Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 7046 բայտ, 17:44, 24 Հունվարի 2013
/* 2. ՈՉԽԱՐԻ ԽՈՐՈՎԱԾ */
   — Ի՞նչ նամակ, — անասելի հուզված հարցրեց խեղճ միստր Բեգինսը:
   — Այ քեզ բա~նբա՜ն, — բացականչեց Հենդալֆը: — Ես քեզ չեմ ճանաչում, դու նույնիսկ օջախի թարեքի փոշին չես մաքրել:
   — Օջախի թարեքն այստեղ ի՞նչ գործ ունի: Բավական չէ՞, որ տասնչորս մարդու սպասք եմ լվացել:
   Նա ատամներով մի մեծ կտոր պոկեց ոչխարի ազդրից, որ խորովում էր, և թևքով բերանը սրբեց:
 
   Ես կարծում եմ, որ տրոլները միշտ էլ այդպես անկուլտուական են պահում իրենց, նույնիսկ նրանք, ովքեր մեկական գլուխ ունեն: Այս բոլորը լսելով՝ Բիլբոն հասկացավ, որ հարկավոր է անհապաղ գործի անցնել. Կամ հարկավոր է կամացուկ ետ դառնալ ու նախազգուշացնել յուրայիններին, որ մի քանի քայլի վրա երեք հաղթանդամ տրոլ են նստած ամենասոսկալի տրամադրությամբ և ակնհայտ է, որ չեն հարաժարվի խորոված թզուկ կամ, բերանի համը փոխելու համար, թեկուզ խորոված պոնի անուշ անել: Կամ էլ ինքը պետք է գողություն անելու փայլուն օրինակ ցույց տա: Իսկական, առասպելական առաջին կարգի գողը նման պարագայում կդատարկեր տրոլների գրպանները (համարյա միշտ արժե դա անել), հենց շամփուրի վրայից կհաներ ոչխարը, կփախցներ գարեջուրը և կչքվեր: Իսկ տրոլները նրան իսկի չէին էլ նկատի: Գողերն ավելի գործնական են, մասնագիտական փառասիրությունից զուրկ, դեռ նախապես կխոցեին տրոլներին դաշույնով: Որից հետո ճոխ ընթրիքով ուրախ-ուրախ գիշերը կկարճացնեին:
 
   Բիլբոն գիտեր այդ բոլորը: Նա բավականաչափ կարդացել էր այնպիսի բաների մասին, որ իր կյանքում չէր տեսել և չէր արել: Նա խիստ հուզված էր, բայց և զզվանք էր զգում: Նա կուզենար հարյուր մղոն հեռու լինել այստեղից և միաժամանակ... և միաժամանակ ոչ մի կերպ չէր կարող պարզապես վերցնել ու դատարկ ձեռքերով վերադառնալ Տորինի և Ընկ.-ն մոտ: Դրա համար էլ նա խավարի մեջ կանգնել ու մտածում էր: Տրոլների գրպանները դատարկելը գողերի նրան հայտնի բազմատեսակ գործերից ամենահեշտն էր թվում: Վերջապես նա վճիեռ կայացրեց և սողաց հենց Վիլյամի թիկունքում գտնվող ծառի ետևը:
 
   Բերտը և Թոմը գնացին դեպի տակառիկը: Վիլյամը նորից մի գավաթ կոնծեց: Վախը հաղթահարելով՝ Բիլբոն փոքրիկ ձեռքը մտցրեց Վիլյամի ընդարձակ գրպանը: Քսակն այնտեղ էր և Բիլբոյին մի պարկի չափ մեծ թվաց. «Ահա,― մտածեց նա՝ հաճույք զգալով իր նոր արհեստից և զգուշորեն քսակը դուրս քաշելով։ ― Դժվարը սկիզբն է»։
 
   Այո, դա միայն սկիզբն էր։ Տրոլների քսակները միշտ չարաղետ գաղտնիք են ունենում, և այս քսակն էլ բացառություն չէր։
 
