Changes

Պահապանները

Ավելացվել է 15 964 բայտ, 13:01, 1 Օգոստոսի 2014
/* Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառ */
Նրանց ճանապարհը լուսավորվեց, ծառերը նահանջում էին։ Նրանք հանկարծ դուրս սահեցին ճյուղերի արանքից ու հայտնվեցին մի լայնարձակ բացատում։ Նրանց գլխավերեւում անսպասելի բացվեց կապուտ ու մաքուր երկրինքը։ Արեւը չէր հասցրել շատ բարձրանալ, բայց արդեն ցած էր հղում բարեհամբույր շողերը։ Բացատը եզերող ծառերի սաղարթն ավելի խիտ ու ավելի կանաչ էր, ասես այն անջրպետում էր անտառից։ Բացատում ոչ մի ծառ չկար․ կոշտ խոտ, իսկ սրանց մեջ ցցված չորուկ գինազոխեր, գորշ մոլախոտ, թոռոմած մոլեխինդ ու ուղտափուշ։ Ամեն ինչ քայքայվում էր ու թափվում, փոշի դառնում, բայց Հավերժական Անտառի մթին թավուտներից հետո այստեղ հրաշալի էր։
 
Հոբիթներն աշխուժացան․ արեւը բարձրացավ, երկինքը փայլեց նրանց գլխավերեւում, եւ հորդեց ցերեկային լույսը։ Բացատի հեռավոր ծայրին հանկարծ պարզ նշագծվեց ծառերի մեջ գտնվող արահետը։ Այն լանջն ի վեր մտնում էր անտառ, դրա վրա կախվում էին խիտ ճյուղերը՝ մեկ կիպ մոտենալով, մեկ իրարից անջատվելով։
 
Բայց հիմա նրանք գնում էին առաջվանից շատ արագ, հուսալով, որ Անտառը բարիացել է իրենց նկատմամբ եւ թույլ կտա անցնել։ Սակայն ո՞ւր էր թե․․․ Շուտով գաղտնի չարակամությունը բացահայտ դարձավ։ Հեղձուկ օդը շնչել չէր լինում։ Ծառերը երկու կողմերից սեղմեցին նրանց եւ ճանապարհը փակեցին։ Յուրաքանչյուր քալը դժվարությամբ էր արվում, պոնիների սմբակները խրվում էին փտած տերեւների կույտերի մեջ, խփվում չերեւացող արմատներին, եւ լռության մեջ այդ հարվածը խուլ արձագանքում էր ականջներում։ Ֆրոդոյին կրծում էր տագնապը եւ կեղեքում կսկիծը։ Նա ինքն իրեն մեղադրում էր թեթեւամտության համար եւ այն է, ուզում էր մտածել հետ վերադառնալու մասին (այսինքն՝ հայտնի չէ, թե ուր), երբ հանկարծ ծանր վերելքը վերջացավ, ծառերը բաժանվեցին եւ ճամփորդներին բաց թողեցին մի հարթ բացատ, իսկ արահետը վազեց ուղիղ դեպի կանաչ բլուրը, որը բարձրանում էր Անտառի վերեւում՝ ոնց որ ցցված մազերի վերեւից երեւացող ճաղատ գագաթը։ Վերջապես կարելի էր հանգիստ դիտել շուրջը։ Արահետը ոլորապտույտ բարձրանում էր լանջով, դրա համար էլ հոբիթները շուտ չհայտնվեցին բարձունքում՝ կապտավուն արեւավառ մշուշի մեջ, որ փակում էր տեսադաշտը։
 
― Ա՜յ այնտեղ, ― ասաց Մերին, ― Բլուրներից Գալար գետը հոսում է դեպի հարավ֊արեւմուտք, Անտառի խորքը, կտրում֊անցնում է ու թափվում Բրենդիդուիմ։ Ահա թե որ կողմից ավելի շատ պետք է խուսափենք։ Ասում են, հենց գետից է գալիս անտառի գլխավոր կախարդանքը։
 
Արդեն տասնմեկին մոտ էր, արեւը վառում էր, եւ աշնանային շղարշը ավելի ու ավելի թանձր էր փռվում։ Արեւմուտքը չէր երեւում, ոչ Պատնեշը, ոչ էլ նրա հետեւում ընկած գետահովիտը։ Եվ որքան նրանք նայում էին հյուսիս, հայացքով չէին կարողանում գտնել Արեւմտյան Մեծ Ուղին։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։
 
