Երբ նա իր բեռը ներս քաշեց որջը, մայր գայլը զննեց դա, բարձրացրեց գլուխը և լիզեց արուի վիզը։ Բայց դրանից անմիջապես հետո նա թեթևակի մռնչաց՝ ձագերից հեռու վանելով նրան. ճիշտ է, այս անգամ մռնչոցը այնքան էլ չար չէր, դրանից ավելի շուտ ներողություն էր լսվում, քան թե սպառնալիք։ Իր սերնդի հորից զգացած բնազդական վախը աստիճանաբար չքվում էր։ Միակնանին իրեն պահում էր հայր գայլին պարտ ու պատշաճ և Էգի աշխարհ բերած ձագերին լափելու ապօրինի ցանկություն չէր ցուցաբերում։
== Գլուխ III։ Գորշ ձագը ==
Սա խիստ տարբերվում էր իր եղբայրներից ու քույրերից։ Նրանց մորթին արդեն ստանում էր մայր գայլից ժառանգած շեկ երանգ, իսկ այս մեկը Միակնանուն էր քաշել ամբողջովին։ Բոլոր նորածիններից միայն նա էր գորշ։ Նա ծնվել էր որպես իսկական գայլ և շատ էր հիշեցնում իր հորը՝ այն տարբերությամբ, որ սա երկու աչք ուներ, իսկ հայրը՝ մեկ։
Գորշ ձագի աչքերը վերջերս էին միայն բացվել, իսկ նա արդեն լավ էր տեսնում։ Եվ նույնիսկ երբ նրա աչքերը դեռ փակ էին, հոտոտելիքը, շոշափելիքն ու ճաշակելիքը արդեն ծառայում էին նրան։ Նա շատ լավ էր ճանաչում իր երկու եղբայրներին ու երկու քույրերին, նրանց հետ էր բարձրացնում անշնորհք իրարանցում, որը երբեմն վեր էր ածվում կռվի, և նրա բարակ կոկորդը սկսում էր դողդողալ խռպոտ հնչյուններից՝ մռնչյունի նախանշանից։ Աչքերը բացվելուց շատ առաջ նա հոտից, շոշափելիքից ու ճաշակելիքից սովորեց ճանաչել մայր գայլին, տաքության, սննդի ու փաղաքշանքի այդ աղբյուրը։ Եվ երբ մայրն իր փափուկ, շոյող լեզուն դիպցնում էր նրա քնքուշ մարմնին, գորշուկը հանդարտվում էր, սեղմվում մորն ու հանգիստ քնում։
Նրա կյանքի առաջին ամիսը համարյա լրիվ անցավ քնելով. բայց հիմա նա արդեն լավ էր տեսնում, քիչ էր քնում և հետզհետե սկսում էր ծանոթանալ աշխարհին։ Մութ էր նրա աշխարհը, թեև նա չէր իմանում դա, որովհետև ոչ մի այլ աշխարհ չէր ճանաչում։ Գայլի ձագին կիսախավարն էր շրջապատել, բայց նրա աչքերը առիթ չէին ունեցել հարմարվելու այլ լուսավորության։ Շատ փոքր էր նրա աշխարհը, որը սահմանափակվում էր որջի պատերով. ձագուկը ոչ մի պատկերացում չուներ արտաքին աշխարհի անընդգրկելիության մասին, ուստի և այդպիսի նեղլիկ պայմաններում ապրելը ծանր չէր թվում նրան։
Ի դեպ, նա շատ շուտ նկատեց, որ իր աշխարհի պատերից մեկը տարբերվում է մյուսներից. այնտեղ անձավից դուրս գալու ելք կար և այդտեղից լույս էր գալիս։ Նա շատ ավելի վաղ հայտնաբերեց, որ այդ պատը նման չէ մյուսներին, քան նրա մեջ կառաջանային մտքեր ու գիտակցված ցանկություններ։ Այդ պատը անհաղթահարելի կերպով հրապուրում էր գորշուկին դեռ այն ժամանակ, երբ նա չէր կարող տեսնել դա։ Այդտեղից եկող լույսն ընկնում էր նրա սեղմված կոպերին, և տեսողական նյարդերը պատասխանում էին այնպիսի հաճելի ու միաժամանակ տարօրինակ զգացողություն առաջացնող այդ տաքուկ կայծերին։ Նրա մարմնի, այդ մարմնի ամեն մի բջջի կյանքը, հենց նրա էությունը կազմող ու նրա կամքից անկախ գործող կյանքը մղվում էր դեպի այդ լույսը, հրապուրում այնտեղ այնպես, ինչպես բույսի քիմիական բարդ կազմությունն է ստիպում նրան շրջվել դեպի արևը։
