Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 17 618 բայտ, 08:38, 24 Փետրվարի 2015
/* ա) Սրբահայր Զոսիմայի պատանի եղբոր մասին */
==== ա) Սրբահայր Զոսիմայի պատանի եղբոր մասին ====
 
Սիրեցյալ հայրեր և ուսուցիչներ, ծնվել եմ հեռավոր մի նահանգում հյուսիսային, Վ. քաղաքում։ Ազնվական էր հայրս, բայց ոչ մեծազարմ և ոչ բարձրաստիճան։ Նա վախճանվեց, երբ ես ընդամենը երկու տարեկան էի, և չեմ հիշում նրան ամենևին: Մի փոքր փայտաշեն տուն թողեց մորս և մի որոշ դրամագլուխ, որ մեծ չէր, սակայն բավարար էր՝ երեխաների հետ միասին բարեկեցիկ կյանք ապրելու։ Եվ ընդամենը երկու զավակ ուներ մայրս, ես էի (Զինովի էր անունս) և ավագ եղբայրն իմ՝ Մարկելը։ Ութ տարով մեծ էր նա ինձանից, տաքարյուն էր բնավորությամբ և դյուրաբորբոք, սակայն բարի, չէր հեգնում բնավ և տարօրինակորեն լռակյաց էր՝ հատկապես իր սեփական տանը, ինձ ու մորս և ծառաների հանդեպ։ Լավ էր սովորում գիմնազիայում, բայց չէր շփվում իր ընկերների հետ, թեև չէր էլ գժտվում, գոնե այդպես էր հիշում նրան մայրիկս։ Իր մահից կես տարի առաջ, երբ արդեն տասնյոթը բոլորել էր, սկսեց հաճախել մեր քաղաքում մեկուսի ապրող մի մարդու մոտ, որ քաղաքական աքսորյալ էր մի տեսակ՝ իր ազատամտության պատճառով Մոսկվայից մեր քաղաքն աքսորված։ Իսկ այդ աքսորյալը բավական մեծ գիտնական էր և ականավոր փիլիսոփա՝ համալսարանի դասախոս։ Չգիտես ինչու, նա սիրեց Մարկելին և սկսեց հաճախակի հյուրընկալել նրան։ Պատանին երեկոները շարունակ նստում էր նրա մոտ, և այդպես՝ ամբողջ ձմեռը, մինչև որ ետ կանչեցին աքսորյալին՝ Պետերբուրգում պետական ծառայության մտնելու համար, ըստ իր սեփական խնդրանքի, որովհետև հովանավորներ ուներ։ Մեծ պահքն էր սկսել, բայց Մարկելը ծոմ պահել չէր ուզում, նախատական խոսքեր էր ասում և ծիծաղում էր ծոմապահության վրա. «Այդ ամբողջը ցնդաբանություն է,— ասում էր,— և ոչ մի աստված էլ չկա», այնպես որ սոսկում պատճառեց թե մորս, թե՛ ծառաներին ու նաև ինձ՝ փոքրիկիս, որովհետև ես լոկ ինը տարեկան էի թեև, բայց լսելով խոսքերն այդ՝ մեծ երկյուղ կրեցի նույնպես։ Իսկ մենք չորս ծառա ունեինք, և ճորտ էին բոլորն էլ, մեզ ծանոթ մի կալվածատիրոջ անունով գնված։ Հիշում եմ տակավին, թե ինչպես իմ մայրիկը վաթսուն ռուբլի թղթադրամով ծախեց այդ չորս ծառաներից մեկին՝ խոհարարուհի Աֆիմյային, որ կաղ էր ու տարեց, և ազատ մի կնոջ վարձեց նրա փոխարեն։
 
Արդ ուրեմն, մեծ պահքի վեցերորդ շաբաթն էր, երբ հանկարծ եղբորս առողջությունը վատթարացավ։ Արդեն միշտ էլ վատառողջ էր նա, թուլակազմ, տկար էր կուրծքը և հյուծախտի հակամետ. բավական բարձրահասակ էր, սակայն նիհար և անուժ, իսկ դեմքը՝ հույժ գեղատեսիլ։ Մրսե՞լ էր թե ինչ, բայց համենայն դեպս բժիշկն եկավ ու շուտով շշնջաց մեր մայրիկի ականջին, որ սրընթաց թոքախտ է և գարունը չի հանի։ Սկսեց արտասվել