Changes
Սիդհարթա
,/* ԳՈԹԱՄԱ */
Սավաթհի քաղաքում յուրաքանչյուր երեխա գիտեր վսեմափայլ Բուդդայի անունը և ամեն տուն պատրաստ էր պատանի Գոթամայի՝ լռելյայն խնդրարկուի ողորմության թասը լցնել: Քաղաքի մերձակայքում գտնվում էր Գոթամայի նախասիրած բնակատեղին՝ Յեթավանա կոչված այգին, որը մեծահարուստ վաճառական Անաթապինդիկան՝ Վեհագույնի հավատարիմ երկրպագուն, նվիրաբերել էր նրան ու նրա հետևորդ-աշակերտներին :
Դեպի այդ վայրն էին մատնանշում բոլոր պատմություններն ու պատասխանները, որոնց մասին վիճակվեց տեղեկանալ երկու պատանի ուխտավորներին՝ իրենց որոնումների ճանապարհին: Եւ երբ նրանք ժամանեցին Սավաթհի, առաջին իսկ պատահած տանը, որի առջև նրանք խնդրարկուի կերպարանքով կանգ էին առել, կերակուր առաջարկվեց և նրանք ընդունեցին կերակուրը և Սիդհարթան հարց ուղղեց կնոջը, որն իրենց ուտելիքը մատուցեց.
- Հաճույքով, ո՜վ դու բարեգութ կին, մեծագույն հաճույքով մենք կուզենայինք տեղեկանալ, թե որտեղ է հանգրվանում Բուդդան, Վեհագույնը: Մենք անտառաբնակ երկու սամանաներ ենք և եկել ենք տեսակցելու նրան՝ Կատարելագույնին, ու նրա շուրթերից ընդունելու ուսմունքը:
Կինը խոսեց և ասաց.
- Իսկապես էլ դուք այստեղ ճիշտ տեղում եք իջևանել, դուք՝ անտառաբնակ սամանաներդ: Իմացած եղեք, որ Յեթավանայում, Անաթապինդիկայի պարտեզում է հանգրվանում Վեհագույնը: Այնտեղ դուք, ուխտավորներդ, կարող եք գիշերել, քանզի այնտեղ բավարար տեղ կա անհաշվելի թվով մարդկանց համար, որոնք շարունակ այստեղ են գալիս ու գալիս, որպեսզի նրա բերանից լսեն ուսմունքը:
Այս խոսքերի վրա Գովինդան ուրախացավ ու հրճվագին բղավեց.
- Ցնծությո՜ւն, այսպես ուրեմն մենք մեր նպատակին հասել ենք և հասել ենք մեր ճանապարհի ավարտին... Բայց ասա՛ մեզ, ո՜վ դու մայրդ ուխտագնացների, դու ճանաչու՞մ ես նրան՝ Բուդդային, դու տեսե՞լ ես նրան քո սեփական աչքերով:
Կինն ասաց.
- Շա՜տ անգամներ եմ ես տեսել նրան, Վեհագույնին: Շատ օրեր եմ ես նրան տեսել, երբ նա քայլում էր փողոցներով ու նրբանցքներով, լուռ ու մունջ, դեղին թիկնոցը հագին, թե ինչպես էր նա տնակների դռների մոտ իր ողորմության թասը մեկնում, և ինչպես էր լեցուն թասը իր շուրթերին մոտեցնում:
Հմայված լսում էր Գովինդան և էլի շատուշատ բաների մասին էր ցանկանում հարցուփորձ անել ու պատասխաններ լսել: Սակայն Սիդհարթան զգուշացնում էր, որ չպետք է ժամանակ վատնել, հարկավոր էր գնալ: Նրանք շնորհակալություն հայտնեցին ու շարժվեցին և գրեթե կարիքը չունեցան ճանապարհը հարցնելու, քանի որ Գոթամայի ընկերակցությունից բավական թվով ուխտավորներ ու հոգևորականներ ճամփա էին ընկել դեպի Յեթավանա: Եվ չնայած երկու ընկերները միայն գիշերվա կողմ տեղ հասան, երբ խմբվածներից շատերն էին բացականչում ու հարցուփորձ անում՝ որևէ իջևանում գիշերատեղի հայցելով, հենց նույն միջոցին էլ նրանց մշտական օթևան տրամադրվեց: Իրենց կյանքն անտառներում անցկացրած ու խստավարժ երկու սամանաները արագորեն խաղաղավետ մի օթևան գտան ու մինչև առավոտ այնտեղ հանգիստ վայելեցին:
Արեգակի ծագելուն պես նրանք ականատեսը եղան և շատ զարմացան, թե հավատացյալների ու հետաքրքրասերների ինչպիսի մի հսկայական բազմություն էր այնտեղ գիշերն անցկացրել: Հիասքանչ պարտեզի բոլոր ճանապարհներին թափառում էին կրոնավորները դեղին տարազով, նրանք նստոտած էին ծառերի տակ, այս ու այնտեղ, խորասուզված հայեցողության մեջ կամ հոգևոր զրույցների բռնված, ստվերաշատ պարտեզն ասես մի քաղաք լիներ, լեփլեցուն մարդկանցով՝ մեղուների պարսի հանգույն: Հոգևորականների մեծամասնությունը օթևաններից դուրս էր թափվել՝ ողորմության թասերը ձեռքերին բռնած և ուղևորվում էր դեպի քաղաք, այնտեղ՝ կեսօրվա ճաշի համար, օրվա մեջ միակ անգամ սնունդ ընդունելուն հատկացված ժամանակը, կերակուր մուրալու: Բուդդան ինքն էլ, Վեհագույնը, լույսը բացվելուն պես մասնակցում էր կեսօրվա համար կերակուր մուրալու հանդեսին:
Սիդհարթան տեսավ նրան ու անմիջապես ճանաչեց, ասես աստվածներից մեկը նրան ցույց տվեց իրեն: Նա տեսավ նրան՝ համեստ ու հասարակ մի մարդու, դեղին սքեմ հագած, ողորմության թասը ձեռքում պահած, հանդարտ ու լուռ ընթանալիս:
