Changes
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Խոսելով Վասպուրականի Սենեքերիմ թագավորի մասին` Ուռհայեցին պատմում է, թե ահավոր այդ պահին նա «ոչ եկեր և ոչ էարբ, այլ կայր մտախոհ, լի տրտմութեամբ և զգիշերն ամենայն անքուն անցուցանէր և նստեալ քննէր զժամանակագրութիւնս և զասացուածս աստուածախօս տեսանողացն, զսրբոց վարդապետացն և գտանէր գրեալ ի գիրսն զժամանակն ելանելոյ Թուրքաց զօրաց և զօրականաց. և ծանեաւ զկորուստ և զկատարած ամենայն երկրի. և գտանէր ի գիրսն գրեալ այսպէս, եթէ «Ի ժամանակին յայնմիկ փախիցէն յարևելից յարևմուտս, ի հիւսիսոյ ի հարաւ, և հանգիստ ոչ գտանեն ի վերայ երկրի, վասն զի արեամբք ծածկին դաշտք և լերինք»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 48։</ref>։ Թե ինչ հետևություններ էր հանում Սենեքերիմը տեսիլների ու գուշակությունների հին գրքերից կամ ինչ իմաստ մտցնում հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք ապավինելու մասին գրոց ցուցումների մեջ՝ դրա բացատրությունը ստանում ենք Թովմա Արծրունու պատմությունից, ուր Իրանից Հայաստան խուժած թուրք հրոսակախմբերի մասին ասված է թե «Մատնեաց զմեզ Տէր և զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր և մեղսասէր զարմին Ելիմա, որ ազգք թուրքաց»։ Թոմայի շարունակողի ասելով, Վասպուրականի թագավորը հանգեց այն մտքին, թե չիք «այլ ուստեք օգնականութիւն բաց ի տեառնէ, և օգնականութիւն տեառն ի թիկունս արքային յունաց»<ref>Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։
Նախընթաց դրվագում մասամբ արդեն պարզեցինք պատմական ռեալ այն իրականությունը, որ հարկադրում էր Բագրատունյաց և Արծրունյաց հայ թագավորներին՝ «կամովին» զիջել իրենց իշխանությունը Բյուզանդիային։ Ուռհայեցու և Թովմա Արծրունու վկայությունները դրսևորում են ոչ այնքան Սենեքերիմ Արծրունու, որքան Վասիլ կայսրի հետ գրական հեռանկարներ կապող հայ եկեղեցական ֆեոդալական որոշ խմբակցությունների հայացքները։ Վասիլն անուն էր վաստակել ոչ միայն իսլամի դեմ մղած իր պատերազմներով, այլև պավլիկյանների դեմ հանած իր հալածանքներով։ Թվում էր, թե Վասիլ կայսրի ձեռներումն էր գտնվում աշխարհի խաղաղության բանալին։ Մեզ արդեն ծանոթ է այն համարումը, որ ուներ նրա ուժի մասին Լաստիվերտցին: Նման հայացք ուներ նրա մասին նաև Գր. Նարեկացին, որը հատկանշում էր այդ կայսրին որպես «յաղթող և մեծ կայսր»։ Ընդարձակելով կայսրության արևելյան և հյուսիսային սահմանները, ասում է Նարեկացին, բյուզանդական բանակը ոտքի տակ տվեց եկեղեցու թշնամիներին, և հաստատեց ամենուրեք «անդորութեան միջոց»<ref> Գր. Նարեկացի, Մատենագրութիւն, Վենետիկ, 1840, էջ 268։
Նշելով, որ Նարեկացին նշավակում էր «արաբացոց քանասար գայլերի գազանությունը», պրոֆ. Մ. Մկրյանը ուզում է հավատացնել, թե «Մատեան ողբերգութեան» հեղինակը ատելությամբ էր վառված դեպի «օտար զավթիչներն» առհասարակ: Աչքի առաջ ունենալով բյուգանդական կայսրի նկատմամբ Նարեկացու բռնած դիրքը, նման ընդհանրացումը պիտի թյուր իմացության պտուղ համարել (Հմմտ. Մ. Մկրյան, «Գրիգոր Նարեկացի», Երևան, 1955, էջ 218): Մի տեղ (Մատեան ողբերգութեան, ԾԶ, բ. հատված) Նարեկացին ղատապարտում է «ոգեկործան» կայսրներին, սակայն դրանից չի կարելի անել այն եգրակացությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' կայսրներին, ինչպես նաև այն փաստից, որ '''նույն տեղում''' նա դատապարտում էր «ըմբոստ» աղքատներին, չի կարելի անել այն հետևությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' աղքատներին: Նվազ բռնաձիգ չէ հեղինակի այն հավաստիացումը, թե իբր Նարեկացին «չի կարողացել հաշտվ ֆեոդալական կեղեքման հետ» և կամ որ նրա միստիկ աշխարհայեցությունը «արտացոլել է գյուղացիական—աշխատավորական խավերի թախիծն ու վիշտը ու նրանց՝ իրականության նկատմամբ ունեցած խոր դժգոհությունն ու ցասկոտ բողոքը» (տե՛ս նույն տեղում, էջ 171 և 198)։ Կարծում ենք, որ Նարեկացուն իբրև բանաստեղծի դրվատելու համար անհրաժեշտ չէ, որ անպատճառ գյուղացիական-աշխատավորական խավերի գաղափարախոս եղած լիներ նա:</ref>։
«Ապարանից խաչի պատմության» մեջ Նարեկացին նվազ մեծարանքով չի խոսում Վասիլ II և Կոստանդին VIII կայսրների՝ արաբների, սկյութացիների, խազիրների, վրացիների, լազերի և հայերի վրա տարած հաղթությունների, հաստատած խաղաղության և մասնավորապես «ասքանազյան զարմին» արած պարգևների մասին<ref>Գր. Նարեկացի, նույն տեղում, էջ 374 և հետ.։ Մենք դեռ առիթ կունենանք դրսևորելու Նարեկացու և մյուս եկեղեցականների այս կողմնորոշման սոցիալական խոր շարժառիթները։</ref>։
Որ թուրքական վտանգը նպաստավոր մթնոլորտ էր ստեղծել տեսիլների խմորման համար՝ այդ տեսանք արդեն Ներսես Պարթևի կանխատեսությունները քննելիս։ Հետագայում սկսում են հայտնի դառնալ նաև Հովհաննես Կոզեռն վարդապետի անվան հետ կապված տեսիլները։ Իբր թե հայոց 470 թ. (=մ. թ. 1023 թ.) տեղի ունեցած շարժն ու արեգակի լիակատար խավարումը գիտուն այդ վարդապետը բացատրած է եղել նրանով, թե մոտենում է ժամանակը, երբ, համաձայն Հովհաննու հայտնության, պիտի ազատ արձակվեր Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 52 և հետ.։</ref>։ Նշելով 1030 թվականին — «Քրիստոսի մկրտության հազարամյակին» թուրքերի գրոհը Բերկրիի վրա, Սամուել Անեցին կատարված անցքի հետ կապում է Կոզեռն ի բացատրությունը<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106։</ref>։ 1037 թվականին թուրքերը վերցրին Եդեսիան։ Նույն տարում կրկնվեց ահեղ շարժն ու արեգակի խավարումը։ Հետնորդներն այս անցքերը ևս կապեցին Կոզեռնի նախազգուշացումների և հայտնության հազարամյակի հետ, երբ շղթայազերծ սատանան պիտի ավերեր աշխարհը<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 66։</ref>։ Անեցու տարեգրության մեջ Եդեսիայի գրավումն ու Կոզեռնի տեսիլները նշված են դարձյալ որպես ներքնապես կապակցված փաստեր<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106 և հետ.։</ref>։
Միայն Կոզեռնը չէր, որ տագնապալից այս ժամանակներին լուսատուների շարժումները կամ երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթները կապում էր հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունների հետ։ «Քրիստոսի խաչելութեան» հազարամյակին, 1033 թվականին, նշելով «յամսեանն Արաց յաւուրն ուրբաթու ի դառնալ աւուրն» տեղի ունեցած արեգակի խավարումը, Լաստիվերտցին գրում էր. «Զոր տեսեալ '''բազումք''' ի գիտնոց, կարծեցին գոլ զծնունդն Նեռինն զայն, կամ մեծամեծ չարեաց գուշակ» <ref> Լաստիվերտցի, նույն տեղում, էջ 42։</ref>։ Նույն այդ դեպքն է, որի մասին, առնելով հին տարեգրու-թյուններից, Մխիթար Այրիվանեցին նվազ որոշակի նշում էր 1031-1041 թվականների արանքում. «Արեգակն խաւարեցաւ ի Քաղոց ժգ յուրբաթու, ի միջօրէի, և արձակեցաւ սատանայ ի կապանաց խաչելութեան Քրիuտոսի»<ref> Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։ Աստղաբաշխական և ժամանակաբանական գրականության մեջ արեգակի խավարումների մասին եղած այս նշումների ճշտությունը վիճարկվում է (տե՛ս այս մասին «Մանր ժամանակագրություններ XIlI—XVIII դարերի», Երևան, 1956, II, էջ 163. Վ. Հակոբյանի ծանոթագրությունը)։ Սակայն այդ վեճերն ըստ էության չեն շոշափում մեզ զբաղեցնող հարցի էությունը, որչափ, ինչպես պիտի տեսնենք, Կոզեռնի անվամբ մեզ հասած տեսիլները կապված չեն ոչ արեգակնային խավարումների և ոչ իսկ նրա անձնավորության կամ ապրած ժամանակի հետ։</ref>։
