Changes

Ծովագայլը

Ավելացվել է 363 319 բայտ, 16:50, 20 Հունվարի 2015
— Չեն կարող փախչել, որովհետև մեր որսորդները չեն թողնի։ Ես մերոնց խոստացել եմ մեկ դոլլար՝ նոր որսորդների որսալիք յուրաքանչյուր ծովակատվի մորթու դիմաց։ Նրանց այսօրվա ոգևորությունը մեծ մասամբ դրա համար էր։ Ոչ, ոչ, մերոնք չեն թողնի, որ փախչեն։ Իսկ այժմ առաջամաս գնացեք և զբաղվեցեք բուժման պարտականություններով։ Հավանորեն, բազմաթիվ վիրավորներ են սպասում ձեզ այնտեղ։

== Գլուխ քսանվեցերորդ ==

Գայլ Լարսենը իր վրա վերցրեց վիսկի բաժանելու գործը։ Ես նավաստիների խցում նոր վիրավորներին էի բուժում, երբ շշերը բերվեցին։ Ակումբներում մարդիկ վիսկի խմում են, այն էլ՝ սոդայով, բայց ես երբեք չէի տեսել այս մարդկանց խմածի նմանը, սրանք խմում էին ուղղակի շշերից, խմում էին մինչ եզրը լցրած գավաթներով ու զանազան անոթներով, որոնցից յուրաքանչյուրի պարունակությունը բավական է հարբեցնելու։ Բայց սրանք խմում էին ոչ թե մեկ կամ երկու գավաթ, այլ իրար հետևից, մինչ շշերն անվերջ գալիս էին ու դատարկվում։

Բոլորն էլ անխտիր խմում էին, նույնիսկ վիրավորները, նույնիսկ Ուֆտի-Ուֆտին, որն օգնում էր ինձ։ Միայն Լուիսն էր զսպում իրեն և շրթները հազիվ թրջում խմիչքով, թեև զվարճությանը մասնակցում էր մյուսներին հավասար աղմկարարությամբ։ Դա մի սատուռնական խախճանք էր։ Բոլորը բարձրաձայն խոսում էին օրվա կռվի մասին, վիճում մանրամասների շուրջ կամ ջերմ գորովանքով եղբայրանում նրանց հետ, որոնց դեմ կռվել էին նույն օրը։ Հաղթողներն ու հաղթվածները միմյանց ուսի վրայից զկռտում և հանդիսավորապես երդվում էին բարեկամության ու հարգանքի խոստումներով։ Նրանք լաց եղան անցած տառապանքների և ապագայում Գայլ Լարսենի երկաթյա բռունցքի տակ կրելիք տառապանքների համար։ Բոլորը միահամուռ անիծում էին նրան և սարսափելի առասպելներ պատմում նրա գազանությունների մասին։

Տարօրինակ ու ահավոր մի տեսարան էին պարզում անկողիններով խճողված փոքր խուցը, օրորվող միջնորմները, տատանվող հատակը, աղոտ լույսը, ճոճվող, հրեշային ձևերով երկարող ու կարճացող ստվերները, ծխի, քրտինքի ու յոդոֆորմի հոտերով ծանրացած օդը և բորբոքված, անասնական տեսք ստացած դեմքերը։ Ես նկատեցի, որ Ուֆտի-Ուֆտին վիրակապի ծայրը բռնած դիտում է այդ տեսարանը։ Նրա թավշային ու փայլուն աչքերը լույսի տակ պսպղում էին եղնիկի աչքերի նման, բայց ես զգում էի, որ հակառակ մեղմ, քնքուշ ու գրեթե կանացի դեմքին, այդ րոպեին նրա կրծքի տակ դարանակալ սպասում է վայրագ դևը։ Ես նույնպես նկատեցի, որ Հարրիսոնի սովորաբար բարի ու պատանեկան դեմքը այժմ ճիվաղային տեսք է ստացել։ Կրքից ձգված դեմքով նա նորեկներին բացատրում էր, թե ինչպիսի դժոխք-նավի վրա են գտնվում և ճչալով հիշոցներ էր թափում Գայլ Լարսենի գլխին։

Խոսակցության ամբողջ նյութը Գայլ Լարսենն էր, միայն ու միայն Գայլ Լարսենը՝ մարդկանց ստրկացնող ու տանջող այդ արու Կիրկեն, որի խոզերն էին դարձել սրանք։ Այս բազմաչարչար անասունները սողում էին նրա առաջ և ըմբոստանում միայն հարբած վիճակում կամ՝ գողտուկ։ «Արդյոք ե՞ս էլ նրա խոզերից եմ», մտածեցի։ «Իսկ Մոդ Բրուստե՞րը։ Ո՛չ»։ Զայրույթից ու վճռականությունից ատամներս կրճտացրի և անգիտակցաբար այնպես սեղմեցի իմ հիվանդի վերքը, որ նա ուժգին ցնցվեց, և Ուֆտի-Ուֆտին նայեց ինձ հետաքրքրությամբ։ Այդ պահին իմ մեջ զգում էի մի անակնկալ ուժ։ Նորահայտ սերը ինձ դարձրել էր հսկա։ Ես այլևս ոչնչից չէի վախենում։ Իմ կամքը պետք է հաղթահարի բոլոր արգելքները հակառակ Գայլ Լարսենին և հակառակ գրքերի մեջ անցկացրած իմ երեսունհինգ տարիներին։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես այնպես կանեմ, որ ամեն ինչ լավ լինի։ Եվ իմ մեջ ծնված ուժի գիտակցությունից ոգեշնչված՝ մեջքս դարձրի այդ ոռնացող դժոխքին ու բարձրացա տախտակամած, որտեղ օդը մաքուր, հանդարտ ու հաճելի էր, իսկ մառախուղը մոխրագույն ուրվականի պես ծփում էր խավարում։

Որսորդների խցում, որտեղ կային երկու վիրավոր, ես գտա գինարբուքի նույնպիսի մի տեսարան, լոկ այն բացառությամբ, որ այստեղ Գայլ Լարսենի հասցեին չէին հայհոյում։ Հոգեկան խոր թեթևացում զգացի, երբ նորից բարձրացա տախտակամած և ուղղվեցի դեպի նավասենյակ։ Ընթրիքը պատրաստ էր, և Գայլ Լարսենն ու Մոդը սպասում էին ինձ։

Մինչդեռ նավի ամբողջ անձնակազմը փութեռանդ հարբում էր, նավապետը մնում էր զգաստ։ Նա ոչ մի կաթիլ ոգելից ըմպելիք չխմեց։ Տվյալ պայմաններում նա չէր համարձակվում խմել, որովհետև բացի ինձանից ու Լուիսից (Լուիսը այժմ կանգնած էր ղեկանիվի մոտ), ուրիշ ոչ ոքի վրա հույս գնել չէր կարող։ Մենք նավարկում էինք մշուշի միջով, առանց ազդանշանորդի և առանց լույսերի։ Ինձ գարմանք պատճառեց, թե ինչու Գայլ Լարսենը այդքան առատ խմիչք բաժանեց։ Բայց նա ակնհայտորեն ճանաչում էր որսորդների ու նավաստիների հոգեբանությունը և գիտեր արյունահեղությամբ սկսված փոխհարաբերությունը սրտագին բարեկամության վերածելու լավագույն միջոցը։

Մահ Լարսենի վրա տարած հաղթանակը, ըստ երևույթին, խորապես ոգևորել էր նրան։ Երեկ երեկոյան նա համակված էր թախծոտ մտքերով, և ես մեկ րոպեից մյուսը սպասում էի նրա յուրահատուկ պոռթկումներից մեկնումեկին։ Սակայն ոչինչ չպատահեց. նրա տրամադրությունը հիանալի էր։ Հավանորեն, բազմաթիվ որսորդներ ու մակույկներ գրավելու հաջողությունը հակազդել էր նրա սովորական մռայլության վրա։ Համենայն դեպս, թախիծն անհետացել էր և նրա մեջ գտնվող դևը չէր հայտնվում։ Ես այդպես էի մտածում այդ րոպեին, բայց վա՜յ ինձ, ես դեռ շատ քիչ էի ճանաչում նրան և չգիտեի, որ նույն րոպեին նա որոճում էր մի այնպիսի ահավոր պոռթկում, որի նմանը դեռ չէի տեսել։

Ինչպես ասացի, նա հիանալի տրամադրության մեջ էր երևում այն պահին, երբ ես նավասենյակ մտա։ Մի քանի շաբաթից ի վեր նա գլխացավի նոպաներ չէր ունեցել, աչքերը վճիտ էին ինչպես կապույտ երկինքը, թուխ դեմքը ճառագայթում էր կատարյալ առողջությամբ և կյանքը առատ ու սքանչելի հոսանքով շրջում և ուռճանում էր նրա երակների մեջ։ Ինձ սպասելիս՝ նա աշխույժ զրույց էր սկսել Մոդի հետ։ Նրանք խոսում էին գայթակղության մասին, և լսածս մի քանի բառերից կռահեցի, որ նա պնդում էր, թե գայթակղությունը դառնում է գայթակղություն միայն այն ժամանակ, երբ մարդ չի կարողանում նրան դիմադրել և սայթաքում է։

— Որովհետև, ինչպես ես եմ հասկանում,— ասում էր նա,— մարդը գործում է դրդվելով ցանկություններից։ Եվ նա ունի բազմաթիվ ցանկություններ։ Նա կարող է, օրինակ, ցավից խույս տալու և հաճույքներ վայելելու ցանկությունն ունենալ։ Եվ ինչ որ նա անում է, անում է միայն ցանկության մղումով։

— Բայց ենթադրենք, թե նա ցանկանում է երկու իրարամերժ բան, որոնցից յուրաքանչյուրը արգելում է մյուսին,— ընդհատեց Մոդը։

— Ես հենց դրան էի գալիս,— ասաց նա։

— Հենց այդ երկու ցանկությունների միջև է, որ բացահայտվում է մարդու հոգին,— շարունակեց Մոդը։— Եթե նրա հոգին բարի է, ապա նա կնախընտրի և կգործադրի բարի ցանկությունը, իսկ եթե չար է՝ ընդհակառակը։ Երկու դեպքում էլ որոշողը հոգին է։

— Դատարկ խոսքե՜ր,— բացականչեց Լարսենը անհամբերությամբ։— Ցանկությունը ինքն է որոշում։ Վերցնենք, օրինակ, մի մարդ, որը, ասենք, ցանկանում է հարբել, բայց միաժամանակ չի ցանկանում հարբել։ Այսպիսի դեպքում նա ի՞նչ կանի։ Նա խամաճիկ է, նա իր ցանկությունների գերին է և հետևաբար հնազանդվում է երկու ցանկություններից ուժեղագույնին, և վե՛րջ։ Նրա հոգին ոչ մի գործ չունի այստեղ։ Երբ նրան գայթակղեցնում է հարբելու ցանկությունը, նա անկարող է դրան դիմադրել։ Իսկ եթե հաղթահարում է զգաստ մնալու ցանկությունը, նշանակում է՝ այդ ցանկությունն է ավելի ուժեղ։ Գայթակղությունը ոչ մի դեր չի կարող խաղալ, եթե...— նա մի պահ մտածեց իր մեջ ծագած միտքը ձևավորելու համար,— եթե զգաստ մնալու գայթակղություն չես ունենում։

— Հա՜-հա՜,— ծիծաղեց նա,— ի՞նչ է ձեր կարծիքը այս մասին, միստր Վան-Վեյդեն։

— Իմ կարծիքն այն է, որ դուք երկուսդ էլ վիճում եք նույնիմաստ բառերի շուրջը,— ասացի ես։— Մարդու հոգին բաղկացած է հենց նրա ցանկություններից կամ, եթե ուզում եք, հոգին բոլոր ցանկությունների հանրագումարն է։ Հենց այստեղ է, որ երկուսդ էլ սխալվում եք։ Դուք, միստր Լարսեն, շեշտը դնում եք ցանկության վրա, այն անջատելով հոգուց, իսկ միսս Բրուստերը շեշտը դնում է հոգու վրա, այն հակադրելով ցանկություններին, մինչդեռ իրականում հոգին և ցանկությունը նույն բանն են։

— Սակայն,— շարունակեցի ես,— միսս Բրուստերը իրավացի է, երբ պնդում է, թե գայթակղությունը միշտ գայթակղություն է մնում անկախ այն հանգամանքից մարդը ենթարկվում է նրան, թե ոչ։ Քամին հրահրում է կրահը, մինչև որ այն սկսում է մոլեգնորեն բոցավառվել։ Այդպես է նաև ցանկության կրակը։ Նրան հրահրում է ըղձալի առարկան կամ ըղձալի առարկայի նոր ու հրապուրիչ մի նկարագրությունը կամ հասկացությունը։ Հենց դրանում է գայթակղությունը։ Նա քամու պես հրահրում է ցանկությունը, մինչև որ վերջինս գերիշխող է դառնում։ Դա գայթակղություն է։ Դա կարող է բավականաչափ չհրահրել և, հետևաբար, գերիշխող չդարձնել ցանկությունը, բայց, այնուամենայնիվ, նա գայթակղություն է, թեկուզ այն չափով, ինչ չափով հրահրում է։ Եվ գայթակղությունը, ինչպես դուք ասում եք, կարող է մարդուս հրապուրել և՛ դեպի բարին, և՛ դեպի չարը։

Ես հպարտ էի ինձանով։ Իմ խոսքերը վճռական դեր կատարեցին։ Նրանք, համենայն դեպս, վերջ դրին վիճաբանությանը։ Եվ մենք սեղան նստեցինք։

Բայց այդ օրը Գայլ Լարսենը սովորականից ավելի էր տրամադրված խոսելու։ Ես նրան երբեք այդպես զրուցասեր չէի տեսել։ Կարծես նրա մեջ կուտակված եռանդը ձգտում էր որևէ կերպ մի ելք գտնել։ Նա անմիջապես խոսք բացեց սիրո մասին։ Ինչպես միշտ, նա հարցը քննում էր զուտ մատերիալիստական տեսանկյունից, իսկ Մոդը՝ իդեալիստական։ Ես գրեթե չմասնակցեցի վիճաբանությանը և բավականացա միայն երբեմն-երբեմն մի հակիրճ կշռադատություն կամ մի փոքր ճշտում անելով։

Գայլ Լարսենը փայլում էր պերճախոսությամբ, բայց նույնքան փայլում էր և Մոդը։ Ես միառժամանակ կորցրեցի նրանց խոսակցության թելը, որովհետև երբ Մոդը խոսում էր, ես նրա դեմքն էի զննում։ Այդ դեմքը, որն առհասարակ շատ քիչ էր գունավորվում, այժմ կարմրել ու ոգևորվել էր։ Նրա մտածողությունը ազատ ասպարեզ էր գտել, և նա հաճույք էր ստանում վիճելուց, իսկ Գայլ Լարսենը խորապես ըմբոշխնում էր զրույցը։ Վիճաբանության ընթացքում, որին չէի հետևում (ես հափշտակությամբ դիտում էի Մոդի շագանակագույն գանգուրներից մեկը), Գայլ Լարսենը, չգիտեմ ինչ առիթով, հետևյալ քաղվածքը բերեց Տինտագելի մեջ Իզոլդի արտասանած խոսքերից.

Ես փառաբանված եմ անգամ այստեղի կանանց մեջ,

Որովհետև ավելի եմ մեղանչել, քան որևէ մահկանացու կին,

Եվ գեղեցիկ ու կատարյալ է իմ մեղքը...

Ինչպես ժամանակին նա հոռետեսություն էր գտնում Օմար Խայամի քառյակների մեջ, այնպես էլ այժմ խանդավառություն և հաղթանակ էր տեսնում Սուինբեռնի տողերում։ Եվ նա ճիշտ էր կարդում ու լավ արտասանում։ Հազիվ էր նա արտասանել հիշյալ տողերը, երբ Լուիսը նավասանդուղքի բացվածքից գլուխն իջեցնելով՝ փսփսաց.

— Խնդրում եմ ցածր խոսել։ Մառախուղը բարձրացել է և հենց այս րոպեիս շոգենավը դիմացից կտրում է մեր ճանապարհը։ Ես տեսա նրա ձախ կողմի լույսը։

Գայլ Լարսենը շտապ բարձրացավ տախտակամած։ Երբ մենք հասանք տախտակամած, նա արդեն ծածկել էր որսորդների խուցը տանող անցքի կափարիչը, որտեղից բարձրանում էր հարբածների գոռգոռոցը, և ուղղվում էր դեպի խելամաս նավաստիների խցի անցքն էլ փակելու համար։ Մառախուղը չէր փարատվել, այլ վեր բարձրանալով ծածկել էր աստղերը, և այդպիսով գիշերը ավելի էր խավարել։ Ճիշտ մեր դիմաց ես տեսա երկու լույս՝ մեկր կարմիր, մյուսը սպիտակ, և միևնույն ժամանակ լսեցի շոգենավի մեքենաների համաչափ զարկերը։ Դա, անկասկած, «Մակեդոնիան» էր։

Գայլ Լարսենը բարձրացավ հարթակի վրա, և մենք երեքս լուռ դիտեցինք դիմացից արագ անցնող լույսերը։

— Բարեբախտություն է, որ նա լուսարձակներ չունի,— ասաց Գայլ Լարսենը։

— Ի՞նչ կպատահեր, եթե հանկարծ ուժով բղավեի,— հարցրի ես փսփսալով։

— Դա կլիներ ամեն ինչի վերջը,— պատասխանեց նա։— Բայց դուք մտածե՞լ եք, թե այդ դեպքում ինչ կարող է պատահել ձեզ։

Նախքան հարցնելս, թե ինչ կարող է պատահել ինձ, նա գորիլլայի թաթի պես ուժեղ ձեռքով կոկորդս բռնեց և մկանների աննկատելի թրթռացումով ինձ լրիվ պատկերացում տվեց, թե ինչպիսի հեշտությամբ կարող է վիզս ոլորելով կոտրել։ Դրանից հետո ինձ թողեց և մենք միասին շարունակեցինք «Մակեդոնիայի» լույսերը դիտել։

— Իսկ ինչ կպատահեր, եթե ես բղավեի,— հարցրեց Մոդը։

— Ես ձեզ այնքան եմ հավանում, որ ձեզ վնաս չէի հասցնի,— ասաց նա մեղմ ձայնով, որը հնչեց այնքան ջերմ ու գորովագին, որ ես խանդի ցավից ցնցվեցի։— Բայց, այնուամենայնիվ, այդպիսի բան չանեք, այլապես միստր Վան-Վեյդենի վիզը իսկույն կկոտրեմ։

— Այդ դեպքում ես նրան թույլ եմ տալիս բղավել,— ասացի հանդգնությամբ։

— Ես չեմ կարծում, որ միսս Բրուստերը կուզենար զոհաբերել ամերիկյան գրականության Երկրորդ Ուսուցչապետին,— հեգնեց նա։

Մենք այլևս չխոսեցինք։ Ընդ որում, արդեն այնքան էինք վարժվել միմյանց, որ այդ լռությունը մեզ չճնշեց։ Իսկ երբ կարմիր ու սպիտակ լույսերն անհետացան, նորից խուց վերադարձանք՝ ընդհատված ընթրիքը շարունակելու։

Նրանք երկուսով նորից քաղվածքներ բերեցին և այդ առթիվ Մոդը արտասանեց Դաուսոնի «Impenitentia ultima»-ն։ Ես դիտում էի ոչ թե նրան, այլ Գայլ Լարսենին։ Ինձ կախարդել էր Մոդի վրա նրա հառած հայացքը։ Նա բոլորովին վերացել էր և ես նկատեցի, որ նրա շրթներն անգիտակցաբար շարժվելով՝ կրկնում էին Մոդի արտասանած յուրաքանչյուր բառը։ Նա Մոդին ընդհատեց, երբ վերջինս արտասանում էր հետևյալ տողերը.

...Թող նրա աչքերն ինձ լուսավորեն

Արևը մայր մտնելուց հետո,

Եվ նրա ձայնում երգող ջութակների հնչյունները

Իմ լսելիք վերջին հնչյունները լինեն...

— Ձեր ձայնի մեջ էլ ջութակներ են երգում,— ասաց նա անսպասելիորեն և նրա աչքերը շողացին ոսկեճաճանչ լույսով։

Մոդը այնքան լավ զսպեց իրեն, որ քիչ մնաց ճչայի ուրախությունից։ Առանց շփոթվելու նա արտասանեց վերջին տունը և այնուհետև խոսակցությունը մեղմորեն փոխադրեց նվազ վտանգավոր ուղու վրա։ Եվ այդ ամբողջ ժամանակ ես մնացի կիսաշշմած վիճակում։ Խցի միջնորմից լսվում էր հարբած որսորդների գոռգոռոցը, իսկ իմ դիմաց անվերջ զրուցում էին այն մարդը, որն ինձ ահ էր ազգում, և այն կինը, որին սիրում էի։ Ոչ ոք սեղանը չհավաքեց։ Մագրիջին փոխարինող նավաստին ակնհայտորեն միացել էր իր ընկերներին։

Եթե Գայլ Լարսենը երբևէ կարող էր հասնել հափշտակության բարձրակետին, ապա նա դրան հասել էր հենց այդ զրույցի ընթացքում։ Սեփական խոհերից կտրվելով ես ժամանակ առ ժամանակ հետևում էի նրան և հետևում ապշությամբ։ Այդ պահերին նա մտքիս վրա իշխում էր իր արտասովոր բանականությամբ ու կրքի թափով։ Նա ջատագովում էր ըմբոստացումը։ Խոսակցության ընթացքում անխուսափելիորեն հիշատակվեց նաև Միլտոնի «Լուցիֆերը»։ Գայլ Լարսենը այնպիսի խորամտությամբ վերլուծեց ու բնութագրեց Լուցիֆերի կերպարը, որ իմ աչքում լիովին բացահայտվեց նրա խափանված տաղանդի բովանդակ ուժը։ Նրա դատողություններն ինձ հիշեցնում էին Թենին, թեև ես վստահ էի, որ նա երբեք չի կարդացել այդ փայլուն, բայց վտանգավոր մտածողի ստեղծագործությունը։

— Լուցիֆերր պայքարում էր մի կորած դատի համար և չէր վախենում աստծու շանթերից,— ասում էր Գայլ Լարսենը։— Դժոխք նետվելուց հետո նա գարձյալ չպարտվեց։ Նա իր հետ տարավ հրեշտակների մոտ մեկ երրորդը, անմիջապես սկսեց նախամարդուն գրգել աստծու դեմ և իր դժոխքի համար շահեց հետագա մարդկության յուրաքանչյուր սերնդի խոշորագույն մի մասը։ Իսկ ինչո՞ւ էր նա վտարվել երկնքից։ Մի՞թե նրա համար, որ աստծուց նվազ քաջ էր կամ նվազ հպարտ, նվազ փառասեր։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Աստված ավելի ուժեղ էր, որովհետև, ինչպես ասված է՝ «նրա շանթերը նրան դարձրել էին ավելի հզոր»։ Բայց Լուցիֆերը ազատասեր հոգի էր։ Նրա համար ծառայել նշանակում էր շնչահեղձ լինել։ Եվ նա նախամեծար համարեց ազատ լինել ու տանջվել, քան հանգստավետ գերության մեջ երջանիկ ապրել։ Նա չուզեց ծառայել աստծուն։ Նա ոչ ոքի չուզեց ծառայել։ Նա անոտք կիսանդրի չէր։ Նա կանգնած էր իր սեփական ոտքերի վրա։ Նա ինքնուրույն անհատականություն էր։

— Նա ամենաառաջին անարխիստն էր,— ծիծաղեց Մոդը և վեր կենալով պատրաստվեց քաշվել իր խուցը։

— Եթե անարխիստ էր, ուրեմն լա՛վ է անարխիստ լինելը,— գոչեց Գայլ Լարսենը և նույնպես վեր կացավ։ Երբ մոտեցանք Մոդի խցին, նա կանգնեց մանկամարդ կնոջ դիմաց և արտասանեց հետևյալ տողերը,

... Գոնե այստեղ

Մենք ազատ կլինենք։ Այստեղ Ամենակարողը

Մեզ չի նախանձի և չի վտարի մեզ։

Այստեղ մենք կարող ենք անկաշկանդ իշխել։ Ինձ համար՝

Իշխելը, անգա՛մ դժոխքում, արժանավայել փառասիրություն է.

Ավելի լավ է դժոխքում իշխել, քան ծառայել երկնքում։

Դա հզոր հոգու մարտահրավերն էր։ Երբ նա լռեց, նրա ձայնը դեռ արձագանքում էր խցում։ Նա կանգնած էր այնտեղ, նավի հետ տատանվելով, բրոնզագույն դեմքը՝ փայլուն, գլուխը բարձր ու տիրական։ Իսկ ոսկեշող աչքերը անհունորեն առնական ու անհունորեն մեղմ հայացքով նայում էին դռան մոտ կանգնած Մոդի աչքերին։

Մանկամարդ կնոջ աչքերը դարձյալ լցվեցին մի անանուն սարսափով և նա գրեթե շշնջալով ասաց․

— Դուք Լուցիֆերն եք...

Դուռը փակվեց, և նա անհետացավ։ Գայլ Լարսենը մի պահ զարմացած նայեց նրա հետևից, ապա, իրեն իշխելով, դարձավ դեպի ինձ։

— Ես գնում եմ Լուիսին փոխարինելու ղեկանիվի առաջ,— ասաց նա կտրուկ,— կեսգիշերին ձեզ կկանչեմ, որ ինձ փոխարինեք։ Մինչ այդ գնացեք և մի քիչ քնեցեք։

Նա հետը վերցրեց մի զույգ թաթման, դրեց գդակը և բարձրացավ տախտակամած։ Իսկ ես, նրա խորհրդին հետևելով, գնացի պառկելու։ Բայց չգիտեմ ինչու, ինչ-որ գաղտնի թելադրանքից դրդվելով՝ պառկեցի բոլորովին հագնված։ Միառժամանակ ունկնդրեցի որսորդների խցից եկող գոռգոռոցին, ապա հոգեզմայլությամբ խորհրդածեցի իմ անակնկալ սիրո մասին։ Բայց «Ուրվականի» վրա ես արդեն սկսել էի խոր ու կանոնավոր քնել։ Շուտով երգերն ու ճիչերը աստիճանաբար անլսելի դարձան, աչքերս փակվեցին և գիտակցությունս թաղվեց մեռելային թմրության մեջ։

Չգիտեմ, թե ի՞նչն արթնացրեց ինձ, բայց հանկարծ անդրադարձա, որ կանգնած եմ սենյակի մեջտեղը, արթուն վիճակում։ Հոգիս կարծես սարսռում էր վտանգի անձայն նախազգուշացումից, այնպես, ինչպես պիտի սարսռար, եթե այդ նախազգուշացումը հաղորդվեր գալարափողի ուժգին կանչով։ Իսկույն բացեցի դուռը։ Նավասենյակում ճրագի լույսը թուլացել էր։ Ես տեսա Մոդին, իմ Մոդին, որը գալարվում ու մաքառում էր Գայլ Լարսենի գրկում։ Ես տեսա, թե ինչպես երերում ու ալեկոծվում էր նրա անզոր մարմինը, երբ նա երեսը Գայլ Լարսենի կրծքին սեղմած, ջանում էր խուսափել նրանից։ Այս ամենը տեսա մի ակնթարթում և նույն ակնթարթում նետվեցի իմ ոսոխի վրա։

Ես նրա դեմքին բռունցքի մի հարված հասցրի այն պահին, երբ գլուխը բարձրացնում էր վեր, բայց դա մի թույլ հարված էր։ Նա արձակեց մի վայրի, անասնական մռնչյուն և ձեռքով ինձ ետ մղեց։ Դաստակի այդ պարզ հպումն այնքան ուժեղ էր, որ բաբանի նման ինձ նետեց հեռու։ Ես խփվեցի Մագրիջի նախկին խցի դռանը, որի տախտակները ընդհարման ուժգնությունից ճեղքվելով ջախջախվեցին, և մարմինս խրվեց մեջը։ Ջանացի ոտքի կանգնել և դժվարությամբ դուրս եկա ջարդված դռան ճեղքից։ Այդ պահին ոչ մի ցավ չզգացի, որովհետև համակվել էի ամենաբուռն կատաղությամբ։ Որքան հիշում եմ, ես էլ մի բարձր աղաղակ արձակեցի և դաշույնս պատյանից հանած՝ առաջ խոյացա։

Բայց պատահել էր ինչ-որ անհասկանալի բան։ Այժմ նրանք միմյանցից հեռու կանգնած երերում էին։ Լարսենին մոտենալով դաշույնը բարձրացրի, բայց ձեռքս օդում անշարժացավ և հարված չիջեցրի։ Տեսարանի տարօրինակությունը շփոթեցրել էր ինձ։ Մոդը մեկ ձեռքով հենվել էր միջնորմին և ջանում էր մարմնի հավասարակշռությունը պահել, մինչդեռ Գայլ Լարսենը ամբողջ մարմնով տատանվում էր։ Ձախ ձեռքով ճակատր սեղմած՝ նա աչքերը ծածկել էր, իսկ աջով շշմածի պես ափլփում էր օդը։ Երբ վերջապես ձեռքը հասավ միջնորմին, այդ հպումից կարծես նա ֆիզիկական թեթևացում զգաց, ասես իր մարմնի համար հենարան էր գտել և գիտակցել էր իր դիրքն ու շրջապատը։

Այդ Ժամանակ ես նորից արյան ծարավ զգացի։ Մտքովս շլացուցիչ պայծառությամբ անցան իմ կրած նվաստացումներն ու անիրավությունները, նրա ձեռքից իմ և ուրիշների քաշածը և լիովին ըմբռնեցի, թե որքան հրեշային է այս մարդու գոյությունը։ Ես կուրորեն, խելագարի պես նետվեցի նրա վրա և դաշույնը խրեցի ուսի մեջ։ Բայց նույն վայրկյանին հասկացա, որ բացված վերքը թեթև էր, թանի որ պողպատի ծայրը թիակին հասնելով՝ սահեց։ Դաշույնը նորից բարձրացրի՝ այս անգամ մարմնի ավելի կենսական մի մասին հարվածելու համար։

Բայց Մոդը, որ տեսել էր իմ առաջին հարվածը, գոչեց.

― Մի՛ արեք, խնդրում եմ։

Ես մի վայրկյան ձեռքս իջեցրի, բայց միայն մի վայրկյան։ Նորից դաշույնը բարձրացավ, և Գայլ Լարսենը, անկասկած, կմեռներ, եթե Մոդը չնետվեր մեր միջև։ Նա ինձ փաթաթվեց և մազի գանգուրները այտս շոյեցին։ Արյունս սկսեց արտասովոր կերպով եռալ, սակայն դրա հետ մեկտեղ կատաղությունս էլ սաստկացավ։ Մոդը արիաբար նայեց աչքերիս մեջ։

— Ի՜մ սիրույն,— թախանձեց նա։

— Ձեր սիրո համար է, որ ուզում եմ սպանել սրան,― գոչեցի ես, ջանալով ձեռքս ազատել առանց նրան ցավ պատճառելու։

— Հանդարտվեցեք,— մրմնջաց նա, մ ատն երր հու՛շիկ հպելով շրթներիս։

Այդ մատների հպումն այնքան քաղցր էր, որ հակառակ կատաղությանս կհամբուրեի դրանք, եթե համարձակվեի։

— Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ,― թախանձեց նա, և այդ խոսքերն ինձ զինաթափեցին։ Նույն պահին ես գիտակցեցիհ որ այդ խոսքերը միշտ պիտի զինաթափեն ինձ։

Ես ետ քաշվեցի և, դաշույնը պատյանի մեջ զետեղելով, նայեցի Գայլ Լարսենին։ Նա ձախ ձեռքով դեռ սեղմում էր ճակատը և աչքերը ծածկել էր ափի տակ։ Գլուխը վար էր հակվել, մարմինը կարծես լխկել էր, ահագին ուսերը կծկվել ու թեքվել էին առաջ։

— Վան-Վեյդե՜ն,― կանչեց նա խռպոտ ձայնով, որի մեջ վախի ինչ-որ հնչյուն թրթռաց,— Վան-Վեյդե՜ն, որտե՞ղ եք դուք։

ես նայեցի Մոդին։ Նա լռությամբ գլխով արեց։

— Այստեղ եմ,— պատասխանեցի մոտենալով։— Ի՞նչ է պատահել։

— Ինձ օգնեցեք նստելու,— ասաց նա նույն խռպոտ վախեցած ձայնով։

— Հիվանդ եմ, շա՜տ հիվանդ, Հեմփ,— ասաց նա, երբ ընկավ աթոռի վրա և թողեց ձախ ձեռքս, որով պահում էի նրան։

Ապա գլուխը սեղանին հենելով՝ թաղեց ձեռքերի մեջ։ Երբեմն-երբեմն նա գլուխը ետ ու առաջ էր շարժում ցավից։ Մի անգամ, երբ գլուխը բարձրացրեց, ես տեսա, որ ճակատը, մինչև մազերի արմատները, ողողված է քրտինքի խոշոր կաթիլներով։

— Հիվանդ եմ, շա՜տ հիվանդ,— կրկնում էր նա նորից ու նորից։

— Բայց ի՞նչ է պատահել,— հարցրի, ձեռքս դնելով նրա ուսին։— Ինչո՞վ կարող եմ օգնել։

Նա շղային շարժումով ձեռքս հեռացրեց ուսից, և ես երկար ժամանակ լուռ կանգնեցի նրա կողքին։ Մոդը ահաբեկված՝ նայում էր մեզ։ Մենք չէինք կարողանում ըմբռնել, թե ինչ է պատահել նրան։

— Հեմփ,— ասաց նա վերջապես,— պետք է գնամ անկողին մտնեմ։ Օգնեցեք ինձ։ Շուտով կանցնի։ Երևի գլխացավի այդ անիծյալ նոպաներից մեկն է։ Ես դրանցից վախենում էի։ Ես ինչ-որ նախազգացում ունեմ, որ... Էհ, ես էլ չգիտեմ, թե ինչ եմ խոսում։ Ինձ օգնեցեք, որ անկողնուս հասնեմ։

Երբ նրան պառկեցրի իր անկողնում, նա նորից դեմքը թաղեց ձեռքերի մեջ և աչքերը ծածկեց, իսկ երբ պատրաստվում էի խցից դուրս գալ, լսեցի, որ մրմնջում է.

― ՀԻվանդ եմ, շա՜տ հիվանդ։

Երբ դուրս եկա, Մոդը հարցական նայեց ինձ։ Ես գլուխս օրորելով ասացի․

— Նրան ինչ-որ բան է պատահել, բայց չեմ կարողանում հասկանալ թե ինչ։ Նա անօգնական տեսք ունի, և ես կարծում եմ, որ առաջին անգամ իր կյանքում նա վախենում է։ Այդ պատահել է նախքան դաշույնի հարվածը, որը միայն թեթևակի է վիրավորել։ Դուք ինքներդ պետք է տեսած լինեք, թե ինչ պատահեց։

Նա գլուխը թափահարեց։

— Ես ոչինչ չտեսա։ Ինձ համար էլ դա նույնքան հանելուկ է։ Նա ինձ հանկարծակի բաց թողեց և սկսեց երերալով ընկրկել։ Բայց ի՞նչ պետք է անենք։ Ի՞նչ պետք է անեմ ես։

— Այստեղ սպասեցեք, խնդրեմ, մինչև որ վերադառնամ,— պատասխանեցի ես։

Ես բարձրացա տախտակամած։ Լուիսը ղեկանիվի առջևն էր։

— Դու կարող ես գնալ ու քնել,— ասացի նրան, անցնելով ղեկանիվի առաջ։

Նա շտապ հնազանդվեց, և ես մեն-մենակ մնացի «Ուրվականի» տախտակամածի վրա։ Այնուհետև կարելի եղածին չափ քիչ աղմուկ հանելով՝ հավաքեցի միջնակայմի մեծ առագաստն ու առաջամասի առագաստները, ապա վերադարձա Մոդի մոտ։ Մատս շրթներիս դնելով՝ նրան հանձնարարեցի լուռ մնալ և մտա Գայլ Լարսենի խուցը։ Նա դեռ պառկած էր նույն դիրքով, և գլուխը բարձի վրա շարունակ օրորվում էր մեկ կողմից մյուսը։

— Կարո՞ղ եմ որևէ բանով օգնել ձեզ,— հարցրեցի ես։

Սկզբում նա չպատասխանեց, բայց երբ հարցումը կրկնեցի, ասաց.

