== Գլուխ III։ Մեկուսացածը ==
Լիփ֊Լիփը այն աստիճան էր թունավորում Սպիտակ ժանիքի կյանքը, որ սա հետզհետե ավելի էր դառնում չար ու գազազած, քան բնությունն էր սահմանել նրա համար։ Վայրագությունը հատուկ էր նրա խառնվածքին, բայց հիմա դա անցել էր ամեն չափ ու սահման։ Նա իր ոխակալությամբ հայտնի էր նույնիսկ մարդկանց։ Ամեն անգամ, երբ ավանում լսվում էր հաչոց, շան գզվռտոց և կամ կանայք էին հարայհրոց բարձրացնում մի կտոր գողացված մսի պատճառով, ապա ոչ ոք չէր կասկածում, թե այդ ամենի հանցավորը Սպիտակ ժանիքն է։ Մարդիկ չէին փորձում քննել այդ վարքի պատճառները, այլ տեսնում էին միայն հետևանքները, իսկ այդ հետևանքները վատ էին։ Սպիտակ ժանիքը հռչակված էր որպես ծակամուտ, գող և բոլոր կռիվների նախաձեռնող։ Խիստ զայրացած կանայք Գայլ էին կոչում նրան, վատ վախճան էին գուշակում նրա համար, իսկ նա լսելով այդ ամենը՝ աչալուրջ հետևում էր նրանց և ամեն րոպե պատբաստ էր խույս տալ մահակի կամ քարի հարվածից։ Սպիտակ Ժանիքը մեկուսացված էր զգում իրեն ավանի բնակիչների մեջ։ Բոլոր ջահել շները հետևում էին Լիփ֊Լիփի օրինակին։ Ինչ-որ տարբերություն կար նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև։ Գուցե և շներն ուրիշ ցեղի հոտն առնում էին նրանից ու տածում էին նրա հանդեպ այն բնազդական թշնամանքը, որ միշտ էլ ծագում է ընտանի շան ու գայլի միջև։ Ինչ էլ որ լիներ, դրանք միանում էին Լիփ-Լիփին։ Եվ պատերազմ հայտարարելով Սպիտակ ժանիքին՝ շները բավականաչափ առիթ ունենում էին չդադարեցնելու դա։ Բոլորն էլ անխտիր ծանոթացել էին նրա սուր ատամներին, և արդարացի լինելու համար ասենք, որ նա հարյուրապատիկ էր հատուցում իր թշնամիներին։ Շներից շատերին նա կարող էր հաղթել մեն֊մենակ կռվելիս, բայց այդպիսի հնարավորություն չէր ներկայանում։ Այդպիսի կռվի սկսվելը ազդանշան էր դառնում բոլոր ջահել շների համար, որոնք վազում գալիս էին ամբողջ ավանից ու գրոհում Սպիտակ Ժանիքի վրա։ Շների ոհմակի հետ եղած թշնամությունը երկու կարևոր բան սովորեցրեց նրան, անմիջապես անջատվել ամբողջ ոհմակից և գործ ունենալով միայն մի հակառակորդի հետ՝ ըստ հնարավորին շատ վերք հասցնել նրան կարճ ժամանակամիջոցում։ Չընկնել, ամեն կողմից իրեն շրջապատած թշնամիների միջև մնալ կանգնած՝ նշանակում է պահել կյանքը, և Սպիտակ Ժանիքը կատարելապես հասու եղավ այդ գիտությանը։ Նա կարող էր մնալ ոտքի վրա կատվից ոչ պակաս։ Անգամ մեծահասակ շները կարող էին ուզածի չափ նեղել նրան․ Սպիտակ Ժանիքը ընկրկում էր, ոստոստում, խույս տալիս մի կողմ, և այնուամենայնիվ ոտքերը չէին դավաճանում նրան և հաստատ հենվում էին գետնին։ Ամեն մի կռվից առաջ շները սովորաբար ինչ֊որ ծես են կատարում. գռմռում են, գնում֊գալիս իրար առջև, մազերը փշաքաղվում են։ Սպիտակ ժանիքը այդպիսի բան չէր անում։ Ամեն մի հապաղումը կարող էր պատճառ դառնալ ամբողջ ոհմակի հայտնվելուն։ Պետք է գործը արագ վերջացնել ու հետո էլ ծլկել։ Եվ Սպիտակ Ժանիքը ցույց չէր տալիս իր մտադրությունները։ Նա նետվում էր կռվի մեջ առանց որևէ նախազգուշացման և սկսում կծել ու պատառոտել իր հակառակորդին՝ չսպասելով, որ սա պատրաստվի։ Այսպիսով նա սովորեց ծանր վերքեր հասցնել շներին։ Բացի դրանից, Սպիտակ ժանիքը հասկացավ, որ կարևոր է թշնամուն հանկարծակիի բերել, պետք է հարձակվել անսպասելի կերպով, պատռել նրա ուսը, կտոր֊կտոր անել ականջը՝ քանի դեռ սա ուշքի չի եկել. և այն ժամանակ գործի կեսը կատարված է։ Նա համոզվեց, որ հանկարծակիի բերված շանը գետին գցելը դատարկ բան է և այն ժամանակ նրա վզի ամենախոցելի տեղը անպաշտպան կլինի։ Սպիտակ ժանիքն իմանում էր, թե որն է այդ տեղը։ Այդ իմացությունն անցել էր նրան ժառանգաբար՝ գայլերի բազում սերունդներից։ Եվ հարձակվելիս նա այսպիսի տակտիկա էր բանեցնում՝ նախ դարանակալ սպասում էր շանը, երբ սա մենակ էր, երկրորդ՝ հարձակվում էր նրա վրա անսպասելի կերպով ու ցած գցում և երրորդ՝ կառչում էր նրա կոկորդից։ Սպիտակ Ժանիքը դեռ մատղաշ էր, և նրա չամրացած ծնոտները չէին կարող մահացու հարվածներ հասցնել, բայց և այնպես շատ լակոտներ էին ման գալիս ավանում նրա ատամների հետքերը վզին։ Եվ մի անգամ էլ իր թշնամիներից մեկին բռնելով անտառի եզրին՝ այնուամենայնիվ կարողացավ այնպես կծել նրա կոկորդը, որ ախոյանը շունչը փչեց։ Այդ երեկո ավանն իրար անցավ։ Նրա արածը նկատել էին. այդ լուրը հասավ սատկած շան տիրոջը, կանայք էլ վերհիշեցին Սպիտակ Ժանիքի բոլոր գողությունները, և Գորշ Ջրշունի կացարանի մոտ բազմություն հավաքվեց։ Բայց նա կտրականապես փակեց վիգվամի մուտքը, ուր թաք էր կացել ոճրագործը, և հրաժարվեց հանձնել նրան իր ցեղակիցներին։ Սպիտակ Ժանիքին ատեցին և՛ մարդիկ, և՛ շները։ Ոչ մի րոպե հանգիստ չուներ նա։ Ամեն մի շուն ատամ էր կրճտում նրա վրա, ամեն մարդ ձեռք էր բարձրացնում նրա վրա։ Ցեղակիցները դիմավորում էին նրան մռնչալով, աստվածները՝ անեծքով ու քարով։ Նա շարունակ աչալուրջ էր մնում, ամեն րոպե պատրաստ էր հարձակվել, ետ մղել գրոհը կամ խույս տալ հարվածից։ Նա գործում էր արագ ու սառնարյուն. ժանիքները շողշողացնելով նետվում էր հակառակորդի վրա և կամ սպառնալի մռնչալով ետ ցատկում։ Ինչ վերաբերում է մռնչոցին, ապա նա կարող էր թե՛ ծեր, թե՛ ջահել շներից ավելի սոսկալի մռնչալ։ Մռնչալու նպատակն էր՝ նախազգուշացնել կամ վախեցնել թշնամուն. և պետք է լավ իմանալ, թե երբ և ինչ հանգամանքներում է հարկավոր գործադրել այդ միջոցը։ Եվ Սպիտակ Ժանիքն իմանում էր դա։ Այդ մռնչոցի մեջ նա ներդնում էր իր ցասումն ու զայրույթը՝ այն ամենը, ինչով կարող էր սարսափեցնել թշնամուն։ Ցնցվող ռունգները, փշաքաղված մազերը, ատամների միջև կարմիր օձի պես գալարվող լեզուն, գլխին սեղմած ականջները, ատելությունից վառվող աչքերը, թրթռացող շրթունքները, բաց ժանիքները շատ շների ստիպում էին միտք անել։ Երբ Սպիտակ Ժանիքին հանկարծակիի էին բերում, մի վայրկյանը բավական էր գործողության պլանը մտորելու համար։ Բայց հաճախ այդ դադարը երկարում էր, հակառակորդը հրաժարվում էր կռվից, և Սպիտակ Ժանիքի մռնչոցը հնարավորություն էր տալիս նրան պատվով նահանջելու անգամ չափահաս շների հետ ունեցած ընդհարումների դեպքում։ Սպիտակ Ժանիքին ոհմակից վտարելուց, նրան պատերազմ հայտարարելուց հետո՝ ջահել շները դրանով իսկ իրենց դրեցին նրա ոխակալության, ճարպկության և ուժի դեմ հանդիման։ Բանն այնպես եղավ, որ հիմա Սպիտակ Ժանիքի թշնամիներն էլ չէին կարող ոհմակից մի քայլ իսկ հեռանալ։ Նա թույլ չէր տալիս դա։ Ջահել շները ամեն րոպե սպասում էին նրա հարձակմանը և սիրտ չէին անում առանձին թրև գալ, Լիփ֊Լիփից բացի, մնացած բոլորը ստիպված էին ի մի խմբված մնալ, որպեսզի միահամուռ ջանքերով պաշտպանվեն իրենց ահեղ հակառակորդից։ Միայնակ գետը գնալիս լակոտը դիմում էր կամ դեպի անվրեպ մահ, կամ սուր ոռնոց ու վնգստոց գցում ամբողջ ավանում՝ ծլկելով դարանից դուրս թռած գայլի այդ ձագից։ Սակայն Սպիտակ Ժանիքը շարունակում էր վրեժ լուծել շներից անգամ այն ժամանակ, երբ սրանք մի անգամ ընդմիշտ հասկացան, որ իրարից չպետք է հեռանալ։ Նա հարձակվում էր շների վրա, երբ առանձին֊առանձին էր հանդիպում նրանց, իսկ շները ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա։ Բավական էր, որ շներր նկատեին Սպիտակ ժանիքին. բոլորն էլ միահամուռ կերպով ընկնում էին հետևից, իսկ այդպիսի դեպքերում գորշուկին փրկում էին միայն արագավազ ոտքերը։ Բայց վայ այն շանը, որ ոգևորվելով՝ իր ընկերներից առաջ էր անցնում. Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվում էր դեպի ոհմակի առջևից սուրացողն ու նետվում նրա վրա։ Հաճախ էր այդ պատահում, որովհետև հետապնդումից բորբոքված շները մոռանում էին աշխարհում ամեն ինչ, իսկ Սպիտակ Ժանիքը երբեք սառնարյունությունը չէր կորցնում։ Ստեպ-ստեպ ետ նայելով՝ նա պատրաստ էր ուզած րոպեին, արագ վազքի ընթացքում, շրջվել ու նետվել չափից ավելի եռանդուն և իր ընկերներից անջատված հետապնդողի վրա։ Ջահել շները լի են խաղալու անհաղթահարելի պահանջով, և Սպիտակ Ժանիքի թշնամիները բավարարում էին այդ պահանջը, նրա դեմ մղած պատերազմը վերածելով գրավիչ զվարճության։ Գորշուկի հետևից ընկնելը դարձել էր նրանց նախասիրած, թեև ոչ կատակային և երբեմն էլ մահացու վտանգ պարունակող զվարճությունը։ Իսկ Սպիտակ Ժանիքը, որի հետ ոչ մեկը չէր կարող մրցել արագավազությամբ, նմանապես կանգ չէր առնում վտանգի առաջ։ Այդ օրերին, երբ դեռ նա չէր կորցրել Կիչիի վերադառնալու հույսը, հաճախ էր շների ոհմակին հրապուրում դեպի մոտակա անտառը։ Բայց շները չէին կարողանում հասնել նրան այնտեղ։ Սպիտակ Ժանիքը նրանց հաչոցից ու ոռնոցից որոշում էր, թե որտեղ են, իսկ ինքը վազում էր սուս ու փուս, ստվերի պես սահելով ծառերի միջով, ինչպես նրա հայրն ու մայրն էին անում։ Բացի դրանից, նա շատ ավելի սերտորեն էր կապված խուլ Հյուսիսին, քան շները, նա ավելի լավ էր հասկանում դրա բոլոր գաղտնիքներն ու խորամանկությունները։ Շատ հաճախ Սպիտակ Ժանիքը դիմում էր այսպիսի հնարամտության՝ լողում անցնում էր գետակը, կորցնում իր հետքերն ու հանգիստ պառկում անտառի մացառուտում՝ ունկնդրելով իրեն կորցրած հետապնդողների հաչոցին։ Թե՛ իր եղբայրակիցների և թե՛ մարդկանց մեջ միմիայն ատելություն առաջացնելով և մշտապես թշնամություն անելով բոլորի հետ՝ Սպիտակ Ժանիքը արագ, բայց միակողմանի էր զարգանում։ Այդպիսի կյանք վարելու ընթացքում ո՛չ բարի զգացմունքներ կարող էին ծնվել նրա մեջ, ո՛չ էլ փաղաքշվելու պահանջ։ Այդ ամենի մասին նա մազաչափ պատկերացում իսկ չուներ։ Հնազանդվիր ուժեղին, ճնշիր թույլին. ահա այն օրենքը, որ ղեկավարում էր նրան։ Գորշ Ջրշունը աստվածություն է՝ օժտված ուժով, ուստի Սպիտակ ժանիքը ենթարկվում է նրան։ Իսկ շներին, անգամ նրանց, որոնք ջահել են իրենից և հասակով էլ պակաս ու թույլ, պետք է ոչնչացնել։ Սպիտակ Ժանիքի մեջ զարգանում էին այն բոլոր հատկությունները, որոնք օգնում էին նրան դիմադրելու հաճախակի իր կյանքին սպառնացող վտանգին։ Պողպատանման մկանները երևում էին նրա նիհար ու ճկուն մարմնի վրա պարանների պես։ Ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ ճարպկությամբ ու խորամանկությամբ. նա ավելի արագ էր վազում, ավելի անողոք էր կռվի ժամանակ, ավելի դիմացկուն, կատաղի, գազազած ու խելացի, քան մյուս բոլոր շները։ Սպիտակ Ժանիքը պետք է այդպիսին լիներ, այլապես ողջ չէր մնա այն թշնամական շրջապատում, ուր հասցրեց նրան կյանքը։
== Գլուխ IV։ Աստվածների հետևից ==