Changes
/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Հետևելով իր աղբյուրին՝ Մեսրոպ երեցը պատմում է Արշակունիների անկման և դրա հետևանքների մասին գրեթե այնպես, ինչպես Փարպեցին։ Դրա հետ միասին նրա մոտ գտնում ենք նաև նոր կանխատեսություններ։ Որպես թե թագավորի մարդկանց ձեռքով թունավորված Ներսես Պարթևը, մարգարեական ներքնատեսությամբ գուշակել է գալիք դարերի իրադարձերը։ Հայ Արշակունիների և հայ Պարթևների անկումից հետո,- ասել է Ներսեսը մահվան տագնապի մեջ,- պարսիկները նվաճելու են Երուսաղեմը և գրավելու խաչափայտը, որը պիտի վերադարձվի հույների ձեռքով<ref>Նույն տեղում, § 12</ref>։ Հավատքի մեջ տկար՝ հայ իշխանները պիտի տկարանան նաև քաղաքականապես, տեղի տալով հույների ուժին։ Բայց տևական չէ լինելու նաև հույների իշխանությունը, նրանց զորությունը պիտի խորտակվի «աղեղնավորների» կամ «նետողների» հարվածների տակ։ Հիմնիվեր պիտի կործանվի Հայաստանը, ընդերկար կորցնելով եկեղեցական իր իշխանությունը և «նետողներին» անձնատուր եղած անմատույց իր բերդերը։ Այս պատուհասներին հաջորդելու է քրիստոնեական աշխարհի «փրկումը» հռոմեական կամ, ինչպես պարզաբանված է բնագրում, «ֆրանկ» զենքի զորությամբ. անօրենները պարտվելու են և ենթարկվելու հռոմեական իշխանությանը. երկիրը վերածվելու է դրախտի. ամենուրեք իշխելու է խաղաղություն, բարեկեցություն, արդարություն։ Վերապրողները ապաշավելու են մեռածներին, որոնք չարժանացան երկրավոր այս երանության, որ վերջ է առնելու միայն Նեռի ժամանակ<ref>Նույն տեղում։</ref>։
Մեզ զբաղեցնող վարքագրությունը կանգ է առնում նաև Նեռի թագավորության, սրան հաջորդող աշխարհանցումի և հանդերձալ դրախտի նկարագրության վրա։ Հարկ չկա ծանրանալ դրանց վրա։ Պատմական անցքերը դեր չունեն այդտեղ, վարքագրության այդ էջերի սկզբնաղբյուրը էսխատոլոգիական և մեսիանական այն գաղափարներն են, որոնք հեռու անցյալում ծայր էին առել Միջագետքում և Եգիպտոսում, անցել իրանական և հրեական աստվածաբանությանը, և ավելի ուշ՝ տարածվել Արևելքի հելլենիստական պետությունների մեջ։ Նույն այդ գաղափարները լծորդվելով սիբիլյան գուշակությունների հետ, հետագայում տարածվեցին կայսերական Հռոմում, ուժեղ ազդեցություն գործելով նաև սկզբնավորվող քրիստոնեության վրա։
«Այդ մի ժամանակ էր,— գրում է Ֆր. Էնգելսը,— երբ նույնիսկ Հռոմում և Հունաստանում, իսկ անհամեմատ ավելի մեծ չափով Փոքր Ասիայում, Սիրիայում և Եգիպտոսում, բացարձակապես անքննադատորեն ընկալվում էին զանազան ժողովուրդների ամենակոպիտ սնոտիապաշտությունների խառնուրդները և դրանք համալրվում բարեպաշտ պատրանքով կամ պարզ շառլատանությամբ, ժամանակ, երբ հրաշքները, հուզավառությունները, տեսիլները, բանդագուշանքները, կանխագուշակությունները, ոսկի պատրաստելը, բժժանքները և միստիկական այլ անհեթեթությունները կատարում Էին ամենաակնառոլ դեր»<ref>К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, т. XVI, ч. էջ 416 և հետ.։</ref>։
Ւնչպես Հռոմեական կայսրության անկման շրջանում կամ միջին դարերի ընթացքում առաջացած սոցիալական ճգնաժամերի ժամանակ՝ մեր կանխատեսությունների մեջ ևս վերհիշում էր Դանիելի գուշակած վերջին այն տիեզերապետությունը , որի ընթացքում, ըստ Ավգուստինի, քրիստոնեությունը որպես թե կենսագործելու է լիակատար իր հաղթանակը, սահմանելով այս աշխարհում հարատև երանություն և հանգելով ի վերջո «արարածոց նորոգման» քրիստոնեական ստանդարտ հեռանկարին<ref> Հմմտ. Машкин, «Эсхатология и мессианизм в Римской республике* (.Известия Академии наук СССР, 1946, № 5, стр. 456, 255 նաև Н. И. Голубцова «Идеологическая борьба в Риме на рубеже IV и V вв. (АН СССР „Из истории соц.-полит» идей* М., 1955. стр. 64, т. I. Brosset, Der Antichrist in der Uberlieferung des Judentums, des Neuen Testaments und der alten Kirche, Göttingen, 1895, մանավանդ էջ 76 և հետ. Sackur, Ernst, «Sibyllinische Texte und Forschungen. Pseudomethodius, Adso und die triburtinische Sibylle», Hall a. s. 1898, էջ 80 և հետ.։ А. Н. Веселовский, „Опыты по истории развития христианской легенды”, ЖМНП, т. 178, էջ 283 և հետ, 179, էջ 48 և հետ., Ներսես Պարթևի մարգարեության հույն բնագրի կրկնակի խմբագրության մասին տե՛ս Բ. Սարգիսյանի հոդվածը «Բազմավէպ» 1893, էջ 567 և հետ., և ն. տ., 1894, էջ 25 և հետ. այլև նույն հեղինակի «Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա» 1893, էջ 133 և հետ.։</ref>։
