Changes
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Բացառիկ այն ուշադրությունը, որ հատկացված է Ագաթոնի մոտ Սասունի և շրջակա երկրների ազատագրական պայքարներին, փոխադրում է մեզ Տարոնի և Սասունի Մամիկոնյան-Թոռնիկյան իշխանների վերելքի ժամանակները՝ XI դարի կեսերից մինչև XII դարի կեսերը<ref>Ագաթոնը ակնարկում Է նաև Մամիկոնյան-Թոռնիկյանների «հյուսիսային» տիրապետությունները։ Այդ ակնարկը հասկանալու համար պիտի հիշենք, որ հունական կողմնորոշում ունեցող հայ քաղկեդոնականները, մասնավորապես Մամիկոնյան-Թոռնիկյանները, կալվածներ ունեին նաև հյուսիսում, Բյուզանդիային սահմանակից Տայքում և Սպերում։ Մամիկոնյանների այդ շրջաններում տակավին V դարում ունեցած կալվածների մասին տե՛ս Փավստոս, Գ. 18, Դ. 2։</ref>։ Նշենք նաև «յազգէն Մամիկոնէից» կազմված հայոց զորքի մեծարումը Ագաթոնի մոտ։ Գիտենք ապա, որ X դարից ի վեր հիշատակվող Մամիկոնյան-Թոռնիկյանները պատկանում էին հենց հայ-քաղկեդոնական այն ֆեոդալների թվին, որոնք քաղաքական խնամեական կապեր ունեին բյուզանդական ազնվականների հետ և հաճախ կարևոր դիրք ու պաշտոններ էին ստանձնում կայսերական մայրաքաղաքում ու բանակում<ref> F. Laurent. L’Alliance et filiation de premier Taronites, («Ecos d’Orient», 37 (1939), էջ 127 և հետ.։</ref>։ Մակեդոնական տան կայսրների հայ ծագման մասին եղած վերսիան, որպես ավանդություն, կապվում էր հենց Տարոնի, այսինքն` Մամիկոնյան-Թոռնիկյանների տիրապետած երկրի հետ։ Նկատի ունենք Սամուել Անեցու` Վասիլ կայսրի մասին բերած վկայությունը. «ԶՎասիլն (ասեն) ի Տարօնոյ ի գեղջէ Թլայ»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 95, նույնը Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 75։</ref>։ Տարոնի Թիլը չպիտի շփոթել Եկեղյաց գավառի համանուն անվան հետ, ուր գտնվում էին պարթևական ծագում ունեցող կաթողիկոսներից երկուսի՝ Արիստակեսի և Ներսեսի դամբարանները։ Նման շփոթությունների միջոցով էր հիմնավորվում Վասիլ կայսրի Արշակունի ծագումը, որ նժարի վրա էին նետում Վասիլ Մակեդոնացին և նրա հաջորդները հայկական երկրամասերին և, առաջին հերթին, Տարոնին տիրանալու համար, որ և գլուխ բերվեց 964-965 թվականներին։
XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ հայտնի Հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։
Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<refՎարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։