Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Ավելացվել է 50 838 բայտ, 16:11, 4 Մարտի 2015
/* 8 */
Այնուհետև գրեթե էլ չխոսեցինք։ Նա «Վոգ» էր կարդում, իսկ ես պատուհանից նայում էի դուրս։ Նա իջավ Նյու֊Յորքում։ Բաժանվելիս ցանկացավ, որ վիրահատությունս հաջող անցնի և այլն։ Ու ինձ Ռուդոլֆ անվանեց։ Իսկ վերջում հրավիրեց ամռանը գնալ Էռնիի մոտ՝ Գլոստեր, Մասաչուսետս։ Ասաց, որ իրենց տունը ուղղակի ափին է, իսկ այնտեղ թենիսի հրապարակ կա, բայց ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ տատիկիս հետ մեկնում եմ Հարավային Ամերիկա։ Ես թունդ փչեցի, որովհետև մեր տատիկը նույնիսկ տնից դուրս չի գալիս, բացի երբեմն առավոտյան աղոթքի գնալուց։ Բայց միևնույն է, ես երբեք չէի գնա այդ սողուն Էռնեստի մոտ, ոչ մի գնով, եթե նույնիսկ գնալու տեղ չունենայի։
 
 
==9==
 
 
Փենսիլվանյան կայարանում առաջին հերթին գնացի հեռախոսախցիկ։ Ուզում էի որևէ մեկին զանգահարել։ Ճամպրուկներս դրի հեռախոսախցիկի մոտ, որպեսզի լավ երևան, բայց հենց որ լսափողը վերցրի, տեսա, որ ոչ մեկին չեմ կարող զանգ տալ։ Եղբայրս՝ Դ․ Բ֊ն, Հոլիվուդում էր, Ֆիբին՝ փոքրիկ քույրիկս, ժամը իննին պառկում էր քնելու, նրան հնարավոր չէր զանգ տալ։ Նա չէր բարկանա, որ արթնացնեի, բայց ամբողջ գաղտնիքը նրանում էր, որ հեռախոսին մեկ ուրիշը կմոտենար։ Ծնողներիցս որևէ մեկը։ Ուրեմն՝ չէր կարելի։ Ես ցանկացա զանգահարել Ջեյն Գալլահերի մորը, իմանալ, թե երբ է սկսվում Ջեյնի արձակուրդը, բայց հետո փոշմանեցի։ Բացի այդ էլ, ուշ էր այնտեղ զանգահարելու համար։ Հետո ցանկացա զանգահարել այն աղջկան, որի հետ հաճախ էի հանդիպում՝ Սալլի Հեյսին, գիտեի, որ նրա արձակուրդն արդեն սկսվել է, նա ինձ այսպես կոչված նամակ էր գրել, ծայրից ծայր կեղծ, սոսկալի երկար, հրավիրում էր ճրագալույցին օգնեմ տոնածառը զարդարելուն։ Բայց վախեցա հեռախոսին մոտենա նրա մայրիկը։ Նա ծանոթ էր մայրիկիս, ու պատկերացնում եմ, թե ինչպես կվերցներ հեռախոսն ու գլխապատառ կզանգահարեր մորս, որ ես Նյու֊Յորքում եմ գտնվում։ Բացի այդ էլ, հավես չկար պառավ Հեյսի հետ հեռախոսով խոսելու։ Նա ինչ֊որ մի անգամ Սայլիին ասել էր, թե ես անզուսպ եմ։ Նախ՝ անզուսպ եմ, երկրորդն էլ՝ կյանքում որևէ նպատակ չունեմ։ Հետո ցանկացա զանգել մի տիպի, որի հետ սովորել էի Հուտտոնի դպրոցում՝ Կառլ Լյուսին, բայց նրան շատ չէի սիրում։ Ի վերջո ոչ ոքի էլ չզանգահարեցի։ Մի քսան րոպե հետո դուրս եկա խցիկից, վերցրի ճամպրուկներս ու թունելով գնացի տաքսիների կայան։
 
Ես այն աստիճան ցրված եմ, որ, սովորության համաձայն, վարորդին տվեցի մեր տան հասցեն։ Բոլորովին դուրս էր թռել գլխիցս, որ երկու օր որոշել էի սպասել հյուրանոցում և չգնալ տուն, մինչև արձակուրդի սկսվելը։ Այդ մասին հիշեցի, երբ արդեն անցել էինք գրեթե ամբողջ զբոսայգին։ Ես նրան ասում եմ․
 
― Խնդրում եմ ետ դարձեք, ես ձեզ ճիշտ հասցեն չեմ տվել, հարկավոր է ետ գնալ, կենտրոն։
 
Բայց երևում է խորամանկ վարորդ էր․
 
― Չեմ կարող, Մաք, այստեղ երթևեկությունը միակողմանի է։ Հիմա պետք է մինչև իննսուներորդ փողոցը հասնեմ։
 
Չուզեցի վիճել։
 
― Լավ, ― ասում եմ։ Ու հանկարծ հիշեցի․ ― Ասացեք, դուք տեսե՞լ եք այն բադերը, Կենտրոնական զբոսայգու։ Հարավային մուտքի մոտի լճում։ Այն փոքրիկ լճակում։ Գուցե պատահմամբ գիտե՞ք, թե ուր են չվում այդ բադերը, երբ լիճը ծածկվում է սառույցով։ Գուցե պատահմամբ գիտե՞ք։
 
Ես, իհարկե հասկանում էի, որ դա զուտ պատահականություն կարող էր լինել։
 
Նա շուռ եկավ ու նայեց ինձ այնպես, կարծես ես աննորմալ էի։
 
― Դու ինչ է, եղբայրս, ― ասում է նա, ― ծիծաղո՞ւմ ես ինձ վրա։
 
― Ոչ, ― ասում եմ, ― պարզապես ինձ հետաքրքրում է դա։
 
Նա այլևս ոչինչ չասաց, ես՝ նույնպես։ Երբ մենք զբոսայգուց դուրս եկանք և հասանք իննսուներորդ փողոց, նա շրջվեց․
 
― Դե, եղբայրս, հիմա՞ ուր ենք գնում։
 
― Հասկանում եք, չեմ ուզում գնալ Իստ֊Սայդ հյուրանոց, այնտեղ կարող են ծանոթներ հանդիպել։ Ես ծպտված եմ ճանապարհորդում, ― ասացի։ Ասում եմ անհամ արտահայտությունները․ «Ծպտվա՜ծ եմ ճանապարհորդում»։ Բայց հիմարների հետ այլ կերպ չես կարող զրուցել։ ― Պատահմամբ չգիտե՞ք ինչ նվագախումբ է նվագում Տաֆտի մոտ կամ «Նյու֊Յորքում»։
 
― Գաղափար անգամ չունեմ, Մաք։
 
― Լա՜վ, տարեք ինձ «Էդմոնտ», ― ասում եմ, ― գուցե դուք չե՞ք մերժի ճանապարհին ինձ հետ կոկտեյլ խմել։ Հյուրասիրում եմ։ Ես բավական շատ փող ունեմ։
 
― Չի կարելի, Մաք։ Ներեցեք։
 
Այո, ուրախ ուղևոր եմ, խո՜սք չկա։ Անվանի անձնավորությո՜ւն։
 
Մենք եկանք «Էդմոնտ», և ես համար վերցրի։ Տաքսիում գլխիս դրի իմ որսորդական գլխարկը, հենց այնպես, կատակի համար, բայց նախասրահում հանեցի, որպեսզի ինձ խելառի տեղ չդնեին։ Ծիծաղելի է, ես այն ժամանակ չգիտեի, որ այդ ստոր հյուրանոցը լեփ֊լեցուն է ամեն տիպի խելառներով։
 
Ինձ սոսկալի մռայլ համար էին տվել, թախիծը ուղղակի համակում էր հոգիս։ Պատուհանից ոչինչ չէր երևում, բացի հյուրանոցի ետևի պատհից։ Բայց ինձ համար միևնույն էր։ Երբ վատ տրամադրության մեջ ես, ի՜նչ նշանակություն ունի, թե պատուհանից ինչ է երևում։ Ինձ համար ուղեկցեց միջանցքի ծառայողը, զառամած մի ծերուկ՝ մոտ յոթանասուն տարեկան։ Նա ավելի տխուր տպավորություն թողեց ինձ վրա, քան համարը։ Լինում են այնպիսի ճաղատներ, որոնք կողքից են սանրում մազերը, որպեսզի ծածկեն ճաղատությունը։ Ես ավելի շուտ ճաղատ ման կգայի, քան այդպես կսանրվեի։ Ընդհանրապես դա ինչ աշխատանք է ծերունու համար՝ տեղափոխե՜լ ուրիշի ճամպրուկները և սպասել թեյավճարի։ Հավանաբար, նա այլևս ուրիշ բանի պետք չէ, այնուամենայնիվ, դա սոսկալի է։
 
Երբ նա գնաց, սկսեցի պատուհանից դուրս նայել առանց վերարկուս հանելու։ Միևնույն է, անելիք չունեի։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր կատարվում դիմացի մասնաշենքում։ Այնտեղ նույնիսկ նեղություն չէին կրել վարագույրներն իջեցնել։ Ես տեսնում էի, թե ինչպես մի տիպ, միայն տրուսիկով, ճերմակահեր, օրինավոր տեսքով մի պարոն այնպիսի բաներ էր անում, որ չեք հավատա, եթե ասեմ։ Նախ ճամպրուկը դրեց մահճակալին։ Հետո այնտեղից կանացի հագուստներ հանեց ու սկսեց հագնվել։ Իսկական կանացի հագուստներ՝ մետաքսե գուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ, կրծքակալ և այնպիսի գոտի, որից կախված են լինում ռեզինները։ Հետո նեղ, սև զգեսը հագավ, երեկոյան զգեստ, երդվում եմ աստծո՜վ։ Հետո սկսեց կանացի փոքրիկ քայլերով անցուդարձ անել սենյակում ու սիգարետ ծխել և նայել հայելուն։ Նա մեն֊մենակ էր։ Եթե, իհարկե, լոգարանում որևէ մեկը չկար․ դա արդեն ես չէի տեսնում։ Իսկ նրա վերևի լուսամուտում ես տեսնում էի մի տղամարդու և մի կնոջ, որոնք բերանով ջուր էին ցողում իրար վրա։ Գուցեև ոչ ջուր, այլ՝ կոկտեյլ։ Ես չէի տեսնում նրանց բաժակների մեջ ինչ կա։ Սկզբում տղամարդն էր բերանը լցնում ու փչում ուղիղ կնոջ վրա։ Հետո էլ՝ կինը, հերթով, գրողի ծոցը գնան նրանք։ Միայն տեսնեիք, թե ինչպես էին անում դա։ Չեմ կատակում։ Հյուրանոցը լիքն էր գժերով։ Հավանաբար, ես միակ լուրջ մարդն էի նրանց մեջ, իսկ դա այնքան էլ շատ չէ։ Քիչ էր մնում հեռագիր ուղարկեի Ստրեյդլեյթերին, որ առաջին իսկ գնացքով գար Նյու֊Յորք։ Նա այստեղ արքա կարող էր լինել, այս հյուրանոցում։
 
Վատն այն է, որ նման գարշանքին նայում ես առանց աչքդ կտրելու, նույնիսկ չուզենալով հանդերձ։ Իսկ այն աղջիկը, որին ամբողջապես ջուր էին արել, նույնիսկ լավիկն էր։ Ահա թե որն է իմ դժբախտությունը։ Հոգուս խորքում ես, հավանաբար, սոսկալի անբարոյական եմ։ Երբեմն նույնիսկ սոսկալի անբարոյականություններ եմ պատկերացնում, ու թերևս ինքս ի վիճակի եմ անելու դրանք, եթե առիթ լինի։ Ինձ երբեմն թվում է, թե դա գուցե հաճելի է, թեև զազրելի է։ Օրինակ՝ ես նույնիսկ հասկանում եմ, որ կարող է և հետաքրքիր լինել, եթե երկուսդ էլ հարբած եք ու բերանով ջուր կամ կոկտեյլ եք ցողում իրար վրա։ Բայց ճիշտն ասաց դա բոլորովին դուր չի գալիս ինձ։ Եթե խոր մտածես, ապա դա ուղղակի գռեհկություն է։ Իմ կարծիքով, եթե աղջիկը քեզ դուր է գալիս, ապա հարկ չկա հիմարություններ անելու, եթե նա քեզ դուր է գալիս, ուրեմն դեմքն էլ է դուր գալիս, դե էլ ինչ հարկ կա անվայելուչ արարքների, նրա դեմքին ջուր կամ չգիտեմ թե էլ ինչ թքելու։ Վատն այն է, որ երբեմն ամեն տեսակ հիմարություններն էլ հաճույք են պատճառում մարդուն։ Աղջիկներն իրենք էլ մի բան չեն, միայն խանգարում են, երբ ջանում ես որևէ հիմարություն թույլ չտալ, որպեսզի չփչացնես մի որևէ իսկական լավ բան։ Ես մի ծանոթ աղջիկ ունեի երկու տարի առաջ։ Նա ինձնից վատն էր։ Օհ, ինչպիսի՜ տականք էր։ Եվ այնուամենայնիվ, երբեմն հետաքրքիր էր նրա հետ, թեկուզև զազրելի։ Ընդհանրապես ես այդ սեքսուալ հարցերից լավ չեմ գլուխ հանում։ Երբեք չես իմանում, թե ինչն ինչոց է։ Ես ինքս ինձ համար վարվեցողության կանոններ եմ մշակում և տեղնուտեղն էլ խախտում։ Անցյալ տարի ինքս ինձ որոշեցի, որ կապ չպետք է ունենամ այնպիսի աղջիկների հետ, որոնցից զզվում եմ։ Ու ինքս էլ խախտեցի որոշումս այդ նույն շաբաթ, ճիշտն ասած հենց նույն երեկոյան։
 