Կոզեռնի տեսիլը վկայակոչող հայ աղբյուրների մեջ նախատեսվում են կրոնական պատվիրանների խախտումներ, հարստահարումների, կաշառակերությունների և հափշտակությունների հաճախում, կարգավորների գործած զեղծումներ, արծաթասիրություն ու սիմոնականություն, անբարոյություն և աշխարհային զվարճանքների ծավալում վանքերում ու դղյակներում. «Առաջնորդք և. իշխանքն լինելոց են կաշառակերք և ստախոսք և սուտերդմունք և ի ձեռս կաշառաց թիւրեն զդատաստանս իրաւանցն աղքատին...։ Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առաւել քան աստուածասէրք... մեծարեն զմատնիչսըն և զգողսն, յաւիշաակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 69 և հետ.։</ref>։ Փաստապես այս ամենը ընթացիկ կյանքում դիտված և հոգևոր ու աշխարհիկ իշխող խավերի դեմ սրված մերկացումներ էին տեսիլքի մեջ՝ գալիքի գոգը առաջաձգված։
Երկրում հաստատվելիք օտար տիրապետությունը այն պատուհասն է, որ հղվելու է երկնքից՝ ի պատիժ մարդկային զանցառումների։ Կասկած չկա, որ ընթացիկ փորձից են առնված նաև գունեղ այն ներկերը, որոնցով պատկերացվում են քրիստոնյաների ներքին բախումներն օտար տիրապետության ժամանակ. «Գրգռին որդիք ընդ հարցն, ատեցողք լինին հարք առ որդիս, յարիցեն եղբարք ի վերայ միմեանց, սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան կորուսանել զիրեարս, ուրանան զգութ և զսէր եղբայրութեանն, ցամաքեսցի արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործովք հաւասարակից լինին անօրինացն»<ref>Նույն տեղում, էջ 72։</ref>։ Ո՞վքեր են այս «անօրենները»։ Ուռհայեցու մոտ պահված վերսիայի համաձայն՝ Հայաստանում հաստատվելու է նախ '''թուրքերի''' վաթսունամյա տիրապետությունը, որին հաջորդելու է Երուսաղեմի անցումը ֆրանկներին, իսկ հիսուն տարի հետո՝ քրիստոնյաների համատարած ազատագրումը։ Իհարկե, XI դարի առաջին կեսում Կոզեռնը չէր կարող նախատեսած լինել ոչ թուրքերի վաթսունամյա տիրապետությունը, ոչ Քրիստոսի գերեզմանի նվաճումը ֆրանկների ձեռքով։ Ըստ երևույթին նրան վերագրված տեսիլներն ընդառաջում էին հարստահարումների ու ճնշումների դեմ տրտնջացող այլ վայրի և այլ ժամանակի հայ մասսաների տրամադրություններին, ջանալով միաժամանակ կապել նրանց ակնկալությունները ֆրանկ խաչակիրների ներշնչած ազատագրական պատրանքների հետ։
Հետազոտելով Կոզեռնի տեսիլքը՝ Ն. Մառը համարում էր այդ Կիլիկիայի Սև լեռան վանքերից մեկում 1147 թվականի խաչակրաց արշավանքի հաջող ելքի հուսով գրված ապոկրիֆ<ref> Н. Я. Maрр, Сказание о католикосе Петре и ученом Иване Козерне, см. „Вост. Записки”, СПБ, 1905, стр. 8.</ref>։
Կարծում ենք սակայն, որ կիլիկեցի հեղինակն իր առաջ ունեցել էր Արևելյան Հայաստանի դրական որևէ աղբյուր, դրված XI դարի կեսերին, Անիի բյուգանդական օկուպացման ժամանակ։ Ըստ երևույթին գրական մի գործ էր դա, որը Կոզեռնին վերագրված տեսիլքի ձևով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները և միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին և արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն '''բյուզանդական''' զենքը։ Կոզեռնը այն մարդն էր