Changes

Սպիտակ ժանիք

Ավելացվել է 19 266 բայտ, 07:58, 20 Փետրվարի 2015
/* Գլուխ III։ Ատելության թագավորություն */
== Գլուխ III։ Ատելության թագավորություն ==
Խելագար աստծու ձեռքում Սպիտակ Ժանիքը դարձավ դև։ Ամրոցի հեռավոր ծայրում ցանկապատ շինելով՝ Սիրուն Սմիթը Սպիտակ Ժանիքին շղթայով կապեց այնտեղ և սկսեց բարկացնել նրան ու կատաղության հասցնել մանր, բայց տանջալի հարձակումներով։ Շատ շուտ նկատեց նա, որ Սպիտակ Ժանիքը չի հանդուրժում, երբ նրա վրա ծիծաղում են, և սովորաբար իր չարչարանքներն ավարտում էր խլացուցիչ քրքիջի պոռթկումներով։ Սպիտակ Ժանիքին ծաղրելիս աստվածը նրան էր մատնացույց անում։ Այդ պահերին շունը կորցնում էր ամբողջ ինքնիշխանությունը և նրան տակնուվրա անող մոլեգնության նոպաներում ավելի կատաղած էր թվում, քան Սիրուն Սմիթը։ Մինչև հիմա Սպիտակ Ժանիքը թշնամություն էր զգում, ճիշտ է՝ վայրագ թշնամություն, միայն իր ցեղակիցների նկատմամբ։ Իսկ հիմա նա դարձավ թշնամի այն ամենի, ինչ տեսնում էր իր շուրջը։ Սիրուն Սմիթի ծաղրուծանակը այնքան էին զայրացնում նրան, որ նա կուրորեն և անխոհեմաբար ատում էր ամենքին ու ամեն ինչ։ Նա ատեց իր շղթան, ցանկապատի ճաղերի միջով իրեն դիտող մարդկանց, սրանց հետ եկող շներին, որոնց չարացած գռմռոցին ոչնչով չէր կարող պատասխանել։ Սպիտակ Ժանիքը ատեց նույնիսկ այն տախտակները, որոնցից շինված էր այդ ցանկապատը։ Սակայն ամենից առաջ և ամենից ավելի ատ ում էր Սիրուն Սմիթին։ Սպիտակ Ժանիքի հետ այդպես վարվելով Սիրուն Սմիթը միտում էր որոշակի նպատակի։ Մի օր էլ մի քանի մարդ հավաքեց ցանկապատի մոտ։ Սիրուն Սմիթը, մահակը ձեռքին, մտավ այնտեղ և Սպիտակ Ժանիքին արձակեց շդթայից։ Հենց որ տերը ներս մտավ, Սպիտակ Ժանիքն սկսեց վազվզել անկյունից անկյուն ջանալով հասնել իրեն դիտող մարդկանց։ Փառահեղ էր Սպիտակ Ժանիքն իր ցասման մեջ։ Ուղիղ հինգ ոտնաչափ երկարությամբ և երկուսուկես էլ բարձրությամբ՝ նա կշռում էր իննսուն ֆունտ՝ ամեն մի չափահաս գայլից շատ ավելի։ Շան զանգվածային իրանը նա ժառանգել էր մորից, ըստ. որում նրա մարմնի վրա ճարպի հետք անդամ չկար։ Մկան, ոսկոր, ջիլ, և ո՛չ մի ունցիա ավելորդ քաշ, ինչպես վայել է իսկական մարտիկին, որը հիանալի վիճակում է գտնվում։ Ցանկապատի դուռը դարձյալ մի քիչ բացվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ։ Անհասկանալի բան էր կատարվում։ Դուռն ավելի լայն բացվեց։ Եվ հանկարծ մի խոշոր շուն հրեցին դեպի նա։ Դուռն անմիջապես փակվեց։ Սպիտակ ժանիքը երբեք չէր տեսել այդ ցեղի շուն (մաստիֆ էր դա)։ Բայց անծանոթի չափերն ու վայրագ տեսքր բնավ էլ չշփոթեցրին նրան։ Նա իր առաջ տեսնում էր ոչ թե փայտ, ոչ թե երկաթ, այլ մի կենդանի արարած, որի վրա կարելի էր բարկությունը թափել։ Ժանիքները շողշողացնելով նա ցատկեց մաստիֆի վրա և պատռեց վիզը։ Մաստիֆը թափահարեց գլուխը և խռպոտ մռնչյունով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Բայց Սպիտակ Ժանիքը ցատկում էր այս ու այն կողմ՝ հակառակորդից խույս տալու ճարը գտնելով և միաժամանակ կարողանում էր ժանիքներով ծվատել նրան ու նորից ետ ցատկել։ Հանդիսատեսները ճչում էին, ծափ տալիս, իսկ Սիրուն Սմիթը՝ հիացմունքից դողալով ագահ հայացքը չէր կտրում հակառակորդի հախից եկող Սպիտակ ժանիքից։ Ծանրամարմին և անդյուրաթեք մաստիֆը դատապարտված էր հենց սկզբից, և գոտեմարտը վերջացավ նրանով, որ Սիրուն Սմիթը մահակով քշեց Սպիտակ Ժանիքին, իսկ կիսամեռ մաստիֆին քաշեցին տարան դուրս։ Այնուհետև տանուլ տվածները վճարեցին գրազները, և Սիրուն Սմիթի ձեռքում դրամներ զնգզնգացին։ Այդ օրվանից էլ Սպիտակ Ժանիքն արդեն անհամբերությամբ էր սպասում այն րոպեին, երբ կրկին բազմություն կհավաքվի իր ցանկապատի մոտ։ Դա կռվի նախանշան էր, իսկ կռիվը հիմա նրա համար դարձել էր իր էությունը դրսևորելու միակ միջոցը։ Արգելափակված, հալածված, ատելությունից խելահեղ նա այդ ատելության համար ելք էր գտնում միայն այն ժամանակ, երբ տերը շուն էր բտց թողնում նրա արգելարանը։ Սիրուն Սմիթը երևի կարողանում էր հաշվի առնել Սպիտակ Ժանիքի ուժերը, որովհետև սա միշտ էլ հաղթական էր դուրս գալիս այդպիսի գուպարներից։ Մի անգամ իրար հետևից երեք շուն բաց թողեցին նրա մոտ։ Հետո էլ, մի քանի օր անց, հենց նոր բռնված մի չափահաս գայլ։ Իսկ երրորդ անգամ նա հարկադրված եղավ կռվել միաժամանակ երկու շան հետ։ Նրա մղած բոլոր կռիվներից ամենամոլեգինը այդ էր, ու թեև իր երկու հակառակորդներին գցեց գետին, բայց վերջ ի վերջո ինքն էլ հազիվ շունչ էր քաշում։ Աշնանը, երբ եկավ առաջին ձյունը և գետը ծածկվեց սառույցի փառով, Սիրուն Սմիթը իր և Սպիտակ Ժանիքի համար տեղ վարձեց շոգենավի վրա, որը մեկնում էր Յուքոնն ի վեր՝ Դոուսոն։ Սպիտակ ժանիքի հռչակը տարածվել էր ամենուրեք և հայտնի էր «մարտական գայլ» մականունով, ուստի և շոգենավի տախտակամածին գտնվող նրա վանդակի առաջ միշտ հետաքրքրասերներ էին խռնվում։ Նա մռնչում էր ու նետվում հանդիսատեսների վրա և կամ անշարժ պառկում ու սառն ատելությամբ նայում նրանց։ Մի՞թե այդ մարդիկ արժանի չէին նրա ատելությանը։ Սպիտակ ժանիքը երբեք այդպիսի հարց չէր տալիս իրեն։ Նա գիտեր միայն այդ զգացմունքը և ամբողջովին հանձնվում էր դրան։ Կյանքը դարձել էր նրա համար դժոխք։ Մարդու ձեռքն ընկած ամեն մի վայրենի գազանի նման նա էլ չէր կարող մնալ փականքի տակ։ Իսկ նա ստիպված էր դիմանալ ազատազրկությանը։ Անբան մարդիկ դիտում էին Սպիտակ Ժանիքին, փայտեր էին մտցնում վանդակաճաղերի միջով, նա էլ մռնչում էր, իսկ մարդիկ ծիծաղում էին նրա վրա։ Դրանք այնպիսի ցասում էին հարուցում նրա մեջ, որպիսին բնությունն անգամ չէր ենթադրել պարգևել նրան։ Սակայն բնությունը հարմարվելու ընդունակություն էր տվել նրան։ Այնտեղ, ուր մի այլ կենդանի կսատկեր կամ կհեզանար, Սպիտակ Ժանիքը հարմարվում Էր հանգամանքներին ու շարունակում ապրել չկոտրելով իր համառությունը։ Գուցե և Սիրուն Սմիթի կկրպարանքն ունեցող դևը վերջ ի վերջո կարողանար կոտրել Սպիտակ Ժանիքին, բայց մինչ այդ օրը նրա բոլոր ջանքերը մնում Էին ապարդյուն։ Եթե Սիրուն Սմիթի մեջ դև էր նստած, ապա այս հարցում Սպիտակ ժանիքը չէր զիջում նրան, և այդ երկու դևերը անվախճան պատերազմ էին մղում իրար դեմ։ Առաջ Սպիտակ Ժանիքը բավականին խոհեմ էր, որպեսզի հնազանդվեր ձեռքին մահակ բռնած մարդուն, իսկ հիմա այդ խոհեմությունը չքվել էր նրանից։ Բավական էր, որ նա տեսնի Սիրուն Սմիթին, որպեսզի անմիջապես կատաղի։ Եվ երբ նրանք ընդհարվում էին, և մահակը Սպիտակ Ժանիքին քշում էր վանդակի անկյունը, այդ ժամանակ անգամ նա չէր դադարում մռնչալ ու ատամներր կրճտել։ Անկարելի էր մեղմացնել նրան։ Սիրուն Սմիթը կարող էր ծեծել Սպիտակ Ժանիքին ինչպես ուզենար և որքան ուզենար, մեկ է՝ նա անձնատուր չէր լինում։ Եվ հենց որ տերը դադարում էր ծեծել ու հեռանում էր, անմիջապես լսվում էր մարտակոչի շեշտ ունեցող նրա մռնչոցը և կամ թե Սպիտակ Ժանիքը նետվում էր վանդակի ձողերի վրա և ոռնում իրեն փոթորկող ատելությունից։ Երբ շոգենավը հասավ Դոուսոն, Սպիտակ Ժանիքին ափ տարան։ Բայց Դոուսոնում էլ նա ապրում էր առաջվա պես ամենքի աչքի առաջ, մշտապես պարապ մարդկանցով շրջապատված վանդակում։ Սմիթը ի ցույց էր դրել իր «մարտակտն գայլին», և մարդիկ ոսկու փոշով հիսունական սենթ էին վճարում նրան դիտելու համար։ Սպիտակ Ժանիքը ոչ մի րոպե հանգիստ չուներ։ Եթե նա քներ, արթնացնում էին, ձեռնափայտով վեր կացնում։ Իսկ տեսարանը ավելի գրավիչ դարձնելու համար Սպիտակ Ժանիքին մշտտպես պահում էին կատաղած վիճակում։ Սակայն ամենավատը այն մթնոլորտն էր, որի մեջ ապրում էր նա։ Նայում էին նրան որպես մի զարհուրելի վայրի գազանի, և մ արդկանց այդ վերաբերմունքը վանդակի ճաղերի միջով թափանցում էր Սպիտակ Ժանիքին։ Նրանց ամեն մի խոսքը, ամեն մի շարժումը համոզում էր նրան, թե որքան սարսափելի է մարդկանց համար իր ցասումը։ Իսկ դա միայն յուղ էր լցնում կրակի վրա, և օրավուր աճում էր Սպիտակ Ժանիքի վայրագությունը։ Ահա ևս մի ապացույց այն բանի, թե որքան ենթարկվող էր այն ատաղձը, որից կերտված էր նա՝ շրջապատին հարմարվելու նրա ընդունակության ապացույցը։ Սիրուն Սմիթը ոչ միայն ի ցույց էր դրել Սպիտակ Ժանիքին, այլև պրոֆեսիոնալ մարտիկ դարձրել նրան։ Երբ գոտեմարտ կազմակերպելու հնարավորություն էր ներկայանում, Սպիտակ Ժանիքին տանում էին անտառ, քաղաքից մի քանի մղոն հեռու։ Սովորաբար այդ անում էին գիշերը, տեղական հեծյալ ոստիկանության հետ ընդհարվելուց խույս տալու համար։ Մի քանի ժամ հետո, լուսաբացին, գալիս էին հանդիսատեսներն ու այն շունը, որի հետ նա կռվելու էր։ Սպիտակ ժանիքը հարկադրված էր հանդիպելու ամեն ցեղի ու ամեն մեծության հակառակորդների։ Նա ապրում էր վայրի երկրում, ուր մարդիկ ևս վայրենի էին, և շների մենամարտերը սովորաբար վերջանում էին մասնակիցներից մեկի մահվամբ։ Բայց Սպիտակ Ժանիքը շարունակում էր կռվել, հետևաբար և մահանում էին նրա հակառակորդները։ Նա երբեք պարտություն չէր կրել։ Մարտական կոփվածքը, որ ստացել էր մանկությունից, երբ ստիպված էր կռվել Լիփ֊Լիփի ու ջահել շների ամբողջ ոհմակի հետ, լավ ծառայություն էին մատուցել նրան։ Սպիտակ Ժանիքին փրկում էր այն, որ նա հաստատ մնամ էր ոտքի վրա կանգնած։ Ոչ մի հակառակորդ չէր կարողացել զգետնել նրան։ Այն շները, որոնց մեջ դեռ մնացել էր իրենց հեռավոր