— Ոչ, ոչ, հիմա ավելի լավ եմ։ Ինձ մենակ թողեք մինչև առավոտ։

Բայց դուրս գնալու ժամանակ ես նկատեցի, որ նրա գլուխը սկսել էր նորից օրորվել։ Մոդը համբերությամբ սպասում էր ինձ, և ես ուրախության սարսուռով նկատեցի, որ նա գեղեցիկ գլուխը խրոխտ էր պահում թագուհու պես, իսկ աչքերը հանդարտ ու ինքնավստահ էին, ինչպես նրա հոգին։

— Կարո՞ղ եք ձեր կյանքն ինձ վստահել և հետս կատարել մոտ վեց հարյուր մղոն հեռավորությամբ մի ճանապարհորդություն,— հարցրի ես։

— Ուզում եք ասել...― սկսեց նա, և ես հասկացա, որ նա ճիշտ էր գուշակել իմ մտադրությունը։

— Այո, հենց այդ եմ ուզում ասել։ Մեզ ուրիշ ոչինչ չի մնում անել, բացի մակույկով փախչելուց։

— Ավելի շուտ՝ ինձ ոչինչ չի մնում անել,— պատասխանեց նա։— Դուք այստեղ նույնքան ապահով եք, որքան և առաջ։

— Ո՛չ, մեզ միայն մնում է մակույկով փախչել,— ասացի ես հաստատակամ։— Խնդրում եմ՝ կարելի եղածին չափ տաք հագնվեք, առանց ժամանակ կորցնելու, և ծրարի մեջ փաթաթեք այն ամենը, ինչ ուզում եք հետներդ վերցնել։

— Միայն թե շտապեցեք,— ավելացրի ես, երբ նա ուղղվում էր դեպի խուցը։

Պահեստարանը գտնվում էր նավասենյակի ճիշտ ներքևում։ Անցքի կափարիչը բացելով և հետս մի մոմ վերցնելով ցած իջա ու սկսեցի աչքի անցկացնել այնտեղ եղած սննդամթերքը։ Ընտրեցի անհրաժեշտ քանակությամբ պահածոները, և երբ ամեն ինչ պատրաստ էր, Մոդը վերևից երկարեց ձեռքերը և ես սկսեցի սննդամթերքը նրան փոխանցել։

Մենք լուռ աշխատեցինք։ Պահեստարանից վերցրի նաև վերմակներ, թաթմաններ, մոմլաթե զգեստներ, գդակներ և այլ անհրաժեշտ իրեր։ Հեշտ արկածախնդրություն չէր մեր ձեռնարկելիքը. փոքր մակույկով պետք է նավարկեինք ալեկոծ ու փոթորկոտ ծովի վրա և միևնույն ժամանակ մեզ պաշտպանեինք ցրտից ու անձրևից։

Մենք փութեռանդությամբ մեր ավարը փոխադրեցինք տախտակամած և զետեղեցինք մակույկներից մեկի մոտ։ Աշխատում էինք այնպիսի եռանդով, որ Մոդը, ֆիզիկապես ուժեղ ու չարքաշ չլինելով, հոգնեց և բոլորովին ուժասպառ նստեց հարթակի աստիճանների վրա։ Բայց դա նրան չօգնեց կազուրվելու, և նա մեջքի վրա պառկեց հարթակի կարծր հատակին ու ձեռքերը տարածեց, որպեսզի մարմինը հանգիստ դիրք ստանա։ Ես հիշեցի, որ քույրս էլ հաճախ այդպես էր հանգստանում և ենթադրեցի, որ Մոդը շուտով իր ուժերը կհավաքի։ Հետո մտածեցի, որ անհրաժեշտ է ձեռքի տակ զենք ունենալ և, նորից մտնելով Գայլ Լարսենի խուցը, վերցրի նրա մանրագնդակի հրացանն ու ակոսավոր փողով հրացանը։ Ես նրան ինչ-որ բան ասացի, բայց նա չպատասխանեց, թեև քնած չէր և շարունակում էր գլուխը մեկ կողմից մյուսն օրորել։

— Մնաս բարո՜վ, Լուցիֆեր,— ասացի ես լիովին և անաղմուկ փակեցի դուռը։

Իմ հաջորդ գործը եղավ՝ փամփուշտներ ճարել։ Դա հեշտ էր, բայց դրա համար հարկավոր էր իջնել որսորդների խուցը տանող սանդուղքով։ Խցից մի քանի ոտնաչափ հեռու զետեղված էին փամփուշտի արկղերը, որ որսորդներն իրենց հետ փոխադրում էին մակույկները, երբ գնում էին որս անելու։ Դրանցից երկուսը վերցրի։

Այժմ հարկավոր էր մակույկը ծով իջեցնել։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէր մեկ մարդու համար։ Պարանները քանդելուց հետո հաջորդաբար քաշեցի ցռուկին ու խելին ամրացված թոկերը, մինչև որ մակույկը անջատվեց իր հենարանից և բարձրացավ օդ։ Այնուհետև այդ թոկերը հաջորդաբար թուլացրի, և մակույկը մի երկու ոտնաչափ իջնելով՝ հանգիստ կախվեց երկկայմանավի կողքին։ Մակույկի մեջ դրել էի առագաստներ, թիակներ և թիակալներ։ Խմելու ջուրը չափազանց անհրաժեշտ էր, հետևաբար, ես վերցրի նաև մյուս մակույկների ջրի տակառները։ Նավի վրա ինը մակույկ կար, այնպես որ մեր ջրի պաշարը ավելի քան բավական էր և կարող էր նաև ծառայել որպես բալլաստ։ Այս ամեն ինչից այնքան շատ էի վերցրել, որ նույնիսկ վախենում էի, թե մակույկը ծանրաբեռնված է պետք եղածից ավելի։

Մոդը փոխանցում էր սննդամթերքը, իսկ ես դրանք տեղավորում էի մակույկի մեջ։ Հանկարծ նավաստիների խցից մի նավաստի բարձրացպվ տախտակամած։ Նա մի քիչ կանգնեց նավի հողմընթաց եզրում (մենք գտնվում էինք հակառակ կողմում), հետո դանդաղ քայլերով հասավ տախտակամածի մեջտեղը և այնտեղ էլ մի պահ կանգնեց, մեջքը դարձրած դեպի մեզ։ Սիրտս սկսեց ուժգին բաբախել և ես իսկույն կծկվեցի մակույկի խորքում։ Նույն վայրկյանին Մոդը փռվեց տախտակամածի վրա և անշարժ մնաց վերնածածկի ստվերում։ Բայց նավաստին շուռ չեկավ։ Նա ձեռքերը բարձրացրեց օդում, աղմուկով հորանջեց, ապա առաջամաս վերադառնալով՝ իջավ նավաստիների խուցը։

Մի քանի րոպեում ամեն ինչ բարձեցի, և մակույկն իջեցրինք ծով։ Երբ Մոդին օգնում էի նավեզրի բազրիքից անցնել, նրա մարմնի հպումն զգալով՝ քիչ մնաց կամքիցս անկախ գոչեի․ «Սիրում եմ ձեզ, սիրո՜ւմ եմ ձեզ»։ «Իրոք որ Հեմֆրի Վան-Վեյդենը վերջապես սիրահարվել է», մտածեցի ես, երբ նրան գրկելով, իջեցնում էի մակույկի մեջ։ Մեկ ձեռքով կառչել էի բազրիքից, իսկ մյուսով պահում էի նրան։ Այդ պահին որքան հպարտ էի իմ սխրագործությամբ։ Ես իմ մեջ զգում էի մի նոր ուժ, որից զուրկ էի մի քանի ամիս առաջ, երբ հրաժեշտ էի տալիս Չարլի Ֆարասեթին՝ չարաբախտ «Մարտինեզ» նավով Սան-Ֆրանցիսկո գնալու համար։ Հենց որ մակույկը բարձրացավ ուռչող ալիքի գագաթը և Մոդի ոտքերը դիպան մակույկի նստարանին, ես թողեցի նրա ձեռքր և, թոկերն արձակելով, նետվեցի մակույկի մեջ։ Թեև կյանքումս երբեք չէի թիավարել, բայց, այնուամենայնիվ մեծ ճիգ թափելով ի վերջո կարողացա մակույկը հեռացնել «Ուրվականից»։ Հետո փորձեցի առագաստը պարզել։ Շատ անգամ տեսել էի, թե նավուղիղներն ու որսորդները ինչպես են առագաստ պարզում, բայց սա իմ առաջին փորձն էր։ Այն, ինչ նրանք անում էին երկու րոպեում, ես քսան րոպեում արեցի։ Հետո առագաստի պարանները ձգեցի և ղեկի թիակը վրելով մակույկն ուղղեցի դեպի քամին։

— Ահա այնտեղ է Ճապոնիան, ուղիղ մեր դիմացը,— ասացի ես։

— Հեմֆրի Վան-Վեյդեն,— ասաց Մոդը,— դուք խիզախ մարդ եք։

— Ոչ,— պատասխանեցի ես,— դուք եք խիզախը։

Մենք բնազդաբար ետ նայեցինք՝ վերջին անգամ «Ուրվականը» դիտելու։ Նրա ցածր կառույցը կոհակների վրա օրորվելով ընթանում էր քամու ուղղությամբ, առագաստները աղոտ կերպով երևում էին մթության մեջ, իսկ կապկպված ղեկանիվը ճռնչում էր ամեն անգամ, երբ ղեկը խփվում էր ալիքի։ Վերջապես երկկայմանավն ու իր աղմուկը բոլորովին չքացան և մենք մեն-մենակ մնացինք խավար ծովի վրա։

== Գլուխ քսանյոթերորդ ==

Առավոտը ծագեց՝ ցուրտ ու խոնավ։ Թարմ զեփյուռը քշում էր մակույկը, և կողմնացույցը ցույց էր տալիս, որ նավարկում ենք ուղիղ դեպի Ճապոնիա։ Թեև թանձր թաթմաններ էի հագել, բայց ղեկը շարունակ պահելուց՝ սառած մատներս ընդարմացել էին։ Ոտքերս նույնպես ցավում էին ցրտից և անհամբեր սպասում էի, որ արեգակը փայլի։

Ճիշտ իմ դիմաց, նավակի հատուկին քնած էր Մոդը։ Ես ուրախ էի, որ գոնե նա չէր մրսում, քանի որ փաթաթված էր հաստ վերմակներով։ Վերևի վերմակը ծածկում ու ցրտից պաշտպանում էր նրա դեմքը, և ես ոչինչ չէի տեսնում, բացի նրա մարմնի աղոտ ուրվագծերից։ Երևում էին միայն բաց-շագանակագույն մազերը, որոնք վերմակի տակից սահելով՝ պճնվել էին առավոտյան ցողի ադամանդյա կաթիլներով։

Ես երկար դիտում էի այդ մազափունջը, որը Մոդի բովանդակ էությունից միակ տեսանելի մասն էր այդ պահին, և դիտում էի այնպես, ինչպես մարդ միայն կարող է դիտել աշխարհի ամենաթանկագին գանձը։ Իմ սևեռուն հայացրի տակ նա վերջապես շարժվեց և վերմակի ծայրը դեմքից հեռացնելով՝ ժպտաց ինձ։ Նրա կոպերը ծանրացել էին քնից։

— Բարի լույս, միստր Վան-Վեյդեն,— ասաց նա։— Ցամաքը դեռ չի՞ երևում։

— Ոչ,— պատասխանեցի ես,— բայց մենք նրան մոտենում ենք ժամը վեց մղոն արագությամբ։

Նա, հուսախաբ, դեմքը ծամածռեց։

— Բայց դա նշանակում է հարյուր քառասունչորս մղոն մեկ օրվա ընթացքում,— ավելացրի ես քաջալերական տոնով։

Նրա դեմքը պայծառացավ։

— Իսկ դեռ որքա՞ն պետք է նավարկենք։

— Ահա այնտեղ Սիբիրն է,— ասացի ես, արևմուտքը ցույց տալով։— Իսկ ճապոնիան գտնվում է հարավ-արևմտյան կողմը, այստեղից մոտ վեց հարյուր մղոն հեռու։ Եթե քամին այսպես շարունակվի, հինգ օրում կհասնենք։

— Փոթորկի հանդիպելու դեպքում նավակը չի կարող դիմանալ, չէ՞։

Մոդի հայացքին հատուկ է՝ մարդու աչքերի մեջ ուղիղ նայելով պահանջել ճշմարտությունը, և հենց այդպիսի հայացքով նա ինձ նայեց հարցը տալու ժամանակ։

— Միայն շատ ուժեղ փոթորկի դեպքում,— ասացի ես, մի պահ վարանելուց հետո։

— Իսկ եթե շատ ուժեղ փոթորիկ պայթի՞։

Ես գլուխս օրորեցի։

— Շատ հնարավոր է, որ որսորդական մի որևէ երկկայմանավ մեզ փրկության հասնի։ Նրանք բազմաթիվ են օվկիանոսի այս մասում։

— Բայց տեսնում եմ, որ բոլորովին սառել եք,— գոչեց նա հանկարծ։— Դուք դողում եք, այո, մի ուրանաք, դողում եք, այնինչ ես շոգում եմ վերմակների տակ։

— Իսկ ի՞նչ օգուտ կլինի, եթե դուք էլ նստեք ու ինձ պես դողաք,— ծիծաղեցի ես։

— Օգուտ կլինի այն դեպքում, երբ կսովորեմ թիավարել։ Եվ անպայման պետք է սովորեմ։

Մակույկի հատակին նստելով՝ Մոդն սկսեց իր պարզ արդուզարդը։ Նա գլուխը թափահարեց ու մազերը վայր թափվեցին, մութ ամպի նման ծածկելով դեմքը և ուսերը։ Ես տենչում էի համբուրել ու շոյել այդ շագանակագույն, խոնավ ու սիրելի ծամերը և նրանց մեջ դեմքս թաղել... Հափշտակությամբ դիտեցի նրան, մինչև որ ի վերջո մակույկն իր ընթացքից դուրս եկավ և առագաստի շառաչն ինձ նախազգուշացրեց, որ մոռանում եմ պարտականությունս։ Միշտ իդեալիստ ու ռոմանտիկ լինելով, հակառակ իմ մտքի վերլուծական կերտվածքին, մինչև հիմա դեռ չէի ըմբռնել սիրո ֆիզիկական առանձնահատկությունները։ Ես միշտ պատկերացրել էի, որ տղամարդու և կնոջ միջև, ստեղծված սերը հոգեկան վսեմագույն մի երևույթ է, հոգևոր մի կապ, որը սերտորեն միացնում է նրանց։ Մարմնական կապը համարյա տեղ չուներ իմ պատկերացրած սիրաշխարհում։ Հիմա նոր սկսեցի հասկանալ, որ հոգին այլափոխվում ու իրեն արտահայտում է մարմնի միջոցով, և սիրած էակի վարսերի տեսքը, բույրը կամ հպումը հանդիսանում են նրա հոգու շնչառությունը, ձայնն ու բույրը, ճիշտ այնպես, ինչպես նրա աչքերի մեջ փայլող լույսն ու շրթներից հոսող մտքերը։ Վերջ ի վերջո, զուտ հոգին անճանաչելի է, և մենք նրա էությունը կարոդ ենք միայն գուշակել։ Հոգին չի կարող իրեն արտահայտել հենց իրենով։ Եհովան մարդակերպ դարձավ, որպեսզի կարողանա իր մտքերը հրեաներին հայտնել նրանց հասկանալի խոսքերով։ Հրեաները նրան մտահղացան իրենց սեփական պատկերով և կամ որպես ամպ, որպես հրեղեն սյուն, մի խոսքով որպես մարմնեղեն շոշափելի ու իրենց համար ըմբռնելի մի երևույթ։

Եվ այսպես, դիտելով Մոդի բաց-շագանակագույն ծամերը, ես սիրո մասին շատ ավելի բան սովորեցի, քան ինձ սովորեցրել էին բոլոր բանաստեղծներն ու երգիչները իրենց ամբողջ սոնետներով ու երգերով։ Հանկարծ գլխի շնորհալի ցնցումով նա ետ նետեց մազերը, և դեմքը նորից երևաց, ժպիտով ողողուն։

― Ինչո՞ւ կանայք իրենց մազերը արձակ չեն պահում,— հարցրի ես,— այդպես շատ ավելի գեղեցիկ է։

— Որովհետև խառնվում ու սարսափելի խճճվում են,— ծիծաղեց նա։— Օ՜հ, իմ թանկագին հերակալներից մեկը կորել է...

Դարձյալ մոռացա մակույկը և շուտով առագաստի օդը դատարկվեց։ Ես գերագույն հաճույքով հետևում էի Մոդի յուրաքանչյուր շարժումին, երբ նա վերմակների մեջ փնտրում էր հերակալը։ Եվ անակնկալ զարմանքով նկատեցի, որ նա գերազանցորեն կանացի է։ Նրա շարժուձևերի թովիչ կանացիությունը ուղղակի հրճվանք պատճառեց տեսողությանս։ Մինչև հիմա նրան այնքան վեր էի դասել մարդկային մակարդակից, որ անտեսել էի նրա մեջ եղող մարդկայինն ու մարմնեղենը և այդպիսով նրան հեռացրել էի ինձանից։ Ես նրան պատկերացրել էի որպես մի անմատչելի դիցուհի։ Իսկ այժմ բերկրությամբ ողջունում էի այն բոլոր հատկանիշները՝ գլխի շնորհագեղ ցնցումը, որով նա ետ գցեց մազերը, հերակալի փնտռտուքը և այլն, որոնք նրան բնորոշում են որպես սովորական կին։ Այո, նա կին է, ինձ պես և ինձ հավասար մահկանացու, հետևաբար, մեր միջև հնարավոր է տղամարդու և կնոջ հաճելի մտերմությունը, անշուշտ, միշտ պահպանելով, ես համոզված եմ դրանում, նրա նկատմամբ իմ տածած երկյուղածությունն ու ակնածանքը։

Հերակալը գտնելով՝ նա փոքրիկ ու պաշտելի մի ճիչ արձակեց, և դրանից հետո ես ավելի ուշադրությամբ զբաղվեցի մակույկի ղեկով։ Բազմաթիվ փորձերից հետո ինձ վերջապես հաջողվեց ղեկակալ թիակը կապել ու այնպես ամրացնել, որ մակույկը քամուց քշվելով ինքն իրեն ընթանա առանց իմ միջամտության։ Երբեմն մակույկը մոտենում էր քամուն, երբեմն հեռանում, բայց բոլոր դեպքերում վերագտնում էր ճիշտ ընթացքը և գոհացուցիչ կերպով առաջ շարժվում։

— Իսկ այժմ պետք է նախաճաշել,— ասացի ես,― բայց նախ պետք է ավելի տաք հագնվեք։

Ես դուրս հանեցի մի հաստ նոր շապիկ, որը վերցրել էի պահեստի պահարանից։ Դրա գործվածքը այնքան խիտ էր, որ անձրևի տակ մնալու դեպքում, նույնիսկ ժամեր հետո ջուրը չէր կարող թափանցել։ Երբ շապիկը հագավ, փոքրիկ գդակի փոխարեն նրան տվի ձկնորսի խոշոր մի գլխարկ, որպեսզի դրա տակ մազերն ամփոփի, իսկ երիզը վար իջեցնելու դեպքում կարողանա ծածկել նաև ականջներն ու վիզը։ Գդակը փոխելուց հետո նա ավելի հմայիչ դարձավ։ Նրա դեմքը այնպիսին էր, որ ամեն ինչ սագում ու գեղեցկացնում էր նրան։ Ոչինչ չէր կարող նսեմացնել այդ հիանալի, ձվաձև դեմքի կանոնավոր գծերը, նուրբ հոնքերը և մանավանդ՝ շագանակագույն, խոշոր, վճիտ ու հոցակապորեն հանդարտ աչքերը։

Երբ անցնում էինք ուռչող ալիքի վրայով, քամու հանկարծական և ուժեղ մի հորձանքից մակույկը թեքվեց կողի վրա, նրա եզրը հավասարվեց ալիքի մակերեսին և մեկ դույլի չափ ջուր լցվեց ներս։ Այդ պահին ես բացում էի լեզվի պահածոն, բայց իսկույն նետվելով պարանի վրա՝ ճիշտ ժամանակին թուլացրի այն։ Առագաստը թպրտաց, չփչփաց ու մակույկն առաջ շարժվեց։ Մի քանի րոպե հետո ինձ հաջողվեց մակույկը նորից դնել ընթացքի մեջ։ Այնուհետև վերսկսեցի նախաճաշի պատրաստությունը։

― Թեև նավագնացության մասին շատ բան չդիտեմ, բայց ինձ թվում է, թե նա վատ չի գործում,— ասաց Մոդը գլխի գնահատող շարժումով ցույց տալով ղեկը, որը ես կապել ու ամրացրել էի։

― Այս հնարանքը լավ է գործում միայն այն ժամանակ, երբ նավարկում ենք քամու ուղղությամբ,— բացատրեցի ես։— Բայց երբ քամին ուժեղանա խելի, կողի կամ առաջակողի կողմից, այդ դեպքում ստիպված կլինեմ ձեռքով վարել ղեկի թիակը։

— Ճիշտն ասած, ձեր գործածած տեխնիկական բառերն ինձ համար մի քիչ անհասկանալի են, բայց ձեր վերջին խոսքերից դատելով՝ հեռանկարն այնքան էլ վարդագույն չի երևում։ Անշուշտ, դուք չեք կարող գիշեր-ցերեկ անդադար վարել ղեկը։ Դրա համար էլ ես կուզենայի նախաճաշից հետո սկսել իմ առաջին դասը։ Դրանից հետո դուք կպառկեք ու կքնեք։ Մենք պետք է հերթափոխություն անենք, ինչպես անում են նավերի վրա։

— Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես կկարողանամ ձեզ դաս տալ, երբ ինքս նոր եմ սովորում,— ասացի ես։— Երբ դուք ձեր կյանքն ինձ վստահեցիք, բնավ չմտածեցիք, որ մակույկ վարելու գործում ոչ մի փորձ չունեմ։ Սա առաջին անգամն է, որ ես գտնվում եմ մակույկի մեջ։

— Այդ դեպքում միասին կսովորենք, սըր։ Եվ քանի որ դուք մեկ գիշեր առաջ եք սկսել, ապա կարող եք ինձ բացատրել ձեր սովորածը։ Իսկ այժմ սկսենք նախաճաշը։ Օ՜հ, այս օդն ինչքա՜ն ախորժակ է բացում։

— Սուրճ չի լինելու,— ասացի ես վշտահար դեմքով և նրան մեկնեցի կարագ քսած պաքսիմատներ ու մի շերտ պահածո լեզու։― Չենք ունենալու նաև ո՛չ թեյ, ո՛չ ապուր, ո՛չ էլ տաք կերակուր, մինչև մի կերպ հասնենք որևէ ցամաք։

Մեր պարզ նախաճաշից հետո, որն ավարտվեց մի-մի բաժակ սառը ջրով, ես սկսեցի Մոդին բացատրել ղեկը վարելու ձևը։ Սովորեցնելիս ես էլ բավական բան սովորեցի, թեև ինչ-որ գիտելիքներ ձեռք բերել էի, երբ վարում էի «Ուրվականի» ղեկանիվը և կամ դիտում էի նավուղիղներին, երբ նրանք վարում էին մակույկները։ Մոդն ընդունակ աշակերտ էր և շուտով սովորեց նավարկության ընթացքը պահպանել, մակույկը հողմընթաց կողմը տանել և, անհրաժեշտության դեպքում, առագաստի թոկը թուլացնել։

Բավական հոգնելուց հետո նա ղեկը հանձնեց ինձ և, քանդելով վերմակները, որ ես ծալել էի, սկսեց դրանք նորից փռել հատակին։ Ամեն ինչ հանգստավետ կերպով սարքելուց հետո ասաց.

— Այժմ, սըր, դեպի՛ անկողին։ Դուք պետք է քնեք մինչև երկրորդ նախաճաշի ժամը․․․ մինչև ճաշի ժամը,— ոլղղեց նա, հիշելով «Ուրվականի» վրա ընդունված կարգ ու կանոնը։

Ի՞նչ կարող էի անել։ Նա պնդեց և ասաց. «Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ» ։ Ղեկը նրան հանձնեցի ու հնազանդվեցի։ Մոդի ձեռքով սարքված վերմակի տակ սահելիս ես զգացի մի անսահման հաճույք։ Նրա էության մասը կազմող ինքնամփոփ հանդարտությունը կարծես հաղորդվել էր վերմակներին, և ես զգացի մեղմ, անդորրավետ մի թմրություն։ Ձկնորսի գլխարկով շրջանակված ձվաձև դեմքն ու շագանակագույն աչքերը օրորվեցին մեկ մոխրագույն ամպի ֆոնի վրա, մեկ մոխրագույն ծովի ֆոնի վրա, մինչև որ ի վերջո նիրհեցի։

Երբ արթնացա, նայեցի ժամացույցիս։ Ժամը մեկն էր։ Յոթ ժամ քնել էի... Եվ Մոդը յոթ ժամ անդադար վարել էր ղեկը․․․ Նրա ձեռքից ղեկն առնելու համար հարկ եղավ նախ փայտացած մատները բացել։ Նրա փոքր ուժը լիովին սպառվել էր, և նա չէր կարողանում նույնիսկ տեղից շարժվել։ Ստիպված եղա առագաստը թողնել, որպեսզի նրան օգնեմ։ Երբ նա մտավ վերմակի տակ, ես շփելով տաքացրի նրա ձեռքերն ու թևերը։

— Օ՜հ, այնքա՜ն հոգնած եմ,— ասաց նա և մի արագ շունչ քաշելով՝ թեթև հառաչեց ու խոնջած գլուխը խոնարհեց։

Բայց մի վայրկյան չանցած, նորից գլուխը բարձրացրեց։

— Ինձ չհանդիմանե՛ք,— մարտահրավեր նետեց նա կատակով,— չհամարձակվե՛ք հանգիմանել․․․

— Կարծեմ դեմքս բարկացածի արտահայտություն չունի,— պատասխանեցի լրջությամբ։— Ես ձեզ հավատացնում եմ, որ բնավ բարկացած չեմ։

— Ոչ,— ասաց նա ու մի պահ մտածելուց հետո ավելացրեց,— բայց ձեր դեմքի վրա կշտամբանքի արտահայտություն կա։

— Նշանակում է՝ ազնիվ դեմք է, որովհետև արտահայտում է այն, ինչ զգում է։ Դուք արդար չեղաք ոչ դեպի ձեզ, ոչ էլ դեպի ինձ։ Սրանից հետո ինչպե՞ս վստահեմ ձեզ։

Նա, զղջացողի տեսք ընղունելով, ինձ նայեց։

— Սրանից հետո խելոք կմնամ,— ասաց նա չարաճճի երեխայի նման։— Խոստանում եմ...

— Խոստանո՞ւմ եք հնազանդվել այնպես, ինչպես նավաստին հնազանդվում է իր նավապետին։

― Այո։ Ես ընդունում եմ, որ հիմարություն էր արածս։

— Այս առթիվ մի ուրիշ բան էլ խոստացեք։

— Հոժարությամբ։

— Խոստացեք այդքան հաճախ չասել «խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ», որովհետև այդպիսով դուք կարող եք իսկույն փչացնել նավապետի իմ հեղինակությունը։

Նա զվարճացած ծիծաղեց։ Ըստ երևույթին, ինքն էլ էր նկատել այդ կրկնակի «խնդրում եմ»–ի ուժեղ ներգործությունը։

— Ճիշտ է, որ շատ հաճելի խոսք է... — սկսեցի ես։

— Բայց չպետք է չափից ավելի օգտագործել,― վերջացրեց նա։

Նա մեղմ ժպտաց և նորից գլուխը խոնարհեց։ Ես ղեկը թողեցի, որպեսզի վերմակով փաթաթեմ ոտքերն ու դեմքը ծածկեմ։ Ավա՜ղ, նա բնավ ուժեղ չէր։ Ես տարակուսանքով ու անվստահությամբ նայեցի դեպի հարավ-արևմուտք և մտածեցի վեց հարյուր մղոն նավարկության դժվարությունների մասին․․․ Բայց երանի թե միայն դժվարություններ լինեին... Օվկիանոսի այս մասում որևէ ժամանակ կարող է փոթորիկ պայթել ու մեզ կործանել։ Այնուամենայնիվ, ես չէի վախենում։ Ճիշտ է, վստահություն չունեի մեր ապագայի վրա, բայց հակառակ իմ տարակուսանքին վախ չէի զգում։ «Ամեն ինչ լավ կլինի», կրկնում էի ինձուինձս։

Կեսօրից հետո քամին սաստկացավ և ծովն ալեկոծվեց։ Երբ մակույկի տատանումներն ուժեղացան, իմ գործը բավական դժվարացավ։ Բայց սննդամթերքի և ինը տակառ ջրի ծանրության շնորհիվ մակույկը կարողացավ դիմանալ ալիքների և քամու դեմ, և ես պարպած առագաստով նավարկեցի այնքան ժամանակ, որքան հնարավոր էր։ Այնուհետև վար իջեցրի ցռկակայմը, նրա շուրջը պինդ փաթաթեցի առագաստի վերևի մասը և այդպիսով առագաստը եռանկյուն ձև ստացավ։ Մենք շարունակեցինք ճանապարհը։

Երեկոյան դեմ, հորիզոնի կողմում նշմարեցի ինչ-որ շոգենավի ծուխ։ Դա կարող էր ռուսական հածանավ լինել կամ ավելի շուտ՝ «Մակեդոնիան», որը, հավանորեն, շարունակում էր փնտրել «Ուրվականը»։

Արևն ամբողջ օրը չերևաց, և օդը չափազանց ցուրտ էր։ Գիշերվա դեմ ամպերը մթնեցին ու քամին ուժեղացավ։ Մենք ընթրեցինք թաթմաններ հագած։ Ես ղեկն էի վարում և միայն քամու վայրկենական ընդհատումների ժամանակ կարողանում մի պատառ դնել բերանս։

Երբ մութը կոխեց, քամին ու ալիքները այնքան ուժեղացան, որ ստիպված եղա առագաստը ամբողջովին հավաքել ու «ծփացող խարիսխ» պատրաստել։ Այդ հնարանքի մասին հաճախ լսել էի որսորդների խոսակցություններից և գիտեի, որ այնքան էլ դժվար չէ դրա պատրաստությունը։ Առագաստը փաթաթելով ու պինդ կապելով կայմաթևի, ցռկակայմի և երկու ավելորդ թիակի շուրջը, ես այն գցեցի ծովը։ Ցռուկին կապված այդ խարիսխը լողում էր ջրի տակ, և քանի որ այդպիսով պատսպարված էր քամուց, ավելի պակաս էր քշվում հոսանքից, քան ինքը՝ մակույկը։ Հետևապես, նա մակույկի քիթը միշտ պահում էր քամու և ալիքների դեմ։ Այդպիսի դիրքում մակույկը զերծ էր մնում ալիքների հեղեղումից։

— Իսկ հիմա՞... — հարցրեց Մոդը զվարթությամբ, երբ գործս ավարտելով, նորից թաթմանները հագա։

― Հիմա մենք այլևս դեպի Ճապոնիա չենք գնում,— պատասխանեցի ես։— Ծովի հոսանքը մեզ քշում է դեպի հարավ-արևելք, ժամը առնվազն երկու մղոն արագությամբ։

— Այդ նշանակում է՝ մինչև առավոտ քսանչորս մղոն,— հաշվեց նա,― եթե, իհարկե, քամին շարունակի ամբողջ գիշերը ուժեղ փչել։

— Այո, իսկ եթե այդպես շարունակի երեք ցերեկ և երեք գիշեր, ապա մենք հարյուր քառասուն մղոն կնահանջենք։

— Բայց այդպես չի շարունակի,— ասաց նա հանդարտ վստահությամբ։— Նա շուռ կգա և Ճապոնիայի ուղղությամբ կքշի մեզ։

— Ծովը ամենամեծ դավաճանն է։

— Իսկ քամի՞ն,— հարցրեց նա։— Ես մի անգամ լսել եմ, երբ դուք պերճախոս կերպով ճառում էիք «քաջ պասսատների» մասին։

— Ափսոս, երանի հետս բերած լինեի Գայլ Լարսենի Ժամանակաչափ և անկյունաչափ գործիքները,— ասացի ես մռայլությամբ։— Երբ նավարկում ես մեկ ուղղությամբ, քամին քեզ քշում է մի այլ ուղղությամբ, իսկ ծովի հոսանքը՝ հավանորեն, մի երրորդ ուղղությամբ, ապա դժվար է մտքով հաշվել ու գտնել տարբեր ուղղություններով ներգործող այդ ուժերի ճշգրիտ արդյունքը։ Շատ չանցած, մենք չենք իմանա, թե որտեղ ենք գտնվում և եթե փորձենք հաշվել, կարող ենք սխալվել հինդ հարյուր մղոնի տարբերությամբ։

Հետո ես ներողություն խնդրեցի Մոդից և խոստացա այլևս չհուսալքվել։ Ընդառաջելով նրա թախանձանքին, համաձայնեցի, որ նա հերթապահություն անի մինչև կեսգիշեր։ Դեռ ժամը ինն էր, բայց նախքան պառկելս նրան փաթաթեցի վերմակով և ուսերին գցեցի մոմլաթե վերարկուն։ Ես քնեցի ընդհատ մրափներով, կատուների նման։ Մակույկր ոստոստում ու ցնցվում էր, ալիքները խփում էին նրա կողերին և ջուրը անվերջ ցայտում էր մեզ վրա։ Այնուամենայնիվ, մտածում էի, թե այնքան էլ սոսկալի գիշեր չէ, նույնիսկ չնչին բան է այն գիշերների համեմատությամբ, որ անց եմ կացրել «Ուրվականի» վրա, հավանորեն, չնչին է նաև այն գիշերների համեմատությամբ, որ պիտի անցկացնենք այս ընկույզի կեղևի մեջ։ Մակույկի տախտակների հաստությունը մոտ երեք քառորդ մատնաչափ էր, և այդ բարակ տախտակի շերտն էր մեզ բաժանում ծովի հատակից...

Սակայն, նորից կրկնում եմ, ես վախ չէի զգում։ Մահվան այն վախը, որ ինձ պատճառել էր Գայլ Լարսենը (նույնիսկ Թոմաս Մագրիջը), ես այլևս չէի զգում։ Մոդ Բրուստերը իմ կյանքի մեջ հայտնվելով՝ կարծես վերափոխել էր ինձ։ Վերջ ի վերջո, մտածեցի ես, սիրելը ավելի լավ ու ավելի գեղեցիկ է, քան սիրվելը։ Սերը այնքան հարստացնում է կյանքը, որ մարդ հոժարությամբ կմեռներ այդպիսի կյանքի համար։ Ես այժմ մոռանում եմ իմ կյանքը ի սեր մի ուրիշ կյանքի։ Բայց դրա հետ մեկտեղ, ինչքան էլ հակասական թվա այդ, ես բնավ այնքան չեմ ցանկացել ապրել, որքան այս պահին, երբ նվազագույն չափով եմ գնահատում կյանքս։ Երբեք այսքան ուժեղ հիմք չեմ ունեցել ապրել ցանկանալու, եզրակացրի ես, և դրանից հետո, մինչև թմրելս՝ աչքերով ջանացի թափանցել խավարի մեջ այն ուղղությամբ, որտեղ կծկվել-նստել էր Մոդը և հետևում էր փրփրադեզ ալիքներին, միշտ պատրաստ ինձ օգնության կանչելու։

== Գլուխ քսանութերորդ ==

Կարիք կա՞ երկար ու մանրամասն նկարագրելու, թե ինչպես օրերով տանջվեցինք փոքր մակույկի մեջ և ակամա դեսուդեն քշվելով՝ ծփացինք օվկիանոսի անծայրածիր մակերեսին։ Ուժեղ քամին քսանչորս ժամ փչեց հյուսիս-արևմուտքից, հետո մեղմացավ, բայց գիշերվա դեմ սկսեց փչել հարավ-արևմուտքից, ուղղակի մեր ճակատին։ Ես խարիսխը բարձրացրի և առագաստը պարզելով, մակույկն ուղղեցի դեպի քամու հոսանքը, որը մեզ քշեց հարավ-արևելյան ուղղությամբ։ Հնարավոր էր նաև նավարկել դեպի հյուսիս-արևմուտք, սակայն հարավային տաք հողմերն ինձ հրապուրեցին դեպի ավելի տաք ջրերը, և ես որոշեցի այդ ուղղությունն ընտրել։

Բայց երեք ժամ հետո (կեսգիշեր էր, լավ եմ հիշում, և այնքան ստվար, որի նմանը երբեք չէի տեսել ծովի վրա) քամին, որը դեռ փչում էր հարավ-արևմուտքից, հանկարծ սաստկացավ, և ես ստիպված եղա նորից խարիսխ գցել։

Երբ առավոտը ծագեց, աչքերս չափազանց հոգնած էին։Ծովի երեսը փրփուրից սպիտակել էր։ Նավացռուկը գրեթե ուղղաձիգ հակված էր դեպի ջրածածկ խարիսխը և վտանգ կար, որ ալիքները ողողեին մակույկը։ Առանց այն էլ այնքան փրփուր էր ներս թափվում, որ ստիպված էի անդադար ջուր դատարկել։ Վերմակները թրջվել էին։ Ամեն ինչ թաց էր, բացի Մոդից, որն իր մոմլաթե վերարկուի, լայնեզր գլխարկի ու ռետինե երկարաճիտք կոշիկների շնորհիվ չոր էր մնացել, թեև թրջվել էին ձեռքերը, դեմքը և գլխարկի տակից դուրս սահած մաղափունջը։ ժամանակ առ ժամանակ նա ինձ փոխարինում էր և խիզախորեն փոթորկին դիմագրավելով՝ թիթեղյա տուփով ջուր էր դատարկում։ Ամեն ինչ հարաբերական է։ Իրականում քամին այնքան էլ ուժեղ չէր, բայց մեզ համար, որ դյուրաբեկ նավակի մեջ մահու և կենաց պայքար էինք մղում, դա նշանակում էր մի իսկական մրրիկ։

Մենք, դողահար ու սրտաբեկ, ամբողջ օրը պայքարեցինք մռնչացող ծովի և ոռնացող քամու դեմ։ Այդ գիշեր մեզնից ոչ մեկը չկարողացավ քնել։ Հաջորդ օրը քամին մինչև երեկո մտրակեց մեր երեսները և փրփրալի ալիքները շառաչելով անցան մակույկի կողքով։ Գիշերվա դեմ Մոդն այլևս չդիմացավ և ուժասպառությունից քնեց։ Ես նրան ծածկեցի մոմլաթե վերարկուով ու բրեզենտով։ Նրա մարմինը համեմատաբար չոր էր, բայց ընդարմացել էր ցրտից։ Ես վախենում էի, որ նա գիշերը կմահանա։ Առավոտը ծագեց սառը ու մռայլ, ամպամած երկնքով, շաչող հողմով ու մռնչացող ալիքներով։

Այդ երկու օրվա ընթացքում աչքերս չէի փակել։ Սառել ու թրջվել էի մինչև ոսկորներիս ծուծը և ինձ ավելի մեռած էի զգում, քան կենդանի։ Մարմինս փայտացել էր ցրտից ու լարվածությունից, մկաններս ամենափոքր շարժումից անտանելի ցավում էին, թեև ստիպված էի շարունակ շարժվել։ Մակույկն անվերջ քշվում էր հյուսիս-արևելք, Ճապոնիայի հակառակ ուղղությամբ, դեպի Բերինգյան սառը ծովը։

Այնուամենայնիվ, մենք ողջ էինք, մակույկը դեռ դիմանում էր, իսկ քամին փչում չթուլացող սաստկությամբ։ Երրորդ օրը, գիշերվա դեմ հողմն ավելի ուժեղացավ։ Մի անգամ նավացռուկը մխրճվեց բարձրացող ալիքի մեջ և մակույկի մեկ քառորդը ողողվեց ջրով։ Ես խելագարի նման սկսեցի ջուրը դատարկել։ Ներս թափված ջրի ծանրությունը մակույկին զրկել էր դյուրաշարժությունից և դա մեծապես ավելացնում էր հաջորդ ալիքի տակ թաղվելու հավանականությունը։ Եվս մի խոշոր ալիք, և դա կլիներ մեր վերջը։ Ջուրը դատարկելուց հետո ես ստիպված եղա Մոդի վրայից վերցնել բրեզենտը, որպեսզի դրանով մակույկի ցռուկը ծածկեմ ու պարանով կապեմ։ Լավ էր, որ այդպես արեցի, որովհետև բրեզենտը ցռուկից սկսած լրիվ ծածկեց մակույկի մեկ երրորդ մասը և հաջորդ մի քանի ժամվա ընթացքում երեք անգամ ետ շպրտեց մեզ վրա փլվող կոհակները։

Մոդի դրությունը իսկապես խղճալի էր։ Նա կծկվել էր մակույկի հատակին։ Շրթները կապտել էին, իսկ դալկահար դեմքը բացահայտորեն պատկերում էր ներքին տվայտանքը։ Բայց հակառակ դրան, նա քաջությամբ նայում էր ինձ և շրթները արտասանում էին խրախուսական խոսքեր։

Երևի այդ գիշեր փոթորիկը հասել էր իր գագաթնակետին, թեև ես ոչինչ չէի նկատել, քանի որ նավակի ցռուկին քնել էի, բոլորովին ուժասպառ և զգայազուրկ։ Չորրորդ առավոտյան քամին մեղմացավ, ծովը հանդարտվեց և արևը շողաց մեր վերև։ Օ՜հ, օրհնյալ արև... ինչպիսի՜ հաճույքով մենք նրա ճառագայթների տակ ջերմացրինք մեր ջարդված մարմինները և աստիճանաբար վերակենդանացանք, ինչպես ջերմանում ու վերակենդանանում են միջատներն ու սողունները փոթորկից հետո։ Նորից սկսեցինք ժպտալ, զվարթ խոսքեր ասել և մեր դրության վրա լավատեսությամբ նայել։ Բայց մեր դրությունը, իրականում, ավելի վատ էր, քան երբևէ։ Այժմ մենք Ճապոնիայից ավելի հեռու էինք, քան այն գիշերը, երբ թողեցինք «Ուրվականը»։ Բացի դրանից, ես հնարավորություն չունեի որոշելու, թե երկարության ու լայնության ո՛ր աստիճանների վրա ենք գտնվում։ Ժամը երկու մղոնի հաշվով՝ մոտ յոթանասունհինգ ժամ տևող փոթորկի ընթացքում մենք քշվել ենք առնվազն հարյուր հիսուն մղոն դեպի հյուսիս-արևելք։ Բայց արդյո՞ք այսպիսի հաշվումը ճիշտ է։ Գուցե ժամը երկու մղոնի փոխարենհ՝ չորս մղոնի արագությամբ ենք նահանջել։ Իսկ այդ դեպքում նշանակում է՝ ևս հարյուր հիսուն մղոն հեռացել ենք նպատակակետից։

Թեև մեր տեղանքը չէի իմանում, բայց շատ հավանական էր, որ լինեինք «Ուրվականից» ոչ շատ հեռու։ Մեր շուրջը ծովակատուներ կային և ես մեկ րոպեից մյուսը սպասում էի, որ հանկարծ մի որևէ երկկայմանավ կհայտնվի։ Կեսօրից հետո, երբ հյուսիս-արևմտյան քամին նորից սկսեց փչել, իրոք մի երկկայմանավ տեսանք։ Բայց նա շուտով անհետացավ հորիզոնից, և մենք դարձյալ մենակ մնացինք ծովի վրա։

Եղան մշուշապատ օրեր, երբ նույնիսկ Մոդը հուսալքվեց և նրա շրթներն այլևս չարտասանեցին զվարթ խոսքեր․ եղան նաև խաղաղ օրեր, երբ ծփացինք օվկիանոսի դատարկ տարածության մեջ, ընկճվելով նրա անսահմանությունից և միաժամանակ հիանալով մարդկային չնչին կյանքի հրաշագործությամբ, քանի որ դեռ ապրում էինք և մաքառում ապրելու համար․ եղան կարկուտի ու ձյան հողմակոծ օրեր, երբ ոչ մի կերպ չէինք կարողանում տաքանալ․ եղան և անձրևոտ օրեր, երբ դատարկված տակառները լցրինք թաց առագաստից կաթկթող ջրով։

Եվ այդ ամբողջ ժամանակամիջոցում ես գնալով ավելի ու ավելի սիրեցի Մոդին։ Նա այնքա՜ն բազմակողմանի էր և այնքան հարուստ բազմատեսակ տրամադրություններով, որ ես նրան կոչում էի «հարափոփոխ»։ Ճիշտ է, ավելի փաղաքշական անուններ էլ էի տալիս, բայց միայն մտքումս։ Թեև սիրո հայտարարությունը հազար անգամ թրթռաց իմ լեզվի ծայրին, բայց յուրաքանչյուր անգամ ես մտածեցի, որ դեռ դրա ժամանակը չէ։ Որովհետև անվայել է որևէ կնոջից սեր խնդրել այն ժամանակ, երբ պաշտպանում ես նրան և ջանում կյանքը փրկել։ Կարող եմ պարծանքով ասել, որ այս նուրբ իրադրության պայմաններում ես վարվեցի ամենայն նրբությամբ, կարող եմ նույնպես պարծանքով ասել, որ ո՛չ հայացքով, ո՛չ էլ որևէ շարժումով չհայտնեցի նրա նկատմամբ տածած զգացմունքս։ Մենք լավ բարեկամներ եղանք և մեր բարեկամությունը օրեցօր ավելի ամրացավ։

Մոդի բնավորության մեջ մի բան ինձ զարմացրեց․ նրա երկչոտ ու վախկոտ չլինելը։ Ահարկու ծովը, դյուրաբեկ նավակը, փոթորիկները, տվայտանքները, մեր տարօրինակ առանձնությունը՝ այս ամենը, որոնք կարող էին վախեցնել նույնիսկ չարքաշ և ուժեղ մի կնոջ, կարծես ոչ մի ներգործություն չէին ունեցել նրա վրա, չնայած նա ճանաչել էր կյանքի միայն ապահով, արհեստականորեն հեշտացված կողմը։ Ես նրան պատկերացնում էի որպես լույս, ցող, մշուշի ծվեն, որպես նյութականացած հոգի, որն օժտված է կանացի բոլոր փափկություններով ու քնքշություններով։ Այնուամենայնիվ, ես սխալվում եմ։ Իրականում Մոդը երկչոտ ու վախկոտ է, բայց զինված է քաջությամբ։ Նրան վիճակվել է ունենալ մարմին ու մարմնի բոլոր թուլությունները, և այդ պատճառով էլ նա ենթակա է ֆիզիկական տանջանքների։ Բայց ամենից առաջ նա գերազանցապես հոգի է, կյանքի եթե բացած էություն, և որպես այդպիսին միշտ հանդարտ է իր հանդարտ աչքերի նման, միշտ համոզված, որ տիեզերքի մշտափոփոխ կարգ ու կանոնի մեջ գոյություն ունեն հավերժական օրենքներ։

Դարձյալ սկսվեցին փոթորկալի օրերը, և օվկիանոսը գիշեր-ցերեկ մեզ սպառնաց իր մռնչացող, փրփրակուտակ ալիքներով ու հողմը շաչելով մտրակեց մեր մակույկի կողերը։ Մենք, քշվելով, ավելի ու ավելի էինք հեռանում գեպի հյուսիս-արևելք։ Եվ ահա մի անգամ, երբ փոթորիկը հասել էր իր կատաղության բարձրակետին, ես խոնջալի հայացքով նայեցի քամու հակընթաց կողմը։ Այնտեղ ոչինչ չէի փնտրում, այլ պարզապես ալիքների դեմ մաքառելուց հոգնած՝ կարծես լռելյայն աղաչում էի բնության զայրացած տարերքին, որ հանդարտվեն, խնայեն մեզ։ Բայց այն, ինչ հանկարծ տեսա հեռվում, պարզապես անհավատալի էր։ Բազմաթիվ օրերի շարունակական անքնությունն ու տագնապները, անկասկած, մթագնել էին ուղեղս։ Ինձ ստուգելու համար նայեցի Մոդին։ Նրա պաշտելի թաց այտերը, հողմից ծփացող մազերն ու շագանակագույն անվախ աչքերն ինձ համոզեցին, որ տեսողությունս խանգարված չէ։ Ես նորից նայեցի քամու հակընթաց ուղղությամբ և դարձյալ տեսա վեր ցցված հրվանդանը՝ սև, լերկ ու բարձրաբերձ։ Մոլեգնած ալիքները, նրա ստորոտին խփվելով, փշրվում ու շատրվանի պես ցայտում էին մինչև նրա ճակատը, իսկ մռայլ ու անմատչելի ափը, որը երկարում էր դեպի հարավ-արևելք, եզերապատված էր ալեբախության ահարկու, փրփրալի գոտիով։

— Մո՛դ,— դոչեցի ես,— Մո՛դ։

Նա գլուխը շուռ տվեց և նույնպես տեսավ ցամաքը։

— Արդյոք Ալյասկա՞ն է դա,— հարցրեց Մոդը։

— Ավա՜ղ, ոչ,— ասացի ես և իսկույն հարցրի։— Լողալ գիտե՞ք։

Նա գլուխը թափահարեց։

— Ես էլ չգիտեմ,― ասացի։— Ուրեմն պետք է ցամաք ելնենք առանց լողալու։ Նավակով կմտնենք որևէ երկու ժայռի արանքը և մագլցելով վեր կբարձրանանք։ Բայց պետք է արագ և անվախ գործենք։

Ես խոսում էի վստահությամբ, որը, սակայն, ներքուստ չէի զգում։ Եվ Մոդը գիտեր այդ, որովհետև նա ինձ նայեց իր յուրահատուկ անշփոթ հայացքով և ասաց.

— Ես դեռ շնորհակալություն չեմ հայտնել այն ամենի համար, որ դուք արեցիք, բայց...

Նա մի պահ վարանեց, կարծես փնտրելով իր երախտագիտությունը հայտնող ամենահարմար բառը։

— Հետո՞,— հարցրի ես կոպտորեն, որովհետև գոհ չէի, որ նա ինձ շնորհակալություն է հայտնում։

— Դե՛, օգնեց եք ինձ,— ժպտաց նա։

— Օգնե՞լ, որ ձեր երախտիքը հայտնեք մեռնելուց առաջ։ Ոչ մի դեպքում։ Մենք չենք մեռնելու։ Մենք կհասնենք այդ կղզին և հանգիստ կպատսպարվենք նախքան մութը կոխելը։

Թեև խոսում էի անվեհեր տոնով, բայց իմ խոսքերից ոչ մեկին չէի հավատում։ Վախի դրդումով չէր, որ ստում էի։ Ես չէի վախենում, թեև համոզված էի, որ մահը սպասում է այդ եռացող ալեբախության մեջ, ժայռերի ստորոտում, որին մոտենում էինք մեծ արագությամբ։ Հնարավոր չէր առագաստը պարզել ու ցամաքից հեռանալ, որովհետև քամին կարող էր իսկույն նավակը շրջել, և ալիքները նույն վայրկյանին կհեղեղեին մեզ։ Բացի այդ, առագաստը երկու ավելորդ թիակների հետ ծփում էր ջրի մեջ և մեզ քշում դեպի առաջ։

Ինչպես ասացի, ես չէի վախենում իմ մահից, որը թաքնված էր մի քանի հարյուր յարդ հեռու, բայը ինձ ահաբեկում էր այն միտքը, թե Մոդը պետք է մեռնի։ Իմ անիծյալ երևակայությունը նրան պատկերում էր ժայռերին խփված ու բզկտված մարմնով, իսկ այդ պատկերը ուղղակի ահավոր էր։ Ես ինձ պարտադրեցի մտածելու, որ ապահով ցամաք կելնենք։ Եվ դրա համար էլ ասացի ոչ թե այն, ինչին հավատում էի, այլ այն, ինչին ուզում էի հավատալ։

Այդպիսի ահավոր մահով մեռնելու հեռանկարն ինձ ներշնչեց մի վայրագ միտք. ես մի պահ մտածեցի Մոդին գրկելով ծովը նետվել։ Հետո որոշեցի սպասել և միայն վերջին րոպեին, ալեբախության գոտին մտնելիս, նրան բարձրացնել բազուկներիս մեջ, հայտարարել իմ սերը և նրան գրկած՝ ամենավերջին հուսահատ պայքարը մղելով մեռնել։

Մենք բնազդաբար իրար մոտեցանք նավակի խորքում։ Մոդը իր ձեռնոցապատ ձեռքը դրեց իմ ձեռքի վրա։ Եվ այդպես, առանց խոսելու սպասեցինք մեր վախճանին։ Մակույկը մոտենում էր հրվանդանի արևմտյան ափին, և ես նայում էի դիմացս այն հույսով, որ մի որևէ հոսանք կամ հետադարձ ուժեղ ալիք մեզ ետ կքշի, և մենք կանցնենք ալեբախության գոտու կողքով։

— Մենք այն կշրջանցենք,— ասացի ես այնպիսի վստահությամբ, որից ոչ ես խաբվեցի, ոչ էլ Մոդը։

— Գրո՛ղը տանի, պետք է որ շրջանցենք,— գոչեցի մի քանի րոպե հետո։

Հիշոցը բերանիցս դուրս թռավ հուզմունքի մղումով։ Դա առաջին հիշոցն էր, որ երբևէ արտաբերում էի, բացի պատանեկան հասակից բերանի ծամոն արած «անզգամ» բառից, եթե կարելի է այն հիշոց համարել։

— Ներեցեք,— թոթովեցի ես։

— Դուք դրանով ինձ հավատացրիք ձեր համոզվածության մասին,— պատասխանեց Մոդը թեթև ժպիտով։— Հիմա արդեն վստահ եմ, որ պիտի շրջանցենք։

Հրվանդանի հետևում նկատեցի մի հեռավոր հրվանդանի ծայրը, որը հետզհետե երկարեց, և մեր դիմաց սկսեց բացվել ինչ-որ խորունկ ծովախորշի առաջամասը։ Միևնույն ժամանակ մեր ականջին հասավ մի հզոր, շարունակական մռնչոց։ Դա նման էր հեռավոր որոտի, որ գալիս էր քամու հակընթաց կողմից, և ալեբախության աղմուկը խլացնելով՝ գնում դեպի փոթորիկը։ Երբ հրվանդանի ծայրն անցանք, մեր աչքերի առաջ ամբողջովին պարզվեց կիսալուսնի ձևով մի ծովախորշ, որի ավազոտ ափի վրա փշրվում էին ամեհի կոհակները։ Ափը ծածկված էր բյուրավոր ծովակատուներով։ Այդ նրանք էին, որ բարձրացնում էին հզոր մռնչոցը։

— Ծվարատե՜ղ,— դոչեցի ես։— Հիմա իսկապես փրկված ենք։ Այս կողմերում պետք է մարդիկ ու հածանավեր լինեն՝ որսորդներից ծովակատուներին պաշտպանելու համար։ Նույնիսկ հնարավոր է, որ կղզու վրա պահականոց լինի։

Բայց ծռվափին խորտակվող ալիքները դիտելուց հետո ես ավելացրի.

— Դրությունը վատ է, բայց ոչ այնքան վատ։ Եթե աստվածները իրոք բարյացակամ են, ապա նավակը կքշեն դեպի ավելի ապահով մի ծովախորշ, որտեղ ցամաք կելնենք առանց նույնիսկ ոտքներս թրջելու։

Եվ աստվածները բարյացակամ գտնվեցին։ Երկրորդ հրվանդանը շատ մոտիկից եզերելով, մենք պտույտ գործեցինք, և մեր առջև հայտնվեց մի երրորդ հրվանդան, որը մյուսների հետ նույն գծի վրա լինելով՝ նրանց նման ցուցադրված էր հարավ-արևմտյան քամիներին։ Բայց ինչպիսի՜ ծովախորշ բացվեց մեր դիմաց։ Մի ծովախորշ, որ խորը թափանցում էր ցամաքի մեջ։ Մակընթացությունը մեզ քշելով տարավ մինչև հրվանդանի պատսպարանը, որտեղ ծովը հանգիստ էր, թեև ջրի մակերեսն ուռչում էր խոշոր, բայց հավասար ալիքներով։ Ես խարիսխը նավակի վրա բարձրացրի և սկսեցի թիավարել։ Ծովափը գնալով ավելի ու ավելի էր կորանում հարավ-արևմտյան ուղղությամբ։ Ես այդ ուղղությամբ թիավարեցի, մինչև որ ծովախորշի խորքում հանկարծ բացվեց մի ավելի փոքր ծովախորշ չորս կողմից ցամաքով շրջապատված մի մանրանկար-նավահանգիստ, որտեղ անշարժ ջրի մակերեսը կնճռոտվում էր միայն թեթև վետվետումներով, այն էլ երբ փոթորկի թափառաշրջիկ շունչը փչում էր ափից մոտ հարյուր ոտնաչափ ներսում բարձրացող ապառաժյա պատվարի վրայից։

Այստեղ ոչ մի ծովակատու չկար։ Երբ մակույկի ցռուկը կպավ ափի ցածր խճաքարերին, ես դուրս նետվեցի և ձեռքս մեկնեցի Մոդին։ Մի ակնթարթ հետո նա իմ կողքին էր։ Բայց հազիվ էի թողել նրա ձեռքը, երբ նա իսկույն կառչեց թևիցս։ Նույն վայրկյանին ամբողջ մարմնով տատանվեցի, և ինձ թվաց, որ պիտի գլորվեմ ավազի վրա։ Դա մշտատև ճոճումների հանկարծական դադարեցման ապշեցուցիչ հետևանքն էր։ Մենք այնքան երկար էինք մնացել օրորվող ծովի վրա, որ այժմ անշարժ գետնի վրա կանգնելն առաջացնում էր տարօրինակ զգացողություն։ Մեզ թվում էր, թե ծովափը պետք է տատանվի մեր ոտքերի տակ և ապառաժյա պարիսպները ետ ու առաջ ճոճվեն նավակողերի նման։ Եվ երբ սովորության բերմամբ պատրաստվեցինք հակադրվել մեր ակնկալած տատանումներին, նրանց բացակայությունից հանկարծ խախտվեց մեր հավասարակշռությունը։

— Պետք է մի քիչ նստեմ,— ասաց Մոդը ջղային ծիծաղով։ Նա ձեռքը շարժեց գլխապտույտ ունեցող մարդու նման և նստեց ավազի վրա։ Ես մակույկը ցամաք քաշեցի և նորից միացա նրան։

Ահա թե ինչպիսի հանգամանքներում ափ ելանք Ջանքի Կղզում, և երկար ժամանակ ծովին սովորելուց հետո՝ «ցամաքախտ»-ով բռնվեցինք։

== Գլուխ քսանիններորդ ==

― Հիմա՛ր,— գոչեցի ես նեղսրտությամբ։

Ես դատարկել էի մակույկի մեջ եղած իրերը և դրանք փոխադրել ափից բավական բարձր մի վայր, որտեղ մտադիր էի բնակություն հաստատել։ Ծովափին ընկած էին ալիքներից քշված փայտի կտորներ, թեև ոչ մեծ քանակությամբ։ Երբ աչքիս ընկավ «Ուրվականի» մառանից վերցրած սուրճի ամաններից մեկը, հանկարծ մտքումս ծագեց խարույկ վառելու գաղափարը։

— Ողորմելի հիմար,— շարունակեցի ես։

— Չի կարելի...— ասաց Մոդը մեղմ կշտամբանքով և ապա հարցրեց, թե ինչու եմ ինձ ողորմելի հիմար կոչում։

— Լուցկի չունենք,— հառաչեցի ես։— Նույնիսկ մեկ հատ լուցկի չեմ բերել։ Եվ հիմա չենք կարող ո՛չ սուրճ, ո՛չ թեյ, ո՛չ ապուր, ո՛չ էլ որևէ տաք կերակուր ճաշակել։

— Եթե չեմ սխալվում, Ռոբինզոն Կրուզոն փոքրիկ ձողերն իրար շփելով կրակ էր վառում,— ասաց նա դանդաղորեն։

— Ճիշտ է, բայց մյուս կողմից ես կարդացել եմ առնվազն քսան տարբեր նավաբեկյալների հուշեր, որոնք պատմում են, որ իրենց երբեք չի հաջողվել այդ միջոցով կրակ ստանալ,— պատասխանեցի ես։— Օրինակ, ես հիշում եմ ինչ-որ թերթի թղթակից Ուինդերսին, որը եղել էր Ալյասկայում և Սիբիրում։ Ես նրան մի անգամ հանդիպեցի «Բիբելոտում», և նա պատմեց, թե ինչպես փորձել է կրակ վառել երկու փայտիկներ իրար շփելով։ Դա չափազանց զվարճալի պատմություն էր, և նա շատ պատկերավոր նկարագրում էր իր ձախողված փորձը։ Հիշում եմ, թե ինչպես աչքերը պսպղացնելով՝ որպես եզրակացություն ասաց, «Պարոննե՛ր, գուցե Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչները կարող են այդ անել, գուցե մալայացիները կարող են այդ անել, բայց հավատացեք ինձ, այդ բանը սպիտակամորթ մարդու կարողությունից բոլորովին վեր է»։

— Դե լավ,— ասաց Մոդը զվարթությամբ,— մինչև հիմա առանց կրակի յոլա գնացինք, սրանից հետո էլ կարող ենք։

— Բայց դուք պատկերացնո՞ւմ եք, որ սուրճ ունենք,— գոչեցի ես,— այն էլ՝ բարձր որակի սուրճ, ես այդ գիտեմ, որովհետև Լարսենի սեփական պահեստից եմ վերցրել։ Եվ տեսեք ինչպիսի հոյակապ ցախ կա ձեռքի տակ...

Պետք է խոստովանեմ, որ շատ էի ուզում սուրճ խմել և կարճ ժամանակ հետո իմացա, որ Մոդն էլ նույն թուլությունն ունի այդ ըմպելիքի նկատմամբ։ Բացի դրանից, մենք այնքան երկար ժամանակ տաք ուտելիք կամ խմիչք չէինք ընդունել, որ ներքուստ և արտաքուստ ընդարմացել էինք։ Այժմ որևէ տաք բան մեզ ամենամեծ հաճույքը պիտի պատճառեր։ Բայց ես այլևս չգանգատվեցի և սկսեցի առագաստից վրան պատրաստել Մոդի համար։

Կարծում էի, թե դա հեշտ գործ է, քանի որ ձեռքի տակ ունեի թիակներ, կայմ, կայմաթև, ցռկակայմ և պարան։ Բայց որովհետև փորձ չունեի, յուրաքանչյուր մանրուքի համար ստիպված եղա ահագին ջանք թափել և հաջողված յուրտքանչյուր մանրուքը համարում էի մի նոր հայտնագործություն։ Երբ վրանը վերջապես կանգնեց, մութն արդեն կոխել էր։ Բայց գիշերը անձրև եկավ, վրանի տակ ջուր լցվեց և Մոդն ստիպված եղավ նավակ վերադառնալ։

Հաջորդ առավոտյան ես վրանի շուրջը փոս փորեցի, բայց մեկ ժամ չանցած ապառաժյա պատվարի վրայից քամու հանկարծական մի հոսանք տապալեց վրանը և շպրտեց երեսուն յարդ հեռու, ավազի վրա։

Մոդը ծիծաղեց իմ դեմքի հիասթափված արտահայտությունը տեսնելով, իսկ ես ասացի.

— Հենց որ քամին հանդարտվի, մակույկով ծովափը կհետազոտեմ։ Հավանորեն, կղզու վրա կայան ու մարդիկ կան, և երբեմն-երբեմն նավեր են այցելում կայանը։ Իմ կարծիքով, որևէ երկրի կառավարություն պաշտպանում է այստեղի ծովակատուներին։ Բայց գնալուց առաջ պետք է ձեզ համար հանգստավետ պայմաններ ստեղծեմ։

— ես ուզում եմ ձեզ հետ գալ,— եղավ Մոդի միակ պատասխանը։

— Ավելի լավ կլինի, որ այստեղ մնաք։ Դուք ծանր չարչարանքներ եք կրել և ուղղակի հրաշք է, որ դեռ կենդանի եք։ Բացի դրանից, ձեզ համար շատ հոգնեցուցիչ կլինի նավակ նստել, թիավարել և առագաստ պարզել այս եղանակին։ Ձեզ հարկավոր է կազդուրվել, և ես կուզենայի, որ մնայիք ու հանգստանայիք։

Այդ պահին ինձ թվաց, թե Մոդի գեղեցիկ աչքերը խոնավացան։ Նա հայացքը խոնարհեց և գլուխը շուռ տվեց։

— Ես կնախընտրեի ձեզ հետ գալ,— ասաց նա ցածր ձայնով, որի մեջ կար աղերսանքի գրեթե աննկատելի մի նրբերանգ։— Ես կարող եմ ձեզ օգտակար լինել ինչ-որ... (այստեղ նրա ձայնը դողդողաց) ինչ-որ չափով։ Եթե որևէ բան պատահի ձեզ, մտածեցեք, որ ես բոլորովին մենակ կմնամ։

— Ես շատ զգույշ կլինեմ և կգնամ միայն այնքան հեռու, որ կարողանամ գիշերը չհասած վերադառնալ,— ասացի։― Այո, ես կարծում եմ, որ վերջին հաշվով շատ ավելի լավ է, որ մնաք, մի քիչ քնեք, հանգստանաք և ոչինչ չանեք։

Մոդը նայեց աչքերիս մեջ։ Նրա հայացքը վճռական էր, բայց մեղմ։

— Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ,— ասաց նա հուշիկ, օ՜հ, այնքան հուշիկ ձայնով։

Ջանալով անդրդվելի մնալ, ես գլուխս բացասաբար շարժեցի։ Նա դեռ նայում էր աչքերիս մեջ և սպասում։ Ես փորձեցի իմ մերժումը խոսքերով բանաձևել, բայց մի պահ վարանեցի։ Նրա աչքերն իսկույն փայլեցին ուրախությամբ, և ես զգացի, որ արդեն պարտված եմ։ Դրանից հետո այլևս հնարավոր չէր «ոչ» ասել։

Քամին հանդարտվեց միայն օրվա երկրորդ կեսին, և մենք որոշեցինք ճամփա ընկնել հաջորդ առավոտյան։ Մեր ծովախորշից հնարավոր չէր կղզին թափանցել, որովհետև ապառաժյա ուղղաձիգ պարիսպները ծայրեծայր շրջապատում էին ծովախորշը և երկու ծայրերում վերջանում խոր ջրի մեջ։

Առավոտը ծագեց տխուր, մշուշոտ, բայց հանդարտ։ Ես կանուխ վեր կացա և մակույկը կազմ ու պատրաստ վիճակի մեջ դրի։

— Հիմար, ապո՜ւշ, այլանդակ,— գոչեցի ես, երբ մտածեցի, որ ժամանակն է արթնացնելու Մոդին։ Բայց այս անգամ ես բղավում էի կեղծ հուսահատությամբ և ուրախությունից գլխաբաց պարում ավազի վրա։

Մոդը գլուխը դուրս հանեց վրանի ծայրից։

— Նորից ի՞նչ է պատահել,— հարցրեց նա քնատ, բայց միաժամանակ հետաքրքրությամբ։

— Սո՜ւրճ,— գոչեցի ես,— ի՞նչ կասեիք, եթե ձեզ մի բաժակ սուրճ հյուրասիրեի, տաք, եռացող սուրճ։

— Տեր աստված,— մրմնջաց նա,— այնպես վախեցրիք ինձ․․․ Բայց շատ անգութն եք․․․ Ես հազիվ էի հաշտվել սուրճ չխմելու մտքի հետ, և ահա դուք հոգուս հետ եք խաղում՝ զուր տեղն ինձ հրապուրելով։

— Դե լավ, դուք միայն դիտեցեք։

Ժայռերի ճեղքվածքներից հավաքեցի չոր շյուղեր ու ձողիկներ և դրանք տաշելով կպչան տաշեղներ պատրաստեցի։ Հետո իմ ծոցատետրից մի թերթ պոկեցի և զինամթերքի արկղից վերցրի մի փամփուշտ։ Փամփուշտի խիցը դանակի ծայրով բացելով, միջի վառոդը դատարկեցի մի տափակ քարի վրա։ Այնուհետև զգուշությամբ դուրս քաշեցի հրապատիճը և զետեղեցի քարի վրա տարածված վառոդի կենտրոնում։ Ամեն ինչ պատրաստ էր։ Մոդը շարունակում էր դիտել վրանի ներքևի բացվածքից։ Ձախ ձեռքով թուղթը բռնած՝ աջով մի քար վերցրի և ուժեղ հարվածով իջեցրի հրապատիճի վրա։ Ծխի սպիտակ մի ծվեն բարձրացավ, բոցը բռնկվեց ու թղթի ծայրն այրվեց։

Մոդը ուրախությունից սկսեց ծափտալ։

— Պրոմեթևս,— գոչեց նա։

Բայց ես այնքան զբաղված էի, որ նրա ցնծությանը մասնակցելու ժամանակ չունեի։ Հարկավոր էր գուրգուրանքով սնել նորածին թույլ բոցը, որպեսզի հետո նրանից ուժ և կյանք քաղեինք։ Ես նրան տաշեղներով սնեցի, մինչև որ շյուղերն ու փայտի փոքր շերտերը բռնկվեցին, և բոցն սկսեց մեծանալ ու ճարճատել։ Սկզբից չէի նախատեսել, որ մեզ պիտի վիճակվեր ընկնել մի ամայի կղզի և այդ իսկ պատճառով հետս ոչ թեյաման էի վերցրել, ոչ խոհանոցային այլ իրեր։ Բայց ես օգտագործեցի թիթեղյա այն ամանը, որը մակույկում գործ էինք ածում ջուր դատարկելու համար։ Հետագայում սննդամթերքի դատարկ տուփերն այնքան բազմացան, որ ձեռքի տակ ունեցանք պատկառելի քանակությամբ ամանեղեն։

Ջուրը եռացրի, բայց սուրճը Մոդը եփեց։ Ինչքա՜ն համով սուրճ էր դա։ Դրանից հետո հորթի պահածո միս տապակեցի, հետը խառնելով փշրած պաքսիմատ և մի քիչ ջուր։ Նախաճաշը հոյակապ էր։ Մենք խարույկի շուրջը նստեցինք շատ ավելի երկար, քան կարող էին նստել ձեռներեց երկրախույզները, և տաք սև սուրճը դանդաղ խմելով՝ զրուցեցինք մեր կացության մասին։

Ես համոզված էի, որ պահականոց կամ կայան պետք է լինի կղզու ծովախորշերից որևէ մեկում, որովհետև գիտեի, որ Բերինգյան ծովի ծվարավայրերն ընդհանրապես գտնվում էին խիստ հսկողության տակ։ Իսկ Մոդը, հավանորեն, ինձ հուսախաբության նախապատրաստելու նպատակով, առաջ էր քաշում այն ենթադրությունը, թե մենք գտել ենք մի անհայտ ծվարատեղ։ Նրա տրամադրությունը բարձր էր և զվարթությամբ ընդունում էր, որ մեր դրությունը իրոք ծանր է։

— Եթե դուք ճիշտ եք,— ասացի ես,— ապա պետք է պատրաստվենք այստեղ ձմեռելու։ Մեր սննդամթերքը շուտով կվերջանա, բայց այստեղ ծովակատուներ կան։ Նրանք աշնանը կհեռանան, հետևաբար, պետք է անհապաղ սկսեմ նրանց մսից բավականաչափ պաշար պատրաստել։ Բացի դրանից, հարկավոր է հյուղակներ կառուցել և ցախ հավաքել։ Պետք է նաև ջանանք ծովակատուների ճարպը հալեցնել՝ լույս ունենալու համար։ Մի խոսքով, ահագին գործ կա կատարելու, եթե իրոք կղզին անմարդաբնակ է, թեև ես համոզված եմ, որ այդպես չէ։

Բայց Մոդի ենթադրությունը ճիշտ դուրս եկավ։ Դեպի ցամաք փչող քամու տակ նավարկեցինք ծովափի երկայնքով և հեռադիտակներով զննեցինք ծովախորշերը։ Մարդկային բնակության ոչ մի հետք չկար։ Բայց պարզվեց, որ մեզնից առաջ ուրիշներ էլ եղել են Ջանքի կղզում։ Երկրորդ ծովախորշի ափին հայտնաբերեցինք մի ջախջախված մակույկ։ Դա որսորդական մակույկ էր, որովհետև թիանցքները ցանցված էին, ցռուկի աջ եզրին հրացանի հենարան կար և ցռուկի ներքևում սպիտակ, մասամբ ջնջված տառերով գրված էր «Գազել №2»։ Մակույկը վաղուց ի վեր այնտեղ էր, որովհետև կիսով չափ լցված էր ավազով, իսկ նրա ճաքճքած տախտակները քամու և արևի տակ երկար մնալուց գունաթափվել էին։ Մակույկի խելամասում գտա տասը տրամաչափի մի ժանգոտած հրացան և կեսից կոտրած մի դաշույն, որը ժանգի թանձրությունից անճանաչելի էր դարձել։

— Նրանց հաջողվել է այստեղից գնալ,— ասացի ես ուրախությամբ, բայց հաջորդ րոպեին սիրտս կարծես սառեց, որովհետև ինձ թվաց, թե ծովափի մի որևէ մասում մենք, անկասկած, կհանդիպենք նրանց սպիտակ ոսկորներին։

Ես չուզեցի ոսկորներ հայտնաբերելով Մոդի տրամադրությունը փչացնել և շտապեցի հեռանալ ծովափից։ Շատ չանցած մակույկով եզերեցինք կղզու հյուսիս-արևելյան ծայրը։ Հարավային եզերքում ծովափը դյուրամատչելի չէր, այնպես որ ճանապարհը շարունակելով՝ շրջանցեցինք սև հրվանդանը և կեսօրից քիչ հետո ավարտեցինք կղզու շուրջը կատարած մեր պտույտը։ Կղզու շրջագիծը, իմ հաշվումով, մոտավորապես քսանհինգ մղոն էր, իսկ տրամագիծը՝ երկուսից մինչև հինգ մղոն։ Կարող եմ առանց չափազանցության ասել, որ ծովափերում առնվազն երկու հարյուր հազար ծովակատու կար։ Կղզու ամենաբարձր մասը գտնվում էր հարավ-արևմտյան ծայրում. այդտեղի հրվանդանները հետզհետե ցածրանում էին դեպի հյուսիս-արևելյան ափը, որտեղ ցամաքը հազիվ մի քանի ոտնաչափ բարձր էր ծովի մակերեսից։ Բացի մեր փոքրիկ ծովախորշից, մնացածների ափերը թեթև գառիթափերով նահանջում էին ծովեզրից և մոտ կես մղոն հեռու հանգում քարքարոտ դաշտերի, որոնք տեղ-տեղ ծածկված էին մամուռով և ճահճային տափաստանների երկար խոտերով։ Ահա այդ դաշտերում էին հավաքվում ծովակատուները, և ծեր արուներն իրենց հարեմներն էին պահում, իսկ ջահել արուները իրենք իրենց քարշ էին գալիս։

Ջանքի կղզին արժանի չէ մանրամասն նկարագրության։ Ստորին մասերում՝ թաց ու խոնավ, չորս կողմից ենթարկված փոթորկոտ քամիների հարձակման, ծովափերում՝ շառաչող ալիքներ, օդում՝ երկու հարյուր հազար երկկենցաղների միահամուռ ու անդադրում մռնչոց, կարճ ասած՝ բնակվելու համար տխուր ու ողորմելի մի վայր։ Մոդը, որն ինձ նախապատրաստել էր հուսախաբության և ամբողջ օրը զվարթ ու կայտառ էր, մեր բնակավայրը հասնելուց հետո բոլորովին ընկճվեց։ Նա արիաբար փորձեց իր հոգեվիճակը թաքցնել ինձանից, բայց երբ ես նորից խարույկ էի վառում, վրանից լսեցի հեկեկանքի ձայներ, որ նա ջանում էր խլացնել վերմակի տակ։

Հիմա արդեն իմ հերթն էր զվարթ երևալ, և ես դերս կատարեցի իմ կարողության առավելագույն չափով ու այնքան հաջողությամբ, որ կարողացա ծիծաղը վերադարձնել նրա պաշտելի աչքերին և նույնիսկ երգ բերել նրա շրթներին ։ Թեև նա շուտ գնաց պառկելու, բայց նախքան գնալն ինձ համար երգեց։ Ես առաջին անգամ էի լսում նրա երգը։ Եվ խարույկի մոտ պառկած հափշտակությամբ ունկնդրեցի։ Նա արվեստագետ էր ամեն բանի մեջ։ Նրա ձայնը, թեև ոչ ուժեղ, զարմանալիորեն քնքուշ էր ու արտահայտիչ։

Ես դեռ նավակում էի քնում և այդ գիշեր երկար ժամանակ արթուն մնացի։ Դիտելով աստղերը, որոնք այնքան վաղուց չէին փայլել երկնքում, ես խորհրդածեցի մեր դրության մասին։ Վրաս ծանրացող նոր պատասխանատվությունը բոլորովին անսովոր բան էր ինձ համար։ Գայլ Լարսենը շատ ճիշտ էր։ Ես միշտ կանգնած եմ եղել հորս ոտքերի վրա։ Իմ փաստաբաններն ու գործակատարներն են ղեկավարել գործերս, և ես ոչ մի պատասխանատվություն չեմ ունեցել։ «Ուրվականի» վրա սովորեցի պատասխանատու լինել իմ նկատմամբ։ Իսկ այժմ, առաջին անգամ իմ կյանքում, ես պատասխանատվություն եմ զգում նաև ուրիշի համար։ Սա ամենադժվար պատասխանատվությունն էր, որովհետև Մոդը միակ կինն է, միակ «պստիկ» կինը, ինչպես սիրում եմ նրան անվանել մտքումս, որն ինձ համար ամենաթանկագին էակն է բովանդակ աշխարհում։

== Գլուխ երեսուներորդ ==

Զարմանալի չէ, որ այդ կղզին Ջանքի կղզի անվանեցինք։ Մենք երկու շաբաթ տանջվեցինք հյուղակ կառուցելու համար։ Մոդը համառեց ինձ օգնել, և ամեն անգամ լացս գալիս էր, երբ տեսնում էի նրա վիրավոր ու արյունոտած ձեռքերը։ Սակայն հենց դրա համար էլ հպարտ էի նրանով։ Ինչ-որ հերոսական բան կար այդ քնքուշ կնոջ մեջ, որը քաջությամբ տանում էր ահավոր նեղություններ և, չնայած իր թույլ կազմվածքին, կատարում գեղջկուհու ծանր աշխատանք։ Նա կրեց քարերի մեծ մասը, որոնցով ես շարում էի հյուղակի պատերը, և չէր ուզում անգամ լսել, երբ թախանձում էի՝ հրաժարվել այդ աշխատանքից։ Բայց ի վերջո նա համաձայնեց իր վրա վերցնել միայն ճաշ պատրաստելու և ձմեռվա համար ցախ ու մամուռ հավաքելու պարտականությունները։

Հյուղակի պատերը բարձրացան առանց մեծ դժվարությտն, և ամեն ինչ հեշտությամբ ընթացավ մինչև այն րոպեն, երբ ծագեց տանիքը ծածկելու հարցը։ Արդարև, ինչի՞ են պետք չորս պատերը, երբ տանիք չկա։ Իսկ ինչի՞ց կարելի էր տանիք սարքել։ Ճիշտ է, մենք ունեինք ավելորդ թիակներ, որ կարող էինք օգտագործել որպես գերան, բայց ինչո՞վ ծածկել դրանք։ Մամուռն ու խոտը անպետք ու անգործնական են, առագաստը մեզ հարկավոր էր նավարկելու համար, իսկ բրեզենտը արդեն ծակծկվել էր։

— Ուինդերսը ծովացուլերի մորթիներով էր ծածկել իր հյուղակի տանիքը,— ասացի ես։

— Մենք էլ ծովակատուներ ունենք,— թելադրեց Մոդը։

Եվ հաջորդ օրը որսորդությունն սկսվեց։ Ես նշան բռնել չգիտեի, բայց ջանացի սովորել։ Սակայն երբ երեսուն փամփուշտ վատնելով միայն երեք ծովակատու որսացի, մտածեցի, որ մեր ամբողջ զինամթերքը կվերջանա, նախքան կսովորեմ կարգին կրակել։ Ես արդեն ութ փամփուշտ օգտագործել էի խարույկ վառելու համար, որից հետո միայն հղացել էի կրակը խոնավ մամուռների միջոցով խնայելու հնարքը։ Այժմ արկղում մնացել էր ոչ ավելի քան մի հարյուր փամփուշտ։

— Պետք է մահակով սպանել նրանց,— հայտարարեցի ես, երբ լիովին համոզվեցի, որ նշանառության մեջ ձախողակ եմ։— «Ուրվականի» որսորդներից լսել եմ, որ ծովակատուներին սպանում են նաև մահակով։

— Բայց սրանք այնքան սիրուն են, որ չեմ ուզում անգամ պատկերացնել այդ գործողությունը,— ասաց Մոդը։— Դա ուղղակի գազանային կլիներ, գիտե՞ք։ Մինչգեռ փամփուշտով սպանելը բոլորովին այլ բան է։

— Բայց հարկավոր է տանիքը ծածկել,— պատասխանեցի մռայլ։— Ձմեռը շատ մոտ է։ Կա՛մ մեր կյանքը պետք է զոհենք, կամ նրանցը։ Դժբախտաբար, բավականաչափ փամփուշտ չունենք։ Համենայն դեպս, կարծում եմ, որ մահակի հարվածները նրանց պակաս ցավ կպատճառեն, քան փամփուշտի մանրագնդիկները։ Եվ, վերջ ի վերջո, ես մենակ եմ կատարելու այդ գործողությունը։

— Հարցը հենց դրանումն է,— սկսեց նա անձկությամբ, բայց, հանկարծ շփոթվելով, լռեց։

— Իհարկե,— ասացի ես,— եթե դուք նախընտրում եք․․․

— Իսկ ես ի՞նչ պետք է անեմ,— ընդհատեց նա իր յուրահատուկ մեղմությամբ, որ ես շատ լավ ճանաչում էի որպես քողարկված համառություն։

— Ցախ կհավաքեք և ճաշ կպատրաստեք,— պատասխանեցի զվարթությամբ։

Նա գլուխը թափահարեց։

— Ոչ, ձեզ համար շատ վտանգավոր կլինի մենակ գնալ։ Գիտեմ, գիտեմ,— ասաց նա ձեռքի շարժումով կասեցնելով իմ հարուցելիք առարկությունը,— ես ուժեղ չեմ, բայց իմ աննշան օգնությունը գուցե կարող է ձեզ փրկել որևէ աղետից։

— Իսկ մահակը ո՞վ է գործածելու,— հարցրի ես։

― Անշուշտ դուք։ Ես, հավանորեն, կճչամ և ուրիշ կողմ կնայեմ, երբ...

— Երբ վտանգը չափազանց լուրջ դառնա,— հարցրի ծիծաղելով։

— Ես իմ դատողությամբ կորոշեմ, թե ե՛րբ պետք է նայել, երբ չնայել,— պատասխանեց նա հանդիսավորությամբ

Այս վեճի արդյունքն այն եղավ, որ հաջորդ առավոտյան Մոդը ինձ հետ որսի եկավ։ Ես թիավարեցի դեպի ամենամոտ ծովախորշը և մակույկը կանգնեցրի ծովափի ծայրին։ Ծովակատուները վիտում էին ջրի մեջ, իսկ ցամաքում հանգստացող հազարավորների մռնչոցն այնքան խլացուցիչ էր, որ ստիպված եղանք գոռալով խոսել՝ իրար լսելու համար։

— Լավ գիտեմ, որ նրանց խփում են մահակով,— ասացի ես, փորձելով քաջալերել ինձ և տարակուսանքով նայելով մի հսկա արուի, որը հազիվ երեսուն ոտնաչափ հեռու հետևի թաթերի վրա կանգնած՝ ուշադրությամբ ինձ էր զննում։– Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս են խփում։

— Ավելի լավ չէ՞ խոտ հավաքենք ու դրանով ծածկենք կտուրը,— ասաց Մոդը։

Նա էլ ինձ պես վախեցել էր։ Եվ, արդարև, վախենալու հիմք ունեինք, որովհետև ծովակատուների փայլուն ժանիքներն ու շան բերան հիշեցնող բերանները մոտիկից բավականին ահազդու էին։

— Ես միշտ կարծել եմ, որ նրանք վախենում են մարդկանցից,— ասացի ես և, ծովափի երկայնքով մի քիչ թիավարելուց հետո, ավելացրի,— բայց ինչի՞ց իմանամ, որ չեն վախենում։ Եթե քաջաբար ցամաք ելնեմ, գուցե նրանք այնպես փախչեն, որ նույնիսկ չկարողանամ հետևներից հասնել։

Բայց, այնուամենայնիվ, վարանում էի։

— Լսել եմ, որ մի մարդ մի անգամ ասպատակել է վայրի սագերի ծվարավայրը,— ասաց Մոդը,— և սագերր սպանել են նրան։

— Սագե՞րը։

— Այո, սագերը։ Եղբայրս է ինձ պատմել այդ, երբ փոքր աղջիկ էի։

— Բայց ես լավ գիտեմ, որ մարդիկ մահակով սպանում են ծովակատուներին,— պնդեցի ես։

— Ինձ թվում է, թե խոտով էլ կարելի է նույնքան լավ ծածկել տանիքը,— ասաց նա։

Չնայած Մոդի բարի մտադրությանը, նրա խոսքերն ինձ գրգռում ու կատաղեցում էին, ես չէի կարող ինձ թույլ տալ, որ նրա աչքում վախկոտ երևամ։

— Դե՛ գնացինք,— գոչեցի ես և մեկ թիակով թիավարելով՝ մակույկի ցռուկը մոտեցրի ափին։

Ցամաք ցատկելուց հետո խիզախաբար ուղղվեցի դեպի երկայնաբաշ արուն, որը շրջապատված էր իր էգերով։

Ես զինված էի սովորական մի մահակով, ինչպիսին գործածում են թիավարները, երբ սպանում են որսորդների կողմից մակույկ բարձրացրած վիրավոր ծովակատուներին։ Իմ մահակի երկարությունը միայն մեկուկես ոտնաչափ էր, բայց հոյակապորեն տգետ լինելով այս հարցում, ես չէի իմանում, որ ցամաքում ծվարավայրերի վրա հարձակվելիս, օգտագործում են չորսից հինգ ոտնաչափ երկարությամբ մահակներ։ Էգերը քարշ գալով ցրվեցին, իսկ իմ ու արուի միջև հեռավորությունը հետզհետե պակասեց։ Հանկարծ նա մի ցասումնալի շարժումով կանգնեց թաթերի վրա։ Մենք իրարից բաժանված էինք միայն տասներկու ոտնաչափ տարածությամբ։ Ես շարունակեցի հաստատաքայլ առաջանալ, հուսալով, որ մեկ վայրկյանից մյուսը նա պոչը կդարձնի ու փախուստ կտա։

Երբ մեր միջև մնաց վեց ոտնաչափ հեռավորություն, մտքումս ծագեց մի երկյուղալի հարց․ իսկ եթե փախուստ չտա՞։ Դե՛, այդ դեպքում կխփեմ նրան, պատասխանեցի մտովի։ Իմ վախն ինձ մոռացնել էր տվել, որ եկել էի ծովակատու սպանելու և ոչ թե փախուստի մատնելու։ Հենց այդ պահին արուն փնչաց և, մի մռնչոց արձակելով, խոյացավ վրաս։ Նրա աչքերը փայլում էին, իսկ լայնաբաց բերանի մեջ դաժանորեն պսպղում էին սպիտակ ժանիքները։ Պետք է առանց ամաչելու խոստովանեմ, որ մեջք դարձնողն ու փախուստ տվողը ես եղա։ Ես վազում էր անճոռնի ձևով, բայց բավականին արագ։ Հազիվ երկու քայլ էր մնացել, որ նա ինձ հասներ, երբ ես նետվեցի մակույկի մեջ։ Երբ թիավարելով հեռանում էի ափից, նա ակռաներով կառչեց թիակի ծայրից, և ամուր փայտն իսկույն փշրվեց ձվի կճեպի պես։ Մոդը և ես շշմել էինք։ Հաջորդ վայրկյանին ծովակատուն սուզվեց ջրի տակ և, մակույկի ողնուցը բերանի մեջ առնելով, սկսեց ուժգին ցնցել մակույկը։

— Ի սեր աստծո,— գոչեց Մոդը,— հեռանանք այստեղից։

Ես գլուխս թափահարեցի։

— Ես էլ կարող եմ անել այն, ինչ արել են ուրիշները, և վստահ եմ, որ ուրիշները ծովակատուներ սպանել են։ Սակայն հաջորդ անգամ արուներին հանգիստ կթողնեմ։

— Ես կուզենայի, որ բոլորին էլ հանգիստ թողնեք։

— Նորից չսկսեք «Խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ» ասել,– գոչեցի բարկությամբ։

Նա չպատասխանեց, և ես զգացի, որ իմ խիստ տոնը նրան վիրավորել է։

— Ներեցեք,— ասացի ես, ավելի շուտ գոռացի, որպեսզի ձայնս լսելի դառնա ծովակատուների մռնչոցի մեջ։— Եթե դուք այդ խոսքն ասեք, ես նավակը շուռ կտամ, և մենք կվերադառնանք։ Բայց անկեղծ ասած՝ կնախընտրեի մնալ։

— Հիմա դուք գուցե մտածեք, թե ահա ինչ է նշանակում կնոջ ընկերակցությամբ գործի ձեռնարկել,— ասաց նա քմահաճ ու հմաչիչ ժպիտով, և ես հասկացա, որ նա ինձ ներել է։

Ծովափի երկայնքին մոտ երկու հարյուր ոտնաչափ թիավարեցի, որպեսզի ժամանակ ունենամ ջղերիս վրա իշխելու, ապա նորից ցամաք ելա։

— Միայն թե զգույշ եղեք,― գոչեց Մոդը իմ հետևից։

Ես գլխով արեցի և պատրաստվեցի թևագրոհ գործել ամենամոտ հարեմի վրա։ Ամեն ինչ բարեհաջող գնաց մինչև այն պահը, երբ մահակը մի առանձնացած էգի գլխին իջեցնելիս՝ հարվածս վրիպեց։ Ծովակատուն փնչաց և սկսեց փախչել։ Ես նրա հետևից վազեցի և իջեցրի մի երկրորդ հարված, բայց մահակը կպավ ոչ թե գլխին, այլ ուսին։

— Զգո՛ւյշ,— լսեցի Մոդի ճիչը։

Ոգևորությունից շուրջս չէի նայել, իսկ հիմա շուռ գալով նշմարեցի, որ հարեմի տերը խոյանում է վրաս։ Ես դարձյալ փախա դեպի մակույկը, կրնկակոխ հալածվելով։ Բայց այս անգամ Մոդը չխոսեց վերադառնալու մասին։

— Իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե հարեմները հանգիստ թողնեիք և ձեր ուշադրությունը կենտրոնացնեիք բոլորովին մեկուսացած ու անվտանգ տեսքով ծովակատուների վրա,— ասաց նա։— Կարծեմ ինչ-որ տեղ կարդացել եմ այդ մասին։ Եթե չեմ սխալվում՝ դոկտոր Ջորդանի գրքում։ Մեկուսացած ծովակատուները ջահել արուներ են, որոնք տակավին իրենց սեփական հարեմը չունեն։ Ջորդանը դրանց կոչում է «առանձնակյացներ» կամ դրա նման ինչ-որ բան։ Ինձ թվում է՝ եթե գտնենք նրանց ծվարատեղը, ապա...

— Ինձ էլ թվում է, թե ձեր մարտական տրամադրությունն արդեն արթնացել է,— ծիծաղեցի ես։

Մոդի այտերը չքնաղորեն շիկնեցին։

— Պետք է խոստովանեմ, որ ես էլ, ձեզ նման, պարտվել չեմ սիրում, թեև ինձ դուր չի գալիս այս սիրուն ու անվնաս արարածներին սպանելու միտքը։

— Սիրո՜ւն...— մրմնջացի ես։— Ես որևէ սիրունություն չեմ գտնում ինձ հալածող այդ փրփրերախ գազանների մեջ։

— Դա ձեր տեսակետն է,— ծիծաղեց Մոդը։— Որովհետև դուք հեռավորության չափը կորցրեցիք։ Եթե այնքան չմոտենայիք առարկային...

— Հենց դա է...— գոչեցի ես։— Հեռու մնալու համար ինձ հարկավոր է ավելի երկար մահակ։ Այդ կոտրած թիակը պետք կգա։

— Հիմա հիշեցի․․․— ասաց Մոդը,— նավապետ Լարսենը մի անգամ ինձ պատմեց, թե ինչպես են որսում ծվարավայրերում։ Որսորդները նրանց փոքր խմբերով քշում են ցամաքի խորքերը և դրանից հետո սկսում են սպանել։

— Ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հրապուրում մի ամբողջ հարեմ դեպի խորքերը քշելու գաղափարը,— առարկեցի ես։

― Բայց կարող եք առանձնակյացներին քշել,— ասաց նա։— Առանձնակյացները մեկուսացած են ապրում։ Դոկտոր Ջորդանն ասում է, որ հարեմներն իրարից բաժանված են ճանապարհներով, և քանի դեռ առանձնակյացները չեն անցնում այդ ճանապարհների սահմանը։ Հարեմների տերերը նրանց ձեռք չեն տալիս։

— Ահա՛ նրանցից մեկը,— ասացի ես, ցույց տալով ջրի մեջ լողացող մի ջահել արուի։— Նրան աչքի տակ պահենք և, եթե ցամաք բարձրանա, հետևենք։

Առանձնակյացը լողաց դեպի ափ և մարմինը քարշ տալով ուղղվեց դեպի մոտակա երկու հարեմների միջև գտնվող ազատ տարածությունը։ Հարեմների տերերը նախազգուշական մռմռոցներ արձակեցին, բայց չհարձակվեցին նրա վրա։ Նա դանդաղ շարունակեց իր ճամփան, առանց դուրս գալու հարեմների միջև ընկնող «ճանապարհից»։

— Գործի անցնենք,— ասացի ես ափ ելնելով։ Բայց պետք է խոստովանեմ, որ վախը սիրտս մտավ, երբ մտածեցի, թե ինչպես պիտի անցնեմ այդ հսկա երամի միջով։

— Լավ կլիներ մակույկը մի տեղ ամրացնեինք,— ասաց Մոդը։

Նա ափ էր եկել և կանգնել էր կողքիս։ Ես զարմանքով նայեցի նրան։

Մոդը վճռականությամբ գլուխը շարժեց։

― Ոչ՛, ձեզ հետ եմ գալու։ Ուստի լավ կանեք, որ մակույկը կապեք և ինձ էլ զինեք մահակով։

— Եկեք ետ դառնանք,— ասացի հիասթափությամբ։— Ես կարծում եմ, թե վերջ ի վերջո խոտն էլ կարող է տանիքը ծածկել։

— Դուք լավ գիտեք, որ ճիշտ չեք ասում,— պատասխանեց նա։— Գուցե ե՞ս ձեզ առաջնորդեմ։

Ես ուսերս թոթվեցի, բայց նույն վայրկյանին սիրտս ամենախոր հիացմունքով ու հպարտությամբ համակվեց այդ կնոջ նկատմամբ։ Ես նրան գինեցի կոտրած թիակով, ինձ համար վերցրի մի ուրիշ թիակ, և ահ ու դողով ճամփա ընկանք։ Մի անգամ Մոդը սարսավփց ճչաց, երբ էգերից մեկը հետաքրքրությունից դունչը մոտեցրեց նրա ոտքին։ Ես ինքս էլ նույն պատճառով մի քանի անգամ քայլերս արագացրի։ Սակայն, բացի նախազգուշացնող փնչոցներից, թշնամական վերաբերմունքներ չդրսևորվեցին ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմի հարեմից։ Այդ ծվարատեղում որսորդներ երբեք չէին հայտնվել, այդ պատճառով ծովակատուները հանդարտ ու անվախ էին։

Երամի կենտրոնում աղմուկը գլխապտույտ պատճառելու աստիճան սոսկալի էր։ Ես կանգ առա և խրախուսական ժպիտով նայեցի Մոդին, որովհետև նրանից առաջ էի վերագտել սառնարյունությունս։ Նրա դեմքն արտահայտում էր անսահման երկյուղ։ Նա ինձ մոտենալով գոչեց.

— Շատ, շա՜ տ եմ վախենում։

Ես ինքս դադարել էի վախենալուց։ Թեև դեռ բոլորովին չէի ընտելացել մեզ շրջապատող ահազդու տեսարանին, բայց ծովակատուների խաղաղասիրական տրամադրությունն ինձ որոշ չափով հանգստացրել էր։ Սակայն Մոդը ամբողջ մարմնով դողում էր։

— Ե՛վ վախենում եմ, և՛ չեմ վախենում,— ասաց նա ատամները կափկափելով։— Թշվառական մարմինս է վախենում, ոչ թե ես։

― Ոչինչ, ոչինչ,— պատասխանեցի ես և, պաշտպանելու նպատակով, բնազդաբար գրկեցի նրա իրանը։

Բնավ չեմ կարող մոռանալ, թե ինչպես այդ վայրկյանին հանկարծ գիտակցեցի իմ առնականությունը։ Նախնադարյան բնազդներն սկսեցին ալեկոծվել հոգուս խորքերում։ Զգացի, որ տղամարդ եմ՝ թույլ էգին պաշտպանող ու նրա համար կռվող արու։ Բայց ամենագեղեցիկն այն գիտակցությունն էր, որ ես պաշտպանում էի իմ սիրած էակին։ Մոդը ինձ հենվել էր այնքան թեթև, ինչպես դյուրաբեկ շուշանը, և երբ նրա դողը մեղմացավ, ես իմ մեջ զգացի հսկայական մի ուժ։ Այդ րոպեին թվաց, թե կարող եմ հաղթել երամի ամենակատաղի արուին, և վստահ էի, որ եթե իրոք այդպիսի մի արու հարձակվեր ինձ վրա, ես նրան կդիմավորեի հանդարտ ու անսասան և տեղնուտեղը կսատկացնեի։

— Հիմա ինձ լավ եմ զգում,— ասաց նա, երախտագիտությամբ նայելով աչքերիս մեջ։— Շարունակե՛նք մեր ճանապարհը։

Երբ մտածեցի, թե իմ ուժն էր Մոդին հաղորդել այդ հանգստությունն ու վստահությունը, հոգիս ողողվեց հափշտակության աստիճանի հասնող բերկրությամբ։ Հինավուրց նախնիների երիտասարդությունը մեկեն վերակենդանացավ իմ մեջ և ես, գերքաղաքակիրթ մարդս, այդ պահին երևակայությամբ վերապրեցի հեռավոր ու անհիշատակ ժամանակների որսորդական օրերն ու անտառային գիշերները։ Որքա՜ն բան եմ պարտական Գայլ Լարսենին, մտածում էի ես խիտ հարեմների միջով քայլելիս։

Ծովափից մոտ քառորդ մղոն հեռու մենք վերջապես հանդիպեցինք առանձնակյացներին՝ ողորկ մարմնով ջահել արուներին, որոնք մենության մեջ անց են կացնում իրենց ամուրիության շրջանը, ուժ հավաքելով այն օրվա համար, երբ կռվելով իրենց համար տեղ պիտի բացեն բախտավորների շարքերում։

Այս անգամ ամեն ինչ սահուն ընթացավ։ Ես կարծես ըմբռնել էի, թե ինչ պետք է անել և ինչպես պետք է անել։ Գոռալով, մահակը սպառնագին շարժելով և նույնիսկ հրելով դանդաղկոտներին, ես շուտով մի քսան ջահել ամուրիների հեռացրի մյուսներից։ Երբ նրանցից որևէ մեկը փորձում էր փախչել դեպի ծով, ես փակում էի նրա ճանապարհը։ Մոդը աշխույժ մասնակցություն ունեցավ այդ գործում և ճչալով ու կոտրած թիակը օդում ճոճելով՝ մեծապես օգտակար եղավ ինձ։ Ես նկատեցի, որ նա երբեմն բաց էր թողնում շատ հոգնած ու դանդաղկոտ ծովակատուներին։ Բայց նույնպես նկատեցի, որ երբ նրանցից մեկնումեկը փախչել փորձելիս մարտական տրամադրություն էր ցուցաբերում, Մոդի աչքերը փայլում էին և նա թիակով ճարտարորեն հարվածում էր ըմբոստ փախստականին։

— Իսկապես ոգևորիչ է,— գոչեց նա և ուժասպառությունից թուլացած՝ կանգ առավ։— Երևի պետք է մի քիչ նստեմ։

Ես շարունակեցի քշել փոքր երամը, որի թիվը հիմա հասել էր տասներկուսի (մնացածները փախել էին Մոդի թույլտվությամբ) և առաջացա ևս մի հարյուր յարդ։ Երբ Մոդը միացավ ինձ, ես արդեն սպանել էի ծովակատուներին և քերթում էի նրանց կաշիները։ Մի ժամ անց մենք հպարտորեն վերադառնում էինք հարեմների միջով։ Դրանից հետո երկու անգամ ևս վերադարձանք նույն ճանապարհով՝ մորթիներով բեռնավորված։ Ես հաշվեցի, որ այդքան մորթին բավական էր հյուղակի կտուրը ծածկելու։ Առագաստը պարզելով, մենք դուրս եկանք աոաջին ծովախորշից և, երկրորդն անցնելուց հետո, հասանք մեր ծովախորշիկը։

— Կարծես վերադարձանք հայրենի տուն...— ասաց Մոդը, երբ մակույկը մոտեցրի ափին։

Նրա խոսքերն այնքան մտերմական ու բնական հնչեցին, որ ես էլ համակվեցի նույն հուզմունքով։

— Ինձ արդեն թվում է, թե միշտ այստեղ եմ ապրել,— ասացի ես։— Գրքերի աշխարհն ու գրական շրջանակները աղոտացել են հիշողությանս մեջ և դարձել ավելի շուտ երազների հուշ, քան բուն իրականություն։ Ինձ թվում է, թե ամբողջ կյանքումս որսացել եմ, ասպատակել ու կռվել, և դուք էլ միշտ մասնակից եք եղել այդ կյանքին։ Դուք...― քիչ էր մնում ասեի «իմ կինն եք, իմ ընկերուհին», բայց դրա՝ փոխարեն իսկույն ասացի,— հիանալի տանում եք դժվարությունները։

Բայց նրա ականջը որսաց իմ շեղումը։ Նա կռահեց, որ ես խուսափեցի ինչ-որ բան ասելուց, և արագ ինձ նայեց․

— Ոչ, այդ չէ։ Դուք ուզում էիք ասել, թե...

— Թե Ամերիկայի միսիս Մեյնելլը վայրենու կյանք է ապրում և ցուցաբերում է մեծ արիություն,— պատասխանեցի առանց տատամսելու։

— Օ՜հ,― հառաչեց նա։ Եվ ես կարող էի երդվել, որ նրա ձայնում հուսախաբության ինչ-որ երանգ կար։

«Իմ կինը, իմ ընկերուհին․․․»․ այս բառերը ամբողջ օրը՝ և դեռ օրեր շարունակ հնչեցին մտքումս։ Սակայն երբեք այնքան ուժեղ չհնչեցին, որքան այդ գիշեր, երբ դիտում էի, թե ինչպես Մոդը ածուխի վրայից հեռացնում է խոնավ մամուռի ծածկոցը, վառում կրակը և ընթրիք պատրաստում։ Երևի այդ պահին իմ մեջ խլրտում էր ինչ-որ թաքնված վայրենություն, որովհետև նախահայրերիս հետ անքակտելիորեն կապված այդ հնաբույր բառերն անդիմադրելիորեն հափշտակում ու հուզում էին ինձ։ Այդ բառերը շարունակեցին ինձ հափշտակել ու հուզել մինչև ուշ գիշեր, և ես մրափեցի, նորից ու նորից մրմնջալով այդ բառերը։

Գլուխ երեսունմեկերորդ

— Տանիքը հոտ կունենա,— ասացի ես,— բայց, այն ուամենայնիվ, ձեզ կպաշտպանի ցրտից և կպատսպարի անձրևից ու ձյունից։

Մենք դիտում էինք մորթիներով ծածկված տանիքը։

— Ճիշտ է, անճոռնի տեսք ունի, սակայն, համենայն դեպս, իր նպատակին կծառայի,— շարունակեցի ես, անհամբեր սպասելով Մոդի գովաբանական խոսքերին։

Նա ծափ տվեց և հայտարարեց, որ չափազանց գոհ է։

— Բայց ներսը մութն է,― ասաց նա մի վայրկյան անց, և նրա ուսերն ակամա սարսռացին։

— Դուք կարող էիք առաջարկել, որ պատուհան սարքեի այն ժամանակ, երբ պատերն էի շարում,— ասացի ես։— Հյուղակը ձեզ համար էր և դուք ինքներդ պետք է մտածեիք պատուհանի անհրաժեշտության մասին։

— Բանն այն է, որ ես երբեք չեմ նկատում ակնհայտը,— ծիծաղեց նա։— Բացի դրանից, դուք որևէ ժամանակ կարող եք մի ծակ բացել պատի վրա։

— Իրավացի եք։ Այդ մասին չէի անդրադարձել,― ասացի ես խորիմաստորեն գլուխս օրորելով։— Բայց դուք մտածե՞լ եք ապակիներ պատվիրելու մասին։ Պետք է զանգահարել խանութ՝ Րեդ-44-51, եթե չեմ սխալվում, և հայտնել, թե ինչ չափի և տեսակի ապակիներ են հարկավոր ձեզ։

— Նշանակում է...— սկսեց Մոդը։

— Որ պատուհան չի լինելու։

Հյուղակը մութ ու մռայլ էր և քաղաքակիրթ աշխարհում արժանի կլիներ միայն խոզի բնակության։ Բայց մեզ համար, որ ճաշակել էինք բաց մակույկի մեջ ապրելու թշվառությունը, դա մի փոքրիկ ու հարմարավետ բնակավայր էր։ Ծովակատվի ճարպից ու կանեփե պատրույգից պատրաստած ճրագի լույսով հյուղակի բացումը տոնելուց հետո մենք սկսեցինք մտածել ձմեռվա համար մսի պաշար կուտակելու և մի երկրորդ հյուղակ կառուցելու մասին։ Հիմա արդեն որսորդությունը հեշտացել էր։ Առավոտյան մեկնում էինք և կեսօրին վերադառնում՝ նավակը ծովակատուների մսով լցրած։ Իսկ հետո, մինչ ես զբաղվում էի հյուղակի կառուցմամբ, Մոդը ճարպ էր հալեցնում, վառ պահում խարույկի կրակը և դրա վրա միս ապխտում։ Ես լսել էի, թե դաշտավայրերում ապրող մարդիկ ինչպես են տավարի միս ապխտում, և մենք էլ նույն ձևով արեցինք. ծխի վրա բարակ շերտերով կախված ծովակատվի միսը հիանալի ապխտվում էր։

Երկրորդ հյուղակի շինարարությունը ավելի հեշտ եղավ, որովհետև ես այն կառուցեցի առաջինին կից, այնպես որ միայն երեք պատ շարեցի։ Բայց, այնուամենայնիվ, աշխատանքը ծանր էր։ Մոդը և ես արևածագից մինչև մութն ընկնելը աշխատում էինք մեր կարողության առավելագույն չափով, իսկ գիշերը անկողին մտնում բոլորովին ուժասպառ և քնում պարտասուն կենդանիների խոր քնով։ Չնայած դրան, Մոդը հավաստիացնում էր, թե ամբողջ կյանքում իրեն երբեք այսքան առողջ և ուժեղ չէր զգացել։ Ես իմ փորձով գիտեի, որ այդ այդպես է, բայց Մոդը շուշանի պես դյուրաբեկ էր և վախենում էի, որ նրա առողջությունը միանգամից կքայքայվի։ Շատ հաճախ նրա ուժը մինչև վերջին հյուլեն սպառվում էր։ Ես տեսել եմ, թե այդպիսի դեպքերում ինչպես նա հանգստանալու համար իրեն հատուկ դիրքով պառկում է ավազի վրա և մի քիչ կազդուրվելուց հետո վեր կենում ու առաջվա թափով շարունակում աշխատանքը։ Ուղղակի զարմանում էի, թե որտեղի՞ց է նա այդքան ուժ քաղում։

— Մտածեցեք, որ ամբողջ ձմեռը պիտի հանգստանանք,— պատասխանում էր նա իմ հորդորներին։— Այն ժամանակ ճչալով աշխատանք պիտի խնդրենք։

Իմ հյուղակի բացումը տոնեցինք այն օրը, երբ տանիքը ծածկվեց։ Դա՝ փոթորկի երրորդ օրվա գիշերն էր, մի կատաղի փոթորիկ, որն իմ կողմնացույցի համաձայն հարավ-արևելքից հետզհետե հյուսիս–արևմուտք փոխադրվելով՝ այժմ փչում էր ուղիղ մեզ վրա։ Ամեհի կոհակները որոտալով բախվում էին արտաքին ծովախորշի ափերին և նույնիսկ հասնում մինչև մեր խորունկ ներքնախորշը։ Կղզու բարձրաբերձ ողնաշարը մեզ չէր պաշտպանում քամուց։ Ոռնացող քամին այնքան ուժգին էր փչում հյուղակի շուրջը, որ վախենում էի պատերը չդիմանան։ Կաշեպատ տանիքը, որն, իմ կարծիքով, պինդ ձգված էր ինչպես թմբուկի երեսը, կորանում և ուռչում էր քամու յուրաքանչյուր նոր պոռթկումից։ Պատերի արանքները, որ Մոդի ենթադրությամբ լավ խծուծված էին մամուռով, մեկը մյուսի հետևից բացվեցին։ Բայց հակառակ այդ բոլորին, ծովակատվի ճարպով ճրագը միշտ պայծառ լույս էր սփռում, և հյուղակը տաք էր ու հանգստավետ։

Մենք շատ հաճելի ժամանակ անցկացրինք ու վերջում այն եզրակացության եկանք, որ Ջանքի կղզում մեր կազմակերպած բարձրաշխարհիկ երեկույթների մեջ դա ամենահաջողն էր։ Մտահոգվելու պատճառ չունեինք, քանի որ ոչ միայն հաշտվել էինք գալիք խստաշունչ ձմեռն այստեղ անցկացնելու մտքի հետ, այլև անհրաժեշտ նախապատրաստություններ էինք տեսել։ Ծովակատուները հիմա կարող էին ուզած ժամանակ սկսել իրենց խորհրդավոր ճանապարհորդությունը դեպի հարավ, դա մեզ համար այլևս միևնույն էր, իսկ փոթորիկներն այսուհետև չէին կարող մեզ սարսափ ազդել։ Մենք ոչ միայն վստահ էինք, որ չոր, տաք ու պատսպարված կլինենք, այլև կպառկենք մամուռից պատրաստված ամենափափուկ ու ամենաշքեղ անկողինների մեջ։ Անկողինները Մոդի մտահղացումն էին և ինքը անձամբ խնամքով հավաքել էր ամբողջ մամուռը։ Այդ գիշեր առաջին անգամ պիտի պառկեի անկողնի մեջ և քանի որ այն պատրաստել էր Մոդը, ես նախազգում էի, որ ավելի անուշ քնով պիտի նիրհեի։

Մեկնելու պահին Մոդը շուռ եկավ և տարօրինակ ու առեղծվածային արտահայտությամբ ասաց․

— Ինչ-որ բան է պատահելու, ավելի շուտ՝ արդեն պատահում է։ Ես այդ զգում եմ։ Ինչ-որ բան է գալիս այստեղ, մեզ մոտ։ Նա գնալով մոտենում է։ Չգիտեմ, թե ինչ է դա, բայց մոտենում է։

— Լա՞վ, թե վատ,— հարցրի ես։

Նա գլուխը թափահարեց։

— Չգիտեմ։ Նա գտնվում է այն կողմը, ինչ-որ մի տեղ։

Եվ Մոդը ձեռքը մեկնեց ծովի ուղղությամբ, որտեղից քամին փչում էր դեպի ցամաք։

— Դա հողմակոծ ծովափն է,— ծիծաղեցի ես։— Այսպիսի գիշերով ես ավելի կնախընտրեի հյուղակի բնակիչ լինել, քան ժամանող ճամփորդ։

— Հո չե՞ք վախենում,— հարցրի ես, երբ վեր կացա, որպեսզի դուռը բացեմ նրա համար։

Պատասխանի փոխարեն նա արիաբար նայեց աչքերիս մեջ։

— Իսկ ձեզ լա՞վ եք զգում, կատարելապես լավ։

— Սրանից ավելի լավ երբեք չեմ զգացել։

Մի քիչ ևս զրուցելուց հետո նա պատրաստվեց դուրս գնալ։

— Բարի գիշեր, Մոդ,— ասացի ես։

— Բարի գիշեր, Հեմֆրի։

Մենք միմյանց անունները տվեցինք անզգայաբար, առանց կանխորոշման, պարզ ու բնական ձևով։ Այդ վայրկյանին ես կարող էի նրան գրկել ու սեղմել կրծքիս։ Եվ, անկասկած, այդպես կանեի, եթե լինեի այնտեղ, այն աշխարհում, որին պատկանում էի։ Բայց այստեղ հանգամանքները թելադրում էին այլ վարվելակերպ։ Եվ ես մնացի իմ հյուղակում ու երկար ըմբոշխնեցի հոգեկան բավարարության հաճելի ջերմությունը, լիովին գիտակցելով, որ մեր միջև հաստատվել է մի նոր կապ, մի լուռ փոխըմբռնում, որն առաջ գոյություն չուներ։

Գլուխ երեսուներկուերորդ

Ես արթնացա մի խորհրդավոր զգացողության ճնշումով։ Ինձ թվում էր, թե ինչ-որ բան է պակասում իմ շրջապատում։ Բայց խորհրդավորությունն ու ճնշումն իսկույն անհետացան, երբ պարզվեց, որ պակասող բանը քամին է։ Ես քնել էի ջղային լարվածության վիճակում, որին երբեմն մարդ ենթարկվում է շարունակական աղմուկի կամ շարժման ազդեցությամբ։ Երբ արթնացա, դեռևս լարված էի և նախապատրաստված՝ հակադրվելու այն ճնշումին, որն արդեն չքացել էր։

Երկար ամիսներից ի վեր առաջին անգամն էր, որ գիշերել էի ծածկված կտուրի տակ։ Մի քանի րոպե ևս վայելեցի չոր վերմակների տակ պառկելու հաճույքը և սկսեցի վերլուծել նախ՝ քամու դադարումով իմ մեջ առաջացած զգացողությունը և ապա՝ Մոդի պատրաստած անկողնի պատճառած ուրախությունը։ Երբ հագնվեցի և դուռը բացեցի, ավելի պարզ լսվեց ծովափին բախվող ալիքների աղմուկը, որը բազմաձայն վկայում էր գիշերվա վաթորկի մասին։ Օրը արևաշող ու պայծառ էր։ Ես սովորականից շատ էի քնել, հետևաբար, Ջանքի կղզում բնակվող մարդու վայել եռանդով դուրս նետվեցի կորած ժամանակը ետ շահելու մտադրությամբ։

Սակայն հազիվ էի դուրս եկել, երբ տեղնուտեղը քարացած մնացի։ Ես, իհարկե, հավատացի աչքերիս, բայց, այնուամենայնիվ, մի պահ շշմեցի, աեսնելով իմ առաջ պարզված տեսարանը։ Այնտեղ, ծովափին, ինձնից հազիվ հիսուն ոտնաչափ հեռու կանգնած էր ջախջախված կայմերով մի նավ՝ ցռուկը խրած ավազի մեջ։ Կայմերն ու կայմաթևերը խճճվել էին թոկերի ու պատառոտված առագաստների մեջ և նավեզրից կախված օրորվում էին մեղմորեն։ Թերահավատությունից ուզեցի աչքերս շփել․․․ Ահա այն խոհանոցը, որը մենք էինք սարքել, ահա հարթակի փոքր սանդուղքն ու ցածր ձեղնախցիկը, որի կտուրը հազիվ մի փոքր բարձր էր նավեզրի բազրիքից։ Դա «Ուրվականն» էր։

Բախտի ո՞ր քմահաճույքն էր նրան բերել այստեղ, հատկապես հենց այստեղ։ Ինչպիսի՜ տարօրինակ պատահականություն։ Ես անզգայաբար նայեցի իմ հետևում բարձրացող ապառաժյա սև, անանցանելի պատվարին և համակվեցի ամենախոր հուսահատությամբ։ Փախուստն անհնարին էր, դրա մասին մտածելն անգամ ավելորդ է։ Ես մտածեցի Մոդի մասին, որն այժմ քնած է մեր կառուցած հյուղակում և հիշեցի, թե ինչպիսի քաղցրությամբ նա ասաց. «Բարի գիշե՜ր, Հեմֆրի»։ Ուղեղումս սկսեցին հնչել «իմ կինը, իմ ընկերուհին» խոսքերը, բայց դրանք այժմ հնչում էին ինչպես մահազանգ։ Եվ հանկարծ ամեն ինչ աղոտվեց աչքերիս առաջ։

Ուշագնացությունս գուցե միայն մի ակնթարթ տևեց, չգիտեմ։ Բայց երբ ուշքի եկա, «Ուրվականը» դարձյալ նույն տեղում էր քիթը խրած ծովափին։ Ճաքած ցռկակայմը երկարած ավազի վրա։ Թոկերի մեջ խճճված կայմերը, ալիքներից մղվելով, օրորվում ու քսվում էին նավակողին։ Ես մտածեցի, որ անհրաժեշտ է գործել, անհապաղ գործել։

Հանկարծ ինձ տարօրինակ թվաց, որ նավի վրա ոչ մի շարժում չկա։ Փոթորկի դեմ ամբողջ գիշերը մաքառելուց հետո երևի անձնակազմը հոգնել է և բոլորր քնած են այս րոպեիս, ասացի մտովի։ Եվ դա ինձ թելադրեց մի միտք, քանի որ քնած են, ապա Մոդն ու ես կարող ենք փախչել։ Արդյոք մեզ չի՞ հաջողվի մակույկով արտաքին ծովախորշի անկյունը շրջանցել, նախքան որևէ մեկի զարթնելը։ Պետք է Մոդին արթնացնեմ, և իսկույն ճամփա ընկնենք։

Ձեռքս բարձրացրել էի նրա գուռը ծեծելու, երբ անդրադարձա, թե որքան փոքր է մեր կղզյակը։ Մենք երբեք չենք կարող թաքնվել նրանցից։ Մեզ ուրիշ ոչ մի պատսպարան չէր մնում, բացի կատաղի ու անծայրածիր օվկիանոսից։ Մտաբերեցի մեր փոքրիկ, հարմարավետ հյուղակները, մսի պաշարը։ Ճրագը, մամուռն ու ցախը և միաժամանակ համոզվեցի, որ ձմեռային փոթորկոտ ծովի վրա նավարկելու դեպքում մենք կդիմենք ուղիղ դեպի մեր մահը։

Եվ այդպես, ես վարանոտ կանգնեցի դռան մոտ, ձեռքս օդում բարձրացրած։ Փրկության ոչ մի հույս չկար, ոչ մի հույս։ Իմ մեջ ծագեց ներս խոյանալու և քնած Մոդին սպանելու վայրագ միտքը։ Բայց նույն վայրկյանին մտքովս փայլակի նման անցավ մի ավելի նախընտրելի լուծում։ Քանի որ «Ուրվականի» վրա բոլորը քնած են, ապա ինչո՞ւ չսողոսկել մինչև Գայլ Լարսենի անկողինը և նրան չսպանել քնած տեղը։ Իսկ դրանից հետո՞․․․ դեհ, դրանից հետո՝ կտեսնենք... Նրա մահից հետո ժամանակ կունենամ մտածելու, թե ինչ պետք է անել։ Համենայն դեպս, ինչպիսի նոր դրություն էլ ստեղծվի, այն չի կարող ավելի վատթար լինել, քան այժմյանը։

Դաշույնը կախված էր կողքիցս։ Ես վերադարձա հյուղակ, վերցրի մանրագնդակի հրացանը, լիցքը ստուգեցի, ապա ուղղվեցի դեպի «Ուրվականը»։ Մինչև գոտկատեղս խրվելով ջրի մեջ՝ մոտեցա նավին և ոչ առանց դժվարության բարձրացա տախտակամած։ Նավաստիների խցի անցքը բաց էր։ Ես մի պահ ականջ դրի՝ նրանց շնչառությունը լսելու համար։ Բայց շնչառության ձայն չկար։ Այն ժամանակ մտքովս անցավ մի հարց, որն ինձ սարսուռ պատճառեց։ Արդյո՞ք նրանք լքել են «Ուրվականը»։ Եվ սկսեցի ավելի ուշադրությամբ ականջ դնել։ Դարձյալ ոչ մի ձայն։ Իջա աստիճաններով։ Խուցը դատարկ էր։ Ներսում ծավալվել էր այն գարշահոտությունը, որ հատուկ է չբնակված սենյակներին։ Այնտեղ խառնիխուռն թափվել էին հին հագուստներ, ռետինե մաշված կոշիկներ, մոմլաթե ծակծկված վերարկուներ, մի խոսքով՝ այն բոլոր անպետք իրեղենները, որ նավաստիներն իրենց խցում թողնում են երկար ճանապարհորդությունից հետո։

Նրանք շատ շտապ են հեռացել, եզրակացրի ես տախտակամած բարձրանալով։ Հույսը կրծքիս տակ վերակենդանացավ, և սկսեցի ավելի սառնասրտությամբ զննել իմ շուրջը։ Իսկույն նկատեցի, որ մակույկները չկան։ Որսորդների խցում տիրում էր նույն խառնաշփոթ վիճակը, ինչ նավաստիների խցում։ Որսորդներն էլ իրենց իրերը հավաքել էին նույնպիսի շտապողականությամբ։ «Ուրվականը» լքված էր։ Այն հիմա պատկանում էր Մոդին և ինձ։ Ես հանկարծ հիշեցի նավասենյակի ներքևում գտնվող պահեստարանը և որոշեցի Մոդին զարմացնել նախաճաշի համար համեղ ուտելիքներ տանելով։

Երբ վախս փարատվեց և գիտակցեցի, որ այլևս կարիք չկա կատարելու այն ահավոր արարքը, որի համար եկել էի, փոքր տղայի նման ուրախացա։ Որսորդների խցից դուրս եկա և աստիճանները զույգ-զույգ բարձրանալով ուրախությամբ մտածեցի, որ մինչև Մոդի արթնանալը նախաճաշն արդեն պատրաստ կլինի։ Խոհանոցի մոտով անցնելիս ցնծությամբ հիշեցի, որ ներսում կան խոհանոցային հիանալի իրեղեններ։ Վազելով ցատկեցի հարթակի վրա և տեսա... Գայլ Լարսենին։ Վազքի թափն ու ցնցող ապշությունը մի քանի քայլ ևս առաջ մղեցին ինձ, մինչև որ կարողացա կանգ առնել։ Լարսենը կանգնած էր նավասենյակ տանող սանդուղքի վրա, և անցքից երևում էին միայն նրա գլուխն ու ուսերը։ Նա ինձ էր նայում։ Ձեռքերը հենած կիսաբաց անցքի եզերքին՝ նա անշարժ նայում էր ինձ։

Սկսեցի դողդողալ, աղիքներս ցավից գալարվեցին, ինչպես լինում էր անցյալում։ Վայր չընկնելու համար բռնեցի ձեղնախցիկի եզրը։ Շրթներս մեկեն չորացել էին և լեզվով անզգայաբար թացացնում էի դրանք, չնայած խոսելու ուժ չունեի։ Աչքերս ոչ մի ակնթարթ չէին հեռանում Գայլ Լարսենից։ Մենք երկուսս էլ ոչ մի բառ չէինք արտաբերում։ Նրա լռության ու անշարժության մեջ ինչ-որ չարագուշակ բան կար։ Նրանից իմ զգացած հին վախը վերադարձել ու հարյուրապատիկ աճել էր մեջս։ Դեմդիմաց կանգնած դեռ դիտում էինք իրար։

Ես ըմբռնում էի գործելու անհրաժեշտությունը, բայց իմ հին անճարակությունը նորից համակել էր ինձ և սպասում էի, որ նախ Գայլ Լարսենն սկսի։ Վայրկյանները դանդաղ անցնում էին, երբ հանկարծ հիշեցի, թե ինչպես երկայնաբաշ արուին մահակով մոտենալիս՝ վախը մթագնել էր իմ մտադրությունը և բոլորովին մոռացել էի, որ եկել եմ ծովակատվին սպանելու և ոչ թե նրան փախցնելու։ Դրությունը հար ու նման էր հիմա։ Փոխանակ ինքս գործելու, սպասում էի, որ Գայլ Լարսենը գործի անցնի։

Բարձրացրի երկփողանի հրացանը և նշան բռնեցի Գայլ Լարսենի վրա։ Եթե նա որևէ շարժում աներ կամ փորձեր ներքև խոյանալ, անկասկած, կկրակեի։ Բայց նա անշարժ կանգնած՝ շարունակում էր նայել ինձ։ Ձեռքերիս մեջ դողդողացող հրացանը նրան ուղղած՝ մի պահ դիտեցի նրա դեմքը և նկատեցի, որ նիհարել ու գունատվել է։ Կարծես ինչ-որ խոր ապրումներ հյուծել էին այդ դեմքը։ Այտերը փոսացել էին, ճակատի կնճիռները՝ խորացել։ Ինձ թվաց, թե աչքերի տեսքը տարօրինակ է։ Փոխվել էր ոչ միայն նրանց արտահայտությունը, այլև կազմվածքը։ Ըստ երևույթին, տեսողական ջղերն ու մկանները ուժեղ լարվածության հետևանքով թեթևակի ծռել էին աչքերի գնդերը։

Ես այս ամենը նկատեցի և ուղեղումս, որն այժմ սկսել էր արագ աշխատել, հազար ու մի մտքեր անցան, բայց, այնուամենայնիվ, չկարողացա հրացանի բլթակները քաշել։ Հրացանը ցածրացնելով ես նետվեցի ձեղնախցիկի հետևը, որպեսզի հանդարտեցնեմ լարված ջղերս և ապա նորից գործի անցնեմ, այս անգամ ջանալով ավելի մոտ կանգնել։ Երբ երկրորդ անգամ հրացանի կոթը ուսիս հենեցի, մեր միջև հեռավորությունը հազիվ երկու քայլ էր։ Գայլ Լարսենի համար այլևս փրկություն չկար։ Ես վճռական էի այս անգամ։ Ինչքան էլ վատ նշանառու լինեի, դարձյալ հարվածս չէր կարող վրիպել։ Եվ սակայն, դեռ տատանվում էի ու չէի սեղմում բլթակները։

— Հետո՞,— ասաց նա անհամբերությամբ։

Իզուր փորձեցի մատներս սեղմել բլթակների վրա և իզուր ջանացի որևէ բան ասել։

— Ինչո՞ւ չեք կրակում,— հարցրեց նա։

Ես հազացի՝ կոկորդս մաքրելու համար, որը խանգարում էր խոսել։

— Հեմփ,― ասաց նա դանդաղ,— դուք անընդունակ եք դրան։ Ոչ թե որովհետև վախենում եք, այլ որովհետև անկարող եք։ Ձեր պայմանական բարոյականությունը ավելի ուժեղ է ձեզնից։ Դուք գերին եք այն նախապաշարմունքների, որոնց հավատում են ձեր շրջապատի մարդիկ և որոնցով հագեցված են ձեր կարդացած գրքերը։ Դրանք ձեր գլխում թխվել են դեռ այն ժամանակից, երբ նոր էիք սկսել բառեր թոթովել և, հակառակ ձեր ամբողջ փիլիսոփայությանն ու իմ ավանդած դասերին, ձեզ չեն թողնի սպանել անզեն ու չդիմադրող մի մարդու։

— Գիտեմ,— ասացի ես խռպոտ ձայնով։

— Եվ դուք նույնպես գիտեք, որ ես անզեն մարդու կսպանեի նույնպիսի հոժարությամբ, որպիսի հոժարությամբ կծխեի իմ սիգարը,— շարունակեց նա։— Դուք ինձ ճանաչում եք և իմ արժեքը գնահատել եք ձեր սեփական կշեռքով։ Դուք ինձ կոչել եք օձ, վագր, շնաձուկ, հրեշ և Կալիբան։ Բայց ինքներդ լաթե մի խամաճիկ եք, ուրիշների կարծիքներին արձագանքող ողորմելի մի մեքենա, և անընդունակ եք ինձ սպանելու այնպես, ինչպես կսպանեիք մի օձ կամ շնաձուկ, և դա միայն նրա համար, որ իմ ձեռքերը, ոտքերր և մարմինը ինչ-որ նմանություն ունեն ձերինների հետ։ Է՛հ, ես ավելին էի սպասում ձեզնից, Հեմփ։

Նա բարձրացավ աստիճաններով և ուղղվեց դեպի ինձ։

— Ցած դրեք այդ հրացանը։ Ուղում եմ ձեզ մի քանի հարց տալ։ Ես դեռ ժամանակ չունեցա շրջապատը քննելու։ Ի՞նչ տեղ է սա։ Ի՞նչ դիրքով է կանգնել «Ուրվականը»։ Ինչո՞ւ եք այդպես թրջվել։ Որտե՞ղ է Մոդը․․․ ներեցեք, միսս Բրուստերը․․․ կամ գուցե պիտի ասել՝ միսիս Վան-Վեյդենը.,.

Ես շտապ նահանջել էի և զայրույթից լացս գալիս էր, որ անկարող եմ սպանել նրան։ Բայց գոնե այնքան հիմար չէի, որ ցած դնեի հրացանը։ Ես անհամբեր սպասում էի, որ նա հարձակվի վրաս, փորձի ինձ հարվածել կամ խեղդել, որովհետև գիտակցում էի, որ միայն այդ դեպքում կհարկադրվեմ կրակել։

— Սա Ջանքի կղզին է,— պատասխանեցի ես։

— Կյանքումս այդպիսի անուն չեմ լսել,— ասաց նա։

— Գոնե մենք այդպես ենք անվանում,— ճշտեցի ես։

— Մե՞նք․․․ ովքե՞ր են «մենք»–ը։

— Միսս Բրուստերը և ես։ Իսկ «Ուրվականը», ինչպես ինքներդ եք տեսնում, ցռուկը դարձրել է դեպի ծովափ։

— Այստեղ ծովակատուներ կան,— ասաց նա։— Նրանք ինձ արթնացրին իրենց ոռնոցներով, թե չէ մինչև հիմա քնած կլինեի։ Նրանց աղմուկը լսեցի գիշերը, երբ նավը քշում էի դեպի ցամաք, և իսկույն կռահեցի, որ մոտենում եմ ինչ-որ հողմազերծ ափի։ Այստեղ ծվարավայր է։ Ես տարիներ շարունակ փնտրել եմ այսպիսի մի ծվարավայր։ Եվ ահա իմ եղբոր՝ Մահի շնորհիվ գտնում եմ մի հսկա հարստություն։ Սա ուղղակի գանձերի հանք է։ Որո՞նք են կղզու կոորդինատները։

— Այդ մասին ոչ մի գաղափար չունեմ,— ասացի ես։— Բայց դուք ինքներդ պետք է լավ իմանաք այդ։ Ինչպիսի՞ կոորդինատներ եք արձանագրել վերջին անգամ։

Նա խորհրդավոր կերպով ժպտաց և ոչինչ չպատասխանեց։

― Իսկ որտե՞ղ է անձնակազմը,— հարցրեցի ես։— Այդ ինչպե՞ս է, որ մենակ եք։

Ես սպասում էի, որ նա դարձյալ կանտեսի իմ հարցումը և զարմացա, երբ իսկույն պատասխանեց,

— Եղբայրս ինձ որսաց քառասունութ ժամ չանցած, դրա մեջ ես մեղք չունեի։ Նա ինձ խաղի բերեց գիշեր ժամանակ, երբ տախտակամածի վրա ոչ ոք չկար, բացի հերթապահներից։ Որսորդներն ինձ դավաճանեցին։ Նա նրանց խոստացավ ավելի խոշոր շահաբաժին։ Ես անձամբ լսեցի նրա առաջարկությունը, որովհետև նա խոսում էր իմ ներկայությամբ։ Իհարկե, որսորդները լքեցին ինձ։ Եվ դա անսպասելի չէր։ Մի խոսքով՝ ամբողջ անձնակազմը անցավ նրա կողմը, և ես մեն-մենակ մնացի իմ նավի վրա։ Այս անգամ էլ հաղթելու հերթը Մահինն էր։ Դեհ, սրանք ընտանեկան հարցեր են։

— Բայց ինչպե՞ս եղավ, որ կայմերը ջախջախվեցին։

— Գնացեք այնտեղ,— ասաց նա ցույց տալով այն կողմը, որտեղ պետք է լինեին խելակայմի թոկերը,― և այդ կայմապարանները քննեցեք։

— Դանակով են կտրել...— բացականչեցի ես։

— Ոչ ամբողջովին,— ծիծաղեց նա,— այդտեղ նուրբ աշխատանք է կատարվել։ Նորից նայեցեք։

Ես նորից նայեցի։ Կայմապարանները դանակով կտրել էին միայն այնքան, որ նրանք կայմերը պահեն մինչև քամու առաջին ուժեղ թափը։

— Խոհարարի գործն է,— կրկին ծիծաղեց Գայլ Լարսենը։— Ես գիտեմ, որ նա է արել, թեև նրան չեմ տեսել գործելու պահին։ Այդպիսով նա մասամբ լուծեց իր վրեժը։

— Կեցցե՛ս, Մագրիջ,— գոչեցի ես։

— Այո, ես էլ նույնը ասացի, երբ կայմերն ու առագաստները տապալվեցին, բայց, իհարկե, նույնքան ուրախությամբ չասացի, որքան դուք։

— Իսկ դուք ի՞նչ էիք անում, երբ այս ամենը տեղի էր ունենում,— հարցրի ես։

— Անում էի ինչ հնարավոր էր, կարող եք չկասկածել, բայց դա բավական չէր այդպիսի պայմաններում։

Ես շուռ եկա, որպեսզի նորից զննեմ Մագրիջի կատարած գործը։

— Մի քիչ նստեմ ու արևի տակ տաքանամ,— լսեցի Լարսենի ձայնը։

Նրա ձայնի մեջ ֆիզիկական թուլության ինչ-որ երանգ, համարյա աննկատելի մի երանգ կար և դա այնքան տարօրինակ էր, որ ես արագ նայեցի նրան։ Նա ձեռքի ջղային շարժումով շփում էր երեսը, կարծես ուզում էր այնտեղ կպած ինչ-որ սարդոստայն սրբել։ Դա ինձ շփոթեցրեց։ Այս ամենը այնքան անհամապատասխան էր իմ ճանաչած Լարսենի կերպարին։

— Ինչպե՞ս են ձեր գլխացավերը,— հարցրեցի ես։

— Դեռ շարունակում են տանջել,— եղավ նրա պատասխանը։— Ինձ թվում է՝ հիմա մի նոր նոպա է սկսվելու։

Նստած դիրքից վար սահելով, նա պառկեց տախտակամածին։ Հետո մի կողմի վրա շուռ եկավ, գլուխը հենեց թևին և դաստակով աչքերը ծածկեց արևից։ Ես զարմանքով դիտում էի նրան։

— Ահա ձեր առիթը ներկայացել է, Հեմփ,— ասաց նա։

— Չեմ հասկանում,— ստեցի ես, որովհետև լիովին հասկացել էի։

— Դե ոչինչ,— ասաց նա թույլ ձայնով, ըստ երևույթին, թմրությունը համակում էր նրան։—Ահա ընկել եմ ձեր ձեռքը, այն էլ ամենահարմար վայրում։

— Ես կուզենայի, որ այս վայրից հազարավոր մղոններով հեռու լինեիք։

Գայլ Լարսենը քրքջաց ու այլևս չխոսեց։ Նա անշարժ պառկած էր, երբ անցա նրա կողքով և իջա նավասենյակ։ Այնտեղ բարձրացրի պահեստարան տանող անցքի կափարիչը և մի պահ տարակուսանքով նայեցի ներքևի մթության մեջ։ Չէի համարձակվում վար իջնել։ Եթե Լարսենի թմրությունը կեղծ է, ապա մկան պես ծուղակը կընկնեմ։ Անաղմուկ սողոսկեցի նավասանդուղքի աստիճաններով և գաղտագողի նայեցի նրան։ Նա պառկած էր այն դիրքով, որով թողել էի նրան։ Նորից ետ գնացի, բայց պահեստարան իջնելուց առաջ նախազգուշության համար անցքի կափարիչը ներքև գցեցի։ Ծայրահեղ դեպքում ծուղակը գոնե կափարիչ չէր ունենա։ Բայց դա բոլորովին ավելորդ էր։ Ես վերադարձա նավասենյակ, հետս բերելով ջեմ, պաքսիմատ, պահածո միս, մի խոսքով, այն ամենը, ինչ կարող էի փոխադրել, և անցքը կափարիչով փակեցի։

Նորից գաղտագողի նայելով ստուգեցի, որ Գայլ Լարսենը տեղից ճի շարժվել։ Նույն վայրկյանին գլխումս մի փայլուն գաղափար ծագեց։ Մտա նավապետի խուցը և վերցրի նրա ատրճանակները։ Դրանից հետո մնացած երեք խցիկներն էլ խուզարկեցի և համոզվելու համար դարձյալ մտա որսորդների ու նավաստիների խցերը, բայց ուրիշ զենք չգտա։ Ապա խոհանոցից վերցրի միս ու բանջարեղեն կտրելու բոլոր սուր դանակները։ Հիշելով Գայլ Լարսենի խոշոր, ծալովի դանակը, որ նա միշտ կրում էր իր վրա, մոտեցա նրան և սկսեցի հետը խոսել նախ մեղմ, ապա բարձր ձայնով։ Նա ոչ մի շարժում չարեց։ Կռացա և դանակը հանեցի գրպանից։ Այժմ ավելի ազատ էի շնչում։ Գայլ Լարսենը այլևս զենք չուներ և չէր կարող ինձ հեռվեց խփել, այնինչ ես զինված լինելով, միշտ կարող էի նրան կանխել, եթե նա փորձեր փաթաթվել ինձ գորիլլայի ահարկու բազուկներով։

Իմ ավարին ավելացնելով մի սրճաման ու մի թավա, նավասենյակի բուֆետից էլ վերցնելով ճենապակյա զանազան ամաններ, Գայլ Լարսենին թողեցի արևի տակ պառկած ու ցամաք իջա։

Մոդը տակավին քնած էր։ Խարույկի կրակն արծարծեցի (մենք ձմեռվա համար դեռ խոհանոց չէինք սարքել) և մեծ եռանդով եփեցի նախաճաշը։ Երբ նախաճաշի պաարաստությունը վերջանալու վրա էր, լսեցի, որ նա իր հյուղակում քայլում է և առավոտվա արդուզարդն անում։ Ամեն ինչ արդեն պատրաստ էր ու սուրճը բաժակների մեջ լցված, երբ դուռը բացվեց, և Մոդը դուրս ելավ։

― Այդ արդեն չեղավ,— ողջունեց նա ինձ։— Դուք ինձ զրրկում եք իմ իրավասություններից։ Դուք համաձայնել էիք, որ ճաշ եփելը իմ իրավունքն է, իսկ հիմա․․․

— Միայն այս անգամ,— խնդրեցի ես։

— Լավ, պայմանով, որ այլևս չկրկնեք,— ժպտաց նա։— Իհարկե, եթե չեք ձանձրացել իմ եվայծ խղճուկ ճաշերից։

Ի մեծ ուրախություն ինձ, նա ոչ մի անգամ չնայեց ծովափի կողմը, և ես զվարթ զրույցով այնքան հաջողությամբ գրավեցի նրա ուշադրությունը, որ նա առանց նկատելու մեքենաբար խմեց ճենապակյա բաժակում լցված սուրճը, կերավ տապակած կարտոֆիլը և սկսեց ջեմ քսել պաքսիմատի վրա։ Բայց դա չէր կարող երկար տևել։ Ես տեսա, թե ինչպես զարմանքը վրա հասավ։ Առաջին հերթին Մոդը հայտաբերեց ճենապակյա ափսեն, որի միջից ուտում էր, ապա հայացքը գցեց ուտելիքների վրա և մեկը մյուսի հետևից նկատեց բոլոր մանրամասները։ Հետո նայեց ինձ և դեմքը դանդաղ շրջեց դեպի ծովափ։

— Հե՛մֆրի,— գոչեց նա։

Եվ անանուն սարսափը նորից լցվեց նրա աչքերի մեջ։

— Մի՞թե նա է... — դողդողացին նրա շրթները։

Ես գլխով արեցի։

== Գլուխ երեսուներեքերորդ ==

Ամբողջ օրն սպասում էինք, որ Գայլ Լարսենը ցամաք կիջնի։ Ժամանակն անցնում էր հուզմունքի դժնդակ ապրումներով։ Յուրաքանչյուր վայրկյան մեկս կամ մյուսս ակնկալությամբ նայում էր «Ուրվականի» կողմը։ Բայց Գայլ Լարսենը չէր երևում։ Նա չէր հայտնվում նույնիսկ տախտակամածի վրա։

— Թերևս, գլխացավի նոպան շարունակվում է,— ասացի ես։— Երբ նրան թողեցի, նա պառկած էր հարթակի վրա։ Գուցե այնտեղ էլ մնա ամբողջ գիշերը։ Ուզում եմ գնալ և ստուգել։

Մոդը թախանձագին ինձ նայեց։

— Վախենալու ոչինչ չկա,— հավաստիացրի ես։— Ատրճանակները հետս եմ վերցնելու։ Դուք արդեն գիտեք, որ նավի վրա եղած բոլոր զենքերը հավաքել եմ։

— Բայց նրա զենքերը հենց ձեռքերն են, նրա սարսափելի ձեռքերը,— առարկեց Մոդը։— Մի՛ գնացեք, խնդրում եմ, մի՛ գնացեք։

նա աղերսանքով ձեռքս բռնեց, և նույն վայրկյանին զարկերակս սկսեց արագ տրոփել։ Վստահ եմ, որ այդ պահին սերը լիովին արտացոլվեց իմ աչքերի մեջ։ Սիրելի՜, պաշտելի էակ... Նա բառիս բուն իմաստով կին էր, կառչող, աղերսող և արևի ու ցողի նման կենսունակություն հաղորդող իմ տղամարդկությանը, որին սնում էր նորատեսակ ուժի ավիշով։ Ես նորից ցանկացա գրկել նրան, ինչպես ցանկացել էի և այն օրը, երբ գտնվում էինք ծովակատուների երամի մեջտեղը, բայց բանականությունս զսպեց ինձ։

— Ինձ վտանգի չեմ ենթարկի,— ասացի ես։— Կբավականանամ միայն գաղտագողի նայելով նավացռուկի անկյունից։

Նա հուզմունքով սեղմեց ձեռքս և թողեց, որ գնամ։ Բայց Գայլ Լարսենը նույն տեղում պառկած չէր։ Նա, հավանորեն, իջել էր ներքև։

Այդ գիշեր ես ու Մոդը հերթով պահակ կանգնեցինք և յուրաքանչյուրս քնեց միայն իր ազատ ժամերին, որովհետև հնարավոր չէր նախատեսել Գայլ Լարսենի անելիքը։ Նրանից ամեն ինչ կարելի էր սպասել։

Հաջորդ երեք օրերին մենք մեկ րոպեից մյուսը սպասում էինք նրան, բայց նա չհայտնվեց։

— Նրա այդ գլխացավե՜րը, նոպանե՜րը,— ասաց Մոդը չորրորդ օրվա հետմիջօրեին։— Գուցե նա ծանր հիվանդ է։ Գուցե և մեռել է։

— Կամ մեռնում է,— ավելացրեց նա մի պահ լռությունից հետո, երբ տեսավ, որ չեմ պատասխանում։

— Ավելի լավ,— ասացի ես։

— Բայց մտածեցեք, Հեմֆրի, որ նա էլ վերջ ի վերջո մարդ է և մենակ է իր օրհասական ժամին։

— Թերևս,— ասացի ես։

— Այո, թերևս,— շարունակեց նա։— Որովհետև ստույգ ոչինչ չգիտենք։ Բայց եթե նա իրոք մեռնում է, ապա սարսափելի կլիներ նրան այդ վիճակում թողնել։ Ես ինձ երբեք չէի ների։ Պետք է մի բան անել։

— Թերևս,— կրկնեցի ես։

Ներքուստ ժպտում էի տեսնելով, որ նրա կանացի հոգատարությունն այնքան անսահման է, որ տարածվում է անգա՛մ Գայլ Լարսենի նման մի արարածի վրա։ Ուրեմն նա որքա՜ն հոգատար պիտի լիներ դեպի ինձ, որին վախենում էր թողնել նույնիսկ գաղտագողի դիտելու նավացռուկից։

Մոդն այնքան նրբամիտ էր, որ կռահեց իմ լուռ մտքերը։ Բայց նա ոչ միայն նրբամիտ էր, այլև սրտաբաց։

— Դուք պետք է նավ բարձրանաք, Հեմֆրի, և պարզեք դրությունը,— ասաց նա։— Իսկ եթե ուզում եք ինձ վրա ծիծաղել, ես դեմ չեմ և նախօրոք ներում եմ ձեզ։

Ես հլությամբ վեր կացա և ուղղվեցի դեպի ծովափ։

— Միայն թե զգույշ եղեք,— գոչեց նա իմ հետևից։

նավացռուկ բարձրանալով՝ ես ձեռքով արեցի Մոդին և ապա ցատկեցի տախտակամած։ Երբ հասա նավասենյակ տանող սանդուղքի բացվածքին, ցած կռանալով կանչեցի Գայլ Լարսենին։ Նա պատասխանեց և երբ բարձրանում էր սանդուղքով, ատրճանակիս հրահանը քաշեցի։ Մեր ունեցած ամբողջ զրույցի ընթացքում ես ցուցադրական կերպով ձեռքումս պահեցի ատրճանակը, թեև Գայլ Լարսենը նույնիսկ ուշադրություն չդարձրեց դրան։ Նա արտաքուստ տկար էր երևում, ինչպես նախորդ անգամ, բայց այժմ ավելի մռայլ էր ու լռակյաց։ Ճիշտն ասած, չի կարելի զրույց անվանել այն մի քանի խոսքը, որ մենք փոխանակեցինք։ Ես նրան չհարցրի, թե ինչու ցամաք չի իջել, ոչ էլ նա հարցրեց, թե ինչու նորից նավ չեմ եկել։ Նա հայտնեց, թե գլխացավն արդեն անցել է և, այդպիսով, առանց խոսակցությունը երկարացնելու, թողի հեռացա։

Իմ զեկուցումը լսելով, Մոդը հանգստացավ, իսկ հետո, երբ խոհանոցի վերևում ծուխ երևաց, նա առավել ևս զվարթացավ։ Հաջորդ երկու օրերի ընթացքում խոհանոցի ծխնելույզից հաճախ էր ծուխ բարձրանում և մի քանի անգամ էլ Գայլ Լարսենին նշմարեցինք նավահարթակի վրա։ Բայց միայն այդքան։ Գայլ Լարսենը ծովափ իջնելու ոչ մի փորձ չարեց։ Մենք այդ ստույգ գիտեինք, քանի որ միշտ շարունակում էինք գիշերները փոխնիփոխ պահակություն անել։ Սպասում էինք, որ նա մի որևէ բան անի, այսպես ասած՝ իր ձեռքը ցույց տա։ Նրա անգործությունը մեզ շփոթեցնում ու մտահոգում էր։

Այսպես անցավ մի շաբաթ։ Մեր ամբողջ ուշադրությունը գրավված էր Գայլ Լարսենով։ Նրա ներկայությունը մեզ այնքան էր ճնշում, որ չէինք կարողանում զբաղվել մեր ծրագրած մանր գործերով։

Բայց մի շաբաթ հետո խոհանոցի ծուխը դադարեց և Գայլ Լարսենը այլևս չերևաց նավահարթակի վրա։ Ես նկատեցի, որ Մոդը նորից սկսեց նրա մասին անհանգստանալ, թեև ամաչելուց կամ գուցե ինքնասիրությունից չէր կրկնում իր առաջարկությունը։ Վերջ ի վերջո ինչո՞վ կարելի էր մեղադրել նրան։ Այլասիրությունը խորապես արմատացած էր նրա հոգում, և նա կին էր։ Անկախ դրանից, ես ինքս էլ մի տեսակ վատ էի զգում, մտածելով, որ այդ մարդը, որին փորձել էի սպանել, այժմ մեռնում է մեզանից մի քանի քայլ հեռու, բոլորովին մենակ։ Լարսենը իրավացի էր։ Իմ շրջապատի մարդկանց նախապաշարմունքները ինձնից ավելի ուժեղ էին։ Այն փաստը, որ նրա ձեռքերը, ոտքերն ու մարմինը կերտված էին իմի նման, նրան օժտում էր այնպիսի իրավունքներով, որ չէի կարող անտեսել։

Ուստի չսպասեցի, որ Մոդն ինձ երկրորդ անգամ ուղարկի։ Պատրվակելով, որ մեր ջեմի և խտացրած կաթի պաշարը նվազել է, հայտնեցի նրան, թե գնում եմ նավ։ Նա տատանվեց և նույնիսկ փորձեց ինձ ետ պահել, մրմնջալով, թե դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն ու իմ գնալը պարտադիր չէ։ Բայց, ինչպես որ սրանից առաջ կռահել էր լուռ մտքերս, այժմ ևս՝ կռահեց խոսքերիս իմաստը և հասկացավ, որ գնում եմ ոչ թե ջեմ ու խտացրած կաթ բերելու մտադրությամբ, այլ որպեսզի փարատեմ իր մտահոգությունը, որը չէր կարողացել թաքցնել։

Նավ բարձրանալուց հետո կոշիկներս հանեցի և գուլպայով անաղմուկ առաջացա դեպի խելամաս։ Բայց այս անգամ սանդուղքի բացվածքից ձայն չտվի Գայլ Լարսենին, այլ զգուշությամբ ցած իջա աստիճաններով։ Նավասենյակը դատարկ էր, իսկ նավապետի խցիկը տանող դուռը փակ։ Սկզբում մտածեցի դուռը ծեծել, բայց հետո հիշեցի, թե ինչ պատրվակով եմ եկել և որոշեցի նախ այդ գործով զբաղվել։ Պահեստարանի կափարիչը զգուշությամբ բարձրացնելով՝ առանց աղմուկի մի կողմ հրեցի։ Բացի սննդամթերքից, հագուստեղենի պահարանը ևս գտնվում էր պահեստարանում։ Հանգամանքից օգտվելով, վերցրի և փոխնորդ ճերմակեղեն։

Պահեստարանից նոր էի նավասենյակ բարձրացել, երբ՝ Գայլ Լարսենի խցիկից ձայներ լսվեցին։ Ես կծկվելով՝ ականջ դրի։ Նույն պահին դռան բռնակը շարժվեց։ Ես բնազդաբար թաքնվեցի սեղանի հետև և ատրճանակս հանելով՝ հրահանը բարձրացրի։ Դուռը բացվեց և խցիկից դուրս եկավ Գայլ Լարսենը։ Ես երբեք չէի տեսել այնպիսի խոր հուսահատություն, ինչպիսին դրոշմված էր մարտունակ, հզոր ու անհաղթահարելի Գայլ Լարսենի դեմքին։ Վշտից ձեռքերը գալարելով և բռունցքները օդում բարձրացնելով՝ նա խոր հառաչեց։ Հետո բռունցքներից մեկը բանալով՝ ափով աչքերը շփեց, կարծես ջանալով նրանց վրայից ինչ-որ անտեսանելի սարդոստայն սրբել։

— Աստվա՜ծ, աստվա՜ծ,— հառաչեց նա անհուն հուսահատությունից թրթռացող ձայնով, և սեղմած բռունցքները նորից վեր բարձրացրեց։

Դա սարսափելի էր։ Ես ամբողջ մարմնով դողում էի, ողնաշարիս միջով սարսուռներ էին անցնում և ճակատս ողողված էր քրտինքով։ Աշխարհում, թերևս, չկա ավելի ահավոր բան, քան ուժեղ մարդու տեսքը ծայրահեղ տկարության և ընկճվածության պահին։

Սակայն Գայլ Լարսենը իր արտասովոր կամքն ի գործ դնելով, նորից իշխեց իր ջղերի վրա։ Դա կատարվեց հսկայական ճիգով։ Նրա ամբողջ մարմինը ցնցվում էր լարվածությունից և թվում էր, թե նա կաթվածահար կտապալվի։ Իրեն տիրապետելու համար թափած ջանքից՝ դեմքը ձգվեց ու ծամածռվեց, մինչև որ ուժասպառությունը դարձյալ ընկճեց նրան։ Նա կրկին բռունցքները օդում բարձրացնելով հառաչեց և մի քանի անգամ ջղաձգորեն շնչելուց հետո, հանկարծ սկսեց հեծկլտալ։ Վերջ ի վերջո նրան հաջողվեց իշխել իր վրա։ Այդ ժամանակ ինձ թվաց, թե իմ առջև նորից կանգնած է հին Գայլ Լարսենը, թեև նրա շարժումները մատնում էին ինչ-որ տկարություն և անվճռականություն։ Նա ուղղվեց դեպի նավասանդուղք և քայլեց այնպես կայտառ, ինչպես սովոր էի նրան տեսնել նախկինում, բայց նույնիսկ այդ քայլվածքի մեջ ինչ-որ տկարություն և անվճռականություն կար։

Հիմա արդեն սկսեցի վախենալ ինձ համար։ Պահեստարանի բաց անցքը, որը գտնվում էր նրա ճանապարհի վրա, անկասկած, պիտի մատներ իմ ներկայությունը։ Ես ինձ վրա զայրանում էի նրա համար, որ պիտի բռնվեմ վախկոտի նվաստացուցիչ դիրքում՝ սեղանի հետև կծկված։ Քայց դեռ ժամանակ կար։ Իսկույն վեր կացա և անզգուշաբար հանդուգն տեսք ընդունեցի։ Նա ինձ վրա ուշադրություն չդարձրեց։ Նա նույնիսկ չնկատեց բաց անցքը։ Նախքան դրությունն ըմբռնելս կամ գործելու որևէ հնարավորություն ունենալս, ես տեսա, որ նրա մեկ ոտքն արդեն իջնում էր բաց անցքի մեջ, իսկ մյուսը կտրվում էր գետնից։ Երբ իջնող ոտքն արդեն խորանում էր, հին Գայլ Լարսենը մեկ ակնթարթում վերակենդանացավ։ Նա վագրի մկաններով անցքից դուրս քաշեց ընկնող մարմինը և ձեռքերը տարածելով՝ կրծքի ու փորի վրա փռվեց հատակին, անցքի մյուս կողմը։ Հետո վեր քաշեց ոտքերը և շրջվեց մի կողմի վրա։ Բայց շրջվելիս, մարմինը կպավ իմ բերած ջեմի ամաններին, շորերին ու անցքի կափարիչին։

Նրա դեմքի արտահայտությունից ըմբռնեցի, որ նա կռահել է։ Բայց նախքան գուշակելս, թե ինչ է կռահել, նա կափարիչը տեղում ամրացնելով փակել էր պահեստարանի անցքը։ Հիմա ամեն ինչ հասկացա։ Նա կարծում էր, թե ես ներքևում եմ։ Ես միաժամանակ հասկացա, որ նա կույր է, կույր է ինչպես չղջիկ։ Սկսեցի հետևել նրան զգույշ շնչելով, որպեսզի չլսի։ Նա շտապ ուղղվեց դեպի իր խցիկը։ Նկատեցի, որ նրա ձեռքը մեկ մատնաչափով վրիպեց դռան բռնակից և ապա շոշափելով գտավ այն։ Հիմա հարկավոր էր հանգամանքից օգտվել։ Ոտքերիս մատների վրա քայլելով դուրս եկա նավասենյակից ու բարձրացա մինչև սանդուղքի ամենավերին աստիճանը։ Լարսենը վերադարձավ մի ծանր արկղ քաշելով, և այն զետեղեց անցքի կափարիչին։ Դրանով չբավականանալով նա մի ուրիշ արկղ էլ բերեց ու տեղավորեց առաջինի վրա։ Հետո հավաքեց ջեմի ամաններն ու շորերը և դրեց սեղանին։ Երբ նա սկսեց բարձրանալ սանդուղքով, ես ետ քաշվեցի ու անձայն մագլցեցի ձեղնախցիկի տանիքը։

Գայլ Լարսենը կանգ առավ սանդուղքի վրա և ձեռքերը հենեց անցքի եզրին։ Նրա մարմինը միայն կիսով չափ էր անցքից դուրս։ Նա անշարժ դիրքով նայում էր ինչ-որ մի կետի, աչքերր սևեռուն ու անթարթ։ Ես գտնվում էի նրանից միայն հինգ ոտնաչափ հեռու, ուղիղ նրա հայացքի դեմ։ Դա շատ խորհրդավոր էր։ Այդ պահին ինձ զգում էի որպես մի անտեսանելի ուրվական։ Սկսեցի ձեռքս ետ ու առաջ շարժել, բայց, իհարկե, նա չտեսավ։ Սակայն երբ շարժվող ձեռքիս ստվերն ընկավ նրա դեմքին, իսկույն նկատեցի, որ նա զգաց այդ։ Նրա դեմքը ձգվեց, կարծես փորձում էր վերլուծել ու ըմբռնել այդ նորօրինակ զգացողությունը։ Նա հասկանում էր, որ ինքը հակազդում է ինչ-որ արտաքին երևույթի, որ իր զգացողությունն ընկալում է շրջապատում տեղի ունեցող ինչոր փոփոխություն, բայց չէր կարողանում ըմբռնել, թե ինչ էր դա։ Երբ ստվերը նորից ընկավ նրա դեմքին, ես ձեռքս անշարժացրի։ Լարսենն սկսեց գլուխը ետ ու առաջ թեքել և դեմքը մեկ արևին դարձնել, մեկ՝ ստվերին։ Նա զգում էր ստվերը և ջանում այն հասկանալ փոփոխական տպավորությունների միջոցով։

Ես էլ, իմ հերթին, ջանում էի վերլուծել ու գտնել, թե նա ինչպես է գիտակցում ստվերի նման անշոշափելի մի երեվույթի ներկայությունը։ Եթե վնասվել էին միայն նրա ակնախնձորները կամ եթե տեսողության ջիղը բոլորովին չէր փչացել, ապա բացատրությունը պարզ կլիներ։ Իսկ եթե նա բոլորովին կուրտցել էր, այդ դեպքում միակ եզրակացությունը կլիներ այն, որ նրա զգայուն մաշկը կարողանում է որոշել արևի և ստվերի ջերմության տարբերությունը։ Եվ կամ, ո՞վ գիտե, գուցե առասպելական վեցերորդ զգայարանն էր նրան հաղորդում մոտակա իրերի ներկայությունը։

Ստվերը որոշելու փորձից վերջապես հրաժարվելով, նա բարձրացավ տախտակամած և ուղղվեց դեպի առաջամաս, քայլելով այնքան արագ ու ինքնավստահ, որ ես պարզապես զարմացա։ Այնուամենայնիվ, նրա քայլվածքում նորից զգացվում էր կույրերին հատուկ անվճռականությունը։ Հիմա ինձ արդեն հայտնի էր դրա պատճառը։ Վշտախառն զվարճությամբ նկատեցի, որ նա գտել է նավացռուկի մոտ հանածս կոշիկները և այժմ դրանք հետը տանում է խոհանոց։ Ես դիտեցի, թե ինչպես նա կրակ վառեց և սկսեց կերակուր եփել իր համար։ Հետո գնացի նավասենյակ, ջեմով ամաններն ու ճերմակեղենը վերցրի, նորից անցա խոհանոցի կողքով, ծովափ իջա և ոտաբոբիկ գնացի Մոդի մոտ, որպեսզի նրան հայտնեմ անցած-դարձածի մասին։

== Գլուխ երեսունչորսերորդ ==

— Ափսոս, որ «Ուրվականի» կայմերը ջախջախված են, այլապես մենք կկարողանայինք նրան ճամփա հանել ու հեռանալ այստեղից։ Ի՞նչ եք կարծում, Հեմֆրի։

Ես խանդավառությունից ոտքի ցատկեցի։

— Ո՞վ է իմանում, գուցե և հնարավոր է,— ասացի ես, անցուդարձ անելով։

Մոդի ալքերը, իմ շարժումներին հետևելով, փայլում էին հույսով։ Նա այնքա՜ն հավատ ուներ դեպի ինձ... Այս միտքը մեծապես ավելացրեց իմ ուժը։ Եվ ես հիշեցի Միշլեի խոսքերը. «Կինը տղամարդու համար այն է, ինչ երկիրն էր իր առասպելական որդու համար։ Բավական է, որ գետնին ընկնելով նա կնոջ կուրծքը համբուրի, որպեսզի նորից զորանա»։ Հիմա նոր հասկանում էի այս խոսքերի զարմանալի ճշմարտությունը։ Ոչ միայն հասկանում, այլև զգում ու ապրում էի այն։ Մոդը ինձ համար այդ ամենն էր՝ ուժի ու քաջության անսպառ աղբյուրը։ Բավական է, որ նրան նայեմ կամ մտածեմ նրա մասին, որպեսզի նորից ինձ զորավոր զգամ։

— Հնարավոր է գլուխ բերել,— բարձրաձայն մտածում էի։— Այն, ինչ ուրիշներն արել են, ես էլ կարող եմ անել։ Իսկ եթե մինչև հիմա այսպիսի բան չեն արել, միևնույն է, ևս ինքս կանեմ։

— Ի՞նչը։ Ի սեր աստծո, ինձ մի տանջեք։ Ի՞նչը կարող եք անել,— հարցրեց Մոդը։

— Մենք,— ուղղեցի ես,— մենք կարող ենք անել․․․ Այսինքն՝ «Ուրվականի» կայմերը վերականգնել և առագաստ պարզելով հեռանալ այստեղից։

— Հեմֆրի,— բացականչեց նա։

Ես ինձ այնքան հպարտ զգացի իմ մտահղացմամբ, որ կարծես ասածս արդեն կատարված փաստ կլիներ։

— Բայց ինչպե՞ս կարելի է այդ իրագործել,― հարցրեց նա։

— Չգիտեմ,— պատասխանեցի ես։— Միայն այն գիտեմ, որ հիմա ամեն ինչ կարող եմ անել։

Ես հպարտությամբ ժպտացի, գուցե չափազանց հպարտությամբ, որովհետև նա հայացքը խոնարհեց և միառժամանակ լուռ մնաց։

— Բայց նավապետ Լարսենը այստեղ է,— առարկեց նա ի վերջո։

— Կո՜ւյր և անօգնակա՜ն,— շտապ պատասխանեցի ես, նրա գոյության գաղափարն ավլելով որպես հարդի շյուղ։

— Հապա նրա ահարկու ձեռքե՞րը։ Դուք ինքներդ պատմեցիք, թե նա ինչպես դուրս նետվեց պահեստարանի անցքից։

— Պատմեցի նաև, թե ինչպես սողոսկելով խուսափեցի նրանից,— եղավ իմ զվարթ պատասխանը։

— Եվ այդ առթիվ ձեր կոշիկները կորցրիք․․․

— Մի՞թե կարծում եք, թե կոշիկներս էլ կարող էին Գայլ Լարսենից խուսափել, երբ նրանց մեջ չկային իմ ոտքերը․․․

Մենք ծիծաղեցինք և ապա սկսեցինք լրջորեն խորհրդակցել, թե ինչ ձևով կարելի է «Ուրվականի» կայմերը վերականգնել ու վերադառնալ մեր աշխարհը։ Ես վերհիշեցի, թեև որոշ դժվարությամբ, ֆիզիկայի դպրոցական դասերս։ Բացի այդ գիտելիքներից, վերջին մի քանի ամիսների ընթացքում բավական փորձ էի կուտակել և արդեն գիտեի մեքենաների միջոցով ծանրություններ բարձրացնելու ձևերը։ Բայց պետք է խոստովանեմ, որ երբ «Ուրվականի» մոտ գնացինք, որպեսզի մեր կատարելիք գործն ավելի մոտից քննենք, ես համարյա հուսահատվեցի, տեսնելով ջրի մեջ կախված հսկա կայմերը։ Ինչի՞ց սկսել։ Եթե գոնե մեկ կայմ կանգուն լիներ, ապա կկարողանայինք նրա վրա ամրացնել ամբարձիչ ծիծեռնիկներն ու թոկերը։ Բայց այդ մեկն էլ չկար։ Եվ ես մտածեցի, մի՞թե մարդ կարող է իրեն օդ բարձրացնել իր հագած կոշիկի կապերը վեր քաշելով։ Ես հասկանում էի լծակի օրենքը, բայց որտեղի՞ց հենակետ գտնել։

Միջնակայմը մոտ վաթսունհինգ ոտնաչափ երկարություն ուներ, և նրա հիմքը (կոտրված մասում) ուներ տասնհինգ մատնաչափ տրամագիծ։ Իմ հաշվով նա պետք է կշռեր առնվազն երեք հազար ֆունտ։ Իսկ առաջակայմը ավելի մեծ տրամագիծ ուներ և, հավանորեն, կկշռեր ոչ պակաս, քան երեք հազար հինգ հարյուր ֆունտ։ Որտեղի՞ց սկսել։ Մոդը լուռ կանգնած էր կողքիս, և ես որոճում էի մի հնարանքի մասին, որին նավաստիները կոչում են «երկոտանի»։ Թեև «երկոտանին» վաղուց հայտնի էր նավաստիներին, բայց Ջանքի կղզում ես այն հնարեցի ինքնուրույն կերպով։ Երկու գերանի ծայրերն իրար կապելով, ապա դրանք շրջված «V»-ի դիրքով կանգնեցնելով ու տախտակամածին ամրացնելով՝ ես կունենայի բավականին բարձր մի հենակետ, որին կկարողանայի ամրացնել ամբարձիչ ծիծեռնիկն ու թոկերը։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր էր այդ ծիծեռնիկին միացնել մի երկրորդը։ Բացի դրանից, մենք ձեռքի տակ ունեինք խտրիսխ բարձրացնող ճախարակ, որն ամրացված էր նավի քթին։

Մոդը կռահեց, որ ես ինչ-որ լուծում եմ գտել, և աչքերը շողացին ջերմ համակրությամբ։

— Ի՞նչ եք մտադիր անել,— հարցրեց նա։

— Ազատվել այդ խառնակույտից,— պատասխանեցի ես, ցույց տալով նավեզրից կախ ընկած և իրար մեջ խճճված թոկերը, կայմերն ու առագաստները։

Օ՜հ, ինչքա՜ն վճռական ու մեծադղորդ հնչեցին այդ բառերն իմ ականջին։ «Ազատվել այդ խառնակույտից...»։ Ո՞վ կարող էր երևակայել, որ մի քանի ամիս առաջվա Հեմֆրի Վան-Վեյդենը այսօր պիտի արտաբերեր այդպիսի հյութեղ մի նախադասություն։

Ըստ երևույթին, իմ կեցվածքի ու ձայնի մեջ ինչ-որ մելոդրամատիկ բան կար, որովհետև տեսա, որ Մոդը ժպտաց։ Նա շատ արագ էր նկատում ծիծաղելին ու արտառոցը և անսխալականորեն զգում կամ տեսնում էր կեղծիքի, չափազանցության կամ պարծենկոտության նույնիսկ ամենաչնչին նրբերանգները։ Այդ խորաթափանցության և հավասարակշռության շնորհիվ էր, որ նրա ստեղծագործությունը դարձել էր արժեքավոր, իսկ ինքը՝ հանրաճանաչ։ Հումորի զգացում և արտահայտչական ուժ ունեցող լուրջ քննադատը անպայման իրեն լսել կտա։ Եվ Մոդը պարտադրել էր, որ իրեն լսեն։ Հումորի զգացումը նրա համար այն նշանակությունն ուներ, ինչ չափի զգացումը՝ արվեստագետի համար։

— Ինձ թվում է, թե այդ արտահայտությունը կարդացել եմ ինչ-որ տեղ, գրքերում,— ասաց նա զվարթությամբ։

Ինքս էլ չափի զգացում ունեի։ Այդ ակնարկությունը հանկարծ ինձ գլորեց առաջնորդի տիրական բարձունքից նվաստացուցիչ շփոթության մեջ, մի վիճակ, որն առնվազն արգահատելի էր։

Մոդը արագ շարժումով ձեռքը մեկնեց ինձ։

— Ներողություն,— ասաց նա։

— Կարիք չկա,— պատասխանեցի ես, գրեթե շնչակտուր։— Դա օգտակար դաս է։ Իմ մեջ տղայական շատ գծեր կան դեռ։ Բայց այս ամենը դատարկ բաներ են։ Մեր ամենաառաջին գործն է, կրկնում եմ, տառացիորեն ազատվել այդ խառնակույտից։ Եթե ուզում եք՝ միասին մակույկով գնանք նավի մոտ և ջանանք կծիկները քանդել։

— «Եվ դանակն ատամներով սեղմած՝ կազատվենք այդ խառնակույտից»,— մեջբերեց նա, և մենք մինչև երեկո ուրախ-զվարթ աշխատեցինք։

Մոդի պարտականությունն էր մակույկն անշարժ պահել, իսկ իմը՝ հանգույցներն արձակել։ Եվ ինչպիսի՜ հանգույցներ... ամեն տեսակի թոկեր ու պարաններ իրար խառնված՝ ծփում էին ջրի երեսին, իսկ ալիքներն ավելի ու ավելի էին խճճում դրանք։ Ես ջանացի որքան հնարավոր է քիչ կտրատել, դրա համար էլ հաճախ ստիպված էի երկար պարանները քաշել կամ անցկացնել կայմերի ու կայմաթևերի արանքից, տակից կամ վրայից, քանդել խճճված թոկերն ու կայմապարանները, դրանք բոլորակաձև դարսել մակույկի հատակին, որպեսզի այդ ամբողջ բոլորակը անցկացնեմ թուլացրած մի նոր օղակի միջով։ Այս աշխատանքից մինչև ոսկորներս թրջվեցի։

Հարկավոր եղավ առագաստները մի քիչ կտրատել, բայց ջրի մեջ ծանրացած առագաստալաթը ուժեղ դիմադրում էր և ինձ ծայրաստիճան հոգնեցնում։ Այնուամենայնիվ, ինձ հաջողվեց մութը չկոխած դրանք բոլորը փռել ծովափին։ Վերադարձանք ընթրելու, երբ բոլորովին ուժասպառ էինք եղել։ Իրականում բավական մեծ գործ էր արված, թեև արդյունքը արտաքուստ աննշան էր երևում։

Հաջորդ առավոտյան, Մոդին որպես օգնական վերցնելով, ես մտա «Ուրվականի» ամբարը, որպեսզի ջարդված կայմերի ծայրերը դուրս մղելով, կայմախոռոչներն ազատեմ։ Հազիվ էինք սկսել աշխատանքր, երբ իմ տապարի հանած աղմուկը Գայլ Լարսենին տախտակամած բերեց։

— Հե՜յ, ներքևում գտնվողնե՜ր,— գոչեց նա ամբարի բաց անցքից։

Նրա ձայնը լսելով, Մոդն իսկույն ինձ մոտեցավ, կարծես պաշտպանվելու համար, և մի ձեռքն իմ բազուկի վրա պահեց հետագա զրույցի ամբողջ տևողության ընթացքում։

— Հե՜յ, վերևում գտնվո՛ղ,— պատասխանեցի ես,— բա րի լո՛ւյս։

— Ի՞նչ եք անում այդտեղ,— հարցրեց նա։— Փորձում եք նա՞վս ընկղմել։

— Ընդհակառակը, նորոգում եմ ձեր նավը,— պատասխանեցի ես։

— Իսկ ի՞նչն եք նորոգում,— հարցրեց նա զարմացած։

— Ես պատրաստություն եմ տեսնում, որպեսզի կայմերը նորից կանգնեցնեմ,— պատասխանեցի անհոգությամբ, կարծես դա աշխարհի ամենահեշտ գործողությունը լիներ։

— Ինչպես երևում է, վերջապես կանգնում եք ձեր սեփական ոտքերի վրա, Հեմփ,— ասաց նա և հետո միառժամանակ լռություն պահեց։

— Բայց լսե՛ք, Հեմփ,— կանչեց նա,— դուք չեք կարող այդ անել։

— Ոչ միայն կարող եմ,— պատասխանեցի ես,— այլև արդեն իսկ անում եմ։

— Բայց սա իմ նավն է, իմ մասնավոր սեփականությունը։ Ես կարող եմ ձեզ արգելել։

— Դուք մոռանում եք, որ այլևս թթխմորի ամենախոշոր կտորը չեք։ Այդ այդպես էր անցյալում, երբ դուք կարող էիք, ձեր սիրած խոսքերով ասած՝ ինձ ուտել։ Բայց դուք արդեն փոքրացել եք և հիմա ե՛ս կարող եմ ձեզ ուտել։ Ձեր թթխմորը հնացել է։

Նա արձակեց մի կարճ, տհաճ քրքիջ․

— Տեսնում եմ, որ իմ փիլիսոփայությունը իմ դեմ եք ուղղում։ Բայց չսխալվեք ինձ թերագնահատելով։ Ես ձեզ զգուշացնում եմ հենց ձեր լավության համար։

— Այդ երբվանի՞ց է, որ մարդասեր եք դարձել,— հարցրեցի ես։— Խոստովանեցեք, որ իմ լավության համար ինձ զգուշացնելով՝ շատ անհետևողական եք վարվում։

Նա անտեսեց իմ հեգնանքը և ասաց.

