Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 29 318 բայտ, 10:35, 24 Փետրվարի 2015
/* բ) Սուրբ գրոց դերը սրբահայր Զոսիմայի կյանքում */
==== բ) Սուրբ գրոց դերը սրբահայր Զոսիմայի կյանքում ====
 
Մնացինք մայրիկս ու ես։ Շուտով նրա բարյացակամ ծանոթները խորհուրդ տվեցին, ասելով, ահա մինուճար մի տղա մնաց ձեզ, և աղքատ չեք, դրամագլուխ ունեք, ուրեմն ինչո՞ւ ձեր տղային չտանեք Պետերբուրգ, հետևելով ուրիշների օրինակին, իսկ եթե այստեղ թողնեք, գուցե թե փայլուն մի ապագայից զրկած լինեք նրան։ Եվ հորդորեցին մայրիկիս, որ ինձ տանի Պետերբուրգ և տա կադետական դպրոց, որպեսզի հետագային կայսերական պահորդազոր մտնեմ։ Մայրիկս երկար ժամանակ տատանվում էր. ինչպե՞ս բաժանվեր իր վերջին մինուճար զավակից։ Բայց և վերջապես, առատ արտասուք թափելով հանդերձ, որոշում տվեց, մտածելով, թե այդպիսով նպաստած կլինի իմ երջանկության։ Տարավ ինձ Պետերբուրգ և տվեց կադետական դպրոց, և այնուհետև երբեք այլևս չտեսա նրան. վասնզի երեք տարի հետո ինքը ևս վախճանվեց, ամբողջ երեք տարի ողբում էր եղբորս ու դողում ինձ համար։ Թանկագին հիշատակներ լոկ մնացին ինձ ծնողական հարկից, քանզի մարդու համար չկան ավելի թանկագին հիշատակներ, քան առաջին մանկության օրերը ծնողական հարկի տակ, և այդ գրեթե միշտ այդպես է, եթե նույնիսկ ամենադույզն սերն ու միաբանությունը կա ընտանիքում։ Բայց և ամենավատթար ընտանիքից կարող են թանկագին հիշատակներ մնալ, միայն թե մարդու հոգին ընդունակ լինի փնտրելու և գտնելու թանկագինը։ Ընտանեկան հարկի իմ հուշերից եմ համարում նաև այն հիշատակները, որ ունեմ սուրբ գրոց մասին, թեև մանուկ էի, բայց դեռ ծնողական հարկի տակ մեծ հետաքրքրությամբ ուզում էի իմանալ սրբազան պատմությունը։ Այն ժամանակ սրբազան պատմության մի գիրք ունեի, որ սքանչելի պատկերներով էր նկարազարդված և կոչվում էր «Հարյուր չորս սրբազան պատումներ հին և նոր կտակարանից», և այդ գրքով է, որ կարդալ սովորեցի։ Ու մինչև այժմ էլ մոտս է այդ գիրքը, այստեղ՝ գրադարակի վրա, պահում եմ որպես թանկագին հիշատակ։ Բայց և նախքան կարդալ սովորելս, հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ բարեպաշտության ջերմեռանդ մի զգացում թափանցեց իմ հոգին, երբ դեռ ութ տարեկան էի։ Մայրիկս ինձ առանձին տարավ տաճարն աստուծո (չեմ հիշում թե որտեղ էր եղբայրս այդ ժամանակ), տարավ պատարագի՝ ավագ երկուշաբթի օր։ Պայծառ էր օրր, և ես, հիշելով այժմ, կարծես կրկին տեսնում եմ հականե, թե ինչպես է խունկի ծուխը ելնում բուրվառից ու մեղմածուփ բարձրանում դեպի վերք իսկ վերևից, գմբեթի նեղլիկ լուսամուտիը, երկնային լուսո ճառագայթներն ուղղակի մեր վրա են հոսում եկեղեցվո մեջ, և խունկի ծուխն, ամբառնալով ալիք առ ալիք, ծիրանի ճառագայթների մեջ անհայտանում է կարծես։ Նայում էի հուզված, և աշխարհ գալուց