Changes
|թարգմանիչ = Է. Մակարյան
}}
― Բաց չեմ թողնի, մինչև չբացատրի, թե ինչ է նշանակում "շատ" և "ոչ մեկը",― առարկեց Բերտը։― Չեմ ուզում, որ քնած տեղը վիզս կտրեն։ Այ, խարույկի վրա մի քիչ կրունկները կդաղեմ՝ իսկույն կխոսի։
― Իսկ ես էդ բանը թույլ չեմ տա,― ասաց Վիլյամը։ ― Ես եմ նրան բռնել։
― Վիլյամ, ես քեզ ասել եմ, որ դու ճարպակալած հիմար ես,― գառաց Բերտը,― և էլի եմ կրկնում։
― Իսկ դու գյադա ես։
― Ես դա քեզ չեմ ների, Բիլլ Հագինս,― ոռնաց Բերտը, բռունցք արած վրա քշեց Վիլյամին ու հասցրեց աչքին։
Այստեղ մի վայրենի քաշքշուկ սկսվեց։ Բերտը Բիլբոյին վայր գցեց, և սրա գլխում մնացած խելքը բավարարեց այնքան, որ մի կողմ սաղաց, որպեսզի ոտքի տակ չտային։ Իսկ տրոլներն սկսեցին կատաղորեն կռվել, իրար ամեն տեսակ, պետք է ասել շատ սազական, վիրավորական անուններ տալով։ Քիչ հետո նրանք գետին տապալվեցին և, իրարից կառչած, աքացի տալով, գլորվեցին ուղիղ խարույկի մեջ, իսկ Թոմը մի ճյուղ վերցրած ձաղկում էր երկուսին էլ, որ խելքի գան, որից նրանք, բնական է, էլ ավելի էին մոլեգնում։
Այստեղ իսկը հոբիտի ծլկելու ժամանակն էր։ Բայց Բերտը իր թաթով ուժեղ ճզմել էր նրա խղճուկ փրչոտ ոտքերը, ուժերը լքել էին Բիլբոյին, գլուխը պտտվում էր, նա պառկած էր խարույկի լույսից դուրս և հևում էր։
Կռվի ամենաթեժ պահին հայտնվեց Բալինը։ Թզուկները հեռվից աղմուկ լսեցին և, իզուր սպասելով Բիլբոյին կամ բվի կռնչոցին, մեկիկ-մեկիկ սողացին դեպի խարույկի լույսը։ Թոմը խարույկի լույսի տակ Բալինին նկատելով, մի սարսափելի վայնասուն բարձրացրեց։ Ըրոլներն ուղղակի տանել չեն կարողանում թզուկներին (համենայն դեպս հում վիճակում)։ Բերտն ու Բիլլը վայրկենապես դադարեցին կռիվը և ֆշշացին․ “Թոմ, պարկը, շո՛ւտ”։ Եվ մինչ Բալինը, որ մտածում էր, թե այս խառնաշփոթության մեջ որտեղ գտնի Բիլբոյին, հասկացավ ինչ է կատարվում, պարկը հագցրին գլխին, և նա փռվեց գետնին։
― Հիմա էլի կգան,― ասաց Թոմը,― կամ էլ ես խիստ սխալվում եմ։ Հենց էդ է որ կա՝ շատ և ոչ մեկը։ Վզզհոբիտ՝ ոչ մեկը, իսկ թզուկներ՝ շատ։ Իմ խելքով էդպես է։
― Դուրս է գալիս, որ դու ճիշտ ես,― հաստատեց Բերտը։
― Եկեք լույսից դուրս գանք։
Այդպես էլ արեցին։ Պարկերը պատրաստ պահած, որոնց մեջ ոչխարներ ու այլ ավար էին քարշ տալիս, նրանք թաքնվեցին խավարում։ հենց որ հերթական թզուկը հայտնվում էր ու խարույկը, դատարկ գավաթներն ու կրծած ոսկորները տեսնելով զարմանքից քարանում՝ հոպ, գարշահոտ, զզվելի պարկն իջնում էր նրա գլխին, և թզուկը փռվում էր գետնին։ Շատ շուտով Դվալինը պառկած էր Բալինի կողքին, Ֆիլին ու Կիլին նույնպես միասին էին պառկած, Դորին, Նորին և Օրին ընկած էին մեկը մյուսի վրա, իսկ Օյնը, Գլոյնը, Բիֆուրը, Բոֆուրը և Բոմբուրը ամենաանհարմար կերպով մի կույտ կազմած թափված էին խարույկի մոտ։
― Թող իմանան սրանից հետո,― ասաց Թոմը։ Բիֆուրը և Բոմբուրը մեծ անախորժություններ պատճառեցին նրանց՝ կատաղածի պես դիմադրելով (բոլոր թզուկներն էլ մահացու վտանգի դեպքում կատաղածի պես են պաշտպանվում)։
Վերջինը հայտնվեց Տորինը, և նրան արդեն հանկարծակիի չբերեցին։ Նա գալիս էր վատթարին սպասելով, և նրան հարկավոր չէր տեսնել պարկերից դուրս ցցված իր զինակիցների ոտքերը, որպեսզի հասկանար, որ գործերն այնքան էլ փայլուն չեն գնում։ Նա կանգնեց քիչ հեռու, կիսամութի մեջ, և խոսեց․
― Ի՞նչ է կատարվում այստեղ։ Ո՞վ է հաշվեհարդար տեսել իմ մարդկանց հետ։
