Changes
/* Ծանոթագրություններ */
===Գրող, առնակ===
Մինչ հիմա նաև քրիստոնյաների մեջ ընդհանուր հավատք է, թե մահվան մի հրեշտակ առնում է օրհասի մեջ գտնվողների հոգիները։ Եվ այս ցանկալի է անգամ բարեպաշտներին, ընդ որում և մեր Շնորհալի հայրապետն է խնդրում Աստծուն, որ բարի հրեշտակները առնեն իր հոգին․ այսպես և այլք։ Բայց սրանք բարի հրեշտակին են ճանաչում և խնդրում, իսկ թերահավատներն ու սնահավատները գիտեին չար հրեշտակներին և նրանից էին վախենում, և այժմ նրան են <i>գրող</i> կոչում։ Սա իբր հոգու գործերը արձանագրող է, ինչը պիտի ընթերցվի Աստծու դատաստանի ժամանակ։ Ըստ այլոց՝ հոգիները կրող ու տանող է։ Գրիգոր Աստվածաբանի ճառերի մի մեկնիչ ասում է․ «Սովորութիւն է ախտացելոց, որ ամբաստանեն զմահն, զՀրեշտակն որ Գրող ասեն․ Անիրաւ է դատաստանդ․ բռնութեամբ տանիք»։ Եվ երբ հիվանդը զառանցելով բարբաջում է, կարծում են, թե խոսում է այդ գրողի կամ հրեշտակի հետ։ Աղթարքներն էլ պատվիրում են․ «Ով որ զԳրօղն տեսէ՝ որ զիր հոգին առնուլ լինի, և ինքն ի հոգեվարք լինի ի յերազին, յայնժամ մեղայ ասել պիտի»։ Այսպիսի հիշատակումները գրողին ներկայացնում են որպես բարի և Աստծու պաշտոնատար․ այդ իսկ պատճառով մեղք են համարում, «որ հայհոյէ զԳրօղն և զԱստուած»։ Իսկ անիծողները, «կրողը քեզ տանի» ասելով, չար կարծիք են հայտնում։ Լսվում է նաև «Շնորհւորն տանի» անեծքը։ Բայց դա ավելի շատ հասկանում են որպես ժանտախտ, քան ոգի։ Ո՞ր տեսակն էր գուսանի ասածը՝ իր սիրելիին․ «Այն քաղաքն ուր դու մտնուս՝ Գրօղի ձայն չըհասնի»։
Վախկոտ ռամիկը կարծում է, որ ոչ միայն օրհասի մեջ գտնվողի ճարն է հատնում, այլև նրանց, ում վրա կոխում է հոգեպահանջ հրեշտակը կամ գրողը, և այդպիսիները անվանում են <i>հրեշտակակոխներ</i>։
Որքան էլ այսպիսի բաները նոր և ներկա ժամանակի հավատք են, անտարակույս է, որ առկա է նաև հեթանոսության մատն ու մնացորդը։ Այն հին ժամանակներում, բացի քաջքերից ու նրանց նմաններից, հավանորեն կար նաև <i>առնակ</i> կոչված հոգեհան մի ոգի։ Այս անունը լսվում է Պրոքորոնի գրվածքի մեջ, որը Հովհաննես ավետարանչիչ առասպելական պատմությունն է, որում Կինոպաս կախարդն ասում է․ «Առաքեմ Առնակ չար ի տուն՝ յորում է, և պահանջեմ զհոգի նորա ի նմանէ»։ Քիչ հետո, դևի բերանով նույնը կրկնելով, ասվում է․ «Առաքեմ Հրեշտակ չար, և պահանջեմ զոգի նորա ի նմանէ»։ Եթե այս անունը, որ լսվում է նաև հին հայկազուն նապահետների մեջ, այլ ավանդությունից չի ծագել, <i>կրող</i>֊ի պես նշանակում է «առնող»։ Եվ նույնը կդառնան առնակն ու կրողը կամ գրողն ու չար հրեշտակը։
===Խպլիկ կամ խիպիլիկ===
Խոսքում այս անունը ծանոթ է պես֊պես իմաստներով, և սովորաբար հասկացվում է ֆրանսիացիների cauchemar ասածը, որ ավելի շուտ պետք է դրվի հիվանդությունների կարդում, որովհետև քնած ժամանակ կրծքի վրա կարճատև նեղություն է կամ ճնշում, որի հետևանքով արթնանալուց հետո դեռ կիսաքուն մարդը երազախառն կարծում է, թե վրան ծանրություն կա, կամ ավլեի երազելով ու վախենալով կարծում է, թե իրեն ճնշողը իր անձը չէ, այլ մեկ ուրիշը։ Եվ սա սովորաբար կոչվում է <i>մղձավանջ</i><ref>Այս բառը ևս քննության կարոտ է։ Առաջին մասը՝ <i>մղձկիլ</i>, հայտնի է դարձնում հեղձամղձուկ լինելը։ Վերջինը անհայտ է, եթե <i>մղձատանջ</i>֊ը չէ։</ref>։ Մինչ այս կետը կրոնական ոչինչ չկա, սակայն թե <i>խպիլիկ</i> անունը (որի բուն իմաստը հայտնի չէ) և թե ինչ֊ինչ գրավոր հիշատակումներ հայտնի են դարձնում, որ հները դրանց համարել են վերոհիշյալ մի քանի չոր ոգեղենների նման մի բան։ Թերևս այդպես է նաև հիմա, որովհետև շատ անգամ հիշատակված աղոթքի մեջ հիշվում է պահպանությունը «ի ծանրութենէ Խիպիլկաց»։ Մեր բժշկարանները սա այլ հիվանդություններին հավասար են հիշում և պարզապես գրում են, ինչպես դրանցից մեկն է գրում․ «Քեապուս․ որ է Խպլիկն<ref>Մեկ ուրիշը գրում է․ «Քապուն՝ Խպլիկ ցաւն է»։</ref>, որ գիշերն ի քնուն մէջն լինի մարդոյ», և պատճառը լինում է տաքից ու պաղից․ «Նշան, որ տաքէ լինի՝ այն է, որ երեսին գոյնն կարմիր լինի և շատ քուն լինայ, և գիտենայ թէ մէկ ծանր իրք֊մն ի վերան ընկել է և կամ ծանր իրք֊մն ի վերան ծածկված է․․․ Ցեղ֊մն (էլ ― Ղ․Ա․) Խպլիկ լինի, որ ի պիղծ խլտէ և պուխարէ լինի․ և այն շուտ ողջանայ» և այլն։ Թե՛ տաքի և թե՛ պաղի պատճառած խպիլիկի դեղերն էլ գրելուց հետո ավելացնում է․ «Եւ Աստուած պահէ զքեզ ի Խպլիկ ցաւուն, եղբայր․ ամէն»։
===Հադին===
Այս անունն էլ մի տեղ հիշատակվում է <i>խիպլիկ</i>֊ի, <i>պայ</i>֊ի, <i>պարիկ</i>֊ի, <i>շիդար</i>֊ի հետ, բայց ինչ լինելը կամ կարծվելը բացատրված չէ, և այլ տեղում էլ չեմ լսել կամ գտել։ Անվան ստուգաբանությունն էլ է տարակուսանք առաջացնում, քանի որ մյուս հայկական անուններին չի նմանվում։
== Ծանոթագրություններ ==
<references>