հենց, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձին, երբ վերջինս մեկնել էր Տրապիզոն՝ Վասիլ II կայսրի հետ Անիի թագավորի անունից «հայոց կորստեան գիր և նամակը» (Լաստիվերտցի) ստորագրելու համար։ Մեզ զբաղեցնող ապոկրիֆում նա հանդես է դալիս իբրև Անիի բյուզանդասերների՝ Պետրոս կաթողիկոսի, Մագիստրոսի և Վեստ Սարգսի, ինչպես և սրանց ինտրիգներին և բյուգանդական ճնշումներին զոհ դարձած Հովհաննես Սմբատ թագավորի մոտ, որպես քաղաքական գուշակ։ Հասկանալի է, որ «պարսիկներից» (իմա՝ Իրանին տիրացած թուրքերի սպառնալիքից) ազատվելու համար Կոզեռնը կարող էր «գուշակած» լինել ոչ թե ֆրանկների, այլ՝ '''հույների''' միջամտությունը։ Զուր չեն այն գործի մեջ երկարորեն պատմված Պետրոսի հանդիպումը Վասիլ կայսրի հետ, կաթողիկոսի հրաշագործությունները, հայկական ծագում ունեցող կայսրի «ծածկաբար» դարձը դեպի իր պապերի դավանանքը, որից հետո նշված է, թե նա «եղև որպէս զհայր աշխարհիս հայոց»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 50։</ref>։ Նկատենք, որ Ուռհայեցու պատմության մեջ Կոզեռնի 1023 թվականի տեսիլքը արդարացված է թուրքերի '''առաջին''' ներխուժման և «հայասեր» Վասիլ Il-ի ներարշավի պատմությամբ<ref>Նույն տեղում, էջ 54 և հետ.։</ref>։ Պատմելով Կոզեռնի 1037 թվականի տեսիլքը՝ ապոկրիֆի մեզ չհասած նախնական վարիանտը կարող էր հույսեր կապած լինել միայն սելջուկների հանդեպ տանելիք բյուգանդական («հռոմայեցիների») հաղթանակի հետ։
Այսպիսով՝ նախնական ձևով մեր ձեռքը չհասած տեսիլքը հայ բյուզանդասերների նպատակներին ու տրմադրություններին ընդառաջող մի գրվածք պիտի եղած լիներ։ Կոզեռնին վերագրված տեսիլների նոր վարիանտներում պահվել են նախնական վերսիայի բեկորները միայն։ Սելջուկ-թուրքերի մասսայական գրոհներից և նրանց Հայաստանում հաստատած պետություններից հետո, հույն տեսիլներում (մասնավորապես Մեթոդիոսի) նշված «պարսիկները» Կոզեռնի մեզ հասած տեսիլների մեջ դառնում են «թուրքեր», Երուսաղեմը նվաճող «հռոմայեցիները» և քնից արթնացող հոռոմ թագավորը (սրա մասին Մեթոդիոսը գրում էր— «զարթեսցէ որպէս այր ի քնոյ») դառնում են Երուսաղեմի համար պատերազմող «ֆրանկներ»<ref>Հմմտ. նույն տեղում, էջ 72։</ref>։ Նույն կերպարանափոխությունն է այս, որ վիճակվել էր նաև Ներսիսյան տեսիլքին։ Կոզեռնին վերագրված քննադատական սուր ինվեկտիվները պատկանում են ոչ թե Կոզեռնին, այլ Ուռհայեցու մոտ պահված տեսիլները շարադրող կամ խմբագրող գրչին։
Նման կերպարանավախության ենթարկվել էր նաև Ագաթոնի՝ պատմական իրադարձությունների ազդեցությամբ փոփոխություններ կրած հին գուշակությունների սկզբնագիրը։ Ագաթոնի «ելամացոց» կամ «իսմայելացոց» դեմ պայքարում էին, ինչպես տեսանք, «որմանները» կամ «արմանները»։ XI—XII դարերում «ելամացոց» և «իսմայելացոց» անվան տակ հասկանում էին արդեն ոչ թե «ելամացոց» երկրին տիրացած արաբ «իսմայելացիներին», այլ նույն այդ երկիրը նվաճած սելջուկ «իսմայելացիներին»<ref>Տերմինների նոր այս իմաստավորումը տե՛ս, օրինակ, Լաստիվերտցու մոտ, ն. տ., էջ 69 և հետ., 109 և passim, նաև՝ Մանանդյան և Աճառյան, Հայոց նոր վկաներ, գիտական հրատ., Վաղարշապատ, 1903, էջ 23։</ref>։ Փոխված էր նաև «հռոմայեցիների»=հույների ֆունկցիան։ Հայերին բարեկամ հույների տեղը Ագաթոնի մեզ հասած ձեռագրերում բռնում են հայերին թշնամի հույները, որոնցից վրեժ էր հանելու «Վաղարշակը» կամ «Տրդատը»։
Հույն ազատարարների փոխարեն ասպարեզ են իջնում «ֆրանկ» (որոշ վարիանտներում «ալաման») «ազատարարները», որոնց առաջնորդելու են Հայաստանի փրկումը հաղթանակով պսակող հայ զորավարները։ Նոր այս խմբագրությունը ստանում էր «Ագադրոնի հայրապետին ասացեալ վասն հարուցման առաջիկա թագաւորից ֆրանգաg» վերնագիր։ Մինչդեռ առաջ Ագաթոնի երկը, ինչպես ցույց է տալիս XII—XIII դարերին վերադրվող մի գրչագիր, կոչվում էր «Պատմութիւն վասն զօրանալոյ հայոց ազգին և թագաւորելոյ ի զարմից նոցա և յերկիրն Հոռոմայ (Հոռոմոց) որ և նոր Կոստանդիանոս անուանի, որոյ ի ձեռն փրկութիւն լիցի ամենայն քրիստոնէից»<ref> Տե՛ ս Բ. Սարգիսեան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 178 և «Մայր ցուցակ Վենետիկի», բ. 803։</ref>։
Այսպիսով, Ագաթոնի անվան հետ կապված գուշակությունները անցել են զարգացման նույն ճանապարհը, որպիսին անցել են նաև ներսիսյան տեսիլները։ Ագաթոնի հին վարիանտների մեջ արտացոլված է հայերի '''հունական''' կողմնորոշումը։ Նորերը՝ դիմուղղված դեպի ֆրանկները՝ դրսևորում են շեշտված '''հակահունական''' տենդենցը, այստեղ ազատարար Արշակունիները նվաճում են Յոթը բլուրների վրա փռված Բյուզանդիոնը։
Բացառիկ այն ուշադրությունը, որ հատկացված է Ագաթոնի մոտ Սասունի և շրջակա երկրների ազատագրական պայքարներին, փոխադրում է մեզ Տարոնի և Սասունի Մամիկոնյան-Թոռնիկյան իշխանների վերելքի ժամանակները՝ XI դարի կեսերից մինչև XII դարի կեսերը<ref>Ագաթոնը ակնարկում Է նաև Մամիկոնյան-Թոռնիկյանների «հյուսիսային» տիրապետությունները։ Այդ ակնարկը հասկանալու համար պիտի հիշենք, որ հունական կողմնորոշում ունեցող հայ քաղկեդոնականները, մասնավորապես Մամիկոնյան-Թոռնիկյանները, կալվածներ ունեին նաև հյուսիսում, Բյուզանդիային սահմանակից Տայքում և Սպերում։ Մամիկոնյանների այդ շրջաններում տակավին V դարում ունեցած կալվածների մասին տե՛ս Փավստոս, Գ. 18, Դ. 2։</ref>։ Նշենք նաև «յազգէն Մամիկոնէից» կազմված հայոց զորքի մեծարումը Ագաթոնի մոտ։ Գիտենք ապա, որ X դարից ի վեր հիշատակվող Մամիկոնյան-Թոռնիկյանները պատկանում էին հենց հայ-քաղկեդոնական այն ֆեոդալների թվին, որոնք քաղաքական խնամեական կապեր ունեին բյուգանդական ազնվականների հետ և հաճախ կարևոր դիրք ու պաշտոններ էին ստանձնում կայսերական մայրաքաղաքում ու բանակում<ref> F. Laurent. L’Alliance et filiation de premier Taronites, («Ecos d’Orient», 37 (1939), էջ 127 և հետ.։</ref>։ Մակեդոնական տան կայսրների հայ ծագման մասին եղած վերսիան, որպես ավանդություն, կապվում էր հենց Տարոնի, այսինքն` Մամիկոնյան-Թոռնիկյանների տիրապետած երկրի հետ։ Նկատի ունենք Սամուել Անեցու` Վասիլ կայսրի մասին բերած վկայությունը. «ԶՎասիլն (ասեն) ի Տարօնոյ ի գեղջէ Թլայ»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 95, նույնը Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 75։</ref>։ Տարոնի Թիլը չպիտի շփոթել Եկեղյաց գավառի համանուն անվան հետ, ուր գտնվում էին պարթևական ծագում ունեցող կաթողիկոսներից երկուսի՝ Արիստակեսի և Ներսեսի դամբարանները։ Նման շփոթությունների միջոցով էր հիմնավորվում Վասիլ կայսրի Արշակունի ծագումը, որ նժարի վրա էին նետում Վասիլ Մակեդոնացին և նրա հաջորդները հայկական երկրամասերին և, առաջին հերթին, Տարոնին տիրանալու համար, որ և գլուխ բերվեց 964—965 թվականներին։
XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։
Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<refՎարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։
Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուգանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «ԵԼ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։
Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուգանդական առաջապահիկներ։ Որպես բյուգանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն Էվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։
Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065—1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։. 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։
Ագաթոնի վերախմբագրման առաջին ժամանակասահմանը (terminus post quem) որոշելու համար կարող ենք հիմք ընդունել տպագիր «որմանք-ալամանք» վարիանտը, որ մատնում է Ֆրիդրիխ Բարբարոսայի անվան հետ կապված խաչակրաց արշավանքի ազդեցության հետքը։ Այս հանգամանքը կարող էր ենթադրել տալ, թե վերախմբագրումը տեղի է ունեցել մոտավորապես XII դարի վերջին տասնամյակներում։ Սակայն տպագրի վարիանտը չկա Ագաթոնի մեզ հասած հնագույն, 1219 թվականին ընդօրինակված ձեռագրում։ Չկա այդտեղ նաև բնորոշ այս սկսվածքը, որ գտնում ենք 1626 թվականի մի ձեռագիր օրինակում։ «Արդ ի լնուլ յետին դարին ԸՃ (=800) ամին յայնժամ թագավորեսցէ մեծ Կոստանդիանոս հզաւրն, '''յազգէ սուրբ և անուանի թագաւորացն nr ալմանք կոչի''', զոր արգելեալ էր մեծ թագաւորին Տրդատա» <ref> Մայր ցուցակ Վենետիկի, բ. 83։</ref>։ Այս առիթ է տալիս կարծել, թե «ալաման»-ների վարիանտը ավելի ուշ ժամանակի միջարկություն է։
Իշխող պատկերացումով «յետին դարը» հայտնության այն դարաշրջանն էր, երբ պիտի տեղի ունենա աշխարհի կատարածը։ Յուրաքանչյուր դարաշրջանի սկիզբը նշվում էր «դարագլուխ» կազմող բիբլիական «անցքերով»։ Երբեմն «դարը» ընդգրկում էր ամբողջ մի հազարամակ<ref>Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 3519, թ. 362ա և № 3276, թ. 72ա, «Յաղագս շրջանաց» և «Վասն դարուց» վերնագրված հատվածները։</ref>։ Միջնադարյան հասկացությամբ՝ աստված ինքն է սահմանել աշխարհի համար յոթնադարյան կյանք, որի ընթացքում մարդիկ պիտի ապրեն տաժանելի աշխատանքով. յոթը դարը լրանալուց հետո պիտի գար աշխարհածուփ կենցաղի կատարածը և արդարների հավերժական հանգիստը<ref>Տե՛ս օրինակ. Զաքարիա Ձագեցու՝ Ի թաղումն Քրիստոսի ճառը։ Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 2020, թ. 229բ.։</ref>։
«Յետին դարի» սկիզբը դնում էին Քրիստոսի ծնունդը։ Աշխարհի կատարածը դրվում էր Քրիստոսի ծննդից ծայր առնող «յոթներորդ դարի» վերջում, այսինքն՝ 1000 թվականին։ Քանի որ 1000 թվականից հետո աշխարհն անխախտ մնաց իր տեղում, հայ հեղինակներից ոմանք անհրաժեշտ համարեցին «յետին դարը» սկսել հայկական տոմարով սկիզբ առնող «դարագլխից»։ «Իսմայելացիների» կամ «աղեղնավորների» ներխուժումը կանխագուշակելով՝ Ներսես Պարթևին վերագրված տեսիլքի հեղինակը գրում էր. «Ոչ յարիցէ ազգն աղեղնաւորաց ի ժամանակս ձեր կամ որդւոց և թոռանց ձերոց, այլ իբրև լնուցուն թիւք եոթնհարիւր ամաց ժամանակաց»։ Այս չի նշանակում թե աղեղնավորների ներխուժումը նախատեսվում էր Ներսես Պարթևի ժամանակից 700 տարի հետո, այլ համաշխարհային-պատմական VII դարագլխի լրումից հետո, VIII կամ «յետին» դարաշրջանում։ Այլ խոսքով ասած՝ «աղեղնավորների» ներխուժումը ազդանշելու էր այն դարաշրջանի սկիզբը, երբ, քրիստոնեական միջնադարում իշխող պատկերացումների համաձայն, կատարվելու էր «ժամանակների լրումը», այսինքն՝ աշխարհի վախճանը։ Վ. Այգեկցին, հենվելով Ներսեսին վերագրված մարգարեության վրա, աշխարհի կատարածը նախատեսնում էր հայոց տոմարի սկզբից հաշված «ի վերջին կիրակէն ի կատարումն եօթն դարու, ի