Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 24 109 բայտ, 18:16, 14 Հունիսի 2014
==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Խոսող ծաղիկների պարտեզը==
 
«Եթե կարողանամ բարձրանալ բլրի գագաթը, պարտեզն ավելի լավ կտեսնեմ,— մտածեց Ալիսը,— ահա այս արահետը տանում է ուղիղ դեպի վեր։ Բայց ոչ... (մի քանի կտրուկ շրջադարձ և որոշ տարածություն անցնելուց հետո սրտնեղեց նա)։... Ինձ թվում է, ի վերջո կհասնեմ։ Ի՞նչ զարմանալի ոլորապտույտներ ունի ճանապարհը և ի՞նչ էլ նման է ոլորաձև խցանահանի։ Ահա այս մեկը կարծես տանում է դեպի բլուր... Ո՛չ, ո՛չ, դարձյալ սխալվեցի։ Սա տուն տանող ճանապարհն է։ Հիմա էլ փորձեմ մյուսը»։
 
Այդպես էլ արեց։ Գնաց բոլոր կողմերով, վեր ու վար, փորձեց բոլոր շրջադարձերը, բայց անօգուտ, շարունակ նրա դիմացն էր ելնում տունը։ Վերջին անգամ սովորականից ավելի արագ անկյունադարձ արեց ու դարձյալ հայտնվեց նույն տեղում, նախքան կկարողանար կանգ առնել։
 
— Իզուր տեղն էլ այդ մասին խոսում եմ,— վրդովվեց պղջիկը, նայելով տանը և ձևացնելով, թե վիճում է հետը,— միևնույն է, ներս չեմ գնա, որովհետև նորից ձայելու միջով պիտի անցնեմ ու մտնեմ իմ հին սենյակը և վերջ բոլոր արկածներին։
 
Ալիսը վճռականորեն շրջվեց և կրկին ճանապարհ ընկավ արահետն ի վար. այս անգամ որոշել էր գնալ ուղիղ։ Մի քանի րոպե ամեն ինչ լավ էր ընթանում։
 
«Կարծես մոտենում եմ»,— մտածում էր նա, երբ հանկարծ ճանապարհն անսպասելիորեն ոլորվեց ու ցնցվեց (հետագայում աղջիկը ճիշտ այդպես էլ ասաց), իսկ հաջորդ վայրկյանին նկատեց, որ դարձյալ քայլում է տանն ընդառաջ։
 
— Սարսափելի՜ է,— բղավեց Ալիսը,— ես երբեք այսպիսի տուն չեմ տեսել, միշտ դեմս է գալիս։
 
Բայց և այնպես բլուրը մնում էր տեսադաշտում, այնպես որ ճար չկար, որոշեց նորից ճամփա ընկնել։ Այս անգամ նա հասավ մարգարտածաղիկներով երիզված մի ծաղկաթմբի, որի մեջտեղում ուռենի էր աճել։
 
— Ա՜խ, Վագրաշուշան,— դիմեց Ալիսը քամուց մեղմորեն օրորվող շուշաններից մեկին,— երանի դու խոսել իմանայիր։
 
— Մենք կխոսենք,— ասաց վագրաշուշանը,— եթե արժանի խոսակից լինի։
 
Ալիսն այնպես կարկամեց, որ մի պահ չկարողացավ բերանը բաց անել, ասես շունչը կտրվում էր։ Բայց երբ Վագրաշուշանը դադարեց օրորվելուց, Ալիսը երկչոտ, համարյա շշուկով հարցրեց.
 