Գիտակցության նշույլներն առաջանալուց դեռ շատ առաջ գայլի ձագը ստեպ-ստեպ սողում էր դեպի անձավի ելքը։ Քույրերն ու եղբայրները ետ չէին մնում նրանից։ Եվ կյանքի այդ շրջանում նրանցից և ոչ մեկը չէր քաշվում հետևի պատի մութ անկյունները։ Լույսը ձգում էր նրանց, կարծես բույս լինեին, կյանք կոչվող քիմիական պրոցեսը լույս էր պահանջում։ Լույսը նրանց գոյության անհրաժեշտ պայմանն էր, և նրանց փոքրիկ մարմինները ձգտում էին դեպի լույսը, ինչպես խաղողի վազի մկրատները, առանց մտածելու, հնազանդվելով միայն բնազդին։ Հետագայում, երբ յուրաքանչյուրի մեջ սկսեց անհատականություն երևան գալ, երբ ամեն մեկի մեջ դրսևորվեցին ցանկություններ ու գիտակցված հակումներ, լույսին ձգտելը ուժեղացավ միայն։ Անընդհատ սողում ու մղվում էին դեպի լույսը, և մայրն ստիպված էր հաճախ ետ քշել նրանց։
Ահա այդ ժամանակ էլ գորշուկն իմացավ իր մոր մյուս հատկությունները, բացի փափուկ ու շոյող լեզվից։
Համառորեն մղվելով դեպի լույսը՝ նա իմացավ, որ մայրը ունի քիթ և կարող է դրանով, իբրև պատիժ, ետ շպրտել նրան. այնուհետև նա ճանաչեց և թաթը, որը կարող է սեղմել գետնին և ճիշտ հաշված ու արագ շարժումով գլորել նրան անկյուն։ Այսպես առաջին անգամ նա ցավ զգաց և սկսեց խուսափել դրանից՝ նախ պարզապես իրեն չենթարկելով այդպիսի վտանգի, հետո էլ սովորելով կծկվել ու փախչել պատժից։ Սրանք արդեն գիտակցական արարքներ էին՝ աշխարհի երևույթներն ընդհանրացնելու նորածին ընդունակության հետևանքը։ Մինչ այդ նա անգիտակցաբար էր խուսափում ցավից՝ նույնքան անգիտակցաբար, ինչպես ձգտում էր դեպի լույսը։ Բայց հիմա նա խույս էր տալիս դրանից, որովհետև գիտեր, թե ինչ բան է ցավը։
Չափազանց վայրագ էր այդ ձագը։ Այդպես էին նաև նրա եղբայրներն ու քույրերը։ Այդպես էլ պետք էր սպասել։ Չէ՞ որ նա գիշատիչ էր ու սերում էր մսով սնվող գիշատիչների տոհմից։ Այն կաթը, որ ծծում էր նա հազիվ բաբախող կյանքի առաջին իսկ օրից, մսից էր մշակվում․ և հիմա, երբ լրացավ նրա մեկ ամիսը և արդեն մի շաբաթ էր, ինչ բացվել էին աչքերը, նա էլ սկսեց ուտել միս, որ կիսով չափ ծամում էր մայրը հինգ ձագերի համար, քանի որ կաթը չէր բավականացնում։
Օրավուր գորշուկն ավելի կատաղի էր դառնում։ Նրա մռնչոցը ավելի խռպոտ ու բարձր էր, քան եղբայրներինն ու քույրերինը, լակոտային մոլեգնության բռնկումները ավելի սոսկալի։ Նախ նա սովորեց թաթի ճարպիկ հարվածով գցել նրանց մեջքի վրա։ Ու հենց նա էլ ամենից առաջ բռնեց մյուս ձագի ականջը և սկսեց քաշքշել, այս ու այն կողմ տանել նրան՝ կատաղաբար գռմռալով սեղմ ծնոտների արանքից։ Եվ, ի՜նչ խոսք, որ նա մյուս ձագերից ավելի սկսեց անհանգստացնել մորը, որը ջանում էր շառավիղներին հեռացնել անձավի մուտքից։