«Այս է խորհուրդ քրիստոնէիցն, որով զանցեալսն պատմագրեմք և զհանդերձեալսն մարգարէանամք ըստ շնորհատուողին աստուծոյ»- գրում էր Մեսրոպ երեցին ժամանակակից Ասողիկը՝ թարգման հանդիսանալով քրիստոնեական տարածուն մի մտայնության, որով ներշնչված էր անշուշտ նաև Ներսես Պարթևի վարքի հեղինակը<ref> Ասողիկ, նույն տեղում, էջ 157:</ref>։ Հիրավի, սրա նկարագրած դժոխքի գրոտեսկը կամ դրախտի երանությունը ևս սկսվում է այնտեղ, որտեղ վերջ էր առել ներկայի ստույգ ըմբռնումը կամ անցյալի պատմական իմացությունը։
Պիտի կարծել, որ Մեսրոպ երեցի աշխատության անաղարտ սկզբնագրի մեջ անդրադարձել էր սասանյան և արաբ տիրապետությունների ժամանակ իշխած բյուզանդական կողմնորոշումը, «հոռոմ» կայսրների օժանդակությամբ Իրանի և արաբների լուծը թոթափելու հայկական սպասումները։ Վարքագրության մեր ձեռքը, հասած գրչագիր օրինակները, որոնցից հնագույնը դրված է 1131 թվականին<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Զ, ծան. 147։</ref>, պիտի նկատենք որպես հետնորդների վերախմբագրած մի վերսիա, որի վրա դրոշմված է առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ առաջացած տրամադրությունների ամուր կնիքը։
Խաչափայտի գերեվարության և ազատագրման մասին եղած ակնարկր փոխադրում է մեզ Իրանի և Բյուզանդիայի միջև ծագած բախումների ժամանակաշրջանը՝ VII դարի սկզբները։ Հայաստանի սասանյան իշխողներին հաջորդեցին արաբ «իսմայելացիները»։ Սրանց տիրապետությունը, որ հատկապես զգալ տվեց իրեն VIII դարից սկսած, տրամադրում էր մարդկանց՝ սպասել պատմոսյան մենավորի գուշակած սարսափների իրագործմանը՝ միահյուսելով դրանց հետագա մարգարեությունների գուշակած արհավիրքների կատարումը։ «Իսմայելացիներ» տերմինի կողքին Հայաստանի նվաճողների մասին վարքագրության մեջ հանդիպում ենք նաև «աղեղնավորներ» կամ «նետողներ» տերմիններին։ Հայտնի է, որ արաբները զինված էին նաև նետերով։ Բայց գիտենք, որ նետերը գերիշխող զենք էին սելջուկների և մանավանդ մոնղոլների մոտ։ Արարբների ժամանակներից ի վեր հայ զորքերը դիմավորում էին թշնամուն սրերով, սուսերով, դաշույնով, թրով, նիզակով և այլն։ Ինչպես գրում էր Ուռհայեցին, «զօրքն հայոց չէին սովոր պատրաստ լինլ ընդդէմ նետիցն»<ref>Մ. Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 44։</ref>։ Ահա թե ինչու Ներսեսի վարքագրության արաբները հանդես են գալիս որպես «նետողներ»։ Հետագայում այդ տերմինը վերիմաստավորվում է, հատկացվելով սելջուկներին և մոնղոլներին։ Ակնբախ կերպով վերիմաստավորված է նաև «իսմայելացիներ» հասկացողությունը, որ այստեղ և այլուր գործածվում է ոչ միայն արաբների, այլև նրանց հաջորդած իսլամական ժողովուրդների համար առհասարակ, ինչպես մասնավորապես նաև Իսլամի կրոնը ընձեռած սելջուկ թուրքերի գլխավորած թուրքմեն օղուզների համար։ Այսպես, ներսիսյան կանխատեսության մեզ հասած բնագրի և սրան աղբյուր ծառայած Կեղծ֊Մեթոդիոսի հույն բնագրի մեջ կա այն տարբերությունը, որ, մինչդեռ վերջինիս մեջ իսմայելացիների անունով հանդես են գալիս արաբները, հայ կանխատեսության մեջ ասպարեզ են գալիս սելջուկ թուրքերը։ Այսպես նաև, եթե համաձայն Կեղծ֊Մեթոդիոսի իսմայելացիների լուծը թոթափելու են հռոմեացի—հոռոմ—հույները, ներսիսյան վարքագրության մեզ հասած բնագրում ազատարարների դերը ստանձնելու են «հռոմեացի» ֆրանկները։