— Բոլոր ծաղիկներն էլ խոսո՞ւմ են։
 
— Այնպես, ինչպես դու, նույնիսկ ավելի բարձր,— ասաց Վագրաշուշանը։
 
— Դե գիտես, մեզ վայել չէ առաջինը խոսել,— նկատեց Վարդը ,— սպասում էի, թե երբ կխոսես ու մտածեցի. «Այս ծաղկի դեմքն ինչ֊որ արտահայտություն ունի, որ այնքան էլ խելացի չէ, թեպետ գույնը լավն է, իսկ դա քիչ բան չէ...»։
 
— Ի՞նչ նշանակություն ունի գույնը,— հակառակեց Վագրաշուշանը,— ա՛յ, եթե նրա թերթիկները քիչ ավելի ոլորված լինեին, շատ հիանալի տեսք կունենար։
 
Ալիսին դուր չեկավ, որ ծաղիկներն իր մասին քննադատաբար են խոսում, ուստի սկսեց հարցեր տալ։
 
— Իսկ դուք երբեմն չե՞ք վախենում, որ ձեզ այստեղ այսքան հեռու են տնկել և խնամող չունեք։
 
— Մեջտեղում ծառ կա,— պատասխանեց Վարդը,— բա էլ ինչի՞ համար է նա։
 
— Բայց նա ի՞նչ կարող է անել, եթե վտանգ սպառնա,— հարցրեց Ալիսը։
 
— Ոստոստա՛լ,— բացատրեց Վարդը։
 
— Դրա համար էլ նրա ճյուղերը ոստեր են կոչվում,— ասաց Մարգարտածաղիկը։
 
— Ուրեմն մինչև հիմա չգիտեի՞ր,— դիմելով Ալիսին, բացականչեց մեկ ուրիշը։
 
Հանկարծ բոլոր Մարգարտածաղիկներն սկսեցին միաբերան սվսվալ, և օդը լցվեց նրանց բարակ, սուր ձայներով։
 
— Լռեցե՛ք,— հուզմունքից դողահար, կատաղի այս ու այն կողմ ճոճվելով հրամայեց Վագրաշուշանը,— նրանք գիտեն, որ տեղիցս չեմ կարող շարժվել,— ապա գլուխը խոնարհեց Ալիսի առաջ և հևալով շարունակեց,— այլապես չէին համարձակվի ծպտուն հանել։
 
— Ոչինչ,— մխիթարեց Ալիսը և, թեքվելով դեպի սվսվացող Մարգարտածաղիկները, սպառնաց.
 
— Եթե ձայներդ չկտրեք, ես ձեզ կքաղեմ։
 
Մի պահ լռություն տիրեց։ Վարդագույն Մարգարտածաղիկներից մի քանիսը վախից սպիտակեցին։
 
— Ա՜յ այդպես,— ասաց Վագրաշուշանը,— Մարգարտածաղիկները բոլորից վատն են։ Երբ մեկը խոսում է, մյուսները մեջ են ընկնում. բավական է սրանց ձայնը լսես, կթառամես։
 
— Ինչի՞ց է, որ դու այդպես լավ ես խոսում,— հարցրեց Ալիսը, մտածելով, որ նման հաճոյախոսությունը կարող է ծաղկի տրամադրությունը փոխել,— ես շատ պարտեզներում եմ եղել, բայց ոչ մի տեղ ծաղիկները չէին խոսում։
 
— Ձեռքով շոշափիր գետինը,— բացատրեց Վագրաշուշանը,— այն ժամանակ կհասկանաս։
 
Ալիսը կատարեց նրա ասածը։
 
— Հողը շատ կոշտ է,— նկատեց նա,— բայց չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի քո ասածի հետ։
 
— Շատ պարտեզներում ծաղկաթմբերի հողը փափկացնում են,— շարունակեց Վագրաշուշանը,— և ծաղիկներն էլ շարունակ քնած են։
 
Դա լավ պատճառաբանություն էր։ Ալիսը գոհ մնաց ծաղկի բացատրությունից։
 
— Ես երբեք այդ մասին չէի մտածել։
 
— Իմ կարծիքով, դու ընդհանրապես չես մտածում,— խստորեն նկատեց Վարդը։
 
— Ես երբեք քեզ նման հիմարի չեմ հանդիպել,— հանկարծ գոչեց Մանուշակը։
 
Ալիսը վեր թռավ, որովհետև Մանուշակը մինչ այդ չէր խոսել։
 
— Իսկ դու բերանդ փակիր,— ճչաց Վագրաշուշանը,— կյանքումդ ոչինչ չես տեսել։ Գլուխդ թաքցնում ես տերևներիդ տակ ու մրափում, չիմանալով, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կոկոնը քեզնից շատ բան գիտե։
 