Ուժերը թարմացնելով ու սրտապնդված նրանք իջան ներքեւ։ Արահետը, որով բարձրացել էին բլուրը, ստորոտից ձգվում էր դեպի հյուսիս։ Սակայն չհասցրին ուրախանալ, երբ զգացին՝ ինչ֊որ բան իրենց դանդաղ, բայց հաստատապես տանում է աջ, հարավ֊արեւելք։ Շուտով արահետը թեքվեց, երեւի դեպի Գալարի հովիտը, այսինքն՝ բոլորին ոչ հարկավոր ուղղությամբ։ Խորհրդակցելով, նրանք որոշեցին շրջվել֊մտնել անտառի խորքը ու գնալ դեպի հյուսիս, դեպի անտեսանելի Ուղին․ այնտեղ հողն ավելի չոր է, ծառերը նոսր են, սովորական եղեւնիներ ու սոճիներ, ոչ թե այստեղի նման՝ կաղնի, հաճարի, բոխի ու էլի ինչ֊որ հանելուկային, հինավուրց տեսակներ։
 
Սկզբում թվում էր, որ ճիշտ են վճռել, նույնիսկ սկսեցին ավելի արագ գնալ, թեպետ երբ արեւը թափանցում էր սաղարթից, շատ թույլ էր լուսավորում։ Նորից իրար սկսեցին միանալ ծառերը, որոնք հեռվից թվում էին իրարից շատ հեռու։ Խոր խանդակները եւ կոծոծապատ փոսերը փակում էին ճանապարհը։ Եվ բոլորը, չգիտես ինչու, աջ կողմից, շրջանցելու հնարավորություն չկար, հարկավոր էր անցնել դրանց միջով, իսկ ներքեւում թավ խոտ էր եւ խիտ փշաթփեր։ Դեպի աջ շարժվել հնարավոր չէր, իսկ ձախ՝ փշերը նահանջում էին։ Հազիվհազ հասան վերեւ, իսկ այստեղ ծառերը խտացան որպես մի մութ պատ։ Դեպի ձախ եւ սարն ի վեր թույլ չէին տալիս, այնպես որ հոբիթներն ակամա գնում էին դեպի աջ եւ սարն ի վար։
 
Մեկ֊երկու ժամ հետո նրանք ուղղությունը կորցրին՝ միայն գիտեին, որ դեպի հյուսիս չեն գնում։ Ինչ֊որ մեկը նրանց տանում էր, եւ նրանք հնազանդորեն գնում էին Անտառի խորքը՝ ամենախորքը։
 
Արեւը թեքվում էր դեպի արեւմուտք, երբ նրանք մտան իրեն բոլոր տեսածներից շատ ավելի լայն ու խոր մի խանդակ։ Դեպի ձախ եւ վեր ճանապարհ չկար, հո չէի՞ն թողնելու պոնիներն ու բեռները․․․ Ձիերից իջնելով, նրանք գնացին աջ ու ցած, հողի մի տեսակ փափկեց, երբեմն նույնիսկ ճլմփում էր, այսուայնտեղ առվակներ էին հոսում, եւ շուտով ճամփորդները հայտնաբերեցին, որ գնում են լայն առվի երկայնքով, ոտքի տակ զսպանակի պես ելնող֊իջնոց ճահիճ արահետով։ Խիստ ճյուղերի վերեւում երկինքն անհետացավ։
 
Հանկարծ առջեւում նորից փայլեց արեւի լույսը, նրանք շտապեցին դուրս գալ տոթ մեգից եւ հասան գետին․ եղեգ, սեզ, ջրի մուգ շիթեր, իսկ հետո մյուս ափն է՝ զառիվեր ու սայթաքուն։ Արեւը լուսավորում էր, հովտում տաքանում էր աշնանային քնաբեր կեսօրը։ Եղեգը խշշում էր, սեզը շրշում, ուռենու ճյուղերը փսփսում էին։
 