Օր օրի վրա լույսը ավելի ու ավելի էր գորշուկին հրապուրում։ Րոպեն մեկ նա սկսում էր թափառել անձավում՝ ջանալով դուրս գալ այդտեղից և րոպեն մեկ ետ էին հրում նրան։ ճիշտ է, նա չէր իմ անում, որ դա ելք է։ Նրա մտքով չէր էլ անցնում, թե կան տարբեր մուտքեր ու ելքեր, որոնք տանում են մի տեղից մյուսը։ Ընդհանրապես նա գաղափար չուներ այլ վայրերի գոյության մասին, իսկ այդ տեղերը հասնելու միջոցների վերաբերյալ առավել ևս։ Այդ պատճառով էլ անձավի ելքը թվում էր նրան պատ՝ լույսի մի պատ։ Այն, ինչ արևն էր ազատության մեջ ապրողների համար, նրա համար էլ այդ պատն էր նրա աշխարհի արևը։ Այդ պատը քաշում էր նրան, ինչպես կրակն է քաշում թիթեռին։ Նա անընդհատ ձգտում էր հասնել այդտեղ։ Նրա մեջ արագ աճող կյանքը մղում էր նրան դեպի լույսի պատը։ Նրա մեջ ծվարած կյանքը իմանում էր, որ դա աշխարհ մտնելու միակ ուղին է, այն ուղին, ուր նրան կանխորոշված է մտնել։ Բայց նա ինքը ոչինչ չգիտեր այդ մասին։ Նա չէր իմանում, որ գոյություն ունի արտաքին աշխարհ։
Լույսի այդ պատը մի տարօրինակ հատկություն ուներ։ Նրա հայրը (իսկ գորշուկն արդեն ընդունել էր նրան որպես իր աշխարհի բնակիչներից մեկը՝ մորը նման այդ արարածին, որը լույսի մոտ է քնում և ուտելիք է բերում). նրա հայրը սովորություն ուներ ուղղակի անցնել այդ հեռավոր լուսեղեն պատից ու անհետանալ այն կողմում։ Գորշուկը չէր կարողանում հասկանալ այդ։ Մայրը թույլ չէր տալիս նրան մոտենալ այդ լուսավոր պատին, բայց նա մոտենում էր անձավի մյուս պատերին, և ամեն անգամ նրա նուրբ քիթը դիպչում էր մի պինդ բանի։ Եվ դա ցավ էր պատճառում։ Ուստի մի քանի այդպիսի ուղևորություններից հետո պատերի հետազոտությունը դադարեց։ Առանց երկար մտածելու, նա հոր անհետանալը համարեց նրա բնորոշ հատկությունը, ինչպես որ կաթն ու մսե ծամոնը մոր բնորոշ հատկությունն էին։
Ըստ էության այդ գորշ ձագը մտածել չէր կարող, համենայն դեպս այնպես, ինչպես մտածում են մարդիկ։ Նրա ուղեղը աշխատում էր խավարում։ Եվ այնուամենայնիվ նրա եզրակացությունները պակաս հստակ ու որոշակի չէին, քան մարդկանց եզրակացությունները։ Նա իրերն ընդունում էր այնպես, ինչպես կան, չանհանգստացնելով իրեն այն հարցով, թե ինչու եղավ այս կամ այն բանը։ Բավական էր իմանալ, որ դա եղավ։ Այսպես էր ահա շրջապատը ճանաչելու նրա մեթոդը։ Ուստի և մի քանի անգամ քիթը դիպցնելով անձավի պատերին՝ նա հաշտվեց այն մտքի հետ, թե չի կարող անցնել դրանց միջով, չի կարող անել այն, ինչ հայրն է անում։ Բայց ոչ մի անգամ էլ նրա մեջ չէր ծագում հոր և իր միջև եղած տարբերությունը ըմբռնելու ցանկությունը։ Նրա ուղեղի ձևավորմանը չէին մասնակցում տրամաբանությունն ու ֆիզիկան։
Ինչպես խուլ հյուսիսի բնակչության մեծ մասը, նա էլ շուտ ստիպված եղավ զգալ քաղցը։ Եկան այնպիսի օրեր, երբ հայրը դադարեց միս բերել, երբ նույնիսկ մոր պտուկներն էլ կաթ չէին տալիս։ Ձագերը վնգստում էին ու նվնվում և ժամանակի մեծ մասը քնելով էին անցկացնում. հետո էլ նրանք ընկան քաղցած ընդարմացման մեջ։ Այլևս խլրտուք ու կռիվ չէր լինում, նրանցից ոչ մեկը չէր գազազում, չէր փորձում մռնչալ. դադարեցին նաև ճամփորդությունները դեպի հեռավոր սպիտակ պատը։ Քնում էին նրանք, իսկ նրանց մեջ առկայծող կյանքը քիչ-քիչ մարում էր։
