Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 25 866 բայտ, 17:14, 14 Հունիսի 2014
::::::::::::::::Ծննդյան տոն, 1867թ.
 
 
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Հայելու տունը==
 
Մի բան պարզ էր. Ձյունիկը մեղք չուներ։ Մեղավորը Սևուկն էր, որովհետև մայր կատուն արդեն մի ամբողջ ժամ էր, ինչ լվանում էր Ձյունիկի մռութը (իսկ սա համբերությամբ դիմանում էր այդ տանջանքին), այնպես որ նրա մատը խառը չէր այդ գործի մեջ։
 
Գիտե՞ք, Դինան ինչպես էր լվանում իր ձագերին։ Սկզբում մի թաթով բռնում էր խեղճ կատվիկի ականջից, իսկ մյուսով շփում ամբողջ դեմքը՝ մազերին հակառակ ուղղությամբ, սկսած քթից։ Հենց հիմա էլ նա ջանասիրաբար լվանում է Ձյունիկին, որը հանգիստ պառկած է և նույնիսկ փորձում է մռլտալ. անկասկած զգում է, որ այդ բոլորն իր օգտին է։
 
Սևուկի հարդարանքը վաղուց էր վերջացել։ Մինչ այդ Ալիսն ինքն իր հետ խոսելով կես քուն, կես արթուն կուչ էր եկել մեծ բազկաթոռին։ Սևուկն այժմ աշխույժ խաղ էր սկսել թելի կծիկի հետ, որն Ալիսը փորձել էր կծկել, և այնքան քաշքշեց բուխարու գորգին ընկած կծիկը, որ ամբողջովին քանդեց, խճճեց ու դեռ շարունակում էր հանգույցների ու կապերի մեջ կորած պտտվել՝ ջանալով բռնել իր սեփական պոչը։
 
— Ա՜խ դու, պստիկ չարաճճի,— գոչեց Ալիսը՝ բռնելով Սևուկին ու թեթևակի համբուրելով նրա դունչը, հասկացրեց, որ ինքը բարկացած է։— Դու սրան մի լավ դաս տուր, Դինա, լսո՞ւմ ես, և սովորեցրու, թե ինչպես պահի իրեն,— շարունակեց նա՝ կշտամբալից հայացք ձգելով մայր կատվի վրա ու խոսեց հնարավորին չափ ազդու ձայնով։
 
Հետո նա նորից թառեց բազկաթոռին՝ իր հետ վերցնելով Սևուկին, և փորձեց կարգի բերել կծիկը, սակայն չկարողացավ արագ կծկել, որովհետև շարունակ խոսում էր մերթ կատվիկի, մերթ իր հետ։ Փիսիկը շատ զուսպ նստել էր նրա ծնկներին և ձևացնում էր, թե դիտում է Ալիսի աշխատանքը, ու ժամանակ առ ժամանակ թաթն առաջ էր մեկնում, կարծես ցանկանում էր ասել, որ ինքն ուրախությամբ կօգներ, եթե կարողանար։
 
— Գիտե՞ս, Սևուկ, վաղն ինչ է լինելու,— սկսեց Ալիսը։— Եթե այն ժամանակ ինձ հետ պատուհանի գոգին լինեիր, ամեն ինչ կիմանայիր, բայց Դինան զբաղված էր քո հարդարանքով, և դու ոչինչ չտեսար։ Տղաները փայտ էին հավաքում խարույկի համար, այնքա՜ն շատ փայտ էր հարկավոր, Սևուկ։ Հետո միանգամից ցրտեց, սկսեց ձյուն տեղալ, տղաներն էլ թողեցին ու գնացին։ Ոչինչ, Սևուկս, մենք վաղը կգնանք խարույկը դիտելու։
 
Այստեղ նա մի քանի անգամ թելը փաթաթեց կատվիկի վզին, տեսնելու, թե սազում է նրան։ Սրա հետևանքը եղավ այն, որ կծիկն ընկավ հատակին, գլորվեց ու նորից քանդվեց։
 