մայրս և զգուշորեն, եղբորս վախ չպատճառելու մտահոգությամբ, խնդրեց, որ նա ապաշխարի և աստվածային սուրբ հաղորդության խորհուրդն ընդունի, վասնզի դեռ ոտքի վրա էր այն ժամանակ, կարող էր եկեղեցի գնալ։ Լսելով այդ, բարկացավ եղբայրս և նախատեց տաճարն աստծո, սակայն մտածմունքի մեջ ընկավ. կռահեց անմիջապես, որ վտանգավոր է իր հիվանդությունը և այդ իսկ պատճառով մայրն իրեն ուղարկում է ապաշխարանքի և հաղորդության, քանի դեռ ուժ ունի գնալու։ Համենայն դեպս ինքն էլ գիտեր, որ անառողջ է վաղուց, և արդեն մի անգամ, դեռ մեկ տարի առաջ, ճաշի վրա սառնասրտորեն ասել էր մորս ու ինձ. «Այս աշխարհում երկար չի լինելու իմ կյանքը ձեր մեջ, գուցե մեկ տարի էլ չապրեմ»։ Հիրավի, կարծես մարգարեացել էր այն ժամանակ։ Անցավ երեք օր, և հասավ չարչարանաց շաբաթը։ Եվ ահա, եղբայրս ավագ երեքշաբթի առավոտյան սկսեց եկեղեցի գնալ և ապաշխարել։ «Այս բանը, մայրիկ, հատկապես ձեզ համար եմ անում, որպեսզի ուրախացնեմ և հանգստացնեմ ձեզ»,— ասաց նա։ Արտասվեց մեր մայրիկն ուրախությունից ու նաև վշտից. «Ուրեմն մոտ է նրա վախճանը, եթե այդպիսի փոփոխություն կատարվեց նրա մեջ հանկարծ»։ Բայց նա քիչ անգամ կարողացավ եկեղեցի գնալ, անկողին ընկավ. այնպես որ ստիպված եղավ տանը խոստովանանք կատարել և հաղորդություն ընդունել։ Զատիկն ուշ եկավ այդ տարի, և պայծառ, վճիտ, բուրումնավետ օրեր էին։ Ամբողջ գիշերը, հիշում եմ, հազում էր նա, վատ էր քնում։ Բայց առավոտյան հագնվում էր միշտ և փորձում էր նստած մնալ փափուկ բազկաթոռի մեջ։ Այդպես և հիշում եմ նրան, խաղաղ նստած՝ ժպտում է հեզահամբույր, ինքը հիվանդ, բայց դեմքը զվարթ, ցնծագին։ Ներաշխարհն այլակերպվել էր լիովին՝ այնպիսի հրաշալի մի հոգեփոխություն էր սկսվել նրա մեջ։ Մտնում էր նրա սենյակը ծեր դայակն ու ասում. «Թույլ տուր, հոգյակս, քո սենյակում էլ վառեմ կանթեղը սրբապատկերի առաջ»։ Մինչ այդ նա թույլ չէր տալիս, փչում ու մարում էր նույնիսկ։ Իսկ հիմա՝ «Վառիր, սիրելիս, վառիր, ճիվաղ էի ես, որ թույլ չէի տալիս առաջ։ Կանթեղը վառելով, դու աղոթում ես աստուծո, իսկ ես քեզ նայելով և ուրախանալով է, որ աղոթում եմ» Ուրեմն աղոթում ենք միևնույն աստուծո»։ Տարօրինակ էին թվում այդ խոսքերը մեզ, իսկ մայրս գնում էր իր սենյակը և արտասվում շարունակ, միայն նրա մոտ մտնելու պահին էր սրբում արցունքը և զվարթ դեմք ընդունում։ «Մայրի՛կ, լաց մի՛ լինիր, հոգյակս,— ասում էր նա երբեմն,— դեռ շատ պիտի ապրեմ, շատ պիտի ուրախանամ ձեզ հետ, և կյա՜նքը, կյա՜նքը ուրախություն է, ցնծությո՜ւն»։— «Ա՜խ, անուշիկս, էլ ի՞նչ ուրախություն քեզ համար, երբ ամբողջ գիշերը վառվում ես ջերմության մեջ և այնպես ես հազում, որ քիչ է մնում կուրծքդ պատռվի»։— «Մայրի՜կ,— պատասխանում էր նա,— լաց մի՛ լինիր, դրախտ է կյանքը, և մենք բոլորս գտնվում ենք դրախտում, բայց չենք ուզում իմանալ այդ, իսկ եթե ուզեինք իմանալ, վաղն ևեթ դրախտ կդառնար ամբողջ աշխարհը»։ Եվ զարմանում էինք բոլորս նրա խոսքերի վրա, այնպե՜ս տարօրինակորեն և այնպե՜ս համոզված էր ասում նա. խանդաղատանքով էինք լցվում և արտասվում էինք։ Ծանոթներ էին այցելում մեզ։ «Սիրելինե՛ր,— ասում էր նա,— թանկագի՛ն բարեկամներ, ինչո՞վ եմ արժանի, որ դուք սիրում եք ինձ, վասն ի՞նչ բանի սիրում եք ինձ նման մեկին, և առաջ ինչպե՞ս չգիտեի այդ, ինչպե՞ս չէի գնահատում»։ Իր մոտ մտնող ծառաներին ասում էր ամեն րոպե. «Սիրելինե՛ր իմ, թանկագիննե՛ր։ ինչո՞ւ եք ծառայություն մատուցում ինձ, և արժանի՞ եմ արդյոք, որ ինձ ծառյություն մատուցեն։ Եթե շնորհ աներ աստված ու կենդանի թողներ ինձ, ի՛նքս կծառայեի ձեզ, որովհետև բոլորը պետք է ծառայեն իրար»։ Մեր մայրիկը, լսելով նրան, գլուխն էր շարժում. «Հիվանդությունից է, որ այդպես ես ասում, անուշիկ զավակս»։— «Մայրի՛կ,— ասում էր նա,— հոգեհատո՜ր մայրիկս, անհնար է, որ տերեր ու ծառաներ չլինեն, բայց թող ի՛նքս էլ ծառան լինեմ իմ ծառաների, ճիշտ այնպես, ինչպես նրանք են ինձ համար։ Եվ դեռ ասեմ քեզ, մայրի՛կ, մեզնից յուրաքանչյուրը մեղավոր է բոլորի առաջ և ամեն ինչի համար, և ես՝ բոլորից ավելի»։ Մեր մայրիկը նույնիսկ ժպտաց այդ խոսքի վրա, արտասվելով ժպտաց. «է՜հ, ինչո՞ւ ես դու բոլորից ավելի մեղավոր բոլորի առաջ։ Մարդասպաններ կան, ավազակներ, իսկ դու դեռ ի՞նչ մի այնպիսի մեղք ես գործել, որ բոլորից ավելի մեղավոր ես համարում քեզ»։— «Մայրի՛կ, դու իմ սրտի՜կ սիրասուն,— ասաց նա (այդ ժամանակ սկսել էր նման քնքշալի բառեր գործածել, անսպասելի բառեր),— իմ սրտի՜կ սիրասուն, ուրախությո՜ւն իմ մայրիկ, հավատա՛, որ իսկապես յուրաքանչյուր ոք մեղավոր է բոլորի առաջ՝ բոլորի և ամե՜ն ինչի համար։ Չգիտեմ, թե ինչպես բացատրեմ քեզ, բայց զգում եմ, որ այդ այդպես է՝ մինչև իսկ տանջելու չափ։ Եվ ինչպե՞ս է որ ապրում էինք ու բարկանում և ոչինչ չգիտեինք մինչև հիմա»։ Այդպես նա զարթնում էր քնից, ամեն օր ավելի ու ավելի գորովալից և ցնծագին, ամբողջովին սիրով թրթռուն։ Գալիս էր բժիշկը՝ Էյզենշմիդտ անունով մի ծեր գերմանացի, մեկ էլ եղբայրս կատակում էր. «Է՜հ դոկտո՛ր, դեռ մի հատիկ օր ևս կապրե՞մ այս աշխարհում»։― «Ոչ թե մեկ, այլ շատ օրեր կապրեք,— պատասխանում էր բժիշկը,— և դեռ ամիսներ, տարիներ կապրեք»։— «Տարինե՜րն ինչ, ամիսնե՜րն ինչ,― բացականչում էր նա,— կարիք կա՞ օրերը հաշվելու, մեկ օրն էլ բավական է մարդուն՝ ամբողջ երջանկությունը ճանաչելու համար։ Սիրելիներ իմ, ինչո՞ւ ենք կռվում իրար հետ, պարծենում միմյանց առաջ, քեն պահում մեկս մյուսի դեմ. գնանք ուղղակի պարտեզ, զբոսնենք ու խայտանք այնտեղ, սիրենք ու դրվատենք իրար, համբուրենք իրար և մեր կյանքն օրհներգենք»։— «Երկար չի ապրի ձեր որդին,— ասաց բժիշկը, երբ մայրիկն ուղեկցում էր նրան մինչև դրսի դուռը, հիվանդությունն արդեն