Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 11 671 բայտ, 11:21, 24 Փետրվարի 2015
/* ե) Բան ինչ՝ վասն ռուս վանականի և նրա հնարավոր նշանակության */
==== ե) Բան ինչ՝ վասն ռուս վանականի և նրա հնարավոր նշանակության ====
 
Հայրեր և ուսուցիչնե՛ր, ի՞նչ բան է վանականը։ Լուսավորյալ աշխարհում այս բառն այժմ ոմանք հեգնանքով են արտասանում արդեն, իսկ ուրիշներ՝ որպես նախատական բառ նույնիսկ։ Ու հետզհետե ավելի ակնբախ է դառնում վերաբերմունքն այդ։ Ճիշտ է, օհ ճի՜շտ, վանականների մեջ ևս բազմաթիվ են մակաբույծները, որկրամոլները, հեշտասերներն ու աներես շրջմոլիկները։ Սրանց են մատնացույց անում աշխարհիկ ու զարգացած մարդիկ, ասելով՝ «Ծույլեր եք դուք և հասարակության անօգուտ անդամներ, ուրիշի աշխատանքով եք ապրում, անամոթ մուրացկանների։ Մինչդեռ որքա՜ն մեծ է թիվը խոնարհ ու հեզահամբույր վանականների, որոնք տենչում են մենանալ ու կաթոգին աղոթել լռության մեջ։ Այսպիսիներին նվազ ուշադրություն են դարձնում և նույնիսկ բնավ չեն խոսում նրանց մասին, և որքա՜ն պիտի զարմանային մարդիկ, եթե ասեի, որ թերևս ռուսաց աշխարհի փրկությունը մի անգամ ևս գա սույն հեզահամբույր վանականներից, որոնք ծարավի են մենավոր աղոթքի։ Քանզի նրանք լռության մեջ ճշմարտապես պատրաստվում են «վասն աւուրն այնորիկ և ժամու»։ Առայժմ իրենց մենության մեջ նրանք վեհաշուք և անաղարտ են պահում պատկերը Քրիստոսի, պահում են անարատությունն աստվածային ճշմարտության, ինչպես ավանդված է հնագույն հայրերից՝ առաքյալներից ու նահատակներից, և երբ անհրաժեշտ ժամանակը գա՝ պիտի պարզեն այդ պատկերն աշխարհի խախտված ճշմարտության առաջ։ Մեծ է գաղափարն այս։ Արևելքից պիտի այս աստղը շողա։
 
Այսպես եմ մտածում վանականի մասին, և սխա՞լ է միթե, գոռոզակա՞ն է միթե։ Նայեցեք աշխարհիկ մարդկանց և այն աշխարհին, որ ամեն բանում իրեն վեր է դասում աստուծո ժողովուրդից, արդյոք չի՞ խեղաթյուրվել նրանց մեջ պատկերն աստուծո և ճշմարտությունը նրա։ Գիտություն ունեն նրանք, բայց գիտությունը բովանդակում է լոկ այն, ինչ ենթակա է զգայարաններին։ Իսկ հոգեկան աշխարհը, մարդկային էության վերին կեսը բացասված է ամենևին, վտարված է մի տեսակ հանդիսավորությամբ, նույնիսկ ատելությամբ։ Ազատություն է հռչակել աշխարհը, վերջերս մանավանդ, և արդ՝ ի՞նչ ենք տեսնում նրանց այդ ազատության մեջ. ոչ այլ ինչ, քան ստրկություն և անձնասպանություն։ Վասնզի աշխարհն ասում է. «Պահանջներ ունես, ուրեմն և հագեցրու դրանք, որովհետև ունես նույն իրավունքները, որ ունեն մեծազարմ և ամենահարուստ մարդիկ։ Մի՛ վախենար հագեցնելու պահանջները քո, այլև նույնիսկ բազմացրու դրանք»։ Ահա այժմյան ուսմունքն աշխարհի։ Դրա մեջ են տեսնում ազատությունը։ Եվ ի՞նչ հետևանք է տալիս պահանջները բազմացնելու այդ իրավունքը։ Հարուստների մեջ՝ մեկուսացում և հոգեկան անձնասպանություն, իսկ աղքատների մեջ նախանձ և մարդասպանություն, որովհետև իրավունքները տվել են, բայց պահանջները հագեցնելու միջոցներ չեն մատնանշել տակավին։ Հավատացնում են, թե աշխարհն ավելի ու ավելի կմիավորվի հետզհետե, կսերտանան եղբայրական փոխհարաբերման կապերը, որովհետև տարածությունները կրճատվում են, օդի միջով մտքեր են հաղորդվում։ Ավա՜ղ, մի՛ հավատար մարդկանց այդպիսի միավորման։ Ազատությունը հասկանալով որպես պահանջների բազմացում և շուտափույթ հագեցում, մարդիկ աղավաղում են սեփական բնությունն իրենց, վասնզի բազում անիմաստ ու հիմար ցանկությունների, սովորությունների և անհեթեթ ցնորքների են ծնունդ տալիս իրենց մեջ։ Ապրում են լոկ փոխադարձ նախանձի, մարմնասիրության ու սնապարծության համար։ Ճաշկերույթներ, հյուրայցեր, շքակառքեր, բարձր կոչումներ և ծառայող ստրուկներ ունենալն արդեն համարվում է անհրաժեշտություն, որի գոհացման համար զոհում են նույնիսկ կյանքը, պատիվն ու մարդասիրությունը, և մինչև իսկ անձնասպան են լինում, եթե չեն կարողանում գոհացնել։ Հարուստ չեղողների մեջ նույն բանն ենք տեսնում, իսկ աղքատներն իրենց չգոհացված պահանջներն ու նախանձը հարբեցողությամբ են խեղդում առայժմ։ Բայց շուտով գինվո փոխարեն արյամբ են հարբելու, ահա թե ո՛ւր են տանում նրանց։ Հարց եմ տալիս ձեզ՝ ազա՞տ է արդյոք այդպիսի մարդը։ Ճանաչում էի «գաղափարի համար մարտնչող» մի մարդու, նա անձամբ պատմեց ինձ, թե երբ բանտում զրկել են իրեն ծխախոտից, այնքան է տանջվել այդ զրկանքով, որ քիչ է մնացել գնա ու մատնի իր «գաղափարը», որպեսզի պարզապես ծխախոտ տան իրեն։ Բայց չէ՞ որ այդպիսի մարդն ասում է, «Գնում եմ մարդկության համար պայքարելու»։ Է՜հ, ուրեմն, ի՞նչ պայքարի կարող է գնալ այդպիսին և ինչի՞ է նա ընդունակ, գուցե շուտափույթ կատարվելիք մի գործի, բայց չի կարող երկար դիմանալ։ Եվ զարմանալի չէ, որ ազատության փոխարեն ստրկության մեջ ընկան, իսկ եղբայրասիրության ու մարդկային միավորման ծառայելու փոխարեն, ընդհակառակն, տարանջատվեցին ու մեկուսացան, ինչպես իմ խորհրդավոր այցելուն և ուսուցիչն ասաց ինձ երիտասարդությանս օրերին։ Ուստի և աշխարհում ավելի ու ավելի է աղոտանում մարդկության ծառայելու, եղբայրական սիրո և մարդկանց միասնականության գաղափարը, և հիրավի՝ նույնիսկ ծաղրանքով են վերաբերվում արդեն այդ գաղափարին, որովհետև ինչպե՞ս կարող են հրաժարվել իրենց սովորություններից, ի՞նչ ընթացք կարող է բռնել ստրուկն այս, եթե այնքան սովոր է գոհացնելու իր անհաշիվ պահանջները, որ ինքն իսկ հնարել է իր համար։ Մեկուսացել է նա, և ի՞նչ գործ ունի ամբողջ մարդկության հետ։ Ու հասել են այն բանին, որ ավելի շատ իրեր են կուտակել, բայց նվազել է ուրախությունը։
 