հետո առաջին անգամ այդ պահին ընկալեցի իմ հոգում աստվածային խոսքի առաջին սերմը՝ գիտակցելով։ Մի պատանյակ եկավ տաճարի մեջտեղ՝ խոշոր մի գիրք բռնած, այնքա՜ն խոշոր, որ այդ պահին ինձ թվաց, թե նա նույնիսկ դժվար էր բարձրացնում. դրեց գիրքը գրակալի վրա, բացեց ու սկսեց ընթերցել, և ես հանկարծ առաջին անգամ հասկացա մի բան, առաջին անգամ կյանքիս մեջ հասկացա, թե ինչ են ընթերցում աստուծո տաճարում։ Հուս երկրում ապրում էր այր մի արդար ու աստվածապաշտ, և նա ուներ շատ հարստություն՝ այսքան ուղտ, այսքան ոչխար և էշ մատակ, և զավակներն ուրախ կյանք էին վարում, և նա շատ էր սիրում իր զավակներին ու նրանց համար աղոթում էր առ աստված, ասելով՝ գուցե թե մեղանչել են նրանք իրենց զվարճությունների մեջ։ Եվ ահա, սատանան աստուծո հրեշտակների հետ բարձրանում է աստուծո մոտ և ասում է տիրոջ, որ անցել է ամբողջ երկրի երեսով ու երկրի ընդերքով։ «Իսկ տեսա՞ր իմ ծառա Հոբին»,— հարցնում է նրան աստված։ Եվ աստված պարծենում է սատանայի առաջ, մատնացույց անելով իր մեծ ու սուրբ ծառային։ Եվ սատանան ծիծաղում է աստուծո խոսքերի վրա. «Հանձնիր ինձ քո ծաոային և կտեսնես, որ կտրտնջա նա քո դեմ և կանիծի անունը քո»։ Եվ աստված իր արդար մարդուն, որին այնքան էր սիրում, հանձնեց սատանային, և հարվածեց սատանան նրա զավակներին ու անասուններին, ցիրուցան արեց հարստությունը նրա՝ ամեն ինչ մեկեն, երկնային հանկարծահաս շանթի նման. և պատառոտեց Հոբն հանդերձները յուր, նետվեց գետին ու աղաղակեց. «Մերկ ելա որովայնից իմ մոր, մերկանդամ և վերադառնում եմ հողին, տերը տվեց, տերը և առավ։ Եղիցի՜ անուն տյառն օրհնյալ հայսմ հետե մինչև հավիտյան» հայրեր և ուսուցիչնե՜ր, ներողամիտ եղեք այժմու իմ արցունքների նկատմամբ, որովհետև ամբողջ իմ մանկությունն է կարծես հառնում իմ առաջ կրկին, և այժմ շնչում եմ այնպես, ինչպես շնչում էի այն ժամանակ ութամյա իմ մանկական կրծքով, և ինչպես այն ժամանակ՝ զգում եմ զարմանք ու խռովք և ուրախություն։ Ուղտերն ինչպե՜ս էին գրավել իմ երևակայությունն այդ պահին, և նույնպես սատանան, որ այդպես խոսում է աստուծո հետ, և աստված, որ լքեց իր ծառային ու հասցրեց կործանման, և ծառան նրա, որ բացականչում էր՝ «Օրհնյա՜լ եղիցի անուն քո, թեպետ և պատժում ես ինձ», և ապա մեղմ ու քաղցրաձայն երգեցողությունը տաճարում՝ «Ի կատար ածվի աղոթքն իմ», ու կրկին խունկի ծուխը քահանայի բուրվառից և աղոթասացությո՜ւնը ծնկադիր։ Այդ օրից ի վեր չեմ կարող առանց արտասուքի կարդալ պատմությունն այդ ամենասուրբ, ու դեռ երեկ իսկ կրկին կարդացի։ Եվ որքա՜ն վսեմ, խորհրդավոր ու անընդգրկելի բան կա այդ պատմության մեջ։ Հետագային հեգնանքի ու պարսավանքի խոսքեր եմ լսել մարդկանցից, հպարտ խոսքեր, թե ինչպե՞ս կարող էր աստված իր սուրբերից ամենասիրեցյալին հանձնել սատանայի զվարճությանը, խլել նրանից