— Գիտե՞ս ինչ, Սևուկ, ես այնքան բարկացած էի,— շարունակեց Ալիսը և փիսիկին գրկած նորից նստեց բազկաթոռին,— երբ տեսա քո արարքները, ուզում էի պատուհանը բաց անել ու շպրտել քեզ ձյան վրա։ Եվ դու արժանի ես դրան, դո՛ւ, պստիկ չարագործ։ Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար։ Ինձ չընդհատես, հիմա ես քո բոլոր մեղքերը կասեմ։— Նա ծալեց մի մատը,— նախ առավոտյան, երբ Դինան լվանում էր դեմքդ, դու երկու անգամ մլավեցիր։ Չէ՛, Սևուկ, չես կարող ժխտել։ Ես լսեցի։ Ի՞նչ ես ասում։ (Ալիսը ձևացրեց, թե փիսիկը խոսում է իր հետ)։ Դինայի թաթը աչքդ մտաժվ։ Դե, դա քո մեղքն էր, որովհետև աչքերդ չռել էիր, եթե պինդ փակեիր, նման բան չէր լինի։ Այժմ ոչ մի արդարացում, լսիր ինձ։ Երկրորդ՝ Ձյունիկի պոչը տրորեցիր, երբ նրա առջև հատակին դնում էի կաթի ամանը։ Ծարավ է՞իր։ Իսկ ի՞նչ գիտես, որ Ձյունիկն էլ ծարավ չէր։ Եվ երրորդ՝ երբ ուրիշ կողմ էի նայում, կծիկս քանդեցիր։
 
Այդ երեք մեղքերիդ համար, Սևուկ, մինչև հիմա ոչ մի պատիժ չես ստացել։ Գիտե՞ս ինչ, ես քո բոլոր պատիժները պահում եմ հաջորդ չորեքշաբթի օրվան։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ինձ էլ բոլոր հանցանքներիս համար մի օր պատժեն,— շարունակեց նա դիմելով ավելի շուտ իրեն, քան թե կատվիկին,— ի՞նչ կանեն ինձ տարեվերջին։ Երևի բանտ կուղարկեն կամ էլ ամեն հանցանքիս համար մի օր առանց ճաշի կթողնեն։ Ուրեմն, երբ այդ չարաբաստիկ օրը գա, ես հիսուն անգամ առանց ճաշի կմնամ։ Հոգ չէ։ Ավելի լավ է առանց ճաշի մնամ, քան թե այդքանն ուտեմ մի օրում։
 
Նա դարձյալ դիմեց կատվիկին.
 
— Լսո՞ւմ ես, ձյան փաթիլները լուսամուտի ապակիներին են հպվում։ Ի՜նչ քաղցր ու քնքուշ է հնչում, կարծես դրսից համբուրում են։ Ինձ թվում է, ձյունը սիրում է ծառերին ու դաշտերին և դրա համար էլ մեղմ գգվում է նրանց ու համբուրում։ Հետո տարածում է իր ճերմակ վերմակը տաքուկ֊տաքուկ ու ասում. «Ննջե՛ք, սիրելիներս, մինչև գարնան գալը...»։ Իսկ երբ արթնանում են ձմռան նիրհից, Սևուկ, կանաչ զգեստներ են հագնում ու սկսում պարել քամու տակ։ Ի՜նչ գեղեցիկ է, չէ...— գոչեց Ալիսը և կծիկը վեր նետեց, որպեսզի ծափ տա,— ես շատ կուզեի, որ այդպես լիներ։ Չէ՞ որ, իսկապես, երբ աշնանը տերևները դեղնում են, ծառերը քուն են մտնում։
 
— Սևուկ, կարո՞ղ ես շախմատ խաղալ։ Դե՛, մի ժպտա, սիրելիս, կատակ չեմ անում։ Գիտե՞ս, ինչու եմ հարցնում, որովհետև երբ մենք քիչ առաջ խաղում էինք, դու այնպես էիր նայում, կարծես հասկանում էիր։ Եվ երբ ասացի՝ «շախ», դու մլավեցիր։ Հիանալի շախ էր, Սևուկ, ես կհաղթեի, եթե չլիներ այդ զզվելի ձին, որը սողոսկեց իմ ֆիգուրների մեջ։ Սևուկ, սիրելիս, ե՛կ պատկերացնենք...
 
