Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

Ավելացվել է 15 419 բայտ, 19:56, 5 Մայիսի 2014
/* ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԱրցունքի լճակը */
<poem>Ալիսի Նորին մեծություն աջ ոտքին,
 
Գորգիկ,
Բուխարիկի ցանցի դիմաց:
բուխարիկի ցանցի դիմաց: ''Ողջույններով՝ Ալիս:''
</poem>
— Դուրս գանք ափ, և այնտեղ ես քեզ կպատմեմ իմ կյանքը և դու կհասկանաս, թե ինչու եմ ատում կատուներին ու շներին, — ցածր, դողդոջուն ձայնով ասաց Մուկը: Վաղուց արդեն դուրս գալու ժամանակն էր, որովհետև լճակի վրա ազատ տեղ չէր մնացել: Բազմաթիվ թռչուններ ու կենդանիներ էին ընկել ջրի մեջ՝ Բադ Ռոբինը, Դոդոն, Լորը, Արծվիկ էդը: Ալիսի գլխավորությամբ ամբողջ խումբը լողաց դեպի ափ:
 
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
 
Վազքի մրցում և երկար վերջավորություն
 
Ափին հավաքվածներն իրոք արտառոց տեսք ունեին: Թռչունների փետուրները կեղտի մեջ կորել էին, կենդանիները կուչ էին եկել իրենց մորթիների մեջ, բոլորն էլ թրջված էին, բարկացած ու դժգոհ:
 
Նախ անհրաժեշտ էր չորանալ: Նրանք խորհրդակցեցին, և քիչ անց Ալիսին շատ բնական թվաց, որ ինքն ընկերաբար զրուցում է խմբի հետ, կարծես ամբողջ կյանքում ճանաչել է նրանց: Նա երկար-բարակ վիճաբանեց Լորի հետ, որն ի վերջո խոժոռվեց ու մեծահոգաբար նետեց.
 
— Ես քեզնից մեծ եմ և քեզնից լավ գիտեմ:
 
Լորի ասածը բավական չէր. Ալիսը ցանկացավ իմանալ նրա տարիքը: Իսկ երբ Լորը կտրականապես հրաժարվեց տարիքն ասելուց՝ խոսակցությունն ավարտվեց:
 
Վերջապես, Մուկը, որ նրանց մեջ որոշ հեղինակություն էր վայելում, բացականչեց.
 
— Նստե՛ք և բոլորդ ուշադիր ինձ լսեք: Ես ձեզ իսկույն կչորացնեմ: — խումբն անմիջապես լայն շրջան կազմած նստեց Մկան շուրջը: Ալիսն անհանգստացած աչքերը հառել էր Մկան վրա, որովհետև վախենում էր հիվանդանալ, եթե անմիջապես չչորանար:
 
— Ըհըմ, ըհըմ, — ծանրակշիռ հազաց Մուկը, — պատրա՞ստ եք: Սա՛ է չորանալու ինձ հայտնի ամենալավ միջոցը: Բարեհաճեք լռել: Վիլհելմ Նվաճողը Պապի օրհնությամբ շուտով հնազանդեցրեց անգլիացիներին, որոնք կարիք ունեին ամուր իշխանության և նրանց համար սովորական բաներ էին նվաճումներն ու գահ հափշտակելը: էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը10...
 
— Սառեցի, — սվսվացրեց Լորը:
 
— Ներեցեք, խնդրեմ, — խոժոռվեց Մուկը ու քաղաքավարությամբ հարցրեց, — դուք ինչ-որ բան ասացիք:
 
— Ես չէի, — վրա բերեց Լորը:
 
— Ինձ թվաց, խոսողը դուք էիք, — ասաց Մուկը, — շարունակում եմ: էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը նրա կողմն անցան, նույնիսկ Սթիգանդը՝ Բենթրբերիի հայրենասեր արքեպիսկոպոսը գտավ, որ...
 
