Changes
Նրան հիշում եմ (ես իրավունք չունեմ այդ սրբազան բառն արտասանելու այդ իրավունքը վերապահված էր միայն մի մարդու, և այդ մարդն արդեն մեռած է) մութ անվանածաղիկը ձեռքին տեսնելով նրան այնպես ինչպես չի կարող տեսնել ոչ մի մարդ, նույնիսկ եթե նրան նայի արշալույսի առաջին հրացոլքից մինչև մայրամուտի վերջին հրացոլքը իր ողջ կյանքի ընթացքում: Հիշում եմ ծխախոտի ծխի միջից նրա մտախոհ հնդկացու դիմագծերով և յուրօրինակորեն հեռավոր դեմքը: Հիշում եմ (կարծես) նրա բարակ ձեռքերը ճիշում եմ այդ ձեռքերի հետ միաժամանակ Արևելյան ափի զինանշանով մի մատե, հիշում եմ պատուհանին կախված մի դեղին բնանկարով խսիր: Հստակորեն հիշում եմ նրա ձայնը, նրա հին արվարձանաբնակի իտալական սուլոցների ազդեցությունը չկրած հանդարտ զգայական և ռնգային ձայնը: Նրան ընդամենը երեք անգամ եմ տեսել, վերջինը 1887 թվականին: Դուք ծրագրել եք, որ Ֆունեսի մասին գրեն նրանք ովքեր ճանաչել են նրան, ինձ շատ է ուրախացնում այդ հանգմանքը իմ վկայությունը գուցե լինի ամենահամառոտը և անկասկած ամենաղքաաը, սակայն նա կլինի ձեր հրատարակած ժողովածուի ամենաանաչառը: Արգենտինացու իմ խղճուկ վիճակն ինձ թույլ չի տա գրել ներբողական ժանրով, որն Ուրուգվայում պարտադիր ժանր է, երբ խոսքը վերաբերում է ուրուգվայցուն: '''Գրագետ, հավակնոտ, պորտենիո ''' իհարկե, Ֆունեսը չարտասանեց այս վիրավորական բառերը բայց վստահ եմ, որ ես նրա համար մարդկանց այդ խղճուկ տեսակի ներկայացուցիչն էի: Պեդրո Լեանդրո Իպուչեն գրել է, որ Ֆունեսը գերմարդու նախատիպ է, «վայրի և տնաբույս մի Զրադաշտ», չեմ վիճում բայց չպետք է մոռանանք նաև, որ նա միևնույն ժամանակ Ֆրայ Բենտոսից է Իպուչեի հայրենակիցներից մեկը՝ նրանց հատուկ անբուժելի սահմանափակություն ներով հանդերձ:
Ֆունեսից ունեցած իմ առաջին հիշողությունը շատ հստակ է: Ութսունչորս թվականի մարտ կամ փետրվար ամսի մայրամուտ ներից մեկն էր: Հայրս այդ տարի ամառային արձակուրդներին ինձ Ֆրայ Բենտռս էր տարել: Զարմիկիս Բեռնարդո Աեդոյի հետ էստանսիայից վերադառնում էինք Սան Ֆրանցիսկո Ձիերին նստած երգում էինք և դա չէր ինձ երջանկացնող միակ հանգամանքը: Անտանելիորեն շոգ օրից հետո թերթաքարագույն մի փոթորիկ
ծածկել էր երկինքը: Նա սնվում էր հարավային քամուց, ծառերն արդեն գժվել էին, ես վախ ունեի (հույս), որ հորդառատ անձրևը մեզ բացատում կբռներ: Փոթորկի հետ մրցության մեջ մտանք: Կավաքարե բարձր մայթերի մեջ խորացող մի լիողոց հասանք: Հանկարծակիորեն մթնել էր, վերևում շտապող և գրեթե գողունի քայլեր լսեցի, աչքերս բարձրացրի նեղլիկ ու քանդված մայթով, կարծես նեղլիկ ու քանդված պատի վրայով վազելիս լիներ մի տղա անցավ: Հիշում եմ նրա վարտիքը, տրեխները, խիստ դեմքին պլպլացող ծխախոտը, և այդ ամենը արդեն անսահմանորեն վիթխարի ամպի ֆոնին: Բեռնարդոն հանկարծ կանչեց՝ '''Իրենեո, ժամը քանի՞սն է''': Մյուսը, առանց երկինք նայելու առանց կանգ առնելու պատասխանեց՝ '''Ութին չորս է պակաս, պարոն Բեռնարդո Խուան Ֆրանսիսկո: ''' Ձայնը սուր էր, հեգնոտ:
