Changes
Նրանք մեկնեցին և համարյա ամբողջ ձմեռ ապրեցին Պետերբուրգում։ Սակայն մեծ պասի մատույցներին ամեն ինչ պայթեց, օճառի գույնզգույն պղպջակի պես։ Երազանքները ցրիվ եկան, իսկ խառնաշփոթը ոչ միայն չպարզվեց, այլ էլ ավելի նողկալի դարձավ։ Նախ, բարձրագույն կապերը համարյա չհաջողվեցին, գուցե թե ամենաաննշմար և նվաստացուցիչ քաշքշուկներով։ Վիրավորված Վարվառա Պետրովնան փորձեց գլխովին նետվել «նոր գաղափարների» գիրկը և երեկույթներ սկսեց իր տանը։ Նա կանչեց գրողների, և նրանց մեծ քանակություն բերեցին տիկնոջ մոտ։ Հետո արդեն իրենք էին գալիս, առանց հրավերի, մեկը բերում էր մյուսին։ Վարվառա Պետրովնան դեռ երբեք նման գրողների չէր տեսել։ Նրանք սնափառ էին անասելի, բայց միանգամայն բացահայտ, կարծես դրանով պարտականություն էին կատարում։ Ոմանք (թեև ամենևին ոչ բոլորը) ներկայանում էին անգամ հարբած, բայց ասես դրա մեջ մի հատուկ, հենց երեկ հայտնաբերած գեղեցկություն գիտակցելով։ Բոլորն էլ պարծենում էին ինչ-որ բանով՝ տարօրինակության աստիճան։ Բոլորի դեմքերին գրված էր, թե նոր հենց մի արտակարգ կարևոր գաղտնիք են բացահայտել։ Նրանք զազրախոսում էին՝ դա պատիվ համարելով։ Բավական դժվար էր իմանալ, թե հատկապես ինչ են գրել նրանք, բայց այդտեղ կային քննադատներ, վիպասաններ, թատերագիրներ, երգիծաբաններ, մերկացնողներ։ Ստեպան Տրոֆիմովիչը թափանցեց նրանց նույնիսկ ամենավերին շրջանը, այնտեղ, որտեղից ղեկավարում էին շարժումը։ Մինչև կառավարողները անհավանականության չափ բարձր էր, սակայն նրան գրկաբաց ընդունեցին, թեև, իհարկե, և ոչ ոք ոչինչ չգիտեր ու չէր լսել նրա մասին, բացի նրանից, որ նա «գաղափարն է ներկայացնում»։ Այնքան մանևրեց նրանց շուրջ, որ մի երկու անգամ նրանց էլ կանչեց Վարվառա Պետրովնայի սալոն, չնայած նրանց համակ օլիմպիականությանը։ Սրանք շատ էին լուրջ և շատ բարեկիրթ, իրենց լավ էին պահում, մնացյալը, ըստ երևույթին, վախենում էին նրանցից, բայց ակնհայտ էր, որ ժամանակ չունեն։ Հայտնվեցին նաև երկու-երեք նախկին գրական հռչակավորներ, որոնք այն ժամանակ Պետերբուրգում էին և որոնց հետ Վարվառա Պետրովնան վաղուց արդեն ամենանուրբ հարաբերությունների մեջ էր։ Սակայն, ի զարմանս նրա, այդ իսկական ու այլևս անկասկած հռչակավորները սուսուփուս էին, ոմանք էլ պարզապես փարվում էին այդ ամբողջ նոր խաժամուժին և խայտառակ կերպով հաճոյանում նրանց։ Սկզբում Ստեպան Տրոֆիմովիչի բախտը բերեց, նրանից կառչեցին և սկսեցին ներկայացնել գրական հրապարակային հավաքներին։ Երբ նա առաջին անգամ բեմ ելավ գրական հրապարակային մի ընթերցման՝ ի թիվս այլոց, մոլեգին ծափահարություններ թնդացին, որոնք հինգ րոպե չէին դադարում։ Նա արցունքներով էր մտաբերում դա ինը տարի անց, ի դեպ, ավելի շատ իր բնավորության գեղարվեստականության, քան երախտագիտության հետևանքով։ «Իսկ ձեզ երդվում եմ ու գրազ եմ գալիս,― ասում էր նա ինձ (բայց միայն ինձ, գաղտնի),― որ այդ ամբողջ հասարակությունից և ոչ մեկն իմ մասին բացարձակապես ոչինչ չգիտեր»։ Հոյակա՜պ խոստովանություն է. ուրեմն, սուր միտք ուներ, եթե այն ժամանակ դեռ բեմի