Ես այստեղ կցանկանայի պատմել Ալիսի խոսքերի թեկուզ կեսը, որոնք սկսվում են նրա սիրած բառերով. «Ե՛կ պատկերացնենք...»։ Մի օր առաջ նա տաք վիճաբանություն ունեցավ քրոջ հետ միայն նրա համար, որ առաջարկեց. «Եկ պատկերացնենք, որ մենք թագավորներ ու թագուհիներ ենք...»։ Քույրը ճշմարտախոս աղջիկ էր, ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրենք միայն երկու հոգի են։ Բայց և այնպես, Ալիսը չուզեց տեղի տալ. «Դե լավ, դու կլինես նրանցից մեկը, իսկ ես՝ մնացածը»։
 
Մի անգամ Ալիսն իսկապես վախեցրեց իր ծեր դայակին, հանկարծակի գոռալով նրա ականջին. «Ե՛կ պատկերացնենք, որ ես մի սոված բորենի եմ, իսկ դու՝ ոսկոր»։
 
Բայց սա մեզ հեռացնում է փիսիկի հետ ունեցած Ալիսի խոսակցությունից։
 
— Սևուկ, ե՛կ պատկերացնենք, որ դու Սև Թագուհի ես։ Գիտե՞ս ինչ, եթե ձեռքերդ խաչած նստես, ճիշտ նրան կնմանվես։ Ապա փորձիր, սիրելիս։
 
Ալիսը սեղանից վերցրեց Սև Թագուհուն ու դրեց փիսիկի առջև։ Բայց ոչինչ չստացվեց, փիսիկը չէր կարողանում ճիշտ խաչել ձեռքերը։ Պատժելու համար Ալիսը մոտեցրեց նրան հայելուն, որպեսզի վերջինս կարողանար տեսնել իր խոժոռ մռութը։
 
— Եթե անմիջապես չփոխես դեմքիդ արտահայտությունը, ես քեզ Հայելու Տուն կուղարկեմ։ Լավ կլինի՞։ Հիմա, Սևուկ, ինձ չխանգարես, ես քեզ կպատմեմ իմ բոլոր պատկերացումներն այդ տան մասին։ Առաջին, հայելու մեջ կա մեր հյուրասենյակի նման մի սենյակ, միայն թե իրերը գտնվում են հակառակ կողմում։ Ես կբարձրանամ աթոռին, և ամեն ինչ պարզ կերևա, ամեն ինչ, բացի բուխարիկի հետևից, բայց դա էլ եմ ուզում տեսնել։ Ի՞նչ ես կարծում, այնտեղ ձմռանը կրակ վառո՞ւմ են։ Երբ մեր բուխարիկի կրակը բոցկլտում է, ծուխը գնում է դեպի այդ սենյակը, և այնպիսի տպավորություն թողնում, որ կարծես այնտեղ են կրակ վառում։ Նրանց գրքերը նման են մեր գրքերին, միայն թե տողերը հակառակ ուղղությամբ են տպված։ Ես այդ լավ գիտեմ, որովհետև երբ գրքերիցս մեկը պահեցի հայելու առջև, նրանք էլ մեկ ուրիշը պահեցին և այդպես ես տեսա շրջված տողերը։ Կուզեի՞ր ապրել Հայելու Տանը, Սևուկ։ Տեսնես, քեզ կաթ կտա՞ն։ Երևի նրանց կաթը լավը չէ։ Լսիր, փիսո, հիմա մենք մոտենանք միջանցքին։ Եթե մեր հյուրասենյակի դուռը լայն բացենք, դու կտեսնես միջանցքի պատկերը հայելու մեջ՝ շատ նման մերին, բայց երևի այն կողմում գուցե մի փոքր տարբեր լինի։ Ա՜յ թե լավ կլիներ, փիսո, եթե կարողանայինք գնալ Հայելու Տունը։ Հաստատ գիտեմ, այնտեղ ինձ հրաշքներ են սպասում։ Սևուկ, ե՛կ պատկերացնենք, որ մի կերպ գտել ենք Հայելու Տուն տանող ճանապարհը։
 
Ե՛կ պատկերացնենք, որ հայելին ոստայնի նման նուրբ է ու թափանցիկ, և մենք կարող ենք անցնել նրա միջով։ Ե՛կ պատկերացնենք, որ այն մշուշի վերածվեց, և մենք հեշտությամբ քայլում ենք։— Այս ասելուն պես, ինքն էլ չիմացավ, թե ինչպես բարձրացավ բուխարիկի վրա։ Իսկ հայելին սկսեց ցրվել վաղորդյան արծաթ մշուշի պես։
Հաջորդ վայրկյանին Ալիսը թեթև ցատկ արեց ու մտավ հայելու սենյակը։ Առաջին հերթին նայեց բուխարիկի մեջ՝ տեսնելու, թե այնտեղ կրակ կա՞ և գոհունակությամբ նկատեց, որ այն ճարճատում է, ինչպես իրենց տանը։ «Ուրեմն ես այստեղ էլ չեմ մրսի,— մտածեց Ալիսը,— ու մի լավ կտաքանամ, որովհետև ինձ ոչ ոք չի նախատի, որ բուխարիկի մոտ եմ նստում։ Ի՜նչ ծիծաղելի կլինի, երբ մերոնք հայելու մեջ ինձ այստեղ տեսնեն ու չկարողանան մոտս գալ»։
 
