Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1943 բայտ, 12:03, 3 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Հում, ի՞նչ, էնտմու՞թը: -Ծառմորուսը շրջվեց դեպի հոբիթները: -Հարցն այնքան էլ ճիշտ չէ: Էնտմութը ոչ թե ինչ որ տեղ է, ասենք սար կամ բացատ, էնտմութը դա էնտերի հավաքույթ է, խորհուրդ, և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս էնտերը հազվադեպ են խորհուրդ հրավիրում: Բայց այսօր ինձ հաջողվեց շատերին համոզել, և նրանք խոստացան, որ կգան: Հավաքվելու ենք այնտեղ, որտեղ միշտ հավաքվել ենք՝ Կախարդված հովտում, ինչպես այդ վայրը անվանել են մարդիկ: Այն այստեղից հարավ է գտնվում, պետք է մինչև կեսօր այնտեղ լինենք:
Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Սրահի մուտքի մոտից նա թեքվեց դեպի աջ, անցավ արագահոս գետակի վրայով և գրեթե անտառազուրկ բարձր լեռների լանջերի երկայնքով երկարությամբ քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի ու հաստաբուն ծառեր հոբիթները ոչ մի տեղ չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, թեպետ հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում», անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, և մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Բայց Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ աջ այս ու ձախ այն կողմ նայում: Նրանք երկար գնացին: Փինը փորձում էր հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց և ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ «Հու՜մ! Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից և կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ! Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, այլ ոչ թե արձագանք:  Էնտը նորից բարձրացրեց հոբիթներին և շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից» և ամեն նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերի պատ երևաց: Ճյուղերը սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց առանց փշերի: Ձիթապտղի երանգով խոշոր փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը: Ծառմորուսը թեքվեց ձախ, և շուտով վիթխարի կենդանի ցանկապատը փակեց ճանապարհը, և միայն մի տրորված կածան էր տանում զառիվայր լանջով ներքև, դեպի լայնարձակ շրջանաձև հովիտը՝ բնակեցված դարավոր վթխարի ծառերով:
Վստահելի
1342
edits