Կեղծ֊Մեթոդիոսի հունարեն բնագիրը հայացվել էր դեռ VIII դարում Ստ. Սյունեցու ձեռքով։ Սոսկ թարգմանություն չէր դա, այլ փոխադրություն, որի մեջ արտահայտություն են գտել հույն կայսրների զինական օժանդակությամբ արաբներից ազատվելու հայկական բաղձանքները։ Արաբների («իսմայելացիների») աշխարհակալությունը պիտի վերջ դներ հայերի իշխանության։ «Հայք ի փախուստ դարձին և բնակիչք նորա ի գերութիւն» ասված է այդ մասիս հայացված Մեթոդիոսի մոտ<ref>Ստ. Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910, էջ 146։</ref>։ Բայց հունական թագավորը նվաճելու և ավերելու է Արաբիան, ամրացնելով իսմայելացիների պարանոցին իր լուծը։ «Եւ ելցեն իւրաքանչիւր ոք յերկիր իւր, ի ժառանգութիւն իւր, Հայք, Կիլիկիա, Սուրիա, Աֆրիկէ, Գաղաադ, Սիկիլիա»<ref>Նույն տեղում, էջ 153: Հայկական գրչագրերում հանդիպում ենք նաև Կեղծ Մեթոդիոսի մի այլ վարիանտին, ըստ երևույթին, ազդված Ենովքի, Հիպողիտոս Բոստրացու և ուրիշ տեսիլներից. այդտեղ նշված են նույնիսկ «ազատարար» հույն թագավորների ու թագուհիների պայմանական Արծիվ, Ձի, Մանգաղ, Եզն, Աղքատ, Բարեմիտ, Պիղծ կին, Բարի և, վերջապես, Զորավոր կամ Տիբերիոս անունները։ Սրանցից ոմանք բնութագրված են որպես քաջահաղթ, խաղաղասեր կամ բարեգործ, մյուսները՝ անաշխատ, խռովարար կամ ապականիչ։ Անպիտան ու դաժան թագավորների շարքը գոցելու համար ի վերջո, հայտնվելու է ինքը Նեռը՝ սարսափներից հետինն ու վատթարագույնը։ Ակներև է, որ դիմառնական այս տեսիլը աչքի առաջ ուներ «Մեծ Բաբելոնում» (= Կ. Պոլսում) նստած «բարի» ու «չար» ծիրանավորների գործերը։ Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 2270 «Յարութիւն քրիստոնէից»-հատվածը, ձեռագիրն ընդօրինակված է 1661 թ. Սարգիս դպրի ձեոքով։
</ref>։
Կեղծ Մեթոդիոսի այս վարիանտը '''ուշ միջնադարյան''' խմբագրություն էր՝ թարգմանված հույն կամ ասորական բնագրից<ref>Հմմտ. Բ. Սարգիսյանի վերը նշված հոդվածը «Բագմավէպ», 1894 թ., էջ 25։</ref>։
Այս ամենի մեջ որոշ արտահայտություն են գտել Բյուզանդիայի և Արաբիայի միջև VIII դարից ի վեր արծարծված պատերազմներն ու այդ կապակցությամբ Հայաստանում առաջացած ազատագրական բաղձանքներն ու հույսերը կամ, ընդհակառակը, նման հույսերին հակադարձ տրամադրությունները։
Այս մի ժամանակ էր, որ խոշոր անկյունադարձ էր կազմում Արևելյան կայսրության անցյալում։ Պատմության բեմից հեռանում էր հին սենատական արիստոկրատիան։ Հողին ամրացած կոլոնների տեղը առաջանում են ազատ հողաբաժնետերեր։ Զարգացման պրոգրեսիվ այս ընթացքին մեծապես նպաստում էր սլավոնական ներգաղթն ու Բալկանների սլավոնացումը։ Գյուղական ազատ համայնքները դառնում են պետական սահմանների պաշտպանության և պետական եկամուտների ապահովման գլխավոր հենարանը։ Մասամբ հենց այդ ուժին հենված՝ Բյուզանդիան կարողացավ մի քանի դար պաշտպանվել արտաքին գրոհներից<ref>Հմմտ. Е. Э. Липшиц, Византийское крестьянство и славянская колонизация, см. „Визант. сборник”, М.—Л., 1945, I, 142 և հետ.։</ref>։
Վասիլ I կայսրի օրոք (867—886) Բյուզանդիան հաղթական մի շարք պատերազմներ մղեց արաբների դեմ, ընդարձակելով կայսրության սահմանները մինչև Եփրատի վերին հոսանքը։ Ռոմանոս Լեկապեն կայսրի ժամանակ (919—944) արաբական բերդերի երկաթե շղթան պատռեց բյուգանդական զորավար Հովհան Կուրկուասը: Կայսերական զորքերը հասնում են Դվին ու Կարին, գրավում հյուսիսային Միջագետքը։ Հետ մղելով արաբական հակահարձակումը՝ հույն բանակը տևականորեն գրավում է Սամոսատը, Մալաթիան և ամբողջ Արևմտյան Հայաստանը, հասցնելով պետության սահմանները մինչև Եփրատի և Տիգրիսի միջին հոսանքները։
Հայաստանից և Վրաստանից տակավին վերացված չէր արաբների գերիշխանությունը, երբ հրապարակ եկան բյուգանդական կայսրները՝ խալիֆների տեղը բռնելու համար։ Տասերորդ դարում Կոստանդին Ծիրանածին (913—959) և Ռոմանոս II (959—963) կայսրները գերիշխանության պահանջներ էին անում Կոգովիտի և Տարոնի, Մոկսի, Վայոց ձորի, Անձեվացյաց, Խաչենի, Սյունյաց գավառների, այլև Սեվորդյաց երկրի, Սամցխեի, Տայքի, Ղվելիս-Ցիխեի և Աճարայի նկատմամբ<ref> E. Honigmann, Die Ostgrenzen des Byzantinischen Reiches von 363 bis 1071. nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen, Bruxelles, 1935, էջ 147։</ref>
