածներից հետո, ― դրանք նկարագրելու կարիք չկա, ― երկար օրերի ճանապարհից հետո, ― ուղղության և երկարության մասին ես ինձ թույլ եմ տալիս լռելու, ― վերջապես հասանք այն տեղերը, որոնք մինչև այժմ ոչ ոքի կողմից չէին նկարագրվել և ուր ոչ ոք չէր եղել, եթե չհաշվենք իմ դժբախտ նախորդին։ Այժմ բարի եղեք նայելու ահա այս։
 
Նա պարզեց ինձ ոչ մեծ լուսանկար։
 
― Սրա ողբալի վիճակը բացատրվում է նրանով, որ, երբ մենք գետով ցած էինք իջնում, մեր նավակը շուռ եկավ, և այն պատյանը, որի մեջ գտնվում էին չերևակած նեգատիվները, ջարդվեց։ Այդ աղետի հետևանքներն առկա են։ Համրյա բոլոր նեգատիվները ոչնչացան, ― մի կորուստ, որ բոլորովին անփոխարինելի է։ Ահա այս նկարը մեկն է սակավաթիվ փրկվածներից։ Դուք ստիպված եք գոհանալ սրա անկատարության այսպիսի բացատրությամբ։ Լուրեր են պտտվում ինչ֊որ կեղծիքի մասին, բայց ես այժմ տրամադիր չեմ վիճելու այդ թեմայի շուրջ։
 
Նկարն իրոք բոլորովին գունատ էր։ Անբարյացակամ քննադատը հեշտությամբ կարող էր կառչել դրանից։ Ուշադիր զննելով գորշաղոտ լանդշաֆտը և հետզհետե գլուխ հանելով մանրամասներից՝ ես տեսա մի երկար, վիթխարի բարձրության ապառաժների շարք, որը հիշեցնում էր հսկա ջրվեժ, իսկ առջևի պլանում՝ զառիկող հարթավայր՝ այստեղ֊այնտեղ ցրված ծառերով։
 
― Եթե չեմ սխալվում, այս պեյզաժը կար նաև ալբոմում, ― ասացի ես։
 
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց պրոֆեսորը։ ― Ես այնտեղ իջևանի տեղեր գտա։ Իսկ այժմ նայեցեք մի լուսանկար ևս։
 
Դա նույն լանդշաֆտն էր, միայն թե ավելի խոշոր պլանով։ Հանվածքը բոլորովին փչացած էր, բայց և այնպես կարողացա ջոկել ծառով պսակված միայնակ ճայռը, որը լեռնապարից բաժանվում էր ծերպով։
 
― Այժմ ես ոչ մի կասկած չունեմ, ― խոստովանեցի ես։
 
― Նշանակում է, իզուր չենք ջանում, ― ասաց պրոֆեսորը։ ― Տեսե՛ք, ի՜նչ հաջողություն։ Հիմա բարի եղեք նայելու այս ժայռի գագաթին։ Ի՞նչ եք տեսնում այնտեղ։
 
― Վիթխարի մի ծառ։
 
― Իսկ ծառի վրա՞։
 
― Մի մեծ թռչուն։
 
Նա խոշորացույցը տվեց ինձ։
 
― Այո, ― ասացի ես՝ նայելով խոշորացույցի միջից, ― ծառի վրա նստած է մի մեծ թռչուն։ Նա բավական մեծ կտուց ունի։ Դա երևի հավալուսն է։
 
― Ձեր տեսողությունը նախանձելի չէ, ― ասաց պրոֆեսորը։ ― Դա հավալուսն չէ, ոչ էլ ընդհանրապես թռչուն է։ Թող հայտնի լինի ձեզ, որ ինձ հաջողվեց խփել այդ արարածին։ Եվ դա ծառայում էր իբրև միակ անվիճելի ապացույցը, որ ես բերեցի այնտեղից։
 
