Changes
Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն <math>^1/_{24}</math> մասն է ընկնում <math>^1/_{12}</math>-ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [''Տես 3a ծանոթ.'']։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի <math>14^2/_5</math> հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած <math>9^3/_5</math> հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և <math>3^3/_5</math> հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատումի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին •առաջվա առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել<ref>«Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, Հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նամն մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։</ref>։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մանում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։
Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով<ref>«Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։</ref>։