Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 51 607 բայտ, 16:37, 12 Հունվարի 2015
/* Տիր */
Նշանավոր է, որ մեր ու պարսիկների մեջ Տիրի՝ գիտության դիք համարելու պես մոգերին <i>տրի</i> կամ <i>տրա</i> են անվանում նաև սաքսերը։ Արդյոք կելտերի <i>դրուիդ</i>֊ը (Druide<ref>Ոմանք սա համարում եմ Drew կամ <i>դերու</i> բառից, որ կաղնին է․ իբր պաշտամունքավարները ապրում էին կաղնի ծառերի կամ անտառների մեջ։</ref>) և սկանդինավցիների Derot֊ը, որ նշանակում են «քահանա և գիտուն», <i>տրի</i>֊ից չե՞ն ծագել։
 
===Վահագն===
 
Մինչ հիմա մեր հիշած հայոց պաշտելի չաստվածների մեջ միայն Աստղիկն էր զուտ հայկական անունով կոչված և հայ դիցաբանության ծնունդ։ Կարելի է այսպիսին համարել նաև Վահագնին, թեև նա էլ Աստղիկի ու այլոց պես կունենա իր օտար զուգակիցը կամ փոխանակը, ինչպես՝ մի Հերակլես։ Թեև պատմությունը նրան մեզ ներկայացնում է իբրև իրական և դյուցազունների մեջ դասելի անձ, սակայն պաշտամունքն ու մեհյանները հավասարեցված են չաստվածներին և ներկայացված որպես հայոց յոթ գլխավոր դիքերից ու մեհյաններից մեկը։
 
Ըստ պատմության՝ Վահագնը Երվանդյան Տիգրան հայկազունի որդին կամ մանավանդ թոռն է։ Նրա հետ պատերազմել ու հաղթել է մարերի հռչակավոր թագավոր Աժդահակին, որի անունը հայերեն թարգմանելով՝ հայ վիպասանները նրան անվանում էին <i>վիշապ</i>, իսկ հետևողներին <i>վիշապազուններ</i> և ըստ Խորենացու՝ «ընդ Վիշապաց ասէին յԵրգն՝ կռուել նմա և յաղթել․ և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութեանցն՝ նմա երգէին»։ Մարերի ու պարսիկների մեծ հակառակությունն ու կռիվը հայտնի են նաև օտար պատմիչներից, թեև ոմանք նրանց համարում են բարեկամներ, այլ ոչ թշնամիներ։ Բայց հույների պատմահայրը (Հերոդոտոսը) և մեր պատմահայրը (Խորենացին) հայերին ու պարսիկներին ներկայացնում են որպես դաշնակից և մարերին թշնամի։ Եվ ինչպես պարսիկներն են իրենց Կյուրոսին հռչակում Աժդահակին հակառակորդ ու հաղթող, այնպես էլ հայերը՝ իրենց սիրելի Տիգրանին, որի մասին երգված հիշատակներից մի մաս ավանդում է Խորենացին (Ա․ ԻԵ֊Լ)՝ ըստ հայոց հին վիպասանության, որի մեջ խառնվել կամ հավելվել էին և՛ Վահագնի քաջագործությունները, և՛ դրանից դուրս պես֊պես ավանդություններ։ Այսպիսին է նաև 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիշատակածը․ «Ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնիՀայոց՝ գողացաւ զյարդ Բարշամայ<ref>Մի օրինակում <i>Բարաշամ</i>֊ի փոխարեն գրված է․ «Բաղաամայ Ասորոց նախնոյն»։</ref>, Ասորեստանեայց նախնոյն․ զոր և մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ Յարդգողի հետ անուանել»։ Այս հիշատակումը Վահագնին ներկայացնում է իբր Արամի ժամանակակից՝ շատ ավելի հին, քան Տիգրանը։ Հնդիկներն էլ ունեն նման մի ավանդություն․ Պոնիս կամ Վալա անունով մի ասորի գողանում է չաստվածների նախիրը ու փակում է մի քարայրի մեջ։ Ինդրա չաստվածը մրրիկների (<i>մարուտ</i>) օգնությամբ և Սարամա եղնիկի առաջնորդությամբ բացում է քարայրը և արձակում անասուններին։
 
Հնդկական առասպելների հետ Վահագնի այլ նմանությունները հիշատակեցինք արեգակի պաշտամունքի մասին խոսելիս և նշեցինք նույնիսկ անունը՝ Վահու֊Ագնի։ Մեր մի հին գրվածքի մեջ մեր դյուցազնը կոչվում է Վահանգն։ Եվ կա մի հին վարդապետի վկայությունը․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին»․ և սրան համապատասխանում է վիպասանների երգածը՝ <i>Երկնէր երկին</i>֊ը և <i>կարմրիկ եղեգնիկ</i>֊ը, որի նման նաև այլ ազգերի, մինչև իսկ չինացիների ավանդություններում էլ են գտնվում եղեգնից, լոտոսից կամ ուրիշ մի բույսից ընծայված չաստվածներ։ Շատ դարեր անց՝ Վաղարշակի ժամանակներում, նոր հնդիկ քուրմերի՝ նոր չաստվածներով Հայաստան գալը մի փաստ էլ է ավելացնում Վահագնի հնդկական առնչությանը, որի մեհյաններն էլ նույն հնդկական անվամբ կոչվում էին Վահեվահյան, պաշտամունքավարները՝ Վահևունիներ (ըստ Ագաթանգեղոսի հունարեն օրինակի՝ Вбвз՝йпт)։
 
Մեր աշխարհակալ Արշակունիները, որ ավելի կոչելի են չաստվածակալներ՝ Հունաստանից բերած կուռքերի և հայոց ավանդությունները այլայլելու համար, նույնը անել տվեցին նաև Վահագնի հետ։ Նրան սեփականվեց Հերակլեսի անդրին՝ հռչակավոր Սկյուլասի և կրետացի Դիպինոսի<ref>Պլինիուսը հիշատակում է այս քանդակագործների ձեռագործը, բայց ասում է, թե մարմարից էր և հունական Սիկոն քաղաքում էր կանգնեցված։ Ուրեմն սա տարբեր է Խորենացու և Ագաթանգեղոսի հիշատակածից։</ref> պղնձաձույլ, ոսկեզօծ ձեռագործը, որը Վահևունիները, իրենց Վիշապաքաղ Վահագնը համարելով կամ նրան հարմարեցնելով, կանգնեցրին Տարոնի Հաշտիշատում՝ Անահիտի և Աստղիկի մեհյանների մոտ՝ սրան էլ նվիրելով մի երրորդը (Վահեվահյան կամ Վահևվահյան)՝ «մեհեան մեծագանձ, լի ոսկւով և արծաթով, և բազում նուէրք մեծամեծ թագաւորաց ձօնեալ անդ, ութերորդ պաշտօն<ref>Եթե պետք է ընթերցել ոչ թե «յոթերորդ», այլ «ութերորդ», սրանից առաջ հիշատակված մեծ մեհյանները պետք է հաշվել յոթը։</ref> հռչակեալ»։ Լուսավորիչը այս կուռքերը կործանեց մեծ դժվարությամբ, որովհետև հնդկասերունդ քուրմերը այն պաշտպանում էին համառորեն։ Բայց եթե հնդիկները սրան պատիվ էին մատուցում՝ իրենց Ագնին համարելով, և եթե ըստ Խորենացու՝ վրացիները նախ սկսեցին պաշտել՝ բնական մեծությամբ մարդու մի արձան կանգնեցնելով, և եթե ըստ մի գիտնականի՝ հին պարսիկներն էլ Ավեստայի լեզվով հին գրքում նրան կոչել են Վերեթրակնա (՞), ապա հայերը նրան ճանաչում էին որպես իրենց մեծագույն ու սիրելի դիքերից մեկը։ Այդ է հայտնում նաև Տրդատի հրովարտակը՝ ազգին մաղթելով, որ Արամազդից ու Անահիտից հետո «քաջութիւն հասցէ ձեզ ի Քաջն Վահագնէ», որին հարկ է համարել նաև Արեսին փոխարինող, որովհետև պատրեազմի հայոց այլ չաստված չի հիշատակվում։
 
Տարոնից դուրս Վահագնի մի մեհյան էլ հիշատակվում է Տոսպի Ահևական գյուղում, որ լսեցնում է նույն Վահեվահյան անունը, ինչպես որոշակիորեն ասում է Թովմա Արծրունին․ «Քանզի էր և տեղին այն յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»։ Այս պատմիչը հիշատակում է նաև Հերակլեսի՝ Արտաշես Բ֊ի կողմից Փոքր Աղբակ գավառում կանգնեցված մի մեհյան, որ համարելի է Վահագնինը։ Հերակլեսի դիք Տրդատի օրերում հիշվում է նաև Դերջան գավառում՝ Սալահունիքում, Ասկեպիոս դիքի հետ, որի մեծահանդես տոները կատարվում էին այնտեղ։ Բայց սրանք թերևս բուն հունական դիքեր էին։
 
Վահագնի պաշտամունքավար բնիկ քուրմերը նրա ցեղից կամ հնդիկներից էին սերված կարծում և կոչվել էն Վահունիք, Վահևունիք կամ Վահնունիք, որոնց այդ պաշտոնը հանձնեց Վաղարշակը և նրանց էլ բարձրացրեց նախարարական կարգի, թեպետ Տիգրանի հրամանով առժամանակ զրկվեցին այդ պատվից, որովհետև նրան չհարցնելով՝ Աշտիշատում կանգնեցրել էին Հերակլեսի անդրին, և սրանց գյուղն էլ նա դարձրեց արքունիքի սեփականությունը։ Իսկ ս․ Գրիգորը, բագինները վերացնելով, դարձրեց առաջին եկեղեցու տեղը և քուրմերի փոխարեն վերակացու կարգեց ս․ Դանիել ծերունուն՝ որպես իր փոխանորդի, և Վահագննի տոնի փոխարեն սահմի ամսի 7֊ին սահմանեց Հովհաննես Կարապետի և ս․ Աթենոգինես եպիսկոպոսի տոն, որոնց նշխարհներից մաս դրեց եկեղեցու հիմքում։
 
Վահագնի պաշտամունքի ջնջվելուց հետո նրա մասին վիպասանների հյուսած երգերը դեռ լսվում էին մեր թարգմանիչների օրերում, և սրանք նաև Ս․ գրքի թարգմանության մեջ Հերակլեսի փոխարեն համարձակորեն գրում էին Վահագն։ Անմոռաց մնաց նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի հետ կոչելը, որ մեզանում ասվում է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը հայտնի է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ <i>Սաման յոլու</i>։
 
Ժամանակին վերաբերող հավատքների մասին խոսելիս հիշատակեցինք, որ ամիսների 27֊րդ օրը նվիրված էր Վահագնին, կամ Վահագնը այդ օրվա պահապանն էր։
 
Վահագնի պատճառով թե՛ այստեղ և թե՛ նախորդիվ շատ անգամ հիշած լինելով հնդկական դիցաբանւթյան հայկականի հետ խառնուրդը՝ հարկ է, որ այժմ հիշենք և այն, ինչը իբր ստույգ ավանդում են մեր պատմիչները այն կողմից եկած մի զույգ դիքերի կամ դյուցազնացածների մասին, որոնք սովորաբար անվանում են Դեմետր ու Գիսանե, թեև անունները այլայլված են և չեն հիշատակվում ո՛չ Խորենացու, ո՛չ Ագաթանգեղոսի կողմից։ Դրանք հիշատակվում են հատուկ Տարոնի պատմիչի (Զենոբի) կողմից (որտեղ պաշտվում էին այս եկամուտ դիքերը)։ Եվ ըստ պատմության կամ զրույցների՝ եղբայրներ էին ու հնդիկ ազնվազարմներ, որոնք կամենում էին սպանել իրենց Դինաքսե թագավորին, սակայն երբ նրանց խորհածը ահյտնի դարձավ, փախան֊եկան Հայաստան, որտեղ Վաղարշակը նոր էր հաստատում հայ Արշակունյաց թագավորությունը։ Նա ընդունեց սրանց և տարածքներ տվեց Ապահունյաց և Տարոնի գավառներում, որտեղ, բացի այլ քաղաքներից, շինեցին նաև Օձ կամ Վիշապ քաղաքը կամ ավանը և կանգնեցրին օձակերպ մի կուռք, այլ կուռքեր էլ կանգնեցրին Աշտիշատում՝ պաշտելով իրենց հայրենի ծեսով։
 