մուտ ութ դարուն յառաւօտուն ժամուն յորժամ յարեալ ի գերեզմանէն Քրիստnu»<ref>Մատենադարան, ձեռ. № 1880, էջ 330։</ref>։ Ըստ Վարդանի «Աշխարհագրության» Հովհաննու հայտնության նախատեսված գոգ և մագոգ կոչված ազգերը պիտի երևան «յորժամ յետին դարէն անցանի ՊԿԴ (=864) ամ»։ Սրանից շատ տարբեր չէր, երբ Ագաթոնը «Նոր Կոստանդիանոսի» երևումը նախատեսում էր «յետին դարի» 800 թվականին։ Հանդիպում է նաև «ի լնուլ ամաց է-անց դարին, մտնելուց ԸՌԸՃ և Խ ամին» վարիանտը, որ վերծանում ենք յոթերորդ հազարամյակը (դարը) լրացած, ութերորդի 840 թվականը։
Ագաթոնի վերախմբագրման վերջին եզրի համար ելակետ պիտի ունենանք հնագույն օրինակի թվականը։ Չնայած իր հնության՝ այդ օրինակը ևս ազատ չէ աղճատումներից, այսպես, այդ օրինակն ունի «որմանք» տերմինը, փոխանակ «արմենք»-ի կամ գեթ «արմանք»-ի։ Ըստ երևույթին Հառիճում ընդօրինակված վարիանտից առաջ Ագաթոնի կանխատեսությունները բավական երկար պատմություն ունեն իրենց ետևում։
Եթե նկատենք, որ գուշակությունների խմբագրողը անտեսում է Զաքարյանների ժամանակ հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած հայ ֆեոդալական իշխանությունների կազմավորումը՝ պիտի եզրակացնենք, որ նա ձեռնարկել էր իր աշխատանքին Զաքարյանների բարձրացումից առաջ, այլ խոսքով՝ XII դարի 90-ական թվականներից առաջ։
Ի՞նչ լեզվով էր գրվել գուշակությունների սկզբնագիրը և ո՞վ էր դրա հեղինակը։ Ագաթոնի գուշակություններին համապատասխանող օտարալեզու որևէ բնագիր մինչ հիմա հայտնված չէ։ Նրա մոտ ևս լայնորեն կողոպտված են աշխարհի կատարածի համաքրիստոնեական գրական աղբյուրները, սակայն գուշակությունների պատմական ատաղձն ու քաղաքական տենդենցը կասկած չեն թողնում, որ գործ ունենք հայ հեղինակի ձեռքով գրված երկի հետ։
Ագաթոնի գուշակությունը որոշ մերձավորություն է մատնում Մամիկոնյան-Թոռնիկյան միջավայրին։ Եթե ընդունենք, որ Մամիկոնյան֊Թոռնիկյան տիրապետության ժամանակաշրջանի գրական գործերի թվին է պատկանում ոչ միայն գուշակությունների խմբագրությունը, այլև դրանց սկզբնագիրը, ապա XI դարի վերջերին հրապարակի վրա եղած այդ սկզբնագիրը գրված պիտի լինի X դարի վերջերից ոչ առաջ, բայց, այնուամենայնիվ, Տարոնը Չմշկիկի զենքով նվաճելուց հետո։
Ագաթոնի գուշակությունների և Կոզեռնի տեսիլների իդեական որոշ զուգադիպումները առիթ են տվել Մխիթարյան բանասեր Բ. Սարգիսյանին՝ նույնացնել Ագաթոնի վերախմբագրողին Կոզեռնի հետ<ref>Բ. Սարգիսյան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 192։</ref>։
Մեր արած բոլոր դիտողություններից հետո անընդունելի պիտի համարենք այդ ենթադրությունը։ Ամենից առաջ «Կոզեռնի տեսիլները» Կոզեռնի գրչի արտադրությունը չեն, այլ նրա անունը շահագործող ապոկրիֆ կամ «զրույց»։ Կոզեռնի ապրած ժամանակի և Ագաթոնի վերախմբավորման միջև ընկնում է առնվազն մի ամբողջ դար։ Ճիշտ է, որ տարոնեցի էր Կոզեռնը, ճիշտ է և այն, որ Տարոնի կնիք են կրում իրենց վրա նաև Ագաթոնի գուշակությունները։ Սակայն գործունեության հանգամանքներով Կոզեռնը, համերկրացի Ասողիկի պես, կապված է Շիրակի հետ, մինչդեռ Ագաթոնի ոչ հին, ոչ նոր վերսիաները Շիրակի հետ կապված չեն։
Կոզեռնը համարվում էր հայ եկեղեցու հեղինակավոր վարդապետներից մեկը։ Նրան անվանում են «սուրբ վարդապետ այր աստուածազգեաց և հրեշտակակրոն և լի իսկ առաքելական մարգարէական գրոց գիտութեամբ»<ref>Ուռհայեցի, նույն տեղում էջ 52։</ref>։ Նրան որպես աստվածաբանի, գիտունի և «բանիբուն հռետորի», տոմարագետի կամ պատմաբանի մեծարում են Լաստիվերտցին, Ասողիկը, Մխիթար Անեցին և ուրիշները։ Ալիշանը նշում է նրա հմտությունը, զգոնությունը և կորովի