խելացնորության է հասցնում նրան»։ Եղբորս սենյակի լուսամուտները պարտեզին էին նայում, իսկ մեր պարտեզն ստվերախիտ էր, հնամյա ծառերով, և ծառերի վրա գարնանային բողբոջներն էին բացվում, վերադարձել էին առաջին թռչնակները, ճռվողում էին, երգում նրա լուսամուտների առաջ։ Եվ եղբայրս, նայելով թռչնակներին ու սքանչանալով, հանկարծ սկսեց նրանցից ևս ներումն խնդրել. «Թռչնակնե՜ր աստուծո, թռչնակնե՜ր բերկրալի, դուք էլ ներեցեք ինձ, որովհետև ձեր դեմ նույնպես մեղանչել եմ ես»։ Այդ մեկն արդեն մեզանից ոչ ոք չէր կարող հասկանալ այն ժամանակ, իսկ նա արտասվում էր ուրախությունից. «Այո,— ասում էր,— աստուծո այսպիսի փառքն էր սփռված իմ շուրջ՝ թռչնակնե՜ր, ծառե՜ր, մարգագետիննե՜ր, երկնակամա՜ր, և միայն ե՛ս էի ամոթալի կյանք ապրում, միայն ե՛ս էի անարգում ամեն ինչ, իսկ այս բոլորի գեղեցկությունն ու փառքը չէի նկատում բնավ»։— «Է՜հ, շատ֊շատ մեղքեր ես վերցնում քեզ վրա»,— ասում էր մայրիկն արտասվելով։ «Մայրի՛կ, ուրախությո՜ւն իմ մայրիկ, ես խնդությունից եմ արցունք թափում, ոչ թե վշտից. չեմ կարողանում բացատրել քեզ, բայց ինքս եմ ուզում մեղավոր լինել նրանց առաջ, որովհետև չգիտեմ, թե ինչպես սիրեմ նրանց։ Թող մեղավոր լինեմ բոլորի առաջ, սակայն և բոլորը ներեն ինձ. ահա՛ դրախտը։ Միթե ես այժմ դրախտի մեջ չե՞մ»։
 
Եվ դեռ շատ բաներ կային, որ ի վիճակի չեմ հիշելու և արձանագրելու։ Հիշում եմ, մի անգամ առանձին մտա նրա սենյակը, երբ մոտը ոչ ոք չկար։ Պայծառ երեկո էր, արևը մայր էր մտնում և ամբողջ սենյակը լուսավորված էր իրիկնային շեղ ճառագայթներով։ Տեսնելով ինձ, կանչեց. մոտեցա նրան, երկու ձեռքերը դրեց ուսերիս, նայեց իմ դեմքին՝ գորովանքով, սիրով։ Ոչինչ չխոսեց, միայն նայեց այդպես մի րոպե։ «Դե՜հ,— ասաց,— գնա այժմ, խաղա՛, ապրիր իմ փոխարեն»։ Ու ես դուրս եկա հայնժամ, գնացի խաղալու։ Իսկ հետո իմ կյանքի ընթացքում արտասուքով եմ հիշել բազում ու բազում անգամներ, թե ինչպես նա ինձ պատվիրեց ապրել իր փոխարեն։ Դեռ շատ այդպիսի զարմանահրաշ ու գեղեցիկ խոսքեր էր ասում, թեև դրանք հասկանալի չէին մեզ այն ժամանակ։ Վախճանվեց զատիկին հաջորդող երրորդ շաբթու մեջ։ Գիտակցությունը տեղն էր, ու թեև դադարել էր արդեն խոսելուց, բայց հոգեպես չփոխվեց մինչև իր ժամը վերջին, նայում էր ուրախ, աչքերի մեջ խնդություն կար, հայացքներով մեզ էր փնտրում, ժպտում էր մեզ, մեզ էր կանչում։ Մինչև իսկ քաղաքում շատ խոսեցին նրա մահվան մասին։ Այն ժամանակ ցնցվեցի ես այդ բոլորից, բայց ոչ հույժ, թեև շատ արտասուք թափեցի, երբ թաղում էին նրան։ Մատղաշ էի, մանուկ, բայց այդ ամբողջն անջնջելիորեն մնաց իմ սրտում, անթեղվեց որպես զգացմունք։ Եվ երբ ժամանակը գար, պետք է զարթներ և արձագանք տար այդ զգացմունքը։ Այդպես և պատահեց արդարև։
==== բ) Սուրբ գրոց դերը սրբահայր Զոսիմայի կյանքում ====
Վստահելի
1318
edits