Մի քանի տարի անց Վաղարշակը Հնդկաստանի թագավորի դրդմամբ կամ մեկ այլ պատճառով նրանց, հանցավոր գտնելով, սպանեց, բայց տարածքները թողեց նրանց որդիներին։ Սրանք՝ Գիսանեի Կուառս ու Մեղտի որդիները և Դեմետրի Հոռյան կամ Հռեմ որդին, շինեցին մեկական գյուղ և կոչեցին իրենց անուններով, ինչպես մինչև հիմա էլ ստույգ այսպես են կոչվում (բայց ինչ պատչառով կոչվելը ստույգ չէ)։ Իսկ ի հիշատակ իրենց հոր՝ Աշտիշատի մոտ՝ Քարքե լեռան վրա՝ Տարոնի ու Պալունյաց գավառների միջև, կանգնեցրին նրանց քարեղեն արձանները, նաև երկու պղնձե արձաններ էլ՝ Գիսանեինը՝ 30 կանգնուն բարձրությամբ, Դեմետրինը՝ 12 կանգուն, և նրանց մեհյանները պահողների և պանդուխտների համար նվիրեցին 12 գյուղ։ Իրենց որդիներին ու ցեղին էլ կարգեցին իրենց աստվածացրած նախնիների քուրմ ու պաշտամունքավար, որոնք և որդուց որդի հաջորդաբար պահում ու պատվի էին արժանացնում այդ տեղանքը։ Այս է պատմական ավանդությունը։ Պատմական եմ ասում գրավոր և պատմիչի անուոնվ լինելու պատճառով, սակայն շատ անահավանակն և անհարմար մասերով, եթե նույնիսկ մի ստույգ հիմք կա։ 400 և ավելի տարիներ անց հայերի ուրիշ կուռքերի հետ սրանք էլ կործանելու է գալիս ս․ Գրիգորը, բայց մեծ դժվարությամբ ու պատերազմելով, Տրդատի զորքի օգնությամբ, ինչպես մանրամասնորեն պատմում է Զենոբի՝ ժամանակակից ասորու անունով։ Եվ դրանց փոխարեն հաստատում է Մշո պարծանք ս․ Կարապետը։ Բայց կռապաշտ ու հայերնապաշտ համառ քրմորդիները դժվարությամբ ընդունեցին քրիստոնեությունը և երկար ժամանակ ջանում էին իրենց նախնիներից գոնե մի հիշատակ պահել, ինչպես Գիսանեի սերունդները նրա շատ երկարամազ լինելու պատճառով չէին ուզում իրենց մազերն էլ կտրել և երբ ստիպված եղան կտրել, մեկ֊երկու փունջ թողեցին երկար։ Դրանց սև գույնն էլ դեռ տարբերում էր նրանց բնիկ հայերից։
 
Այս ավանդությունները քննելիս հնդկական հետքեր են հայտնվում․ զուգորդվում են նաև Գիսանեի անունն ու դրա իմաստը, քանզի հնդկերենում <i>գես</i>֊ը նույնն է նշանակում, ինչ որ հայերենում։ Նրանց Կրիշնա չաստվածն էլ անվանում է Գեսավա, որ նշանակում է «գիսավետ, գիսավոր»։ Հնդիկները ունեին նաև Գեսին անունով մի չար քաջ, որը, երբեմն մարդակերպ, երբեմն ձիամարդու կամ ձիացուլի կերպարանքով հայտնվելով, մեծ վնաս էր պատչառում, մինչև որ նրան սպանեց Վիշնու չաստվածը։ Հավանաբար այս չաստվածներն էին Տարոնում պաշտվել, այլ ոչ Վաղարշակի մոտ փախուստով եկածները։ Թերևս Վիշնու անունն էլ է խառնվել այստեղ պաշտված վիշապներին։ Իսկ Դեմետրի անունը, որ հիմա Դրմետր գյուղն է պահում, հավանաբար լսեցնում է հնդիկների երրորդության Բրահմա, Վիշնու և Շիվա Տրիմուտրի չաստվածներին։ Դեմետրի որդու անունն էլ, որ գրվել է Հռեմ, հիշեցնում է Հռամա կամ Ռամա չաստվածին, որ նույն ինքը Վիշնուն է՝ յոթ անգամ մարմանվորված։
 
Սրանց հետ հարկ կլինի մեկ անգամ էլ հիշել արդեն մի քանի անգամ հիշատակված և Վահագնի լծորդ հնդկական Ագնիին՝ հրի չաստվածին և հայոց մեջ արևակերպ վիպասանվածին (տե՛ս էջ 51)։ Մեր ոչ շատ ծանոթ ու բավական հին մի գրող՝ Սիմեոն անունով մի վարդապետ, հիշելով քրմերի և նրանց զինակիցների պատերազմը Տրդատի զորքի դեմ, այսպիսի մթնկեկ մի բան է պատմում․ «Ուստի և Գեղեցիկն Ագնիս՝ կրկին, ասեն, զերիս աւուրս [ի] մարտ պատրեազմին կացեալ»։
 
Կարծում եմ՝ նշանակում է, թե քուրմերը ասում էին, որ իրենց գեղեցիկ Ագնին երեք կամ վեց օր պատերազմեց հայոց զորքի դեմ, և որ Տարոնում պաշտվածը սա էր, այլ ոչ հույների համանուն Աղնոս կոչված ողջախոհ Արտեմիսը կամ սրբերի Իսիսը։ Եվ մի՞թե այն աղբյուրաբուխ տեղը, որի մասին պատմիչը (Զենոբ) ասում է, թե «իննակնեան կոչեն տեղոյն Հնդիկք և Պարսիկք», Ագնի անունը չի բովանդակում այս կոչումը։
 
Հնդիկների դիցաբանությունն ու լեզուն մաղելու դեպքում գուցե նոր լույս ծագի Տարոնի այս կողմերում պաշտված կուռքի և Գիսանեի ու Դեմետրի վրա։
 
===Վանատրի և ամանորի դիքեր===
 
Հայոց գլխավոր դիցապաշտական կենտրոններից մեկը Արարատի ընդարձակ ու գեղեցիկ Բագրևանդ գավառում և դաշտավայրում էր՝ ըստ պատաճին կոչված Բագավան, ինչպես հունական Դիոսպոլիսը (աստվածաքաղաք)․ այնտեղ թեև կային մեծագույն չաստվածների բագիններ, բայց հատուկն ու հաճախելին էր Վանատրի դից բագինը, որի անունը գրքերի մեջ միշտ հանդիպում է այսպես՝ սեռական հոլովով, ուստի կարող է կարծվել <i>Տրի</i>֊ի (Տիր դիքի) և <i>վան</i>֊ի բառաբարդություն, սակայն սովորաբար համարվել է Վանատուր՝ «հյուրընկալ, հյուրասեր, օտարներին և պանդուխտներին ընդունող», միով բանիվ՝ ըստ Ս․ գրքի (Բ․ Մակաբայեցիների, Զ, 2)՝ նման է հույների «Հիւրասէր Որմզդական դիցն Վանատրի», այսինքն՝ Արամազդին (ըստ հույների՝ ОЭнйпт, ըստ հռոմեացիների՝ Hospitalis)։ Եվ քանի որ նրա տոնը կատարվում էր հայոց տարեգլխին՝ Նավասարդին, և երկրի տարբեր կողմերից մարդկանց հոծ բազմություն էր գնում այնտեղ, հարկ էր ունենալ շատ իջևանատներ, և սրան էլ է համապատասխանում այդ չաստվածի անունը։ Եվ թվում է, թե այս դիքին են նվիրված այլ շատ կողմերում դժվար և լեռնոտ ճանապարհների վրա, շինված իջևանատները ևս, որոնք հետագա ժամանակներում կոչվում են <i>փուտկա</i> կամ <i>փութկա</i>՝ նշանակելով «քարավանատուն» ու «կրակ»։ Բառի ծագումը ինձ անծանոթ է, եթե պարսկերեն <i>պյութքետե</i> բառը չէ, որ միաժամանակ նշանակում է «կռատուն» և «պանդոկ»։ Եվ ոչ միայն կռապաշտության, այլև ավելի շատ քրիստոնեության ժամանակներում էին հաստատվել այսպիսի շենքերը, և հարյուրավորները՝ Ներսես Մեծի կողմից՝ ըստ նրա վարքի պատմիչների։
 
Միևնո՞ւյնն էին, թե՞ տարբեր էին Ամանորի դիքերը՝ հավաստի չէ։ Հայտնի չեն նաև նրանց կամ նրա կերպարանքն ու նշանները։ Ագաթանգեղոսը մի քանի տողով հիշատակում է, բայց ոչ պարզորոշ (ըստ հայ թարգմանության)․ «Ի Ժամանակի Դիցն Ամանորայ՝ ամենաբեր նորոց պտղոց տօնից Հիւրընկալ դիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր», որ տարվա առաջին օրն է՝ հայոց Կաղանդը։ Եվ հայտնի է, որ այս տարին արեգակի հաստատուն շրջանով էր, որպեսզի միշտ հանդիպի գարնան կամ մանավանդ ամռան եղանակին, երբ պտուղներն էլ կլինեն հասունացած։ Ըստ այսմ՝ կվայելեր, որամանորաբեր այս չաստվածը լիներ փոխարինողը հռոմեացիների Պոմոնա (Pomona) դիցուհու կամ նրա փեսայի՝ Վերտումնուսի (Vertumnus), որ պարտեզների և պահեզների պահապանն էր և կերպարանավորվում էր որպես գեղեցիկ, ծաղկեպսակ երիտասարդ՝ ձեռքին պտուղներ ու առատության եղջյուր։ Նույն կերպ էր նաև Պոմոնան՝ գեղեցիկ հավերժահարսը՝ պսակված որթով և ողկույզներով, ձեռքին նույն առատության կամ ամենաբեր եղջյուրը։ Եթե չենք կարող հաստատել, գոնե կարող ենք ասել, թե վայել է, որ Վանատուրը և Ամանորի դիքն էլ լինեն հայոց այգիների և պարտեզների հարսն ու փեսան, և գուցե հունական մյուս կուռքերի հետ սրանց պատկերներն էլ են գերվել ու բերվել այստեղ։ Հիշյալ վերջին չաստվածները՝ հռոմեացիների սիրելիները, առնվել էին էտրուսկներից, իսկ էտրուսկները, անտարակույս, վերցրել էին արևելցիներից, բայց որպեսզի՞ արևելցիներից։ Մինչև հիմա գրեթե բոլոր ազգերի և ռամիկների համար ընդհանուր է, ըստ իրենց երկրի եղանակի, այսպիսի ծաղիկների և պտուղների տոն և ուրախություն կատարելը։ Եվ այժմ էլ Հայաստանում տեղ֊տեղ տարվա վերջին օրը կոչում են <i>ծաղկամուտ</i>, որը հարմար չէ ներկայումս գործող տոմարին, բայց ոչ միայն հարմար է հայոց Նավասարդին, այլև այդ ավանդության հաստատողն է։
 
Ոմանք կարծում էին, թե այս տարեգլխի և առաջին ամսվա անունը, ինչպես շատ անգամ է բացատրվել, քաղդեական տոմարը նորոգող մի Նաբուսարդի անունից է (թողնենք <i>նաև</i> բառից տրված մեկնությունը)։ Բայց լեզվագետները ստուգաբանում են կամ ըստ զանդիկ պարսիկների <i>Նավա֊սերհատա</i> անվանման, որ ճիշտ նշանակում է «ամանոր՝ նոր տարի», կամ մանավանդ ըստ հնդիկների <i>Նավա֊սարատա</i>֊ի («Նոր ջրերի տոն»։) Մեր ազգակիցներից ոմանք գիտեն, որ Վարդավառի տոնի արտաքին հանդիսությունները մեզանում կատարվում են ջուր սրսկելով։ Նույնն են անում նաև պարսիկները իրենց նոր տարուն։ Հայտնի է նաև, որ Վարդավառն այժմ Քրիստոսի այլակերպության տոնն է և լինում է Նավասարդ ամսի առաջին օրերին։
 
