Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 8342 բայտ, 11:22, 24 Փետրվարի 2015
/* ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի: Մինչև վերջ աներեր հավատքի մասին */
==== ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի: Մինչև վերջ աներեր հավատքի մասին ====
 
Հիշի՛ր մանավանդ, որ ոչ ոքի դատավորը չես կարող լինել։ Քանզի երկրի վրա ոչ մի մարդ չի կարող դատել հանցագործին, մինչև որ դատավորն ինքը չգիտակցի, որ ինքը ճիշտ նույնպիսի հանցագործ է, ինչպես իր առջև կանգնած մարդը, և Որ այդ մարդու կատարած հանցանքի համար գուցե ինքն է մեղավոր բոլորից ավելի։ Իսկ երբ ըմբռնի այս բանը, հայնժամ կարող է և դատավոր լինել։ Որքան էլ անմիտ թվա երևութապես, բայց ճշմարիտ է այս։ Քանզի եթե ինքս արդար մարդ լինեի, թերևս հանցագործ չլիներ նա, որ կանգնած է իմ առջև։ Եթե կարող ես ինքդ քո վրա վերցնել հանցանքն այն հանցագործի, որ կանգնած է քո առջև ու ենթակա է քո սրտի՛ դատին, վերցուր անմիջապես և ի՛նքդ տուժիր նրա փոխարեն, իսկ նրան ազատ արձակիր առանց կշտամբելու։ Եվ եթե մինչև իսկ օրենքն է քեզ դատավոր կացուցանել նրա վրա, այդ պարագային ևս, որքան որ հնարավոր է քեզ համար, գործիր այս նույն ոգով, վասնզի հանցագործը կգնա և ավելի դառնորեն կդատապարտի ինքնիրեն։ Իսկ եթե քո համբույրին անզգա մնալով հեռանա ու քեզ իսկ ծաղրի, այդ ևս թող չգայթակղեցնի քեզ. նշանակում է՝ չի եկել դեռ ժամանակը նրա, բայց պիտի գա պատշաճ պահին։ Իսկ թե չգա, փույթ չէ. եթե ոչ նա, ապա ուրիշ մեկը պիտի հասկանա նրա փոխարեն ու պիտի տառապի, պիտի դատապարտի ու մեղադրի ինքնիրեն, և ճշմարտությունը պիտի չբացվի։ Հավատա՛ այս բանին, աներկբայորեն հավատա, վասնզի այս բանի վրա է հիմնված ամբողջ հույսն ու հավատքը սրբերի։
 
Գործի՛ր անդուլ, անդադար։ Եթե հիշես ի գիշերի, քուն մտնելու պահին՝ «Չեմ կատարել այն, ինչ պետք է կատարեի», վեր կաց իսկույն և կատարի՛ր։ Եթե չարակամ ու անզգա են մարդիկ քո շուրջ և չեն ուզում լսել քեզ, ընկի՛ր նրանց ոտքերը ու ներումն խնդրիր նրանցից, վասնզի դու ևս մեղավոր ես հիրավի, որ չեն ուզում լսել քեզ։ Իսկ եթե չես կարող այլևս խոսել գազազած մարդկանց հետ, ապա լռելյայն ծառայիր նրանց քո նվաստացման մեջ, երբեք չկորցնելով հույսը քո։ Այլ եթե լքեն քեզ բոլորը, նույնիսկ վռնդեն բռնի ուժով ու մնաս առանձին, ապա նետվիր գետին ու համբուրի՜ր երկիրը, թրջիր քո արցունքներով, և պտուղ կտա երկիրը քո արցունքներից, թեկուզ ոչ ոք տեսած ու լսած չլինի քեզ առանձնության մեջ քո։ Հավատա մինչև՜ վերջ, եթե նույնիսկ պատահի, որ բոլորը մոլորվեն երկրի վրա և դու միակը մնաս հավատարիմ. այդ պարագային ևս, ո՜վ միակ մնացյալ, մատուցիր զոհաբերությունդ և գովաբանիր զաստված։ Իսկ եթե քեզ նման երկու հոգի հանդիպեն միմյանց, ահա արդեն մի ամբողջ աշխարհ, կենդանի սիրո մի աշխարհ. Գրկեցեք իրար գորովալից ու գովաբանեցեք բարձրյալին, վասնզի՝ թեկուզ ձեր երկուսի մեջ միայն, բայց ամբողջացել է արդարև ճշմարտությունը նրա։
 