— Իսկ եթե հիմա կափարիչը փակե՞մ․․․ Այս անգամ չեք կարող ինձ խաղի բերել, ինչպես այդ արեցիք անցյալ անգամ, պահեստարանում։

— Գայլ Լարսե՛ն,— ասացի ես խստությամբ և առաջին անգամ նրան կոչելով այդ քաջածանոթ մակդիրով,— ես անընդունակ եմ սպանելու անպաշտպան ու չդիմադրոդ մի մարդու։ Դուք ինքներդ այդ ապացուցել եք ի մեծ գոհունակություն ինձ ու ձեզ։ Բայց ես հիմա նախազգուշացնում եմ (և դա ոչ այնքան ձեր լավության համար, որքան՝ իմ), որ ձեզ վայրկենապես կսպանեմ, եթե որևէ թշնամական արարք փորձեք։ Ես կարող եմ այդ անել հենց իմ կանգնած տեղից։ Ուստի, եթե իրոք մտադրվել եք, ապա փորձեցեք փակել անցքը։

— Այնուամենայնիվ, ես ձեզ վճռականապես արգելում եմ ձեռք տալ իմ նավին։

— Զարմանալի մարդ եք,— առարկեցի ես,— դուք հայտարարում եք, որ այս նավը ձերն է և կարծում եք, թե այդ փաստը ձեզ օժտում է բարոյական իրավունքներով։ Սակայն դուք երբեք նկատի չեք ունեցել ուրիշների բարոյական իրավունքները։ Ուրեմն ինչո՞ւ եք կարծում, որ ես հաշվի պետք է առնեմ ձեր բարոյական իրավունքները։

Ես եկա կանգնեցի անցքի ճիշտ ներքևը, որպեսզի նրան ավելի մոտից տեսնեմ։ Նրա դեմքը այժմ բոլորովին տարբեր էր նրանից, որը վերջին անգամ դիտել էի գաղտագողի։ Այն հիմա զուրկ էր արտահայտությունից, իսկ անթարթ ու սևեռուն աչքերն ավելի էին շեշտում այդ հանգամանքը։ Ուղղակի տհաճ էր դիտել այդ դեմքը։

— Նույնիսկ ամենախղճուկ էակը, անգա՛մ Հեմփի պես մեկը հիմա նայում է ինձ առանց երկյուղի,— ասաց նա դառն հեգնանքով։ Բայց այդ հեգնանքը միայն ձայնի մեջ էր, դեմքը զուրկ էր արտահայտությունից։

— Ինչպե՜ս եք, միսս Բրուստեր,— հանկարծ հարցրեց նա մի կարճ լռությունից հետո։

Ես ցնցվեցի։ Մոդը ոչ մի ձայն չէր հանել, նույնիսկ չէր շարժվել։ Արդյո՞ք տեսողության որևէ նշույլ դեռ մնացել էր նրա աչքերում։ Եվ կամ արդյո՞ք նրա տեսողությունը սկսել էր վերականգնվել։

— Բարև ձեզ, նավապետ Լարսեն,— պատասխանեց Մոդը։— Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ։

― Ձեր շնչառությունը լսեցի։ Ի դեպ, Հեմփը առաջադիմում է։ Դուք այդպես չե՞ք կարծում։

— Չգիտեմ,— ասաց Մոդը և ժպտալով նայեց ինձ։ Ես նրան երբեք այլ կերպ չեմ տեսել։

— Դուք պետք է նրան առաջ տեսնեիք։

— Առաջադիմությունը կատարվել է շնորհիվ Գայլ Լարսենի տված դեղերի, այն էլ խոշոր դոզաներով,— մրմնջացի ես։— Դրանք ընդունել եմ ճաշերից առաջ և հետո։

— Նորից կրկնում եմ, Հեմփ,— ասաց նա սպառնագին,— հանգիստ թողեք իմ նավը։

— Բայց մի՞թե դուք չեք ուզում այստեղից մեզ հետ հեռանալ,— հարցրեցի թերահավատությամբ։

— Ո՛չ,— եղավ պատասխանը։— Ես ուզում եմ այստեղ մեռնել։

— Իսկ մենք չենք ուզում,— վճռականորեն եզրափակեցի ես և տապարը վերցնելով վերսկսեցի աշխատանքը։

ԳԼՈԻԽ ԵՐԵՍՈՒՆհԻՆԳԵՐՈՐԴ

Հաջորդ օրը, երբ կայմախոռոչները մաքրված էին և ամեն ինչ պատրաստ էր, մենք ցած իջանք, որպեսզի երկու վերնակայմերը նավ փոխադրենք։ Նրանցից մեկը ավելի քան երեսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ մյուսը՝ մոտավորապես երեսուն։ Ես մտադրվել էի այս երկու կայմերից պատրաստել երկոտանին։ Բայց դա բավականին դժվար աշխատանք էր։ Թոկի մի ծայրն ամրացնելով խարիսխ բարձրացնող ճախարակին, մյուս ծայրն էլ կայմի կոթին, սկսեցի պտտեցնել ճախարակի բռնակը։ Մոդը հետևում էր, որ թոկը դուրս չսահի թմբկագլանից և միաժամանակ թոկի հավաքված մասը փաթաթելով՝ դարսում էր։

Մենք զարմացանք, որ կայմը բարձրանում էր այդպիսի հեշտությամբ։ Ճախարակը կատարելագործված կռվաններ ուներ և դա մեծապես ավելացնում էր նրա ամբարձիչ կարողությունը։ Բայց, իհարկե, այն, ինչ շահում էինք ուժի կողմից, կորցնում էինք տարածության տեսակետից։ Որքան անգամ որ ճախարակն ավելացնում էր իմ ուժը, նույնքան անգամ նա ավելացնում էր բարձրացած պարանի երկարությունը։ Պարանը, հետզհետե ձգվելով, ավելի դանդաղ էր վեր քաշվում, և որքան ավելի էր կայմը ջրից բարձրանում, այնքան ավելի դժվար էր պտտվում ճախարակի բռնակը։

Բայց երբ կայմի կոթը հավասարվեց նավաբազրիքին, աշխատանքը կանգ առավ։

— Ինչպե՞ս գլխի չընկա սկզբից...— գոչեցի նեղսրտությամբ։— Հիմա ամեն ինչ պետք է նորից սկսել։

— Գուցե հարկավոր է պարանը կայմի մեջտեղում կապել,— խորհուրդ տվեց Մոդը։

— Հենց այդպես էլ հարկավոր էր անել,— պատասխանեցի ծայրաստիճան դժգոհ ինձանից։

Պարանը թուլացնելով՝ կայմը նորից իջեցրի ջուրը և այս անգամ պարանի ծայրն ամրացրի կայմաթոկից բավական հեռու։ Մեկ ժամ աշխատելով և երբեմն-երբեմն հանգստանալով՝ կայմը բարձրացրի մինչև մի որոշ կետ, որից ավելին այլևս չկարողացա։ Կայմի կոթը հիմա նավաբազրիքից ութ ոտնաչափ բարձր էր, բայց կայմը նավ փոխադրելը՝ նախորդ անգամվա պես անհնար։ Նստեցի ու սկսեցի մտածել որևէ լուծում գտնելու համար։ Դա երկար չքաշեց։ Ուրախությամբ ոտքի թռա։

— Գտա՛, գտա՛,— գոչեցի ես։— Պարանը պետք է ամրացնել ծանրության կենտրոնում։ Այն, ինչ կսովորենք այս փորձից, կկիրառենք նաև մնացած կայմերը նավ բարձրացնելու ժամանակ։

Դարձյալ կայմը ջուրը իջեցրի և ամբողջ աշխատանքը նորից սկսեցի։ Բայց ծանրության կենտրոնը ճիշտ չէի հաշվել և երբ կայմը քաշեցի վեր, գագաթն ավելի վերև բարձրացավ, քան կոթը։ Մոդը հուսահատության մատնվեց, բայց ես ծիծաղեցի և ասացի, որ այդպես էլ կարելի է գործը գլուխ բերել։

Այնուհետև Մոդին բացատրեցի, թե ինչպես պետք է պտտել ճախարակի բռնակը և պատվիրեցի հրամանս լսելուն պես իսկույն թուլացնել պարանը։ Ապա երկու ձեռքով կայմը բռնեցի ու ջանացի օդում հավասարակշռել ու ներս քաշել նավաբազրիքի վրայով։ Երբ ինձ թվաց, թե ամեն ինչ կարգին է, Մոդին հրամայեցի պարանը թուլացնել։ Բայց կայմը, հակառակ իմ ճիգերին, դուրս թեքվելով, նորից ջուրն ընկավ։ Ես դարձյալ այն բարձրացրի առաջվա դիրքին։ Այս անգամ մի նոր գաղափար հղացա։ Ես հիշեցի մեկ և զույգ ծիծեռնիկով ամբարձիչ փոքր հարմարանքը և այն բերեցի առաջամաս։

Ամբարձիչը նոր էի զետեղել կայմագլխի և նավաբազրիքի միջև, երբ Գայլլ Լարսենը հայտնվեց։ Մենք իրար բարևեցինք, միայն այդքան։ Նա նստեց բազրիքի վրա, մեզնից մի քիչ հեռու, և քանի որ ոչինչ չէր տեսնում, ջանաց ականջով հետևել աշխատանքին։

Երբ Մոդն իմ ազդանշանի համաձայն նորից թուլացրեց պարանը, ես ամբարձիչի թոկը կապեցի կայմագլխին ու սկսեցի քաշել։ Կայմը դանդաղ պտտվեց, մինչև որ ուղիղ անկյուն կազմեց բազրիքի հետ։ Այդ ժամանակ զարմանքով նկատեցի, որ բնավ կարիք չկար պարանը թուլացնելու։ Ընդհակառակն, հարկավոր էր այն ձգել։ Ճախարակի բռնակը պտտեցնելով կայմը մի քիչ էլ բարձրացրի և սկսեցի կամաց-կամաց ներս քաշել։ Կայմագլուխը հետզհետե վար հակվելով, ի վերջո, կպավ տախտակամածին և շարունակեց այդպես սահել, մինչև որ կայմն իր ամբողջ երկայնքով պառկեց հատակին։

Ես նայեցի ժամացույցիս։ Ժամը տասներկուսն էր։ Մեջքս ուժեղ ցավում էր, և չափազանց հոգնած ու քաղցած էի։ Մինչև կեսօր կատարած մեր ամբողջ աշխատանքի արդյունքը տախտակամածի վրա փռված այդ միակ կայմն էր։ Այդ ժամանակ միայն լրիվ պատկերացում ունեցա մեր առջև ծառացող աշխատանքի մասին։ Բայց ես սովորում էի, ձեռք էի բերում նոր գիտելիքներ։ Կեսօրից հետո գործը ավելի լավ կընթանա, մտածեցի ես։ Եվ այդպես էլ եղավ։

Ախորժակով ճաշելուց և կազդուրվելուց հետո, ժամը մեկին վերադարձանք աշխատանքի։ Կես ժամ չանցած, արդեն նավ էինք բարձրացրել երկրորդ վերնակայմը, և ես սկսել էի երկոտանին կառուցել։ Երկու կայմերի գլուխներն իրար կապելիս՝ հաշվի առա նրանց երկայնության տարբերությունը, և մեկի գլուխը մի քիչ ավելի բարձր պահեցի։ Հետո միացման կետում ամրացրի զույգ ծիծեռնիկով թոկասարքը, որին միացրի մեկ ծիծեռնկովը։ Այսպիսով ունեցա մի ամբարձիչ երկոտանի։ Որպեսզի նրա ոտքերը չսահեն, տախտակամածի վրա մեխեցի հաստ շերտաձողեր։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, երկոտանու գագաթը պարանով կապեցի նավացռուկի ճախարակին։ Ես սկսել էի մեծ հավատ ունենալ դեպի այդ ճախարակը, որովհետև նրա ամբարձիչ կարողությունը բավականին նշանակալից էր։ Մոդը, ինչպես միշտ, հետևեց, որ պարանը թմբկագլանից դուրս չնետվի, իսկ ես պտտեցրի ճախարակի բռնակը։ Երկոտանին կանգնեց ոտքերի վրա։

Բայց մեկեն հիշեցի, որ մոռացել եմ կայմակալ պարանը օգտագործել։ Դրա պատճառով ստիպված եղա երկու անգամ մագլցել երկոտանու գագաթը։ Վերջապես ինձ հաջողվեց կայմակալ պարանով երկոտանին կապել նավի աջ ու ձախ եզրի բազրիքներին, ցռուկին ու խելին։ Երբ այս աշխատանքն ավարտվեց, մութն արդեն կոխել էր։ Գայլ Լարսենը, որն ամբողջ ժամանակամիջոցում լսողությամբ հետևում էր առանց բերանը բացելու, վեր կենալով, գնաց խոհանոց և սկսեց իր ընթրիքը պատրաստել։ Մեջքս այնքան էր փայտացել, որ ճիգով ու ցավով հազիվ ուղղվեցի։ Ես հպարտությամբ սկսեցի դիտել իմ կատարած գործը։ Այն խոստանում էր լավ արդյունքներ։ Ինչպես որ երեխան ուզում է իր նոր խաղալիքը փորձել, այնպես էլ ես բռնկվել էի երկոտանիով մի որևէ բան բարձրացնելու ցանկությամբ։

— Ափսո՜ս, շատ ուշ է,— ասացի ես։— Շատ կուզենայի տեսնել, թե ինչպես է աշխատում։

— Այդքան անկուշտ մի՛ եղեք, Հեմֆրի,— հանղիմանեց Մոդը։— Մի՛ մոռացեք, որ վաղն էլ աշխատանք կա, իսկ դուք հիմա այնքան հոգնած եք, որ հազիվ կարողանում եք ոտքի վրա կանգնել։

— Հապա դո՞ւք,— ասացի ես սրտաբուխ հպարտությամբ։— Պետք է որ շատ հոգնած լինեք։ Դուք արիաբար ծանր աշխատանք կատարեցիք։ Ես հպարտ եմ ձեզնով, Մոդ։

— Իսկ ես կրկնակի հպարտ եմ ձեզնով և շատ ավելի հիմք ունեմ դրա համար,— ասաց նա և ինչ-որ անբացատրելի արտահայտությամբ ուղիղ նայեց աչքերիս մեջ։ Այդ պահին նրա աչքերում շողշողաց նորօրինակ մի փայլ, որպիսին ես առաջ երբեք չէի տեսել և որը, չգիտեմ ինչու, ինձ համակեց անհուն բերկրանքով։ Նա աչքերը խոնարհեց և, երբ հետո նորից բարձրացրեց, նրանք արդեն ծիծաղում էին։

— Եթե մեր ծանոթներն այս րոպեիս մեզ տեսնեին և դիտեին...— ասաց նա։— Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ արտառոց տեսք ենք ստացել։

— Այո, հաճախ մտածել եմ ձեր տեսքի մասին,— ասացի ես, մտաբերելով նրա աչքերում իմ տեսած տարօրինակ փայլը և միաժամանակ զարմանալով, թե ինչու նա հանկարծ փոխեց խոսակցության նյութը։

— Իսկ ինչի՞ եմ նման, ասացեք խնդրեմ։

— Գուցե խրտվիլակի,— պատասխանեցի ես։— Նայեցեք, օրինակ, ձեր փեշի ճմրթած քղանցքին, նայեցեք այդ եռանկյունաձև պատռվածքներին, կեղտոտված վերնաշապկին․․․ Կարիք չկա Շերլոկ Հոլմս լինելու՝ գուշակելու համար, որ բացօթյա խարույկի վրա դուք ճաշ եք եփում և ծովակատվի ճարպ հալեցնում։ Եվ ի լրումն ամենի՝ այդ դդակը․․․ կարելի՞ է պատկերացնել, որ դուք այն կինն եք, որը գրել է «Հանդուրժված համբույրը»։

Նա կեղծ հանդիսավորությամբ գլուխ տալով ասաց.

— Իսկ ինչ վերաբերում է ձեզ, սըր․․․

Մենք մոտ հինգ րոպե կատակաբանեցինք, բայց այդ կատաակների մեջ կար ինչ-որ լրջություն, որը չէի կարող չկապակցել այն տարօրինակ ու ակնթարթային արտահայտության հետ, որ տեսել էի նրա աչքերում։ Ի՞նչ էր դա։ Արդյո՞ք մեր աչքերը խոսում էին անկախ մեր կամքից։ Գիտեմ, որ իմ աչքերը մեկից ավելի անգամներ խոսել են, սակայն ես զգացել և իսկույն սանձել եմ մեղանչող աչքերս։ Բայց մի՞թե Մոդը նկատել ու հասկացել է նրանց աղաղակող կանչր։ Արդյո՞ք նրա աչքերր քիչ առաջ արձագանքում էին այդ կանչին։ Այլապես ինչո՞վ բացատրել աչքերի այդ արտահայտությունը, այդ կայծկլտող լույսը և դրա հետ մեկտեղ ինչ-որ այլ բան, որը դժվար է բառերով նկարագրել։ Այնուամենայնիվ, կարող եմ սխալված լինել։ Դա անհնարին է, բացի այդ, ես շատ քիչ հմ հասկանում աչքերի լեզուն։ Ես պարզապես գրքասեր Հեմֆրի Վան-Վեյդենն եմ և հիմա ընկել եմ սիրո ցանցի մեջ։ Սիրել, սպասել, սիրվելու արժանանալ ահա ինձ համար ամենամեծ երանությունը։ Մեր արտաքին տեսքի մասին կատակելով հանդերձ, ես շարունակեցի այս հարցերի մասին մտածել, մինչև որ ի վերջո ծովափ հասանք, և այնտեղ ուրիշ մտքեր զբաղեցրին ինձ։

Ինչ վատ է, որ ամբողջ օրը աշխատելուց և հոգնելուց հետո գիշերը իրավունք չունենք առանց ընդմիջման քնելու,— գանգատվեցի ես, երբ ընթրիքը վերջացրինք։

— Բայց հիմա այլևս վտանգ չկա,— ասաց Մոդը։— Ումի՞ց պիտի վախենանք, մի կույր մարդո՞ւց։

— Երբեք չեմ կարող վստահել այդ մարդուն, առավել ևս հիմա, երբ կույր է,— պատասխանեցի ես։— Անօգնական վիճակը նրան ավելի կչարացնի, քան երբևէ։ Բայց ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ։ Վաղն իմ առաջին գործը կլինի նավը հեռացնել ափից և փոքր խարիսխը գցել։ Դրանից հետո, երբ երեկոները մակույկով ափ վերադառնանք, միստր Գայլ Լարսենը բանտարկված կմնա իր նավի վրա։ Իսկ այսօր մեր հերթապահության վերջին գիշերն է, և դրա համար ժամերը համեմատաբար ավելի հեշտ կանցնեն։

Առավոտյան արթնացանք բավականին վաղ և նոր էինք վերջացնում նախաճաշը, երբ արշալույսը ծագեց։

— Օ՜հ, Հեմֆրի՛,— գոչեց հանկարծ Մոդը հուսահատ արտահայտութչամբ և մեկեն լռեց։

Ես նայեցի նրան։ Նա սևեռուն աչքերով դիտում էր «Ուրվականը»։ Ես բռնեցի նրա հայացքի ուղղությունը, բայց ոչինչ չտեսա։ Երբ Մոդը դարձավ դեպի ինձ, ես նրան ուղղեցի հարցական մի հայացք։

— Երկոտանին,— բացականչեց նա դողդոջուն ձայնով։

Ես մոռացել էի երկոտանու գոյությունը։ Ուստի նորից նայեցի։ Երկոտանին անհետացել էր։

— Եթե նա է արել․․․— մրմնջացի ես կատաղությամբ։

Մոդը կարեկցաբար ձեռքը դրեց ձեռքիս և ասաց․

― Ամբողջ աշխատանքը նորից եք սկսելու։

— Օ՜հ, հավատացած եղեք, իմ զայրույթը ոչ մի նշանակություն չունի։ Ես չեմ կարող նույնիսկ մի ճանճի վնաս հասցնել,— ժպտացի դառնությամբ։— Եվ բանն այն է, որ նա այդ գիտե։ Դուք իրավացի եք։ Եթե նա կործանել է երկոտանին, ապա ինձ այլ բան չի մնում, բացի նորից սկսելուց։

— Բայց սրանից հետո գիշերները նավի վրա պահակ կկանգնեմ,— պոռթկացի ես մի պահ լռելուց հետո։— Եվ եթե նա նորից փորձի․․․

— Ես կվախենամ ամբողջ գիշերը ծովափում մենակ մնալ,— ասաց Մոդը, երբ մի քիչ հանդարտվեցի։— Որքա՜ն լավ կլիներ, եթե նա մեզ հետ բարեկամանար ու ջանար մեզ օգնել։ Այդ դեպքում բոլորս էլ հանգիստ կապրեինք նավի վրա։

— Այդպես էլ կանենք,— հավաստիացրի ես կատաղությամբ, որովհետև իմ թանկագին երկոտանու կործանումը դառնացրել էր ինձ։— Դուք և ես այսուհետև նավի վրա կապրենք, անկախ այն բանից՝ Գայլ Լարսենը մեր նկատմամբ բարեկամական է, թե ոչ։

Մի քիչ հետո ծիծաղեցի.

— Գայլ Լարսենի կողմից պարզապես երեխայություն էր այդպիսի բան անելը, իմ կողմից էլ՝ դրա համար զայրանալը։

Բայց երբ նավ բարձրանալով տեսա կատարված ավերածությունը, սիրտս ցավից մղկտաց։ Երկոտանին բոլորովին չքացել էր, կայմակալ պարանները շպրտվել էին դեսուդեն, ամբարձիչ թոկերը կտոր-կտոր էին արված։ Գայլ Լարսենը գիտեր, որ ես չեմ կարող միահյուսել կտրված պարանների ծայրերը։ Ինչ-որ նախազգացումից դրդված իսկույն վազեցի նավացռուկ։ Նա կոտրել էր ամբարձիչ ճախարակը։ Ես ու Մոդը հուսահատությամբ իրար նայեցինք։ Այնուհետև ես շտապեցի դեպի նավեզր։ Կայմերը, կայմաթևերն ու ցռկակայմերը, որ հանգույցներից ազատել էի, չկային։ Գայլ Լարսենը կտրել էր դրանց պահող թոկերը և ամբողջ սարքը թափել էր ծովը։

Մոդի աչքերը արցունքով լցվեցին, և ես հասկացա, որ նա արտասվում է ինձ համար։ Ես էլ կարող էի արտասվել այդ րոպեին։ «Ուրվականի» կայմերը վերականգնելու ծրագիրս ջուրն էր ընկել։ Գայլ Լարսենը անթերի էր կատարել իր գործը։ Ես նստեցի ամբարածածկի վրա և, ծնոտս հենելով ձեռքերիս, անձնատուր եղա սև հուսահատության։

— Նա արժանի է մեռնելու,— գոչեցի ես։— Բայց թող աստված ինձ ների, որ նրա դահիճը լինելու աստիճան արիություն չունեմ։

Մոդը մոտեցավ ինձ և գլուխս շոյելով, կարծես երեխա լինեի, ասաց.

— Հանգստացեք, հանգստացեք, ամեն ինչ կարգի կընկնի, մենք արդար գործի համար ենք աշխատում և դրա համար էլ ամեն ինչ լավ կլինի։

Ես նորից հիշեցի Միշլեի խոսքերը ու գլուխս հենեցի Մոդին։ Եվ ուժերս իրոք վերակենդանացան։ Այս օրհնյալ կինը ուժի անսպառ աղբյուր էր ինձ համար։ Վերջ ի վերջո, ի՞նչ կարևորություն ունի այսօրվա պատահարը։ Դա մի հասարակ անհաջողություն է, մի սովորական հապաղում։ Տեղատվությունը չէր կարող կայմերը հեռու քշած լինել։ Բացի դրանից, գիշերվա ընթացքում քամի չէր եղել։ Հիմա միայն հարկավոր էր կայմերը գտնել ու մակույկին կապելով ետ բերել։ Սակայն այս պատահարը դաս եղավ մեզ համար։ Հիմա ես արդեն գիտեի, թե ինչեր կարելի է ակնկալել Գայլ Լարսենից։ Բայց նա կարող էր նաև սպասել մինչև լրիվ վերջացնեինք ամբողջ վերակառուցումը և այն ժամանակ ամեն ինչ մեկ անգամից կործանել։

— Ահա գալիս է,— փսփսաց Մոդը։

Ես գլուխս բարձրացրի։ Գայլ Լարսենը դանդաղ քայլում էր հարթակի վրա, նավի ձախ եզրում։

— Ուշադրություն մի դարձրեք նրան,— մրմնջացի ես։— Նա գալիս է իմանալու, թե իր արարքը ինչ տպավորություն է թողել մեզ վրա։ Թող նա չիմանա մեր հոգեկան դրությունը։ Պետք է նրան զրկենք այդ բավականությունից։ Հանեցեք ձեր կոշիկները, ա՛յ այդպես, և դրանք ձեր ձեռքում պահեցեք։

Դրանից հետո մենք աչքակապուկ խաղացինք կույրի հետ։ Երբ նա մոտեցավ նավի ձախ եզրին, մենք անցանք աջ եզրը և հարթակի վրայից սկսեցինք նրան դիտել։ Նա շուռ եկավ և մեր հետքերով ուղղվեց դեպի նավախել։

Նա կարծես կռահել էր մեր ներկայությունը, որովհետև վստահությամբ «բարի լույս» ասաց և սպասեց մեր պատասխանին։ Հետո առաջացավ դեպի նավախել, իսկ մենք անաղմուկ քայլերով գնացինք առաջամաս։

― Դե՛, ես գիտեմ, որ այստեղ եք,— գոչեց նա և այդ ասելուց հետո լարված ուշադրությամբ ականջ գրեց։

Այդ րոպեին նա նման էր մի հսկա բուի, որն իր չարագուշակ ճիչն արձակելուց հետո սպասում է սարսափած գոհի շարժումին։ Բայց մենք անշարժ մնացինք և շարժվեցինք միայն այն ժամանակ, երբ ինքը շարժվեց։ Եվ այսպես, չար ճիվաղի կողմից հալածվող երկու երեխայի նման, մենք ձեռք-ձեռքի տված փախանք մեկ կողմից մյուսը, մինչև որ Գայլ Լարսենը, բացահայտորեն ձանձրացած ու զայրացած, թողնելով տախտակամածը, ուղղվեց դեպի նավասենյակ։ Մեր աչքերը լցված էին հրճվանքով և մենք հազիվ էինք կարողանում զսպել ծիծաղի պոռթկումները։ Կոշիկները հագնելով նավեզրից իջանք մակույկ։ Մոդի վճիտ, շագանակագույն աչքերի մեջ նայելով, ես մոռացա կատարված չարիքը և գիտակցեցի միայն այն, որ սիրում եմ նրան, որ նրա շնորհիվ պիտի կարողանամ ուժերս հավաքել ու հաջողացնել մեր վերադարձը։

== Գլուխ երեսունվեցերորդ ==

Երկու օր մակույկով թափառեցինք կղզու շուրջը, կորած կայմերը փնտրելով։ Միայն երրորդ օրը դրանք գտանք. բոլորը միատեղ էին, ներառյալ երկոտանին։ Բայց դրանք քշվել էին ամենավտանգավոր վայրը՝ հարավ-արևմտյան ահարկու հրվանդանի մոտ, որտեղ ամեհի կոհակները կատաղորեն ծեծում են ափը։ Մեծ եռանդով աշխատեցինք և երեկոյան դեմ ուժասպառ վերադարձանք մեր փոքրիկ ծովախորշը՝ մակույկի հետևից միջնակայմը քաշելով։ Օդը բոլորովին անշարժ էր, հետևապես ստիպված եղանք թիավարելով կտրել ամբողջ ճանապարհը։

Հաջորդ օրը, դժնդակ ու վտանգավոր աշխատանքից հետո, հաջողվեց երկու վերնակայմերն էլ ետ բերել։ Երրորդ օրը համբերությունս կորցրի և իրար կապեցի առաջակայմը, զույգ ցռկակայմերն ու կայմաթևերը։ Քամին նպաստավոր էր, և ես մտադրվել էի առագաստ պարզելով մեկ անգամից դրանք բոլորը տեղ հասցնել։ Սակայն ճանապարհին քամին անսպասելիորեն դադարեց, ի դերև հանելով հույսերս։ Մենք սկսեցինք թիավարել, բայց արդեն առաջանում էինք խխունջի արագությամբ։ Ես ամբողջ մարմնով ու ամբողջ ուժով կռանում էի թիակների վրա և միաժամանակ զգում, թե ինչպես հետևի հսկա ծանրությունը արգելակում է մակույկի առաջընթաց։ Իսկ դա, իհարկե, հաճելի զգացողություն չէր։

Օրն սկսել էր մթնել, երբ ի լրումն մեր դժվարությունների, դիմացից ուժեղ հողմ բարձրացավ։ Դրանից հետո մակույկը ոչ միայն դադարեց առաջ շարժվելուց, այլև սկսեց ետ քշվել դեպի բաց ծովը։ Ես մաքառեցի իմ թիակներով, բայց, ի վերջո, պարտության մատնվեցի։ Խեղճ Մոդը, որն իմ խորհուրդներին չանսալով, իր ամբողջ ուժով աշխատում էր, թուլացած պառկեց մակույկի խելամասում։ Ես այլևս անկարող էի թիավարել։ Ուռած ու ճաքճքած մատներս չէին կարողանում սեղմել թիակների բռնակները, իսկ դաստակներս ու բազուկներս անտանելի ցավում էին։ Թեև ժամը տասներկուսին կուշտ ու կուռ նախաճաշել էի, բայց ծանր աշխատանքից այնպես քաղցածացա, որ քիչ էր մնում նվաղեի։

Թիակները ներս քաշեցի և, առաջ շարժվելով, կռացա կայմերը քաշող պարանի վրա։ Բայց Մոդը ձեռքի շարժումով ուզեց ինձ արգելել։

— Ի՞նչ եք ուզում անել,— հարցրեց նա ձգված, տագնապահար ձայնով։

— Ուզում եմ պարանն արձակել,— պատասխանեցի ես և սկսեցի քանդել պարանը։

— Մի՛ արեք, խնդրում եմ,— աղերսեց նա։

— Անօգուտ է,— պատասխանեցի։— Գիշերն արդեն վրա է հասել, իսկ քամին մեզ հեռացնում է ցամաքից։

— Բայց լավ մտածեցեք, Հեմֆրի։ Եթե մենք չկարողանանք «Ուրվականով» մեկնել, ապա կղզում կմնանք երկար տարիներ, գուցե և մեր ամբողջ կյանքը։ Քանի որ կղզին մինչև հիմա չի հայտնաբերվել, հավանական է, որ այսուհետև էլ չհայտնաբերվի։

— Դուք մոռանում եք այն նավակը, որ գտանք ծովափին,— հիշեցրի նրան։

— Դա որսորդական մակույկ էր,— պատասխանեց նա։— Եվ դուք շատ լավ գիտեք, որ եթե այդ մակույկի նավաստիներն իրոք կղզուց հեռացած լինեին, ապա նորից կվերադառնային ծվարավայր՝ ծովակատուների շնորհիվ հարստություն դիվելու։

Ես մնացի լուռ, անվճռական։

— Բացի դրանից,— ավելացրեց նա վարանոտ արտահայտությամբ,— մտահղացումը ձերն էր և ես ուզում եմ, որ դուք այն իրականացնեք։

Այժմ ես արդեն կարող էի վճռական լինել։ Թեև Մոդի խոսքերը փաղաքշական էին ինձ համար, բայց մեծահոգությունն ինձ դրդեց հակաճառելու։

— Ավելի լավ է կղզու վրա երկար տարիներ ապրել, քան ծովի վրա մեռնել այս գիշեր, վաղը կամ մյուս օրը։ Մենք նախապատրաստված չենք բաց ծովի վրա նավարկելու։ Ոչ ուտելիք ունենք, ոչ ջուր, ոչ վերմակ, ոչ մի բան։ Դուք առանց վերմակի մինչև առավոտ չեք կարող դիմանալ։ Արդեն հիմիկվանից դողում եք։

— Դա պարզապես ջղերի լարվածությունից է,― պատասխանեց նա։— Ես վախենում եմ, որ հակառակ իմ խորհուրդին կայմերն արձակեք։

— Օ՜հ, խնդրում եմ, խնդրո՜ւմ եմ, Հեմֆրի, մի՜ արձակեք,— թախանձեց նա հաջորդ վայրկյանին։

Նա քաջ գիտեր, թե այդ խոսքերն ինչ ուժեղ ազդեցություն ունեն ինձ վրա։ Եվ այսպիսով հարցը վճռվեց։ Մենք ողորմելիորեն դողդողացինք ամբողջ գիշերը։ Ես քնեցի անկանոն ընդմիջումներով, որովհետև ամեն անգամ տանջալի ցուրտը արթնացնում էր ինձ։ Ես զարմանում էի, թե Մոդն ինչպես է ցրտին դիմանում։ Այնքան հոգնած էի, որ նույնիսկ չէի կարող ձեռքերս թափահարել, որպեսզի մի քիչ տաքանամ։ Այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ուժերս հավաքելով, շփում էի Մոդի ձեռքերն ու ոտքերը՝ արյան շրջանառությունը վերականգնելու համար։ Այդպիսի պահերին անգամ նա շարունակում էր թախանձել, որ կայմերը չարձակեմ։ Առավոտյան ժամը երեքի մոտերքը նա ցրտից ջղաձգություն ունեցավ, և ես՝ ստիպված եղա նրա ձեռքերը շփել, որից հետո նա բոլորովին թմրեց։ Դա ինձ վախեցրեց։ Թիակները ջուրն իջեցնելով, ստիպեցի նրան թիավարել, բայց նա այնքան տկար էր, որ կարծում էի, թե թիավարելիս հանկարծ ուշքը կկորցնի։

Առավոտը ծագեց և ցայգալույսի միջով մեր հայացքները երկար փնտրեցին կղզին։ Վերջապես նա երևաց հորիզոնում, փոքր ու սևորակ, առնվազն տասնհինգ մղոն մեզնից հեռու։ Այնուհետև հեռադիտակով ծովը զննեցի։ Հեռվում՝ հարավ-արևմուտքում նկատեցի ալիքների մի մութ գիծ, որը մեզ էր մոտենում։

— Բարենպաստ քամի ,— գոչեցի այնպիսի խռպոտ ձայնով, որ ինքս չճանաչեցի իմ ձայնը։

Մոդը փորձեց պատասխանել, բայց չկարողացավ ոչ մի բառ արտաբերել։ Նրա շուրթերը կապտել էին ցրտից և աչքերը փոս էին ընկել։ Այդ շագանակագույն աչքերն ինչպիսի՜ արիությամբ նայեցին ինձ։ Բայց ինչքա՜ն գթաշարժ էր այդ արիությունը․․․

Դարձյալ սկսեցի նրա ձեռքերը շփել ու շարժել, մինչև որ նա ուժերը հավաքեց և կարողացավ ինքը դրանք շարժել, հետո նրան ոտքի կանգնեցրի և օգնեցի քայլելու, չնայած մակույկի ամբողջ երկարությունը հազիվ մի քանի քայլ էր։ Դրանից հետո նրան ստիպեցի մի քիչ ցատկոտել։

— Օ՜հ, դուք արիասիրտ կին եք,— ասացի ես, երբ տեսա, որ նրա դեմքը նորից կենդանություն ստացավ։— Դուք գիտեի՞ք, որ արիասիրտ եք։

— Մինչև ձեզ ճանաչելս ես երբեք արիասիրտ չեմ եղել,— պատասխանեց նա։— Դուք ինքներդ ինձ արիասիրտ դարձրիք։

— Ես էլ ձեզ ճանաչելուց հետո միայն արիասիրտ դարձա։

Նա մի արագ հայացք գցեց ինձ վրա, և ես նրա աչքերում նորից նկատեցի կայձկլտացող փայլը և ինչ-որ ուրիշ բան.... Բայց դա տևեց միայն մի ակնթարթ։ Ապա նա ժպտաց։

— Պայմաններն են ձեզ վերափոխել,— ասաց նա։

Բայց ես գիտեի, որ այդպես չէր և մտածեցի, թե արդյո՞ք նա էլ այդ գիտեր։

Հետո բարենպաստ քամին սկսեց փչել, և շատ չանցած մակույկը ալեկոծ ծովի միջով շարժվեց դեպի կղզին։ Ցերեկվա ժամը երեքին անցանք հարավ-արևմտյան հրվանդանը։ Մենք ոչ միայն քաղցած էինք, այլև տանջվում էինք ծարավից։ Մեր շրթները այնպես էին չորացել ու ճաքճքել, որ նույնիսկ չէինք կարողանում լեզվով թացացնել։ Հետո քամին սկսեց կամաց-կամաց մեղմանալ։ Երբ գիշերը վրա հասավ, արդեն մեռելային հանդարտություն էր տիրում, և ես նորից տքնաջան թիավարում էի, բայց թույլ, չափազանց թույլ շարժումներով։ Գիշերվա երկուսի մոտ մակույկի քիթը կպավ ներքին ծովախորշի ափին, և ես երերալով դուրս եկա մակույկը կապելու։ Մոդը չէր կարողանում ոտքերի վրա կանգնել։ Ես այլևս ուժ չունեի նրան գրկելով փոխադրելու, և նրա հետ միասին ավազի վրա գլորվեցի։ Երբ մի քիչ հանգստացա, անութներից բռնելով նրան քարշ տվի ծովափի երկայնքով մինչև հյուղակ։

Հաջորդ օրը չաշխատեցինք։ Մինչև ցերեկվա ժամը երեքը քնեցինք, ավելի շուտ՝ ես քնեցի, որովհետև երբ արթնացա, Մոդը ճաշ էր եփում։ Նրա վերակազդուրվելու կարողությունն ուղղակի ապշեցուցիչ էր։ Շուշանի պես քնքուշ այդ մարմնի մեջ կար կյանքին կառչելու մի համառություն, որն անհամատեղելի էր առերևույթ դյուրաբեկության հետ։

— Դուք գիտեք, որ գնում էի Ճապոնիա կազդուրվելու համար,— ասաց նա, երբ ճաշից հետո խարույկի շուրջը նստած՝ ըմբոշխնում էինք անշարժության հաճույքը։— Ես շատ առողջ չէի և երբեք էլ չեմ եղել։ Բժիշկներն ինձ հանձնարարել էին ծովային ճամփորդություն, և ես ընտրել էի ամենաերկարը։

— Առանց իմանալու, թե ինչպիսին եք ընտրում,— ծիծաղեցի ես։

— Ճիշտ է, բայց այս նոր պայմանների շնորհիվ ես կվերափոխվեմ ու ավելի ուժեղ կին կդառնամ,— պատասխանեց նա։— Հուսով եմ նաև, որ ավելի լավ կին կդառնամ։ Գոնե ավելի լավ կճանաչեմ կյանքը։

Աշնանային կարճ օրն արդեն նվազում էր, երբ սկսեցինք խոսել Գայլ Լարսենի կուրացման մասին։ Դա մեզ համար անբացատրելի երևույթ էր։ Բայց ակնհայտորեն նրա դրությունը լուրջ է, ասացի ես, քանի որ մտադրվել է մնալ և Ջանքի կղզում մեռնել։ Երբ այդքան ուժեղ և այդքան կենսասեր մարդը հաշտվում է իր մահվան գաղափարի հետ, նշանակում է նրան անհանգստացնում է կուրությունից ավելի լուրջ մի պատճառ։ Օրինակ, նրա ահավոր գլխացավերը... Մենք այն եզրակացության եկանք, որ դրանք առաջացրել են ուղեղի ինչ-որ քայքայում, և որ այդ նոպաների ընթացքռւմ նա ունենում է աներևակայելի ցավեր։

Ես նկատեցի, որ Գայլ Լարսենի ծանր դրության մասին զրուցելիս՝ Մոդը գնալով ավելի ու ավելի է կարեկցում նրան։ Նրա կարեկցանքն այնքան քնքուշ ու կանացի էր, որ հենց դրա համար ես նրան առավել ևս սիրեցի։ Բայց նրա այդ զգացմունքի մեջ որևէ ավելորդ զեղում չկար։ Նա ինձ հետ իսկույն համաձայնեց, որ եթե ուզում ենք հեռանալ այս կղզուց, ապա անհրաժեշտ է Լարսենի նկատմամբ ամենախիստ միջոցներ ձեռք առնել։ Բայց խրտնեց այն մտքից, թե երբևէ կհարկադրվեմ Լարսենին զրկել կյանքից՝ իմը (նա ասում է «մերը») փրկելու համար։

Հաջորդ առավոտյան վաղ նախաճաշեց ինք և լուսաբացին լծվեցինք աշխատանքի։ Նավացռուկի ներքևում գտնվող ամբարում, որտեղ պահվում է նավի գույքը, ես գտա մի փոքրիկ խարիսխ և բավական դժվարությամբ փոխադրեցի տախտակամած, որտեղից իջեցրի մակույկի մեջ։ Մակույկի խելամասում զետեղելով շրջանաձև դարսած մի երկար պարան, որի մի ծայրը ամրացրել էի նավացռուկին, իսկ մյուսը՝ խարիսխին, ես թիավարեցի մինչև մեր փոքրիկ ծովախորշի մեջտեղը և խարիսխը գցեցի ջրի մեջ։ Քամի չկար, մակընթացությունը բարձր էր, և երկկայմանավը ծփում էր ջրի երեսին։ Պարանը ձեռքով քաշելով (որովհետև ամբարձիչ ճախարակը փչացել էր), սկսեցի երկկայմանավը շարժել, մինչև որ նա կամաց-կամաց մոտեցավ խարիսխին։ Բայց խարիսխը փոքր էր և չէր կարող երկկայմանավը պահել նույնիսկ ամենաթեթև քամու ժամանակ։ Ուստի ես ցածրացրի նաև նավի աջ եզերքից կախված խոշոր խարիսխը, բավականին թույլ պահելով նրա թոկը։ Կեսօրից հետո սկսեցի ամբարձիչ ճախարակը նորոգել։

Երեք օր շարունակ աշխատեցի այդ ճախարակի վրա։ Մեքենագիտության մեջ ես չափազանց համբակ էի և այն գործը, որ կատարեցի երեք օրում, մի որևէ մեքենագետ կկատարեր երեք ժամում։ Ինձ հարկավոր էր ամենից առաջ ճանաչել իմ գործիքները և տիրապետել մեքենագիտական գոնե ամենատարրական օրենքներին։ Երրորդ օրվա վերջում ճախարակն սկսեց գործել, սակայն ոչ այնքան գոհացուցիչ կերպով։ Նա առաջվա պես լավ չէր գործում, բայց, համենայն դեպս, հեշտացնում էր աշխատանքս։

Մի կես օրում ինձ հաջողվեց երկու վերնակայմերը նավ բարձրացնել, երկոտանին կառուցել և առաջվա նման ամրացնել պարաններով։ Այդ գիշեր քնեցի տախտակամածի վրա, իմ ձեռակերտի կողքին։ Մոդը մերժեց ծովափում մենակ մնալ և քնեց նավաստիների խցում։ Ցերեկվա ընթացքում Գայլ Լարսենը լուռ նստած ունկնդրում էր, երբ ճախարակր նորոգելով Մոդի հետ զրուցում էի կողմնակի նյութերի մասին։ Մենք ոչ մի ակնարկություն չարեցինք երկոտանու կործանման մասին, նա էլ նորից չպնդեց, որ իր նավը հանգիստ թողնենք։ Բայց ես դեռ վախենում էի այդ կույր ու անօգնական մարդուց, որն ունկնդրում, շարունակ ունկնդրում էր, և աշխատելիս միշտ ջանում էի հեռու մնալ նրա հզոր ձեռքերից։

Այդ գիշեր քնած էի իմ թանկագին երկոտանու տակ, երբ Գայլ Լարսենի ոտնաձայնն արթնացրեց ինձ։ Երկինքը աստղազարդ էր, և ես աղոտ կերպով տեսա նրա կերպարանքը, երբ նա քայլում էր տախտակամածով։ Վերմակի տակից դուրս սահելով՝ գաղտագողի մոտեցա նրան։ Նա զինված էր մի սղոցով, որը վերցրել էր գործիքների արկղից և այժմ պատրաստվում էր դրանով կտրել ամբարձիչ թոկերը, որ կախել էի երկոտանուց։ Շոշափելով գտավ թոկերը և իսկույն նկատեց, որ դրանք չեմ ամրացրել ու ձգել։ Այսպիսի դեպքում սղոցը չէր կարող գործ տեսնել, ուստի նա թոկերը կապելով պինդ ձգեց ու պատրաստվեց սղոցելու։

— Խորհուրդ չէի տա, որ այդ բանն անեք,— ասացի ես հանդարտ ձայնով։

Նա լսեց ատրճանակիս շնիկի չխկոցը և ծիծաղեց։

— Հելլո՜, Հեմփ,– ասաց նա,— ես ամբողջ ժամանակ գիտեի, որ նավի վրա եք։ Ձեզ չի հաջողվի ականջներս խաբել։

— Սուտ եք ասում, Գայլ Լարսեն,— պատասխանեցի առաջվա պես հանդարտ։— Բայց լավ իմացեք, որ ես անհամբեր սպասում եմ մի որևէ առիթի, որպեսզի սպանեմ ձեզ։ Դեհ, հիմա փորձեցեք կտրել։

— Դուք միշտ էլ առիթ ունեք,— ասաց նա քմծիծաղով։

— Փորձեցեք կտրել,— չարագուժորեն սպառնացի ես։

— Ես նախընտրում եմ ձեզ հուսախաբ անել,— քրքջաց նա և կրունկների վրա շրջվելով՝ ուղղվեց դեպի նավախել։

Հաջորդ առավոտյան, երբ Մոդին պատմեցի գիշերվա միջադեպը, նա ասաց.