― Դեհ, հիմա հասկանալի է, թե մեզ ուր են քշել, ― ասա Մերին։ ― Բոլորովին ո՛չ մեր ուզած կողմը։ Սա Գալարն է։ Մի գնամ հետախուզեմ։ Նա վազեց արեւավառ բացատով ու կորավ բարձր խոտի մեջ։ Հետո վերադարձավ, ասես գետնի տակից ծլեց, ու հայտարարեց, որ զառիթափի տակ, ափին շատ մոտիկ, բոլորովին էլ խրուտ չէ ու հրաշալի արահետ կա։
 
― Դրանով գնանք ձախ, մեկ էլ տեսար, դուրս եկանք արեւելյան բացատը, ― ասաց նա։
 
Հոբիթներն իջան գետը ու գնացին կածանով, որը զիգզագներ էր անում, պտույտներ գործում, մեկ աջ էր գնում, մեկ ձախ, մշտապես վերադառնում էր Գալարի մոտ եւ բացահայտորեն մտադրվել էր ճամփորդներին ինչ֊որ տեղ դուրս բերել։ Արեւն այրում էր նրանց մեջքերը։ Ինչ֊որ բարալիկ, ցանցառ տերեւներով ճյուղերի մոխրագույն, սորուն ստվերը վերջապես փակեց կածանը։ Հետզհետե տոթն ուժգնանում էր ու քայլելն ավելի էր դժվարանում։ Հողն ասես քնկոտություն էր արձակում։
 
Ֆրոդոյի գլուխը կախվեց կրծքին, բայց նա իսկույն էլ վեր թռավ։
 
― Սթափվե՛ք, ― գոռաց նա։ ― Քնելու ժամանակը չէ․․․ Հարկավոր է մի կերպ դուրս գալ անտառից։
 
Սակայն նրա ուղեկիցներին ընդարմացնում էր ծանր նինջը։ Սամը հորանջում էր ու քնկոտ աչքերը թարթում։ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ քնում է՝ նրա աչքին ամեն ինչ շաղվեց, եւ զզվելի ճանճերի անդադար դզզոցը հանկարծ լռեց։ Միայն թեթեւ շշունջ էր, մեղմ քչքչոց, հեռավոր շրշյուն՝ տերեւնե՞րն են, ինչ է։ Իհարկե, տերեւներն են։ Նա բարձրացրեց հոգնած աչքերն ու գլխավերեւում տեսավ մի հսկայական ծփի՝ դարավոր ու մամռակալած։ Ծփին նրանց վրա այնպես էր տարածել ճյուղերը, ասես անհամար ձեռքերն էր բաց արել՝ երկար, գորշ։ Նրա անընդգրկելի, ծուռումուռ բունը հատված էր սեւ ճեղքերով, որոնք կամաց ճռռում էին թորշոմած սաղարթի շշնջոցի տակ։ Ֆրոդոն երկար հորանջեց ու ընկավ խոտին։
 
Մերին ու Փինը հազիվհազ հասան մինչեւ հզոր բունը, նստեցին ու սեւին տվող ճեղքերի մոտ հենվեցին իրար։ Սամը բոլորից հետո էր գալիս։ Վերեւում սահուն օրորվում էր դեղնա֊մոխրագույն սաղարթի հոծ ծածկույթը։ Ճամփորդները հոգնած փակեցին աչքերը եւ ասես քնի միջից լսեցին․ ջուրը ծփու մոտ է, ջուրը կկապի, ջուրը կքաշի եւ քունը կտանի․․․ Նրանք գետի քչքչոցի օրորի տակ, գորշ ծփու բնին կպած քնեցին։ Ֆրոդոն ամեն կերպ ճգնում էր քունը փախցնել, նրան նույնիսկ հաջողվեց ոտքի կանգնել։ Ջուրը անհաղթահարելիորեն ձգում էր նրան։
 
― Հապա սպասի՛ր, Սամ, ― քրթմնջաց նա։ ― Լավ կլիներ ոտքերս թրջեի․․․
 
Սամը նստել ու ննջում էր, երբեմն֊երբեմն ծոծրակը քորելով․․․ սա ինչ֊որ անհասկանալի բան է։ Տարօրինակ է ինչ֊որ։ Արեւը դեռ մայր չի մտել, իսկ իրենք քնում են, հա քնում։ Ինչի՞ց կլինի դա։
 
 
― Պա՜հ, ի՜նչ անենք, ուժասպառ ենք եղել, դատարկ բան է, ― մտածեց նա։ ― Իսկ այս ծառը չափազանց մեծ է, դրա՜ն մի տեսեք, խշխշում է։ Ջուրը, իբր թե, կձգի, կտանի, կքնացնի ու քունդ կառնես․․․
 