Եթե ինքդ մեղանչես ու նույնիսկ մահու չափ տրտմես քո մեղքերի համար և կամ անակնկալ մի մեղքի համար քո, ապա ուրախացիր վասն ուրիշի, ուրախացիր վասն արդար մարդու, ուրախացիր վասն այնորիկ, որ եթե դու մեղանչել ես, ապա նա՛ արդար է ու չի մեղանչել։
 
Իսկ եթե մարդկանց չարագործությունն այնքան վրդովի քեզ, որ այլևս անդիմադրելի զայրույթ ու տրտմություն զգաս, մինչև իսկ չարագործներից վրեժ լուծելու աստիճան, ապա ամենից ավելի սոսկա ա՛յդ զգացումից. իսկույն ևեթ գնա ու քեզ համար տառապանք որոնիր այնպես, որ իբրև թե ինքդ մեղավոր լինեիր մարդկանց այդ չարագործության համար։ Ընդունիր տառապանքն այդ ու կրիր, և կամոքվի սիրտը քո, ու կհասկանաս, որ ինքդ ևս մեղավոր ես, քանզի կարող էիր լույս տալ չարագործներին՝ որպես միակ անմեղը մինչև իսկ, և լույս չտվեցիր։ Եթե լույս տայիր, ապա ուրիշների համար ևս կլուսավորեիր ճանապարհը քո լույսով, և չարագործություն կատարողը չէր ընկնի թերևս այդ մեղքի մեջ՝ քո լույսի՛ շնորհիվ։ Եվ նույնիսկ եթե լույս ես տվել, բայց տեսնում ես, որ մարդիկ չեն փրկվում մինչև իսկ քո լույսի շնորհիվ, հաստատ մնա և մի տարակուսիր երկնային լուսո զորության վրա. հավատա՛, որ եթե այժմ չեն փրկվել, պիտի փրկվեն հետագայում։ Իսկ եթե հետագայում ևս չփրկվեն, որդիները նրանց փրկվեն պիտի, քանզի չի մեռնի լույսը քո, թեկուզ և դու մեռած լինես արդեն։ Արդար մարդը գնում է, բայց մնում է լույսը նրա։ Իսկ փրկչի մահից հետո միշտ էլ փրկվում են մարդիկ։ Չի ընդունում մարդկային ցեղն իր մարգարեներին ու խոշտանգում է նրանց, բայց մարդիկ սիրում են իրենց նահատակներին ու մեծարում այն մարդկանց, որոնց խոշտանգել են իրենք։ Իսկ դու աշխատում ես ընդհանուրի համար, գործում ես վասն ապագայի։ Ու երբեք վարձատրություն մի՛ փնտրիր, քանզի առանց այդ էլ մեծ է քո վարձատրությունն այս երկրի վրա. հոգեկան ուրախությունն է այդ, որ միայն արդար մարդուն է շնորհվում։ Մի՛ երկնչիր ոչ մեծավորներից, ոչ էլ հզորներից, այլ եղիր իմաստուն և միշտ բարեզարդ։ Չափն ու սահմանը գիտցիր, պայմանաժամերը գիտցիր, սովորիր իմանալ դրանք։ Իսկ երբ մենության մեջ լինես, աղոթի՛ր։ Սիրիր ծնկի իջնել ու գետնատարած համբուրե՜լ երկիրը։ Համբուրի՛ր երկիրը և սիրի՜ր անդադար, անհագորե՜ն սիրիր բոլորի՜ն սիրիր, ամե՜ն ինչ սիրիր, ձգտիր այդ սիրազեղ ցնծության ու հափշտակության։ Թրջիր երկիրն արցունքներով քո ուրախության ու սիրիր այդ արցունքները քո։ Եվ մի՛ ամաչիր այդ ցնծագին հափշտակությունից, թանկ գնահատիր, վասնզի աստվածային շնորհ է դա, մե՜ծ շնորհ, և տրվում է ոչ թե բազմաց, այլ ընտրյալներին։
==== թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն ====
Վստահելի
1318
edits