— Պետք է մի բան անել, Հեմֆրի։ Եթե նրան ազատ թողնենք, նա կարող է ամեն ինչ անել։ Նա կարող է նավն ընկղմել կամ հրդեհել։ Հնարավոր չէ նախատեսել նրա հաջորդ քայլը։ Պետք է նրան բանտարկել։

— Բայց ինչպե՞ս,― հարցրեցի ուսերս հուսահատությամբ թափահարելով։— Ես չեմ հանդգնի մոտենալ նրան, իսկ մյուս կողմից նա գիտե, որ քանի դեռ ինքր սոսկ պասսիվ դիմադրություն է ցույց տալիս, ես չեմ կարող իր վրա կրակել։

— Համենայն դեպս, պետք է մի միջոց գտնել,― առաջարկեց նա։— Ժամանակ տվեք, որ մտածեմ։

— Միայն մեկ միջոց կա,— մռայլորեն ասացի ես։

Մոդը ակնկալությամբ նայեց ինձ։

Ես որսորդական մի մահակ վերցրի։

— Նրան չեմ սպանի,— ասացի։— Բայց մինչև որ նա ուշքի կգա, ես նրան պինդ կապկպած կլինեմ։

Մոդը, սարսռալով, գլուխը թափահարեց։

— Ոչ, մահակով չի կարելի։ Պետք է մի այլ, նվազ վայրագ միջոց գտնել։ Եկեք քիչ էլ սպասենք։

Բայց երկար սպասելու կարիք չեղավ և հարցը ինքնըստինքյան լուծվեց։ Նույն առավոտյան, մի քանի անհաջող փորձերից հետո, ես վերջապես գտա միջնակայմի ծանրության կենտրոնը և ամբարձիչ թոկը կապեցի այդ կետից երկու-երեք ոտնաչափ վերև։ Մոդը հսկում էր, որ թոկը թմբկագլանից դուրս չնետվի և, մինչ ես կայմը վեր էի քաշում, նա հավաքում ու շրջանաձև դարսում էր տախտակամած բարձրացող ու կուտակվող թույլ պարանը։ Եթե ճախարակը կանոնավոր աշխատեր, ապա գործն այնքան չէր դժվարանա։ Իսկ այժմ ես հարկադրված էի ամբողջ ուժս գործ դնել, որպեսզի ճախարակի բռնակը պտտեցնեմ։ Ճիշտն ասած, շատ ավելի ժամանակ էի տրամադրում հանգստանալու, քան աշխատելու։ Երբեմն, երբ ուժս այլևս չէր բավում, Մոդը հասնում էր օգնության և մեկ ձեռքում պարանը բռնելով մյուսով բռնակի վրա ավելացնում էր իր նուրբ մարմնի ծանրությունը։

Մեկ ժամ հետո երկու ծիծեռնիկներն էլ ամրացվել էին երկոտանու գագաթին։ Ես այլևս ոչինչ չէի կարող բարճրացնել, իսկ միջնակայմը դեռ ամբողջովին նավի վրա չէր բերված։ Նրա կոթը հենված էր նավի ձախակողմյան բազրիքին, իսկ գլուխը թեքված էր ջրի վրա, աջակողմյան բազրիքից բավական հեռու։ Իմ երկոտանին բավականաչափ բարձր չէր։ Ուրեմն իզուր անցավ իմ ամբողջ աշխատանքը։ Բայց ես առաջվա պես շուտ հուսահատվողը չէի, որովհետև թե ավելի ինքնավստահություն էի ձեռք բերել և թե ավելի վստահություն ունեի ծիծեռնիկների, երկոտանու և ամբարձիչ թոկասարքերի հնարավորությունների վրա։ Նրանցից յուրաքանչյուրը գործելու իր ձևն ուներ, ինձ միայն մնում էր այն հայտնաբերել։

Ես դեռ մտածում էի իմ անելիքի մասին, երբ Գայլ Լարսենը հայտնվեց տախտակամածի վրա։ Իսկույն նկատեցինք, որ նրա տեսքը բավականին տարօրինակ է։ Շարժումների անվճռականությունն ու թուլությունը հիմա ավելի շեշտված էին։ Նա երերուն քայլվածքով անցավ ձեղնախցիկի կողքով և, երբ փորձում էր հարթակ բարձրանալ, հանկարծ ամբողջ մարմնով տատանվեց և նույն վայրկյանին ձեռքով սկսեց աչքերը շփել, կարծես ինչ-որ սարդոստայն էր մաքրում։

Չկարողանալով իրեն պահել, նա հարթակի սանդուղքից կանգնած դիրքով ընկավ տախտակամածի վրա, հետո նորից տատանվեց և, հենարան փնտրելու համար ձեռքերն օդում տարածած, երերալով առաջ շարժվեց, մինչև որ հավասարակշռությունը վերագտավ որսորդների խուցը տանող սանդուղքի մոտ։ Այնտեղ մի պահ կանգնեց ցնորվածի պես, ապա ծնկներն սկսեցին ծալվել, և նա գլորվեց հատակին։

— Գլխացավի նոպաներից մեկն է,— փսփսացի ես Մոդին։

Նա գլխով արեց, և աչքերը նորից լցվեցին ջերմ կարեկցանքով։

Մենք մոտեցանք Գայլ Լարսենին. նա կարծես ուշագնաց էր և շնչում էր ջղաձգությամբ։ Մոդը նրա գլուխը բարձրացրեց՝ արյան զեղումի առաջն առնելու համար և ինձ ուղարկեց նավասենյակ, որպեսզի բարձ բերեմ։ Ես վերմակներ էլ բերեցի, և նրան պառկեցրինք հարմարավետ դիրքով։ Այնուհետև նրա զարկերակր քննեցի։ Երակազարկն ուժեղ էր և շատ կանոնավոր։ Դա ինձ շփոթեցրեց։ Սկսեցի կասկածել։

— Իսկ եթե կեղծո՞ւմ է,— հարցրեցի ես, նրա դաստակը դեռ ձեռքումս պահած։

Մոդը գլուխը թափահարեց, նրա աչքերում հանդիմանություն կար։ Բայց հենց նույն վայրկյանին դաստակը հանկարծ դուրս նետվեց իմ ձեռքից, և Գայլ Լարսենի մատները պողպատյա մամլակի պես սեղմեցին դաստակս։ Անպատում սարսափից մի խուլ, վայրենի ճիչ արձակեցի և նույն պահին տեսա, թե ինչպես նրա դեմքը ծամածռվեց չարախինդ ու հաղթական արտահայտությամբ։ Նա մյուս ձեռքն իսկույն փաթաթեց մարմնիս շռւրջը և ահավոր թափով ինձ քաշեց դեպի իրեն։

Հետո նա թողեց դաստակս և, ձեռքը տանելով կռնակիս, երկու բազուկներս ափի մեջ առավ, որպեսզի չկարողանամ շարժվել։ Մյուս ձեռքով կոկորդս բռնեց, և այդ վայրկյանին ես կարծես զգացի մահվան դառնահամը, մահ, որին արժանանում էի իմ ապուշության շնորհիվ։ Ինչո՞ւ վստահեցի ու մոտեցա այս սարսափելի ձեռքերին։ Այդ վայրկյանին կոկորդիս վրա զգացի ուրիշ ձեռքերի հպումը։ Դրանք Մոդի ձեռքերն էին, որոնք ապարդյուն կերպով ջանում էին արձակել կոկորդիս շուրջը փաթաթված մատները։ Բայց ի վերջո նա հրաժարվեց այդ անօգուտ փորձից և այնպիսի աղեկտուր մի ճիչ արձակեց, որ մինչև հոգուս խորքը ցնցվեցի։ Դա սոսկումի ու սրտաբեկ հուսահատության մատնված կնոջ ճիչն էր։ Այդպիսի ճիչեր ես լսել էի միայն «Մարտինեզի» ընկղման ժամանակ։

Դեմքս կպած էր Գայլ Լարսենի կրծքին և ոչինչ չէի տեսնում, բայց ես լսեցի Մոդի ոտնաձայնը, երբ նա շտապ հեռանում էր մեզնից։ Գիտակցությունս դեռ չէր մթագնել։ Թեև ամեն ինչ կատարվում էր արագ, այնուամենայնիվ, ինձ թվաց, թե անհատնում ժամանակ անցավ մինչև այն պահը, երբ նորից լսեցի շտապ մոտեցող Մոդի ոտնաձայնը։ Սակայն նույն պահին Գայլ Լարսենի մարմինը հանկարծ լխկեց, և կուրծքն սկսեց ուժգին հևալ իմ ծանրության տակ։ Նա մի խուլ հառաչանք արձակեց, և ես չհասկացա՝ դա ուժասպառությա՞ն բացականչություն էր, թե՞ խորունկ արտաշնչում։ Կոկորդս սեղմող մատները թուլացան, և ես սկսեցի շնչել։ Մի պահ չանցած մատները շարժվեցին ու նորից սեղմվեցին կոկորդիս շուրջը։ Բայց Գայլ Լարսենի արտասովոր կամքն անկարող եղավ կանգնեցնելու առաջացող քայքայումը։ Նրա կամքն սկսեց տեղի տալ։ Նա կորցնում էր գիտակցությունը։

Մոդի ոտնաձայնն արդեն մոտեցել էր, երբ Գայլ Լարսենի մատները վերջին անգամ սեղմեցին կոկորդս և ապա բոլորովին թուլացան։ Ես նրա մարմնի վրայից գլորվեցի հատակին։ Մեջքի վրա պառկած հևում էի և արևի լույսից աչքերս թարթում։ Մոդը կանգնած էր իմ դիմաց։ Աչքերս իսկույն ուղղվեցին նրա դեմքին, որը գունատ էր, բայց հանդարտ։ Նա նայում էր ինձ տագնապի և հանգստացման խառն արտահայտությամբ։ Ես նրա ձեռքում տեսա որսորդական ծանր մի մահակ։ Հայացքիս հետևելով՝ նա ևս նայեց իր ձեռքին և շտապ մահակը ցած գցեց, ասես այն կծել էր ձեռքի ափը։ Այդ վայրկյանին սիրտս լցվեց անսահման բերկրությամբ։ Նա իսկապես իմ կինն էր, իմ ընկերուհին, որը կռվում էր ինձ հետ և ինձ համար, ինչպես քարայրաբնակ կինը կկռվեր։ Այդ պահին նրա մեջ զարթնել էր նախնադարյան բնազդը, մեկ ակնթարթում նա թոթափել էր քաղաքակրթության քնքշացնող ազդեցությունը, որը կրել էր ամբողջ կյանքի ընթացքում։

— Սիրելի՜ս...— դոչեցի ես, դժվարությամբ կանգնելով ոտքերիս վրա։

Հաջորդ վայրկյանին նա իմ գրկումն էր և ջղաձգությամբ հեծկլտում էր՝ գլուխն ուսիս հենած։ Ես նայեցի նրա շագանակագույն մազերի հրաշքին։ Արևի տակ գոհարների նման կայծկլտացող այդ մազերն ինձ համար շատ ավելի թանկագին էին, քան արքաների գանձարանների իսկական գոհարները։ Գլուխս հակելով, հուշիկ համբուրեցի այդ մազերը, այնքան հուշիկ, որ նա չզգաց։

Բայց հաջորդ րոպեին սկսեցի ավելի զգաստ մտածել։ Վերջ ի վերջո, Մոդը կին էր բոլոր կանանց նման, և վտանգն անցնելուց հետո նա թեթևացումից լաց է լինում իր պաշտպանի կամ ասենք՝ վտանգից փրկված մարդու գրկում։ Եթե ես նրա հայրը կամ եղբայրր լինեի, նա, անկասկած, նույն կերպ պիտի վարվեր։ Բացի դրանից, տեղը և ժամանակը հարմար չէին սեր բացատրելու համար և ես ուզում էի նախ արժանի լինել սեր հայտնելու լիակատար իրավունքին։ Հետևաբար, բավականացա նորից հուշիկ համբուրելով նրա մազերը և իմ գրկից բաց թողի նրան։

— Այս անգամ նա իսկական նոպա ունեցավ,— ասացի ես։— Հավանորեն, այսպիսի նոպայի ընթացքում է նա կուրացել։ Այսօր նա սկզբում կեղծեց, բայց այդպես անելով՝ իսկական նոպա առաջացրեց։

Մոդն սկսեց ուղղել նրա բարձր։

— Կարիք չկա,— ասացի ես։— Քանի որ նա հիմա անօգնական է, այդպես անօգնական էլ պետք է մնա։ Այսօրվանից սկսած մենք կզբաղեցնենք նավասենյակը, իսկ Գայլ Լարսենին կտեղափոխենք որսորդների խուցը։

Ես անութներից բռնեցի նրան և քարշ տվի մինչև նավասանդուղքի անցքը։ Իմ խնդրանքով Մոդը մի պարան բերեց, որն անցկացրի Լարսենի ուսերի տակով և նրան աստիճաններով սահեցրի մինչև հատակը։ Իմ ուժը չբավեց նրան պառկեցնելու անկողնու վրա, սակայն Մոդի օգնությամբ բարձրացրի նախ գլուխը և ուսերը, ապա իրանը, որից հետո անկողնու վրա գլորեցի ոտքերը։

Բայց այսքանը բավական չէր, ես հիշեցի, որ Գայլ Լարսենի խցիկում կան ձեռնաշղթաներ, որոնցով նա կապում էր օրինազանց նավաստիներին, փոխանակ օգտագործելու նավային հինավուրց ու ծանր շղթաները։ Այդ ձեռնաշղթաները բերելով կապեցինք Գայլ Լարսենի ձեռքերն ու ոտքերը։ Անձկության երկար օրերից հետո ես հիմա առաջին անգամ սկսեցի ազատ շնչել։ Երբ տախտակամած բարձրացա, զարմանալիորեն թեթևացած էի զգում ինձ, ասես մի ծանր բեռ էր վերցվել իմ ուսերից։ Միաժամանակ զգացի, որ իմ ու Մոդի միջև ավելի մոտիկություն էր ստեղծվել։ Եվ երբ մենք կողքեկողքի մոտենում էինք երկոտանուն, որից դեռ կախված էր առաջակայմը, ես մտովի հարցնում էի, թե արդչո՞ք նա էլ է զգում այդ մոտիկությունը։

== Գլուխ երեսունյոթերորդ ==

Մենք շուտով տեղավորվեցինք «Ուրվականի» վրա և զբաղեցրինք մեր նախկին խցիկները։ Խոհանոցն էլ այժմ մեր տրամադրության տակ էր։ Գայլ Լարսենի բանտարգելությունը տեղի ունեցավ բարեպատեհ ժամանակ։ Աշնանային գաղջ օրերը, որոնք հատուկ են լայնության բարձր գոտիներին, արդեն անցել էին, ու նրանց հաջորդել էր անձրևոտ ու փոթորկոտ եղանակը։ Բայց մենք ապրում էինք հանգստավետ պայմաններում, իսկ մեր անկատար երկոտանին ու նրանից կախված առաջակայմը «Ուրվականին» տալիս էին աշխատունակ տեսք և մեր առջև բացում մեկնումի հեռանկարը։

Հիմա, երբ Գայլ Լարսենը կապված էր ձեռնաշղթաներով, դրա անհրաժեշտությունը չէր զգացվում։ Երկրորդ նոպան առաջինի նման զգալիորեն քայքայեց նրա զգայարանների գործնեությունը։ Մոդն այդ բանը հայտնաբերեց երեկոյան դեմ, երբ նրա խցիկը գնաց ուտելիք տալու համար։ Թեև Լարսենը գիտակցությունը վերագտել էր, բայց Մոդի հարցերին չէր պատասխանել։ Նա պառկած էր ձախ կողմի վրա և բացահայտորեն տանջվում էր ցավերից։ Հետո անհանգիստ շարժումով շրջել էր գլուխը և այդպիսով ձախ ականջը հեռացրել բարձից, որին կպած էր եղել մինչև այդ։ Դրանից հետո միայն Մոդի ձայնը լսել էր ու սկսել էր պատասխանել։ Մոդն շտապել էր ինձ մոտ։

Բարձը սեղմելով նրա ձախ ականջին, ես հարցրի, թե լսո՞ւմ է ինձ։ Նա չպատասխանեց։ Երբ բարձը հեռացնելով նույն հարցը կրկնեցի, նա իսկույն պատասխանեց, թե լսում է։

— Դուք գիտե՞ք, որ ձեր աջ ականջը խլացել է,— հարցրեցի ես։

— Այո,— ասաց նա ցածր, բայց հաստատ ձայնով։— Սակայն ավելի վատն այն է, որ մարմնիս աջ մասը թմրել, քարացել է։ Ես չեմ կարողանում աջ ձեռքս ու ոտքս շարժել։

— Նորի՞ց եք կեղծում,— հարցրի բարկությամբ։

Նա գլուխը թափահարեց և, երբ փորձեց ժպտալ, դաժան բերանը տարօրինակ կերպով ծամածռվեց։ Եվ իրոք, դա ծամածուռ ժպիտ էր, որովհետև բերանի միայն ձախ կողմը շարժվեց, մինչդեռ աջ այտի մկանները բոլորովին քարացած էին։

— Դա Գայլի ամենավերջին կեղծիքն էր,— ասաց նա։— Հիմա ես իսկապես անդամալույծ եմ։ Այսուհետև երբեք չպիտի քայլեմ․․․ օ՛հ, միայն նրանով...— ավելացրեց նա, կարծես կռահելով, որ կասկածանքով եմ նայում ձախ ոտքի ծնկին, որը ճիշտ այդ վայրկյանին բարձրացնում էր վերմակը։

— Եվ դա շատ ցավալի է,— շարունակեց նա,— որովհետև կուզենայի նախ ձեր հաշիվը մաքրել, Հեմփ։ Ես կարծում էի, թե դեռ այդքան ուժ մնացել է մեջս։

— Բայց ինչո՞ւ,— հարցրեցի ես զարհուրանքով և միաժամանակ հետաքրքրությամբ։

Նրա դաժան բերանը դարձյալ ծամածռվեց ժպիտի ձևով, և նա ասաց․

— Պարզապես որպեսզի զգամ, որ ապրում ու գործում եմ, որպեսզի զգամ, որ մինչև վերջը թթխմորի ամենամեծ պատառն եմ և ձեզ ուտում եմ... Բայց մեռնել ա՜յս ձևով...

Նա ուսերը թոթվեց, ավելի շուտ՝ փորձեց թոթվել, որովհետև իրականում միայն ձախ ուսը շարժվեց։ Այդ շարժումն էլ, ժպիտի նման, այլանդակ էր։

— Բայց ինչո՞վ կարող եք բացատրել ձեզ պատահածը,— հարցրեցի ես։— Որտե՞ղ է ձեր հիվանդության բուն արմատը։

— Ուղեղումս,— ասաց նա իսկույն։— Այդ անիծյալ գլխացավերն առաջացրին հիվանդությունը։

— Դրանք պարզապես ախտանշաններ էին,— ասացի ես։ Նա գլխով արեց։

— Չգիտեմ ինչով բացատրեմ։ Ես կյանքումս երբեք չեմ հիվանդացել։ Ինչ-որ բան է կատարվել իմ ուղեղում։ Ցավից դատելով, դա պետք է լինի քաղցկեղ, ուռուցք կամ ինչ-որ նման մի բան, որը գիշատում ու ավերում է, հարձակվում է ջղային կենտրոնների վրա և աստիճանաբար փչացնում բջիջները։

— Հարձակվում է և շարժման կենտրոնների վրա,― նկատեցի ես։

— Այդպես է երևում։ Եվ ցավն այն է, որ ես պետք է այսպես պառկած մնամ, գիտակից վիճակում, առողջ մտքով և տեսնեմ, թե ինչպես աշխարհի հետ իմ կապերը կտրվում են մեկը մյուսի հետևից։ Ես կուրացել եմ, լսողությունս ու զգացողությունս ինձ դավաճանում են և, իրերի այս ընթացքից դատելով, շուտով կդադարեմ նաև խոսելուց։ Իսկ այդ ամբողջ ժամանակ պետք է մնամ այստեղ, ողջ, կենսունակ, բայց անզոր։

— երբ ասում եք՝ պետք է մնամ այստեղ, երևի նկատի ունեք ձեր հոգին,— ասացի ես։

— Դատարկ խոսք,— պատասխանեց նա։— Ես պարզապես ուզում եմ ասել, որ մարմնի վերին կենտրոնները մնացել են անվնաս, քանի որ կարող եմ հիշել, մտածել ու տրամաբանել։ Երբ այդ կարողությունը չքանա, ես ինքս էլ կչքանամ, կդադարեմ գոյություն ունենալուց։ Ի՜նչ հոգի։

Նա ծաղրական քրքջաց, հետո ձախ ականջը կպցրեց բարձին, դրանով հասկացնելով, թե այլևս չի ուզում շարունակել խոսակցությունը։

Մոդը և ես գնացինք աշխատելու։ Գայլ Լարսենին հարվածող ահավոր ճակատագիրր մեզ ճնշում էր։ Բայց մենք դեռ չէինք գիտակցում դրա բովանդակ ահավորությունը։ Այդ հարվածը կարծես մի տեսակ փոխհատուցում էր։ Մենք խոր ու լուրջ մտքերով էինք համակված և իրար հետ խոսում էինք համարյա փսփսալով։

— Կարող եք արդեն ձեռնաշղթաները քանդել,― ասաց այդ գիշեր Գայլ Լարսենը, երբ մենք նրա մոտ կանգնած՝ խորհրդակցում էինք։— Դրանք միանգամայն ավելորդ են։ Ես այժմ անդամալույծ եմ։ Սրանից հետո կարելի է սպասել միայն, որ անշարժ պառկելուց մեջքիս վրա վերքեր գոյանան։

Նա իր ծամածուռ ժպիտով ժպտաց։ Մոդը սարսափից լայնացած աչքերով շուռ տվեց գլուխր։

— Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր ժպիտը ծռմռված է,— հարցրեցի ես։ Գիտենալով, որ այսուհետև Մոդը խնամելու է նրան, ես ուզում էի այդ զգայուն կնոջը որքան կարելի է խնայել։

— Որ այդպես է, այլևս չեմ ժպտա,— ասաց նա հանդարտ։— Ինքս էլ զգում էի, որ ինչ-որ բան կարգին չէ։ Այսօր ամբողջ օրը աջ այտս թմրած էր։ Վերջին երեք օրերին նախազգում էի, որ այդպիսի մի բան պիտի պատահի։ Մարմնիս աջ կողմն աստիճանաբար թմրում էր, երբեմն կարճ ժամանակով անշարժանում էր ձեռքս, երբեմն էլ ոտքս։

— Այդպե՜ս, ուրեմն, իմ ժպիտը ծռմռված է հա՞,— հարցրեց նա մի պահ հետո։— Դե լավ, սրանից հետո ներքուստ կժպտամ, այսպես ասած՝ իմ հոգու խորքում, այո՛, հոգո՜ւ։ Այնպես համարեցեք, թե հիմա ժպտում եմ։

Եվ մի քանի րոպե լուռ ու անշարժ մնաց՝ իր անհեթեթ քմահաճույքին անձնատուր։

Նրա բնավորությունը մի մազաչափ իսկ չէր փոխվել։ Նա դեռևս հին, անզուսպ ու սոսկալի Գայլ Լարսենն էր, բանտարկված իր սեփական մարմնի մեջ, որը մի ժամանակ այնքան փառահեղ ու անհաղթահարելի էր։ Այդ մարմինը հիմա անտեսանելի շղթաներով կաշկանդել, խավարի ու լռության մեջ արգելափակել էր նրա հոգին, անջատելով նրան այն աշխարհից, որը եղել էր բուռն գործունեության թատերաբեմ։ Այսուհետև նա չէր կարող «անել» բայի որևէ ժամանակը կամ եղանակը խոնարհել։ Նրան մնում էր միայն՝ «լինել», լինել անշարժ, այնպես, ինչպես հենց ինքն ըմբռնում է մահ հասկացողությունը, կամենալ, բայց չկարողանալ կամեցածն իրագործել, մտքով կենդանի լինել, մտածել ու տրամաբանել, բայց մարմնապես մեռած, բոլորովին մեռած լինել...

Թեև ես ձեռնաշղթաները քանդեցի, բայց, այնուամենայնիվ, մենք չէինք կարողանում որոշել, թե ներկա պայմաններում ինչպես պետք է վարվել նրա հետ։ Մեր գիտակցությունը պարզապես ընդվզում էր։ Մեզ համար Գայլ Լարսենն օժտված էր անսպառ կարողությամբ։ Թվում էր, թե նա կարող է որևէ ժամանակ ազատվել մարմնի կապանքներից և մի սարսափելի բան անել։ Մեր նախկին փորձը հիմքեր էր տալիս այսպիսի կասկածների, և մենք անհանգիստ մտքով գնացինք աշխատելու։

Ես գտել էի երկոտանու կարճության պատճառով ստեղծված խնդրի լուծումը։ Ամբարձիչ թոկասարքի միջոցով, որը նոր էի սարքել, ես բարձրացրի առաջակայմի կոթը և, անցկացնելով նավաբազրիքի վրայով, իջեցրի տախտակամածի վրա։ Դրանից հետո երկոտանու միջոցով նավ բարձրացրի նաև խոշոր կայմաթևը, որը քառասուն ոտնաչափ երկար լինելով կարող էր առաջակայմը բարձրացնել և տեղադրել։ Մի օժանդակ թոկի օգնությամբ, որն ամրացրել էի երկոտանուն, կայմաթևը բարձրացրի մոտավորապես ուղղահայաց դիրքի և ապա նոր կոթն իջեցրի տախտակամածի վրա։ Որպեսզի կոթը չսահի, շուրջը մեխեցի փայտի հաստ կտորներ։ Մեկակնանի ծիծեռնիկը, որը նախօրոք հաստատված էր երկոտանուն, այժմ ամրացրի կայմաթևի ծայրին։ Նավացռուկի ճախարակին ամրացած թոկը թուլացնելով կամ ձգելով, ես կարող էի ուզածս ժամանակ կայմաթևի գլուխը բարձրացնել կամ ցածրացնել, անշարժ պահելով նրա կոթը, իսկ կայմակալ պարանների օգնությամբ հնարավոր էր կայմաթևը մեկ կողմից մյուսը պտտել։ Կայմաթևի ծայրին հաստատել էի նաև մի ամբարձիչ թոկ, և երբ ամբողջ հարմարանքն ավարտվեց, մեծ զարմանքով նկատեցի, որ նա հսկայական ուժ և հնարավորություն ունի։

Ամբողջ գործը գլուխ բերելու համար հարկավոր եղավ երկու օր աշխատել։ Երրորդ օրվա առավոտյան ինձ հաջողվեց առաջակայմը տախտակամածից բարձրացնել, որից հետո ջանացի նրա կոթը տեղավորել համապատասխան կայմախոռոչի մեջ։ Բայց ատաղծագործության արհեստում բավականին համբակ էի։ Ես սղոցեցի, կտրատեցի ու տաշեցի ամուր կոթը, մինչև որ այնպիսի տեսք ստացավ, որ կարծես մի վիթխարի մուկ կրծել էր այն։ Բայց, համենայն դեպս, նա սեղմ տեղավորվեց իր խոռոչի մեջ։

— Գլուխ կգա, անպայման գլուխ կգա,— գոչեցի ես։

— Դուք գիտե՞ք, թե դոկտոր Ջորդանը ինչպես էր ստուգում որևէ փաստ,— հարցրեց Մոդը։

Ես գլուխս թափահարեցի և մի պահ դադարեցի վզիս վրա թափած տաշեղները մաքրելուց։

— Նա ստուգում էր հետևյալ հարցով, արդյոք կարո՞ղ ենք այդ փաստն օգտագործել, կարո՞ղ ենք մեր կյանքը նրան վստահել։

— Ըստ երևույթին, դոկտոր Ջորդանին շատ եք սիրում,— ասացի ես։

— Երբ ես կործանեցի իմ հին պանթեոնը և դուրս գցեցի Նապոլեոնին, Կեսարին ու մյուսներին, անմիջապես կառուցեցի մի նոր պանթեոն,― ասաց Մոդը լրջությամբ,― և այնտեղ առաջին հերթին զետեղեցի Ջորդանին։

— Ժամանակակից հերոսին․․․

— Հենց այդ պատճառով էլ ավելի մեծ հերոս։ Մի՞թե հին աշխարհի հերոսները կարող են համեմատվել մերոնց հետ։

Ես գլուխս թափահարեցի։ Մեր համոզմունքներն այնքան նույնանման էին, որ վիճաբանելու շատ քիչ նյութ ունեինք։ Գոնե կյանքի վերաբերյալ մեր կարծիքներն ու տեսակետներն իրարից չէին տարբերվում։

— Երկուսս էլ գրաքննադատ լինելով հանդերձ՝ զարմանալի հեշտությամբ ընդհանուր լեզու ենք գտնում,― ծիծաղեցի ես։

— Նաև որպես նավաշինարար և օգնական,― պատասխանեց նա, նույնպես ծիծաղելով։

Բայց այդ օրերին մեր ծանր աշխատանքի և Գայլ Լարսենի ահավոր դրության պատճառով մենք շատ քիչ առիթ ունեինք ծիծաղելու։

Գայլ Լարսենը մի նոր հարված ստացավ։ Նա կորցրեց կամ սկսեց կորցնել իր ձայնը, որը վերագտնում էր որոշ ընդհատումներով։ Նրա արտահայտությամբ՝ ձայնալարերը գործում էին սակարանի հեռագրալարերի նման. աշխատում էին այն ժամանակ, երբ «միացում» կար։ Երբ նրա ձայնալարերը «միացվում» էին, նա խոսում էր բնական կերպով, թեև սովորականից ավելի դանդաղ ու ծանր։ Հետո ձայնը հանկարծ դավաճանում էր, երբեմն նախադասության ճիշտ կեսին, և մենք հաճախ ժամերով սպասում էինք, որ ընդհատված կապը նորից հաստատվի։ Նա գանգատվում էր ուժեղ գլխացավերից և, հենց այդ ժամանակաշրջանում հղացավ հաղորդակցության մի միջոց, որն օգտագործելու էր ձայնը բոլորովին կորցնելու դեպքում։ Իր ձեռքի մեկ ճնշումը պետք է նշանակեր «այո», իսկ երկու ճնշումը՝ «ոչ»։ Եվ լավ եղավ, որ նա այդ մասին մեզ հայտնեց, որովհետև նույն երեկոյան մեկընդմիշտ կորցրեց խոսելու ունակությունը։ Դրանից հետո նա ձեռքի ճնշումներով էր միայն պատասխանում մեր հարցերին, իսկ երբ ցանկանում էր խոսել, ձախ ձեռքով ընթեռնելիորեն գրում էր իր մտքերը թղթի վրա։

Խստաշունչ ձմեռը վրա հասավ։ Փոթորիկներն իրար հաջորդեցին՝ ձյուն, կարկուտ կամ անձրև տեղալով։ Ծովակատուներն սկսեցին իրենց մեծ գաղթը դեպի հարավ և ծվարավայրը շուտով ամայացավ։ Ես տենդոտ կերպով անդադար աշխատում էի։ Հակառակ վատ եղանակին և մանավանդ հողմին, որն առանձնապես խանգարում էր ինձ, ես առավոտից մինչև գիշեր տախտակամածի վրա էի, և գործը նկատելիորեն առաջ էր գնում։

Ես օգտվեցի այն դասից, որ սովորել էի ժամանակին, երբ սխալմամբ երկոտանին կանգնեցրել էի կայմակալ պարաններն ամրացնելուց առաջ և հետո հարկադրվել էի երկու անգամ նրա գագաթը բարձրանալ։ Այժմ առաջակայմի գլուխը տախտակամածից մի քիչ վեր բարձրացնելով՝ նախօրոք դրան ամրացրի բոլոր անհրաժեշտ թոկերը։ Բայց, ինչպես միշտ, այս գործն էլ գլուխ բերելու համար շատ ավելի ժամանակ վատնեցի, քան ենթադրել էի. ինձ հարկավոր եղավ երկու ամբողջ օր աշխատել, մինչև որ բոլոր թոկերը կարգին ամրացրի։ Բայց տակավին շատ անելիք կար։ Հարկավոր էր, օրինակ, առագաստները ծայրեծայր նորոգել։

Մինչ թոկերն առաջակայմին էի կապում, Մոդը կարկատում էր առագաստները։ Բայց նա միշտ պատրաստ էր գործը կիսատ թողնելով ինձ օգնության հասնել ամեն անգամ, երբ երկուսից ավելի ձեռքի կարիք էր զգացվում։ Առագաստալաթը հաստ ու ամուր էր, իսկ Մոդը կարում էր եռակող ասեղով, որը հրում էր կաշուց պատրաստած հասարակ հարմարանքի օգնությամբ։ Նրա մատներին շուտով ուռուցքներ առաջացան, բայց նա քաջաբար շարունակեց մաքառել։ Բացի այս աշխատանքից, նա եփում էր ճաշը և միաժամանակ խնամում հիվանդին։

— Կորչի՛ սնոտիապաշտությունը,— ասացի ես ուրբաթ առավոտ։— Պետք է հենց այսօր կանգնեցնել կայմը։

Ամեն ինչ պատրաստ էր գործն սկսելու համար։ Կայմաթևի թոկը նավացռուկի ճախարակին կապելով, ես առաջակայմը բարձրացրի այնպես, որ այն անջատվի տախտակամածից։ Հետո ճախարակին կապեցի երկոտանու ամբարձիչ թոկը, որը միացված էր կայմաթևի գագաթին, և բռնակը մի քանի անգամ պտտելով՝ առաջակայմը ուղղահայաց դիրքով կանգնեցրի։

Մոդը, որ պահում էր թմբկագլանի շուրջը պտտվող թոկի ծայրը, ձեռքերն ազատվելուն պես ծափ տալով գոչեց.