964—65 թվականներին, Մեսրոպ երեցի կազմած վարքն աշխարհ գալուց առաջ, Նիկիֆոր Փոկաս (963—969) կայսրը գրավեց Կիլիկիան և Տարոնը։ Շարժվելով Բաղդադի ուղղությամբ, Հովհան-Չմշկիկը (969—976) գրավեց Ամիդը, Եդեսիան և Մծբինը և ինչպես ուղում էր հավատացնել ինքը կայսրը՝ Սիրիայի վրայով մոտեցրել էր հույն հաղթական բանակները Երուսաղեմի դռներին։ Վասիլ II կայսրի (976—1025) մասին Լաստիվերտցին գրում էր. «Երանելին Վասիլ յիսուն ամ թագաւորեալ, ոչ ոք ի թշնամեաց համարձակեցաւ յաշխարհն նորա մտանել»<ref>Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ, Թիֆլիս, 1912, էջ 108։</ref>։ Բավական չէ, հարկավ, ասել, թե ոչ մի թշնամի չէր համարձակվում մտնել Վասիլ II-ի աշխարհը. հարկ է ավելացնել նաև, որ նա ինքն էր խուժում ուրիշների աշխարհը։ Հիշենք նրա դաժան պայքարը բուլղարների դեմ կամ հափշտակողական նրա քաղաքականությունը Արևելքում։ Օգտագործելով տեղական տիրապետությունների ներքին կամ արտաքին ճգնաժամերը (հակաֆեոդալական շարժումները, միջֆեոդալական գժտությունները, սելջուկների ներխուժման վտանգը), Բյուզանդիան գրավում է Տայքի, Վասպուրականի, Անիի և Կարսի թագավորությունները, ինչպես նաև Բերկրիի, Մանազկերտի, Խլաթի և Արճեշի էմիրությունները։ Դավիթ Կյուրապաղատը հարկադրված եղավ «կտակել» կայսրին Տայքի տիրապետությունը։ Ւ վերջո նման մի «կտակ» կազմեցին հայ ֆեոդալները նաև Անիի թագավորի անունից։ Մյուս գրավումներին ևս տրվում են կամավոր օտարացումների ձև։ Այսպես, Սենեքերիմ Արծրունին փոխանակեց Վասպուրականի թագավորությունը Սեբաստիայի իշխանության հետ է։ Բայց հատկանշական է, որ հոժարակամ ակտերին նախորդում էին դիվանագիտական բանակցությունները, բանագնացների սիրաշահումն ու կաշառումը։ Այլ կապակցությամբ առիթ պիտի ունենանք վերապատկերելու այն իրադրությունը, որ երկրի մի շարք վայրերում շարժառիթներ էր ստեղծում հայ իշխող դասի հայրենադավ քաղաքականության համար։ Այնուամենայնիվ մի շարք դեպքերում բյուզանդացիները տիրացան Հայաստանի հողերին միայն բռնի ուժով. նրանք պիտի հաշվի նստեին հայ ժողովրդական մասսաների զինված դիմադրության հետ, դիմադրություն, որը երբեմն գլխավորում էին ֆեոդալներից ոմանք։ Վերհիշենք Վահրամ Պահլավունու գլխավորած պայքարը Անին պաշարող բյուզանդացիների դեմ։ Նվաճած երկիրը քաղաքականապես գլխատելու նպատակով հույները Բյուզանդիայի խորքերն էին փոխադրում տեղական ֆեոդալներին, երկրի վարչությունն ու պաշտպանությունը հանձնելով ժառանգական իրավունքներ չունեցող հույն պաշտոնյաներին։ Այսպես, Վասպուրականում ստեղծված մարզերի մեջ մտնող մոտ քառասուն բերդերի ու ամրոցների պաշտպանությունը հանձնված էր հույն զինվորականներին և կառավարիչներին (կատեպաններին)<ref>1 Извлечение из Летописи Яхъи Антиохийского. Տե՛ս В. Р. Розен, Император Василий Болгаробойца, СПБ, 1883, стр. 62.</ref>։ Նույն բանը տեղի էր ունենալու նաև Շիրակում։
Այս պայմաններում Հայաստանը դարձավ անտեր ու անպահապան մի երկիր, որ կարելի էր նվաճել ու կողոպտել հեշտությամբ. «զի զարս քաջս և զհզօրս քակեալ հանին յարևելից հոռոմք և կուրտ զօրապետօք ջանային պահել զաշխարհն Հայոց և զամենայն տունն արևելից)<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 102։</ref>։ Սելջուկ նվաճողների առաջ նեղմիտ ու կարճատես բյուգանդական այս քաղաքականությունը զինաթափ արեց Հայաստանը։ Գրավելով Անին, հույն նվաճողները վստահություն չունեցան անգամ դավանակից Իբերիայի տեղական զորամասերի նկատմամբ։ Վերջին պահին Բյուզանդիան ջանք արեց ընդառաջել արևելքի ժողովուրդներին, վերականգնել նրանց ռազմական և քաղաքական զորությունը, իրավունքներ ու արտոնություններ շնորհել սահմանամերձ քաղաքներին ու ֆեոդալներին։ Բայց ուշ էր արդեն։ Անգամ սելջուկների տիրապետության ժամանակ բյուզանդացիները սոսկ համաքրիստոնեական ճակատ ստեղծելու նպատակով չէ, որ առաջ էին քաշում հայ ֆեոդալական իշխանությունները։ Ճիշտ դիտված է, օրինակ, որ XI դարի կեսերին նրանք հովանավորում էին Լոռիի Կյուրիկե II-ին, պատվար համարելով նրա թագավորությունը ոլ միայն սելջուկ թուրքերի, այլև հզորացող վիրա-աբխազյան պետության դեմ<ref> Ս. Երեմյան, Լիպարիտ զորավարի հաջորդները և Դանիշմանյան տոհմի ծագման խնդիրը. Հայկական ՍՍՌ Գիտ. ակադ. «Տեղեկագիր», 1947, № 8, էջ 71։</ref>։