Հետո նայեց շուրջը և նկատեց, որ Հայելու սենյակի իրերը, որոնք տեսանելի էին իր սենյակից, միանգամայն սովորական էին ու անհետաքրքիր, իսկ մնացածները՝ հնարավորին չափ տարբեր։ Օրինակ, պատի նկարները կարծես կենդանացել էին, իսկ բուխարիկի վրայի ժամացույցը (որի մյուս կողմն էր միայն երևում) փոքրիկ ծերուկի դեմք էր ստացել ու ժպտում էր։
 
«Այս սենյակն այնքան էլ կոկիկ չէ, ինչպես մերը»,— եզրակացրեց նա, երբ նկատեց մոխիրների մեջ գլխիվայր կանգնած շախմատի մի քանի ֆիգուր։ Բայց քիչ անց զարմանքից ճչաց և հենվելով ձեռքերին՝ կռացավ ու սկսեց դիտել նրանց։ Ֆիգուրները զույգ֊զույգ քայլում էին։
 
— Ահա Սև Արքան ու Սև Թագուհին,— խոսեց Ալիսը (շշուկով, որպեսզի նրանց չվախեցնի),— սրանք էլ Սպիտակ Արքան ու Սպիտակ Թագուհին են թիակի ծայրին, իսկ այս երկու նավակները թև֊թևի տված զբոսնում են։ Դժվար թե նրանք ինձ կարողանան լսել։— Ալիսը գլուխն ավելի մոտեցրեց բուխարիկի ցանցին։— Նրանք ինձ տեսնել էլ չեն կարող։ Կարծես ես անտեսանելի եմ դառնում...
 
Հանկարծ սեղանի վրա ինչ֊որ բան ճռճռաց։ Ալիսը գլուխը շրջեց հենց այն պահին, երբ Սպիտակ Զինվորներից մեկը շուռ ու մուռ էր գալիս ու ոտքերով հարվածում սեղանին։ Աղջիկը լարված սպասում էր, թե ինչ է լինելու հետո։
 
— Դա իմ երեխայի ձայնն է,— գոռաց Սպիտակ Թագուհին և առաջ անցնելիս այնպես կոպտորեն հրեց Արքային, որ վերջինս երերաց ու ընկավ մոխիրների մեջ։
 
— Իմ սիրելի Շուշան։ Իմ արքայական փիսիկ,— և Թագուհին սկսեց վայրագորեն մագլցել բուխարիկի ցանցն ի վեր։
 
— Արքայական ցնդաբանություն,— ասաց Արքան և տրորեց քիթը, որ ընկնելիս վնասվել էր։ Նա իրավունք ուներ մի քիչ բարկանալու Թագուհու վրա, որովհետև ոտքից գլուխ մոխրոտվել էր։
 
Ալիսը շատ էր ուզում օգտակար լինել, և երբ խեղճ փոքրիկ Շուշանը ուշաթափվելու աստիճան ճչաց, նա շտապ գետնից բարձրացրեց Թագուհուն և դրեց սեղանին՝ իր փոքրիկ չարաճճի աղջկա կողքին։
 
Թագուհին խոր հառաչեց, ապա նստեց։ Օդային այդ արագ ճանապարհորդությունը նրան շնչասպառ էր արել և մի քանի րոպե լուռ մնաց, գրկած փոքրիկ Շուշանին։ Հենց որ փոքր֊ինչ հանգստացավ, ձայն տվեց մոխիրների մեջ մռայլ նստած Սպիտակ Արքային.
 
