Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 2 բայտ, 22:21, 23 Դեկտեմբերի 2014
Կամ, ասենք, աղջիկներն ու նրանց երկրպագուները։ Պարզվում է, ովքեր երկրպագուներ ունեն, նրանց կարիքը ամենևին չեն զգում։ Նրանք համոզված են, որ առանց նրանց ավելի լավ կլինի, որ նրանք միայն ավելորդ անհանգստություն են պատճառում իրենց։ Ինչո՞ւ նրանք չեն սիրահետում միսս Սմիթին, կամ միսս Բրաունին, որոնք տգեղ են և տարիքն առած ու ոչ մեկը չունեն, որ սիրի իրենց։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց՝ ապա ոչ մեկի կարիքը չեն զգում և ամուսնանալու մտադրություն չունեն։
Մարդ ակամայից տխրում է,երբ սկսում է նման երևույթների մասին մտորել։
Մի տղա կար մեր դպրոցում, որին անվանում էինք Սանդֆորդ և Մերթոն։ Նրա իսկական ազգանունը Ստիվինգս էր։ Ավելի արտասովոր տղայի երբևէ հանդիպած չկամ։ Ես համոզված եմ, որ նա իսկապես սիրում էր ուսումը։ Նա միշտ սարսափելի տհաճությունների մեջ էր ընկնում, որովհետև անկողնում հունարեն էր կարդում, իսկ ինչ վերաբերվում է ֆրանսերենի անկանոն բայերին, ապա աշխարհում ոչ մի ուժ չկար, որ նրան ետ պահեր դրանցից։ Նրա գլուխը լի էր տարօրինակ և անբնական մտքերով․ այսպես, օրինակ՝ որ նա պետք է պատիվ բերի իր ծնողներին և դառնա դպրոցի պարծանքը։ Նա երազում էր պարգևներ ստանալ, հասակ առնել, դառնալ հասարակության արժանավոր անդամ և նման այլ տխմարություններ։ Եա երբեք չեմ հանդիպել նման տարօրինակ արարածի, որը միաժամանակ անմեղ էր, ինչպես դեռևս լույս աշխարհ չեկած մանուկը։
Այսպիսին է կյանքը, և մենք բոլորս ընդամենը անցողիկ խոտ ենք, որը կտրում են և այրում։
Վերադառնալով փորաքանդակ կաղնեփայտին, կասեմ, որ մեր նախապապերը գեղեցիկի և վայելչագեղի մասին բավական լավ պատկերացում են ունեցել։ Այսօրվա մեր արվեստի բոլոր գանձերը երեք-չորս հարյուրամյակ առաջ սովորական, ամենօրյա գործածության իրեր են եղել։ Հաճախ ինձ հարց եմ տալիս,արդյո՞ք այնքան գեղեցիկ են հնադարյան կերակրամանները, գարեջրի բաժակները, մոմերի կայծառները, որքան մենք համարում ենք այժմ, թե՞ անցյալի լուսապսակն է նրանց նոր հրապույր հաղորդում մեր աչքերում։ Այդ հին «երկնագույն ափսեները», որոնք այժմ զարդարում են մեր պատերը, մի քանի դար առաջ եղել են սովորական, ամենօրյա օգտագործման սպասքի պարագաներ, իսկ վարդագույն հովիվներն ու դեղնավուն հովվուհիները, որոնցով հիացնում ենք մեր հյուրերին, իսկ նրանք էլ ձևացնում են, թե հասկանւմ են դրանց արժեքը, տասնութերորդ դարում ընդամենը հասարակ զարդարանքներ են եղել բուխարւ համար, որ մայրը տալիս էր իր լացող երեխային։
Մի՞թե հետագայում էլ նույն է լինելու։ Արդյոք մի՞շտ են անցյալի հասարակ, չնչին իրերը դառնալու ներկայի արժեքավոր գանձերը։ Արդյոք մեր չինական զարդանախշերով հախճապակե ափսեները կզարդարե՞ն քսանմեկերորդ դարի ականավոր մարդկանց բուխարիները։
Վստահելի
593
edits