նախնիների՝ գայլերի արյունը, ի գործ էին դնում իրենց նախասիրած մարտական հնարանքը՝ նետվում էին հակառակորդի վրա ուղղակի կամ անսպասելի ոստյունով, կողքից, նկատի ունենալով խփել նրա ուսին և գցել մեջքի վրա։ Բարակները, լայկաները, գամփռները, նյուֆաունդլենդները այդ ձևը փորձել էին Սպիտակ ժանիքի վրա ու ոչ մի արդյունքի չէին՝ հասել։ Չէր եղել մի դեպք, որ Սպիտակ Ժանիքը հավասարակշռությունը կորցնի։ Մարդիկ այդ պատմում էին իրար և ամեն անդամ հույս ունեին, թե նրան կտապալեն գետին, բայց նա մշտապես հիասթափեցնում էր նրանց։ Սպիտակ Ժանիքին օգնում էր նրա կայծակնային արագությունը։ Դա հսկայական առավելություն էր տալիս նրան հակառակորդների նկատմամբ, որոնցից ամենափորձվածներն անգամ այդպիսի հնարագետ մարտիկի չէին պատահել։ Հարկ էր լինում հաշվի առնել նաև նրա հարձակման անակնկալ լինելը։ Բոլոր շները կռվելուց առաջ մի որոշակի ծես են կատարում՝ ատամներն են կրճտում, փշաքաղվում են, մռնչում, և բոլոր շները, որոնք Սպիտակ Ժանիքի հետ ստիպված էին եղել կռվել, գետին էին տապալվել ու շունչր փչել, նախքան կռվի կբռնվեին կամ թե անակնկալից ուշքի կգային։ Այնքան հաճախ էր պատահել դա, որ սկսել էին Սպիտակ Ժանիքին զսպել, որպեսզի հակառակորդին հնարավորություն տան կատարելու ծեսը և նույնիսկ նրանից առաջ նետվելու կռվի մեջ։ Սակայն մարտերում ամենամեծ առավելությունը տալիս էր Սպիտակ Ժանիքին նրա փորձառությունը։ Սպիտակ Ժանիքը կռվից ավելի լավ էր հասկանում, քան նրա որևէ հակառակորդը։ Նա բոլորից շատ էր մենամարտել, կարող էր ետ մղել ամեն մի հարձակում, իսկ նրա սեփական մարտական հնարանքները շատ ավելի բազմազան էին և հազիվ թե բաբելավման կարիք ունենային։Ժամանակն անցնում էր, և մենամարտելու առիթները հետզհետե նվազում էին։ Շնամարտի սիրահարներն արդեն հույսը կորցրել էին, թե արժանի ախոյան կգտնեն Սպիտակ Ժանիքի համար, իսկ Սիրուն Սմիթին այլ բան չէր մնում անել, եթե ոչ դուրս բերել նրան զայլերի դեմ։ Հնդկացիները հատկապես այդ նպատակով գայլ էին որսում թակարդով, և Սպիտակ Ժանիքի մենամարտը գայլի հետ միշտ էլ ահագին բազմություն էր հավաքում։ Մի անդամ էլ հաջողվեց չգիտես որտեղից ձեռք բերել մի հասուն էգ լուսան, և այս անգամ Սպիտակ Ժանիքն ստիպված եղավ մարտում պաշտպանել իր կյանքը։ Լուսանը չէր զիջում նրա ո՛չ շարժումների արագությանը, ո՛չ ցասմանը և գործի էր դնում ատամներն ու սուր ճիրանները, մինչդեռ Սպիտակ ժանիքը գործում էր միայն ատամներով։ Սակայն լուսանի հետ մենամարտելուց հետո կռիվները վերջացան։ Սպիտակ Ժանիքը այլևս ախոյան չուներ մարտնչելու. ոչ ոք չէր կարող արժանի հակառակորդ դուրս հանել նրա դեմ։ Եվ նա մինչև գարուն մնաց վանդակում, իսկ գարնանը Դոուսոնից եկավ ոմն Թիմ Քինեն, որի զբաղմունքը թղթախաղն էր։ Քինենն իր հետ բերել էր մի բուլդոգ, որ հայտնվել էր Քլոնդայկում։ Սպիտակ Ժանիքի և այդ շան հանդիպումն անխուսափելի էր, և քաղաքի բնակիչներից մի քանիսի համար նրանց միջև կայանալիք մենամարտը մի ամբողջ շաբաթ խոսակցության գլխավոր նյութն էր։ 
== Գլուխ IV։ Անվրեպ մահ ==
Վստահելի
1318
edits