- Նայի՛ր այստեղ,- կամացուկ ասաց Սիդհարթան Գովինդային,- ահա՛, ահա՛ նա՝ Բուդդան:
Գովինդան ուշիուշով նայում էր դեղին սքեմազգեաց հոգևորականին, որն ասես ոչնչով չէր տարբերվում հարյուրավոր այլ վանականներից: Գովինդան նույնպես շատ շուտ ճանաչեց նրան. ահա՛ նա: Եվ նրանք հետևեցին նրան և ուշադիր զննում էին:
Բուդդան քայլում էր իր ճանապարհով, համեստ ու լուռ, մտածությունների մեջ ընկղմված, նրա խաղաղված դեմքն ոչ այն է ուրախություն էր արտահայտում, ոչ էլ տխրություն, և թվում էր, թե նրա ներսում մի ժպիտ էր քարացել: Ծպտյալ ժպիտը դեմքին, հանդարտ ու խաղաղ, առողջ երեխայի նմանողությամբ, շրջում էր Բուդդան, սքեմազգեաց, և քայլերը գցում էր այնպես, ինչպես իր բոլոր վանականները, խստիվ համաձայն հրահանգներին: Սակայն նրա դեմքից ու քայլվածքից, նրա խաղաղ ու խոնարհ հայացքից, նրա լուռ կախ ընկած ձեռքից, ինչպես և այդ խաղաղության մեջ կախ ընկած ձեռքի յուրաքանչյուր մատից խաղաղություն էր ծորում, նրանցում խոսում էր կատարելությունը՝ ոչինչ չորոնող, ոչնչի չընդօրինակող, մեղմ ու հեզ շնչում էր անթոշնելի հանգստավետության մեջ, անթորշոմելի լույսի մեջ թաթախված, անխաթար խաղաղությանն անձնատուր:
Այսպես քայլում էր Գոթաման քաղաքի ուղղությամբ՝ ողորմություն մուրալու, և զույգ սամանաները ճանաչեցին նրան հենց միայն նրան պաշարած կատարելագույն խաղաղությունից, նրա կերպարանքի հանդարտությունից, որի մեջ ոչ որոնում կարելի էր նկատել, ոչ ցանկություն, ոչ ընդօրինակման տենչ, ոչ էլ ճիգ ու ջանք, բայց միայն լույս ու խաղաղություն:
- Այսօր մենք ուսմունքը կլսենք նրա շուրթերից,- ասաց Գովինդան:
Սիդհարթան պատասխան չտվեց: Նա քիչ էր հետաքրքրված այդ ուսմունքով, նա չէր կարծում, թե այն մի ինչ-որ նոր բան էր սովորեցնելու իրեն, սակայն նա ևս, ինչպես Գովինդան, շատուշատ անգամներ, այս ու այնտեղից իմացել էր Բուդայի այդ ուսմունքի բովանդակության մասին, թող որ թեկուզև երկրորդ կամ երրորդ ձեռքից ստացած տեղեկություններից: Բայց նա ուշադիր նայում էր Գոթամայի գլխին, նրա ուսերին, նրա ոտքերին, նրա հանդարտ կախ ընկած ձեռքին, ու իրեն թվաց, թե այդ ձեռքի վրա գտնվող յուրաքանչյուր մատի յուրաքանչյուր հատված հենց ինքը ուսմունքն էր, որ կար, նրանցում խոսում էր, շնչում, բուրում էր ու փայլատակում ճշմարտությունը: Այդ մարդը, Բուդդան ճշմարտացի էր մինչև իր մատների ծայրը: Այդ մարդը սուրբ էր: Սիդհարթան երբեք ոչ ոքի այդպես չէր հարգել, երբեք ոչ մի մարդու այդպես չէր սիրել, ինչպես այս մեկին:
Երկուսով հետևեցին Բուդդային մինչև քաղաք ու լռելյայն ետ վերադարձան, քանզի որոշել էին այդ օրը կերակուրից հրաժարվել: Նրանք տեսան Գոթամային վերադառնալիս, տեսան նրան իր հետևորդների շրջապատում կերակուր ընդունելիս, նրա կերածը թռչուններին անգամ չէր կշտացնի, ապա նրան տեսան՝ արդեն ընկողմանած մանգոյի ծառի ստվերներում:
Սակայն երեկոյան կողմ, երբ կեսօրվա տապը տեղի էր տվել ու ճամբարում ամեն ինչ կենդանության շունչ էր առել, բոլորը սկսեցին հավաքվել Բուդդայի ուսմունքը ունկնդրելու: Նրանք լսում էին նրա ձայնը, որը նույնպես կատարելությամբ էր ճառագում, կատարելապես հանգստավետ ու խաղաղ: Գոթաման ուսուցանում էր տառապանքի ուսմունքը, տառապանքի ծագման մասին էր բարբառում, տառապանքից ձերբազատման մասին: Հանդարտ ու պարզ հոսում էր նրա խաղաղարար խոսքը: Տառապանք էր կյանքը, աշխարհը լի էր տառապանքով, սակայն տառապանքներից փրկությունը այլևս գտնված էր. փրկությունը գտնում էր նա, ով Բուդդայի ճանապարհով էր ընթանում:
Հեզաբարո, սակայն հաստատակամ ձայնով էր խոսում Վեհագույնը, ուսուցանում էր չորս գլխավոր ճշմարտությունների մասին, մեղքերի քավության ութնանդամ ուղու: Համբերատար անցնում էր նա ուսմունքի մատուցման սովորական ճանապարհով՝ օրինակների ու կրկնությունների միջոցով, լուսավոր ու խաղաղ ճախրում էր նրա ձայնը ունկնդիրների գլխավերևում՝ որպես լույս, որպես աստղալից երկինք:
Երբ Բուդդան, այն պահին, երբ արդեն գիշերն իջել էր, եզրափակեց իր ճառը, ուխտավորներից ոմանք առաջ եկան ու խնդրեցին իրենց ընդգրկել ընկերակցության շարքերը, իրենց ապաստանը գտնելով ուսմունքի մեջ: Եվ Գոթաման ընդունելով նրանց ասաց.
- Դուք լսեցիք ուսմունքը, լսեցիք, թե ինչ է այն քարոզում: Եկե՛ք, ուրեմն դեպի մեզ և ապրեք սրբության մեջ, եթե ուզում եք վերջ տալ բոլոր տառապանքներին:
Եվ ահա Գովինդան, որ միշտ հեզ էր ու խոնարհ, առաջացավ ու ասաց.
- Ես էլ եմ ցանկանում հետևորդը դառնալ Վեհագույնի ու նրա ուսմունքի:
Այս ասելով՝ նա խնդրեց իրեն էլ ընդունել աշակերտների մեջ ու նրա խնդրանքը բավարարվեց:
Այն բանից հետո, երբ Բուդդան իր գիշերային հանգիստն էր վայելում, Գովինդան դարձավ Սիդհարթային ու ձայնի եռանդուն հնչերանգով ասաց.
- Ինձ վայել չէ, Սիդհարթա, հանդիմանել քեզ: Բայց մենք երկուսս էլ ուշիուշով լսեցինք Վեհագույնին, և երկուսս էլ ուսմունքն ընդունեցինք: Գովինդան ունկնդրեց ուսմունքը և անդամագրվեց այդ ուսմունքի հետևորդներին: Սակայն դու՛, հարգարժան, մի՞թե դու չես ուզում փրկության ուղով ընթանալ: Էլ ինչու՞ ես հապաղում, ինչի՞ ես սպասում:
Սիդհարթան ասես քնից արթնացավ, երբ Գովինդայի խոսքերը լսեց: Նա երկար-երկար նայեց Գովինդայի դեմքին: Հետո հանդարտ խոսեց, հեգնանքից զերծ ձայնով.
- Գովի՛նդա, բարեկա՛մս, հիմա դու քայլ կատարեցիր և քեզ համար ճանապարհ ընտրեցիր: Ո՜վ Գովինդա, դու միշտ իմ ընկերն ես եղել, մշտապես ինձանից մի քայլ ետ ես քայլել: Ես հաճախ եմ մտածել. մի՞թե մեկ անգամ էլ Գովինդան միայնակ ինքնուրույն մի քայլ չի կատարելու, առանց ինձ, սեփական հոգու թելադրանքով: Բայց ահա՛, հիմա դու տղամարդ ես դարձել և ինքդ ես քո ճանապարհն ընտրում: Թող որ այդպես դու քո ճանապարհը մինչև վերջ գնաս, թող որ դու գտնես փրկությունը...
Գովինդան, բարեկամի խոսքերից անակնկալի եկած և ասվածը լավ չհասկանալով՝ անհամբերության շեշտով կրկնեց իր հարցը.
- Դե խոսի՛ր, ես խնդրում եմ քեզ, սիրելիս: Ասա՛ ինձ, ասա՛, որ այլ կերպ չի էլ կարող լինել, ասա՛, որ դու նույնպես, իմ ուսյալ բարեկամ, ապաստան կգտնես վսեմափայլ Բուդդայի ուսմունքի մեջ..
Սիդհարթան ձեռքը դրեց Գովինդայի ուսին.
- Դու չլսեցիր իմ օրհնությունը, ո՜վ Գովինդա: Ես այն նորից եմ կրկնում. Թող որ այդպես դու քո ճանապարհը մինչև վերջ գնաս, թող որ դու գտնես փրկությունը...
Այդ պահին Գովինդան հասկացավ, որ իր ընկերը լքել է իրեն ու նա սկսեց լհեկեկալ:
- Սիդհա՛րթա,- ճչաց նա բողոքավորի ձայնով:
Սիդհարթան բարեկամաբար ասաց նրան.
- Մի՛ մոռացիր, Գովինդա, որ դու հիմա Բուդդայի սամանաների թվին ես պատկանում.. Դու հրաժարվել ես քո հայրենի եզերքից, հայենական տնից ու ծնողներից, հրաժարվել ես քո դասից ու սեփականությունից, հրաժարվել ես քո սեփական կամքից, հրաժարվել ես բարեկամությունից ու ընկերությունից: Այդպիսին է քո ընտրած ուսմունքի պահանջը, այդպիսին է Վեհագույնի կամքը: Դու ի՛նքդ ես դա ցանկացել: Վաղն առավոտյան, ո՜վ Գովինդա, ես քեզանից կհեռանամ:
Դեռ երկար ժամանակ թափառում էին բարեկամները մարգագետիններում, հետո երկար պառկեցին խոտերին, բայց աչքերին քուն չէր գալիս: Եւ նորից ու նորից Գովինդան շարունակ հարցերի տարափ էր տեղում իր բարեկամին, խնդրում էր իրեն ասել, թե ինչու՞ նա չի ցանկանում անդամակցել Գոթամայի ուսմունքին, ի՞նչ սխալմունք կամ պակասություն է տեսնում նրա ուսմունքի մեջ: Սիդհարթան, սակայն, ամեն անգամ հրաժարվում էր պատասխանել նրան և ասաց.