հայկաբանությունը<ref>Ալիշան, Հայապատում, էջ 219։</ref>։ Կորովի հայկաբանության դրոշմը մնում է նաև Կոզեռնի անունը կրող տեսիլքների մեզ հասած խմբագրության վրա<ref>Տարօրինակ է Մխիթարյան մի այլ բանասերի` Ն. Ակինյանի այն կարծիքը, թե Կոզեռնը պրտի եղած լինի Շապուհ Բագրատունի անունով հրապարակված զրուցարան պատմության հեղինակը։ Ակինյանը չի համաձայնում IX դարում ապրած Բագրատունի իշխանի գործ համարել հրապարակված պատմությունը, արդարացիորեն ելնելով այն փաստից, որ նորատիպ պատմությունը Արծրունյաց տան պատմություն է և ոչ Բագրատունեաց, ինչպես, ըստ տվյալների, պիտի որ եղած լինի Շապուհի անգյուտ գիրքը։ Բայց հերքելով ինքն իրեն՝ Ակինյանը չի վարանում Շապուհ Բագրատունուն վերագրված զրուցաբանությունը նույնացնել Կոզեռնի «Բագրատունյաց պատմութեան» հետ (Ն. Ակինյան, Մատենագրական հետազոտություններ, Վիեննա,1922, I, էջ 219 և հետ.): Երևանի Մատենադարանի ձեռ. № 1775-ը բովանդակում է իրոք «Յովհաննու Տարօնեցւո վարդապետի շարադրութիւն պատմութեան յաղագս թագաւորութեան տանն Բագրատունեաց ի վերա Հայաստանեաց» գործը, գրված «հրամանաւն Պետրոսի հայոց կաթողիկոսի»: Պահված է միայն սկիզբը, որ սկսվում է աշխարհի ստեղծագործությունից և սլացիկ ակնարկով հասնում մինչև հայոց թվականի սկզբնավորությունը։ Սակայն այա գործը ևս ոչ մի առնչություն չի մատնում վերը նշված զրուցաբան պատմության հետ։ Որ Լաստիվերացու և Սամուելի արանքում եղել է Կոզեռնի անունով հայտնի հայոց պատմության գիրք՝ այդ ակներև է XII դարի պատմիչ Մխիթար Անեցուց (Տե՛ս Մխիթարայ Անեցւոյ պատմութիւն. ՍՊԲ, 1879, էջ 15)։ Բայց ապացուցված չէ Տարոնեցու և Կոզեռնի նույնությունը։ Ուշագրավ է, որ Կոզեռնին և Տարոնեցուն չէր նույնացնում նաև լավատեղյակ Վարդան Բաղիշեցին։ Նրա «Պատմագիրք հայոց» վերնագրված ձեռագիր ցուցակում կարդում ենք. «Յոհան Կոզեռն՝ արաբ պատմագիրք որ ինչ ի ժամանակս իւր» , և «Յոհան Տարօնացի որ է պատմութիւն Բագրատունեաց» (հայկական ՍՍՌ Մատենադարան, № 2220, 292բ.: Հմմտ. նույնը հանդ. «Հանդ. Ամսօրեայ, 1952, էջ 57)։ Այստեղ Հոհան Կոզեռնը և Հոհան Տարոնեցին հանդես են գալիս որպես տարբեր հեղինակներ։</ref>։
Ոչ մեկը այս հատկություններից չեք գտնի Ագաթոնի գուշակությունների մեջ, որոնց հեղինակը ոչնչով չի արդարացնում նրան հատկացված «անհաղթ փիլիսոփայի» հորջորջումը։ Հռետորական և հայկաբանական հնարքներից թափուր մի գործ է դա՝ թե իբրև մտահղացում, թե՛ իբրև ստեղծագործություն։ Գրական սեռի տեսակետից դա մոտենում է ֆանտաստիկ վեպի, մի մանր, որ չէր կարող համընկնել Բագրատունյաց պատմիչի, գիտունի, աստվածաբանի և «բանիբուն հռետորի» ճաշակին։ Դիտելի հանգամանք է, որ ձեռագրերի մեջ Ագաթոնի գուշակությունները շատ հաճախ հանդիպում են հենց ընթերցողների լայն շրջանների համար կազմվող խառն ժողովածուների մեջ, ուր զետեղված են լինում տոմարական գիտելիքներ, օրացույցներ, երազահաններ, աշխարհագրական տեղեկություններ և այլն:
Կարող է այնուամենայնիվ հարց ծագել միայն այն մասին, չկա՞ արդյոք որևէ առնչություն Կոզեռնի անվան հետ կապված ապոկրիֆի և Ագաթոնի գուշակությունները խմբագրող գրչի միջև։ Որոշ նմանություն արձանագրեցինք այն հանգամանքի մեջ, որ Ագաթոնի և Կոզեռնի վերջին խմբագրությունները մատնում են Կիլիկյան միջավայրի ընդհանուր ազդեցությունը։ Սակայն հիմք չկա պնդելու, թե միևնույն գրիչն է հենց, որ կատարում էր դրանց վերախմբագրումը։
== 3. Դաշանց թուղթը ==