― Նա այստեղ, ձեզ մո՞տ է։
 
― Վերջապե՜ս ես կտեսնեմ այս բոլոր պատմությունների իրեղեն ապացույցը։
 
― Նա ինձ մոտ էր։ Դժբախտաբար աղետը գետում ոչ միայն ոչնչացրեց բոլոր նեգատիվները, այլև իմ այդ ավարը։ Ջրապտույտն իր մեջ առավ նրան, և, որքան էլ աշխատեցի փրկել իմ գանձը, ձեռքումս մնաց միայն նրա թևի կեսը։ Ես գիտակցությունս կորցրի և ուշքի եկա, երբ ջուրն ինձ ափ էր նետել, սակայն սքանչելի արարածի այդ ողորմելի մնացորդը անվնաս էր մնացել։ Ահա նա։
 
Պրոֆեսորը սեղանի դարակից հանեց մի բան, որն իմ կարծիքով հիշեցնում էր հսկայական չղջիկի թև։ Այդ ծռված, թաղանթավոր ոսկորը ամենաքիչը երկու ոտնաչափ երկարություն ուներ։
 
― Ահռելի մեծության չղջի՞կ, ― հայտնեցի ես իմ ենթադրությունը։
 
― Բոլորովի՛ն, ― խստությամբ ընդհատեց ինձ պրոֆեսորը։ ― Ապրելով գիտության և բարձր լուսավորության մթնոլորտում՝ ես չէի էլ կասկածում, որ կենդանաբանության հիմնական սկզբունքները այդքան քիչ են հայտնի հասարակության լայն խավերին։ Մի՞թե դուք ծանոթ չեք համեմատական անատոմիայի ամենատարրական դրույթին, որի համաձայն թռչունի թևն ըստ էության իրենից ներկայացնում է նախաբազուկ, մինչդեռ չղջիկի թևը բաղկացած է երեք երկարացրած մատներից՝ դրանց միջև ձգված թաղանթով։ Տվյալ դեպքում այս ոսկորը ոչ մի ընդհանուր բան չունի նախաբազկի ոսկրի հետ, և դուք կարող եք սեփական աչքերով հոմոզվել միայն մեկ թաղանթի առկայության մեջ։ Հետևաբար, կարիք չկա չղջիկին հիշել։ Բայց եթե սա ոչ թռչուն է և ոչ էլ չղջիկ, ապա ինչի՞ հետ գործ ունենք։ Ի՞նչ կարող է լինել սա։
 
Գիտելիքների իմ համեստ պաշարն սպառվեց մինչև վերջ։
 
― Իսկապես դժվարանում եմ պատասխանել, ― ասացի ես։
 
Պրոֆեսորը բացեց այն մենագրությունը, որն առաջ վկայակոչել էր արդեն։
 
― Ահա, ― շարունակեց նա, ինչ֊որ թևավոր հրեշ ցույց տալով ինձ, ― ահա դիմորֆոզոնի կամ պտերոդակտիլի<ref>Պտերոդակտիլ (մատնաթև) ― ներկայացուցիչ թռչող թեփուկավոր պտերոզավրերի մեռած խմբի, որոնք ապրում էին յուրայան կավճային շրջաններում։ </ref> ― յուրայան շրջանի թևավոր թեփուկավորի հոյակապ պատկերը, իսկ հետևայլ էջում՝ նրա թևի մեխանիզմի սխեման։ Համեմատեցեք այն ձեր ձեռքում եղածի հետ։
 
Սխեմայի վրա գցած առաջին իսկ հայացքից զարմանքից ցնցվեցի։ Դա վերջնականապես համոզեց ինձ։ Վիճելու բան չկար։ Բոլոր տվայլների գումարն իր գործը տեսավ։ Ճեպանկարը, լուսանկարները, պրոֆեսորի պատմածը, իսկ այժմ նաև իրեղեն ապացույց։ Ուրիշ ի՞նչ կարելի էր պահանջել։ Այդպես էլ ասացի պրոֆեսորին, ասացի ամբողջ ջերմությամբ, որին ընդունակ էի, որովհետև այժմ ինձ համար պարզ էր, որ անարդարացի էին վարվել մարդու հետ։ Նա ետ էր ընկել աթոռի թիկնակին, աչքերը կկոցել և ներողամտաբար ժպտում էր։ Լողանալով անսպասելիորեն իր վրա ճառագած խոստովանության արևի շողերում։
 