Ես այնքան մտացրիվ եմ, որ պատմածս երկխոսությունը ուշադրությունս չէր գրավի եթե զարմիկս այն հետո չկրկներ մղված (կարծում եմ յուրատեսակ տեղական հայրենասիրությամբ և ցանկանալով ցույց տալ իր կատարյալ անտարբերությունը իրեն լրիվ անվամբ ծաղրաբար մեծարելու համար):
Իրենեոն լատիներեն և իսպաներեն սկսեց թվարկել Natural is historian-ում տեղ գտած հրաշալի հիշողություն ունեցող մարդկանց մասին բոլոր դեպքերը, պարսիկների թագավոր Կյուրոսը, որ իր զորաբանակի զինվորներին մեկ առ մեկ անվանապես ճանաչում էր, Միհրդատ Եվպատորը, որ դատավորի պաշտոնն էր վարում իր կայսրության 22 լեզուներով հիշագիտության, գյուտարար Սիմոնիդեսը Մեթրոդորոն, որ տիրապետում էր մի անգամ լսածը ճշգրտորեն կրկնելու արվեստին։ Անկեղծորեն հիացավ այն բանից, որ նման դեպքերը հիացմունք էին պատճառում։ Ասաց, որ ձիուց ընկնելուց առաջ ինքը, բոլոր քրիստոնյաների նման կույր էր խուլ ապուշ և հիշողություն չունեցող մի մարդ (Փորձեցի հիշեցնել նրան, թե ինչ ճշգրտությամբ է ընկալում ժամանակը և որքան հեշտությամբ է հիշում հատուկ անունները, չլսեց ինձ)։ Տասնինը տարի ապրել էր։ Երազի մեջ նայել էր առանց տեսնելու, լսել էր առանց լսելու, մոռացել էր ամեն ինչ, գրեթե ամեն ինչ։ Ընկնելու պահին կորցրել էր գիտակցությունը, ուշքի գալով նկատել, որ առկա ամեն ինչ անտանելիորեն հարուստ ու հստակ է այդ պահից իր մեջ արթնացել են ամենահին ու մանկության ամենաանշան հիշողությունները։ Հետո իմացել էր իր անդամալուծության մասին։ Դեպքը նրան ամենևին չէր հուզել։ Մտածել (զգացել) էր, որ անշարժությունը շատ փոքր գին է։ Այժմ իր ընկալումն ու հիշողությունը անսխալական էին։
Մենք մի ակնարկով՝ ընկալում ենք սեղանի վրայի երեք գավաթները, Ֆունեսը՝ խաղողաորթի յուրաքանչյուր ողկույզն ու հատիկները։ Գիտեր հազար ութ հարյուր ութսուներկուսի ապրիլի երեսունի արշալույսի հարավային ամպերի ձևը և իր հիշողության մեջ դրանք կարող էր համեմատել ընդամենը մի անգամ տեսած իսպանական գրքի թերթերի և Կեբրաչոյի ճակատամարտի նախօրյակին Ռիո Նեգրո գետում թիակի բարձրացրած փրփուրի գծերի հետ։ Այդ հիշողությունները սովորական չեն, ամեն մի տեսողական պատկեր կապված է մկանային ջերմային և այլ զգացողությունների հետ։ Կարող էր վերստեղծել բոլոր երազներն ու կիսաերազները։ Երկու թե երեք անգամ նա հիշողությամբ վերստեղծել էր ամբողջական մի օր, մի պահ անգամ չէր կասկածել, բայց ամեն մի վերստեղծում պահանջել էր նույնպես ամբողջական մի օր։ Ասաց՝ '''Ես մենակս ավելի շատ հիշողություններ ունեմ, քան աշխարհը աշխարհ դառնալուց հետո բոլոր մարդկանց հիշողությունների գումարը։ ''' Ասաց նաև՝ '''Իմ քունը նույնն է, ինչ ձեր արթնությունը։ ''' Իսկ արշալույսի դեմ ավելացրեց՝ '''Իմ հիշողությունը պարոն, նման է աղբանոցի։ ''' Գրատախտակի վրա գծված շրջանակը եռանկյունին, քառանկյունին կամ շեղանկյունին այնպիսի ձևեր են, որ կարող ենք ամբողջապես ընկալել․ այդ նույն ձևով էր Իրենեոն ընկալում ձիու փոթորկոտ բաշը, սարալանջին արածող նախիրը, հարափոխ կրակը, անհամար մոխիրը և երկար հուղարկավորության ընթացքում հանգուցյալի դեմքի փոփոխությունները: Չգիտեմ, թե քանի աստղ էր տեսնում երկնքում։