Հնդիկները մի դիցուհի էլ ունեին՝ Սարատա անունով, որ աղբյուրների ակունքների ու գետերի ջրառատության պահապանն էր, միաժամանակ նաև առատաբուխ ճարտասանության, ինչը սովորություն է նմանեցնել հորդահոս ջրերին ու գետերին։ Ըստ ոմանց՝ նույնն է նաև նրանց Սարասվատի դիցուհին՝ Բրահմայի քույրն ու կինը, իմաստության մայրը, ինչպես հայոց Անահիտը։ Նավասարդի տոները առավել հանդիսավոր դարձրին Արտաշես Բ֊ի որդիները, թեև անդրանիկը՝ Արտավազդը, ըստ առասպելների, հետ հակառակվեց, երբ տավա վերջին ուզում էր ելնել ու ավերել աշխարհը։ Նրա եղբայրներից մեկը՝ Մաժանը, այս տեղի մեհյանների քրմապետն էր և նախանձից սպանվեց․ նրա հիշատակին մյուս եբայրը՝ Տիգրան Բ֊ն, նրա գերեզմանի վրա բագին կանգնեցրեց և կատարել էր տալիս շատ ու շատ կենդանիների զոհաբերություններ, բաժանել էր տալիս եկող֊գնացողի՝ պատվիրելով նաև, որճամփորդ հյուրերին գիշերը հանգիստ առնելու տեղ տան․ «ընդունիցին հիւրք երեկօթիւք»։ Եվ այս հաստատում է Վանատուրի մասին ասվածը։ Տիգրանի որդին էլ՝ «Վաղարշ՝ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ՝ ի մուտն Նաւասարդի»։ (Խորենացի, Բ․ ԿԶ)։
 
Այս բոլոր հեթանոսական տոների փոխարեն ս․ Լուսավորիչը հաստատեց ս․ Կարապետի ու Աթենոգինեսի հիշատակը․ «Տօն մեծ հռչակել․․․ յայնմ աւուր խմբեսցին ի նմին աւանի»՝ Բագավանում։ Ամանորաբեր պտուղների հանդեսից անբաժան էր ծաղիկներինը, որոնց թագավորը կամ թագուհին՝ վարդը, ինչ֊որ ձևով ամբողջովին գրավեց այն՝ անվանել տալով Վարդավառ, որ, ինչպես շատ անգամ է ասվել, մեր ազգի քրիստոնեության ժամանակ սեփականվեց Քրիստոսի լուսապայծառ երևմանը և այլ ազգերից ավելի մեծահանդես էր տոնվում՝ անջինջ թողնելով և հին հայոց հանդեսների անմեղ մասը և ջրհեղեղի հնագույն հիշատակով ջրի խաղերը, աղավնիների թռցնելը, որի նմանակերպ հանդեսը պարսիկների մոտ կոչվում է Ապ֊րիյզեկյան և կատարվում է նրանց <i>տրյա (թիյրմահ)</i> ամսի 13֊ին (մոտավորապես հոկտեմբերին) կամ, ըստ ուրիշների, բահման և խուրտատ ամիսներին<ref>Մյուսներից զատ՝ Հռենոսի գետեզերքի բնակիչները, մանավանդ կանայք Հովհաննես Կարապետի տոնին (հունիսի 24֊ին), ծաղկեպսակով զարդարված, լվացվում էին գետում և հանդեսներ էին կատարում, որպեսզի գետը չբարձրանա և չողողի իրենց հողերը։</ref>։
 
===Սպանդարամետ===
 
Մեր Ս․ գիրքը (Բ․ Մակաբայեցիների, Զ, 7) այս անվամբ է կոչում Դիոնիսոսին կամ հունական Բաքոսին․ «Իբրեւ տօն հասանէր Սպանդարամետական պաշտամանն՝ տագնապէին զնոսա պսակեալս թաւ ոստովք Սպանդարամետին կաքաւել»։ Մեզ ծանոթ է հույների առասպելական Բաքոսը՝ ժամանակին հնդիկների աշխարհակալը, հետո երկրի բերքի, մանավանդ այգիների ու գինու պաշտպանը։ Այսպիսին էր նաև զանդիկ հրեշտակապետը՝ Սպենդա֊արմաիդին, որին հետո պարսիկները կոչեցին Ասֆանտարմատ, Իսֆենտարմազ, Սփենտարմատ, Սիփենտարմյուտ՝ երկրի ու կենդանիների պահապանը և չորրորդ ամսվա (հունիսի) խնամակալը։ Բայց Հազկերտի կողմից նրանց տոմարի վերափոխումից հետո դարձավ երկրորդ ամսվա՝ փետրվարի, նաև ամսիներից յուրաքանչյուրի մեկ օրվա տեսուչ։ Երկրի խնամակալության իամստով է նրան ներկայացնում նաև մեր Արծրունի պատմիչը, սակայն ասվածը գրչագրերում խառնակված է ու որոշակի չի հասկացվում (ըստ մեր ունեցած օրինակների)․ Մանիթոպա աղանդավորի վարդապետությունից հիշում է կրակի տրվելը «ի մարդիկ և յերիր պանդոկի Սպանդարամետ աստուած է (<i>Աստուծոյ կամ որ է ― Ղ․Ա․</i>), ոչ ստեղծեալ յումեքէ, այլ որպէս երեւիդ՝ նոյնպես էր և կայ և մնայ»։ Պարթևներն էլ սրան կոչում էին Սաբանտոմատ, իսկ պարսիկներին մերձավոր հայերը՝ նրանց նման։ Եվ քանի որ թե՛ սրանք, թե՛ հույները նրա բնույթի առումով միաբան են, հարկ է, որ հայերն էլ ճանաչեին Բաքոսի ոգով մեկին և պաշտեին Սպանդարամետի անվամբ, որին պետք չէ շփոթել պարսից Սպանդիար կամ Իսֆենտիյար քաջի հետ, որին, ըստ մեր պատմիչ Մովսես Կաղանկատվացու, պաշտում էին նաև հոները՝ նրան կոչելով Թանկրի խան և նվիրաբերելով մեծամեծ, աղարթախիտ կաղնիներ ու զոհաբերելով ձիեր, «զգլուխն և զկաշին արկանէին զոստով ծառոցն», և այլն։ Գրիգոր Մագիստրոսն էլ իր «Թղթեր»֊ի մեջ հիշատակում է պարսիկների առասպելած քաջին․ «Ոչ մոռացայց զՍպանդիարն ի Սաբալանին կալով լերին», որ Սավալան է՝ Ատրպատականում, որտեղ կար նաև մի մեծ մայրի․ «Արմատ և միջոց նորա ի վէմ յեղափոխեալ՝ Սպանդիարայ զնա կանգնեալ արձան»։ Հայերի մեջ էլ այս քաղաքի անունը եղել է մարդկանց հասարակ անվանում՝ լսելի ինչպես անցյալ դարերում, այնպես էլ հիմա։ Բայց մեր խնդիրը չի վերաբերում այս քաջին կամ դյուցազնին, այլ երկրի կամ գինու պաշտպանին, որի Սպանդարամետ հատուկ անունով պաշտելատեղին հայերի մեջ չի հիշատակվում, իսկ հունարեն անունով հիշատակում է Թովմա Արծրունին՝ Արտաշես Բ֊ի մասին ասելով, թե հրամայեց Փոքր Աղբակ գավառում շինել «մեհեանս զՀերակլեայ և զԴիոնիսեայ, և այնու աղագաւ կարաց շէն պահել զերկիրն՝ շատամարդութեամբ»։ Թվում է, թե գինու զվարթարար զորությամբ ավելի հաղթող եղավ, քան զենքով, գոնե աղբակցիներին։
 