- Հանգստացի՛ր, Գովինդա... Շա՜տ լավն է Վեհագույնի ուսմունքը, ինչպե՞ս ես կարող եմ նրա մեջ թերություն կամ պակասություն գտնեմ:
Վաղ առավոտյան Բուդդայի հետևորդներից մեկը, նրա ամենատարեց վանականներից մեկն անցնում էր պարտեզի միջով, իր մոտ կանչելով բոլոր նրանց, որոնք, նորեկներ լինելով, անդամագրվել էին ուսմունքին, որպեսզի նրանց դեղին հանդերձանք հագցներ ու տեղյակ պահեր նրանց իրենց համքարության առաջին կանոնների ու պարտականությունների մասին:
Այդժամ Գովինդան պոկվեց տեղից, մեկ անգամ ևս գրկեց-համբուրեց իր պատանեկության ընկերոջն ու միացավ նորաթուխ անդամների շարքերին:
Սիդհարթան, սակայն, մտասույզ թափառում էր պարտեզում:
Հանկարծ նրա դեմ ելավ Գոթաման, Վեհագույնը, ու երբ Սիդհարթան երկյուղած մեծարանքով ողջունեց նրան՝ Բուդդային, և քանի որ նրա հայացքն այնպես լի էր բարությամբ ու խաղաղությամբ, պատանին դրանից քաջությամբ լցվեց և Վեհագույնից թույլտվություն հայցեց իրեն դիմելու: Վեհագույնը լռելյայն գլխով համաձայնության նշան արեց:
Սիդհարթան խոսեց և ասաց.
- Երեկ, ո՜վ Վեհագույն, ինձ բախտ վիճակվեց ունկնդիր լինել քո հրաշափառ ուսմունքին: Իմ բարեկամի հետ միասին ես այստեղ եմ եկել հեռու-հեռվից՝ ուսմունքը լսելու նպատակով: Եվ այժմ իմ բարեկամը մնալու է քո աշակերտների հետ, քեզ մոտ է նա իր ապաստանը գտել: Իսկ ես պետք է վերստին շարունակեմ իմ ուխտագնացությունը:
- Ինչպես հարմար կգտնես,- քաղաքավարի պատասխանեց Վեհագույնը:
- Շատ չոր ստացվեց իմ խոսքը,- շարունակեց Սիդհարթան,- բայց ես չէի ցանկանա լքել Վեհագույնին՝ առանց որ ինձ պաշարած մտքերը ազնվաբար նրան հաղորդելու: Արդյո՞ք Վեհագույնը մի կարճ ակնթարթ միայն ինձ իր ուշադրությանը կարժանացնի:
Բուդդան լռելյայն գլխով համաձայնության նշան արեց:
Սիդհարթան ասաց.
- Ո՜վ Վեհագույն, քո ուսմունքի մեջ ինձ ամենից շատ մի բան զարմանք պատճառեց: Քո ուսմունքում ամեն-ամեն ինչ կատարելապես պարզ է ու համոզիչ: Դու աշխարհը ցույց ես տալիս որպես մի կատարյալ, երբեք և ոչ մի տեղ չխզված շղթա, որպես մի հավերժական հերթափոխ, կազմված պատճառից ու հետևանքներից: Երբեք և ոչ ոքի կողմից դա այդպես պարզ չի տեսնվել կամ գիտակցվել, երբեք այն այդպես անառարկելիորեն ապացուցված չի եղել: Յուրաքանչյուր բրահմանի սիրտը կրծքի տակ իսկապես որ պետք է ոգևորությունից տրոփի, երբ նա, քո ուսմունքի միջով աշխարհին է նայում որպես մի կատարյալ փոխկախվածությունների շղթայի, առանց բացթողումների, հստակ ու վճիտ՝ ինչպես բյուրեղը, որը կախված չէ պատահական դիպվածներից, կախված չէ աստվածներից: Ուրիշ հարց է, թե արդյոք աշխարհը բարի է, թե չար, նրանում ընթացող կյանքը տառապանք է, թե երջանկություն, այստեղ դա կարևոր չէ, դա նույնիսկ երևի թե էական էլ չէ: Սակայն աշխարհի միասնությունը, իրադարձությունների փոխկապակցվածությունը, բոլոր տեսակի մեծ ու փոքրի ենթակայությունը միևնույն հորձանքին, պատճառների, սկզբնավորման ու վախճանի միևնույն օրենքին, սա է, որ ամենապայծառ հստակությամբ ճառագում է քո վսեմաշուք ուսմունքից, ո՜վ Կատարելագույնդ: Այժմ սակայն, համաձայն քո իսկ ուսմունքի, պարզվում է, որ բոլոր իրերի միասնականությունն ու բնական ժառանգորդությունը մի կետում ընդհատվել-խզվել է, մի փոքրիկ սողանցքից այս միասնականության աշխարհն է ներխուժել օտար մի բան, նորահայտ մի բան, այնպիսի մեկը, որ մինչ այժմ գոյություն չի ունեցել, և որը, հետևաբար, անկարելի է ցուցանել կամ ապացուցել. և դա աշխարհի հաղթահարման, փրկության ու ապաշխարության քո ուսմունքն է: Այդ պստլիկ անցքի պատճառով, այդ աննշան թվացող խզման հետևանքով, սակայն, այդ ողջ հավերժական ու միասնական աշխարհի օրենքը վերստին խախտված է և ուժը կորցրած: Այստեղ ես հայցում եմ քո ներողամտությունը իմ այս առարկության կապակցությամբ:
Լուռ ու հանգիստ Գոթաման լսեց նրան: Իր հեզ, բարեհունչ ու վճիտ ձայնով այսպես խոսեց Կատարյալը.
