Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 63 771 բայտ, 18:37, 15 Փետրվարի 2015
/* Ժ․ գլուխ */
Այդ ասաց, և անզգա Էմլիին գրկելով ու իր երեսը նրա ծածկված երեսին սեղմելով, հանդարտաքայլ ներքև տարավ նրան։
 
 
==ԺԱ․ գլուխ==
 
Մի ավելի երկար ուղևորության սկիզբ
 
 
Հետևայլ օրը, առավոտյան վաղ ժամին, մինչ տատս ու ես իմ պարտեզում զբոսնում էինք (այժմ նա շարունակ սիրելի Դորայիս խնամելով, ուրիշ տեղ չէր գնում ման գալու), ինձ հայտնեցին, թե մր․ Պեգգոտին ինձ տեսնել է կամենում։ Դիմավորելու որ ելա, նա արդեն պարտեզումն էր և գալիս էր գլխարկը հանած, ինչպես որ միշտ սովոր էր անել իմ տատին տեսնելիս, որին հարգելով հարգում էր։ Գիշերվա դեպքն արդեն տատիս պատմել էի։ Առանց մի բառ ասելու, նա մոտեցավ եկվորին, նրա աջը սիրով սեղմեց ու թեթև թեթև զարկեց։ Եվ այդ արեց մի այնպսիս մտերմությամբ, որ ամեն բառերից ազդու էր։ Մր․ Պեգգոտին հասկացավ նրան, ասես հազար խոսք լսած լիներ։
 
― Այժմ, Տրոտ, մեր Ծաղկին տեսնելու կերթամ, ― ասաց տատս։ ― Երևի շուտով կզարթնի։
 
― Մի՞թե իմ պատճառով եք հեռանում, տիկին, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
― Իրար ասելու բան կունենաք, սիրելի բարեկամ, ― նկատեց տատս, ― և առանց ինձ ավելի ազատ կլինեք։
 
― Շատ ուրախ կլինեմ, տիկին, ― ասաց մր․ Պեգգոտին, եթե մնաք ու շնորհ անեք լսելու, թե ի՞նչ բաներ դուրս կտամ, եթե միայն ձեզ գլխացավանք չլինի։
 
― Իրա՞վ։ Ուրեմն կմնամ, ― պատասխանեց տատս իր կարճաբան եղանակով։ Եվ մր․ Պեգգոտիի թևը մտնելով՝ մեր պարտեզի հովանոցը տարավ նրան, ուր և նստեց․ ես էլ նրա կողքին նստեցի։ Մր․ Պեգգոտիի համար էլ նստելու տեղ կար, բայց նա լավ համարեց ոտքի վրա մնալ, ձեռքը փոքրիկ փայտե սեղանին դեմ տված։ Եվ մինչ այդպես կանգնած էր, դեռ խոսել չսկսած՝ իր գլխարկին նայելով, չէի կարող չնկատել, թե նրա ջլապինդ ձեռքերը որքան կամք ու զորություն են արտահայտում և որքան լավ հարմարվում նրա ազնիվ ճակատին ու գորշագույն մազերին։
 
― Այս գիշեր, ― սկսեց մր․ Պեգգոտին, աչքերը մեր վրա ուղղելով, ― մանկանս վերցրի և իմ սենյակը տարա, ուր վաղուց նրան սպասում էի և ամեն բան նրա համար պատրաստել էի։ Ժամեր անցան, մինչև որ ինձ ճանաչեց, և ճանաչելուն պես ոտքերս ընկավ և ամեն բան անկեղծ պատմեց, ինչպես մի աղոթքի մեջ։ Նրա ողբագին ձայնը լսելիս, որ մի ժամանակ այնքան զվարթ էր, և նրան այդպես փոշոու մեջ ընկած տեսնելիս, ― ուր ուրեմն իր օրհնած աջով բան էր գրել մեր փրկիչը, ― հավատացեք, սիրտս կտոր֊կտոր եղավ, չնայելով որ գոհությունից ու աստծուն փառք տալուց թրթռում էր։
 
Մր․ Պեգգոտին իր երեսը թևով սրբեց՝ առանց թաքցնելու, թե ինչո՞ւ, և ավելի հաստատ ձայնով շարունակեց․
 
― Բայց սրտիս ցավը շուտ անցավ, չէ՞ որ զավակս գտնված էր։ Այս միջոցին բավական էր, որ ամեն ցավ մոռանամ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ այս բոլորը հիշում։ Դեռ մի րոպե առաջ իմ մասին մի խոսք ասել մտքովս չէր անցնում, բայց բերնիցս թռավ, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես։
 
― Դուք մի անձնվեր հոգի եք, ― ասաց տատս, ― և աստված ձեզ փոխարենը կշնորհի։
 
Մր․ Պեգգոտին, որի եսեսի վրա խաղում էր տերևների ստվերը, ապշությամբ գլուխ տվեց տատիս՝ այդ բարի կարծիքի համար շնորհակալություն հայտնելով և նորից իր պատմության կարգին անցավ։
 
― Էմլին գիշերով է փախչում այն տնից, ուր նրան փակել էր մաստր Դեվիին լավ ծանոթ չար օձը․․․ թող աստված պատժե այդ օձին․․․ գիշերով է փախչում իր բանտից։ Մութ գիշերով, բայց երկնքում ասղեր են փայլել։ Խեղճը գժվում է․ վազ է տալիս ծովափ, կարծելով թե այնտեղ մեր հին նավը կգտնի, և վազելիս լալով գոռում է․ «Ահա գալիս եմ, երեսներդ ծածկեցեք»։ Լացողը ինքն է, բայց իրեն թվում է, թե ինքը չէ, մեկ ուրիշն է․ և սուր֊սուր քարերի վրայով վազելիս ոտքերը խոցոտում է, բայց ցավ չի զգում, ասես ինքն էլ մի քար լիներ։ Շարունակ այդպես վազում է, աչքերը բռնկում են, ականջները դժժում։ Հանկարծ․․․ իմանում եք, գոնե նրան է այդպես թվում․․․ հանկարծ օրը լուսանում է, մի խոնավ ու քամոտ օր, իրեն ընկած է տեսնում մի քարոտ ափին, ուր մի կին իր երկրի լեզվով նրան հարցնում է, թե այդ ի՞նչ է պատահել քեզ։
 
Մր․ Պեգգոտին իր պատմածը պարզ տեսնում էր։ Նրա աչքին ամեն մի բան այնպես ճիշտ էր պատկերանում, և պատմելիս նա ամեն բան այնքան պարզ էր նկարագրում, որ ես չեմ կարող նույնն անել։ Դեռ այսօր էլ, տարիներ անցնելուց հետո, ինձ թվում է, թե այն բոլոր տեսարաններին ես ինքս անձամբ ներկա եմ եղել ― այնպես խորն են տպավորված մտքիս մեջ իրենց իրական գույներով։
 
― Երբ Էմլիի մթնած աչքերը պարզվում են, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― նա այն կնկան ճանաչում է․ ծովեզերքին ման գալիս շատ անգամ նրա հետ խոսած է եղել։ Թեև Էմլին, ինչպես ասացի, գիշերով է փախչում ու շատ է հեռանում, բայց առաջ էլ այդ ծովափը ոտքով թե կառքով ու նավակով չափչփել էր և այդ կողմերն իրեն լավ ծանոթ էին։ Հարցնող կինը դեռ ջահել էր, երեխա չուներ, բայց շուտով բերելու էր։ Աստված տա, որ մայրն այդ զավակով մինչև իր վերջին շունչը բախտավոր լինի, որ զավակը նրան սիրի, նրան հարգի, պատիվ բերի ու ծերությունը սփոփի։ Մաղթում եմ, որ նա մի հրեշտակ լինի իր մոր համար այժմ և հավիտյան։
 