Հույները ունեին ինչպես մի քանի Դիոս, այնպես էլ մի քանի Դիոնիսիոս, որոնցից մեկը անվանում էր Զակրյան՝ ըստ ոմանց՝ «որսորդ» նշանակությամբ, ըստ այլոց՝ Ատրպատականի ու Պարսկահայաստանի Զակրոս լեռների անունով։ (Արդյոք այդպիսի չաստվածին ավելի հարմար չէ՞ր սեփականել Ծաղր կամ Ծաղրածու անունը, քան մի լեռ)։ Մի Բաքոս էլ թրակիացիների Սաբք տոհմի անվամբ կոչվում էր Սաբազ և մեծ ու մոլեկան տոներով պաշտվում էր փռյուգիացիների և, ըստ ոմանց, հատկապես հայերի մեջ։ Բաքոսի մեկ այլ անունն էր Նյուսեոս, որ, թվում է, տրվել է նրա Նյուսա դայակի անունով։ Փիլոստրատոս հույն պատմիչը ասում է, թե իր օրերում բռնվեց մի էգ հովազ, որի վզին անցկացրած էր ոսկե մանյակ, և վրան հայերեն (՞) գրված, թե հայոց Արշակ թագավորը այն նվիրում է Նյուսա չաստվածին։ Ոմանք այս անվամբ նկատի ունեն Նյուսա հավերժահարս դայակին, ոմանք ասում են՝ «գիշեր» է նշանակում, ինչպես <i>Սաբազ</i>֊ը՝ «ցերեկ»։ Ուրիշները տարբեր մեկնություններ են տալիս։ Հավանական է, որ նա լինի նույն ինքը՝ Դիոնիսոս֊Սպանդարմետը։ Ոմանք էլ <i>Նյուսա</i>֊ն համարում են քաղաքի անուն երկրի այլևայլ կողմերում, նաև Հայաստանում, ինչը մեզ անծանոթ է։
 
Սպանդարամետից մի տառ պակաս անունով չաստված կամ ոգի էլ հիշատակվում է մեր գրքերում՝ Սանդարամետ, Սանդարամետք, եզակի և հոգնակի, երբեմն էլ՝ Սանդարամետապետ։ Սա համապատասխանում է հույների՝ երկրի, անդունդի և պարզապես դժոխքի Դեմետրե կոչված դիցուհուն և այս նշանակությամբ էլ գործածվում է մեր գրքերում։ Քանի որ բառի վերջը նույնն է, ինչ որ առաջին անվան (Սպանդիար) վերջը, որոնելի է բուն <i>սանդար</i> կամ <i>սանդարք</i> մասի նշանակությունը, որ ինքնին հայտնի է դառնում՝ «խոր, վիհ, անդունդ և դժոխք», երբեմն էլ՝ «գերեզման»։ Բայց մեր գրքերում այսպիսի բառ առանձին գործածված կամ հայտնված չէ։ Չգիտենք՝ կա՞ նման բառ պարսկերենում կամ այլ լեզվում ու դիցաբանության մեջ։ Բայց ինչպես ասացինք, բարված կամ ածանցված՝ ընծայում են վերոհիշյալ իմաստը, ինչպես՝ Ագաթանգեղոսի ասածը՝ «Սանդարամետական ննջեցեալք»՝ թաղված գերեզմանում, Շնորհալու երգածը դժոխքի ու նրա իշխանի մասին․ «Սպանդրամետք սարսեցին, Զկապեալ ոգիսն արձակեցին», նաև շարականները․ «Զարհուրեալ դողային դասք Սանդարամետիցն», «Ձայնք հնչեցին Սանդարամետք անդընդոց»։ Այս ամենը հայտնի են դարձնում ոչ միայն անդունդն ու դժոխքը, այլև դժոխային ոգիներին, սատանային և դևերին։ Բայց դեռ հետաքննելի է մնում սանդարների անվան էությունն ու ծագումը։
 