— Զգուշացիր հրաբուխից։
 
— Ի՞նչ հրաբուխ,— անհանգստացած նայելով կրակին, հարցրեց Արքան, կարծես այն հրաբուխի ամենահավանական վայրը լիներ։
 
— Որն ինձ թռցրեց,— դեռ հևալով ասաց Թագուհին,— սովորական ճանապարհով կբարձրանաս, թե չէ քեզ էլ կթռցնի։
 
Ալիսը դիտում էր Սպիտակ Արքային, որը դանդաղ մագլցում էր բուխարիկի ցանցի վրայով ճաղ առ ճաղ։
 
— Ժամեր կտևի մինչև հասնես սեղանին։ Ավելի լավ չի՞ լինի քեզ օգնեմ,— ասաց Ալիսը։
 
Արքան ուշադրություն չդարձրեց այդ խոսքերին, որովհետև նա աղջկան ո՛չ կարող էր լսել, ո՛չ էլ տեսնել։
 
Ալիսը քնքշորեն գրկեց Արքային և շնչասպառ չանելու համար դանդաղ մոտեցրեց սեղանին, բայց դեռ չդրած, որոշեց մի լավ թափ տալ վրայի մոխիրը։
 
Հետագայում Ալիսը խոստովանեց, որ ինքը կյանքում երբեք նման սարսափահար դեմք չէր տեսել, ինչպիսին Արքայի դեմքն էր օդում անտեսանելի ձեռքի մեջ։ Արքան այնպես էր ապշահար եղել, որ նույնիսկ չկարողացավ ճչալ, միայն աչքերն ու բերանը գնալով լայնացան ու կլորացան։ Ալիսն այնպես ուժգին ցնցվեց ծիծաղից, որ քիչ մնաց գետնին գցեր նրան։
 
— Խնդրում եմ, ծամածռություններ չանես, սիրելիս,— գոչեց նա, մոռանալով, որ Արքան չի կարող լսել իրեն, դու ինձ այնպես ես ծիծաղեցնում, որ հազիվ եմ քեզ պահում։ Ի՞նչ ես բերանդ լայն բացել, մոխիր կուլ կտաս։ Դե՛, հիմա մի քիչ մաքրվեցիր։— Ալիսը հարթեց Արքայի մազերը և դրեց սեղանին՝ Թագուհու կողքին։
Արքան անմիջապես ընկավ մեջքի վրա և մնաց միանգամայն անշարժ։ Ալիսը վախեցած իր արածից, սկսեց սենյակում ջուր փնտրել նրա դեմքին շաղ տալու համար, բայց միայն մի շիշ թանաք գտավ։ Երբ շիշը ձեռքին հետ եկավ, Արքան ուշքի էր եկել ու վախեցած, շշուկով զրուցում էր Թագուհու հետ։ Ալիսը հազիվ էր կարողանում լսել նրանց խոսակցությունը։
 
Արքան ասում էր.
 
— Հավատացնում եմ քեզ, սիրելիս, որ ես մինչև այտմորուսներիս ծայրը սառեցի։
 
Սրա վրա Թագուհին պատասխանեց.
 
— Դու ոչ մի այտմորուս էլ չունես։
 
— Այդ սարսափելի պահը,— շարունակեց Արքան,— ես երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա։
 
— Կմոռանաս, եթե չնշես որևէ տեղ,— հաստատեց Թագուհին։
 
Ալիսը կլանված դիտում էր։ Արքան գրպանից հանեց հսկայական մեծության մի հուշատետր և սկսեց գրել։ Հանկարծ մի փայլուն միտք ծագեց աղջկա գլխում. նա բռնեց մատիտի ծայրը, որ ցցվել էր Արքայի ուսի վրայից և գրեց նրա փոխարեն։
 
Խեղճ, ապշած Արքան որոշ ժամանակ լուռ պայքարեց, բայց Ալիսը շատ էր ուժեղ նրա համեմատությամբ։ Վերջապես Արքան պարտվեց ու շնչասպառ եղավ։
 
— Սիրելիս, ես պետք է ավելի բարակ մատիտ վերցնեի, սրանից գլուխ չեմ հանում, իմ կամքին հակառակ բաներ է գրում։
 
— Ինչպիսի՞ բաներ,— հուշատետրին նայելով հարցրեց Թագուհին (այնտեղ Ալիսը գրել էր. «Սպիտակ Ձին սահում է կրակխառնիչի վրայով, նա չի կարողանում պահել հավասարակշռությունը»),— բայց դու կարծես այդ չէիր ուզում գրել։
 
Ալիսն աչքը չէր կտրում Սպիտակ Արքայից (նա անհանգստանում էր և թանաքը ձեռքին պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Արքան նորից ուշաթափվի, լցնի վրան)։
 
Սեղանին մի գիրք կար։ Որևէ հետաքրքիր բան գտնելու հույսով Ալիսը թերթեց գիրքը։
 
«Սա մի այնպիսի լեզվով է գրված, որ ես չեմ հասկանում»,— ասաց նա ինքն իրեն։
 
Ահա այն.
 
