Changes

Դեկամերոն

Ավելացվել է 6754 բայտ, 10:31, 27 Հոկտեմբերի 2014
/* ԱՌԱՋԻՆ ՕՐ */
-Որպեսզի ես առաջին օրինակը տամ ձեզ, թե ինչ կերպ մեր խումբը, հետամուտ լինելով կարգ ու կանոնին և իր ուրախությանը և, կշտամբանքի առիթ չտալով, պետք է պահպանի իր գոյությունը ու մնա այնքան ժամանակ, որքան հաճո կթվա մեզ, ապա ամենից առաջ, Պարմենոյին՝ Դիոնեոյի սպասավորին, կարգում եմ արքունապետ՝ հանձնարարելով հոգալ ծառաների և սեղանատամ մասին: Սիրիսը՝ Պամֆիլոյի սպասավորը, թող դառնա մեր ծախսարարն ու գանձապահը՝ ենթարկվելով Պարմենոյի կարգադրություններին: Տինդարոն կգտնվի Ֆիլոստրատոյի և մյուս երկու երիտասարդների մոտ՝ նրանց սպասավորելով իրենց օթևաններում, երբ նրանց ընկերներ, իրենց պարտականություններվ տարված, ի վիճակի չեն լինի այդ անելու: Իմ սպասուհի Միզիան և Ֆիլոմենայի աղախին Լիչիսկան մշտապես կլինեն խոհանոցում՝ ջանացողությամբ հոգալով Պարմենոյի պատվիրած ուտելիքների պատրաստումը: Կիմերան և Ստրատիլիան՝ Լաուրետտայի և Ֆիամետտայի աղախինները, ըստ իմ հրամանի, պիտի հավաքեն ու մաքրեն կանանց սենյակները և հետևեն մաքրությանը այն օթևանների, որտեղ պիտի կայանան մեր հավաքույթները: Եվ յուրաքանչյուրին, ում համար թանկ է մեր բարեհաճ վերաբերմունքը, ցանկություն ու պահանջ ենք ներկայացնում՝ ուր էլ որ նա գնա կամ որտեղից էլ վերադառնա, ինչ էլ որ լսած կամ տեսած լինի, խուսափի մեզ դրսի աշխարհից երևէ լուր հաղորդելուց, բացի ուրախ լուրերից: - Տալով այդ հակիրճ հրամանները, որոնք ընդհանուր հավանություն գտան, Պամպինեան ոտքի ելավ և ուրախ-ուրախ ասաց. -Այստեղ այգիներ կան ու մարգագետիններ և շատ ուրիշ հաճելի վայրեր. թող ամենայն ոք գնա ճեմելու ի հաճույս իր, բայց երբ զարկի ժամը երրորդ, թող ներկա լինի այստեղ, որպեսզի մենք կարողանանք ճաշել, քանի դեռ զով է:
 
Երբ այսպիսով նորընտիր թագուհին արձակեց այդ ուրախ խումբը, երիտասարդներն ու գեղանի աղջիկներն սկսեցին հանդարտաքայլ ճեմել պարտեզում, զրուցելով հաճելի բաներից, բազմատեսակ ծաղիկներից պսակներ հյուսելով և սիրով երգելով: Այս կերպ ժամանակ անցկացնելով մինչև թագուհու նշանակած ժամը և տուն դառնալով՝ նրանք համոզվեցին, որ Պարմենոն ջանասիրությամբ ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը, քանի որ մտնելով ներքին հարկի դահլիճը, նրանք սեղաները գտան ձյունաթույր սփռոցներով ծածկված, գավաթները շողշողում էին արծաթի նման, և չորս դին պատած էր մասրենու ծաղիկներով: Այս բանից հետո, երբ թագուհու կարգադրությամբ ջուր բերին ձեռքերը լվանալու, բոլորը գնացին Պարմենոյի կողմից նշանակված տեղերը: Մեջտեղ բերվեցին ճաշակով պատրաստված կերակուրներ ու ընտիր գինիներ, և այլևս ժամանակ ու բառեր չվատնելով, սպասավորներից երեքն սկսեցին ծառայել սեղանի շուրջը: Եվ քանի որ ամեն ինչ պատշաճավոր կերպով էր հարդարված, բոլորի տրամադրությունը բարձրացավ, և նրանք ճաշեցին հաճելի կատակների և ուրախության մեջ: Երբ սեղանը հավաքեցին, թագուհին հրամայեց նվագարանները բերել, քանի որ բոլոր աղջիկները, ինչպես նաև երիտասարդները գիտեին պարել, իսկ ոմանք էլ նվագել ու երգել: Թագուհու հրամանով Դիոնեոն առավ վինը, Ֆիամետտան՝ վիոլը, և երկուսով սկսեցին մի սքանչելի պարեղանակ նվագել, իսկ թագուհին, ծառաներին ճաշելու ուղարկելով, մյուս աղջիկների և երկու երիտասարդների հետ միասին շուրջպար բռնեց և սկսեց կաքավել հեզասահ ու նազանի: Երբ շուրջպարը վերջացավ, սկսեցին երգել գեղեցիկ և ուրախ երգեր: Այսպես անցրին ժամանակը, մինչև որ թագուհուն չթվաց, որ ժամ է հանգստանալու: Երբ նա բոլորին արձակեց, երեք երիտասարդները քաշվեցին իրենց օթևանները, որ որջատ էին դամաների սենյակներից,- ուր գտան լավ հարդարված մահիճներ, և որտեղ, ինչպես դահլիճում, չորս բելերը ծաղիկներով էր լեցուն: Հեռացան նաև աղջիկները և, հանելով հանդերձները, գնացին հանգստանալու:
 