― Ամեն, ― ասաց տատս։
 
― Սկզբում այդ կինը շատ քաշվող ու երկչոտ էր, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― և միշտ մի բան մանելով կամ հյուսելով՝ մի կողմ քաշված, նստած էր մնում, երբ Էմլին ծովափ էր գալիս մանուկների հետ խաղալու։ Բայց Էմլին նրան նկատում է և մի օր նրան մոտենալով սկսում է հետը խոսել․ այնուհետև նրանք մտերմանում են, որովհետև ջահել կինն էլ երեխաներին շատ էր սիրում։ Եվ այնքան են մտերմանում, որ այն օրից սկսած ամեն անգամ, երբ Էմլին ծովափ է գալիս, կինը նրան ծաղիկներ է ընծայում։ Ահա այդ կինն է, որ այժմ հարցնում է Էմլիին, թե նրան ի՞նչ է պատահել։ Էմլին պատմում է, և ջահել կինը․․․ իր տունն է տանում նրան։ Այո, ուղիղ իր տունը, ― կրկնեց մր․ Պեգգոտին, իր երեսը ծածկելով։
 
Այդ մարդասիրական գործը հիշելով, մր․ Պեգգոտին այնպես հուզվեց, ինչպես Էմլիի անհետանալու գիշերվանից ի վեր դեռ երբեք, որքան գիտեմ, չէր հուզվել։ Տատս ու ես նրան խանգարելուց զգուշացանք։
 
― Ի՞նչ պիտի լիներ այդ տունը, ― ասաց նա, ― մի փոքրիք խրճիթ, բայց կինը կարողանում է մի անկյուն տալ Էմլիիս․․․ այդ միջոցին մարդը ծովի վրա էր․․․ ծածուկ պահել Էմլիին, հարևաններին էլ ապսպրել, որ գաղտնիքը չտարածեն։ Էմլին սաստիկ ջերմով հիվանդանում է, և զարմանալի բան․․․ գիտուն մարդիկ գուցե իմանան թե դա ինչ է, բայց իմ խելքը չի հասնում․․․ նա հանկարծ այն երկրի լեզուն մոռանում է ու սկսում միայն իր մայրենի լեզվով խոսել, որ ոչ ոքի հասկանալի չէ։ Այժմ երազի պես մտաբերում է, թե պառկած տեղը շարունակ մայրենի լեզվով է խոսել ու միշտ կարծել, թե մեր հին նավը մոտիկ է՝ հենց մոտակա ծովախորշում, և անդադար աղաչել ու թախանձել է, որ գնան մի լուր տան, թե ինքն արդեն մեռնում է, և մեր կողմից մի ներողության լուր բերեն, գոնե մի խոսք։ Ամեն րոպե նա կարծում է, թե այն մարդը, որ նրան այդ դրության էր հասցրել, պատուհանի տակ թաքնված է․․․ և կամ թե ներս է մտնում, որ նրան փախցնի․․․ և լալով տանտիկնոջն աղաչում է, որ իրեն մենակ չթողնի, և միևնույն ժամանակ իմանում, որ իրեն հասկացող չկա, և անվերջ սարսափ զգում, թե այն մարդը նրան կբռնի ու կտանի։ Էմլիի գլուխն ասես թե կրակով այրվում է․ ականջները որոտաձայն դժժում են․ ոչ այսօրն է իմանում, ոչ վաղը, ոչ էլ երեկը․ այլ ամեն բան, ինչ որ նրա կյանքում պատահել էր և կամ կարող էր պատահել, և ամեն բան, ինչ որ երբեք չէր պատահել, չէր էլ կարող պատահել, ― այդ բոլորը նրա գլխում խառնվում է․․․ և թեպետ նա ոչ մի որոշ ու սփոփական բան չի տեսնում, բայց երգում ու ծիծաղում է։ Այդ վիճակը որքան է տևում, չգիտեմ․ բայց հետո քնում է և փոխանակ այդ քնով կազդուրվի՝ բոլորովին ուժից ընկնում է և երեխայի պես թուլանում։
 
Մր․ Պեգգոտին կանգ առավ, ասես թե իր իսկ պատմած հիվանդության սարսափներից հանգստանալով, և մի քանի վայրկյան լռելուց հետո շարունակեց․
 
― Մի պայծառ երեկո նա զարթնում է, և օդն այնպես խաղաղ է լինում, որ նա զարթնելիս ծովի թեթև ծփանքից զատ մի ուրիշ ձայն չի լսում։ Սկզբում իրեն թվում է, թե մեր տանն է գտնվում, այն էլ մի կիրակի առավոտ․ բայց մտիկ է տալիս պատուհանից երևացող որթատունկի տերևներին ու շրջակա բլուրներին ― բոլորն էլ օտար են, հայրենի չեն։ Ներս է գալիս տանտիկինը՝ նրա կողքին նստելու և Էմլիի միտքն է ընկնում, որ հին նավն մոտակա ծովախորշում չէ, այլ հեռո՜ւ է, շատ հեռու․ հետո է իմանում, թե ինքը որտեղ է պառկած և ինչու, և սկսում է լաց լինելով արտասուք թափել բարեսիրտ կնոջ գրկում․․․ որի մեջ այժմ այն կինը իր մանկանը փայփայելիս կլինի ու նրա սիրուն աչուքների վրա հիանալիս․․․
 
Մր․ Պեգգոտին չէր կարող առանց արտասվելու հիշատակել իր Էմլիի բարեկամուհուն։ Զուր էր փորձում զսպել իրեն։ Արտասուքի կայլակները աչքերից դուրս ցայտեցին, և նա արտասանեց․ աստված օրհնի այն կնկան։
 
― Այդ լացից Էմլիի սիրտը թեթևանում է, ― ասաց մր․ Պեգգոտին իր սրտագին հուզումից հետո, որին ես էլ մասնակից եղա, մինչ տատիկս արդեն ջերմ լալիս էր։ ― Էմլիս սփոփված շունչ է քաշում ու սկսում է ամրանալ։ Բայց այն երկրի լեզուն բոլորովին մտքից ընկել էր, և նա ստիպվում է նշաններով խոսել։ Օրեցօր լավանում է, թեև քիչ֊քիչ, բայց լավանում է։ Սկսում է հասարակ բաների անունը տալ․․․ որ կարծես առաջ ամենևին չէր իմացել․․․ և մի երեկո, մինչ պատուհանի մոտ նստած մտիկ է անում ծովափի վրա խաղացող մի փոքրիկ աղջկա վազվզելուն, այսպիսի դեպք է պատահում։ Աղջիկը հանկարծ իր թաթիկը բարձրացնում է և ասում․․․ եթե մեր լեզվով ասենք․․․ «Ձկնորսի աղջիկ, ահա քեզ մի խեցիկ»։ Պիտի իմանաք, որ առաջ սովոր էին «Սիրուն լեդի, սինյորա» կանչել նրան, իսկ նա միշտ ասել է, որ իրեն «Ձկնորսի աղջիկ» անվանեն։ Աղջիկն էլ հանկարծ կանչում է․ «Ձկնորսի աղջիկ, ահա քեզ մի խեցիկ»։ Էմլին աղջկան հասկանում է և սրտի ուրախությունից լաց է լինում ու նորից հիշում ամեն բան։
 
― Երբ որ Էմլին կազդուրվում է, ― ասաց մր․ Պեգգոտին դարձյալ փոքր ինչ լռելուց հետո, ― սկսում է մտածել, թե ինչպես բարի կնոջից բաժանվի ու դեպի տուն վերադառնա։ Կնոջ մարդն արդեն ետ էր եկել։ Մարդ ու կին նրան մի փոքրիկ նավ են նստեցնում, որ Լիվորնո պիտի գնար, այնտեցից էլ Ֆրանսիա։ Էմլին փոքր ինչ փող է ունենում, բայց այդ բարի ամուսինները շատ քիչ են վերցնում իրենց այնքան ծառայության համար․․․ Օրհնվեն նրանք։ Հավատացած եմ, որ իրենց արածը կգանձվի այնտեղ, ուր ոչ ցեց կա, ոչ ուտիճ, ոչ էլ գող։ Այդ բանը, մաստր Դեվի, ավելի ապահով է, քան աշխարհիս բոլոր գանձերը։
 