զավակներին, նրա անձը ևս այնպե՜ս խոցել հիվանդությամբ ու կեղերով, որ նա իր վերքերի թարախը խեցիով էր քերում,— և այդ բոլորն ինչո՞ւ համար. որպեսզի լոկ պարծենա սատանայի առաջ, այսինքն թե՝ «Ահա՛ իմ սուրբն ի՜նչ տանջանքներ կարող է կրել ի սեր ինձ»։ Բայց վսեմությունն էլ այն է, որ խորհուրդ կա այդ բոլորի մեջ՝ երկրային վաղանցուկ կերպարանքն ու հավիտենական ճշմարտությունը ի մի են բերված այստեղ։ Երկրային ճշմարտության հանդիման ի կատար է ածվում հավիտենական ճշմարտությունը։ Այստեղ արարիչը, ինչպես և իր արարչագործության առաջին օրերին, երբ յուրաքանչյուր օրն ավարտում էր գովաբանությամբ՝ «Լավ է այն, ինչ ստեղծեցի», նայում է Հոբին և կրկին պարծենում իր ստեղծագործությամբ։ Իսկ Հոբը, գովաբանելով արարչին, ծառայում է ոչ միայն նրան, այլև պիտի ծառայի ամբողջ ստեղծագործությանը նրա՝ ազգե-ազգ ու սերունդե-սերունդ և հավիտյանս հավիտենից, վասնզի ա՛յդ բանի համար էր նախասահմանված։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ գիրք է դա, և ի՜նչ դասեր կան նրա մեջ։ Ի՜նչ գիրք է այս սուրբ գիրքը, ի՛նչ հրաշք և ի՜նչ ուժ է տրված մարդուն այս գրքի հետ։ Կարծես քանդակն է աշխարհի ու մարդու և մարդկային բնավորությունների, և ամեն ինչ մատնանշված է, օրինագծված առհավետ։ Եվ որքա՜ն խորհուրդներ են լուծված ու բացահայտված. վերստին բարձրացնում է աստված Հոբին, վերստին հարստություն է տալիս նրան, բազում տարիներ են անցնում նորից, և արդեն նոր զավակներ է ունենում նա, ուրիշ զավակներ, ու սիրում է նրանց։ «Բայց տե՜ր աստված, ինչպե՞ս նա կարող էր սիրել այս նոր զավակներին, երբ նախկինները չկան, երբ զրկվեց նրանցից։ Հիշելով նրանց, կարելի՞ է արդյոք նոր զավակների հետ լիովին երջանիկ լինել, ինչպես առաջ, որքան էլ սիրելի լինեն այս նորերը»։ Բայց կարելի է, կարելի. մարդկային կյանքի մեծ խորհուրդն է այն, որ հին վիշտն աստիճանաբար դառնում է խաղաղ, գորովագին ուրախություն։ Պատանեկան եռուն արյունը տեղի է տալիս հեզաբարո և հստակատես ծերության, օրհնում եմ արևածագն հանապազօրյա, և սիրտն իմ երգում է ծագող արևի դիմաց, ինչպես և առաջ, սակայն այժմ ավելի ևս սիրում եմ մայրամուտը նրա, երկար ու շեղ ճառագայթները նրա, և դրանց հետ՝ մեղմ, հեզահամբույր, գորովագին հիշատակները, սիրելի պատկերներն իմ ամբողջ երկար ու օրհնաշատ կյանքի, իսկ այդ բոլորի վրա տարածվում է աստվածային ճշմարտությունը, որ գորովանքով է լցնում սիրտը, հաշտեցնում է և ամեն ինչ ներում։ Վերջանում է կյանքն իմ, գիտեմ և ընբռնում եմ այդ, սակայն ինձ մնացյալ յուրաքանչյուր օրվա մեջ զգում եմ, թե ինչպե՜ս իմ երկրային կյանքն արդեն շփման մեջ է մտնում մի նոր, անհուն, անծանոթ, բայց շուտով գալիք կյանքի հետ, որի նախազգացումից թրթռում է իմ հոգին ցնծությամբ, փայլում է միտքս և ուրախությամբ արտասվում է սիրտն իմ...
