Changes

Պահապանները

Ավելացվել է 14 615 բայտ, 21:47, 4 Հունիսի 2014
/* Գլուխ հինգերորդ․ Դավադրության բացահայտումը */
― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչեւ այս գարուն։ Իսկ երբ փորձանքի հոտն եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, եւ մեզնից յուրաքանչյուրը հայնտեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գանդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, մենք նաեւ մի գլխավոր աչքուականջ ունենք, չեմ թաքցնի, դե լավ, ցույց կտամ։
― Ցույց տուր, ո՞ւր է նա, ― ասաց Ֆրոդոն, խայթվածի պես շուրջը նայելով, ասես սպասում էր, որ հիմա պահարանի դուրս կգա սեւ լրտեսը՝ սեւ դիմակով։
 
― Արի, Սամ, մի՛ ամաչիր, ― կանչեց Մերին, եւ Սամը վեր կացավ մեղավոր տեսքով, ձեռքերը ցած թողած ու մինչեւ ականջները կարմրած։ ― Ահա թե ով է մեր գլխավոր տեղեկություններ հայթայթողը։ Եվ ես քեզ պետք է ասեմ, որ նա քիչ տեղեկություններ չի հաղորդել, մինչեւ նրան ճանկեցին։ Իսկ այդ ժամանակվանից կարծես բերանը ջուր է հավաքել՝ ազնվությունը, տեսե՜ք, տեսե՜ք, թույլ չի տալիս։
 
― Սա՜մ, ― միայն կարողացավ բացականչել Ֆրոդոն։ Նա նույնիսկ չգիտեր՝ ծիծաղեր, ծայրանա՞ր, թե թեթեւացած շունչ քաշեր։ Միեւնույն է, հիմար վիճակում էր գտնվում։
 
― Ես, տեր իմ, ― վախեցած հայտարարեց Սամը։ ― Ձեր թույլտվությամբ, տեր իմ․․․ Ես ձեր պատճառով, տեր իմ, Գանդալֆին էլ, ազնիվ խոսք, չեմ հակառակվել։ Դե նա անտեղի ոչինչ չի ասի, իսկ նա ի՞նչ ասաց․․․ Դուք նրան թե՝ մենակ կգնամ, իսկ նա ձեզ՝ ո՛չ ասում է, վերրում քեզ հետ նրանց, ում վստահում ես․․․
 
― Էլ հիմա ո՞ւմ վրա հույս դնես, ― փնթփնթաց Ֆրոդոն, իսկ Սամը վշտահար նայեց ներքեւ։
 
― Նայած թե ինչ նկատի ունես, ― առարկեց Մերին։ ― Կարող ես հուսալ, որ մենք քո հետեւից դժոխք կգանք, որ կկործանվենք, եթե հարկ լինի, միասին։ Եվ քո՛ գաղտնիքները, համոզված եղիր, քեզնից վատ չենք պահի։ Բայց բնավ հույս չունենաս, որ քեզ կլքենք ու դու մենակ կգնաս։ Հիմա ես դու, Ֆրոդո, չէ՞ որ մենք քո բարեկամներն ենք․․․ Եվ ճանապարհի պատրաստվել ենք ո՛չ կուրորեն։ Մենք գիտենք համարյա ամեն ինչ, որ քեզ պատմել է Գանդալֆը, գիտենք Մատանու մասին։
 
Շատ սարսափելի է, բայց կգանք քեզ հետ, իսկ եթե չցանկանաս՝ միեւնույն է, կգանք։
 
― Դուք էլ ներող եղեք, տեր իմ, ― ավելացրեց Սամը, ― մենակ թե էլֆերն ի՞նչ խորհուրդ տվին ձեզ։ Չէ որ Գանդալֆը ձեզ ասաց․ վերցրու ով կուզի քեզ հետ գալ, էդպես չէ՞
 
― Այդպեսն այդպես է, ― սամին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլեւս չեմ հավատալու․․․ Նայում եմ՝ իբրեւ թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից․․․ Դե դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց եւ ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գանդալֆի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե եւ ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ․ մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։
 
― Ասվածը՝ արած է։ Կեցցե խմբապետ Ֆրոդոն եւ նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փինը պարից դուրս եկան եւ սկսեցին երգել՝ իհարկե, նախապես հորինվածը, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ․
 
<poem>
Ուռռ՜ա, ընկերներ, երգենք երեքով,
Դու մնաս բարով, հայրենի օջախ,
Ինչ էլ որ լինի՝ կհասնենք Ազատք,
Մեզ չեն խանգարի մրրիկները չար։
 
Կհասնենք այնտեղ, ուր վաղուց, վաղուց
Էլֆերն են ապրում մուժում լեռների,
Կհասնենք՝ թեկուզ տուն ու տե թողած,
Ի հեճուկս մեր թշնամիների։
 
Հետո կիմանանք անելիքը մեր,
Երբ հանգստանանք դեպքերից խառնակ,
Մեր պարտքը մեծ է, մեր ճամփան՝ երկար,
Բայց մենք անպայման կվերադառնանք։
 
Մոտ են լուսայգի շողերը անմար,
Ժամն է գնալու ու ժամն է հարմա․․․
</poem>
 
― Վատ չեք երգում, ― նկատեց Ֆրոդոն։ ― Բայց որ արդեն այդպես է, մենք բավական գործ ունենք, եկեք սկսենք, քանի տանիք կա գլխներիս վերեւ, չէ՞ որ հետո տանիք չի լինի։
 
― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչեւ լուսաբաց ճամփա ընկնել․․․
 
― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սեւ Հեծյալներից եւ վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է, որ ես այնտեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես ինձ խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գանդալֆին։ Ահա Գարալդն էլ զարմացավ, որ Գանդալֆը խոստացել է ու չի եկել։ Հետո հարց կա, մի ուրիշ հարց էլ կա։ Առաջինը․ երբ Հեծյալները կհասնեն Զայգորդ․․․ Երկրորդ․ մենք երկա՞ր ենք հավաքվելու․․․ Ճանապարհը, հո ինքներդ գիտեք․․․
 
― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― թեկուզ մի ժամից։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու եւ փոր լցնելու համար։
 
― Այո, դուք, տեսնում եմ, փորձված դավադիրներ եք, ― հիացավ Ֆրոդոն։ ― Բայց գուցե մի օր սպասե՞նք Գանդալֆին։
 
― Մեզ ինչ կա, կսպասենք, միայն թե քո Հեծյալները վրա չտան հանկարծ, ― ասաց Մերին։ ― Նրանք արդեն մեզ հասած կլինեին, բայց, հավանաբար, դեմ են առել Հյուսիսային մուտքի մոտ, այնտեղ Պատնեշը երեք սաժեն է ու հասնում է մինչեւ գետը։ Եվ պահակներն էլ՝ խնդրես չխնդրես, գիշեր ժամանակ ոչ ոքի չեն թողնի։ Թերեւս, ուժով ներխուժեն, բայց, իմ կարծիքով, այնտեղ հազիվ թե կարողանան։ Այնտեղ իսկի ցերեկը ներս չեն թողնի, մանավանդ ինչ֊որ սեւ ու կասկածելիների։ Թոնելը՝ չեն թողնի, բայց Բրենդիդուիմն ամրոց չէ, ինքդ էլ ես հասկանում։
 
Ֆրոդոն մտքերի մեջ ընկավ։
 
― Մենք այսպես կանենք, ― վերջապես ասաց նա։ ― Վաը լուսամութին դուրս ենք գալիս։ Միայն թե ոչ ճանապարհով, դա ամենավտանգավորն է։ Գուցե մեզ բոլոր կողմերից պաշարել են, ես հո չգիտեմ քանի՞ Հեծյալ է, կարող է՝ երկուսն են, կարող է՝ շատ։ Մենք պիտի գետնի տակ մտածների պես գնանք։
 
― Էդ ուրեմն դուք մենակ Հավերժական Անտառով պիտի գնաք, ― սարսափով բացականչեց Գիրուկը։ ― Զգուշացեք, էնտեղ ամենավատն է։ Էլ ո՜նց կլիներ, ինչ֊որ Սեւ Հեծյալներ․․․
 
― Այ հենց դու էլ մտածիր ազատ ժամանակ, ― խորհուրդ տվեց նրան Մերին։ ― Անտառը, իհարկե, ահավոր է, բայց այնուամենայնիվ Ֆրոդոն իրավացի է։ Այնտեղ մեզ չեն հետապնդի, բախտներս որ բերի, ուրեմն մեր հետքը կկորցնեն ու ամեն տեսակ հետապնդումից կազատվենք։
 
― Էդ ձեր բախտը Հավերժական Անտառո՞ւմ է բերելու, ― ծղրտաց Գիրուկը։ ― Այնտեղ դեռ ոչ ոքի բախտը չի բերել։ Հետապնդողները կկորցնեն ձեզ, ո՜նց չէ․․․ Ինքներդ հավիտյան կկորչեք․․․ Էնտեղ ոչ ոք չի գնում։
 
― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― ասաց Մերին։ ― Բրենդիզայքներն են գնում՝ իհարկե ոչ ամեն օր, երբ պետք է լինում։ Եվ մեր կածանն ունենք այնտեղ։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։
 
― Ձեր գործն է, ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն աշխարհումս Հավերժական Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսես։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ, ա՜յ Գանդալֆը էս երկու օրը կերեւա, ու ես ձեր մասին ամեն ինչ կպատմեմ նրան։
 
Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել․ ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը եւ մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձեւացնելով, թե պարոն Պարկինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայնդեպս, նույնիսկ Պարկուտից հին զգեստներ էին բերել․ Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեեւ նրան Ֆրոդոյի տեղ դնեն։ Ոչ ոք չէր մտածում, որ դա ամենավտանգավոր դերն է։
 
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն, քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գանդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան եւ, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա․ ով֊ով, բացյ Գանդալֆը մեր հետեւից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Անտառ։
 
― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սեւ Հեծյալներին։
 
― Իսկ ես քեզ չեմ նախանձում, ― ասաց Ֆրեդեգարը։ ― Կմտնես անտառ՝ հետ գալ կուզես, բայց ուշ կլինի։
 
Ֆրոդոն վերջապես պառկեց, բայց ոչ մի կերպ քնել չկարողացավ։ Ոտքերը նվվում էին, դեռ լավ է, որ գոնե վաղը ձիով կգնան։ Կամաց֊կամաց նա խորասուզվեց անհանգիստ քնի մեջ, ու նրան թվում էր, թե վերեւից, պատուհանից նայում է անտառի մթության մեջ, եւ ծառերի արմատների մոտ գետինը հոտոտելով ինչ֊որ սեւ արարածներ են սողում հիմա կհասնեն իրեն։
 
Հեռվից աղմուկ լսվեց․ երեւի քամին անցավ տերեւների միջով։ Ոչ, հասկացավ նա, դա քամի չէ, դա հեռավոր ծով է, իսկ ալիքների աղմուկը նա երբեք իրականում չի լսել՝ միայն երազում։ Հետո պատուհանը վերացավ, միայն ընդարձակ տարածություն է։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է սեւ հավամրգին, աղի հոտը ռունգները խուտուտ է տալիս։ Ֆրոդոն աչքերը բացեց եւ թեք ժայռի վրա մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, եւ ճայթեց ամպրոպը։
 
===Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառը===
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]