Էմլին գալիս է Ֆրանսիա և նավահանգստի հյուրանոցներից մեկի մեջ ուղևոր լեդիներին ծառայելու պաշտոն է ստանում։ Այդտեղ նորից հայտնվում է այն օձը․․․ Տեր, մի՛ արասցե, որ նա ինձ հանդիպի։ Էլ չգիտեմ՝ ինչ կանեմ նրան։ Հենց որ Էմլին նրան տեսնում է․․․ օձը դեռ նկատած չի լինում Էմլիին․․․ իր առաջվա ահն ու սարսափը ետ է գալիս․․․ Նա շտապով Անգլիա է փախչում և Դուվր իջնում։
 
― Հաստատ չգիտեմ, ― ասաց մր․ Պեգգոտին, ― թե ե՞րբ է առաջին անգամ Էմլիի սիրտը վհատվում, բայց ամբողջ ճանապարհին նա փափագում է իր ծննդավայրը տեսնել, և Անգլիա հասնելուն պես քայլերը մեր տունն է ուղղում։ Բայց վախենալով, թե ներում չի ստանա, վախենալով, թե իրեն կայպանեն, վախենալով, թե մեզնից մեկը կամ մյուսը իր պատճառով մեռած կլինի․․․ նա չի վստահանում առաջ գնալ ու ճանապարհից շեղվում է։ «Ապե՛ր․ ապե՛ր», ասաց նա ինձ, «Ամենքից սարսափելին այն վախն էր, թե ես արժանի չեմ այն բանին, ինչ որ սիրտս կարոտելով ուզում էր անել։ Ես ետ դարձա ճանապարհից, մինչդեռ հոգիս աղոթում էր, որ ինձ թույլ տրվի գոնե գիշերով մեր հին շեմքին մոտենալ, անարժան շուրթերովս նրան համբուրել ու նրա վրա մեռած գտնվել առավոտյան»։
 
― Գալիս է Լոնդոն, ― շարունակեց մր․ Պեգգոտին՝ արդեն ահաբեկ շշուկով։ ― Լոնդոն․․․ որ իր օրում չի տեսել․․․ գալիս է մենակ․․․ այսպես սիրուն։ Այդ տագնապիչ դրության մեջ՝ եկած֊չեկած նա գտնում է, իր կարծիքով մի բարի կին, մի պատվավոր կին․․․ Կինը խոսում է կար ու ձևից, խոստանում է նրա համար գործ գտնել․ նրան իր մոտ է հրավիրում, գիշերը քնելու տեղ է տալիս և հանձն առնում թաքուն իմանալ, թե ինչպե՞ս ենք ես ու մերոնք։ Բայց հենց այն րոպեին, երբ զավակս, ― գոչեց մր․ Պեգգոտին մի այնպիսի երախտագիտության բուռն զգացումով, որ ոտքերից մինչև գլուխը նրան ցնցեց, ― երբ զավակս արդեն խորխորաթի եզերքին մոտ էր․․․ որի անունն անգամ արտասանել սոսկում եմ․․․ Մարթան իր խոսքը կատարում է ու փրկում է նրան։
 
Ես չկարողացա ցնծության աղաղակ չարձակել։
 
― Մաստր Դեվի, ― ասաց բարեկամս, իմ ձեռքն իր զորեղ աջի մեջ սեղմելով, ― դուք էիք առաջինը, որ նրա մասին հիշեցրիք ինձ։ Շնորհակալ եմ, սըր։ Նա խոստումը կատարեց։ Իր կյանքի դառն փորձով նա գիտեր, թե որտեղ պետք է զգուշանալ, որտեղ հսկել և ինչ անել։ Եվ ինչ որ պետք էր արեց։ Աստված էլ նրան օգնեց։ Եվ այսպես նա շտապով մտնում է Էմլիի մոտ, որ դեռ քնած էր, և ասում․ «Վեր կաց, մահից էլ վաթար վտանգից փախիր ու ինձ հետ եկ»։ Տան մարդիկ աշխատում են բռնել նրանց։ Բայց ավելի հեշտ էր ծովի կատաղի ալիքը բռնել։ «Հեռացե՛ք ինձնից, գոռում է Մարթան, «ես ուրվական եմ, որ եկել եմ սրան ետ կանչելու իր առջև բացված գերեզմանից»։ Հետո պատմում է Էմլիին, թե ինձ տեսել է, թե գիտե, որ ես նրան սիրում եմ, որ ես նրան ներել եմ։ Այս պատմելիս օգնում է նրան շուտ֊շուտ հագնվել և թույլ թևից բռնելով՝ իսկույն տանում է դեպի դուրս։ Էլ չի լսում՝ ի՞նչ են ասում տան մարդիկ․․․ հենց իմանաս ականջ չունի։ Զավակիս հետ ամբոխի միջով անցնում է և ուրիշ բան չի մտածում, քան թե նույն գիշերը փրկել նրան կորստյան սև անդունդից։
 
― Նա խնամում է Էմլիիս, ― շարունակեց մր․ Պեգգոտին, իմ աջն արձակելով ու իր տրոփող սրտին դնելով, ― մինչև հետևայլ երեկոն դարմանում է ուժասպառ ընկած Էմլիիս, հետո դուրս է գնում ինձ փնտրելու, հետո ձեզ, մաստր Դեվի։ Չի ասում Էմլիին, թե ո՞ւր է գնում և ինչո՞ւ․․․ վախենում է, թե նա կվհատվի ու կուզենա մեզնից թաքնվել։ Ինչպե՞ս էր այն չար լեդին իմացել, որ նա Մարթայի մոտ է, չգիտեմ, գիտենալ էլ չեմ ուզում։ Բավական է, որ Էմլիս գտնված է։
 
― Ամբողջ գիշեր մինչև լույս Էմլին ու ես անքուն նստեցինք, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Այդ միջոցին նա շատ բաներ պատմեց ինձ․ պատմածն էլ կոտրված սրտի խորքից պատմեց, հառաչելով ու լալով։ Դեռ չեմ կշտացել նրա քաղցրիկ դեմքը դիտելուց, այն դեմքը, որ սրտիս վրա է բողբոջած։ Բայց մինչև առավոտ նա փարված էր իմ վզով, և իր գլուխն ահա այստեղ՝ ուսիս վրա էր հանգստանում։ Այժմ մենք շատ լավ գիտենք, որ կարող ենք իրար ապավինել, և ապավինել հավիտյան։
 
Մր․ Պեգգոտին լռեց, և նրա աջը սեղանի վրա բոլորովին անշարժ մնաց, բայց այնպես հաստատ, որ կարող էր մի առյուծ անգամ նվաճել։
 
― Սիրտս ցնծում էր, Տրոտուդ, ― ասաց տատս, իր աչքերը սրբելով, ― երբ ես որոշել էի Բեթսի Տրոտուդի կնքամայրը լինել, այն քրոջդ, որ հույսերս չիք դարձրեց։ Այնպիսի ուրախություն մինչև այսօր չեմ ունեցել մինչև անգամ, բայց անշուշտ կունենայի, եթե ինձ հաջողվեր այն ջահել կնոջ երեխայի կնքամայրը դառնալ։
 
Մր․ Պեգգոտին գլուխը կախեց իմացնելու համար, թե տատիս զգացումը հասկանում է, բայց չվստահացավ, նրա համակրության առարկայի անունն ասել։ Բոլորս էլ լուռ մնացինք՝ մեր մտքերով զբաղված, միայն տատս մերթ աչքերը սրբում էր, մերթ ժպտում և մերթ իրեն հիմար պառավ անվանում։ Վերջապես ես մր․ Պեգգոտիին դիմեցի ու ասացի․
 
― Հարկավ արդեն որոշած կլինեք, սիրելի բարեկամ, թե այսուհետև ինչ պիտի անեք։ Կարծեմ այդ մասին հարցնելն էլ ավելորդ է։
 
― Լիովին որոշել եմ, մաստր Դեվի, ― պատասխանեց նա։ ― Անելիքս Էմլին էլ գիտի։ Այստեղից հեռու շատ ընդարձակ երկներ կան։ Մեր ապագան ծովի այն կողմում կանցկացնենք։
 