― Սա մեծագո՜ւյն հայտնագործություն է աշխարհում, ― բացականչեցի ես, չնայած իմ մեջ խոսեց ոչ այնքան բնախույզի, որքան ժուռնալիստի խառնվածքը։ ― Սա վիթխարի՜ է։ Դուք գիտության Կոլումբոս եք։ Դուք հայտնագործել եք անհետացած մի աշխարհ։ Անկեղծորեն ցավում եմ, որ կասկածում էի ձեր խոսքերի ճշմարտությանը։ Այդ ամենն ինձ թվում էր անհավանական։ Բայց ես չեմ կարող չնդունել ակնհայտ փաստերը, որոնք պետք է նույնքան համոզիչ լինեն բոլորի համար։
 
Պրոֆեսորը բավականությունից մռմռում էր։
 
― Իսկ այնուհետև ի՞նչ ձեռնարկեցիկ, սըր։
 
― Սկսվեց անձրևների սեզոնը, միստր Մելոուն, իսկ սննդամթերքի իմ պաշարները վերջանալու վրա էին։ Ես հետազոտեցի այդ լեռնային հսկայական շղթայի մի մասը, սակայն բարձրանալ նրա վրա այնպես էլ չկարողացա։ Բրգաձև ժայռը, որի վրայից ցած էի գցել պտերոդակտիլին, ավելի մատչելի դուրս եկավ։ Հիշելով իմ ալպինիստական սովորությունները, ես բարձրացա մոտավորապես մինչև նրա կեսը։ Այդտեղից արդեն կարելի էր դիտել լեռնապարը պսակող սարահարթը։ Դա պարզապես անընդգրկելի էր։ Ուր էլ նայում էիր՝ արևմուտք, արևելք, վերջ չկար կանաչապատ այդ քարափներին։ Լեռնապարի ստորոտում տարածվել էին ճահիճներ և անանցանելի մացառուտներ, որոնք վխտում էին օձերով ու այլ զեռուններով։ Դա իսկապես տենդի բույն է։ Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի խոչընդոտները ծառայում էին իբրև բնական պաշտպանություն այդ արտասովոր երկրի համար։
 
― Իսկ դուք այնտեղ կյանքի ուրիշ նշաններ տեսա՞ք։
 
― Ոչ, սըր, չտեսա, բայց այդ քարափների ստորոտում անցկացրած մի շաբաթվա ընթացքում շատ անգամներ վերևից հասնող ինչ֊որ տարօրինակ հնչյուններ լսեցինք։
 
― Բայց այդ ի՞նչ արարած է, որ նկարել է ամերիկացին։ Ինչպե՞ս է նա հանդիպել այդ հրեշին։
 
― Կարող եմ միայն ենթադրել, որ նա մի հնարքով բարձրացել է քարափի գագաթը և այնտեղ հանդիպել նրան։ Հետևաբար, դեպի քարափը տանող ինչ֊որ ճանապարհ կա։ Անշուշտ, դժվարին ճանապարհ, այլապես բոլոր այդ հրեշները կիջնեին ներքև ու ողջ շրջապատը կլցնեին։ Այստեղ կասկած անգամ չի կարող լինել։
 