Հայերի և առաջավոր ասիական մյուս ժողովուրդների հիասթափությունը մեկն էր այն պատճառներից, որոնք նախապատրաստել էին Մանազկերտի անկումը, շրջափոխելով Մերձավոր Արևելքի քաղաքական պատմության կերպարանքը։ Մեկընդմիշտ կայսրությունը կորցնում էր ասիական այն նահանգները, որոնք կազմում էին կայսրության տնտեսական ամուր հենարանը և մատակարարում նրան զինվորների և նավաստիների լավագույն կոնտինգենտներ։
Ներսիսյան տեսիլքի մեջ երևան է գալիս տրամադրությունների այն հեղաբեկումը, որ վերապրել էին հայերը Բյուզանդիայի նկատմամբ։ Կորցնելով Պաղեստինը, Միջագետքը և, մանավանդ, հարուստ ու եկամտաբեր Եգիպտոսն ու Սիրիան՝ կայսրությունը հարկերի ամբողջ ծանրությունը վերաբարդում էր փոքրասիական և արևելյան թեմերի վրա։ Սրան միանում էին դավանաբանական այն ճնշումները, որ գործադրում էր նա քաղկեդոնականությանը հակադրված «մոնոֆիզիտ» եկեղեցիների- այդ թվում նաև հայադավան եկեղեցու նկատմամբ- դեռ արաբական նվաճումների ժամանակ՝ VI—IX դարերում, և ապա սելջուկների տիրապետության շրջանում՝ XI—XII դարերում։ «Եւ թագաւորք յունաց,— ասված է այնտեղ,— սակաւակեացք եղիցին և պատերազմաց ոչ հոգասցեն, այլ զհարկաց միայն և փոխելոց կարգաց և զքննութեան հաւատոց քրիստոնէից և այս լիցի ջան նոցա և վաստակ»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90։</ref>։ Պատմական հրափորձության դաժան նույն այն մեղեդին է այս, որ լսում ենք նաև հետագա հայ մատենագիրների մոտ։ XII դարի սկզբներին Պողոս Տարոնեցին բյուզանդական կայսրների մասին գրում էր. «Ւսկ սին՝ և ժանդ, պիղծ՝ և վատթար արանցդ, որք են ի մեր ժամանակս թագաւորքդ՝ և իշխանքդ, մորոսամիտք եղեալք՝ հայհոյեն զհայս և նախատեն։ Եւ թողեալ նոցա զհոգս պատերազմացն՝ որ է ընդդէմ ուրացողաց խաշին Քրիստոսի և փոխանակ նոցա դառնան և ընդ մեզ պատերազմէն։ ԶՔրիստոս ուրանան՝ և զմեզ հրէայս ասեն. և զիւրեանս սուրբք ուղղափառք, որք են սուտ ուղղափառք։ Որպէս ժանդաբարոյ շունս՝ որ զգայլն ո՛չ կարեն հալածել, դառնան և զմարզիկ խածանելով պատառեն։ Այսպէս և առաջնորդքն հոռոմոց՝ զազգն հայոց<ref> Պօղոս Տարօնեցի, «Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային», Կ. Պոլիս, 1752, էջ 274։</ref>։Նույն դարի կեսերին Ուռհայեցին նշավակում է բյուզանդացիների «անողորմ», «չար» բնավորությունը, նրանց նենգամտությունը։ Հայաստանի պաշտպանները չեն «թուլամորթ» ու տկար հույները, այլ նրա «սուտ պահապանքը»։ «Սովոր են ազգն Հոռոմաց երդմամբ կորուսանել զամենայն մեծամեծս աշխարհի»- գրում էր նա<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 135։</ref>։ Ուռհայեցու ժամանակագրության շարունակող Գրիգոր երեցը, որը քաջ ծանոթ էր նաև Ներսեսի անվան հետ կապվող գուշակությանը՝ ընդհանրացնելով անցյալի մռայլ փորձը՝ գրում էր. «Յառաջ ժամանակաց գիտեմք և ի ժամանակագիր պատմագրաց, որ Յունաց թագաւորքն '''ոչինչ''' փրկութիւն են գործեալ քրիստոնէից, այլ մանաւանդ խլումն և առումն քաղաքաց և գաւառաց. և նոցա շնորհիւն ելան Հայք երկրէն իւրեանց և այլազգիքն զօրացան և եկեալ տիրեցին ամենայնի»<ref>Նույն տեղում, էջ 421։</ref>։ Ավելի մեղմ լեզու չի բանեցնում բյուգանդական «ազատարարների» մասին նույն դարի վերջերում Սամվել Անեցին։ Աչքի առաջ ունենալով Անիի հունասերների ժողովրդադավ վարքագիծը՝ նա գրում էր. «Յորժամ տեսին զանհնարին աղետ կործանման զգլխաւորի տեղոյս՝ անձնատուր եղեալք ընդ ձեռամբ վիշապին, կամաւ ելին փախստեամբ առ կայսրն յունաց»<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1803, էջ 109։</ref>։