― Մտադիր են գաղթել, տատիկ, ― ասացի ես։ ― Լսեցի՞ք։
 
― Այո, ― հաստատեց մր․ Պեգգոտին հուսալի ժպիտով։ ― Այնտեղ, Ավստրալիայում, ոչ ոք չի կշտամբի իմ սիրասուն զավակին։ Այնտեղ նոր կյանք կսկսենք։
 
Հարցրի նրան, թե մեկնելու ժամանակը մոտավորապես որոշե՞լ է։
 
― Այս առավոտ, լուսադեմին, մաքսատուն էի գնացել, ― ասաց նա, ― իմանալու, թե ի՞նչ գնացող նավեր կան։ Մեկը մեկնելու է մի կամ երկու ամսից հետո։ Այն նավը տեսա։ Մեջն էլ մտա։ Հարմար նավ է։
 
― Եվ միայն երկուսո՞վ կերթաք։
 
― Այո, մաստր Դեվի․ քույրս այնքան ձեզ ու ձերոնց սիրում է և այնքան է սովոր միայն իր ծննդավայրի մասին մտածել, որ դժվար թե նրան տանելը լավ լինի։ Այս էլ կա, մաստր Դեվի, որ նրա խնամքին մի մարդ է հանձնված, որ այդ մարդուն չի կարելի մոռանալ։
 
―Խեղճ Հեմ, ― ասացի ես։
 
Բարեսիրտ քոյրս նրա տնտեսության մասին հոգ է տանում, տիկին․ Հեմն էլ նրան շատ է սիրում, ― ավելացրեց մր․ Պեգգոտին ի գիտություն տատիս։ ― Հեմը երբեմն մտերմաբար խոսում է նրա հետ, մինչ ուրիշների առջև բերանը անգամ կդժվարանա բաց անել։ Պեղճ տղա, ասաց բարեկամս, գլուխը շարժելով։ ― Նրա մոտ գրեթե բան չի մնացել․․․ երանի թե այդ քիչն էլ պահեր։
 
― Իսկ մրս․ Գը՞միջը, ― հարցրի ես։
 
― Է՛հ, նրա բանը փոքր֊ինչ ավելի դժվար է, ― ասաց մրս․ Պեգգոտին վարանումով, որ հետզհետե փարատվեց իր խոսելու միջոցին։ ― Գիտեք, երբ մրս․ Գըմիջը մի անգամ իր ծեուկին հիշեց, էլ չի կարելի շատ դուրեկան ընկերուհի անվանել նրան։ Մեր մեջ մնա, մաստր Դեվի․․․ և ձեր, տիկին․․․ հենց որ մրս․ Գըմիջը սկսի «վայ ինձ, վայ ինձ» փնթփնթալ, տեսնողները կկարծեն, թե զահլա տանող պառավ է, որովհետև չեն ճանաչել նրա մարդուն։ Բայց ես ճանաչել եմ ողորմած հոգուն։ Լավ մարդ էր․ այս պատճառով պառավի վիշտը հասկանում եմ։ Բայց ամենքն էլ հո հանգուցյալի հետ ինձ նման ծանոթ չեն եղել, ուրեմն, մի՞թե կարող են բանի էությունը հասկանալ։
 
― Իհարկե ոչ, ― պատասխանեցինք տատս ու ես։
 
― Բացի այդ, ― շարունակեց մր․ Պեգգոտին, ― գուցե քույրս կարծի․․․ չեմ ասում, թե կկարծի, այլ գուցե կարծի․․․ թե մրս․ Գըմիջը մի անտանելի պառավ է։ Այս պատճառով չեմ ուզում նրանց մոտ թողնել պառավին, և մտքիս դրել եմ նրա համար մի առանձին անկյուն ճարել ու գնալուցս առաջ մի փոքրիկ թոշակ կարգել, որ կարողանա փոքր ի շատե իր քեֆին ապրել։ Պատվական կին է։ Նրա հասակի, այն էլ նրա պես դժբախտ ու միայնակ նանիկից չի կարելի պահանջել, որ մեզ հետ միասին նավի վրա չարչարվի, հեռավոր երկրի անտառներում դեսուդեն ընկնի։
 
Ոչ ոքի չէր մոռացել մր․ Պեգգոտին։ Մտածում էր ամեն մեկի կարիքը հոգալ, բացի իր անձնական կարիքից։
 
― Խեղճ Էմլիս, ― ասաց նա, ― մինչև մեր գնալն իմ մոտ կմնա․ նրան հարկավոր է հանգստանալ ու հանդարտվել։ Մինչև այն ժամանակ ճամփու շորերը կպատրաստի, և հույս ունեմ, որ քիչ֊քիչ իր վշտերը կմոռանա, կոպիտ, բայց իրեն սիրող ապոր տանն ապրելով։
 
Տատս գլխով նշան արեց այդ հույսը վավերացնելու համար, և դրանով մր․ Պեգգոտիին մեծ բավականություն պատճառեց։
 
― Հետո մի բան էլ կա, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին ու ծոցից զգուշությամբ մի փոքրիկ ծրար հանեց, որ արդեն մի անգամ տեսել էի։ ― Սրանք բանկի տոմսակներ են․․․ մեկը հիսուն, մյուսը՝ տասը ստեռլինգի։ Սրանց վրա այն գումարն էլ կավելացնեմ, որ Էմլին ծախսել էր ետ գալիս։ Այդ մասին արդեն իրեն հարցրել եմ (առանց ասելու, թե ինչո՞ւ), և ահա բոլորն էլ այստեղ է։ Ես համրելու վարպետ չեմ։ Խնդրեմ տեսեք, որքա՞ն է։
 
Նա ինձ մի թերթիկ տվեց, իբրև իր թվաբանական հմտության ապացույց, և սպասեց, մինչև որ իր գրած հաշիվը վերստուգեմ։ Հաշիվը ճիշտ էր։
 
― Շնորհակալ եմ, մաստր Դեվի, ― ասաց նա, թերթիկը ետ վերցնելով։ ― Եթե անվայել չգտնեք, հենց ճանապարհ ընկնելուս օրն այս գումարը նրա հասցեին մի ծրարի մեջ կդնեմ, իսկ այս գումարը մի ուրիշ ծրարում կդնեմ նրա մոր հասցեին։ Երկար բան չեմ գրի մորը․ միայն կգրեմ, թե այս փողն ինչի գին է և կասեմ, որ իր մոտ մնա, որովհետև արդեն մեկնել ենք։
 
Կարծիք հայտնեցի, թե իրավ պետք է այդպես անել, և թե համոզված եմ, որ նա չի կարող մի անարդար բան անել։
 
― Ասել էի, թե միայն անելու մի բան կա, մաստր Դեվի, բայց դուրս է գալիս, որ երկու հատ կա, ― ասաց մր․ Պեգգոտին, ծրարը տխուր ժպիտով իր գրպանը դնելով։ ― Այս առավոտ տանից դուրս գալիս դեռ չգիտեի՝ արդյոք մեզ վիճակված մեծ բախտը Հեմին հայտնելու գնա՞մ թե չգնամ։ Վերջապես նրան նամակ գրեցի ու փոստ տարա։ Գրեցի ամեն բան, ինչ որ պատահել է, այն էլ գրեցի, թե ինքս էլ վաղը նրա մոտ կլինեմ, մի քանի մանր բաներ կհոգամ և գուցե ընդմիշտ մնաս բարով կասեմ Յարմաութին։
 
― Կցանկանա՞ք, որ ես էլ ձեզ հետ գամ, ― ասացի ես, տեսնելով, որ նա մի ինչ֊որ բան չասաց։
 
― Եթե կամենաք ինձ շնորհ անել, մաստր Դեվի, ― պատասխանեց մր․ Պեգգոտին, ― վստահ եմ, որ ձեզ տեսնելով գոնե փոքր֊ինչ կզվարթանա։
 