— Պարտեզում ինձնից բացի ուրիշ մարդիկ կա՞ն,— հարցրեց Ալիսը, ուշադրություն չդարձնելով Վարդի վերջին ասածին։
 
— Այո, մեկ ուրիշ քայլող ծաղիկ էլ կա,— ասաց Վարդը,— զարմանում եմ, թե դուք ինչպե՞ս եք շարժվում։
 
— Դու միշտ զարմանում ես,— խոսեց Վագրաշուշանը։
 
— Բայց նա քեզնից ավելի փարթամ է,— շարունակեց Վարդը։
 
— Ինձ շա՞տ է նման,— հետաքրքրվեց Ալիսը և մտածեց. «Ուրեմն, պարտեզում մի աղջիկ էլ կա»։
 
— Քեզ նման հսկա է,— շարունակեց Վարդը,— կարճ թերթիկներով, բայց ավելի մուգ։
 
— Նրա թերթիկներն իրար կպած են գեորգինի թերթերի նման,— նկատեց Վագրաշուշանը,— և քոնի նման անկանոն այս ու այն կողմ չեն շարժվում։
 
— Բայց դա նրա մեղքը չէ,— մեղմ ասաց Վարդը,— գիտե՞ս ինչ, երբ սկսում ես թառամել, այլևս չես հետևում արտաքինիդ, և թերթիկներդ էլ կախ են ընկնում։
 
Ալիսին բոլորովին դուր չեկան այդ դիտողությունները և խոսակցությունը փոխելու համար ընդհատեց նրանց.
 
— Նա ձեզ մոտ գալի՞ս է։
 
— Դու հենց հիմա կտեսնես նրան,— ասաց Վարդը,— նա ինը փուշ ունի։
 
— Իսկ որտե՞ղ են փշերը,— հետաքրքրվեց Ալիսը։
 
— Իհարկե, գլխի շուրջը, բայց ինչո՞ւ դու էլ փշեր չունես։ Ինձ թվում է՝ փշեր ունենալը պարտադիր է։
 
— Նա գալիս է,— բղավեց Դելֆին ծաղիկը,— ես լսում եմ նրա ոտնաձայնը խճաքարերի վրա. թը՛մփ, թը՛մփ։
 
Ալիսն արագ շրջվեց և տեսավ Սև Թագուհուն։
 
— Այս ինչքա՜ն է մեծացել,— բացականչեց նա։
 
Թագուհին, իսկապես որ, աոաջվանը չէր։ Երբ Ալիսն առաջին անգամ հանդիպեց նրան մոխիրների մեջ, նա ընդամենը երեք մատնաչափ էր, իսկ այստեղ՝ պարտեզում, կես գլխով բարձր էր իրենից։
 
— Մաքուր օդն է պատճառը,— բացատրեց Վարդը,— այստեղ օդը հիանալի է։
 
— Գնամ նրան դիմավորեմ,— պատրաստվեց Ալիսը։ Իհարկե, ծաղիկների հետ խոսելը բավական հետաքրքիր էր, սակայն Ալիսը գերադասեց զրուցել իսկական Թագուհու հետ։
 
— Դու այս ճանապարհով չես կարող գնալ,— ասաց Վարդը,— խորհուրդ կտամ մյուսով գնալ։
 
Վարդի ասածը հիմարություն թվաց աղջկան, բայց ձայն չհանեց ու անմիջապես ճամփա ընկավ դեպի Սև Թագուհին։ Ո՜վ, զարմանք. մի ակնթարթում կորցրեց Թագուհուն ու տեսավ, որ քայլում է դեպի տուն։
 
Զայրացած հետ դարձավ և ամեն տեղ Թագուհուն փնտրելուց հետո որոշեց գնալ հակառակ ուղղությամբ (արդեն հեռվից նկատել էր Թագուհուն)։
 
Հիանալի միտք էր։ Քիչ անց նրա դեմը ելավ Թագուհին և երբ նայեց շուրջը, տեսավ, որ իրենք կանգնած են այն բլրի ստորոտին, որին վաղուց ձգտում էր հասնել։
 
— Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում,— հարցրեց Սև Թագուհին,— նայի՛ր ինձ, վայելուչ խոսի՛ր ու մի շարժի՛ր մատներդ։
 
Ալիսը կատարեց Թագուհու պահանջը և հնարավորին չափ պարզ բացատրեց, որ կորցրել է իր ճանապարհը։
 
— Չեմ հասկանում, թե ինչու ես ասում «Իմ ճանապարհը»,— բարկացավ Թագուհին,— այստեղ բոլոր ճանապարհներն ինձ են պատկանում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ ես այստեղ,— փոքր֊ինչ մեղմացած շարունակեց նա,— եթե ուզում ես ժամանակ շահել, մի քանի անգամ գլուխ տուր և ապա նոր պատասխանիր։
 
Ալիսը մտածեց Թագուհու խոսքի վրա, բայց հակաճառել չհամարձակվեց, որովհետև վախենում էր նրանից։
 
«Տանը կփորձեմ,— մտածեց նա,— ճաշից մի քիչ կուշանամ ու կփորձեմ»։
 
— ժամանակն է, պատասխան տուր,— ժամացույցին նայելով պահանջեց Թագուհին,— խոսելիս բերանդ քիչ ավելի լայն բաց արա և միշտ ասա. «Ձերդ գերազանցություն»։
 
— Ես միայն ուզում էի շրջել պարտեզում, ձերդ գերազանցություն։
 
— Այդպես,— Թագուհին գոհունակությամբ շոյեց Ալիսի գլուխը. դա բոլորովին դուր չեկավ աղջկան,— դու ասում ես «պարտեզ», բայց ես այնպիսի պարտեզներ եմ տեսել, որ սա նրանց համեմատությամբ ամայություն է։
 
Ալիսը չհամարձակվեց վիճել, բայց և այնպես շարունակեց.
 
— Կարծում էի, որ կգտնեմ դեպի բլրի գագաթը տանող ճանապարհը։
 
— Դու ասում ես «բլուր»,— ընդհատեց Թագուհին,— բայց Ես կարող եմ այնպիսի բլուրներ ցույց տալ, որոնց մոտ սա հովիտ է։
 
— Ճիշտ չէ,— պատասխանեց Ալիսը, ինքն էլ զարմանալով իր համարձակության վրա,— բլուրը չի կարող հովիտ լինել։ Գիտե՞ք ինչ, ձեր ասածը հիմարություն է։
 
Սև Թագուհին զայրույթից կապտեց.
 
— Դու իմ ասածը «հիմարություն» ես անվանում, բայց ես այնպիսի հիմարություն եմ լսել, որ իմ ասածը, նրա հետ համեմատած, մեծ իմաստություն է։
 
Ալիսը նորից գլուխ տվեց, վախենալով Թագուհու խիստ ձայնից, որ փոքր֊ինչ վիրավորված էր։ Նրանք լուռ քայլեցին մինչև բլրի գագաթը։
 
Մի քանի րոպե Ալիսն անխոս կանգնած դիտում էր շրջապատը, որն իրոք անսովոր էր։ Բազմաթիվ փոքրիկ առվակներ հողը բաժանում էին քառակուսիների, որոնք շրջապատված էին մի առվակից դեպի մյուսը ձգվող ցածրիկ, կանաչ ցանկապատերով։
 
— Կարծես շախմատի դաշտ լինի,— վերջապես խոսեց Ալիսը,— այստեղ պետք է մարդիկ էլ լինեն, ահա՛,— հիացած բացականչեց նա, և նրա սիրտը հուզմունքից սկսեց արագ֊արագ բաբախել,— սա շախմատի հսկայական դաշտ է, որ ծածկել է ամբողջ աշխարհը, եթե միայն, իհարկե, սա է աշխարհը։ Ի՜նչ զարմանալի է։ Երանի ես էլ մասնակցեի այդ խաղին, թեկուզ որպես Զինվոր, բայց անշուշտ, կգերադասեի Թագուհի լինել։
 
Այս խոսքերի վրա նա ամաչկոտ նայեց իսկական Թագուհուն, որը միայն մեղմ ժպտաց.
 