Սրանք էին նրա ասածները․ ոչ այն ժամանակ եմ կասկածել նրա ասածներին, ոչ էլ հիմա եմ կասկածում: Այն ժամանակ ոչ կինո կար, ոչ ձայնասփյուռ, բայց անհավանական է և նույնիսկ անհավատալի, որ ոչ ոք Ֆունեսի հետ փորձ չկատարեց։ Այո, մենք միշտ հետաձգում ենք հետաձգելին, գուցե հոգու խորքում բոլորս էլ գիտենք, որ մենք անմահ ենք և որ վաղ թե ուշ յուրաքանչյուր մարդ անելու և իմանալու է ամեն ինչ։
Մթության մեջ դեռ հնչում էր Ֆունեսի ձայնը։ Ասաց, որ 1886 թվականին հնարել էր թվային համարակալման յուրօրինակ մի համակարգ և մի քանի օրվա ընթացքում հասել մինչև քսանչորս հազարը։ Գրի չէր առել, քանի որ մի անգամ մտածածը չէր կարող մտքից ջնջել։ Իր առաջին խթանը կարծեմ «երեսուներեք պեսո» անվանելու համար մի բառի և մի նշանի փոխարեն երկու նշան և երեք տառ օգտագործելու տհաճությունն էր։ Հետո խելահեղ այդ սկզբունքը կիրառեց մյուս թվերի համար։ Յոթ հազար տասներեքի փոխարեն ասում էր (օրինակի համար) ''Մաքսիմո Պերես'', յոթ հազար տասնչորսի փոխարեն՝ ''գնացք'', այլ թվեր էին ''Լուիս Մելիան , Լաֆինուրը Օլիմարը'', ''ծծումբը , թամբերը, կետը, գազը, թեյնիկը, Նապոլեոնը , Ագուստին դե Վեդիան։ Վեդիան''։ Հինգ հարյուրի փոխարեն ասում էր՝ ինը։ ''ինը''։ Յուրաքանչյուր բառ ուներ դրոշմանման յուրահատուկ մի նշան, վերջիններս շատ բարդ էին ես փորձեցի բացատրել, որ այդ անկապ ձայների ռապսոդիան թվային համակարգի պահանջարկի ճիշտ հակառակն է։ Ասացի, որ ասել 365 նշանակում է նկատի ունենալ երեք հարյուրյակ, վեց տասնյակ, հինգ միավոր այսինքն վերլուծություն անել և որ նման վերլուծությունը հնարավոր չէ։ Սևամորթ Թիմոթեո կամ սաստիկ ծեծ «թվերում» Ֆունեսը չհասկացավ կամ չուզեց հասկանալ ինձ։
Լոկը XVII դարում առաջարկել (և մերժել) է անհնարին մի լեզու, ուր ամեն մի առանձին իր յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր թռչուն և յուրաքանչյուր ճյուղ ունենալու էր իր հատուկ անունը։ Ֆունեսն էլ էր ծրագրել համանման մի լեզու, բայց հրաժարվել էր գտնելով, որ դա շատ ընդհանուր և երկդիմի համակարգ է։ Եվ իսկապես, Ֆունեսը ոչ միայն հիշում էր ամեն մի սարի յուրաքանչյուր ծառի ամեն մի տերևը, այլ նաև ե՞րբ և քանի անգամ է այն ընկալել կամ երևակայել։ Նա որոշեց անցյալի հուշերը սահմանափակել մինչև յոթանասուն հազարը և ապա դրանք սահմանել թվերով։ Նկատի առնելով երկու հանգամանք հրաժարվեց առաջին, որ գործն անվերջանալի է, երկրորդ՝ որ անօգուտ է։ Մտածեց, որ մահվան ժամին հազիվ թե կարողանա դասակարգել մանկության հիշողությունները:
Իրենեո Ֆունեսը վախճանվեց 1889 թվականին թոքերի բորբոքումից։
== Ծանոթագրություններ ==
<references/>