Խնդրի որոշումը Դորային թողինք, և որովհետև նա իրեն լավ էր զգում ու սրտանց փափագում, որ գնամ, բարեկամիս խոսք տվի, որ անպատճառ կուղեկցեմ իրեն։ Եվ այսպես հետևյալ առավոտյան միասին դիլիժանս նստեցինք՝ դարձյալ մի անգամ ինձ լավ հայտնի ճանապարհը կտրելու։
 
Երեկոյան, ծանոթ փողոցով անցնելիս (իմ պայուսակը, բոլոր բողոքներիս հակառակ, Պեգգոտին էր տանում), մի ակնարկ ձգեցի Օմրի ու Ջորեմի կրպակի վրա և նկատեցի իմ հին բարեկամ մր․ Օմրին, որ նստած ծխում էր։ Կցանկանայի ներկա չլինել մր․ Պեգգոտիի առաջին հանդիպումին իր քրոջ ու Հեմի հետ․ մր․ Օմրը լավ պատրվակ էր, որ ետ մնամ։
 
― Ինչպե՞ս է մր․ Օմրը։ Վաղուց իրար չենք տեսել, ― ասացի ես ներս մտնելով։
 
Մր․ Օմրը ծխի ամպերը հեռու փչեց՝ ավելի լավ տեսնելու համար եկվորիս, և ամենամեծ ուրախությամբ ճանաչեց ինձ։
 
― Վայել կլիներ, որ վեր կենայի, սըր, այս պատվաբեր այցելության համար շնորհակալություն հայտնելու, ― ասաց նա, ― բայց ոտքերս փետացել են, այժմ ինձ սայլակով են քարշ տալիս։ Բայց, եթե ոտքերս ու շնչառությունս հաշվից հանենք, փառք աստծո, դեռ լիովին առողջ եմ։
 
Շնորհավորեցի նրա գոհ դեմքն ու զվարթ ոգին, և այդ միջոցին աչքիս ընկավ, որ նրա բազկաթոռն անիվներ ունի։
 
― Շատ հանճարեղ բան է, չէ՞, ― հարցրեց նա աչքերիս հետևելով և աթոռի բազուկը շփելով։ ― Փետրի նման թեթև է, դիլիժանսի պես հանգիստ։ Ապրի Միմիկս․․․ նա թոռնիկս է, իմ Միննիի աղջիկը․․․ Ի՞նչ ուժ ունի, ոչ մի ուժ․․․ բայց բավական է, որ կառքս ձեռքով հրի, և սա որ կողմն ուզենաս, առոք փառոք կսահի, և տեսնողի քեֆը կգա։ Գիտե՞ք, ինչ կասեմ․․․ հիանալի աթոռ է՝ մեջը նստած ծխելու համար։
 
Օրումս չէի տեսել մի ծերունի, որ այնքան ընդունակ լիներ ամեն բանի միայն լավ կողմը տեսնելու և դրանից հաճույք զգալու, որքան մր․ Օմրը։ Նա այնպես զվարթ էր, որ հենց իմանաս իր աթոռը, հազը և անդամալույծ ոտքերը թութուն ծխելու դժվարությունը սաստկացնող մի մեծ գյուտի զանազան ճյուղերը լինեին։
 
― Այս աթոռում նստած ես ավելի եմ աշխարհը տեսնում, քան թե առաջ, հավատացեք, ― ասաց մր․ Օմրը։ ― Կզարմանաք, երբ իմանաք, թե որքան մարդ է այստեղ գալիս դեսից֊դենից խոսելու։ Ճշմարիտ որ կզարմանաք։ Այն օրից, որ այս աթոռին նստեցի, կարծես թե լրագրերն էլ ավելի շատ լուր են տալիս, քան առաջ։ Կարդալուն գալով, աստված իմ, էլ բան կա՞, որ կուլ չտամ։ Եվ, գիտեք, հենց դա է ինձ ուժ տվողը։ Եթե աչքերս կուրանային, ինձ ի՞նչ կմնար անել։ Եթե ականջներս խլանային, իմ հալն ի՞նչ կլիներ։ Բայց, փառք աստծո, միայն ոտքերս են փետացել․ ոտքերս ինչացո՞ւ են․․․ Քանի դեռ սրանց բանեցնում էի, շունչս ավելի ծանրանում էր։ Իսկ այժմ հենց որ ուզենում եմ փողոց և կամ ծովափ դուրս գալ, կկանչեմ Դիկին․․․ Ջորեմի փոքրիկ աշակերտին․․․ և կառնեմ, կերթամ իմ սեփական կառքը նստած՝ Լոնդոնի լորդ մերի պես։
 
Մր․ Օմրը, գրեթե խեղդվում էր ծիծաղից։
 
― Օրհնվեք, որդի, ― շարունակեց նա, չիբուխը քաշելով, ― մարդս պետք է իր ճակատագրից գոհ լինի։ Ջորեմի գործերը հաջող են, շատ հաջող։
 
― Շատ ուրախ եմ, ― ասացի ես։
 
― Գիտեի, որ կուրախանաք, ― ասաց մր․ Օմրը։ ― Եվ Ջորեմն ու Միննին զույգ տատրակի նման են։ Էլ ի՞նչ եք ուզում։ Դրանից հետո մարդուս ոտքերը ի՞նչ նշանակություն ունեն։
 
Ինձ շատ զվարճալի էր թվում այդ գերագույն արհամարհանքը դեպի ոտքերը, մինչ նա այդպես նստած ծխում էր։
 
― Եվ այն օրից, որ սկսել եմ շատ կարդալ, դուք էլ սկսել եք բաներ գրել, չէ՞, սըր, ― ասաց մր․ Օմրը, վրաս հիանալով։ ― Այն ի՜նչ պատվական գրքեր եք գրել։ Ի՜նչ հրաշալի ոճեր կան մեջը։ Ամեն մի բառը կարդացի․․․ ամեն մի բառը։ Եվ հարցրեք, թե քունս տարա՞վ։ Ամենևին։
 
Ժպտալով հաճություն հայտնեցի նրան, բայց պիտի խսոտովանեմ, որ այդ գաղափարների կցորդումը նշանակալից երևաց ինձ։
 
― Պատիվս վկա, սըր, ― ասաց մր․ Օմրը, ― երբ այդ գիրքն առջևս եմ դնում ու թիկունքին մտիկ տալիս․․․ երեք ամփոփ հատորներ․․․ առաջին, երկրորդ, երրորդ․․․ հավատացեք, պարծանք եմ զգում, որ շնորհ եմ ունեցել ձեր գերդաստանը ճանաչելու։ Էէէ՜․․․ երբ էր այն, շատ վաղուց, այնպես չէ՞, մր․ Կոպպերֆիլդ։ Բլենդրոտընում․․․ մի սիրունիկ մեռել էր պառկած մյուսի կշտին․․․ Դուք էլ մի փոքրիկ երեխա էիք։ Աստված իմ։
 
Խոսակցության նյութը փոխելու համար ես Էմլիի անունը տվի և հիշեցնելով մր․ Օմրին, թե ինչպես նա մի ժամանակ այդ աղջկան կարեկից էր, համառոտ պատմեցի Մարթայի օգնությամբ նրա ետ բերելը մր․ Պեգգոտիի մոտ։ Գիտեի, որ այս լուրը կուրախացնի ծերունուն։ Նա ուշի֊ուշով ինձ լսեց և երբ վերջացրի, հուզվելով ասաց․
 
― Շատ ուրախ եմ այդ բանի համար, սըր։ Վաղուց մի այդպիսի ավետիք չէի լսել։ Փառք քեզ, տեր։ Իսկ մյուս խեղճի, այն Մարթայի բանն ի՞նչ կլինի․․․
 
― Մի այնպիսի խնդիր եք շոշափում, մր․ Օմր, որ երեկվանից ի վեր ինձ զբաղեցնում է, և որի մասին, սակայն, մի որոշ բան ասել դեռ չեմ կարող։ Մր․ Պեգգոտին իր միտքը չի հայտնել, ես էլ նրան հարցնելուց քաշվում եմ։ Բայց հավաստի եմ, որ այդ աղջկան չի մոռանա։ Նա սովոր չի առաքինի ու բարի գործը մոռանալու։
 
