Changes
/* թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն */
==== թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն ====
Հայրեր և ուսուցիչներ. մտածում եմ՝ «ի՞նչ բան է ղժոխքը»։ Դատում եմ այսպես. «Դա այն տառապանքն է, որով տվայտում է մարդ, երբ այլևս չի կարող սիրել»։ Անհուն գոյության մեջ, որ ոչ ժամանակով է չափվում, ոչ էլ տարածությամբ, հոգեղեն մի արարած, հայտնվելով երկրի վրա, լոկ մեկ անգամ կարողությունն է ստանում ասելու ինքն իրեն. «Ես կամ, ու ես սիրում եմ»։ Մեկ անգամ, մեկ անգամ միայն տրվում է նրան գործունյա, կենդանի սիրո ակնթարթը, դրա համար և երկրային կյանքն է արվում, տրվում են կյանքի շրջաններն ու պայմանաժամերը։ Եվ ի՞նչ. այդ երջանիկ արարածը մերժել է շնորհն անգին, չի գնահատել այն, չի սիրել, հեգնանքով է նայել ու մնացել է անզգա։ Այդպիսի մեկը, հեռացած լինելով այլևս երկրային կյանքից, տեսնում է գոգն Աբրահամի, նաև խոսում է Աբրահամի հետ, ինչպես ասված է մեզ մեծատան ու Ղազարոսի առակում, ու նաև դրախտն է դիտում և կարող է բարձրանալ աստուծո մոտ. բայց տանջվում է ճիշտ այն պատճառով, որ կարող է աստուծո մոտ բարձրանալ առանց սիրած լինելու, կարող է հաղորդակցել նրանց հետ, ովքեր սիրել են, մինչդեռ ինքն արհամարհել է սերը նրանց։ Վասնզի տեսնում է հստակորեն և այլևս ինքն է ասում իրեն. «Այժմ արդեն իմացություն ունեմ ու թեև ծարավի եմ սիրո, բայց այլևս սխրանքի վսեմությունը չի լինելու իմ սիրո մեջ, չի լինելու նաև զոհաբերություն, քանզի վերջացավ կյանքն իմ երկրային, և հայր Աբրահամն այլևս չի գա գեթ մի կաթիլ կենարար ջուր տալու (այսինքն կրկին երկրային կյանք շնորհելու նախկինի նման, գործունյա մի կյանք), չի զովացնի հոգեկան սիրո ծարավն հրակեզ, որով այրվում եմ հիմա, մինչդեռ արհամարհել եմ այդ սերը երկրի վրա. ինձ համար չկա այլևս կյանք, ու ժամանակը ևս գոյություն չի ունենալու։ Թեկուզ նույնիսկ ուրախությամբ ուզեի կյանքս տալ ուրիշների համար, բայց անհնար է արդեն, որովհետև անցավ այն կյանքը, որ կարելի էր զոհաբերել վասն սիրո, և այժմ անդունդ կա այս կյանքի և այս գոյության միջև»։ Խոսում են դժոխային նյութական հրո մասին, չեմ քննում խորհուրդն այդ և սոսկում եմ դրանից, բայց մտածում եմ, որ եթե նույնիսկ գոյություն ունենար հուրն այդ նյութական, ապա պիտի ուրախանային արդարև դրա համար, վասնզի, երևակայում եմ, նյութական տանջանքի մեջ պիաի մի վայրկյա՜ն գոնե մոռանային հոգեկան տանջանքը, որ ավելի սարսափելի է։ Այլև անհնար է վերացնել նրանցից այդ տանջանքը հոգեկան, վասնզի տանջանքն այդ ոչ թե արտաքին է, այլ նրանց մե՛ջ է։ Եվ եթե նույնիսկ հնարավոր լիներ վերացնել, ապա մտածում եմ, որ դա ավելի ևս կդառնացներ դժբախտությունը նրանց։ Քանզի եթե դրախտի արդարները, դիտելով տանջանքները նրանց, թեկուզ ներեին և անհուն սիրով կանչեին իրենց մոտ, դրանով իսկ բազմապատկած կլինեին տանջանքները նրանց, որովհետև առավել ևս ուժգնորեն բոցավառած կլինեին նրանց մեջ ծարավը փոխադարձ սիրո, գործունյա ու երախտապարտ սիրո, որ անհնար է արդեն։ Բայց և այնպես, սրտի երկյուղով մտածում եմ, որ այդ անկարելիության գիտակցությունն իսկ ի վերջո մխիթարություն կլինի նրանց համար, վասնզի ընդունելով արդարների սերը և փոխադարձելու անկարելիությունը, այդ համակերպության շնորհիվ և այդ խոնարհության ներգործմամբ վերջապես ձեռք կբերեն մի տեսակ նմանակն այն գործունյա սիրո, որ արհամարհել էին երկրի վրա, ու ձեռք կբերեն նաև գործելու մի եղանակ, որ նման կլինի այդ սիրո... Ցավում եմ, եղբայրներ ու բարեկամներ իմ, որ չեմ կարող հստակորեն արտահայտել այս բանը։ Բայց վա՜յ նրանց, որ իրե՛նք իսկ իրենց են ոչնչացրել երկրի վրա, վա՜յ անձնասպաններին։ Մտածում եմ, որ այլևս ոչ ոք չի կարող ավեչի դժբախտ լինել, քան նրանք։ Մեզ ասում են, թե մեղսական է նրանց համար աղոթել աստուծո, և եկեղեցին կարծես թե մերժում է նրանց երևութապես, բայց մտածում եմ ի խորոց սրտի, որ կարելի է նրանց համար ևս աղոթել։ Չէ՞ որ սերը երբեք այնպանելի չէ հաչս Քրիստոսի։ Այդպիսիների համար ես ներքուստ աղոթել եմ իմ ամբողջ կյանքում, խոստովանում եմ այս բանը ձեզ, հայրեր և ուսուցիչներ, և այժմ ևս աղոթում եմ ամենայն օր։
Օ՜, կան և այնպիսիք, որոնք դժոխքում անգամ մնում են հպարտ ու մոլեգին, հակառակ որ աներկբայելի իմացություն են ձեռք բերել և տեսնում են ճշմարտությունն անհեղլի. կան զարհուրելի ոմանք, որ լիովին անձնատուր են եղել սատանային ու հպարտ ոգուն նրա։ Սրանց համար դժոխքն արդեն կամովին է և հավերժատանջ. հոժարակամորեն չարչարվում են նրանք։ Վասնզի իրենք իսկ անիծել են իրենց, անիծելով կյանքն ու զաստված։ Սնվում են իրենց քինախնդիր հպարտությամբ, ինչպես եթե սովահարն անապատում սկսեր իր սեփական արյունը ծծել իր իսկ մարմնից։ Սակայն անհագ են մնում հավիտյանս հավիտենից և մերժում են ներումն աստուծո, անիծում են բարձրյալին, որ կանչում է նրանց։ Չեն կարող առանց ատելության նայել կենդանի աստուծո և պահանջում են, որ ի չիք դառնա աստվածն կյանքի, որ աստված ոչնչացնի ինքնիրեն և իր ստեղծագործությունն ամբողջ։ Ու նրանք պիտի հավերժորեն վառվեն իրենց ցասման հրո մեջ, պիտի մահ ու չգոյություն տենչան։ Բայց մահը չի տրվելու նրանց...
Այստեղ ավարտվում է Ալեքսեյ Ֆյողորովիչ Կարամազովի ձեռագիրը։ Կրկնում եմ՝ այս գրվածքը թերի է և հատուկտոր։ Կենսագրական տեղեկությունները, օրինակ, սրբահոր կյանքի վաղ շրջանն են ընդգրկում միայն։ Իսկ նրա հորդորներից ու կարծիքներից ի մի են բերվել ու մի տեսակ ամբողջություն են կազմել զանազան ասույթներ, որոնք հավանաբար տարբեր ժամանակներում են ասվել՝ այլազան շարժառիթներով։ Համենայն դեպս, որոշակիորեն չի սահմանազատված այն, ինչ սրբահայրն ասել է իր կյանքի վերջին ժամերին, այլ շարադրված է այնպես, որ կարելի է լոկ գաղափար կազմել նաև այդ զրուցատրության ոգու և բնույթի մասին, եթե համեմատենք այն նախկին հորդորների հետ, որոնք բերված են Ալեքսեյ Ֆյոդորովիչի ձեռագրում։ Իսկ սրբահոր մահը բոլորովին անսպասելիորեն տեղի ունեցավ արդարև։ Թեև այդ վերջին իրիկունը նրա մոտ հավաքվածները հասկանում էին լիովին, որ մոտալուտ է նրա վախճանը, բայց այնուամենայնիվ չէր կարելի պատկերացնել, թե մահն այնքան հանկարծակի է վրա հասնելու։ Ընդհակառակը, ինչպես ասել եմ արդեն, բարեկամներն այդ գիշեր երևութապես այնքան առույգ ու զրուցասեր տեսնելով նրան՝ մինչև իսկ համոզվել էին, թե սրբահոր առողջական վիճակում նկատելի բարելավում է կատարվել, թեկուզ և կարճ ժամանակով միայն։ Նույնիսկ մահից հինգ րոպե առաջ, ինչպես ասում էին հետո զարմանքով, դեռ ոչինչ չէր կարելի նախատեսել։ Ասես հանկարծ մի շատ ուժեղ ցավ զգաց կրծքի մեջ, գունատվեց և ձեռքերն ամուր սեղմեց սրտին։ Բոլորը վերկացան իրենց տեղերից ու փութացին նրա մոտ։ Բայց նա, թեև տառապելով, բայց դեռ շարունակելով ժպտագին նայեց նրանց, բազկաթոռից իջավ մեղմորեն, ծնկի եկավ, ապա երեսը խոնարհեց դեպի երկիր, թևերը տարածեց ու կարծես ցնծագին հափշտակությամբ, համբուրելով երկիրը և աղոթելով (ինչպես ինքն էր ուսուցանում), հանդարտորեն ու բերկրալից ավանդեց իր հոգին աստուծո։ Նրա վախճանման լուրն անմիջապես տարածվեց մենաստանում և հասավ վանք։ Հանգուցյալի մերձավորագույն բարեկամները և այն անձինք, որոնք պարտավոր էին ըստ եկեղեցական կարգի, սկսեցին հանդերձել նրա մարմինը հնավանդ ծիսակատարությամբ, իսկ ամբողջ միաբանությունը հավաքվեց մայր եկեղեցվո մեջ։ Եվ դեռ լույսը չբացված, ինչպես պատմում էին հետագայում, սրբահոր վախճանման լուրը հասավ քաղաք։ Առավոտյան դեմ գրեթե ամբողջ քաղաքը խոսում էր դեպքի մասին, և բազմության հոսանքը ծայր առավ դեպի վանք։ Բայց դրա մասին կպատմենք հաջորդ գրքում, իսկ այժմ, կանխելով, պարզապես ավելացնենք, որ դեռ մեկ օր էլ չէր անցել, երբ անսպասելի մի բան կատարվեց, այնքա՜ն անսպասելի բոլորի համար, և վանքում ու քաղաքում գործած տպավորությամբ այնքա՜ն տարօրինակ, տագնապալից ու խառնաշփոթ, որ մինչև այսօր էլ, այնքան տարիներ հետո, մեր քաղաքում ամենակենդանի հիշատակներ են մնացել այդպիսի ընդհանուր տագնապ պատճառած օրվա մասին...