― Բայց ինչպե՞ս են նրանք հայտնվել այնտեղ։
 
― Իմ կարծիքով, այստեղ ոչ մի հանելուկային բան չկա, ― ասաց պրոֆեսորը։ ― Բացատրությունը ծագում է ինքնին։ Ինչպես հավանորեն ձեզ հայտնի է, Հարավային Ամերիկան իրենից ներկայացնում է մի գրանիտե մայր ցամաք։ Հեռավոր դարերում երևի այնտեղ հրաբխի ժայթքման հետևանքով տեղի է ունեցել շերտերի անակնկալ իջեցում։ Մի մոռացեք, որ այդ քարափները բազալտից են, հետևաբար, հրաբխային ծագում ունեն։ Մոտավորապես մեր Սասեքս կոմսության չափ մի տարածություն դուրս է ցցվել իր բոլոր բնակիչներով՝ մնացած ցամաքից անջատվելով այնպիսի ամուր քարափներով, որոնց ոչ մի հողմահարություն սարսափելի չէ։ Ի՞նչ է ստացվել։ Բնության օրենքներն իրենց ուժը կորցրել են այդտեղ։ Ամեն կարգի արգելակները, որոնք մնացյալ ամբողջ աշխարհում պայմանավորում են գոյության կռիվը, կամ չքացել են, կամ արմատապես փոխվել։ Այն կենդանիները, որոնք սովորական պայմաններում կմեռնեին, շարունակել են բազմանալ։ Ինչպես գիտեք, և՛ պտերոդակտիլը, և ստեգոզավրը վերաբերում են յուրայան շրջանին, հետևապես այդ երկուսն էլ երկրի պատմության մեջ ամենահին կենդանիներից են, որոնք պահպանվել են միայն բոլորովին բացառիկ, պատահականորեն ստեղծված պայմաններում։
 
― Բայց ձեր ձեռք բերած տեղեկությունները կասկածի տեղիք չեն թողնում։ Հարկավոր է միայն դրանք ներկայացնել համապատասխան անձանց։
 
― Ես էլ միամտորեն այդպես էի կարծում, ― դառնությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Միայն մի բան կարող եմ ասել․ իրականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ես ստիպված էի յուրաքանչյուր քայլափոխում ընդհարվել անվստահության հետ, որի հիմքում ընկած էր մարդկային բթամտությունը կամ նախանձը։ Սըր, ես այնպիսի բնավորություն չունեմ, որ քծնեմ որևէ մեկի առաջ և ապացուցեմ իմ իրավացիությունը, երբ իմ խոսքերը կասկածի տակ են առնվում։ Իսկույն որոշեցի, որ այլևս կարիք չկա տրամադրությանս տակ եղած իրեղեն ապացույցները ներկայացնել։ Այդ թեման ինձ ատելի դարձավ, չէի ուզում ոչ մի խոսքով անգամ անդրադառնալ դրան։ Երբ իմ հանգիստը խանգարում էին ձեզ նման մարդիկ, ― մարդիկ, որոնք գոհացնում են ամբոխի պարապ հետաքրքրասիրությունը, ― ես չէի կարողանում հակահարված տալ նրանց՝ առանց սեփական արժանապատվությանս զգացումը կորցնելու։ Պետք է խոստովանել, որ ես բնավորությամբ բավական տաքարյուն եմ, և երբ ինձ համբերությունից հանում են, կարող եմ ամեն տեսակ փորձանք բերել։ Կարծեմ դուք այդ բանը ձեզ վրա զգացիք։
 
Ես շոշափեցի իմ պղտորված աչքը, բայց լռեցի։
 
― Միսիս Չելենջերը դրա համար շարունակ վիճում է ինձ հետ, բայց իմ կարծիքով ամեն մի օրինավոր մարդ ճիշտ նույն կերպ կվարվեր։ Սակայն, այսօր ես մտադիր եմ սառնասրտության օրինակ հանդիսանալ և ցույց տալ, թե կամքն ինչպես կարող է հաղթել խառնվածքին։ Հրավիրում եմ ձեզ սքանչանալ այդ տեսարանով։
 