Մեսրոպ երեցի անունով մեզ հասած տեսիլքի բնագրում արտահայտվում են ոչ միայն հայերի հուսախաբությունը, այլև ազատագրական նոր ակնկալություններ։ «Եւ Երուսաղէմ ոչ ևս կացցէ յիշխանութեան յունաց և իսմայէլացիք տիրեսցեն նմա, և արկցին ընդ հարկիւ զյոյնսն մինչև ի ժամանակս մերձենալոյ արիական ազգին. և ապա առցեն զԵրուսաղէմ ազգն հռովմայեցւոց, որ անուանին '''փռանկք''', և բարձցեն ըզհարկադրութիւն յունաց»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90 և հետ.։</ref>։
«Ֆրանկ» ազատարարների այս հիշատակությունր ակնբախ է դարձնում, որ Մեսրոպի սկզբնագիրը հետագայում կրել է էական փոփոխություններ: Ձեռագիր օրինակների հակասությունները, ոճական տարբերակների առկայությունը, հատկապես մեզ զբաղեցնող էջերում, վկայում են նույնը։ Ֆրանկների մասին հանդիպող հիշատակությունը միջարկվել է անշուշտ մի ժամանակ, երբ հայերի մեջ արմատ էր ձգում խաչակիրների օգնությամբ «նետողների» (իմա՝ սելջուկների) և հույների լծից ազատվելու ակնկալությունը։ Ըստ երևույթին այդ տեղի էր ունեցել խաչակրաց աոաջին արշավանքից հետո, այսինքն՝ ոչ վաղ քան XI դարի վերջերը։ Արդյոք Մեսրոպ երեցի՞ն են պատկանում հույն կայսրների մասին վարքագրության մեջ հանդիպող քննադատական դիտողությունները, թե՞ մի ուրիշի, գուցե նույն այն գրչի՞ն, որ մտցրել է նաև ֆրանկների մասին արված հիշատակությունը՝ դժվար է որոշել։ Բոլոր պարագաներում պիտի դիտենք, որ Մեսրոպ Երեցի անունով մեզ հասած վարքագրության մեջ պահվել են պատմական տարբեր շրջանների և քաղաքական տարբեր ակնկալությունների հետքեր։
Թե որ չափով ընդունակ էին զարգացման ու իմաստափոխության Ներսեսի անվան հետ կապված կանխատեսությունները՝ ակնհայտ է մանավանդ այն փաստից, որ խմբագրական այս կարգի միջարկություններից զատ կարիք եղավ Մեսրոպ երեցի գրած վարքի և մանավանդ դրա մեջ տեղ գտած մարգարեությունների նոր և անհամեմատ ավելի ընդարձակ մի խմբագրության<ref>Սրա հնագույն տպագիր օրինակը լույս տեսավ 1737 թվականին Կ. Պոլսում «Պատմութիւն երջանիկ վարուց և մահուաներանելի առն Աստուծոյ սուրբ Մեծին Ներսէսի» վերնագրով: Նոր այդ խմբագրության օրինակն է, որ 1775 թվականին լույս աեսավ նաև Մադրասում «Պատմութիւն մնացորդաց հայոց ե վրաց արարեալ յումեմնէ Մեսրոպայ քահանայէ ի Հոգոց գեղջէ ի Վայոց-Ձորոյ յաշխարհէ ի Սիւնեաց» վերնագրով։</ref>։
«Տեսիլքի» նոր այս խմբագրությունը կարող էր կատարվել միայն սելջուկների ժամանակ, երբ «այր զարամբ ելանէր տիրել աշխարհի»: Հայաստանի կուլտուրական ռայոնները ենթարկվում էին ավերման ու կողոպուտի։ Կործանվում էր ու անճետվում հայ ֆեոդալական տների մեծ մասր։ Սրանց տեղերը բոնում էին թուրք, քուրդ կամ պարսիկ էմիրները, որոնցից կախման մեջ էին մտնում ի վերջո նաև հայ ֆեոդալների նվազած մնացուկները։ Նկարագրելով աշխարհավեր նետողների գալիք ներխուժումը՝ «Տեսիլքի» նոր տեքստում, ասված է թե՝ «յարուսցէ յարևելից կողմանէ... թագաւոր այլադէմ և այլալեզու, անուն նորա սուր և թեթև և զգաստ... ի մնացորդաց իսմայէլեան ի ծննդոցն Հագարայ և ի զաւակէ յԵղեմայ առաջին տոհմից»։ Չնույնացնելով «ժիր և սէգ, և լիրբ և երկայնահեր, սուսեր թևաւոր ընդ մէջ իւրեանց ածեալ» եկվորներին հագարացի (արաբ) կամ էլամացի (պարսիկ) աշխարհակալների հետ՝ գուշակողը նրանց համարում է դրանց ժառանգորդներ միայն։ Պատմվում է այնուհետև, որ նվաճող ու ավերող նրանց թագավորներից հետո Հայաստանին տիրելու է խաղաղասեր և քրիստոնյաներին խնամակալող «որդի երկրորդ սուլթանի ի տանէ Խորասանէ» մի թագավոր։ Ակնարկը Տուղրիլին և Ալփասլանին հաջորդած Մելիք-Շահի մասին է անշուշտ։ Ինչպես ժամանակի հայ պատմիչները, «Տեսիլքի» հեղինակը ևս ներկայացնում է սրան դրական դիմագծերով։ Սրա խաղաղասեր թագավորությունից հետո նետողները չորս տարի շարունակ բերելու են նոր արհավիրք, մինչև որ փրկության դուռ կբանա «ազգն արիական հռոմայեցւոց, որ կոչին '''որմանք'''», կամ, ինչպես ասված է մի ձեռագրում՝ «որմանք, այսինքն՝ '''արամանանք'''»: Ծագել է այդ ազգը հայոց այն զորքերից, որոնք հռոմ էին ուղեկցել Տրդատին և Լուսավորչին։ Հույները խանգարելու են նրա ափէջքը Մեծ Օվկիանոսի — Միջերկրականի — Գեղեցիկ նավահանգստում։ Որմանները դեսպան են ուղարկելու հունաց թագավորի մոտ և հնազանդության հրավիրելու նրան։ Ի վերջո գրավելու են նրա մայրաքաղաքը, և դիմելով զենքի ուժին՝ նվաճելու արաբացոց երկիրը մինչև Դամասկոս և Երուսաղեմ, միաժամանակ գրավելով նաև պարսից թագավորանիստ Դավրեժը։ Եվ այդպիսով «Եղիցին աշխարհք քրիստոնէից, որպես զդրախտն և բնաջինջ լինի ազգն նետողաց յերեսաց յերկրէ յարիական յազգէն հռոմայեցոց։ Խաղաղանա երկիր ի բարի գնացս. կանգնին հաւատա-ցեալք և վկայարանք սրբոցն, անկցի աշխարհ անօրինաց ընդ լծով ծառայութեան հայոց»<ref>Շարադրում ենք «Տեսիլքի» ընդարձակ այս վարիանտը՝ հիմք ընդունելով հայկական ՍԱՌ Մատենադարանի հնագույն օրինակը՝ գրված 1220 թվականին (ձեռ. № 1912, էջ 309—319)։ Ձեռագիր այդ օրինակի ընդհանուր վերնադիրն է՝ «Յաղագս զարմից սբ. Գրիգորի Հայոց Լուսավորչին և տեսիլ սրբոյն Ներսիսին»։ Գիրը՝ միջին երկաթագիր։ Գրիչը կամ գրչության վայըը՝ անհայտ։ Մադրասի տպագիր վարիանտն ունի որոշ տարբերություններ։ Այսպես՝ հունաց թագավորի մոտ դեսպան են ուղարկում ոչ թե «որմանները», այլ նետողները։ Դեսպանը դարձի է գալիս, երկրպագում քրիստոնեական խաչին, և վերադառնալով իր թագավորի մոտ՝ սպանում նրան, փութացնելով նետողների պարտությունը։ Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 114 և հետ.։ Վերջին վարիանտը, որ ավելի նոր է, ունի նաև Պարիզի ազգային մատենադարանի օրինակը, որից քաղվածքներ կան Շահան Ջրպետի մոտ (տե՛ս Chahan de Cirbied, Notice de deux manuscrits Arméniens, Paris, 1812, էջ 5 և 59 ծան.)։</ref>։
Այս միջադեպը հանդիպում ենք նաև Ներսեսի մի այլ վարքագրության մեջ<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Լ, Վենետիկ, 1853, էջ 24 և հետ.։</ref>։ Դրա նպատակն էր՝ ցույց տալ, թե աստված օգնության է գալիս քրիստոնյաներին, նույնիսկ դարձի եկող թշնամու ձեռքով։ Նման բան Մանազկերտի պաշարման կապակցությամբ ասում էր նաև Լաստիվերտցին<ref> Լաստիվերտցի, էջ 101 և հետ.։</ref>։
Կանխատեսության ձևով շարադրված այս մոմենտները համընկնում են պատմական անցքերին։ Պատմական են Մելիք-Շահի մահից հետո նրա ժառանգների միջև առաջացած քառամյա խռովությունները<ref> Հմմտ. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1909, էջ 98 և հետ.։</ref>։ Պատմական են «հռովմայեցիների» (իմա՝ խաչակիրների) պատերազմները, որոնց մասին կարծում էին, թե քրիստոնյաների կրած տառապանքների համար վրեժ են լուծում «ի սկիւթացւոց (իմա՝ սելջուկ թուրքերից) և ի պարսից հանդերձ Տաճկաստանաւ (իմա՝ պարսիկներից և արաբներից)»<ref>Նույն տեղում, էջ 99</ref>։ Պատմական են «հռոմայեցիների» բախումները «հունաց թագավորի» (իմա՝ Ալեքսիոս Կոմնենի) հետ»։
Հին լեգենդի հետքերը վերացած չեն նորի մեջ։ «Տեսիլքի» ընդարձակ խմբագրության մեջ իսկ Բյուզանդիոնը շարունակում է լինել «տեղապահ թագաւորին Քրիստոսի»<ref> Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 103։</ref> և բյուգանդական կայսրի կրած մեծ պարտությունը (իմա՝ Մանազկերտի առումը) սուգի մեջ է ձգում քրիստոնյաներին, քանի որ դրանով կորստի էր մատնվում եկեղեցու ազատությունը<ref>Նույն տեղում, էջ 106, հմմտ. էջ 109։</ref>։ Սակայն ակներև է, որ «ազատարարների» դերը նոր լեգենդը վերապահում է Քրիստոսի ոչ թե հին, այլ նոր տեղապահի զինվորներին՝ խաչակիրներին։ Պարզ է, որ «Տեսիլքի» նոր խմբագրությունը ձեռնարկված կարող էր լինել դարձյալ առաջին խաչակրաց արշավանքից հետո։
«Տեսիլքի» վերախմբագրման ժամանակը որոշելու համար կռվան են տալիս Դամասկոսի և Դավրեժի մասին բնագրում հանդիպող նշումները։