— Այդ հարցը կարելի է հեշտությամբ լուծել։ Եթե ցանկանաս, կարող ես դառնալ Սպիտակ Թագուհու Զինվորը, որովհետև Շուշանը պստիկ է, չի կարող խաղալ։ Դու այժմ Երկրորդ Քառակուսու մեջ ես, իսկ երբ հասնես Ութերորդ Քառակուսուն՝ Թագուհի կդառնաս։
 
Հանկարծ Ալիսը զգաց, որ իրենք վազում են։
 
Նույնիսկ հետագայում էլ չկարողացավ հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ իրենք սկսեցին վազել։ Նա միայն հիշում էր Թագուհու հետ ձեռք ձեռքի տված իր վազքը։ Թագուհին շատ արագ էր վազում Ալիսը հազիվ էր հասնում իր ուղկեցի հետևից, որը շարունակ բղավում էր. «Արա՛գ, ավելի արա՛գ»։ Մի պահ Ալիսին թվաց, որ ինքն այլևս ի վիճակի չէ վազելու, բայց և ուժ էլ չուներ ասելու այդ բանը։
 
Ամենազարմանալին այն էր, որ ինչքան էլ արագ էին վազում, շրջապատի ծառերն ու այլ իրերը երբեք չէին փոխվում։
 
«Երևի մեզ հետ են շարժվում»,— ենթադրեց խեղճ աղջիկը։ Թագուհին կարծես գուշակեց նրա միտքը և հրամայեց.
 
— Ավելի արա՛գ, չփորձես խոսել։
 
Ալիսը չէր էլ կարող բերանը բացել։ Նա այնպես էր շնչասպառ եղել, որ կարծես կորցրել էր խոսելու ընդունակությունը։ Իսկ Թագուհին շարունակ բղավում էր. «Արա՛գ, ավելի արա՛գ» ու քարշ տալիս աղջկան։
 
— Չհասա՞նք,— մի կերպ հարցրեց Ալիսը։
 
— Իհարկե հասանք,— պատասխանեց Թագուհին,— դեռ տասը րոպե առաջ ենք հասել, արագացրո՛ւ։
 
Նրանք որոշ ժամանակ լուռ վազեցին։ Քամին սուլում էր աղջկա ականջներում և ծածանում նրա մազերը։
 
— Դե՛, շուտ,— նորից կարգադրեց Թագուհին,— շտապի՛ր։
 
Եվ նրանք այնպես արագ սլացան, որ կարծես թռան, ոտքերը հազիվ դիպցնելով գետնին։ Երբ Ալիսն արդեն լրիվ ուժասպառ եղավ, նրանք կանգ առան և աղջիկը նկատեց, որ ինքը նստած է գետնին և ուժեղ գլխապտույտ է զգում։
 
Թագուհին նրան հենեց ծառաբնին և մեղմ ասաց.
 
— Այժմ կարող ես մի քիչ հանգստանալ։
 
Ալիսը մոլորված նայեց շուրջը։
 
— Ինձ թվում է, ամբողջ ժամանակ այս ծառի տակ ենք եղել և ամեն ինչ նույնն է մնացել։
 
— Իհարկե նույնն է,— պատասխանեց Թագուհին,— իսկ դու ի՞նչ կուզեիր։
 
— Մեր երկրում,— հևաց Ալիսը,— եթե երկար ժամանակ շատ արագ վազես, մի տեղ կհասնես։
 
— Զարմանալի երկիր, իսկ այստեղ ինչքան էլ վազես, նույն տեղում կմնաս։ Եթե որևէ տեղ ես ուզում հասնել, կրկնակի արագ պիտի վազես,— բացատրեց Թագուհին։
 
— Չեմ ուզում փորձել,— ասաց Ալիսը,— ես ինձ լավ եմ զգում այստեղ, միայն թե սաստիկ շոգում եմ ու ծարավ եմ։
 
— Ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում,— Թագուհին բարեհոգաբար գրպանից մի փոքրիկ տուփ հանեց,— թխվածք վերցրու։
 