- Դու լսեցիր ուսմունքը, ո՜վ բրահմանորդի, և փա՛ռք քեզ, որ այդքան խորը ընկալեցիր այն: Դու նրանում մի ճեղքվածք, սխալմունք գտար: Շարունակի՛ր ավելի խորանալ նրա մեջ: Բայց զգուշացի՛ր, խուսափի՛ր, ո՜վ դու հետաքրքրասեր, կարծիքների թավուտներից և բառերի կռվից: Խնդիրը կարծիքներին չի վերաբերում, ինչպիսին էլ նրանք լինեն, գեղեցիկ կամ տգեղ, խելացի, թե անմիտ, ամեն ոք ազատ է ընդունելու դրանք կամ մերժելու: Այն ուսմունքը, որը սակայն դու ինձանից լսեցիր, կարծիք չէ, և այն նպատակ չի հետապնդում բացատրելու աշխարհը հետաքրքրասերների համար: Նրա նպատակն ուրիշ է. քավությունը, տառապանքից ազատումը: Սա՛ է, ինչ ուսուցանում է Գոթաման, և ոչ թե մեկ այլ բան:
- Խնդրում եմ դու իմ վրա մի բարկացիր, Վեհագու՛յնդ,- ասաց պատանյակը:- Վիճելու համար չէր, բառերի պատճառով քեզ հետ վիճաբանելու համար չէր, որ ես այդպես խոսեցի քեզ հետ: Հազար անգամ դու իրավացի ես, խնդիրն իսկապես կարծիքներին չի վերաբերում: Բայց թու՛յլ տուր ինձ մի բան էլ ասեմ. ես վայրկյան անգամ չեմ տարակուսել քո առնչությամբ, ես վայրկյան անգամ չեմ կասկածել, որ դու իսկապես Բուդդան ես, որ դու հասել ես նպատակին, բարձրագույն նպատակին, որի համար տասնյակ հազարավոր բրահմաններ ու բրահմանորդիներ ճանապարհ են ընկել: Դու գտել, հայտնաբերել ես մահվանից փրկությունը: Դու դրան հասել ես քո սեփական որոնումների միջոցով, քո՛ իսկ անցած ճանապարհի շնորհիվ, քո՛ մտածությունների, ինքնասուզումների, ճանաչողության, պայծառատեսության շնորհիվ: Բայց ոչ երբեք մի ինչ-որ օտար ուսմունքի սերտման միջոցով... Եւ, այսպիսին է իմ միտքը, ո՜վ Վեհագույն, ոչ ոք չի կարող հասնել փրկության շնորհիվ որևէ ուսմունքի: Ոչ ոքի, ո՜վ Վեհագույնդ, դու չես կարող բառերի ու խրատուսույցների միջոցով հաղորդել ու արտահայտել այն, ինչը քեզ վիճակվել է վերապրել քո պայծառատեսության պահին... Շա՜տ բան է իր մեջ բովանդակում պայծառատես Բուդդայի ուսմունքը, շատ-շատերին այն կուսուցանի ճիշտ և արդարամիտ ապրելու արվեստը, չարից խուսափելու գիտությունը: Միայն մի բան կա, որ պակասում է այդ այնքան պարզ ու այնքան բարձրուվեհ ուսմունքին. այն իր մեջ չի բովանդակում, նրա մեջ բացահայտված չէ այն բանի գաղտնիքը, թե ի՛նչ է Վեհագույնն ինքը վերապրել, միայնումիայն նա՝ հարյուր հազարավորների մեջ: Ահա՛ թե ես ինչ էի մտածում և ինչ հասկացա ուսմունքն ունկնդրելիս: Սա է պատճառը, որ ես որոշեցի վերստին շարունակել իմ որոնումները և ճանապարհ ընկնել, բնավ ոչ այն նպատակով, որ մեկ ուրիշ, ավելի լավ ուսմունք գտնեմ, քանզի ես արդեն գիտեմ, որ այդպիսին չկա, այլ որպեսզի բոլոր ուսմունքներին ու բոլոր ուսուցիչներին մնաս բարով ասեմ ու միայնակ մնալով, մենության մեջ իմ նպատակին հասնեմ, և կամ վախճանվեմ: Սակայն շատ հաճախ ես դեռ կվերհիշեմ այն օրն ու ժամը, ո՜վ Վեհագույնդ, երբ իմ աչքերը սուրբիդ տեսան:
Բուդդան խոնարհ հայացքը հառել էր գետնին, խաղաղ, կատարյալ անվրդովությամբ էր ճառագում նրա անթափանց ու անորսալի դեմքը:
- Թող որ քո մտքերը հանկարծ մոլորություն դուրս չգան,- դանդաղ, ծոր տալով խոսեց Վեհագույնը:- Ես քեզ ցանկանում եմ, որ դու հասնես քո նպատակին ... Բայց, ասա՛ ինձ, դու տեսա՞ր իմ սամանաների բազմությունը, իմ բազմահազար եղբայրներին, որոնք ապաստան են գտել իմ ուսմունքի մեջ: Եվ դու կարծում ես, օտարական սամանա, դու կարծում ես, որ նրանց բոլորի համար ավելի լավ կլինի հրաժարվե՞ն այդ ուսմունքից և վերադառնան աշխարհիկ կյանքի՞ն, որ լի է ամեն տեսակի կրքերո՞վ:
- Ես շատ հեռու եմ նման գաղափարից,- բացականչեց Սիդհարթան:- Թող նրանք բոլորը հավատարիմ մնան ուսմունքին, թող հասնեն իրենց նպատակին: Ինձ չի պատշաճում դատել ուրիշներին: Միայն ինձ համար, միայնումիայն ի՛նձ համար հարկ է որ ես դատավճիռ կայացնեմ, ընտրել մի բան, մերժել մյուսը: Մենք, սամանաներս, որոնում ենք եսից ազատագրվելու ուղին, ո՜վ Վեհագույնդ: Եթե ես դառնամ մեկը քո աշակերտներից, ո՜վ Վսեմափայլ, ապա ես վախենում եմ, որ իմ եսը միայն արտաքուստ, թվացյալ իմաստով միայն հանգիստ կառնի ու փրկություն կգտնի, իսկ իրականում այն կշարունակի ապրել և նույնիսկ գուցե ավելի կմեծանա, կաճի, քանզի այդ դեպքում հենց ինքը՝ ուսմունքը և նրա նկատմամբ իմ հավատարմությունը, քո հանդեպ իմ տածած սերը և վանականների համայնքային կյանքը կդառնան իմ եսը...