   ― Հեյ, դու ո՞վ ես,― ծիծաղեց քսակը գրպանից դուրս հայտնվելով, և Վիլյամը բռնեց Բիլբոյի վզից ավելի շուտ, քան նա կհասցներ ցատկել ծառի ետևը։
 
   ― Արևս մեռնի, Բերտ, նայիր, էս ում եմ ճանկել, ― ասաց Վիլյամը։
 
   ― Էս ի՞նչ բան է,― հարցրին Բերտն ու Թոմը՝ նրան մոտենալով։
 
   ― Ես ինչ իմանամ։ Դու ի՞նչ ես։
 
   ― Ե՞ս․․․ Բիլբո Բեգինսն եմ, վզզ-հոբիտ,― պատասխանեց խեղճ Բիլբոն, ամբողջ մարմնով դողալով և փորձելով կռահել, թե ինչպես բվի պես կռնչա, քանի դեռ իրեն չեն խեղդել։
 
   ― Վզզհոբի՞տ,― կրկնեցին տրոլները զգուշանալով։ Տրոլները մտքից խեղճ են, այդ պատճառով էլ ամեն անծանոթ բանի կասկածանքով են վերաբերվում։
 
   ― Իսկ վզզհոբիտն ի՞նչ գործ ուներ իմ գրպանում,― նկատեց Վիլյամը։
 
   ― Իսկ նրանից կարելի՞ է ճաշ պատրաստել, ― հետաքրքրվեց Թոմը։
 
   ― Փորձիր՝ կիմանաս,― պատասխանեց Բերտը՝ շամփուրը վերցնելով։
 
   ― Կաշին թե հանենք, մի կծելու միս հազիվ մնա,― խոսեց Վիլյամը, որը հենց նոր էր կուշտ ընթրել։
 
   ― Գուցե ման անք, էստեղ դրանցից էլի՞ գտնենք։ Կարկանդակ կթխեինք,― ասաց Բերտը։― Հե՜յ, քեզ նմանները շա՞տ են էս անտառում։ Քոսոտ ճագար,― ավելացրեց նա հոբիտի փրչոտ ոտքերին նայելով։ Տրոլը բռնեց Բիլբոյի ոտքերից և ուժգին թափ տվեց։
 
   ― Շա՜տ,― ծղրտաց Բիլբոն և այդ ժամանակ միայն գլխի ընկավ, որ բարեկամներին մատնել չի կարելի։ ― Ո՛չ, ոչ՛, ո՛չ մեկը, ― արագ ավելացրեց նա։
 
   ― Էդ ո՞նց հասկանալ,― հարցրեց Բերտը՝ Բիլբոյին օդում բռնած, բայց այս անգամ մազերից։
 
   ― Այդպես էլ հասկացեք,― պատասխանեց Բիլբոն շունչ քաշելով։― Խնդրում եմ, բարի պարոններ, ինձնից ոչինչ մի՛ պատրաստեք։ Ես ինքս լավ եմ պատրաստում, ես ավելի լավ պատրաստում եմ, քան պատրաստվում եմ, հասկանո՞ւմ եք ինչ եմ ուզում ասել։ Ես ձեզ համար հիանալի նախաճաշ կպատրաստեմ, եթե դուք ինձ ընթրիքի համար չպատրաստեք։
 
   ― Քնձռոտ խրտվիլակ,― ասաց Վիլյամը։ Նա առանց այդ էլ արդեն ընթրիքին լավ կերել էր ու գարեջուր խմել։ ― Քնձռոտ խրտվիլակ։ Բերտ, բաց թող դրան։
 
   ― Բաց չեմ թողնի, մինչև չբացատրի, թե ինչ է նշանակում "շատ" և "ոչ մեկը",― առարկեց Բերտը։― Չեմ ուզում, որ քնած տեղը վիզս կտրեն։ Այ, խարույկի վրա մի քիչ կրունկները կդաղեմ՝ իսկույն կխոսի։