Changes
/* ՆՈՎԵԼ ԱՌԱՋԻՆ */
[[Կատեգորիա:Արձակ]]
Ո՛վ սիրելի դամաներ, ինչ գործ էլ որ մարդ ձեռ զարնելու լինի, պարտավոր է սկսելուց առաջ դառնալ ու հիշել սքանչելի ու սուրբ անունը նրա, ով արարիչն եղավ ամենայն գոյության: Ուստի և ես, որին վիճակվեց առաջինն սկսել մեր զրույցները, ցանկանում եմ պատմել նրա հրաշագործություններից մեկը, որպեսզի այդ լսելուց հետո նրա վրա դրած մեր հույսը հաստատվի, ինչպես ամուր հողի վրա, և անունը նրա մենք փառաբանած լինենք այժմ և միշտ: Հայտնի է, որ ժամանակի մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անցավոր է ու մահկանացու, ներքուստ ու արտաքուստ լեցուն վշտով, տրտմությամբ ու տառապանքով, և մենք, որ ապրում ենք ժամանակի հոլովման մեջ և նրա մի մասնիկն ենք կազմում, չէինք դիմանա դրանց և չէինք կարողանա խուսափել դրանցից, եթե Տերն իր հատուկ ողորմածությամբ մեզ տված չլիներ ուժ ու կանխատեսություն: