: ― Երբ դուք խոսեցիք նրա մասին, հիշեցի, որ դժբախտ հայրս ամեն աշուն նրանից իր արգելավայրում որս անելու հրավեր էր ստանում, ― պատասխանեց ընկերս։
: ― Այդ դեպքում կասկածից դուրս է, որ գրությունը Բեդոզից է, ― պատասխանեցի ես։ ― Մնում է պարզել, թե ինչպես էր հաջողվում նավաստի Հադսոնին սարսափի մեջ պահել հարգարժան և հարուստ մարդկանց։
: ― Ավա՛ղԱվա՜ղ, Հոլմս։ Վախենում եմ, որ նրանց բոլորին իրար է կապել հանցագործությունն ու անպատվությունը, ― բացականչեց ընկերս։ ― Բայց ձեզնից ես գաղտնիքներ չունեմ։ Ահա հորս գրած խոստովանությունը, երբ իմացել է, որ իրենց վրա կախված է վտանգը։ Ինչպես և ինձ ասաց բժիշկը, դա գտա ճապոնական պահարանում։ Դուք կարդացեք․ ես դրա համար ոչ հոգեկան ուժ, ոչ էլ համարձակություն չեմ ունենա։
: Ահա այդ խոստովանությունը, Ուոտսոն։ Հիմա դա կկարդամ այնպես, ինչպես այն գիշեր հին աշխատասենյակում կարդացի նրա համար։ Տեսնու՞մ եք։ Այն գրված է հետևյալ վերնագրով փաստաթղթի ետևում․ «Մի քանի մանրամասներ «Գլորիա Սկոտի» ուղերթի մասին, որը 1855 թվի հոկտեմբերի 8-ին դուրս եկավ Ֆալմուտից և նոյեմբերի 6-ին խորտակվեց 15°21՛ հյուսիսային լայնության և 25°14՛ արևմտյան երկայնության մոտ»։ Գրված է խոստովանության ձևով և բովանդակում է հետևյալը․ « Իմ թանկագին, սիրելի որդի։ Անպատվության սպառնալիքը մթագնեց կյանքիս վերջին տարիները։ Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ ոչ վախը օրենքի առաջ, ոչ դիրքի կորուստը, որ այստեղ ստեղծել եմ ինձ համար, ոչ իմ անկումը նրանց աչքերում, ով ինձ գիտեր, չի պատառոտում սիրտս։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ դու ինձ այդքան սիրում ես, իսկ քեզ հարկ կլինի կարմրել իմ փոխարեն։ Այնինչ, մինչև հիմա կարող էի շողոքորթել ինքս ինձ, որ դու ոչ մի բանի համար ինձ արհամարել չես կարող։
: Բայց եթե հարվածը, որին ամեն րոպե սպասում էի, այնուամենայնիվ, պայթի, ապա ցանկանում եմ, որպեսզի դու իմանաս անմիջապես ինձնից և կարողանաս դատել, թե որքանով եմ մեղավոր։ Իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, եթե բարձրագութ աստված դրան չխանգարի, թախանձում եմ քեզ բոլոր սրբություններով, թանկագին մորդ հիշողությամբ և մեր փոխադարձ կապվածությամբ, եթե այս նամակը ձեռքդ ընկնի, կրակը նետիր և երբեք մի հիշիր դրա մասին։ Իսկ եթե դու երբևիցե կարդաս այս տողերը, ապա դա կնշանակի, որ ես դիմակազերծված եմ, արդեն չկամ այս տանը կամ, ավելի շուտ, արդեն մեռել եմ (դու չէ որ գիտես, սիրտս վատ է): Այս և այն դեպքում արգելքը հանվում է։