— Ի՞նչ գտավ, — հարցրեց Բադը:
 
— Գտավ, ոդ, անհրաժեշտ է... — զայրացավ Մուկը, — իհարկե, դուք գիտեք, թե ինչ է նշանակում դա:
 
— Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում, — ասաց Բադը, — երբ ես որևէ բան եմ գտնում, իսկ դա սովորաբար գորտ կամ որդ է լինում, անհրաժեշտ եմ համարում ուտել: Հարցն այն է, թե ինչ գտավ արքեպիսկոպոսը:
 
Մուկն ուշադրություն չդարձրեց այդ հարցին և վրա տալով շարունակեց.
 
— Գտավ, որ անհրաժեշտ է գնալ էդգար Աթելինգի հետ Վիլյամին դիմավորելու ու գահն առաջարկելու նրան: Սկզբում Վիլյամի վարմունքը շատ ազնիվ էր, բայց նորմանների հանդգնությունը... Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելիս, — Ալիսին դիմեց Մուկը:
 
— Առաջվա նման թաց եմ, — տխուր պատասխանեց Ալիսը, — կարծես բոլորովին չեմ չորանում:
 
— Այդ դեպքում, — հանդիսավոր ոտքի ելնելով հայտարարեց Դոդոն, — ես առաջարկում եմ ընդհատել ժողովը՝ անհապաղ ավելի գործնական միջոցներ ձեռք առնելու համար:
 
— Ի՞նչ եք դուրս տալիս, — սրտնեղեց Արծվիկը, — ես այդ երկար խոսքերի կեսից ավելին չեմ հասկանում: Դեռ ավելին, չգիտեմ, ձեր ասածը գոնե դուք հասկանո՞ւմ եք:
 
Արծվիկը ծիծաղը թաքցնելու համար իջեցրեց գլուխը: Թռչուններից ոմանք բարձր քրքջացին:
 
— Այն, ինչ ես մտադիր եմ ասելու, — վիրավորված շարունակեց Դոդոն, — հետևյալն է. չորանալու ամենալավ միջոցը վազքի մրցումն է:
 
— Ի՞նչ բան է դա, — հարցրեց Ալիսը, լոկ նրա համար, որ Դոդոն բազմանշանակալից լռեց, սպասելով, որ մեկնումեկը ձայն կհաներ, բայց նրանցից և ոչ մեկը հակված չէր խոսելու:
 
— Դե, ինչ բացատրեմ, — շարունակեց Դոդոն, — ավելի լավ է ցույց տամ: (Գուցե ձմռան մի օր դո՞ւք էլ ցանկանաք փորձել Դոդոյի ասածը: էս ձեզ կպատմեմ, թե նա ինչպես գլուխ բերեց այդ գործը):
 
Սկզբում նա մի շրջան գծեց. «Այնքան էլ հաջող չստացվեց, բայց ճիշտ ձևը կարևոր չէ» — եզրակացրեց Դոդոն, որից հետո ամբողջ խումբը ցաքուցրիվ տեղավորվեց շրջանի շուրջը: Ոչ ոք չասաց. «Մեկ, երկու, երեք, առաջ»: Յուրաքանչյուրն ուզած ժամանակ վազում էր և ուզած ժամանակ կանգ առնում, այնպես որ դժվար է ասել, թե երբ ավարտվեց մրցումը: Այնուամենայնիվ, երբ նրանք արդեն մոտ կես ժամ վազել հին և բոլորն էլ լրիվ չորացել, Դոդոն հանկարծ հայտարարեց.
 
— Մրցումն ավարտված է:
 
Թռչուններն ու կենդանիները խմբվեցին նրա շուրջը և շնչակտուր հարցրին.
 
— Ո՞վ շահեց:
 
Առանց երկար մտածելու Դոդոն չէր կարող պատասխանել այդ հարցին: Նա մատը դրեց ճակատին ու մտազբաղ նստեց (այն դիրքով, որ սովորաբար տեսնում եք Շեքսպիրին նկարներում), իսկ մնացածները համբերությամբ սպասում էին:
 
Վերջապես Դոդոն ասաց.
 
— Բոլորն էլ շահեցին և բոլորն էլ պետք է մրցանակ ստանան:
 
— Իսկ ո՞վ է բաշխելու դրանք,— միաբերան հարցրին նրանք:
 
— Դե, իհարկե, նա, — Դոդոն մատնացույց արեց Ալիսին:
 
Խումբն աղմուկ-աղաղակ բարձրացնելով խռնվեց Ալիսի շուրջը.
 