— Գործը գլո՜ւխ է գալիս։ Մենք կարող ենք կյանքներս նավին վստահել։

Բայց նրա դեմքն իսկույն տխրեց։

— Կայմը ճիշտ անցքի վրա կախված չէ,— ասաց նա։— Արդյոք ամեն ինչ նորից-նո՞ր պիտի սկսեք։

Ես ներողամտաբար ժպտացի և կայմաթևի պարաններից մեկը թուլացնելով ու մյուսը ձգելով՝ կայմը տեղափոխեցի տախտակամածի կենտրոնը։ Բայց նա դեռ անցքի վերևում չէր։ Մոդի դեմքը նորից տխրեց, և ես նորից ներողամտաբար ժպտացի։ Կայմաթևի պարանը թուլացնելով և երկոտանու պարանը համապատասխանոր են ձգելով՝ կայմի կոթը տեղափոխեցի անցքի ճիշտ վերևը։ Հետո Մոդին բացատրեցի, թե ինչպես պետք է կայմը ցածրացնել և ինքս իջա նավամբար, որպեսզի կայմի կոթը նստեցնեմ իր խոռոչի մեջ, երբ ներքև սահի։

Այնտեղից ես Մոդին ձայն տվի, և կայմն սկսեց ցածրանալ հեշտ ու կանոնավոր։ Քառակուսի խարիսխով կոթը ուղիղ իջնում էր դեպի քառակուսի խոռոչը։ Սակայն վերջին պահին կոթը մի թեթև շրջվեց, և նրա անկյունները չհամընկան խոռոչի անկյուններին։ Բայց ես նույնիսկ մի ակնթարթ չշփոթվեցի։ Մոդին ձայն տալով, որ դադարեցնի ցածրացնելը, իսկույն տախտակամած բարձրացա և ամբարձիչ հարմարանքի թոկն ամրացրի կայմին։ Ամբար վերադառնալիս՝ Մոդին հրահանգեցի ձգել այդ թոկը։ Ճրագի լույսով ես տեսա, թե ինչպես կայմակոթը աստիճանաբար պտտվեց, մինչև որ նրա և կայմախոռոչի անկյունները համապատասխան դիրքերի հասան։ Մոդն ամրացրեց թոկը, վերադարձավ ճախարակի մոտ և սկսեց բռնակը պտտել։ Կայմը դանդաղորեն մի քանի մատնաչափ վար իջավ, բայց միաժամանակ նորից թեթևակի շրջվեց։ Մոդը դարձյալ ճշտեց թոկը և պտտեց ճախարակի բռնակը։ Անկյուններն այս անգամ համընկան, և կայմակոթը նստեց իր խոռոչի մեջ։

Ես Մոդին կանչեցի, և նա վազելով ամբար իջավ։ Ճրագի դեղին լույսի տակ մենք դիտեցինք մեր աշխատանքի արդյունքր։ Ապա իրար նայեցինք և միմյանց ձեռք սեղմեցինք։ Մեր երկուսի աչքերն էլ թրջվել էին հաջողության հրճվանքից։

— Վերջ ի վերջո, այնքան էլ դժվար չիրագործվեց,― նկատեցի ես։— Ամբողջ դժվարությունը նախապատրաստական աշխատանքի մեջ էր։

— Իսկ որքա՞ն հիանալի եղավ այդ իրագործումը,— ասաց Մոդը։— Ես հազիվ եմ կարողանում հավատալ, որ այս հսկա կայմը իրոք կանգնել է, որ դուք այն հանել եք ջրից, վեր եք բարձրացրել, կանգնեցրել եք օդում և նստեցրել այստեղ իր սեփական խոռոչի մեջ։ Դա տիտանական մի աշխատանք է։

— «Եվ նրանք բազում գյուտարարություններ արեցին»,— մեջբերեցի զվարթությամբ, բայց հանկարծ կանգ առա և սկսեցի հոտ քաշել։

Իսկույն ճրագին նայեցի, սակայն նա չէր մխում։ Նորից սկսեցի հոտ քաշել։

― Ինչ-որ բան է այրվում,— հանկարծ գոչեց Մոդը համոզված շեշտով։

Նետվեցինք դեպի սանդուղքը, բայց ես Մոդից անցնելով՝ ավելի առաջ տախտակամած հասա։ Որսորդների խուցը տանող անցքից թանձր ծուխ էր բարձրանում։

― Գայլը դեռ կենդանի է,— մրմնջացի ինձուինձ և ծխի միջով խոյացա աստիճաններից ցած։ Ծուխն այնքան թանձր էր, որ ստիպված էի խարխափելով առաջանալ։ Գայլ Լարսենի կախարդանքը դեռ շատ ուժեղ էր իմ երևակայության վրա և վայրկյան առ վայրկյան սպասում էի, որ այդ անդամալույծ հսկայի ձեռքը մահացու սեղմումով կփաթաթվի կոկորդիս։ Սկսեցի վարանել։ Ետ դառնալու և աստիճաններով վեր սլանալու ցանկությունը հետզհետե տիրապետում էր ինձ։ Բայց հանկարծ մտաբերեցի Մոդին։ Իմ աչքի առաջ նա պատկերացավ այնպես, ինչպես վևրջին անգամ նավամբարում տեսել էի ճրագի լույսի տակ՝ հրճվանքից խոնավացած շագանակագույն աչքերով։ Եվ հասկացա, որ չեմ կարող ետ գնալ։

Գայլ Լարսենի անկողնին մոտեցա, ծխից գրեթե շնչահեղձ, և խարխափելով գտա ու բռնեցի նրա ձեռքը։ Նա անշարժ պառկած էր, բայց ձեռքիս հպումն զգալով՝ թեթևակի ցնցվեց։ Ես շոշափեցի նրա վերմակները։ Նրանք տաք չէին և կրակի ոչ մի հետք չկար։ Բայց որտեղի՞ց էր այդ կուրացնող, խեղդող ու հազացնող ծուխը։ Մի պահ գլուխս կորցրեցի և խելացնոր խոյացա դեպի աստիճանները։ Ճանապարհին ընդհարվեցի սեղանին, և դրա պատճառած ցնցումն ինձ որոշ չափով զգաստացրեց։ Մտածեցի, որ անդամալույծ մարդը միայն իր պառկած տեղում կարող էր կրակ վառել։

Երբ վերադարձա Գայլ Լարսենի անկողնու մոտ, զարմանքով տեսա, որ Մոդը այնտեղ է։ Թե որքա՞ն ժամանակ էր նա մնացել այդ հեղձուցիչ մթնոլորտում, չկարողացա իմանալ։

— Իսկո՛ւյն բարձրացեք տախտակամած,— հրամայեցի կտրուկ շեշտով։

— Բայց, Հեմֆրի...— սկսեց նա թախանձել ինչ-որ տարօրինակ, խեղդուկ ձայնով։

— Ո՛չ, ես խնդրում եմ,— գոչեցի խստությամբ։

Նա հնազանդվեց ու հեռացավ։ Քիչ հետո անդրադարձա, որ ծխի միջով նա կարող էր սանղուղքը չզանել։ Վազեցի նրա հետևից և կանգ առա սանդուղքի մոտ։ Գուցե նա արդեն բարձրացել է։ Դեռ վարանում էի, երբ լսեցի նրա մեղմ ձայնը։

— Օ՜, Հեմֆրի, ճանապարհս կորցրել եմ,— ասաց նա։

Մոդին գտա միջնորմի հետևում խարխափելիս, և մասամբ գրկած, մասամբ քարշ տալով՝ նրան բարձրացրի տախտակամած։ Մաքուր օդը նեկտարի պես կազդուրիչ էր։ Մոդը պարզապես թուլացել էր գլխապտույտից։ Նրան պառկեցնելով հատակին, երկրորդ անգամ սլացա ներքև։

Համոզված էի, որ ծխի օջախը պետք է լինի Գայլ Լարսենի մոտակայքում, ուստի քայլեցի ուղիղ դեպի նրա անկողինը։ Երբ նորից շոշափում էի վերմակը, վերևից ինչ-որ տաքություն ձեռքս այրեց, և ես իսկույն ետ քաշվեցի։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ եղավ ինձ համար։ Նա վառել էր իր վերևի անկողնի ներքնակը։ Նրա ձախ ձեռքը բավականին կենսունակ լինելով՝ կարող էր այդ բանն անել։ Ներքնակի խոնավ հարդը, որը վառվել էր ներքևից, միջանցիկ քամու բացակայության պատճառով պարզապես մխացել էր ամբողջ ժամանակ։

Երբ ներքնակը մահճակալից դուրս քաշեցի, օդում քայքայվելով բաժան-բաժան եղավ, և հարդը բոցավառվեց։ Մահճակալի վրա մնացած հարդը մարելուց հետո ես տախտակամած խոյացա, որպեսզի մի քիչ մաքուր օդ շնչեմ։

Մի քանի դույլ ջուրը բավական եղավ հանգցնելու այրվող ներքնակը, որը տարածված էր խցի հատակին։ Տասը րոպե հետո ծուխը բոլորովին մաքրվեց, և այն ժամանակ միայն Մոդին թույլ տվի ներքև իջնել։ Գայլ Լարսենը կորցրել էր գիտակցությունը, բայց թարմ օդը նրան շուտով ուշքի բերեց։ Մենք դեռ շարունակում էինք նրան խնամել, երբ նա նշանացի հասկացրեց, որ թուղթ ու մատիտ է ուզում։

— «Խնդրում եմ ինձ չընդհատել,— գրեց նա։— Ես ժպտում եմ»։

«Ինչպես տեսնում եք, ես տակավին թթխմորի կտոր եմ»,— գրեց նա մի քիչ հետո։

— Ինձ համար ուրախալին այն է, որ միայն փոքր կտոր եք,— ասացի ես բարձրաձայն։

«Շնորհակալություն,— գրեց նա։— Բայց դուք պատկերացնո՞ւմ եք, թե դեռ որքան պիտի փոքրանամ մինչև մեռնելս»։

«Բայց ես դեռ այստեղ եմ, Հեմփ,— գրեց նա մի վերջին փայլատակումով։— Հիմա մտքերս շատ ավելի պայծառ են գործում, քան երբևէ իմ ողջ կյանքում։ Ոչ մի բան նրանց չի խանգարում։ Ուղեղիս կենտրոնացվածությունը կատարյալ է։ Ես ամբողջովին այստեղ եմ, ավելի՝ քան երբևէ»։

Դա կարծես գերեզմանի խավարից եկող մի պատգամ էր, որովհետև այս մարդու մարմինը դարձել էր իր շիրիմը։ Եվ այդ տարօրինակ դամբարանի մեջ հոգին ապրում ու թրթռում էր։ Նա դեռ պիտի ապրեր ու թրթռար, մինչև որ հաղորդակցության բոլոր թելերը կտրվեին, իսկ դրանից հետո, ո՞վ գիտե, դեռ որքան ժամանակ ևս պիտի ապրեր ու թրթռար․․․

== Գլուխ երեսունութերորդ ==

«Կարծեմ ձախ կողմս էլ անզգա է դառնում,— գրեց Գայլ Լարսենը՝ նավը հրկիզելու փորձի հաջորդ առավոտը։— Թմրությունը գնալով ավելանում է։ Ձեռքս դժվարությամբ եմ շարժում։ Սրանից հետո պետք է ավելի բարձր խոսեք։ Վերջին թելերը կտրվում են»։

— Ցավեր զգո՞ւմ եք,— հարցրեցի ես։

Հարկ եղավ ավելի բարձր կրկնել նույն հարցը, և այն ժամանակ նա պատասխանեց։

«Ոչ միշտ»։

Նա ձախ ձեռքը դանդաղ ու ծանր շարժելով՝ թղթի վրա խզբզեց ինչ-որ խոսքեր, որ մենք ամենամեծ դժվարությամբ կարողացանք վերծանել։ Դա նման էր «հոգու պատասխանին», որպիսին տալիս են ոգեհարցման այն սեանսներին, որոնց մուտքի տոմսը մեկ դոլլար արժե։

«Բայց ես դեռ այստեղ եմ, ամբողջովին այստեղ»,— խզմզեց նա, ձեռքն ավելի դանդաղ ու ծանր շարժելով։

«Այն ժամերին, երբ ցավերով չեմ տանջվում, ես վայելում եմ լիակատար անդորր ու խաղաղություն։ Իմ միտքը երբեք այսքան պայծառատեսությամբ չէր գործել։ Կյանքի ու մահվան մասին այժմ խորհրդածում եմ իմաստուն հնդիկների նման»։

— Իսկ անմահությա՞ն մասին,— բարձրաձայն հարցրեց Մոդը նրա ականջին։

Գայլ Լարսենի ձեռքը երեք անգամ ապարդյուն կերպով փորձեց ինչ-որ բան գրել, ապա մատիտը ցած ընկավ։ Մենք իզուր փորձեցինք այն տեղավորել նրա ձեռքում։ Մատներն այլևս չէին կարող բռնել։ Ի վերջո Մոդը իր ձեռքով նրա մատները սեղմեց մատիտի շուրջը և նա սկսեց գրել խոշոր տառերով, բայց այնքան դանդաղ, որ յուրաքանչյուր տառը րոպեներ էր տևում.

«Ց-Ն-Դ-Ա-Բ-Ա-Ն-Ո-Ւ-Թ-Յ-Ո-Ւ-Ն»։

Դա Գայլ Լարսենի ամեն ավերջին խոսքն էր՝ «Ցնդաբանություն»․․․ սկեպտիկ և անուղղելի մինչև վերջին րոպեն։ Նրա ձեռքը թուլացավ, և մարմինը թեթևակի ցնցվեց։ Դրանից հետո ոչ մի շարժում։ Մոդը թողեց նրա ձեռքը։ Մատները հենց իրենց ծանրությունից հետզհետե բացվեցին, ու մատիտը վար սահեց։

— Ինձ լսո՞ւմ եք,— գոչեցի ես, բռնելով նրա մատները և սպասելով «այո» նշանակող միակ ճնշումին։ Պատասխան չկար։ Ձեռքը մեռած էր։

— Շրթները թեթև շարժվում են,— նկատեց Մոդը։

Ես հարցումս կրկնեցի։ Շրթները նորից շարժվեցին։ Մոդն իր մատների ծայրը հպեց նրա շրթներին։ Ես դարձյալ կրկնեցի հարցումը։

— «Այո»,— հայտնեց Մոդը։

Մենք, սպասելով, իրար նայեցինք։

— Դրանից ի՞նչ օգուտ,— մրմնջացի ես։— Հիմա ի՞նչ կարող ենք ասել նրան։

— Հարցրեք...

Մոդը վարանեց ու կանգ առավ։

— Հարցրեք մի բան, որի պատասխանը «ոչ» լինի,– խորհուրդ տվի ես։— Այն ժամանակ մենք ստույգ կիմանանք։

— Քաղցա՞ծ եք,— հարցրեց Մոդը։

Գայլ Լարսենի շրթները շարժվեցին նրա մատների տակ և նա հայտնեց «այո»։

— Միս ուզո՞ւմ եք,— եղավ Մոդի հաջորդ հարցը։

— «Ոչ»,— պատասխանեցին Գայլ Լարսենի շրթները։

— Իսկ մսաջո՞ւր։

— Այո, մսաջուր է ուզում,― մեղմ ձայնով հայտնեց Մոդը, ինձ նայելով։— Քանի դեռ լսողությունը տեղն է, մենք կարող ենք նրա հետ հաղորդակցվել։ Բայց հետո․․․

Եվ տարօրինակ հայացքով Մոդը նայեց ինձ։ Ես տեսա, որ նրա շրթները դողդողում են և աչքերի մեջ լողում են արցունքներ։ Նա դեպի ինձ թեքվեց, և ես նրան սեղմեցի թևերիս մեջ։

— Օ՜հ, Հեմֆրի,— հեծկլտաց նա,— ե՞րբ պիտի վերջանա այս ամենը։ Այնքան եմ տանջվում, այնքա՜ն տանջվում...

Նրա գլուխը հակվեց ուսիս և դյուրաբեկ մարմինն սկսեց ցնցվել բուռն հեկեկանքից։ Նա փետուրի պես թեթև էր բազուկներիս մեջ, այնքա՜ն նուրբ, այնքա՜ն եթերային։ «Վերջ ի վերջո ջղերը քայքայվեցին,— մտածեցի ես։— Ի՞նչ պիտի անեմ առանց նրա օգնության»։

Ես սփոփեցի ու հանդարտեցրի նրան, մինչև որ արիաբար իրեն տիրապետեց ու հոգեպես կազդուրվեց այնքան արագ, որքան ֆիզիկապես ընդունակ էր կազդուրվելու։

— Ես պետք է ինձնից ամաչեմ,— ասաց նա, ապա ժպտաց իր չարաճճի ժպիտով, որն այնքան պաշտում եմ, և ավելացրեց։― Բայց ես միայն մի պստլիկ կին եմ...

«Մի պստլիկ կին» խոսքը ինձ մեկեն ցնցեց էլեկտրական հոսանքի պես։ Դա իմ սեփական խոսքն էր, իմ փաղաքշական խոսքը, որով գաղտնորեն արտահայտում էի նրա նկատմամբ տածած սերս։

— Այդ դարձվածքը որտեղի՞ց գտաք,— հարցրի այնպիսի հանկարծակիությամբ, որ նա էլ իր հերթին ցնցվեց։

— Ի՞նչ դարձվածք։

— «Մի պստլիկ կին»։

— Այդ ձե՞րն է,— հարցրեց նա։

— Այո,— պատասխանեցի,— իմն է։ Ես եմ այն հորինել։

— Երևի բարձրաձայն կրկնել եք քնած ժամանակ,— ժպտաց նա։

Կայծկլտացող լույսերր նորից շողացին նրա աչքերում։ Եվ ես վստահ եմ, որ այդ պահին աչքերս ասում էին շատ ավելի բան, քան թույլ կտայի իմ լեզվին։ Ես հակվեցի դեպի նա, այո, ակամայից թեքվեցի դեպի նա, քամուց թեքվող ծառի նման։ Օ՜հ, մենք միմյանց այնքան մոտ էինք այդ վայրկյանին․․․ Բայց նա գլուխը թափահարեց, կարծես քուն կամ ինչ-որ երազ թափ տալու ձևով ու ասաց․

— Ես իմ ամբողջ կյանքում լսել եմ այդ դարձվածքը։ Հայրս միշտ այդպես էր կոչում մորս։

— Միևնույն է, դա իմ դարձվածքն է,— ասացի ես համառությամբ։

— Որը հորինել եք ձեր մո՞ր համար...

— Ոչ,— պատասխանեցի ես, և նա այլևս չհարցուփորձեց, թեև կարող էի երդվել, որ որոշ ժամանակ նրա աչքերում խաղաց ծաղրական ու գրգռիչ մի արտահայտություն։

Առաջակայմը կանգնեցնելուց հետո աշխատանքը շուտափույթ առաջ գնաց։ Առանց լուրջ խոչընդոտների հանդիպելու, ես կարճ ժամանակում իր խոռոչի մեջ տեղավորեցի նաև միջնակայմի կոթը։ Այդ կատարվեց մի ամբարձիչ կայմաթևի օգնությամբ, որն ամրացրել էի առաջակայմին։ Մի քանի օր հետո կայմակալ պարաններն ու թոկասարքերր պինդ կապված էին իրենց համապատասխան տեղերում։ Հայեկի առագաստները ղեկավարելը դժվար և նույնիսկ վտանգավոր գործ էր երկու հոգուց բաղկացած անձնակազմի համար, ուստի ես նրանց կայմերը տախտակամած բարձրացնելուց հետո իրար կապեցի։

Մի քանի օր էլ տրամադրեցինք առագաստների նորոգումն ավարտելու և դրանք կայմերին ամրացնելու համար։ Դրանք երեքն էին՝ ցռկակայմի, առաջակայմի ու միջնակայմի առագաստները։ Կարկատված, փոքրացած ու այլանդակված այդ առագաստները ծիծաղելի տեսք ունեին և բնավ չէին սազում «Ուրվականի» նման նրբակերտ երկկայմանավին։

— Բայց նրանք գործ կտեսնեն,— գոչեց Մոդը զվարթությամբ։— Մենք նրանց գործի կդնենք ու կյանքներս կվստահենք նրանց...

Այն արհեստների թվում, որոնց վերջերս լավ կամ վատ տիրապետել էի, առագաստաշինությունը ամենահետիններից էր և պետք է խոստովան եմ, որ այդ արհեստի մեջ այնքան էլ չէի փայլում։ Ինձ համար ավելի հեշտ էր ձեռքի տակ եղած առագաստներն օգտագործել, քան նորերը սարքել։ Ես չէի կասկածում, որ հներով կարող եմ «Ուրվականը» մի կերպ տանել մինչև Ճապոնիայի նավահանգիստներից մեկնումեկը։ Ի դեպ, ժամանակին նավագնացության վերաբերյալ դասագրքերից ինչ-որ գիտելիքներ թխել էի ուղեղումս։ Բացի դրանից, ձեռքի տակ ունեի Գայլ Լարսենի աստղային քարտեզը՝ դյուրըմբռնելի մի հնարանք, որը, ինչպես ինքն էր ասում, նույնիսկ որևէ երեխա կարող էր օգտագործել։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գայլ Լարսենի դրությունը շատ չէր փոխվել, թեև խլությունը գնալով ավելանում էր, իսկ շրթների շարժումներն աստիճանաբար ավելի էին թուլանում։ Բայց այն օրը, երբ առագաստները կայմերին հաստատեցինք, նա վերջնականապես կորցրեց լսողությունը և նրա շրթները ամենավերջին անգամ շարժվեցին։ Ես նրան հարցրեցի. «Տակավին այստե՞ղ եք», և նրա շրթները պատասխանեցին «այո»։

Վերջին թելը կարվել էր։ Բայց մարմնեղեն շիրմի մեջ դեռ բնակվում էր հոգին։ Այն կատաղի իմացականությունը, որը մենք ճանաչել էինք, այժմ արգելափակված վիճակում դեռ շարունակում էր մխալ լռության ու խավարի մեջ։ Այդ իմացականությունն այլևս չէր զգում իր մարմինը։ Նրա համար այլևս գոյություն չուներ արտաքին աշխարհ։ Նա գիտակցում էր միայն իրեն, ինչպես և անդորրի ու մթության անսահման խորությունը։

== Գլուխ երեսունիններորդ ==

Հասավ մեր մեկնումի օրը։ Այլևս ոչինչ չէր պահում մեզ Ջանքի կղզում։ «Ուրվականի» ծայրատ կայմերն իրևնց տեղերում էին, իսկ ծիծաղելի առագաստները՝ դրանցից կախ։ Իմ այդ ամբողջ ձեռակերտը բավականաչափ ամուր էր, թեև ոչ գեղեցիկ։ Վստահ էի, որ այն լավ պիտի ծառայեր, և նրան նայելիս ինձ զգում էի ամենակարող։

«Ես ինքս այն կերտեցի, իմ սեփական ձեռքերով կառուցեցի»― ուզում էի գոռալ ամբողջ ձայնով։

Մոդը և ես հաճախ էինք արձագանքում միմյանց մտքերին։ Երբ պատրաստվում էինք միջնակայմի մեծ առագաստը պարզել, նա ասաց․

— Պատկերացնո՞ւմ եք, Հեմֆրի, այս ամենը ձեր սեփական ձեռքերով եք կառուցել․․․

— Բայց ուրիշ երկու ձեռքեր էլ ինձ օգնեցին,— պատասխանեցի ես։— Երկու փոքրիկ ձեռքեր․․․ միայն թե չասեք, որ սա էլ ձեր հոր օգտագործած արտահայտությունն է։

Նա ծիծաղելով գլուխը թափահարեց, ապա սկսեց ձեռքերը զննել։

— Երբեք չպիտի կարողանամ սրանք առաջվա պես մաքրել,— ասաց նա ողբաձայն,— ոչ էլ փափկացնել օդից ու արևից կոշտացած մաշկը։

— Այդպիսի դեպքում մաշկի կեղտն ու կոշտուկները ձեզ պատիվ կբերեն,— պատասխանեցի նրա ձեռքերը բռնելով։ Եվ չնայած իմ որոշմանը, քիչ էր մնում համբուրեի այդ թանկագին ձեռքերը, եթե նա իսկույն ետ չքաշեր։

Մեր ընկերական փոխհարաբերությունը սպառնալիքի տակ էր։ Ես իմ սիրո զգացմունքին երկար տիրապետել էի, բայց այժմ նա էր ինձ տիրապետում։ Նա արդեն բեկել էր կամքս և արտացոլվել աչքերիս մեջ, իսկ հիմա ուզում էր հրապուրել նաև լեզուս, նույնիսկ շրթներս, որովհետև այս վայրկյանին խելագարի պես տենչում էի համբուրել այդ փոքրիկ ձեռքերը, որոնք հավատարմորեն ծառայել ու աշխատել էին իմինների հետ։ Գլուխս կորցրել էի։ Իմ էության խորքից բարձրանում էր մի կոչ, որը եղջերափողի կանչի նման ինձ ձգում էր դեպի նա։ Հողմը առաջ մղեց մարմինս, մինչև որ դիմադրելու անկարող՝ ես անգիտակցաբար հակվեցի Մոդի վրա։ Նա հասկացավ։ Եվ չէր կարող չհասկանալ։ Իսկույն ձեռքերը ետ քաշեց և, հայացքը հեռացնելուց առաջ, խուզարկու աչքերով նայեց ինձ։

Ամբարձիչ մեքենայի օգնությամբ ես թոկասարքերը փոխադրել էի նավացռուկի ճախարակի մոտ, իսկ հիմա դրա միջոցով պարզեցի միջնակայմի մեծ առագաստը։ Դա բավականին անճարտար միջոց էր, բայց, այնուամենայնիվ, գործը շուտով գլուխ բերվեց։ Դրա օգնությամբ պարզեցի նաև առաջակայմի առագաստը, որն սկսեց թպրտալ քամուց։

— Այս փոքր ծովախորշում մեզ չի հաջողվի խարիսխը նավի վրա բարձրացնել,— ասացի ես։— Մինչև այդ անենք, նավը կարող է ժայռերին խփվել։

— Ուրեմն ի՞նչ պետք է անել,— հարցրեց Մոդը։

— Նրանից հրաժարվել։ Երբ ես շղթան արձակեմ, դուք եղեք ճախարակի մոտ։ Դրանից հետո ես կվազեմ ղեկանիվի մոտ, իսկ նույն ժամանակում դուք եռանկյուն առագաստը կպարզեք։

Ես երկար ուսումնասիրել էի նավը ճամփա հանելու միջոցառումները և, քանի որ եռանկյուն առագաստի թոկն ամրացված էր ճախարակին, բոլորովին համոզված էի, որ Մոդը կարող էր պարզել այդ ամենակարևոր առագաստը։ Ուժեղ քամի էր փչում դեպի ցամաք։ Թեպետ ջուրը խաղաղ էր, բայց հարկավոր էր արագ աշխատել՝ ծովախորշից ապահով դուրս գալու համար։

Երբ երկաթյա կեռն արձակեցի, խարսխի շղթան դղրդալով սահեց իր անցքի միջով ու ծովն ընկավ։ Ես իսկույն վազեցի ղեկանիվի մոտ և սկսեցի պտտել։ «Ուրվականը» կարծես վերակենդանացավ և, հենց որ առագաստները լցվեցին օդով, սկսեց շարժվել։ Երբ եռանկյուն առագաստը բարձրանալով ուռեց, «Ուրվականի» ցռուկը հանկարծակի շուռ եկավ, և ես ստիպված եղա ղեկանիվը մի քանի կողմնամաս պտտել, որպեսզի պահպանեմ նավի հավասարակշռությունը։

Եռանկյուն առագաստին նախօրոք ամրացրել էի մի պարան, որն ինքնաբերաբար մեկ կողմից մյուսն էր շրջում այն, ուստի այդ գործը կատարելու համար Մոդի մասնակցության կարիքը չկար։ Բաչյց նա դեռ շարունակում էր այն բարձրացնել, երբ ղեկանիվը թեքեցի։ Դրությունը վտանգավոր դարձավ, որովհետև «Ուրվականը» սլանում էր ուղիղ դեպի ափը, որն այժմ գտնվում էր մեզնից մոտավորապես մեկ քարընկեց հեռավորության վրա։ Բայց իմ կամքին հպատակվելով՝ նա վերջին րոպեին շրջվեց քամու կողմը։ Լսվեց թրթռացող առագաստների թփթփոցը, որը շատ հաճելի էր իմ ականջին, և նավն սկսեց առաջ ընթանալ։

Մոդն իր պարտականությունը վերջացնելով եկավ ինձ մոտ։ Քամուց ցիրուցան մազերը ծածկված էին փոքր գդակի տակ, այտերը կարմրել էին աշխատանքի ճիգից, աչքերը խանդավառությունից մեծացել ու պայծառացել էին և ռունգները դողդողում էին ծովի թարմ օդը շնչելիս։ Նրա շագանակագույն աչքերը հիշեցնում էին վախեցած եղնիկի աչքեր։ Բայց նույն աչքերը հանկարծ փայլեցին վայրի ու խիզախ արտահայտությամբ, որպիսին ես առաջ չէի տեսել, և շրթներն իրարից հեռացան ու շունչը կտրվեց այն պահին, երբ «Ուրվականը» սլանում էր դեպի ներքին ծովախորշի մուտքին բարձրացող ապառաժյա պատվարը։ Սակայն նավը քամու հոսանքից քշվելով՝ առանց խփվելու մտավ ապահով ջրերի գոտին։

Ծովակատվի որսորդության ժամանակաշրջանում որպես նավապետի օգնական աշխատելս այժմ ինձ օգտակար եղավ։ Ես նավը դուրս բերեցի ներքին ծովախորշից, ապա, արտաքին ծովախորշը եզերելով, ուղղվեցի դեպի բաց ծով։ «Ուրվականը» օվկիանոսի հզոր շնչից կենդանություն ստանալով՝ առաջ էր շարժվում։ Նա հուշիկ բարձրանում էր խոշոր ալիքների գագաթը, ապա մեղմորեն վար սահում, իր տատանումները ներդաշնակելով ծովի ծփանքին։ Առավոտվանից եղանակը մառախլապատ ու մռայլ էր, բայց հիմա ամպերի արանքից արևը հանկարծ դուրս նետվեց (դա բարեգուշակ նշան էր) և փայլեց աղեղնաձև ծովափի վրա, որտեղ մենք խիզախել էինք հարեմի վեհապետների դեմ և սպանել «առանձնակյացներին»։ Ջանքի կղզին պայծառացավ արևի ճառագայթների տակ։ Նույնիսկ հարավ-արևմտյան մռայլ հրվանդանը նվազ մռայլ երևաց, երբ նրա մակերեսի թրջված մասերը շլացուցիչ փայլով արտացոլեցին արևի լույսը։

— Միշտ հպարտությամբ պիտի հիշեմ այս կղզին,― ասաց Մոդը և, թագուհու վայել շարժումով գլուխը ետ գցելով, ավելացրեց.— Թանկագի՛ն Ջանքի կղզի․․․ Ես միշտ պիտի սիրեմ քեզ։

— Ե՛ս էլ,— արագ արձագանքեցի նրան։

Թվում էր, թե մեր հայացքները պետք է խոր փոխհասկացողությամբ իրար հանդիպեին, սակայն մեր կամքից անկախ՝ նրանք ջանացին միմյանցից խուսափել։

Տիրեց մի տեսակ լարված լռություն, որն ի վերջո ես խզեցի.

— Տեսեք, ամպերն ընթանում են քամու ուղղությամբ։ Հիշո՞ւմ եք, երեկ գիշեր ասում էի, որ բարոմետրն իջնում է։

— Արևն էլ անհետացա վ,— ավելացրեց նա, շարունակելով դիտել կղզին, որտեղ մեր իշխանությունն էինք հաստատել բնության տարերքի վրա և հասել այն ամենաճշմարիտ բարեկամության, որը երբևէ կարող է գոյություն ունենալ տղամարդու և կնոջ միջև։

— Ոչի՛նչ, թոկերը կթուլացնենք և կնավարկենք դեպի Ճապոնիա,— գոչեցի զվարթությամբ։— Հիշո՞ւմ եք՝ «բարենպաստ քամի, թուլացրած թոկեր...» և այլն, և այլն։

Ղեկանիվը կապելուց հետո վազեցի նավահարթակ և թուլացրի առաջակայմի ու միջնակայմի առագաստների թոկերը, ձգեցի կայմաթևի պարանները և առագաստներին այնպիսի դիրք տվեցի, որ ամբողջովին ուռչեն քամուց։ Քամին ուժեղ էր, նույնիսկ բավականին ուժեղ, բայց ես որոշեցի բոլոր առագաստները պարզած նավարկել այնքան ժամանակ, որքան այդ հնարավոր է։ Դժբախտաբար բարենպաստ քամու դեպքում հնարավոր չէ կապել ու անշարժացնել ղեկանիվը, հետևաբար, հարկավոր էր ամբողջ գիշեր նրա մոտ կանգնել։ Մոդը պնդում էր, որ ինձ հերթափոխի, բայց բանից պարզվեց, որ նրա ուժը բավական չէր ղեկանիվը վարելու բարձր ալիքների դեմ, անգամ եթե նա կարողանար կարճ ժամանակում բավականաչափ փորձ ձեռք բերել։ Դրանում համոզվելով, նա չափազանց տխրեց, բայց ի վերջո մխիթարություն գտավ ցիրուցան թոկերը հավաքելու և փաթաթելու աշխատանքի մեջ։ Բացի դրանից, հարկավոր էր նաև խոհանոցում ճաշ եփել, անկողինները սարքել, Գայլ Լարսենին խնամել։ Այս ամենը կատարելուց հետո օրվա վերջում նա մաքրեց ու կարգի բերեց նավասենյակն ու որսորդների խուցը։

Ամբողջ գիշեր ես ղեկը վարեցի առանց հերթափոխվելու։ Քամին գնալով ուժեղանում էր, և ալիքները խոշորանում էին։ Առավոտյան ժամը հինգի մոտերքը Մոդը բերեց տաք սուրճ և բլիթներ, որ ինքն էր պատրաստել, իսկ ժամը յոթին սննդարար նախաճաշը, որից շոգի էր բարձրանում, ուժերս վերականգնեց։

Օրվա ընթացքում քամին դանդաղորեն, բայց աստիճանաբար սաստկացավ։ Նա կարծես համառորեն որոշել էր անպայման փչել, անդադար փչել և գնալով ավելի ուժեղ փչել։ «Ուրվականը» ալիքները ճեղքելով մղոններ էր անցնում, ժամը առնվազն տասնմեկ հանգույց արագությամբ։ Այդպիսի հոյակապ ընթացքը կորցնելն իսկապես ցավալի կլիներ, բայց երբ գիշերը մոտեցավ, ես արդեն բոլորովին ուժասպառ էի։ Թեև ֆիզիկապես ինձ առողջ էի զգում, սակայն երեսունվեց ժամ ղեկանիվի մոտ կանգնելուց հետո այլևս տոկունությունս սպառվել էր։ Մոդը թախանձում էր, որ նավը կանգնեցնեմ և ես ինքս էլ գիտեի, որ եթե քամին ու ալիքները շարունակեին այս թափով ուժեղանալ, ապա գիշերն անհնար կլիներ նավը կանգնեցնել։ Ուստի, երբ աղջամուղջը թանձրացավ, գոհունակությամբ, բայց միաժամանակ դժկամությամբ, «Ուրվականը» ուղղեցի դեպի քամին։

Սակայն բնավ չէի նախատեսել, որ երեք առագաստ հավաքելն այդքան հսկա աշխատանք է մեկ մարդու համար։ Քանի դեռ արագ էինք նավարկում, ես լրիվ պատկերացում չունեի քամու ուժի մասին, բայց երբ նավը դանդաղեց, միայն այդ ժամանակ ցավով (եթե չասենք՝ հուսահատությամբ) ստուգեցի նրա թափի ողջ ահագնությունը։ Նա ի դերև էր հանում բոլոր ջանքերս, առագաստը թփթփացնելով կորզում էր ձեռքիցս և մեկ վայրկյանում փչացնում այն ամենը, ինչ գլուխ էի բերում տասը րոպեի տքնաջան պայքարով։ Ժամը ութի մոտերքն ինձ հաջողվեց առանձնացնել ու հավաքել առաջակայմի առագաստի երկրորդ շերտը։ ժամը տասնմեկին աշխատանքը դեռ առաջ չէր գնացել։ Իմ ձեռքերից արյուն էր կաթկթում, և եղունգներս բաժանվել էին մսից։ Ցավից և ուժասպառությունից լաց եղա մթության մեջ, բայց ծածուկ, որպեսզի Մոդը չիմանա։

Հետո, հուսահատվելով, հրաժարվեցի միջնակայմի առագաստի առանձին շերտերը հավաքելուց և որոշեցի փորձել, թե կարելի՞ է նավը կանգնեցնել միայն առաջակայմի կարճացված առագաստով։ Երեք ժամ ևս անցավ, մինչև որ հավաքելով ամրացրի միջնակայմի առագաստն ու եռանկյուն առագաստը։ Առավոտյան ժամը երկուսին գրեթե կիսամեռ վիճակում էի և հազիվ կարողացա գիտակցել, որ փորձը հաջողված է։ Առաջակայմի կարճացված առագաստն իր դերը կատարում էր։ «Ուրվականը» ցռուկը դարձրել էր դեպի քամին և կողի վրա թեքվելու ոչ մի նշան ցույց չէր տալիս։

Ես սոված էի, բայց Մոդն իզուր ջանաց որևէ բան կերցնել ինձ։ Ծամելիս սկսում էի քնել։ Պատառը բերանս տանելու ընթացքում մրափում էի և ապա ընդոստ զարթնելով տեսնում, որ ձեռքս գործողության կեսին դեռ օդում կախված է։ Այնքան հոգնած ու թուլացած էի, որ Մոդն ստիպված էր ինձ աթոռիս վրա պահել, որպեսզի նավի ուժեղ ցնցումներից ցած չգլորվեմ։

Չեմ հիշում, թե ինչպես խոհանոցից տեղափոխվեցի նավասենյակ։ Ըստ երևույթին, քայլել եմ քնաշրջիկի նման, իսկ Մոդն ինձ առաջնորդել ու օգնել է ճանապարհին։ Երբ զարթնեցի, չգիտեմ որքան ժամանակ հետո, նկատեցի, որ պառկած եմ իմ անկողնում, իսկ կոշիկներս հանված են։ Խցիկում մթություն էր տիրում։ Ամբողջ մարմինս ջարդված էր, և երբ ձեռքս կպավ վերմակի եզրին, վիրավոր մատներիս ցավից ակամա ճչացի։

Մտածելով, որ լույսը դեռ չի բացվել, աչքերս փակեցի ու դարձյալ քնեցի։ Չգիտեի, որ մի ամբողջ օր քնել եմ և հիմա նորից գիշեր է։

Կրկին զարթնեցի ու զարմացա, թե ինչու անհանգիստ եմ քնում։ Հետո մի լուցկի վառելով ժամացույցիս նայեցի։

Կեսգիշեր էր։ Այնինչ ես տախտակամածը թողել էի ժամը երեքին․․․ Այս հանգամանքը կարող էր ինձ շփոթության մեջ գցել, բայց շուտով գլխի ընկա, թե բանն ինչումն է։ Էլ ինչո՞ւ զարմանալ, որ անհանգիստ էի քնում։ Ես քնել էի լրիվ քսանմեկ ժամ... Մի պահ ուշադրություն դարձրի «Ուրվականի» շարժումներին, ալիքների բախումներին, քամու խուլ ոռնոցին, ապա մի կողմի վրա շուռ գալով, անխռով քնեցի մինչև առավոտ։

Երբ ժամը յոթին վեր կացա, Մոդը նավասենյակում չէր։ Ես եզրակացրի, որ նա խոհանոցում նախաճաշ է պատրաստում։ Տախտակամած բարձրանալով նկատեցի, որ «Ուրվականը» իրեն հիանալի պահում է փոքրիկ առագաստի ներքո։ Խոհանոցում ջուրը կրակի վրա եռում էր, բայց Մոդը չկար։

Նրան գտա որսորդների խցում, Գայլ Լարսենին խնամելիս։ Ես նայեցի այդ մարդուն, որ իր կյանքի ծաղկման բարձրակետից վայր գլորվելով՝ ողջ-ողջ թաղվել էր սեփական մարմնի մեջ։ Նրա դեմքը այժմ խաղաղ արտահայտություն էր ստացել և դա անսովոր հանգամանք էր։ Մոդը նայեց ինձ, և ես իսկույն հասկացա։

— Նրա կյանքը հանգել է փոթորկի ժամանակ,— ասացի ես։

— Բայց կյանքը դեռ շարունակվում է նրա համար,— պատասխանեց Մոդը ամենախոր հավատով։

— Նա անսպառ ուժ ուներ։

— Այո, սակայն այդ ուժը նրան այլևս չի կաշկանդում։ Նրա հոգին հիմա ազատ է։

— Իսկապես, նրա հոգին հիմա ազատ է,― կրկնեցի ես և, Մոդի ձեռքից բռնելով, առաջնորդեցի տախտակամած։

Այդ գիշեր փոթորիկը հանդարտվեց։ Բայց այն մեղմացավ աստիճանաբար, ինչպես աստիճանաբար սաստկացել էր։ Հաջորդ առավոտյան, նախաճաշից հետո, մենք Գայլ Լարսենի մարմինը փոխադրեցինք տախտակամած, որպեսզի թաղենք։ Դեռ ուժեղ քամի էր փչում, և ծովն ալեկոծ էր։ Թռչկոտող ալիքները ողողում էին տախտակամածը և դատարկվում ջրատար անցքերի միջով։ Հանկարծ քամու ուժեղ մի հորձանք բարձրացավ, և նավն իր հողմազերծ կողի վրա մի պահ պառկեց ջրի երեսին։ Քամին աղեկտուր ոռնում էր թոկասարքերի միջով։ Մենք կանգնել էինք ջրի մեջ, որը բարձրացել էր մինչև մեր ծնկները։

Ես հանեցի գլխարկս։

— Թաղման ծիսակատարության միայն մի պարբերությունն եմ հիշում,— ասացի ես,— այն է՝ «Եվ մարմինը պետք է գցել ծովը»։

Մոդը զարմանքով ու վրդովմունքով նայեց ինձ։ Բայց անցյալում տեսածս տեսարանի վերհուշն ինձ այժմ դրդում էր Գայլ Լարսենի թաղման արարողությունը կատարել այնպես, ինչպես ժամանակին նա կատարել էր իր օգնականինը։ Ես վեր բարձրացրի ամբարածածկի ծայրը, և առագաստալաթով պատանված մարմինը ոտնիվայր սահեց ջրի մեջ։ Կապած երկաթի ծանրությունը նրան քաշեց դեպի անդնդախոր հատակը։ Նա չքացավ առհավետ։

— Գնաս բարո՜վ, Լուցիֆեր, հպա՜րտ հոգի,― մրմնջաց Մոդը այնքան մեղմ, որ մռնչացող քամին կլանեց նրա խոսքերը, և ես դրանք կռահեցի միայն շրթների շարժումներից։

Երբ նավաբազրիքին կառչելով առաջանում էինք դեպի հարթակը, ես պատահաբար նայեցի քամու հակառակ ուղղությամբ։ Այդ վայրկյանին «Ուրվականը» բարձրացել էր մի հսկա կոհակի գագաթը, և ես որոշակի նշմարեցի մի փոքր շոգենավ, մեզնից մոտ երեք մղոն հեռավորության վրա։ Օրորվելով, ջրային գոգավորությունների մեջ սահելով ու դարձյալ բարձրանալով ալիքների կատարը, նա գալիս էր ուղիղ դեպի մեզ։ Նրա կողերը սև էին ներկված։ Հիշելով որսորդների պատմածներն իրենց որսագողային արշավանքների մասին, ես իսկույն կռահեցի, որ դա Միացյալ Նահանգների մաքսային նավերից է։ Մոդին ցույց տալով շոգենավը, նրան շտապ առաջնորդեցի հարթակ, որտեղ համեմատաբար ավելի ապահով էր։

Ես ուզում էի ներքև գնալ, որպեսզի պահեստարանից ազդանշանի դրոշակ բերեմ, բայց մեկեն հիշեցի, որ «Ուրվականը» կարգի բերելու ժամանակ հոգ չէի տարել դրոշապարանի մասին։

— Տագնապի ազդանշան տալու կարիք չկա,— ասաց Մոդը։— Բավական է միայն, որ նրանք մեզ տեսնեն։

— Փրկվա՜ծ ենք,— ասացի ես հանդարտ ու հանդիսավոր։ Ապա ուրախության զեղումով հանկարծ գոչեցի.― Չգիտեմ՝ ուրախանա՞ մ, թե՞ տխրեմ...

Նայեցի Մոդին։ Այս անգամ մեր հայացքները չփորձեցին միմյանցից խուսափել։ Մենք իրար մոտեցանք, և ես բնազդաբար գրկեցի նրան։

— Կարիք կա՞ խոսքերի,— հարցրեցի ես։

— Կարիք չկա,— ասաց նա,— թեև դրանք լսելը այնքա՜ն քաղցր կլիներ...

Մեր շրթունքներն իրար հանդիպեցին, և նույն պահին երևակայության տարօրինակ քմահաճույքով աչքիս առաջ պատկերացավ «Ուրվականի» խցում տեղի ունեցած կռվի տեսարանը, երբ Մոդը մատները հուշիկ հպելով շրթներիս՝ ասաց․ «հանդարտվեցեք, հանդարտվեցեք»։

— Կի՜նս, միա՜կս, պստիկ կի՜նս,— ասացի ես ազատ ձեռքով շոյելով նրա ուսն այնպես, ինչպես անում են բոլոր սիրահարները, չնայած ոչ ոք նրանց այդ բանը չի սովորեցրել։

— Ամուսի՜նս...— ասաց նա և նայեց ինձ դողդոջուն թարթիչներով, որոնք ի վերջո խոնարհվելով քողարկեցին աչքերը։ Նա գլուխը հենեց կրծքիս երջանկության մեղմ հառաչով։

Ես նայեցի շոգենավին։ Նա արդեն շատ մոտ էր։ Նավեզրից մակույկ էին իջեցնում։

— Մի համբույր ևս, սիրելիս,— շշնջացի ես,— մի համբույր ևս, նախքան նրանք կգան...

— ․․․ Ու մեզ կազատեն միմյանցից,— լրացրեց նա մի պաշտելի ժպիտով, որի մեջ կար ինչ-որ քմայքոտ արտահայտություն, որն առաջ բնավ չէի տեսել. դա սիրո քմայքն էր։
Վստահելի
1318
edits