― Որովհետև գիտեք, ― ասաց մր․ Օմրը, իր խոսքն այնտեղից շարունակելով, ուր որ իրեն ընդհատել էի, ― ես էլ կցանկանայի մասնակցել այն բոլորին, ինչ որ նրա համար անելու կլինեն։ Գրեցեք իմ անունով ինչ գումար էլ կամենաք և հետո ինձ իմաց տվեք։ Ոչ մի ժամանակ չեմ կարծել, որ այդ աղջիկը բոլորովին փչացած լիներ, և ուրախ եմ, որ չեմ սխալվել։ Միննիս էլ կուրախանա։ Ջահել կանայք տարօրինակ էակներ են․ շատ անգամ հակառակելու համար այնպիսի բաներ են դուրս տալիս, որ իրենք էլ չեն հավատում․․․ Միննիիս մայրն էլ այդպես էր․․․ բայց նրանց սիրտը միշտ բարի է, գթոտ է։ Եթե Միննիս երբեմն տաք֊տաք է խոսում Մարթայի դեմ, այդ միայն ցույցի համար է, բայց թե ցույցն ինչացո՞ւ է, այդ չեմ կարող հասկանալ։ Բայց գիտեմ, բոլորն էլ ցույցի համար է, հավատացեք։ Ամեն լավություն պատրաստ է անել Մարթային, միայն թե ծածուկ։ Այս պատճառով աղաչում եմ, իմ կողմից էլ, ինչքան որ հարմար դատեք, նշանակեցեք և իմաց տվեք, թե ո՞ւր հասցնեմ։ Արևս վկա, ― գոչեց մր․ Օմրը, ― երբ հասնում ես այն կետին, ուր կյանքի երկու ծայրերը միանում են, և տեսնում, որ ինչքան էլ ամուր լինես, ստիպված ես երկրորդ անգամ մի այլ տեսակ սայլի մեջ պառկել ու գլորվել, այն ժամանակ իրավ պիտի ուրախանաս, որ կարող ես մի որևէ լավ բան անել։ Օ՞վ չի կարոտ մերձավորի օգնության։ Խսքս միայն իմ մասին չէ, բայց տեսնում եմ, սըր, որ բոլորս էլ, ինչ հասակի մեջ էլ լինենք, բլրի գլխից ներքև ենք սահում, որովհետև ժամանակը մի վայրկյան չի ուզում կանգնել։ Դե, ուրեմն ամեն ժամանակ բարիք գործենք ու դրանով ուրախանանք։ Ճշմարիտ։
 
Նա չիբուխը թափ տվեց և բազկաթոռի թիկունքի վրա դրեց, որ նրա համար մի առանձին խորշ էր շինված։
 
― Ահա, օրինակի համար, մր․ Պեգգոտիի եղբորորդին, որ Էմլիի հետ պիտի նշանվեր, ― շարունակեց մր․ Օմրը ձեռքերն իրար շփելով, ― ամբողջ Յարմաութում նրանից լավ տղա չեք գտնի։ Շատ անգամ ինձ մոտ է գալիս, հետս խոսակցում է, երբեմն էլ ինձ համար ամբողջ ժամերով բաներ կարդում։ Չէ՞ որ այդ էլ բարություն է։ Նրա ամբողջ կյանքը բարություն է։
 
― Գնալու եմ նրան տեսնելու, ― ասացի ես։
 
― Իրա՞վ, գոչեց մր․ Օմրը։ ― Ասացեք նրան, որ ես զվարթ եմ ու նրան սրտանց բարևում եմ։ Միննին ու Ջորեմը տեսնելով կուրախանային։ Միննին քիչ է տանից դուրս գալիս, իբր թե իմ պատճառով։ Ես էլ այս երեկո նրան սպառնացի, որ եթե պարահանդես չգնա, ժամը վեցին կպառկեմ։ Եվ դրա հետևանքն այն եղավ, որ նա ու Ջորեմն այժմ պարում են։
 
Եվ մր․ Օմրն այդ խորամանկության հաջողությունից հրճվելով՝ իր աթոռի հետ միասին երերաց։
 
Ես նրա ձեռքը սեղմեցի ու բարի գիշեր մաղթեցի։
 
― Խնդրեմ էլի մի կես րոպե սպասեցեք, սըր, ― ասաց նա։ ― Եթե գնաք առանց իմ փոքրիկ փղին տեսնելու, ամենալավ տեսնելու բանը կարցրած կլինեք։ Այդպիսի բան դեռ երբեք չեք տեսել։ Միննի՛կ։
 
Վերևից մի քաղցրիկ ձայն հնչեց․ «Ահա գալիս եմ, պապիկ», և երկար ու շեկ գանգուրներով մի սիրուն աղջիկ ներս վազեց։
 
― Ահա իմ փղիկը, սըր, ― ասաց մր․ Օմրը, իր թոռնիկին փայփայելով։ ― Զուտ Սիամի արյուն է, սը՛ր։ Չէ՞, փղիկ։
 
Փղիկը մի դուռ բաց արեց դեպի հետևի սենյակը, որ վերջերս ննջարան էր դարձել արդեն վեր բարձրանալու անկարող մր․ Օմրի համար, և իր ճակատը բազկաթոռի թիկունքին դեմ տալով, թավ մազերը վրան սփռեց։
 
― Գիտե՞ք, սըր, ― ասաց մր․ Օմրը, ակնարկելով դեպի ինձ, ― փիղ ասածդ մի բանի դեմ գնալիս ճակատը կախում է։ Դեհ, փղիկ։ Մեկ, երկու, երեք։
 
Այդ նշանը տրվելուն պես փղիկը մի զարմանալի վարպետությամբ հրեց և առանց դռան շրջանակին դիպցնելու՝ շիտակ դեպի ննջարանը սահեցրեց, ի մեծ զվարճության մր․ Օմրի, որ գնալիս ետ էր նայում իմ վրա՝ հասկացնելու համար, թե թոռնիկի այդ ճարպկությունն իր ամբողջ կյանքի ճգնության ու ջանքերի ամենա փառավոր արդյունքն է։
 
Քաղաքում փոքր֊ինչ թափառելուց հետո Հեմի տունը գնացի։ Պեգգոտին այժմ նրա մոտ էր բնակվում, իսկ իր սեփական տունը, կառքն ու ձին լավ գնով վարձու էր տվել մր․ Բարկիսի հաջորդին։ Կարծեմ այդ ձին դարձյալ նույն ծույլ կենդանին էր, որին մի ժամանակ մր․ Բարկիսն էր քշում։
 
Պեգգոտին մաքուր խոհանոցում նստած էր մրս․ Գըմիջի հետ, որին ինքը մր․ Պեգգոտին քաշել բերել էր հին նավից։ Չեմ կարծում, որ մի ուրիշ մարդ, կարողանար այն կայանից հանել նրան։ Ակներև էր, որ մր․ Պեգգոտին արդեն ամեն բան պատմել է նրանց։ Պեգգոտին ու մրս․ Գըմիջը իրենց աչքերը գոգնոցով սրբում էին, իսկ Հեմը նոր էր գնացել «ծովափի վրա պտույտ անելու»։ Շատ չանցած նա ետ եկավ և շատ ուրախացավ ինձ տեսնելով․ հավաստի եմ, որ իմ գնալն ամենքին էլ թեթևություն պատճառեց։ Սկսեցինք խոսել զվարթության փոքր֊ինչ մոտիկ եղանակով, թե ինչպես մր․ Պեգգոտին նոր աշխարհում կհարստանա և ինչ հրաշքներ կհաղորդի իր նամակներում։ Էմլիի անունը չէինք տալիս, բայց նրա մասին մի քանի անգամ ակնարկություն եղավ։ Հեմն էր ամենից զվարթը մեր մեջ։
 