― Այդ տրոլներն են,― ծառի ետևից ձայն տվեց Բիլբոն։― Նրանք պարկերով թաքնված են թփուտներում։
― Ախ այդպե՜ս,― ասաց Տորինը և այնպես արագ նետվեց դեպի խարույկը, որ տրոլները չհասցրին նրա վրա պարկ գցել։ Նա խարույկից մի մեծ վառվող փայտ վերցրեց և մտցրեց Բերտի աչքը։ Բերտը որոշ ժամանակով շարքից դուրս եկավ։ Բիլբոն էլ քնած չէր՝ բռնեց Թոմի ոտքից, պետք է ասել, մեծ դժվարությամբ, քանի որ նրա ոտքը մի մատղաշ ծառի հաստություն ուներ։ Բայց իսկույն էլ գլուխկոնծի տալով ետ թռավ ու ընկավ ուղիղ թփուտը, որովհետև Թոմը իրեն թափ տալով․ ոտքով մի շեղջ կրակ շպրտեց Տորինի դեմքին։ Դրան ի պատասխան Թոմը փայտի մի հարված ստացավ ատամներին և կորցեց առջևի ատամը։ Հո չոռնա՜ց։ Բայց այդ պահին Վիլյամը թիկունքից գաղտագողի մոտեցավ և պարկը գցեց Տորինի վրա։ Դրանով մարտն ավարտվեց։ Ամբողջ խումբը ողբալի վիճակի մեջ ընկավ․ թզուկները պարկերի մեջ կապկպված, պառկած էին, երկու քայլի վրա նստած էին երեք զայրացած տրոլ, ընդ որում երկուսը այրվածքներով ու կապտուկներով, և վիճում էին՝ թզուկներին մարմանդ կրակի վրա ամբողջությամբ խորովեն, թե կտրատեն ու եփեն, թե ուղղակի նստեն առանձին ամեն մեկի վրա ու ճզմեն, բլիթ դարձնեն։ Բիլբոն պառկած էր թփուտում․ հագուստը պատառոտված էր, ամբողջապես կապտուկներով ծածկված, և չէր համարձակվում նույնիսկ շնչել, վախենալով, որ կլսեն իրեն։ Եվ այստեղ, վերջապես, հայտնվեց Հենդալֆը։ Բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տրոլներն էլ հենց որոշել էին թզուկներին խորովել հենց հիմա, բայց հետո ուտել։ Դա Բերտի առաջարկն էր, և երկար դիմադրությունից հետո մյուս երկուսն էլ համաձայնեցին նրա հետ։
― Ինչ մի լավ բան է, թե որ հիմա խորովենք, ամբողջ գիշերը պետք է դրանով զբաղվենք,― լսվեց ինչ-որ մեկի ձայնը։
Բերտը մտածեց, որ Վիլյամն է խոսողը։
― Էլ մի՛ սկսկիր, Բիլլ,― ջղային պատասխանեց նա,― թե չէ իսկապես էլ ամբողջ գիշերը չարչարվելու ենք։
― Ո՞վ է սկսում,― արձագանքեց Վիլյամը, մտածելով, թե խոսողը Բերտն էր։
― Դու ես սկսում,― պատասխանեց Բերտը։
― Փչում ես,― առարկեց Վիլյամը, և վեճը նորից սկսվեց։ Վերջ ի վերջո նրանք պայմանավորվեցին թզուկներին կտրատել և եփել։ Տրոլները քարշ տվին հսկայական սև կաթսան և հանեցին դանակները։
― Ասենք չարժե եփել դրանց․․․ Ձեռքներիս տակ ջուր չկա, իսկ ջրհորը հեռու է,― հնչեց մի ձայն։
Բերտն ու Վիլյամը որոշեցին, որ Թոմն է խոսում։
― Լռիր,― ընդհատեցին նրանք։― Թե չէ էսպես որ գնա, երբեք չենք վերջացնի։ Թե որ շատ դուրս տաս, կգնաս ջրի։
― Ինքդ լռիր,― արձագանքեց Թոմը, որ կարծում էր, թե Վիլյամն է խոսում։ ― Ո՞վ է դուրս տալիս։ Հենց դու ես դուրս տալիս։
― Դմբո,― ասաց Վիլյամը։
― Դմբոն ինքդ ես,― կտրեց Թոմը։
Եվ նրանք նորից վիճեցին, ավելի կատաղորեն, քան առաջ, բայց վերջ ի վերջո համաձայնության եկան՝ նստել յուրաքանչյուր պարկի վրա հերթով և տափակացնել թզուկներին, իսկ եփելը թող մնա մի ուրիշ անգամ։
― Առաջինը ո՞ւմ վրա նստենք,― հարցրեց ձայնը։
― Բերեք սկզբում վերջինի վրա նստենք,― պատասխանեց Բերտը, որի աչքը վնասել էր Տորինը։ Բերտը կարծում էր Թոմն է խոսում։
― Ի՞նչ ես ինքդ քեզ հետ խոսում,― ասաց Թոմը։― Ուզում ես վերջինի վրա, նստիր վերջինի վրա։ Ո՞ր մեկն է նա։
― Դեղին գուլպաներովն է,― ասաց Բերտը։
― Հիմարություն, մոխարգույն,― լսվեց Վիլյամի ձայնին նման ձայնը։
― Ես դիտմամբ միտս եմ պահել՝ դեղին,― պնդեց Բերտը։
― Ճիշտ է, դեղին,― հաստատեց Վիլյամը։