վրա կարող էր այդչափ հստակ հասկանալ իր վիճակը, չնայած իր համակ զմայլանքին և, ուրեմն, չուներ այդ սուր միտքը, եթե նույնիսկ ինը տարի անց չէր կարող հիշել դա՝ առանց դառնություն զգալու։ Նրան ստիպեցին ստորագրել երկու թե երեք խմբական բողոքագիր (թե ինչի դեմ՝ ինքն էլ չգիտեր), ստորագրեց։ Վարվառա Պետրովնային էլ ստիպեցին ստորագրել ինչ-որ «այլանդակ արարքի» դեմ, նա ևս ստորագրեց։ Ի դեպ, այդ նոր մարդկանց մեծ մասը թեև այցելում էր Վարվառա Պետրովնային, սակայն չգիտես ինչու, պարտք էին համարում նրան նայել արհամարհաբար և անսքող ծաղրանքով։ Ստեպան Տրոֆիմովիչն ինձ ակնարկում էր հետո, դառնության պահերին, որ Վարվառա Պետրովնան այդ ժամանակից էլ նախանձեց իրեն։ Հարկավ, նա հասկանում էր, որ իրեն չի կարելի շփվել այդ մարդկանց հետ, բայց և այնպես ընդունում էր նրանց անհագաբար, կանացի ամբողջ հիստերիկ անհամբերությամբ և գլխավորը՝ շարունակ ինչ-որ բանի էր սպասում։ Երեկույթներին նա քիչ էր խոսում, թեև խոսել կարող էր, բայց ավելի շատ ունկնդրում էր։ Խոսում էին գրաքննության և ъ տառը ոչնչացնելու, ռուսական տառերը լատինականներով փոխարինելու մասին, այսինչ այնինչի երեկվա աքսորման մասին, Պասսաժում տեղի ունեցած ինչ-որ սկանդալի մասին, դաշնակցային ազատ կապերով ըստ ազգությունների Ռուսաստանը մասնատելու օգտակարության մասին, բանակի և նավատորմի ոչնչացման մասին, Լեհաստանը մինչև Դնեպր վերականգնելու մասին, գյուղացիական ռեֆորմի և թռուցիկների մասին, ժառանգության, ընտանիքի, զավակների և հոգևորականության վերացման մասին, կանանց իրավունքների մասին, Կռաևսկու տան մասին, որ ոչ ոք և երբեք չէր կարող ներել պարոն Կռաևսկուն և այլն, և այլն։ Հստակ էր, որ նոր մարդկանց այդ խաժամուժի մեջ շատ էին ստահակները, սակայն անկասկած էր, որ շատ են նաև ազնիվ, բավականին նույնիսկ գրավիչ անձինք, չնայած, այդուհանդերձ, զարմանալի որոշ երանգների։ Ազնիվները շատ ավելի անհասկանալի էին անազնիվներից ու բռիներից, բայցև հայտնի չէր, թե ով է ում ձեռքին։ Երբ Վարվառա Պետրովնան հայտարարեց ամսագիր հրատարակելու իր միտքը, ապա շատ ավելի մարդիկ խռնվեցին նրա շուրջը, բայցև անմիջապես մեղադրանքներ տեղացին երեսին, թե նա կապիտալիստուհի է և շահագործում է աշխատանքը։ Մեղադրանքների անպատկառությունը հավասար էր սոսկ դրանց անսպասելիությանը։ Զառամյալ գեներալ Իվան Իվանովիչ Դրոզդովը՝ հանգուցյալ գեներալ Ստավրոգինի նախկին բարեկամը և պաշտոնակիցը, արժանավորագույն մի մարդ (բայց իր տեսակի մեջ), որին բոլորս այստեղ ճանաչում ենք, ծայրաստիճան կամակոր և դյուրաբորբոք, ահավոր շատակեր և աթեիզմից սարսափելի վախեցող, Վարվառա Պետրովնայի երեկույթներից մեկին վեճի բռնվեց մի նշանավոր պատանու հետ։ Վերջինս՝ առաջին իսկ խոսքով. «Դուք, ուրեմն, գեներալ եք, եթե այդպես եք ասում», այսինքն այն իմաստով ասաց, որ գեներալից ավելի վատ հայհոյանք արդեն գտնել չէր կարող։ Իվան Իվանովիչն անասելի բորբոքվեց. «Այո, պարոն, ես գեներալ եմ, և գեներալ-լեյտենանտ, ու ծառայել եմ իմ թագավորին, իսկ դու, պարոն, երեխա ես ու անաստված»։ Անթույլատրելի