 
Բարեկամներ և ուսուցիչնե՛ր, շատ անգամ լսել եմ, իսկ վերջերս ավելի ևս հաճախակի է լսվում, թե ինչպես մեր քահանաները, և մանավանդ գյուղական երեցները, աղիողորմ գանգատվում են ամենուրեք իրենց անբավարար ապրուստից և իրենց նվաստացուցիչ վիճակից, և ուղղակի հավաստիացնում են, նույնիսկ տպագիր (ինքս եմ կարդացել այս բանը), որ իբր թե չեն կարող այլևս սուրբ գիրքը մեկնաբանել ժողովրդին, որովհետև անբավարար է իրենց ապրուստը, և եթե արդեն գալիս են լութերականներն ու հերետիկոսները և սկսում են խլել հավատացյալների հոտն իրենց ձեռքից, դե՛հ, ասում են նրանք, թո՛ղ խլեն, որովհետև անբավարար է մեր ապրուստը։ Աստվա՜ծ իմ. մտածում եմ՝ ամեն բանից ավելի տա՛ աստված այդ ապրուստը, որ այնքան թանկ է նրանց համար (որովհետև նրանց գանգատն ևս արդարացի է), բայց ճշմարիտ եմ ասում՝ եթե որևէ ոք մեղավոր է այստեղ, ապա մերն է մեղքի կեսը։ Որովհետև՝ դիցուք ժամանակ չունի քահանան, դիցուք իրավացիորեն ասում է նա, թե շարունակ ծանրաբեռնված է աշխատանքով ու ծիսակատարությամբ, բայց համենայն դեպս անընդհատ չէ, որ զբաղված է, ամբողջ շաբթու մեջ նա էլ ունի գեթ մի ժամ՝ աստուծո մասին ևա հիշելու համար։ Եվ վերջապես ամբողջ տարին չէ, որ աշխատում է նա։ Եթե շաբաթը մեկ անգամ, երեկոյան ժամին, սկըզբում գեթ միայն երեխաներին ժողովի իր տանը, հայրերը կլսեն այդ մասին, հայրերը ևս կսկսեն գալ։ Եվ պալատներ շինել պետք չէ այս գործի համար, այլ պարզապես հրավիրիր քեզ մոտ՝ քո խրճիթը. մի վախենար, չեն կեղտոտի խրճիթը քո՝ ընդամենը մեկ ժամվա համար ես ժողովում նրանց։ Բա՜ց այս գիրքը նրանց առաջ և սկսիր ընթերցել առանց մեծամեծ խոսքերի և առանց գոռոզության, առանց ինքդ քեզ վեր դասելու նրանցից, այլ գորովանքով ու հեզությամբ, ուրախանալով, որ ընթերցում ես նրանց համար և լսում են քեզ ու հասկանում են քեզ, ինքդ սիրելով խոսքերն այդ սուրբ, և լոկ մերթ ընդ մերթ կանգ առ ու բացատրիր այս կամ այն խոսքը, որ անհասկանսլի է հասարակ մարդուն. մի՛ մտահոգվիր, ամեն ինչ կհասկանան, ամեն ինչ կհասկանա ուղղափառ սիրտը։ Կարդա՛ նրանց Աբրահամի ու Սառայի մասին, Իսահակի ու Ռեբեկայի մասին, կարդա , թե ինչպես Հակոբը գնաց Լաբանի մոտ և իր երազում մաքառեց աստուծո հետ ու ասաց՝ «Ահեղ է տեղն այս», և տպավորություն կգործես հասարակ մարդու բարեպաշտ մտքի վրա։ Կարդա՛ նրանց, և հատկապես մանուկներին, թե ինչպես եղբայրներն ստրկության վաճառեցին իրենց հարազատ եղբորը՝ քաղցրաբարո պատանյակ Հովսեփին, որ տեսանող էր ու մեծ մարգարե, իսկ իրենց հորն ասացին, թե մի վայրի գազան է նրան հոշոտել, և ցույց տվեցին արյունոտ պատմուճանը