Կիսաժպիտը դեմքին, անվրդով պայծառությամբ ու բարյացկամությամբ Գոթաման նայեց օտարականի հայացքի մեջ ու հրաժեշտ տվեց նրան գրեթե անտեսանելի շարժումով:
- Խելացի ես դու, ո՜վ սամանա,- նկատեց Վսեմափայլը:- Եւ գիտես խելացի խոսել, բարեկամս: Զգուշացի՛ր, սակայն, չափից ավելի խելամտություններ արտահայտելուց:
Ասելուն պես Բուդդան շրջվեց ու հեռացավ, սակայն նրա հայացքն ու կիսաժպիտը հավերժ դաջվեցին-մնացին Սիդհարթայի հիշողության մեջ:
- Ես երբեք չեմ տեսել այսպիսի մի մարդու, որն այդօրինակ հայացք ու ժպիտ ունենար, որ այդպիսի նիստուկացի տիրապետելիս լիներ,- մտածեց Սիդհարթան,- ես ինքս էլ կուզենայի նրա հայացքն ու ժպիտն ունենայի, նրա նման նստել ու քայլել իմանայի, այնպես անբռնազբոս ու ազատ, այնպես արժանապատիվ, ծածուկ ու բացազատ, մանկան նման այնքան պարզ ու խորհրդավոր: Այդպես իրականում կարող է նայել ու քայլել միայն այն մարդը, որին վիճակվել է ներթափանցել իր եսի ամենաթաքուն խորխորատները: Ուրեմն ես էլ կփորձեմ հասնել իմ եսի ամենախոր շերտերը:
- Ես տեսա մի մարդու,- շարունակում էր մտածել Սիդհարթան,- միակ մարդուն, որի առաջ ես պետք է հայացքս խոնարհեի: Ուրիշ էլ ո՛չ ոքի առաջ ես այլևս չեմ ցանկանում հայացքս խոնարհել, ո՛չ ոքի առաջ: Այլևս ոչ մի ուսմունք չի կարող ինձ գայթակղել, եթե այս մարդու ուսմունքը չկարողացավ ինձ իրեն ենթարկեցնել:
- Ինձ թալանեց, կողոպտեց Բուդդան,- մտածում էր Սիդհարթան,- նա ինձ շատ բանից զրկեց, բայց ավելի շատ բաներ պարգևեց նա ինձ: Նա ինձանից խլեց իմ ընկերոջը, այն մարդուն, որն հավատում էր ինձ և որն այլևս իրեն է հավատում, նա՛, որ իմ ստվերն էր ու հիմա Գոթամայի ստվերը դարձավ: Փոխարենը, սակայն, նա ինձ նվիրեց Սիդհարթային, նվիրեց հենց ինձ:
=== ԱՐԹՆԱՑՈՒՄ ===
Երբ Սիդհարթան լքեց պարտեզը, թողնելով այնտեղ Բուդդային՝ Կատարյալին, թողնելով այնտեղ Գովինդային՝ իր ընկերոջը, այդ պահին նա զգաց, որ այդ պարտեզում նա թողել էր նաև իր նախկին կյանքը, և հրաժեշտ էր տվել նրան՝ իր նախկին կյանքին: Այդ զգացողությունը այնպես համակեց նրան, որ նա այլևս անկարող էր որևէ այլ բանի մասին մտածել: Դանդաղ ընթանալով իր ճանապարհով՝ նա ցանկանում էր հասկանալ ինքն իրեն, ինչպես մի մարդ, որ սուզվել էր խորը ջրի մեջ, նա խորացավ մինչև այդ զգացողության հատակը, մինչև նրա սկզբնապատճառները, քանզի կարծում էր, որ պատճառների ճանաչման մեջ է հենց մտածողության նպատակը: Միայն այդ պայմանով զգացողությունները դառնում են ճանաչողություն ու չեն կորչում, այլ էություն են ձեռք բերում և սկսում են ճառագել այն լույսը, որ պարփակված է իրենց մեջ:
Դանդաղ ընթանալով իր ճանապարհով՝ Սիդհարթան ընկել էր մտածությունների գիրկը: Նա հասկացավ, որ ինքն այլևս դադարել էր պատանի լինելուց, տղամարդ էր դարձել: Նա հասկացավ, որ ինչպես օձն է իր կաշին փոխում, ինքն էլ իր վրայից նետել է մի բան, որն իր ողջ պատանեկության ընթացքում իր ուղեկիցն էր եղել, իրեն է պատկանել. ազատվել էր ուսուցիչ ունենալու և այլոց ուսմունքներին հետևելու ցանկությունից: Իր ճանապարհին հանդիպած վերջին ուսուցչին, վսեմագույն և իմաստնագույն ուսուցչին, սրբազան Բուդդային ինքը լքել էր, հարկադրված բաժանվել էր նրանից, անկարող լինելով ընդունելու նրա ուսմունքը:
Ավելի դանդաղեցնելով իր ընթացքը, մտքերի մեջ խոռասուզված՝ նա ինքն իրեն հարցնում էր.
- Բայց իսկապես ի՞նչ էիր դու ցանկանում սովորել ուսուցիչներից ու նրանց ուսմունքներից, և այդ ի՞նչն էր, որ ինչքան էլ նրանք փորձեցին քեզ սովորեցնել, սակայն այդպես էլ չկարողացան սովորեցնել քեզ:- Եվ նա գտավ պատասխանը,- սեփական եսի, նրա իմաստի ու էության ճանաչողությունը, ահա՛ թե ինչի էի ես ձգտում, ինչ էի ցանկանում սովորել: Ես ուզում էի ձերբազատվել նրանից, հաղթահարել իմ եսը: Բայց այդ բանը ես չկարողացա անել, ես կարողացա լոկ մոլորեցնել նրան, փախչել նրանից, թաքնվել նրանից: Իսկապես, աշխարհում ոչինչ այնքան չէր զբաղեցնում իմ միտքը, որքան իմ այդ եսը, այն հանելուկը, որ ես ողջ եմ, ապրում եմ, այն, որ ես բոլոր մյուսներից տարբեր ու առանձնակի մի բան եմ ինձանից ներկայացնում, որ ես Սիդհարթան եմ... Եվ աշխարհում ոչ մի բանի մասին ես այնքան ավելի քիչ չգիտեմ, որքան Սիդհարթայի մասին...