===Բար ֊ Շամինա===
 
Արտաշես Ա֊ն գերեց հույներին ու հունական չաստվածներին և բերեց Հայաստան, ինչը շատ անգամ հիշեցինք։ Նրա որդի Տիգրանն էլ նույնը արեց ասորիների ու նրանց չաստվածների հետ, որի անունն իսկ հայտնում է ծագումը։ Նյութն իսկ արժանի էր գերության, քանզի, ըստ Խորենացու, «ի փղոսկրոյ և ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով․ և հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան»՝ Եկեղյաց գավառի Անահիտի հռչակավոր մեհյանի մոտ։ Եղել են այնպիսիները, որ կարծել են նույնիսկ, որ սա նույն Անահիտն է։ Բայց անտարակույս ասորերեն Պաալ֊Սամիմ կամ Պել֊Սամինա (ինչպես կոչում է Հակոբ Սրճեցին) անունների՝ «երկնքի աստված» նշանակելը կամ «մեծ աստված, երկնքի որդի, արեգակ», որի կինն էր Աստարտան։ Զարմանալի չէ, որ հայերը ընդունել ու պաշտել են իրենց ոչ շատ սիրելի ասորիների պաշտածը, որովհետև իրենք էլ էին արևապաշտ։ Զարմանալի է հին գաղիացիների՝ այդպիսի անվամբ՝ Բելիսամա (Belisama), մի դիցուհու պաշտելը, ինչպես Աթենասին։ Ագաթանգեղոսի գրքում գրված է <i>Բարշիմնիա</i> և կոչված է <i>սպիտակափառ</i>․ հարկ է, որ այդպիսին էլ լիներ բյուրեղից ու արծաթից բաղադրվածը՝ ըստ այս պայծառ ու փայլուն հատկության նմանված հույների օվկիանոսային Լևկոթեա դիցուհուն։
 
Բարշամինան հայերի մեջ մտավ ուրիշ չաստվածներից հետո, նրանցից առաջ ջախջախվեց Լուսավորիչի խաչով, որի հրամանով և «զգանձսն ամենայն զոսկոյն և զարծաթոյն աւար հարկանէին․ զայն աղքատաց բաժանեալ բաշխէին․ և զգեօղն ամենայն դաստակերտօք և գետնօքն հանդերձ սահմանօքն՝ յանուն Աստուծոյ նուիրէին․ և զԱմենափրկչին նշանին օրինակ և անդ կանգնէր»։
 
Բարշամինայից հետո կարող ենք նշել սեմական մի քանի այլ սինլքոր չաստվածների ևս, ինչպես Բելին կամ Բահաղին՝ ասորեստանցիների չաստվածահորը, Նաբուին կամ Նաբոգին՝ նրանց Արեգակին կամ Հրատին, Բաթնիքաղին, որ գուցե նույն Բարշամինան էր, Թարաթային կամ Թարթային, որ Անահիտն է կամ Կիբելեն, ըստ այլոց՝ ասկալոցիների ձուկնուկին Ատերկատ դիցուհին, և ուրիշների, որոնք հիշատակվում են Աբգարի պատմության մեջ, եթե նրան ստույգ համարեինք հայոց թագավոր, այլ ոչ Եդեսիա նահանգի առանձին թագավոր՝ համանուն և մերձանուն այն թագավորների հաջորդը և նախորդը, որոնք քրիստոնեական շնորհիվ և Թադեոսի առաքելական քարոզությամբ ընդունելի ու սիրելի են եղել հայերին։
 
Հիշենք սրանց կարգում և հայերիս ավելի մոտ մի քանի դիքերի, որոնք քիչ են ճանաչված կամ քիչ են պաշտված կամ բնիկ չեն և Հայաստանի կենտրոնում չեն, ինչպես Արմազը։
 
===Արմազ===
 
Արմազը վրացիների մեծ չաստվածն էր, որի անունից հայտնի են դառնում Արամազդ լինելը և մեծ հանդեսներով նրանց Մցխեթ մայրաքաղաքում նրա պաշտվելը։ Նրանց երկրորդ մեծ չաստվածը կամ դիցուհին՝ Զադենն էր, ում անունով երդվում էին Փառավական լճի ձկնորսները, երբ այնտեղ եղավ ս․ Նունեն, որի հրաշագործություններից զարմանալով՝ Միհրան թագավորը կամ բդեշխը նույն սուրբ կույսին անվանեց Արամազդի և Զադենի զավակ։ Այս անվանը նման անուններ ունեցող չաստվածներ օտար ազգերի մեջ էլ կան, ինչպես եգիպտացիների Սադին կամ Սադեն՝ Ամոնի և Նիիթի դուստրը, մեռյալների հոգու խնամակալը։ Սաիան հնդիկների Բրահման է՝ «ճշմարտություն» նշանակությամբ։ Դարձյալ Սաթի է կոչվում նրանց Շիվա չաստվածի կինը։ Արդյոք այս անվանը հաղո՞րդ չէ Արտաշես Բ֊ի տիկնանց տիկին գեղեցիկ ալանուհին՝ Սաթենիկը։ Կամ մեր Զատիկ անունն էլ չի՞ ենթադրում համանուն մի չաստված, որը սիրելի եղած լինի հայերին մինչ քրիստոնեության ամենափառավոր տոնը այսպես կոչվելը։ Արժե՞ հիշել և հույների Զեթեսին, որին նրանց վիպասանները մտցրել են Կոլքիս ու նույնիսկ Հայաստան, իբր թե նրա ընկերներից մեկը (Արմենիոս) եկել է և իր անունը թողել մեր հայրենիքին։ Ըստ առասպելների՝ Զեթեսը կամ Զեթեիկը և Կալայիսը եղբայրներ էին՝ Բորեաս հողմի որդիները, և սպանվեցին Հերակլեսի կողմից, բայց դարձան օդաշունչ ոգիների դասակից՝ ոսկեգույն թիկունքներով ու փետրավոր ոտքերով։ Ասվում է, որ արևելքում հիշվում է հատուկ Զատիկ անունով արդարության մի չաստված։
 
Վրաց պատմությունը հիշում է նաև մերձանուն երկու չաստվածների՝ Գայիմ և Գացիմ, որոնց անունները Դյուբուա հոլանդացի տեղագիրը գրում է Այնինի և Տանինի․ հիշատակվում են մեր Արշակունյաց թագավորության սկզբի ժամանակներում։
 