նրա։ Կարդա՛, թե ինչպես հետագայում եղբայրները Եգիպտոս եկան ցորեն ճարելու, և արդեն մեծ պալատական դարձած Հովսեփը, որին եղբայրները չկարողացան ճանաչել, տանջեց նրանց, մեղադրեց, իր մոտ պահեց Բենիամին եղբորը, և այդ բոլորն արեց սիրելով. «Սիրում եմ ձեզ ու սիրելով տանջում»։ Չէ՞ որ նա իր ամբողջ կյանքում հիշում էր անդադար, թե ինչպես վաճառեցին իրեն առևտրականներին՝ տոթակեզ անապատի մեջ մի տեղ, ջրհորի մոտ, և ինչպես ինքը, ծնկները ծեծելով, աղի արցունք էր թափում և աղաչում էր եղբայրներին, որ չվաճառեն իրեն օտար երկրում որպես ստրուկի. և ահա, տեսնելով նրանց այնքան տարիներ հետո, անչափորեն սիրեց նրանց կրկին, բայց նեղեց ու տանջեց՝ սիրելով շարունակ։ Վերջապես թողեց նրանց ու քաշվեց իր առանձնարանը, չդիմանալով իր սեփական սրտի տառապանքին, նետվեց իր մահճի վրա և արտասվեց, հետո սրբեց արցունքը, դուրս եկավ պայծառափայլ դեմքով և հայտնեց նրանց. «Եղբայրնե՛ր, Հովսեփն եմ ես, եղբայրը ձեր»։ Այնուհետև կարդա՛ այն մասին, թե ինչպես ուրախացավ Հակոբ ծերունին, երբ իմացավ, որ դեռ ողջ է իր քաղցրաբարո տղան, ու ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս, լքելով նույնիսկ երկիրը հայրենի, և մեռավ օտար երկրում, գալիք դարերին կտակելով գերագույն խոսքը, որ նրա հեզ ու երկյուղած սրտում անիմանալիորեն տեղ էր գտել ամբողջ կյանքի ընթացքում, այն խոսքը, թե իր ազգից՝ Հուդայի ցեղից է դուրս գալու մեծ ակնկալությոլնն աշխարհի՝ հաշտարարն ու փրկիչը նրա։ Հայրեր և ուսուցիչնե՛ր, ներողամիտ եղեք ու մի՛ բարկանաք, որ փոքր մանկան նման խոսում եմ այն բաներից, որոնք արդեն վաղուց գիտեք և ինքներդ ինձ կարող եք ուսուցանել հարյուրապատիկ ավելի հմտորեն ու վայելուչ կերպով։ Ցնծությունն է լոկ մղում ինձ ասելու այս բաները, և ներեցեք արտասուքն իմ, քանզի սիրում եմ գիրքն այս սրբազան։ Թո՛ղ արտասվի և նա՝ քահանայն աստուծո, և կտեսնի, որ կցնցվեն իր ունկնդիրների սրտերն ի պատասխան։ Հարկավոր է լոկ փոքրիկ, մանրիկ մի սերմ. թո՛ղ նետի այդ սերմը հասարակ մարդու հոգու մեջ, և չի մեռնի դա, կապրի նրա հոգու մեջ ամբողջ կյանքում, պահված կմնա այնտեղ խավարի մեջ, նրա մեղքերի աղտեղության մեջ, լուսավոր կետի նման, որպես մի մեծ հիշեցում։ Եվ հարկ չկա, հարկ չկա շատ բացատրելու և ուսուցանելու, նա ամեն ինչ կհասկանա պարզորեն։ Կարծո՞ւմ եք արդյոք, թե չի հասկանա ռամիկ մարդը։ Փորձեցեք կարդալ նրան հուզիչ ու սրտառուչ պատմությունը գեղեցիկ Եսթերի և գոռոզ Ասթինեի մասին. և կամ հրաշալի պատումը՝ կետ ձկան փորի մեջ ընկած Հովնան մարգարեի մասին։ Մի մոռանաք նաև մեր փրկչի առակները՝ նախընտրաբար ըստ Ղուկասո ավետարանի (այդպես էի անում ես), և ապա «Գործք առաքելոցից՝ Սավուղի դարձը (այս մեկն անպայմա՛ն, անպայմա՛ն ), ու վերջապես նաև «Վարք սրբոց»֊ից՝ գոնե աստուծո մարդ Ալեքսեյի վարքը, ինչպես և մեծամեծ ու բերկրաշատ մարտիրոսուհու, աստվածատես ու քրիստոսակիր մայր Մարիամ Եգիպտացու վարքը. և այս պարզ պատմություններով խորապես կհուզես սիրտը ռամիկ մարդու։ Մեկ ժամ ընդամենը շաբաթվա մեջ, լոկ մի փոքր ժամ՝ չնայած քո անբավարար ապրուստին։ Եվ ինքդ կտեսնես, որ գթառատ է ժողովուրդը մեր և երախտագետ, հարյուրապատիկ ավելի կփոխհատուցի շնորհակալությամբ. հիշելով ջերմեռանդ հոգատարությունն ու գորովալից խոսքերն իր քահանայի, կամավորաբար կօգնի նրան արտում, կօգնի նաև նրա տան աշխատանքներին, և հարգանքն էլ ավելի մեծ կլինի, քան առաջ, ահա և կբարգավաճի ապրուստը քահանայի։ Խնդիրն այնքան պարզունակ է, որ երբեմն վախենում ենք նույնիսկ արտահայտվել այդ մասին, որովհետև կծիծաղեն մե՜ր իսկ վրա, և սակայն որքա՜ն ճշմարիտ է այս բանը։ Ով չի հավատում աստուծո, նա չի հավատա նաև աստուծո ժովղովրդին։ Իսկ ով որ արդեն սկսել է հավատալ աստուծո ժողովրդին, նա կտեսնի նաև սրբությունն աստուծո, թեկուզ և մինչ այդ ինքն ամենևին հավատացած չլինի դրան։ Միայն ժողովուրդը և նրա ապագա հոգևոր ուժը դարձի կբերի մեր անաստվածներին, որոնք կտրվել են մայր հողից։
 
Եվ ի՞նչ Քրիստոսի խոսք, եթե օրինակ չես տալիս։ Կկործանվի ժողովուրդն առանց աստվածային խոսքի, վասնզի նրա հոգին ծարավի է խոսքի և որևէ գեղեցիկ ընկալման։ Իմ երիտասարդության օրերին, արդեն վաղուց, գրեթե քառասուն տարի առաջ, հայր Անֆիմի հետ թափառում էինք ամբողջ Ռուսաց աշխարհում, նվիրատվություններ հավաքելով մեր վանքի համար, և մի անգամ գիշերեցինք մեծ ու նավարկելի գետի ափին, ձկնորսների հետ. ու մեզ հետ նստեց վայելչատես մի պատանի մոտ տասնութ տարեկան մի գյուղացի, որ շտապում էր հաջորդ օրը հասնել իր տեղը՝ առևտրական պարանաքարշ մի լաստանավի լծվելու և քաշելու համար։ Տեսնում եմ՝ նա գորովագին ու վճիտ հայացքով նայում է իր առաջը։ Հուլիսյան լուսավոր, մեղմ, տաք գիշեր էր, գոլորշի էր բարձրանում լայնահուն գետից ու զովացնում մեզ, երբեմն թևթևակի ճողփում էր մի ձկնիկ, թռչունները լռել էին, ամեն ինչ խաղաղ էր, վեհաշունչ, ամեն ինչ աղոթում էր առ աստված։ Ու միայն մենք երկուքս չէինք քնում՝ այդ պատանին ու ես, տարվել էինք աստուծո այս աշխարհի գեղեցկության ու մեծ խորհուրդի մասին խոսելով։ Ամեն մի դալարիկ, ամեն մի բզեզ, մրջյուն ու ոսկեփայլ մեղվիկ, բոլո՜րը բոլորը զարմանալիորեն գիտեն իրենց ուղին, առանց