Սակայն Պեգգոտին ճրագը ձեռքին ինձ մյուս սենյակ տանելիս, ― ուր կոկորդիլոսների գիրքը սեղանի վրա պատրաստ կենում էր, ― լալով պատմեց, թե Հեմը դարձյալ միևնույնն է, թե նրա սիրտը կոտրված է, թեև ինքն առաջվա պես սիրելի է, կտրիճ է և բոլոր շրաջակա նավաշեններից ավելի ժրաջան ու բանուկ։
 
― Լինում են երեկոներ, ― ասաց դայակս, ― երբ Հեմը հին նավատան անցյալ կյանքը սիրով հիշում է, մանուկ Էմլիին էլ հիշում է, բայց հասակավոր Էմլիի մասին մի խոսք անգամ չի ասում։
 
Հեմի դեմքից նկատել էի, որ նա կցանկանար ինձ հետ առանձին խոսել։ Այս պատճառով մտքիս դրի հետևյալ օրը հանդիպել նրան, երբ գործից վերադառնալիս կլիներ։ Այս որոշումն անելուս պես քուն եղա։ Շատ ու շատ գիշերներից հետո այդ գիշեր առաջին անգամ ճրագը վերցվեց հին նավատան պատուհանից։ Մր․ Պեգգոտին նորից ճոճվում էր, և առաջվա պես հողմը նրա շուրջը մռնչում։
 
Ամբողջ հետևյալ օրը նա զբաղված էր իր ձկնորսական նավի ու դրա կազմվածքի մասին կարգադրություն անելով, կապկպում էր և Լոնդոն առաքում այն բոլոր տնտեսական անոթներն ու կարասիները, որոնք կարող էին պետք գալ իրեն, իսկ մնացածը մրս․ Գըմիջին թողնում։ Սա էլ ամբողջ օրը նրա հետ էր։ Ես մի տխուր փափագ ունեի՝ դարձյալ մի անգամ այդ տունը տեսնել, քանի դեռ ընդմիշտ չէին հեռացել, և ժամադրվեցի երեկոյան դեմ նրանց մոտ գնալու, բայց ժամերս այնպես հաշվեցի, որ նախ և առաջ Հեմին տեսնեմ։
 
Նրան հանդիպելը դժվար չէր, քանի որ գիտեի, որտեղ է աշխատում։ Պատահեցի նրան ծովի ամայի եզերքում, որտեղով, անշուշտ, անցնելու էր, և ետ դարձա իր հետ միասին, որպեսզի հնարավորություն ունենա հետս խոսելու, եթե իրոք մի բան ունենար ինձ ասել։ Նրա երեսը չէր խաբել ինձ։ Դեռ նոր էինք մի քանի քայլ արել, երբ նա ասաց՝ առանց վրաս նայելու․
 
― Տեսա՞ք նրան, մաստր Դեվի։
 
― Միայն մի վայրկյան, երբ նա ուշաթափ էր, ― պատասխանեցի ես կամացուկ։
 
Դարձյալ անցանք մի քանի քայլ, և նա ասաց․
 
― Էլի մի անգամ կտեսնե՞ք նրան, մաստր Դեվի։
 
― Գուցե շատ ծանր թվա նրան, ― ասացի ես։
 
― Ես էլ այդպես եմ կարծում, ― նկատեց Հեմը։ ― Ծանր կթվա, շատ ծանր։
 
― Սակայն Հեմ, ― ասացի ես հանդարտ ձայնով, ― եթե չկարենամ էլ բերանացի նրա հետ խոսել, կարող եմ գրել ձեր կողմից, եթե կամենաք իմ միջոցով բան հայտել նրան, և ձեր պատվերն ամենայն սրբությամբ կկատարեմ։
 
― Հավաստի եմ, որ կկատարեք։ Շնորհակալ եմ, սըր, ձեր բարության համար։ Իրավ մի բան կա, որ կուզենայի՝ ասվեր նրան կամ գրվեր։
 
― Եվ ի՞նչ։
 
Լուռ֊լուռ առաջ գնացինք, ու Հեմն ասաց․
 
― Ոչ թե միայն ասվեր կամ գրվեր, թե ես նրան ներում եմ․․․ դա շատ քիչ է․ այլ թե ես եմ նրանից ներողություն խնդրում, որ իմ սիրովս բեռ եղա նրա համար։ Շատ անգամ մտածել եմ, որ եթե նրանից ամուսնանալու խոսք չառնեի, նա ինձ հետ ավելի մտերիմ կլիներ, իր սրտի ցավն ինձ կհայտներ, ինձ հետ խորհուրդ կտեսներ, և ես գուցե փրկեի նրան։
 
Սեղմեցի նրա աջն ու հարցրի․
 
― Ա՞յդ է բոլորը։
 
― Էլի կա մի բան, մաստր Դեվի, ― ասաց նա, ― միայն թե կարենայի հասկացնել։
 
Ճանապարհը շարունակեցինք և բավական հեռու անցանք․ ապա նա սկսեց խոսել։ Նա լաց չէր լինում ընդհատումներ անելիս, ուր ես կետեր եմ դնելու, այլ միայն իր միտքն ամփոփում՝ ասելիքն ավելի պարզ հայտնելու համար։
 
― Սիրում էի նրան․․․ և նրա հիշատակը սրտիս մեջ այնքան սիրելի․․․ այնքան խորն է, որ զուր կլիներ նրան հավատացնել, թե ես իրավ երջանիկ եմ։ Երջանիկ կլինեի․․․ եթե հնար ունենայի մոռանալ նրան․․․ և կարծեմ ինձ անտանելի կլիներ, եթե մեկը նրան ասեր, թե կարող եմ մոռանալ։ Բայց եթե դուք, մաստր Դեվի, որ այնքան գիտնական եք, կարենայիք մի կերպ համոզել նրան, թե ես անչափ վշտահար չեմ, նրան շարունակ սիրում եմ ու նրա հիշատակով մորմոքվում․․․ մի այնպիսի բան ասեիք, որ նրան հավատացներ, թե ես դեռ կյանքից չեմ զզվել և հուսով եմ պարզերես տեսնել նրան այն աշխարհում, ուր այլևս չարերը լավերին չեն նեղում և հոգնածները հանգիստ են գտնում ցավերից․․․ մի այնպիսի բան, որ նրա թախիծը փարատեր և միևնույն ժամանակ կարծել չտար, թե երբևէ ես կամուսնանամ և կամ թե մեկին կգտնեմ, որ ինձ համար այն լիներ, ինչ որ նա էր․․․ կաղաչեմ ձեզ այս բոլորն ասել նրան․․․ և ավելացնել, որ ես միշտ նրա համար աղոթում եմ․․․ որ դեպի ինձ այնքան բարի էր։
 
Դարձյալ մի ամգամ լավ սեղմեցի Հեմի աջն ու խոսք տվի, որ իր խնդիրը կարեցածիս չափ կկատարեմ։
 
― Շնորհակալ եմ, սըր, ― ասաց նա։ ― Մեծ լավություն արիք, որ ինձ տեսնելու եկաք․ այն էլ մեծ լավություն էր, որ այս միջոցին ապորս մենակ չթողիք։ Շատ լավ գիտեմ, մաստր Դեվի, որ թեև հորաքույրս նրանց մեկնելուց առաջ Լոնդոն կերթա, և նրանք դարձյալ իրար կտեսնեն, բայց ես ապորս էլ չեմ տեսնի։ Հաստատ գիտեմ, որ չեմ տեսնի։ Այս մասին մենք իրար հետ չենք խոսել․ բայց բանն այդպես կլինի․․․ և լավ է, որ այդպես լինի։ Վերջին անգամ նրան որ տեսնեք․․․ վերջին րոպեին․․․ ամենաջերմ շնորհակալությունս ու սրտագին ողջյունս հայտնեցեք նրան․ ես մի որբ եմ, և նա ինձ համար հարազատ հորից ավելի էր։
 
Այդ էլ խոստացա սրբությամբ կատարել։
 
― Շնորհակալ եմ նորից, մաստր Դեվի, ― ասաց նա, ձեռքս ամուր սեղմելով։ ― Գիտեմ՝ ուր եք գնում։ Տեր ընդ ձեզ։
 