Ալիսն անհարմար զգաց մերժել Թագուհուն, թեպետ ուզածը բոլորովին այլ էր, բայց ստիպված վերցրեց մի կտոր ու կերավ։ Թխվածքն այնքան չոր էր, որ քիչ մնաց խեղդվեր։
 
— Մինչև ծարավդ հագեցնես, ես չափումներ կանեմ,— Թագուհին գրպանից հանեց մատնաչափերով նշված մի ժապավեն, ապա սկսեց չափել դաշտը՝ գետնին փոքրիկ ցցեր խփելով։
 
— Երկուսն ամրացնելուց հետո քեզ ուղղություն կտամ, մի հատ էլ կեր,— ցցեր խրելով առաջարկեց Թագուհին։
 
— Ոչ, շնորհակալ եմ, մեկը բավական է,— արդարացավ Ալիսը։
 
— Ծարավդ անցա՞վ,— հարցրեց Թագուհին։
 
Ալիսը չգիտեր ինչ ասեր, բարեբախտաբար Թագուհին պատասխանի չսպասելով շարունակեց.
 
— Երրորդ ցցից հետո ես նորից կկրկնեմ իմ ասածները, որ չմոռանաս։ Չորրորդից հետո ցտեսություն կասեմ, իսկ հինգերորդից հետո կգնամ։
 
Թագուհին ավարտեց իր գործը։ Ալիսը ուշադիր դիտում էր նրան, որը, հետ գալով դեպի ծառը, սկսեց դանդաղ շարժվել շարքի երկայնքով։
 
Երկու ցից անցնելուց հետո կանգ առավ և շրջվեց.
 
— Դու գիտե՞ս, որ առաջին քայլին Զինվորը երկու քառակուսի է անցնում, այնպես որ, պետք է շատ արագ անցնես Երրորդ Քառակուսու միջով։ Եթե գնացքով գնաս, միանգամից Չորրորդ Քառակուսուն կհասնես։ Այն պատկանում է Չըրխկին ու Շըրխկին։ Հինգերորդը համարյա ջրով է ծածկված։ Վեցերորդը Պստլիկ Հաստլիկինն է, բայց դու ոչ մի նշում չես անում։
 
— Ես չգիտեի, որ անհրաժեշտ է նշումներ անել,— կմկմաց Ալիսը;
 
— Դու պետք է ինձ նախապես զգուշացնեիր,— հանդիմանող ձայնով շարունակեց Թագուհին,— լավ է գոնե հիմա ասացիր։ Յոթերորդ Քառակուսին ամբողջովին անտառ է, բայց Ձիերից որևէ մեկը քեզ ցույց կտա ճանապարհը։ Ութերորդ Քառակուսում մենք երկուսս էլ Թագուհի կլինենք և միասին խնջույքի կնստենք ու կուրախանանք։
 
Ալիսը կանգնեց, գլուխ տվեց, ապա նորից նստեց։
 
Հաջորդ ցցի մոտ Թագուհին նորից շրջվեց։
 
— Եթե չես կարող մի որևէ բառի անգլերենը հիշել, խոսիր ֆրանսերեն։ Քայլելիս ոտքերիդ ծայրերը դուրս դիր և հիշիր, թե դու ով ես։
 
Այս անգամ Թագուհին չսպասեց աղջկա գլուխ տալուն, արագ գնաց դեպի հաջորդ ցիցը, որտեղ շրջվեց «ցտեսություն» ասելու և շտապեց դեպի վերջինը։
 
Ալիսը ոչ մի կերպ չհասկացավ, թե ինչպես Թագուհին, մոտենալով վերջին ցցին, անմիջապես չքացավ։ Արդյոք հօ՞դս ցնդեց, թե՞ արագ վազեց դեպի անտառ («Չէ՞ որ արագավազն է»,— մտածեց նա)։ Այդպես էլ չկարողացավ գուշակել։ Թագուհին չքվել էր։ Շուտով Ալիսը հիշեց, որ ինքը Զինվոր է և իր խաղաքայլ անելու ժամանակն է։
Վստահելի
381
edits