խելք ունենալու, աստվածային խորհուրդն են վկայում և իրենք իսկ անընդհատ իրագործում են խորհուրդն այն։ Ու տեսա՝ բռնկվել է սիրտը բարեհամբույր պատանու։ Ասաց նա ինձ, թե սիրում է անտառը, թռչուններն անտառային. թռչնորս էր, հասկանում էր ամեն մի ճռվողյունը նրանց, կարող էր ամեն մի թռչուն հրապուրել իր ձայնով. չգիտեմ, ասաց, կա՞ ավելի լավ բան, քան անտառում լինելը, թեև ամեն ինչ լավ է։ «Ճշմարի՜տ է,— պատասխանեցի նրան,— ամեն ինչ լավ է ու հոյակապ, որովհետև ամեն ինչ ճշմարտություն է։ Նայի՛ր ձիուն,— ասացի,— խոշոր կենդանի է և մարդամոտ, կամ նայիր եզան՝ կորացած ու խոհուն այդ արարածին, որ սնում է մարդուն և աշխատում նրա համար, նայիր նրանց դեմքերին՝ ի՜նչ հեզություն, ի՜նչ նվիրվածություն մարդու նկատմամբ, որ հաճախ անգթորեն ծեծում է նրանց, տե՛ս, թե ի՜նչ անհիշաչարություն, ի՜նչ դյուրահավատություն և ի՜նչ գեղեցկություն կա նրանց դեմքին։ Մինչև իսկ հուզիչ է գիտենալ, թե նրանք զերծ են որևէ մեղքից, որովհետև, բացի մարդուց, ամե՜ն ինչ կատարյալ է, ամե՜ն ինչ անմեղ է, և դեռ մեզնից առաջ նրանց հետ է Քրիստոս»։— «Բայց միթե նրա՞նք էլ Քրիստոս ունեն»,— հարցրեց պատանին։ «Իսկ ինչպե՞ս կարող է լինել այլ կերպ,— ասացի նրան,— քանի որ աստուծո խոսքը բոլորի համար է, ամբո՜ղջ արարչությունը, ամբողջ կենդանի աշխարհը, ամե՜ն մի տերև ձգտում է խոսքին, փառք է երգում աստուծո, արտասվում է Քրիստոսին, և կատարում է այս բանն անգիտորեն, իր անմեղ կյանքի խորհուրդով։ Ահա այնտեղ, անտառում,— ասացի նրան,— թափառում է զարհուրելի արջը, վայրագ ու ահարկու, և ոչ մի կերպ մեղավոր չէ, որ այդպիսին է ինքը»։ Եվ պատմեցի նրան, թե ինչպես մի անգամ արջը եկել է մի մեծ սուրբի մոտ, որ ճգնում էր անտառում՝ փոքրիկ խուցի մեջ, ու մեծ սուրբը գթացել է արջին, անվախորեն ելել է նրան ընդառաջ և հաց է տվել մի կտոր, ասելով՝ «Գնա, Քրիստոս ընդ քեզ», և վայրագ գազանը հեռացել է հլու և հնազանդ, առանց վնաս տալու։ Եվ պատանին խանդաղատանքով լցվեց վասն այնորիկ, որ արջը հեռացել է առանց վնաս տալու, և որ Քրիստոս նրա հետ է նմանապես։ «Ա՜խ, ինչ լա՜վ է,— ասաց նա,— ի՜նչ լավ ու հրաշալի է ամեն ինչ, որ ստեղծել է աստված»։ Նստել էր մտասույզ մեղմանուշ խոհերով տարված։ Տեսա, որ հասկացել է։ Ու քնեց ինձ մոտ թեթև ու անմեղ քնով։ Օրհնյա՛, տե՛ր, զպատանեկությոլն։ Եվ ինքս, պառկելով քնելու, աղոթեցի նրա համար։ Տե՜ր, խաղաղություն ու լույս առաքիր քո մարդկանց։
==== գ) Հուշեր սրբահայր Զոսիմայի պատանեկութան ու երիտասարդության տարիներից, երբ դեռ ապրում էր աշխարհիկ կյանքով: Մենամարտը ====
Վստահելի
1318
edits