Նա վերցրեց սեղանի վրայից մի քարտ և մեկնեց ինձ։
 
― Ինչպես տեսնում եք, այսօր երեկոյան ժամը ութն անց կեսին Կենդանաբանական իստիտուտում տեղի կունենա հայտնի բնախույզ միստր Պերսիվալ Ուոլդրոնի դասախոսությունը «Դարերի տախտակները» թեմայով։ Ինձ հրավիրում են նախագահությունում տեղ գրավել հատկապես նրա համար, որպեսզի բոլոր ներկաների անունից շնորհակալություն հայտնեմ դասախոսին։ Ես այդպես էլ կանեմ։ Բայց այդ չի խանգարի ինձ, իհարկե, մեծագույն տակտով և զգուշությամբ, մի քանի դիտողություններ անել, որոնք կհետաքրքրեն հանդիսականներին և ոմանց մեջ ցանկություն կառաջացնեն ավելի հանգամանորեն ծանոթանալու իմ կողմից բարձրացված հարցերին։ Անշուշտ, վիճելի մոմենտները չեն շոշափվի, բայց բոլորը կհասկանան, թե ինչպիսի պրոբլեմներ են թաքնված իմ խոսքերի տակ։ Խոստանում եմ ինձ հանգիստ պահել։ Ով գիտե, միգուցե իմ զսպվածությունը ավելի լավ արդյունքների հասցնի։
 
― Իսկ ես կարո՞ղ եմ այնտեղ գալ, ― շտապեցի հարցնել ես։
 
― Անշուշտ․․․ անշուշտ, կարող եք, ― ուրախությամբ պատասխանեց պրոֆեսորը։
 
Այդ մարդու սիրալիրությունը համարյա նույնքան շշմեցուցիչ էր, որքան և կոպտությունը։ Ի՜նչ արժեր միայն նրա բարեսիրտ ժպիտը․․․ Աչքերը համարյա չէին երևում, իսկ այտերը ուռչում էին, վերածվելով երկու կարմիր խնձորի, ներքևից սեղմված սև մորուքով։
 
― Անպայման եկեք։ Ինձ համար հաճելի կլինի գիտենալ, որ համենայն դեպս մի դաշնակից ունեմ դահլիճում, թեկուզ և խիստ անզոր ու անտեղյակ գիտության հարցերում։ Երևի շատ մարդ հավաքվի, քանի որ Ուոլդրոնն օգտվում է մեծ ժողովրդականությամբ, չնայած մաքուր շառլատանի մեկն է։ Այսպես, ահա, միստր Մելոուն, ես ձեզ հատկացրի շատ ավելի ժամանակ, քան ենթադրում էի։ Առանձին անհատը չի կարող սեփականել այն, ինչ որ պատկանում է ողջ մարդկությանը։ Ուրախ կլինեմ այսօր երկոյան ձեզ տեսնել դասախոսության տեղում։ Իսկ առայժմ թույլ տվեք հիշեցնել, որ այն նյութը, որին ես ձեզ ծանոթացրի, ոչ մի կերպ ենթակա չէ հրապարակման։
 
― Բայց միստր Մակ֊Արդլը․․․ դա մեր խմբագիրն է․․․ նա հաշվետվություն կպահանջի ինձանից ձեզ հետ ունեցածս խոսակցության առթիվ։
 
― Ասեք նրան, ինչ որ պատահի։ Ի միջի այլոց կարող եք ակնարկել, որ եթե նա էլի որևէ մեկին ուղարկի ինձ մոտ, ես ինքս կներկայանամ նրան՝ լավ մտրակով զինված։ Մնացած ամեն ինչում վստահում եմ ձեզ․ ո՛չ մի խոսք մամուլում։ Այսպես, շատ լավ։ Ուրեմն, ութն անց կեսին՝ Կենդանաբանական ինստիտուտում։
 
Հրաժեշտ տալիս նա ձեռքը թափահարեց։ Վերջին անգամ տեսա նրա վարդագույն այտերը, ալիքաձև, կապտասև մորուքը, վառվող աչքերը, և դուրս եկա սենյակից։
 
 
<references />
Ադմին, Վստահելի
1876
edits