Դամասկոսը խալիֆաթի հին քաղաքամայրն էր, որ XII դարի երկրորդ կիսում Նուր-ադ-Դինի և Սալահ-ադ-Դինի (Սալահեդդինի) ժամանակ ապրեց նոր վերելք, մինչև որ 1260 թվականին անձնատուր եղավ մոնղոլ Հուլաղու խանին։ Դավրեժը կամ Թավրիզը, X դարում աննշան մի քաղաք , XI—XII դարում դաոնում է արաբ էմիրների և սելջուկ աթաբեկների նստոց։ Վերախմբագրված «Տեսիլքի» մեջ Դավրեժի հիշատակումը կապված է աթաբեկների լծից ազատվելու բաղձանքի հետ։ Մոնղոլ Աբաղա խանի ժամանակ Թավրիզը դարձավ հուլավյանների գահանիստ և խիստ ընդարձակվեց Ղազան խանի ժամանակ՝ XIII դարի վերջերին։ Մոնղոլների ժամանակ կարևորություն ստացած այդ քաղաքի մասին հին հայ աղբյուրները ավանդում են, թե կառուցված է եղել Տրդատի հայր Խոսրովի ձեռքով, որը, նպատակ ունենալով լուծել Արտավան եղբորորդու վրեժը , նորակառույց քաղաքը կոչել էր «Դավրէժ»<ref> Տե՛ս <Պատմութիւն Հացունեաց խաչին», տպ. «Արարատ», 1888, էջ 399 և հմմտ. Saint-Martiո, Mémoires historiques et geographiques sur l'Arménie, Paris, 1819, t. p. II, 422.</ref> (այսինքն՝ «դա է վրէժ»)։ Նույն այս մտայնությամբ միջնադարի հայ գրիչները հայրենի սեփականություն էին համարում Դավրեժը։ Ազատագրական լեգենդի հետագա վարիանտներում, ինչպես պիտի տեսնենք, հաճախ Դավրեժը հանդիսանում էր հայ քաղաքական բաղձանքների սահմանակետը։
Վերախմբագրված «Տեսիլքի» հնագույն օրինակը գրված է թաթարներից առաջ՝ 1220 թվականին։ Եթե հիմք չունենք այդ օրինակն էլ հենց այս խմբագրության '''սկզբնագիր''' համարելու, գեթ պիտի ասենք, որ «Տեսիլքի» վերախմբագրումը չէր կարող այդ թվականից հետո տեղի ունեցած լինել։
«Տեսիլքի» հեղինակը հայտնում է, որ Հայաստանը նվաճող «այլադէմ և այլալեզու» թագավորի սուրը չի հասնելու միայն Վարագա մեծ լեռանը, որի փեշերին մարդիկ հիմնելու են ագարակներ և որին ապավինած՝ նրանք հաստատ են պահելու քրիստոնեական հավատը։ Այս նշումը որոշ հիմք է տալիս կռահելու «Տեսիլքի» խմբագրության տեղն ու հանգամանքները։
Պատմելով Վարագա խաչի «հրաշափառ» երևումը սելջուկների ներխուժման նախօրեին, Թովմա Արծրունին գրում է, որ «ի ստորոտ լերինն» նոր շինված «մենաստանաց մայրաքաղաք» Վարագա վանքի միաբանության համար Սենեքերիմ թագավորը նշանակեց ռոճիկ, և որ վանքի միաբանները, իրենց հերթին, հսկում էին Վասպուրականի խաղաղությանը, ապաստան մատակարարելով «ամենայն աշխարհաց անկելոց և գերելոց»<ref> Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։ Պատմում են, որ, հանձնելով Վասպուրականը հույներին, բարեպաշտ Սենեքերիմը պահեց իր ձեռքում Վարագը և սրա շուրջը փռված բազմաթիվ վանքերը. «զի կացցեն ազատս և աղօթս արասցեն Սենեքերիմայ և որդւոյն նորա. և էին 115 և ոմանք 900 վանք ասեն»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 104։</ref>։ Այս, ինչպես և «Տեսիլքի» վերոհիշյալ տվյալներից պիտի եզրակացնել, որ «մենաստանեաց մայրաքաղաք» Վարագը և նրա շուրջը փռված վանքերը շարունակում էին իմունիտետ վայելել ինչպես բյուզանղացիների, այնպես նաև սելջուկների օրոք։ Անհնարին չէ, որ Վարագում կամ նրան ենթակա վանքերից մեկում էլ հենց խմբագրված լինի «Տեսիլքի» ընդարձակ վարիանտը։
Կիլիկիայի Լևոն II թագավորին ուղղած իր թղթում հայ և հույն եկեղեցիների միացման կողմը հակված Լամբրոնացին, թվարկելով իր համախոհներին, հիշատակում է Վասպուրական աշխարհի և Վարագա վանքի կրոնավորներին, մասնավորապես իր ուսուցիչ Ստեփանոս Տիրացուին, Գևորգ Ճգնավորին, իրեն ուսումնակից Ստեփանոսին և ուրիշներին, բացի այս Տարոնի ու Եկեղյաց գավառների եկեղեցականներին, Խաչենի իշխաններին և եկեղեցականներին, որոնց թվում՝ իրեն աշակերտած Հովսեփին<ref>Ներսէս Լամբրոնացի, Ատենաբանութիւն և թուղթք և ճառք,Վենետիկ, 1865, էջ 229 և հետ.։</ref>։ Աչքի առաջ ունենալով «Տեսիլքի» քաղաքական տենդենցը, անհնարին չէ, որ այն խմբագրվել է հենց Լամբրոնացուն համախոհ Վարագա վանականների ձեռքով։ Թերևս այս ենթադրությունը ոչ միայն հավաստել, այլև բացատրել կարող է մեր այն դիտողությունը, որ շրջադարձ կատարելով դեպի Հայաստանի նոր «ազատարարները», «Տեսիլքի» հեղինակը շարունակում էր համարել հին Բյուզանդիոնը՝ «տեղապահ թագաւորին Քրիստոսի»։
== 2. Ագաթոն և Կոզեռն ==