Միակնանին բոլորովին կորցրեց հանգիստը։ Նա չափչփում էր ամենուրեք և քիչ էր քնում որջում, որը հիմա դարձել էր մռայլ ու տխուր։ Մայրը նույնպես թողեց իր ձագերին ու դուրս եկավ ուտելիք որոնելու։ Ձագերը ծնվելու առաջին օրերին Միակնանին հաճախ էր մոտենում հնդկացիների ավանին ու կողոպտում նապաստակի թակարդները. բայց հենց որ ձյունը հալվեց, գետերը սառույցից բացվեցին, հնդկացիները թողեցին հեռացան, և ուտելիքի այդ աղբյուրը ցամաքեց։
Երբ գորշուկը մի քիչ ամրացավ և կրկին սկսեց հետաքրքրվել հեռավոր սպիտակ պատով, տեսավ, որ իր աշխարհի բնակիչները խիստ պակասել են։ Մնացել էր միայն մի քույր, մյուսներն անհետացել էին։ Հենց որ նրա ուժերը վերականգնվեցին, նա սկսեց խաղալ, բայց խաղալ միայնակ, որովհետև քույրը ո՛չ գլուխը կարող էր բարձրացնել, ո՛չ էլ շարժվել։ Գորշուկի փոքրիկ մարմինը կլորացել էր այն մսից, որ ուտում էր հիմա. իսկ քրոջ համար ուտելիքը հասավ շատ ուշ։ Նա շարունակ քնում էր, և մորթիով պատած կմախքի նմանող նրա փոքրիկ մարմնի մեջ տրոփող կյանքի կայծը հետզհետե ավելի թույլ էր փայլփլում և ի վերջո հանգավ։
Հետո էլ եկավ մի Ժամանակ, երբ Միակնանին դադարեց երևալ պատի միջով ու չքվել նրա հետևում, թափուր մնաց այն տեղը, ուր քնում էր նա անձավի մուտքի մոտ։ Դա տեղի ունեցավ երկրորդ նվազ դաժան քաղցի վերջում։ Մայր գայլը դիտեր, թե ինչու Միակնանին չվերադարձավ որջ, բայց չէր կարող գորշուկին պատմել, թե ինչ էր տեսել ինքը։
Որս ճարելու համար գնալով գետակի ձախ ճյուղն ի վեր՝ այնտեղ, ուր լուսանն էր ապրում, մայր գայլը պատահեց Միակնանու երեկվա հետքին։ Եվ այնտեղ, ուր հետքերը վերջանում էին, նա գտավ Միակնանուն, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր նրանից։ Շուրջը եղած ամեն ինչից երևում էր քիչ առաջ տեղի ունեցած մենամարտը և որ լուսանը շահելով այդ մենամարտը՝ քաշվել էր իր բույնը։ Մայր գայլը որոնեց ու գտավ այդ որջը, բայց դատելով նշաններից՝ լուսանն այդտեղ էր, և գայլը սիրտ չարեց ներս մտնել։
Դրանից հետո մայր գայլը դադարեց որսի գնալ գետակի ձախ վտակի կողմերը։ Նա գիտեր, որ լուսանի բնում ձագեր կան, և որ դրանց մայրը հայտնի է կռիվներում ցուցաբերած իր կատաղությամբ ու անվեհերությամբ։ Երեք-չորս գայլի համար չնչին բան է քշել, ծառ բարձրացնել ֆշշացող ու փշաքաղված լուսանին, բայց բոլորովին այլ բան է դեմ առ դեմ հանդիպել նրան, մանավանդ երբ գիտես, որ նա հետևում քաղցած ձագեր է թողել։
Բայց հյուսիսը խուլ հյուսիս է, և մայրությունն էլ մայրություն է, դա կանգ չի առնում ոչ մի բանի առաջ թե՛ հյուսիսային ամայության մեջ, թե՛ դրանից դուրս, և անխուսափելիորեն պետք է գար այն օրը, երբ ի սեր իր գորշ ձագի մայր գայլը սիրտ աներ գնալ ձախ վտակն ի վեր՝ դեպի ժայռի մեջ եղած բույնը, կատաղի լուսանին ընդառաջ։