::::::::::ՓՐՉՐԹԱՆ
 
<poem>::::::::Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր
::::::::::Հոլում էին և շաղափում քամչին,
::::::::Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
::::::::::Փռնչում էին խոչերը փամճին։</poem>
 
Ալիսը որոշ ժամանակ մտածեց այդ տողերի մասին, ապա ուրախ բացականչեց.
 
— Դե, սա, իհարկե, Հայելու գիրքն է։ Եթե ես այն հայելու առաջ պահեմ, բառերն իրենց իսկական տեսքը կստանան։ Նրա կարդացածը հետևյալն էր.
 
::::::::::ՓՐՉՐԹԱՆ
 
<poem>::::::::Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր
::::::::::Հոլում էին և շաղափում քամչին,
::::::::Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
::::::::::Փռնչում էին խոչերը փամճին։
 
::::::::«Չար Փրչրթանից զգույշ կաց, տղա՛ս,
::::::::::Սուր մագիլներից ու մեծ երախից,
::::::::Ջաբջաբ թռչունից հեռու կաց, տղա՛ս,
::::::::::Խուսափիր քիլոտ Չարչամ չարախից»։
 
::::::::Տղան ձեռքն առավ սուրը փրչրթոտ,
::::::::::Գնաց գտնելու հրեշին չրփեջ,
::::::::Շունչ քաշեց մի պահ Թամթամ ծառի մոտ,
::::::::::Ու խորասուզվեց իր մտքերի մեջ։
 
::::::::Եվ մինչ կանգնած էր նա մտամոլոր,
::::::::::Փրչրթանն ելավ դիմացը նրա.
::::::::Թուլգի անտառից ելավ գավաթլոր
::::::::::Ու ասպատակեց տղայի վրա։
 
::::::::Ու էլ աջ ու ձախ, ու էլ վեր ու վար՝
::::::::::Փրչրթոտ սուրը նա զարկեց չորս դին,
::::::::Սպանեց նրան, ու գլուխն առած,
::::::::::Տուն վերադարձավ տղան ցնծագին։
 
::::::::«Չար Փրչրթանին սպանե՞լ ես դու,
::::::::::Արի քեզ գրկեմ, իմ քաջո՛ւք տղա,
::::::::Ո՜վ պառափանծ օր, հե՜յ, հարայ֊հուրույ»—
::::::::::Ուրախ ջրքրտաց ծեր հայրը նրա։
 
::::::::Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր
::::::::::Հոլում էին և շաղափում քամչին,
::::::::Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
::::::::::Փռնչում էին խոչերը փամճին։</poem>
 
«Շատ լավ բանաստեղծություն է,— մտածեց Ալիսը,— բայց բավական դժվար է հասկացվում։ (Տեսնո՞ւմ եք, նա չէր սիրում խոստովանել, նույնիսկ իրեն, որ լրիվ չի հասկացել կարդացածը)։ Բայց այն իմ մեջ մտքեր արթնացրեց, միայն, ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մտքեր։ Այնուամենայնիվ, ինչ֊որ մեկը սպանեց ինչ֊որ մեկին, դա արդեն պարզ է»։
 
— Պետք է շտապել տեսնելու տան մնացած մասերը,— հանկարծ վեր թռավ Ալիսը,— սկզբում գնամ պարտեզ։
 
Եվ մի ակնթարթում դուրս նետվեց սենյակից։ Ճիշտն ասած, դա վազք չէր, այլ իջնելու նոր ու արագ ձև։ Ձեռքի մատների ծայրերը հպեց բազրիքին և ոտքերն առանց աստիճաններին դիպցնելու մեղմ վայրէջք կատարեց։ Հետո նույն ձևով օդում սահելով մոտեցավ դահլիճի դռանը և դուրս կմղվեր, եթե չբռներ կողափայտից։ Այդ անսովոր թռիչքից նա գլխապտույտ զգաց և անչափ ուրախացավ, երբ իրեն գտավ գետնին սովորական քայլելիս։
 
 
==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Խոսող ծաղիկների պարտեզը==
Վստահելի
381
edits