Այլ բան է վանական ուղին։ Հնազանդության, ծոմապահության ու աղոթքի վրա ծիծաղում են նույնիսկ, մինչդեռ դրանց մեջ է լոկ այն ուղին, որ տանում է դեպի իսկական, արդեն ճշմարիտ ազատությունը. ավելորդ ու անհարկի պահանջները կտրում ու հեռացնում են ինձնից, անձնասեր ու հպարտ իմ կամքը սաստում ու ձաղկում եմ հնազանդության միջոցով, և այդպիսով, օդնությամբն աստուծո, հասնում եմ ոգու ազատության ու դրա հետ նաև հոգեկան ուրախություն եմ ձեռք բերում։ Իսկ ո՞վ ավելի ընդունակ է մեծ գաղափար կրելու և ծառայելու դրան՝ մեկուսացյալ հարո՞ւստը, թե ազատագրյալն այս, որ թոթափել է բռնությունն իրերի և սովորությունների։ Վանականին կշտամբում են մենության համար. «Առանձնացել ես դու, որպեսզի անձը քո փրկես վանքի պատերի մեջ փակված, և մոռացել ես եղբայրական ծառայություն մատուցել մարդկության»։ Բայց կաեսնե՜նք տակավին, թե ո՛վ է ավելի ջերմեռանդորեն նվիրվելու եղբայրասիրության գործին։ Քանզի ոչ թե մենք, այլ նրանք են մեկուսացել, բայց չեն տեսնում մեկուսացումն իրենց։ Իսկ մեր միջավայրից ժողովրդական գործիչներ են հայտնվել ի հնուց անտի, և ինչո՞ւ այժմ ևս չեն կարող հայտնվել նրանք։ Նույն այդ խոնարհ ու հեզաբարո ծոմապահներն ու լռակյացները ոտքի կելնեն ու կգնան ծառայելու մեծ գործին։ Ժողովուրդն է փրկությունը Ռուսաց աշխարհի։ Իսկ ռուսական վանքն ի հնուց անտի եղել է ժողովրդի հետ։ Եթե ժողովուրդն է մեկուսացել, ուրեմն մենք ևս մեկուսացման մեջ ենք։ Ժողովուրդը մեզ նման է հավատում, և անհավատ գործիչը Ռուսաստանում ոչինչ չի կարողանա անել, եթե նույնիսկ անկեղծ սիրտ ունենա և հանճարեղ միտք։ Հիշեցե՛ք այս բանը։ Ժողովուրդը կդիմագրավի անաստվածին ու կհաղթահարի նրան, և Ռուսաց աշխարհը կլինի միասնական, ուղղափառ։ Պահեցեք ու պահպանեցե՛ք ուրեմն ժողովուրդը և պաշտպանեցե՛ք սիրտը նրա։ Դաստիարակեցե՛ք նրան առանց աղմուկի։ Ահա՛ վանական սխրալի պարտքը ձեր, քանզի ասավածազգյաց է ժողովուրդն այս։
==== զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես ====
Վստահելի
1318
edits