Դանդաղորեն ընթացողն ու մտածություններին տրվածը կանգ առավ՝ այդ վերջին մտքից ցնցված, և այդ մտքից անմիջապես էլ մեկ ուրիշը ծնվեց. այն որ ես ոչինչ չգիտեմ իմ մասին, որ Սիդհարթան ինձ համար մնում էր օտար ու անծանոթ մեկը, գալիս է մեն-միակ պատճառից, այն որ ես վախենում էի ինքս ինձանից, փախչում էի ինքս ինձանից... Ես փնտրում էի Աթմանը, փնտրում էի բրահմանը, ես կամենում էի իմ եսը բաժան-բաժան անել, մասերի բաժանել, մաքրել բոլոր թաղանթներից, որպեսզի նրա անծանոթ խորխորատներում գտնել կարողանայի բոլոր այդ թաղանթների սրտամիջուկը՝ Աթմանին, կյանքը, աստվածայինը, նախասկզբնատուին: Ընդսմին, այդ փնտրտուքի մեջ, սակայն, ես ինքս ինձ կորցրեցի:
Սիդհարթան բացեց աչքերը և շուրջբոլորը նայեց, ժպիտը փայլեց նրա դեմքին և երկարատև քնից հետո արթնացումի զգացումը հորձանք տվեց նրա մեջ ու ծառս եղավ: Եվ նա սկսեց ավելի ու ավելի արագ քայլեր գցել, որպես մի տղամարդ, որը գիտե, թե ինչ պետք է ինքը անի:
- Օ՜,- մտածեց նա՝ թեթևացած շունչ քաշելով,- հիմա ես այլևս թույլ չեմ տա, որ Սիդհարթան խույս տա ինձանից: Ես այլևս իմ մտքերն ու կյանքը չեմ նվիրաբերելու Աթմանին ու աշխարհային տառապանքին: Ես այլևս ինձ չեմ սպանելու ու քայքայելու պես կտոր-կտոր անելու, որպեսզի ավերակների ետևում ինչ-ինչ գաղտնիք գտնեմ: Ես այլևս չեմ ղեկավարվելու ոչ Յոգա-վեդայով, ոչ Աթհարվա-վեդայով, ոչ ճգնակեցությամբ կամ որևէ այլ ուսմունքով: Ինքս ինձ մոտ ես պետք է ուսանեմ, ես ուզում եմ ինքս իմ աշակերտը լինել, ինքս ինձ ճանաչել, գաղտնիքը, որ կոչվում է Սիդհարթա:
Նա զմայլված իր շուրջն էր նայում, ասես առաջին անգամ էր աշխարհը տեսնում: Ի՜նչ գեղեցիկ էր աշխարհը, բազմազան ու գունագեղ, զարմանահրաշ ու առեղծվածային էր աշխարհը... Մի տեղ կապույտ էր, մեկ այլ տեղ՝ դեղին, երրորդում կանաչ, երկինքն էր հոսում ու գետը, զառիվեր խոյանում էին անտառն ու լեռը, ողջը գեղեցիկ էր, ամեն-ամեն ինչ առեղծվածային էր ու կախարդական, և այդ ողջ հրաշքի ճիշտ մեջտեղում կանգնած էր ինքը՝ Սիդհարթան, արթնացողը, ինքն իրեն վերադարձի ճանապարհին: Այդ ամենը, բոլոր այդ դեղինն ու կապույտը, գետն ու անտառը, առաջին անգամը լինելով, մուտք էր գործում Սիդհարթայի մեջ՝ նրա աչքերի միջով: Այդ ամենը այլևս Մարայի կախարդությունը չէր կամ Մայայի շղարշաքողը, երևույթների աշխարհի իմաստազուրկ ու պատահական բազմաբղետությունը, որ այնքան ատելի էր խորագետ բրահմանի համար, որն արհամարհում, անտեսում էր բազմազանությունը, որոնելով միասնականը: Կապույտը կապույտ էր, գետը գետ, և թեկուզ կապույտի ու գետի մեջ, Սիդհարթայի մեջ ծպտված ապրում էր միասնականն ու աստվածայինը, սակայն, չէ՞ որ հենց դրանում է աստվածայինի հատկությունն ու իմաստը. այստեղ դեղին լինել կամ կապույտ, այնտեղ՝ երկինք, ահա այնտեղ՝ անտառ, իսկ այստեղ էլ՝ Սիդհարթա: Իմաստն ու էությունը երբեք ինչ-որ տեղ, իրերից զատ, նրանցից դուրս չեն եղել, այլ հենց նրանց մեջ ամփոփված, ամեն-ամեն ինչում, ամենագո:
- Եվ ինչքա՜ն խուլ ու բութ էի ես,- մտածեց Սիդհարթան՝ քայլերն արագ-արագ գցելով:- Երբ մեկը մի ձեռագիր է ընթերցում և ցանկանում է հասկանալ նրա իմաստը, նա երբեք չի արհամարի կամ ատի նշաններն ու տառերը և նրանց չի կոչի խաբկանք, մոլորություն, պատահականություն կամ անարժեք թաղանթ, այլ նա կընթեռնի դրանք՝ տառ առ տառ, սիրով կլցվի նրանց նկատմամբ, ամեն տառի ու նշանի հանդեպ: Մինչդեռ ես, որ ցանկանում էի ընթեռնել աշխարհի և իմ սեփական էության գիրքը, մի ինչ-որ նախապես ենթադրյալ իմաստի սիրույն արհամարհանքով էի նայում նշաններին ու տառերին, երևույթների աշխարհը ես կոչում էի մոլորություն ու խաբկանք, իմ աչքն ու իմ լեզուն անվանում էի պատահական ու արժեզուրկ երևույթներ: Օ՜ ոչ, դա արդեն անցյալին է պատկանում, ես արդեն արթնացել եմ, ես իսկապես որ արթնացել եմ, ես հենց միայն այսօր եմ ծնվել:
Իր խորհրդածությունների ծիրում հասնելով այդ կետին՝ Սիդհարթան անսպասելիորեն կանգ առավ, ասես ոտքերի տակ պառկած օձից ցնցվելով:
Բայց հանկարծ մի բան էլ նրա համար պարզ դարձավ. ինքը, որ իսկապես արթնացել ու նորից էր ծնվել, հետևաբար պետք է իր կյանքը ևս ամենասկզբից սկսեր: Երբ նա այդ նույն առավոտյան լքում էր Յեթավանայի պարտեզը, այն Վեհագույնի պարտեզը, արդեն կիսով չափ արթնացած, արդեն դեպի ինքն իրեն վերադառնալու ճանապարհին էր, ինքը նպատակադրվել էր, ինչն իրեն այնքա՜ն բնական ու ինքնին հասկանալի թվաց, այդքան երկար տարիներ ճգնակեցությանը տրվելուց հետո վերադառնալ հայրենի տուն, իր հոր մոտ: Բայց հիմա, այն նույն պահին, երբ նա կանգ էր առել՝ ասես ոտքերի տակ պառկած օձից ցնցվելով, նրա մեջ արթնացավ հետևյալ գիտակցությունը. - Բայց չէ՞ որ ես այլևս այն չեմ, ինչ էի առաջ, ես այլևս ճգնավոր չեմ, ես այլևս քուրմ չեմ, ոչ էլ բրահման: Ուրեմն ի՞նչ պետք է անեմ տանը, հորս հարկի տակ: Նորի՞ց սովորեմ, զոհե՞ր մատուցեմ: Ինքնախորասուզման արվեստի մե՞ջ վարժվեմ: Բայց այդ ամենին ես արդեն հրաժեշտ եմ տվել, այդ ամենն այլևս տեղ չունի իմ ճանապարհին:
Անշարժացած՝ կանգ առավ Սիդհարթան, ասես գետնին գամված: Միայն մի պահ, շունչ քաշելու չափ տևած մի վայրկյան նրա սիրտը կանգ առավ, նա զգաց, թե ինչպես իր սիրտը, փոքրիկ մի թռչունի, գազանիկի կամ ճագարի նման սառչեց ու կծկվեց կրծքի տակ՝ այն մտքից սարսռած, թե որքա՜ն միայնակ է ինքը: Տարիներ շարունակ նա ապրել էր անհայրենիք և չէր զգացել դա: Հիմա նա զգաց դա: Այդ ողջ ընթացքում, իր ինքնախորասուզման ամենախորը պահերին անգամ նա միշտ եղել ու մնացել էր իր հոր որդին, մնացել էր բրահման, բարձր դասին պատկանող մեկը, ուսյալ ու գիտուն: Հիմա նա ընդամենը Սիդհարթան էր, ճիշտ է՝ արթնացած, բայց միայն այդքանը: Նա խորը շունչ քաշեց և ցրտից սարսռաց: Ոչ ոք այնպես մենակ չէր, ինչպես ինքը: Բոլոր բարձր դասի ներկայացուցիչները, բոլոր արհեստավորները պատկանում էին իրենց ու միայն իրենց դասին, ապաստան էին գտնում իրենց նմանների մոտ՝ ազնվացեղների կամ արհեստագործների, կիսում էին նրանց կյանքը, խոսում նրանց լեզվով: Չկար մի բրահման, որն իրեն բրահմանների դասին չհատկացներ և չապրեր նրանց հասարակության մեջ, չկար մի ճգնավոր, որն ապաստան չգտներ սամանաների միջավայրում, անգամ մարդկանցից մեկուսացած անտառաբնակ ճգնավորը ամբողջապես մենակ չէր, նա էլ էր շփվում իր նմանների հետ, նա էլ էր մի ինչ-որ դասի պատկանում, մի ընկերակցության, որը նրա համար փոխարինում էր հայրենիքը: Գովինդան վանական դարձավ և հազարավոր վանականներ նրա եղբայրներն էին, կրում էին նույն հանդերձանքը ինչ ինքը, հավատում էին նույն բանին, խոսում էին նույն լեզվով: Սակայն ինքը, Սիդհարթան, ու՞մ էր նա պատկանում: Ու՞մ հետ նա պետք է իր կյանքը կիսեր: Ու՞մ հետ պետք է ընդհանուր լեզու գտներ:
Այդ պահից ի վեր, երբ նրան շրջապատող աշխարհն ասես հալվեց-անէացավ, երբ նա միայնակ մնաց, ինչպես երկնքի աստղը, հոգևոր սառնության ու ընդարմացման, հոգեկան անկման այդ ակնթարթին Սիդհարթան դուրս լողաց՝ առաջվանից ավելի ամուր ու կարծրացած եսով: Նա զգաց, որ դա արթնացման վերջին ոգորումն էր, ծնվելու վերջին սարսռացող ցնցումը: Դրանից հետո նա անմիջապես ճանապարհ ընկավ, արագացրեց քայլերը և անհամբերությամբ առաջ էր սլանում, բայց ոչ թե դեպի տուն, հոր մոտ՝ այլ հեռանում էր իր անցյալ կյանքից:
== ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ ==
=== ՔԱՄԱԼԱ ===