Նա թափ տվեց իրեն, վեր կացավ ու տեսավ, որ Ֆրոդոն խոնարհվել է ջրի վրա, իսկ երկար կառչուն արմատը կամացուկ կռացնում է նրան, Ֆրոդոն նույնիսկ չի էլ դիմադրում։
 
Սամը արագ բռնեց տիրոջ բաճկոնից ու դուրս քաշեց արմատի տակից, իսկ հետո էլ մի կերպ չոր տեղ հանեց։ Ֆրոդոն սթափվեց ու խեղդվելով հազաց՝ քթից ջուր հորդեց։
 
 
― Պատկերացնո՞ւմ ես, Սամ, ― վերջապես ասաց նա, ― էդ ծառը հո ինձ ջուրը մտցրեց․․․ Արմատներով բռնեց ու սուզեց․․․
 
― Էլ ինչ ասեմ, քնով եք ընկել, տեր իմ, ― ասաց Սամը, ― գոնե ջրից հեռու գնայիք, եթե այդքան արդեն ձեր քունը տանում էր։
 
― Իսկ մերոնք ո՞ւր են, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Հանկարծ նրանք էլ չքնե՞ն․․․
 
Սամն ու Ֆրոդոն պտտվեցին ծառի շուրջը։ Փինն անհետացել էր։ Ճեղքը, որի մոտ նա թիկնել էր, փակվել էր, կարծես չէր էլ եղել։ Իսկ Մերիի ոտքերը ցցված էին մեկ ուրիշ ճեղքից։
 
Սկզբում Ֆրոդոն ու Սամը բռունցքներով խփում էին ծառի բնին այն տեղում, որտեղ թիկնել էր Փինը։ Հետո փորձեցին ճեղքը մեծացնել ու Մերիին հանել, բայց՝ անօգուտ։
 
― Ես այդպես էլ գիտեի, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ախր ինչը մեզ բերեց այս երիցս անիծյալ Անտառը։ Ավելի լավ էր մնայինք այնտեղ, Գերանում․․․ ― Նա մոբղջ ուժով աքացի տվեց ծառին։ Հազիվ նկատելի դող անցավ տերեւներով ու ճյուղերով․ տերեւները շրշացին ու շշնջացին, ասես քմծիծաղում էին։
 
― Դուք, տեր իմ, կացին չե՞ք վերցրել, ― հարցրեց Սամը։
 
― Կարծե՛ս թե մի փոքրիկ կացին ունենք ճյուղեր կտրելու համար, ― հիշեց Ֆրոդոն։ ― Բայց աստեղ դա՞ է պետք որ։
 
― Սպասեք, մի սպասե՜ք, ― ճչաց Սամը, կարծես միտք փայլատակեց, ― իսկ եթե կրակ վառե՞նք։ Հանկարծ ու օգնի։
 
― Կօգնի, բա ի՞նչ կանի, ― վարանելով արձագանքեց Ֆրոդոն։ ― Փինին կխորովենք եւ ուրիշ ոչինչ։
 
― Եկեք այնուամենայնիվ վառենք դրա կաշին, եթե վախենա, ― Սամն ատելությամբ նայեց լայնատարած Ծփուն։ ― Եթե սա նրանց բաց չթողնի, ես միեւնույնն է՝ կտապալեմ դրան, ատամներով կկրծոտեմ։ ― Նա նետվեց ձիերի մոտ ու արագ֊արագ փնտրեց կացինը, աբեթամանն ու կրակվառիչը։
 
 
Նրանք ծփու մոտ քարշ տվին մի կույտ ցախ, չոր տերեւներ ու տաշեղ, իհարկե, ոչ այն կողմը, որտեղ Փինն ու Մերին էին։ Հենց առաջին կայծից կրակը բռնկվեց, ջախը ճտճտավ, ու բոցի մանրիկ լեզուները մխրճվեցին մամռոտ կեղեւի մեջ։ Հինավուրց հսկան ցնցվեց, ցավի ու չարության խշշոցով պատասխանեց սաղարթը։ Բարձր ճչաց Մերին, ներսից լսվեց Փինի խեղդված աղաղակը։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]