սկանդալ տեղի ունեցավ։ Հաջորդ օրը դեպքը մերկացվեց մամուլում, և սկսեցին խմբական ստորագրություններ հավաքել Վարվառա Պետրովնայի «այլանդակ արարմունքի» դեմ, որը չէր կամեցել տեղնուտեղը վռնդել գեներալին։ Պատկերազարդ ամսագրում մի ծաղրանկար երևաց, ուր թունալի արտանկարված էին Վարվառա Պետրովնան, գեներալը և Ստեպան Տրոֆիմովիչը՝ համատեղ, որպես երեք հետադեմ բարեկամներ, ծաղրանկարին կից ոտանավոր էլ կար՝ ժողովրդական բանաստեղծի հորինածը միայն այդ դեպքի համար։ Իմ կողմից նշեմ, որ իրոք, գեներալական աստիճան ունեցող շատ անձինք սովորություն ունեն ծիծաղելի շեշտով ասել. «Ես ծառայել եմ իմ թագավորին․․․», այսինքն, կարծես նրանցը նույն թագավորը չէ, ինչև մերը՝ հասարակ հպատակներինս, այլ առանձնահատուկ է, իրենցը։
Շարունակել Պետերբուրգում մնալ, անշուշտ, անհնար դարձավ, առավել ևս, որ Ստեպան Տրոֆիմովիչը վերջնական fiasco <ref>պարտություն (իտալ․)։</ref> կրեց։ Նա չդիմացավ ու սկսեց հայտարարել արվեստի իրավունքների մասին, իսկ նրա վրա ավելի բարձր ծիծաղեցին։ Իր վերջին ընթերցմանը նա մտադրվեց ներազդել քաղաքացիական պերճախոսությամբ՝ երևակայելով սրտեր շարժել, ակնկալելով հարգանք իր «արտաքսման» կապակցությամբ։ Նա անառարկելիորեն համաձայնեց «հայրենիք» բառի անօգտակարությանը և զավեշտականությանը, համաձայնեց նաև կրոնի վնասակարության մտքին, սակայն բարձրաձայն ու կայուն հայտարարեց, որ սապոգներն ավելի ցածր են Պուշկինից, նույնիսկ շատ ավելի։ Նրան անողոքաբար սուլեցին, այնպես որ հենց տեղում, բեմից չիջնելով, նա արտասվեց։ Վարվառա Պետրովնան նրան տուն հասցրեց կիսամեռ վիճակում։ «On m’a traité comme un vieux bonnet de coton!<ref>«Ինձ հետ վարվեցին, ինչպես հին գիշերագդակի հետ» (ֆրանս․)։</ref>»,― անիմաստ մրմնջում էր նա։ Վարվառա Պետրովնան ամբողջ գիշեր խնամում էր նրան, դափնեկեռասի կաթիլներ տալիս ու մինչև լուսաբաց կրկնում. «Դուք դեռևս օգտակար եք, դուք դեռ ի հայտ կգաք, ձեզ կգնահատեն․․․ մեկ ուրիշ տեղ»։
Իսկ հաջորդ օրը, վաղ առավոտյան, Վարվառա Պետրովնայի մոտ եկան հինգ գրող, որոնցից երեքն ամենևին անծանոթ, ում երբեք չէր տեսել նա։ Խիստ տեսքով նրանք հայտնեցին տիկնոջը, որ քննել են նրա ամսագրի մասին գործը և բերել են որոշումը՝ այդ գործով։ Վարվառա Պետրովնան կտրականապես երբեք և ոչ մեկին չէր հանձնարարել որևէ բան քննել ու որոշել իր ամսագրի վերաբերյալ։ Որոշումն այն էր, որ հիմնելով ամսագիրը, նա իսկույն ևեթ իրենց հանձնի դա, կապիտալների հետ միասին, ազատ ընկերակցության իրավունքներով, իսկ ինքը մեկնի Սկվորեշնիկի՝ չմոռանալով հետը տանել Ստեպան Տրոֆիմովիչին, «որը հնացել է»։ Նրբավարությունից ելնելով, նրանք համաձայնել էին ճանաչել նրա սեփականության իրավունքը և ամեն տարի ուղարկել նրան մաքուր եկամուտի մեկ վեցերորդ մասը։ Ամենահուզիչն այն էր, որ այդ հինգ հոգուց չորսը, հավանորեն, դրա մեջ ոչ մի ընչաքաղց նպատակ չուներ, այլ հոգում էին սոսկ հանուն «ընդհանուր գործի»։
=== VII ===
Պետերբուրգից վերադառնալուց անմիջապես հետո Վարվառա Պետրովնան իր բարեկամին ուղարկեց արտասահման՝ «հանգստանալու»։ Ու պետք էր նրանց բաժանվել ժամանակավորապես, կինը դա զգում էր։ Ստեպան Տրոֆիմովիչը գնաց ցնծությամբ։ «Այնտեղ ես հարությո՜ւն կառնեմ,― բացականչում էր նա։― Այնտեղ վերջապես ձեռք կզարկեմ գիտությանը»։ Բայց Բեռլինից ուղարկած առաջին իսկ նամակներում իր մշտական երգը ձգեց։ «Սիրտս կոտրված է,― գրում էր նա Վարվառա Պետրովնային,― ոչինչ չեմ կարողանում մոռանալ։ Այստեղ՝ Բեռլինում, ամեն ինչ ինձ հիշեցրեց իմ հինը, անցյալը, առաջին հրճվանքները և առաջին տանջանքները։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր են հիմա նրանք՝ երկուսով։ Ո՞ւր եք դուք, երկու հրեշտակներ, որոնց երբեք արժանի չեմ եղել։ Ո՞ւր է իմ որդին, սիրեցյալ որդին իմ։ Ո՞ւր եմ վերջապես ես, ես ինքս, նախկինս, պողպատյա ուժով և ժայռի պես անհողդողդ, երբ հիմա մի որևէ Andrejeff, un ուղղափառ խեղկատակ, peut briser mon existence en deux» deux<ref>Կարող է կործանել իմ կյանքը (ֆրանս․)։</ref>» և այլն, և այլն։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչի որդուն, ապա հայրը նրան տեսել էր միայն ընդամենը երկու անգամ կյանքում, առաջին անգամ ծնվելիս, երկրորդ անգամ՝ վերջերս, Պետերբուրգում, ուր երիտասարդը պատրաստվում էր համալսարան ընդունվել։ Ինչպես արդեն ասվել է, իր ամբողջ կյանքում տղան դաստիարակվում էր հորաքույրերի մոտ, Օ․ Նահանգում (Վարվառա Պետրովնայի միջոցներով), Սկվորեշնիկիից յոթը հարյուր վերստ հեռու։ Իսկ Գալով Andrejeff-ին, այն է՝ Անդրեևին, ապա նա այստեղի մեր վաճառականներից էր, խանութպան, մի մեծ խենթ, ինքնուս-հնագետ, ռուսական հնությունների մոլեռանդ հավաքող, որը երբեմն լեգվակռվի էր բռնվում Ստեպան Տրոֆիմովիչի հետ իր գիտելիքներով, գլխավորը՝ ուղղությամբ։ Ալեհեր մորուքով և արծաթյա ակնոցով այդ հարգարժան վաճառականը Ստեպան Տրոֆիմովիչին չորս հարյուր ռուբլի տալիք էր մնացել, նրա փոքրիկ կալվածքից (Սկվորեշնիկիի կողքին) հատելու համար մի քանի դեսյատին անտառ գնելիս։ Թեև Վարվառա Պետրովնան շռայլորեն միջոցներ էր տրամադրել իր բարեկամին, Բեռլին ուղարկելով, սակայն մեկնելուց առաջ Ստեպան Տրոֆիմովիչն այդ չորս հարյուր ռուբլին ստանալու առանձին հույսեր ուներ, հավանաբար իր գաղտնի ծախսերի համար, և քիչ մնաց լաց լիներ, երբ Andrejeff-ը խնդրեց մեկ ամիս սպասել, ի դեպ, նման հետաձգման իրավունքն ունենալով, քանզի առանձին մուծումները բոլորն արել էր նախապես, համարյա կես տարի շուտ, Ստեպան Տրոֆիմովիչի այն ժամանակվա առանձնահատուկ կարիքի պատճառով։ Վարվառա Պետրովնան անհագորեն կարդաց այդ առաջին նամակը, և մատիտով ընդգծելով «Ո՞ւր եք դուք, երկուսդ» բացականչությունը, նշեց ամսաթիվը և պահեց արկղիկում։ Նա, անշուշտ, հիշել էր երկու հանգուցյալ կանանց։ Բեռլինից ստացված երկրորդ նամակում երգը ելևէջվել էր. «Աշխատում եմ օրական տասներկու ժամ («գոնե տասնմեկ»՝ մրթմրթաց Վարվառա Պետրովնան), քրքրում եմ գրադարանները, համեմատում եմ, դուրս գրում, վազվզում։ Եղել եմ պրոֆեսորների մոտ։ Վերականգնել եմ ծանոթությունս Դունդասովների սքանչելի ընտանիքի հետ։ Ի՜նչ հմայիչ է Նադեժդա Նիկոլաևնան նույնիսկ մինչև հիմա։ Ողջույն է հղում քեզ։ Նրա երիտասարդ ամուսինը և բոլոր երեք զարմիկները Բեռլինում են։ Երեկոները երիտասարդների հետ զրուցում ենք մինչև լուսաբաց, և համարյա թե աթենական երեկոներ ունենք, բայց սոսկ նրբավարությամբ և գեղեցկությամբ։ Ամեն ինչ ազնվական, շատ երաժշտություն, իսպանական մոտիվներ, համամարդկային նորացման երազանքներ, հավերժական գեղեցկության գաղափար, Սիքստինյան Տիրամայր, լույս՝ խավարի շերտերով, բայց արևի վրա էլ բծեր կան։ Օ՜ իմ բարեկամ, ազնիվ, հավատարիմ ընկեր։ Ես սրտով ձեզ հետ եմ ու ձերն եմ, միշտ մեկի հետ, en tout pays<ref>Ցանկացած երկրում (ֆրանս․)։</ref>, և թեկուզ նույնիսկ dans le pays de Makar et de ses veaux<ref>Մակարի և նրա հորթերի երկրում (ֆրանս․)։</ref>, ինչի մասին, հիշում եք, այնքան հաճախ, հուզախռով խոսում էինք Պետերբուրգում, մեկնելուց առաջ։ Վերհիշում եմ ժպտալով։ Անցնելով սահմանը՝ ինձ անվտանգ զգացի, տարօրինակ, նոր զգացում էր, առաջին անգամ այնքան երկար տարիներից հետո...» և այլն, և այլն։
«Էհ, դատարկ բան էր այս ամենը,― վճռեց Վարվառա Պետրովնան՝ ծալելով այդ նամակը ևս,― եթե մինչև լուսաբաց՝ աթենական երեկոներ, ուրեմն, հո տասներկու ժամ գրքերի վրա չի նստում։ Հարբա՞ծ է գրել, ինչ է։ Այդ Դունդասովան ինչպե՞ս է համարձակվում ինձ ողջույններ ուղարկել։ Ասենք, թող քեֆ քաշի իր համար․․․»։
«Dans le pays de Makar et de seveaux» դարձվածքը նշանակում էր՝ «ուր Մակարն իր հորթերին չի քշում»։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն դիտավորյալ հիմարագույն եղանակով էր թարգմանում ռուսական առակներն ու արմատական ասացվածքները ֆրանսերենի՝ կարողանալով թե՛ հասկանալ, թե՛ ավելի լավ թարգմանել, սակայն նա անում էր դա առանձնահատուկ մի շուքով և գտնում դա սրամիտ։
Բայց շատ չզբոսնեց նա, չորս ամիս չդիմացավ և ետ սլացավ Սկվորեշնիկի։ Նրա վերջին նամակները կազմված էին բացակայող ընկերոջ հանդեպ ամենազգայուն սիրո զեղումներից սոսկ և տառացիորեն թրջված բաժանումի արցունքներով։ Բնավորություններ կան, որոնք չափից ավելի են ընտելանում տանը, ճիշտ ինչպես սենյակային շնիկներ։ Բարեկամների հանդիպումը ցնծագին էր։ Երկու օր անց ամեն ինչ ընթացավ հնի պես և նույնիսկ հնից ավելի ձանձրալի։ «Բարեկամս,― որպես մեծագույն գաղտնիք ասում էր Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երկու շաբաթ անց,― բարեկամս, ես ինձ համար բացահայտել եմ մի սարսափելի․․․ նորություն, je suis un սովորական ձրիակյաց, et rien de plus! Mais r-r-rien de plus!»<ref>Ես ընդամենը սովորական ձրիակյաց եմ, և ուրիշ ոչինչ։ Այո, և ու-րիշ ոչինիչ (ֆրանս․)։</ref>»։
=== VIII ===
Երեկույթներին երևում էր ևս մի երիտասարդ, ոմն Վիրգինսկի, տեղական աստիճանավորներից էր, և որոշ նմանություն ուներ Շատովին, թեև, ըստ երևույթին, նաև լիակատար հակադրությունն էր բոլոր առումներով, սակայն սա նույնպես «ընտանիքավոր» էր։ Խեղճուկրակ, չափազանց սուսուփուս երիտասարդ էր, ի դեպ, արդեն երեսնամյա, նշանակալի կրթությամբ, սակայն ավելի շատ ինքնուս։ Նա չքավոր էր, ամուսնացած, ծառայում ու պահում էր կնոջ հորաքրոջը և քրոջը։ Նրա կինը, նաև բոլոր տիկնայք, ամենավերջին համոզմունքների տեր էին, բայց ամեն ինչ արտահայտվում էր փոքր-ինչ կոպտավուն, այն է՝ առկա էր «փողոց ընկած գաղափարը», ինչպես արտահայտվել էր Ստեպան Տրոֆիմովիչը մեկ այլ առիթով։ Նրանք ամեն ինչ քաղում էին գրքույկներից և մայրաքաղաքային առաջադեմ մեր անկյուններից հասած առաջին իսկ լուրից պատրաստ էին պատուհանից դուրս շպրտել ինչ ասես, միայն թե խորհուրդ տային դուրս նետել։ Madame Վիրգինսկայան մեր քաղաքում զբաղվում էր մանկաբարձական գործունեությամբ, աղջիկ ժամանակ երկար ապրել էր Պետերբուրգում։ Ինքը՝ Վիրգինսկին, հազվագյուտ մաքուր սրտի տեր մարդ էր, և ես քիչ եմ հանդիպել հոգեկան առավել ազնիվ կրակ։ «Ես երբեք, երբեք չեմ թողնի այդ լուսավոր հույսերը»,― կասեր նա ինձ՝ շողշողացնելով աչքերը։ «Լուսավոր հույսերի» մասին նա խոսում էր միշտ կամացուկ, քաղցրածոր, կիսաշշունջով, կարծես գաղտնաբար։ Նա բավական բարձրահասակ էր, բայց խիստ բարակ և նեղուս, անսովոր ցանցառ, շիկավուն երանգի մազերով։ Ստեպան Տրոֆիմովիչի գոռոզամիտ բոլոր ծաղրանքներն իր որոշ կարծիքների վերաբերյալ ընդունում էր հեզաբար, իսկ երբեմն էլ առարկում նրան շատ լրջորեն և շատ հարցերում պատին դեմ անելով։ Ստեպան Տրոֆիմովիչը քաղցրաբար էր վերաբերվում նրան, ընդհանրապես բոլորիս հանդեպ՝ հայրաբար։
― Դուք բոլորդ էլ «մինչև վերջ նստածներից» չեք,― կատակով ասում էր նա Վիրգինսկուն,― բոլոր ձեզ նմանները, թեև ձեր պարագային, Վիրգինսկի, ես չեմ նկատել այն սահ-մա-նա-փա-կու-թյունը, ինչ Պետերբուրգում shez ces séminaristes<ref>այդ ճեմարանականների մոտ (ֆրանս․)։</ref>, բայց և այնպես, դուք էլ եք «մինչև վերջ չնստածներից»։ Շատովը շատ կկամենար նստել-վերջացնել, բայց նա ևս չնստածներից է։
― Իսկ ե՞ս,― հարցնում էր Լիպուտինը։
Եվ ցուցամատն իր վզի շուրջ պտտեց։
― Cher ami<ref>Թանկագին բարեկամներս (ֆրանս․)։</ref>,― բարեհոգաբար արձագանքեց Ստեպան Տրոֆիմովիչը,― հավատացեք, որ դա (կրկնեց շարժումը վզի շուրջ) ամենևին օգուտ չի բերի ոչ մեր կալվածատերերին, ոչ մեզ բոլորիս ընդհանրապես։ Մենք առանց գլուխների էլ ոչինչ չենք կարողանա կարգավորել, չնայած որ մեր գլուխներն ամենից շատ են խանգարում մեզ հասկանալ։
Նշեմ, որ մեզնից շատերը ենթադրում էին, որ մանիֆեստի օրն արտասովոր ինչ-որ բան կլինի, այնպես, ինչպես կանխագուշակում էր Լիպուտինը, և բոլորն էլ ժողովրդի և պետության այսպես կոչված գիտակներ էին։ Կարծեմ, Ստեպան Տրոֆիմովիչն այդ մտքին էր նույնպես, այն աստիճան անգամ, որ մեծ օրվա համարյա նախաշեմին հանկարծ սկսեց խնդրել Վարվառա Պետրովնային՝ գնալ արտասահման, մի խոսքով, սկսեց անհանգստանալ։ Սակայն անցավ մեծ օրը, անցավ ևս որոշ ժամանակ, և բարձրամիտ ժպիտը վերստին հայտնվեց Ստեպան Տրոֆիմովիչի շրթունքներին։ Մեր առաջ մի քանի հոյակապ մտքեր արտահայտեց ռուս մարդու բնավորության մասին՝ ընդհանրապես և ռուս մուժիկի բնավորության մասին՝ մասնավորապես։
― Մենք, որպես փութկոտ մարդիկ, չափազանց շտապեցինք մեր մուժիկների հարցով,― եզրափակեց նա իր հոյակապ մտքերի շարքը,― մենք նրանց մոդայի մեջ մտցրինք, և գրականության մի ամբողջ բաժին, տարվետարի, զբաղվեց նրանցով, ինչպես նորահայտ մի գանձով։ Մենք դափնեպսակներ ենք դրել ոջլոտ գլուխներին։ Ռուսական գյուղը, ամբողջ հազար տարվա ընթացքում, մեզ է տվել սոսկ մի հատիկ կոմարինսկայա։ Ռուս հիանալի բանաստեղծը, ըստ որում, ոչ զուրկ սրամտությունից, առաջին անգամ բեմում տեսնելով մեծն Ռաշելին, բացականչել է զմայլված. «Չեմ փոխի Ռաշելին՝ մուժիկով»։ Ես պատրաստ եմ ավելին ասել, ես բոլոր ռուս մուժիկներին կտամ մեն-միակ Ռաշելի փոխարեն։ Ժամանակն է ավելի սթափ նայել ու չխառնել մեր հարազատ անտաշ կուպրը bouquet de l’impératrice-ի <ref>կայսրուհու ծաղկեփունջ (ֆրանս․)։</ref> հետ։
Լիպուտինն իսկույն համաձայնեց, բայց նշեց, որ կեղծելն ու մուժիկներին գովելն այն ժամանակ այնուամենայնիվ անհրաժեշտ էր ուղղության համար, նույնիսկ բարձրաշխարհիկ հասարակության տիկնայք առատ արցունք էին թափում՝ կարդալով «Խեղճուկրակ Անտոնը», իսկ նրանցից ոմանք էլ նույնիսկ Փարիզից էին գրում Ռուսաստան, իրենց կառավարիչներին, որ հետայդու գյուղացիների հետ վարվեն հնարավորին չափ մարդասիրաբար։
Երեք տարի անց, ինչպես հայտնի է, խոսել սկսեցին ազգության մասին և ծնունդ առավ «հասարակական կարծիքը»։ Ստեպան Տրոֆիմովիչը շատ էր ծիծաղում։
― Բարեկամներս,― սովորեցնում էր նա մեզ,― մեր ազգությունը, եթե իրականում «ծնունդ է առել», ինչպես հիմա հավատացնում են նրանք թերթերում, ապա դեռևս նստած է դպրոցում, մի որևէ գերմանական պետերշուլեում, գերմանական գիրքն առած և սերտում է իր հավերժական գերմանական դասը, իսկ գերմանացի ուսուցիչը, երբ պետք լինի, նրան ծնկի է իջեցնում։ Գերմանացի ուսուցչի համար խոսք չունեմ, բայց ամենահավանականն այն է, որ ոչինչ չի պատահել և ոչինչ էլ ծնունդ չի առել, այլ ամեն ինչ գնում է, ինչպես նախկինում, այսինքն՝ Աստծո հովանու ներքո։ Իմ կարծիքով, բավական էլ է Ռուսաստանի համար, pour notre sainte Russie։ Russie<ref>մեր սրբազան Ռուսիո համար (ֆրանս․)։</ref>։ Ընդ որում, բոլոր այդ համասլավոնականություններն ու ազգությունները՝ այդ ամենը չափազանց հին է՝ նոր լինելու համար։ Ազգությունը, եթե ուզում եք, մեզանում երբեք էլ ուրիշ բան չի ներկայացրել իրենից, քան ակումբային աղայական հնարանք, ավելացրած դեռ՝ մոսկովյան հնարանք։ Հարկավ, ես չեմ խոսում Իգորի ժամանակների մասին։ Եվ վերջապես, ամեն ինչ գալիս է պարապ-սարապությունից։ Մեզանում ամեն ինչ է պարապ-սարապությունից, թե՛ բարին, թե՛ լավը։ Ամեն ինչ՝ մեր աղայական, սիրելի, ուսյալ, քմահաճ պարապ-սարապությունից։ Երեսուն հազար տարի դա եմ պնդում։ Մենք սեփական աշխատանքով ապրել չենք կարողանում։ Եվ այն, որ հիմա իրար են անցել մեզանում «ծնունդ առած» ինչ-որ հասարակական կարծիքով, հանկարծակի, ոչ դես, ոչ դեն, երկնքի՞ց ընկավ։ Մի՞թե չեն հասկանում, որ կարծիք ձեռք բերելու համար ամենից առաջ աշխատանք է պետք, սեփական աշխատանք, սեփական նախաձեռնություն գործի մեջ, սեփական պրակտիկա։ Ձրի ոչինչ չի տրվում երբեք։ Կաշխատենք՝ մեր կարծիքն էլ կունենանք։ Իսկ քանի որ մենք երբեք չենք աշխատի, ապա մեր փոխարեն կարծիք կունենան նրանք, ովքեր մեր տեղն աշխատել են մինչև հիմա, այսինքն՝ նույն այդ Եվրոպան, նույն այդ գերմանացիները՝ մեր երկուհարյուրամյա ուսուցիչները։ Բացի դրանից, Ռուսաստանը չափից ավելի մեծ թյուրիմացություն է, որպեսզի կարողանանք մենակ ինքներս լուծել դա՝ առանց գերմանացիների և առանց աշխատանքի։ Ահա, արդեն քսան տարի ահազանգ եմ խփում և աշխատանքի կոչում։ Ես կյանքս եմ տվել այդ կոչումին, և խելագարս՝ հավատացել եմ։ Հիմա արդեն չեմ հավատում, բայց կոչնազանգը խփում և մինչև վերջ խփելու եմ, մինչև գերեզման, պարանը քաշելու եմ այնքան ժամանակ, մինչև իմ հոգեհանգստի զանգերը չզարկեն։
Ավաղ, մենք միայն հավանություն էինք տալիս։ Մենք ծափահարեցինք մեր ուսուցիչներին, այն էլ ինչպիսի՜ կրակով։ Իսկ ի՞նչ է, պարոնայք, հիմա արդյոք, երբեմն էլ չորսբոլորը, չի՞ հնչում նմանօրինակ «սիրելի», «խելացի», «լիբերալ» հին ռուսական բարբաջանք։
Աստծուն մեր ուսուցիչը հավատում էր։ «Չեմ հասկանում, թե այստեղ բոլորն ինչո՞ւ են ինձ անաստված ներկայացնում,― ասում էր նա մեկ-մեկ,― ես Աստծուն հավատում եմ, mais distinguons<ref>բայց պետք է զանազանել (ֆրանս․)։</ref>, ես հավատում եմ որպես մի էակի, որն ինքս իմ մեջ եմ գիտակցում։ Ես հո չեմ կարող հավատալ, ինչպես իմ Նաստասյան (աղախինը), կամ ինչպես որևէ մի «համենայն դեպս» հավատացյալ կալվածատեր, կամ ինչպես մեր սիրելի Շատովը, թեև չէ, Շատովը հաշիվ չէ, Շատովը հավատում է զոռով, որպես մոսկովյան սլավոնապաշտ։ Ինչ գալիս է քրիստոնեությանը, ապա իմ ամբողջ անկեղծ հարգանքով հանդերձ, ես քրիստոնյա չեմ։ Ես ավելի շուտ հնօրյա հեթանոս եմ, ինչպես մեծն Գյոթեն կամ ինչպես մի հին հույն։ Եվ արդեն միայն մի բան, որ քրիստոնեությունը չհասկացավ կնոջը, ինչ այնքան հոյակապ է զարգացրել Ժորժ Զանդն իր հանճարեղ վեպերից մեկում։ Ինչ վերաբերում է երկրպագություններին, պասերին և մնացյալին, ապա չեմ հասկանում, թե ո՞վ ինչ գործ ունի ինձ հետ։ Ինչքան էլ այստեղ իրար անցնեն մեր մատնիչները, բայց ճիզվիտ դառնալ չեմ ցանկանում։ Քառասունյոթ թվականին Բելինսկին, գտնվելով արտասահմանում, Գոգոլին է ուղարկել իր հայտնի նամակը, որով տաք-տաք կշտամբել է նրան, որ հավատում է «ինչ-որ մի Աստծու»։ Entre nous soit dit<ref>մեր մեջ ասած (ֆրանս․)։</ref>, ավելի երգիծական ոչինչ չեմ կարողանում պատկերացնել, երբ Գոգոլը (այն ժամանակվա Գոգոլը) կարդացել է այդ արտահայտությունը և... ամբողջ նամակը։ Սակայն, մի կողմ դնելով ծիծաղելին, և քանի որ այնուամենայնիվ, գործի էությանը համաձայն եմ, ապա կասեմ ու մատնացույց կանեմ՝ ի՜նչ մարդիկ են եղել։ Կարողացել են, չէ՞, սիրել իրենց ժողովրդին, կարողացել են, չէ՞, նրա համար ամեն ինչ զոհաբերել ու կարողացել են միաժամանակ չմեկտեղվել նրա հետ, երբ պետք է, չխրախուսել նրան հայտնի ըմբռնումների համար։ Հո չէր կարող Բելինսկին իրականում փրկություն որոնել պասուց ձեթի կամ սիսեռով բողկի մեջ․․․»։
Բայց այստեղ հանդես եկավ Շատովը։
== Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը ==
----
<references/>