Օտարներին ծանոթ հայանուն չաստված է Փառնակը, որի մասին հիշատակել ենք․ նա պաշտվել է Պոնտոսում և նրան սահմանակից աշխարհներում։ Թե սկզբում որպես ինչ է պաշտվել, հայտնի չէ, բայց ըստ հույների՝ լուսնի արական չաստված է, որ կոչվում էր նաև Մեն կամ Միս, երբեմն էլ՝ միակից՝ Մեն֊Փառնակ, որի հռչակավոր մեհյանն ու պատգամախոսը Պոնտոսի Ամերիսում էին։ Կար նաև Փառնակիա դիցուհի՝ Սանդակի կինը, որ կիլիկեցիների արեգակն է՝ դուստրը Մենեսարի կամ Մեծասարի, որ նշանակում է «ժամանակի իշխան կամ շրջան», և Կինյուրի մայրը։ Սրանք բոլորը մեկտեղ լուսատուների միջոցով նշում են ժամանակը՝ իր չափերով․ նրանց անուններն էլ համապատասխանում են արևելյան լեզուներին։ Փառնակը պատկերվում էր հայագդակ՝ ուսերին կամ ծոծրակի վրա լուսնի մահակ կրելով։
 
Մա կամ Մաս էր անվանվում նաև Կոմանայում պաշտված լուսնի չաստվածը, նույնես և նա, որ Փռյուգիայում էր․ նշանակում էր «մայր» կամ Կիբելե դիցուհի, բայց պաշտամունքը նման էր Անահիտի պաշտամունքին՝ ըստ Ստրաբոնի նկարագրության (XII, 2.3)։ Հույների Մայի հետ զուգորդում են իրենց Էնիոյին, հռոմեացիները՝ Բելլոնային։
 
===Բրիթ===
 
Ս․ Բարդուղիմեոսի ունարեն և լատիներեն վկայաբանությունները Հայաստանում հիշատակում են այս անունով մի պատգամախոս չաստվածի, մինչդեռ հայերենում այդպիսի անուն չկա։ Այն մեզ հիշեցնում է Ուլնիայի Պրիտ լեռը և փյունիկեցիների Բերութին, որին համարում էին երկնքի մայր։
 
Փոքր Հայքի կողմերում՝ Զելայում՝ Անահիտի տաճարում, պաշտվում էր նաև Օման կամ Աման անունով կրակի չաստվածը՝ բրգաձև կամ բլրաձև գլխով։ Նույն տեղում պաշտվում էր նաև Անադատը, որ, ըստ պարսիկների, մի ազատ է և, թվում է, նույն է, ինչ զանդիկների Ամարտատը և պարթևների Ամանտատը, որը յոթ Ամշասբանդ պահապան ոգիներից մեկն էր և ծառերի ու մարգերի խնամողը։ Հայապարսիկ լեզվով Անադատ կարող է նշանակել «անիատուր» և գուշակել տալ մի Անի չաստված էլ, որի երաշխավորներն են երկու Անի բերդերը Հայաստանի արևելյան և արևմտյան մասերում և մանավանդ առաջինի՝ թագավորների գերեզմանատեղի լինելը։
 
Ոչ իբրև ստույգ, այլ անունների նշանակության մերձավորությամբ հիշշատակման ու քննության արժանի եմ համարում նաև մի քանի փոքր դիքերի, ինչպես Էրիսը՝ հույների Արեսի կինը, որ անվամբ ու հատկությամբ նշանակում է «հեռ»՝ ըստ մեր լեզվի։
 
<i>Միռա</i>֊ն մականունն է Պարիկների՝ մահվան դիցուհիների, որոնց հակառակ՝ կելտերը <i>մայր</i> էին կոչում տղաբեր կանանց ու զավակներին խնամող ուրհիներին, ում գործը հարմարագույնն է հայերեն բառի նշանակությամբ։ Սրանք ունեին նաև Օկար կամ Օգամ, Օկիմա անունով ճարտասանության մի չաստված, որի անունը մեզ լսել են տալիս Բասենի Օկամի կամ Օկոմի գյուղի՝ նշվելու արժանի անունը և <i>ոգիլ</i> բառը։
 
Մեր գրքերի մեջ պատահած ուրիշ կամ սխալ գրված չաստվածներին անհիշատակ չթողնելու համար նշենք միայն աշխարհի վերջին ժամանակի և նետողաց ազգի մասին հնարված մի գրվածք, ըստ որի՝ այն ժամանակ Կարինի կողմերում պիտի կանգնեցվեին Դիոսի, Արմեսի, Հերմեսի կամ Արմնի (ըստ այլ օրինակի՝ Իդիես, Արմնիս և Արմնա) կուռքերը, որոնց երկրպագություն չանելու համար շատերը պիտի նահատակվեին։ Գրվածքի հեղինակը, հույներից է առել այս անունները, թե ոչ, համարում է, թե դրանք հայերին անծանոթ չէին։
 
Հիշենք նաև Պլուտարքոսի ասածը («Գետերի մասին» գրքում) Երասխ թագավորի (այստեղից էլ՝ գետի անունը)՝ Արհավիրքի կամ Վնասահալած դիքից նրան երկու աղջիկ զոհելու պատվեր առնելու մասին, և այլն։ Սրա անունը հունարենում էլ է հոգնակի գրված (´БрпрспрбЯб), լատիներենում էլ (Averruncator) և մեզ հիշեցնում է Ագաթանգեղոսի ասածը Արտաշատի բերդապահ այրի կնոջ մասին․ «Հրաման առեալ յԱրհաւրաց», որ ամեն օր (տասներեք տարի) մի հաց գցի վիրապը՝ հոգեպահիկ ս․ Լուսավորչին։
 
Բևեռագրերի ընթերցողներին ենք թողնում Վանի և Հայաստանի այլ կողմերի արձանների մեջ տեսած չաստվածների հայտնի դարձնելն ու հավաստելը։
 
=Մոգություն․ մազդեզական աղանդ=
== Ծանոթագրություններ ==
<references>