Հեմը շուռ եկավ ու հեռացավ, ձեռքն այնպես շարժելով, որ իմացնի, թե չի կարող այլևս հին տնակի շեմքը տեսնել։ Ես մտիկ էի անում, մինչ նա գնում էր ծովափով, և նկատեցի, որ մի քանի անգամ աչերը դարձրեց ջրի երեսին պսպղացող արծաթափայլ շերտի վրա, և այդպես գնալով ստվերի մեջ անհետացավ։
 
Հին նավի դուռը բաց էր, և ներս մտնելիս տեսա, որ բոլոր կարասիները տարվել են, բացի հին սնդուկից, որի վրա մրս․ Գըմիջը՝ ձեռքին մի կողով բռնած՝ նստած էր։ Նա նայում էր մր․ Պեգգոտիին, որ արմունկը վառարանի քիվին դեմ տված՝ ակնապիշ մտիկ էր անում կիսաշեջ կրակին։ Ներս մտնելուս պես նա իսկույն գլուխը շտկեց ու զվարթ ձայնով ասաց․
 
― Ինչպես ասել էինք, այնպես էլ արինք, մաստր Դեվի։ Այժմ բավական դատարկ է, չէ՞։
 
Այդ ասելիս նա ճրագը բարձր բռնեց։
 
― Տեսնում եմ, որ ժամանակ չեք կորցրել և ամեն բան հավաքել եք, ― ասացի ես։
 
― Այո, չենք կորցրել։ Մրս․ Գըմիջն այնպես էր բանում․․․ այնպես էր բանում, որ էլ չգիտեմ, ինչ ասեմ, ― գոչեց մր․ Պեգգոտին, զուր ջանալով ավելի ազդու գովասանք գտնել պառավի համար։
 
Մրս․ Գըմիջը հենվեց կողովին ու բան չասաց։
 
― Ահա, սըր, այն սնդուկը, ― ասաց շշուկով մր․ Պեգգոտին, ― որի վրա մի ժամանակ սիրում էիք նստել Էմլիի հետ։ Ես ինքս դրան ամենից հետո կտանեմ։ Այս էլ ձեր հին ննջարանն է․․․ տեսեք, մաստր Դեվի։ Ո՜ւֆ, ինչպես ցուրտ է այս գիշեր․․․ էլ ի՞նչ կուզեք։
 
Թեև հողմը սաստիկ չէր, բայց նրա հեծեծելն ամայացած տան շուրջը այնպես տխուր էր, որ սարսուռ էր բերում մարդու վրա։ Արդեն տանից ամեն բան տարված էր, մինչև անգամ և սադաֆով շրջանակած փոքր հայելին։ Հիշեցի, թե ինչպես էի պառկել այդ տանը, երբ մեր տանը այնքան մեծ փոփոխություն էր կատարվում։ Հիշեցի կապտաչյա մանկիկին, որ ինձ այնքան դյութել էր։ Հիշեցի և Ստիրֆորթին․․․ և սրտիս մի սարսափելի արհավիրք տիրեց ― միգուցե նա մոտիկ լինի և հանկարծ աչքիս երևա․․․
 
― Երկար ու երկար ժամանակ կանցնի մինչև այս տունը նոր բնակիչներ ունենա, ― ասաց մր․ Պեգգոտին տխուր ձայնով։ ― Ամենքն էլ սրան դժբախտ տուն են համարում։
 
― Ո՞վ է սրա տերը, ― հարցրի ես։
 
― Յարմաութում ապրող մի կայմագործ, ― պատասխանեց մր․ Պեգգոտին։ ― Հենց այս գիշեր բանալին նրան կտամ։ Մյուս խցիկն էլ աչքի անցկացրինք և ետ եկանք մրս․ Գըմիջի մոտ, որ այժմ էլ սնդուկի վրա նստած էր։ Մր․ Պեգգոտին ճրագը վառարնի քիվի վրա դենլով՝ պառավին խնդրեց վեր կենալ, որովհետև ուզում էր դեռ մոմը չմարած դուրս տանել սնդուկը։
 
― Դանիել, ― ասաց մրս․ Գըմիջը, հանկարծ կողովը դեն ձգելով ու մր․ Պեգգոտիի թևից բռնելով, ― սիրելի Դանիել, ահա թե վերջին անգամ ինչ եմ ասում այս հարկի տակ․ դու չպիտի ինձ թողնես։ Ինձ թողնելը մտքովդ էլ թող չանցնի։ Օ՜հ, ո՛չ, մի՛ թողնի ինձ, Դանիել։
 
Մր․ Պեգգոտին ասես թե քնից սթափվելով մրս․ Գըմիջին նայեց, հետո ինձ, հետո նորից նրան։
 
― Չես թողնի, չէ՞, իմ ազնիվ Դանիել, ― արագ գոչեց մրս․ Գըմիջը։ ― Ինձ էլ առ տար Էմլիի հետ։ Ես ձեր հավատարիմ, անձնվեր աղախինը կլինեմ։ Եթե այն երկրում, ուր գնալու եք, գերիներ կան, ես ձեր գերին, ձեր ստրուկը կլինեմ և ինձ երջանիկ կզգամ, միայն մի՛ թողնի ինձ, Դանիել․ աղաչում եմ, մի՛ թողնի։
 
― Հոգյակ իմ, ― ասաց մր․ Պեգգոտին, ― չգիտես, թե ճանապարհը որքան հեռու է և այնտեղի կյանքը որքան դժվար։
 
― Գիտեմ, Դանիել, գուշակում եմ, ― գոչեց պառաը։ ― Բայց ահա ձեզ վերջին խոսքս այս հարկի տակ․ թե ինձ էլ հետդ չտանես, այստեղ կպառկեմ ու կմեռնեմ։ Ես կարող եմ գետին փորել, Դանիել, կարող եմ աշխատել, ամենաչարքաշ կյանք վարել։ Կարող եմ, Դանիել, այնպիսի համբերություն ու սեր ցույց տալ, որ երևակայած անգամ չես․․․ միայն թե ուզենայիր փորձել ինձ։ Չեմ դիպչի այն կենսաթոշակին, որ նշանակել ես ինձ․ կարոտության մեջ մեռնելու էլ լինեմ, չեմ դիպչի․ բայց քեզ ու Էմլիի հետ մինչև աշխարհի ծայրն էլ կերթամ, միայն թե ինձ էլ տանեիր։ Գիտեմ, գիտեմ բանի էությունը․․․ կարծում ես, թե ես մի փնթփնթան ու մռթմռթան պառավ եմ․ բայց, անգին իմ, այն առաջ էր, որ այդպես էի, վշտերիդ մասին մտածելով, մենակ նստեցի այս տնակում, իբրև պահապան։ Այդ ինձ համար անօգուտ չանցավ։ Մաստր Դեվի, աղաչում եմ, գոնե դուք ինձ համար բարեխոս եղեք։ Ես սրա սովորությունները ճանաչում եմ, Էմլիի սովորություններն էլ ճանաչում եմ․ երկուսի ցավերն էլ ինձ հայտնի են․ ես կարող եմ երբեմն օգնել նրանց, սփոփել, նրանց փոխարեն աշխատել։ Դանիել, իմ ոսկի Դանիել, մի՛ թողնի ինձ, հետդ տար։
 
Մրս․ Գըմիջը մր․ Պեգգոտիի աջը բռնեց և երախտագիտության ջերմ եռանդով ու ջերմ սիրով համբուրեց, որին նա իրոք արժանի էր։
 
Սնդուկը հանեցինք, ճրագը մարեցինք, դռները դրսից գոցեցինք և թողինք հին նավատունը, ― իբրև մի սև բիծ ամպամած գիշերվա մեջ։ Հետևյալ օրը, երբ դիլիժանսի կտրին նստած՝ դեպի Լոնդոն էինք վերադառնում, մրս․ Գըմիջն էլ իր կողովով մեր կառքում նստած էր և երջանիկ էր։
Ադմին, Վստահելի
1876
edits