Դեռ նոր էր զարկել իններորդ ժամը, երբ թագուհին, քնից ելնելով, արթնացրեց մյուս աղջիկներին էլ, ինչպես նաև երիտասարդներին՝ ասելով, թե ցերեկը երկար քնելոը վնասակար է: Եվ ահա բոլորը դիմեցին դեպի բարձրացողուն ու կանաչ խոտով ծածկված փոքրիկ մարգագետինը, որ բոլոր կողմերից պաշտպանված էր արևի ճառագայթներից: Փչում էր մեղմ մի հովիկ. երբ թագուհու հրամանով նրանք շուրջանակի նստեցին կանաչ խոտի վրա, նա ասաց.- Ինչպես տեսնում եք, արեգակը դեռ բարձր է կանգնած, և սաստիկ շոգ է, և միայն ճպուռներն են երգում ձիթենիների ճյուղերին, անշուշտ հիմարություն կլիներ այժմ երևէ տեղ գնալ: Այստեղ, այս զովում, հաճելի է շատ. մենք ունենք տամա, ինչպես և շախմատ, և ամեն մարդ կարող է անձնատուր լինել այն բավականությանը, որ ավելի մոտ է իր սրտին: Բայց եթե դուք ցանկանայիք հետևել իմ խորհրդին, մենք օրվա շոգը կանցկացնեինք ոչ թե խաղով,- որի ընթացքում, անհրաժեշտաբար, ոմանց տրամադրությունը փչանում է՝ մի առանձին հաճույք չպատճառելով մյուսներին կամ այդ խաղը դիտողներին,- այլ պատմություններ անելով, մի բան որ կարող է հաճույք պատճառել ամեն մի պատմողի բոլոր ունկնդիրներին: Յուրաքանչյուրդ հազիվ արած կլինի մի պատմություն, երբ արևն արդեն դիմած կլինի դեպի մայրամուտ, շոգը կմեղմի, և մենք ի վիճակի կլինենք հաճույքով գնալու ուր ցանկանանք: Եթե առաջարկս դուր է գալիս ձեզ (իսկ ես պատրաստ եմ հետևելու ձեր ցանկությանը), այդպես էլ անենք. իսկ եթե ոչ, թող մինչև իրիկնաժամը ամեն մեկդ անի այն, ինչ հաճո է իրեն: - Թե՛ աղջիկները և թե՛ տղամարդիկ արտահայտվեցին պատմություններ անելու օգտին: -Եթե դա ձեզ դուր է գալիս,-ասաց թագուհին,-ապա իմ վճիռն այն է, որ այս առաջին օր յուրաքանչյուրդ ազատ լինի խոսելու այն նյութի մասին, որ ինքը կցանկանա: Եվ դառնալով իր աջակողմը նստած Պամֆիլոյին՝ սիրալիր խնդրեց, որ սա իր նովելով ծայր տա պատմություններին: Լսելով հրամանը՝ Պամֆիլոն ընդհանուր լռության մեջ այսպես սկսեց:
 
==='''ՆՈՎԵԼ ԱՌԱՋԻՆ'''===
 
''Սըր Չապելետոն ստապատիր խոստովանությամբ խաբում է բարեպաշտ վանականին և մեռնում, իր կենդանության օրոք անզգամի մեկը եղած լինելով, նա մահից հետո սուրբ է ճանաչվում և հորջորջվում San Ciappelletto''
[[Կատեգորիա:Արձակ]]
54
edits