— Մրցանակները, մրցանակները...
 
Ալիսը չգիտեր ինչ անել, նա հուսահատ ձեռքը տարավ գրպանը, դուրս հանեց քաղցրավենիքով լի մի տուփ (բարեբախտաբար աղի ջուրը չէր թափանցել մեջը) և բաժանեց դրանք որպես մրցանակ: Յուրաքանչյուրին բաժին ընկավ մեկ հատ:
 
— Գիտեք ի՞նչ, նա ինքն էլ պետք է մրցանակ ստանա, — ասաց Մուկը:
 
— Իհարկե, — լուրջ արձագանքեց Դոդոն և դիմեց Ալիսին, — ուրիշ ի՞նչ կա գրպանումդ:
 
— Միայն մի մատնոց, — տխուր ասաց Ալիսը:
 
— Տուր այստեղ, — կարգադրեց Դոդոն:
 
Հետո նրանք դարձյալ խմբվեցին Ալիսի շուրջը, և Դոդոն հանդիսավորությամբ մատնոցը հանձնեց Ալիսին.
 
— Մենք խնդրում ենք ընդունել այս շքեղ մատնոցը:
 
Երբ Դոդոն վերջացրեց իր կարճ ճառը, խումբը ցնծության ճիչեր արձակեց:
 
Չնայած այդ բոլորը Ալիսին հիմարություն էր թվում, բայց նրանք այնքան լուրջ տեսք ունեին, որ նա չհամարձակվեց ծիծաղել, այլ ստիպված արժանապատվությամբ խոնարհվեց ու վերցրեց ընծան՝ հնարավորին չափ հանդիսավոր կեցվածք ընդունելով:
 
Երբ հերթը հասավ քաղցրավենիքներն ուտելուն՝ տուր ու դմփոց, գոռում-գոչյուն բարձրացավ: Մեծ թռչունները բողոքում էին, որ համն անգամ չտեսան, իսկ փոքրերն ուտելիս խեղդվում էին և ստիպված նրանց մեջքներին թփթփացնում էին: Այնուամենայնիվ, ամեն ինչ բարեհաջող վերջացավ, նրանք նորից շրջան կազմած նստեցին ու խնդրեցին Մկանը մի բան պատմել:
 
— Դուք ինձ խոստացաք ձեր պատմությունն ասել, — ասաց Ալիսը և, որպեսզի չվիրավորի նրան, շշուկով ավելացրեց, — թե ինչու եք ատում «Կ»-երին ու «Շ»-երին:
 
— Այս պատմությունը երկար ու տխուր վերջավորություն ունի, — ծանր հառաչեց Մուկը շրջվելով դեպի Ալիսը:
 
— Իրոք որ երկար վերջավորություն է, — նայելով Մկան պոչին՝ հաստատեց Ալիսը, — բայց ինչու եք այն տխուր համարում:
 
Մինչ Մուկը խոսում էր, Ալիսը մտածում էր ու մտածում, և նրա երևակայության մեջ Մկան պատմությունը գծագրվում էր հետևյալ կերպ.
 
<poem>Քութիկն ասաց մկանը,
որին բռնեց իր տանը.
«Քեզ դատարան քարշ կտամ,
էնտեղ հախիցդ
կգամ: Ոչ մի հեր–
քում ու բողոք, թող
լինի դատն ան–
ողոք: Մեկ է, էս–
օր անգործ եմ,
ինքս սիրով կը–
փորձեմ»: Պա–
տասխանեց Մուկն
այդժամ. «Ախր,
պարոն հարգարժան,
էս ի՞նչ դատ է
ահավոր, որը
չունի դատա–
վոր: Առանց
նրա մենք ի՞նչ
ենք: Զուր տեղն
ինչու ջուր ծե–
ծենք»: «Այդ
իրավունքն ինձ
կտաք, — ասաց շունը խորա–
մանկ, — ինքս
պիտի քեզ
դատեմ ու
մահվան դատա-
պար-
տեմ»11:</poem>
 
 
— Դու անուշադիր ես, — բարկացավ Մուկը, — ինչի՞ մասին ես մտածում:
 
— Ոչ, ինչո՞ւ, լսում եմ, — շատ խոնարհ ասաց Ալիսը,— բայց ինձ թվում է դուք արդեն հինգերորդ ոլորքին հասաք:
 
— Տանել չեմ կարող, — զայրացած ծղրտաց Մուկը:
 
— Ի՞նչը չեք կարող տանել, — անհանգստացավ Ալիսը ծառայելու միշտ պատրաստ, — տվեք ձեզ օգնեմ:
 
— Ես այդպիսի բան թույլ չեմ տա, դու ինձ վիրավորում ես նման հիմարություններ դուրս տալով, — Մուկը ոտքի ելավ ու հեռացավ:
 
— Ես բոլորովին չուզեցի ձեզ վիրավորել, — խեղճացավ Ալիսը, — իմիջիայլոց, դուք շարունակ վիրավորվում եք:
 
Ի պատասխան Մուկը միայն գռմռաց.
 
— Խնդրու՛մ եմ, հետ եկեք և վերջացրեք ձեր պատմությունը, — նրա հետևից կանչեց Ալիսը:
 
Բոլորն էլ միաձայն աղաղակեցին.
 
— Խնդրու՛մ ենք, վերջացրեք:
 
Բայց Մուկը միայն բացասաբար շարժեց գլուխը և քայլերն արագացրեց:
 
— Ափսոս, նա այլևս հետ չի գա, — հառաչեց Լորին, հենց որ Մուկը չքացավ տեսադաշտից:
 
Պառավ խեցգետինը առիթից օգտվելով նախատեց իր դստրիկին.
 
— Տե՛ս, սիրելիս, թող սա քեզ համար դաս լինի, որ երբեք չափդ չկորցնես:
 
— Լռի՛ր, մայրիկ, — զայրացավ ջահել խեցգետինը, — դու ընդունակ ես Ոստրեին անգամ համբերությունից հանելու:
 
— Եթե մեր Դինան այստեղ լիներ, ես գիտեի, թե ինչ կանեի, — իմիջիայլոց բարձրաձայն ասաց Ալիսը, — նա անմիջապես Մկանը հետ կբերեր:
 
— Իսկ ո՞վ է Դինան, համարձակվում եմ հարցնել, — հետաքրքրվեց Լորին:
 
Ալիսը, որ միշտ պատրաստ էր խոսել իր սիրելիի մասին, եռանդուն բացատրություն տվեց.
 
— Դինան մեր կատուն է: Նա կատարյալ վարպետ է մուկ բռնելու մեջ: Չեք կարող պատկերացնել, թե ինչպես է թռչունների հետևից վազ տալիս: Բռնելն ու ուտելը մեկ է լինում:
 
Խոսակցությունն արտակարգ իրարանցում առաջացրեց խմբի մեջ: Մի քանի թռչուն անմիջապես փախուստի դիմեցին: Ծեր կաչաղակը կուչ գալով շատ զգույշ պատրաստվեց գնալու:
 
— Ես պետք է անհապաղ տուն գնամ: Գիշերվա օդը կոկորդիս համար վնասակար է:
 
Իսկ Դեղձանիկը վախեցած ձայնով կանչեց իր ձագուկներին.
 
— Գնացինք, սիրելիներս, արդեն ուշ է, ձեր քնելու ժամը վաղուց է անցել:
 
Զանազան պատրվակներ բերելով խումբը հեռացավ և Ալիսը շատ շուտով մնաց բոլորովին մենակ:
 
— Երանի Դինայի անունը տված չլինեի, — տխրեց նա, — այստեղ նրան ոչ ոք չի սիրում: Բայցևայնպես նա աշխարհի ամենալավ կատուն է: Ա՜խ, իմ սիրելի Դինա, արդյոք բախտս կբերի, քեզ նորից կտեսնեմ:
 
Եվ խեղճ աղջիկը միայնակ ու հուսահատ սկսեց կրկին լաց լինել: Քիչ անց նա հեռվից թեթև ոտնաձայն լսեց ու արագ շրջվեց հույսը չկտրած, թե Մուկը միտքը փոխել է ու հետ է գալիս վերջացնելու իր պատմությունը:
Վստահելի
294
edits