Ամբողջ երեկոն համբուրվեցի մի սոսկալի ջարդրտվողի հետ, որին Աննա Լուիզա Շերման էին անվանում։ Չէ, ես լավ չեմ հասկանում ամեն տիպի սեքսը։ Ազնիվ խոսք, չեմ հասկանում։
 
Կանգնել էի պատուհանի մոտ ու մտածում էի՝ ինչպես զանգահարեմ Ջեյնին։ Միջքաղաքայինով զանգեմ ուղիղ քոլեջ, որտեղ նա սովորում է, փոխանակ զանգահարելու մորն ու հարցնելու, թե երբ է սկսվում նրա արձակուրդը։ Իհարկե, չի թույլատրվում ուշ գիշերով զանգահարել ուսանողուհիներին, բայց ես արդեն ամեն ինչ մտածել էի։ Եթե մոտենան հեռախոսին, կասեմ, որ նրա քեռին եմ։ Կասեմ, որ նրա մորաքույրը հենց նոր վթարի է ենթարկվել, մահամերձ վիճակում է, ու ես պետք է անհապաղ խոսեմ Ջեյնի հետ։ Հավանաբար, նրան իմաց կտան։ Չզանգահարեցի միայն այն պատճառով, որ անտրամադիր էի։ Իսկ եթե տրամադրություն չես ունենում, միևնույն է, ոչինչ չի ստացվի։
 
Հետո նստեցի բազկաթոռին ու ծխեցի բոլոր սիգարետներս։ Ես ինձ շատ վատ էի զգում, խոստովանում եմ։ Ու մեկ էլ մի բան մտածեցի։ Սկսեցի պրպտել դրամապանակս, որոնել մի հասցե, որ տվել էր ինձ Պրինսթոնում սովորող մի տղա․ մենք ամռանն էինք ծանոթացել, մի երեկույթի ժամանակ։ Վերջապես գտա երկտողը։ Բավական ճմրթվել էր դրամապանակիս մեջ, բայց ընթերցել հնարավոր էր։ Դա մի կնոջ հասցե էր, ոչ իսկական պոռնիկի, բայց, ինչպես պրինսթոնցի այդ տղան էր ասում, նա երբեմն և չի մերժում։ Մի անգամ նա այդ աղջկան տարել է Պրինսթոն պարերի, ու քիչ է մնացել այդ պատճառով նրան վտարեն դպրոցից։ Աղջիկը կաբարեում պարում է հանվելով, թե նման մի բան։ Մի խոսքով, վերցրի հեռախոսն ու զանգահարեցի նրան։ Անունը Ֆեյ Կեվենդիչ էր, ապրում էր «Ստենֆորդ» հյուրանոցում, Վաթսունվեցերորդի և Բրոդվեյի անկյունում։ Հավանաբար մի որևէ ետնախորշում։
 
Սկզբում կարծեցի, թե տանը չէ։ Ոչ ոք չէր պատասխանում։ Հետո վերցրին լսափողը։
 
― Ալլո, ― ասացի։ Ես թավ ձայնով էի խոսում, որպեսզի չհասկանա քանի տարեկան եմ։ Բայց ձայնս ընդհանրապես բավական ցածր է։
 
― Ալլո, ― ասաց կանացի ձայնը ոչ այնքան սիրալիր։
 
― Դա միսս Ֆեյ Կեվենդի՞չն է։
 
― Այո, ո՞վ է, ― հարցրեց նա։ ― Այդ ո՞վ է գիշերվա կեսին զանգահարում ինձ, գրողը տանի։
 
Ես մի քիչ վախեցա։
 
― Այո, ես հասկանում եմ, որ հիմա ուշ է, ― ասացի մեծավարի։ ― Հուսով եմ, դուք ինձ կներեք, բայց ինձ ուղղակի անհրաժեշտ էր ձեզ հետ խոսել։ ― Ու այդ ամենը բարձրաշխահիկ տոնով, ազնիվ խոսք։
 
― Այդ ո՞վ է ախր, ― հարցնում է նա։
 
― Դուք ինձ չեք ճանաչում, ես Էդի Բերդսելի ընկերն եմ։ Նա ասաց, որ եթե քաղաք գամ, անպայման ձեզ հանդիպեմ ու միասին կոկտեյլ խմենք։
 
― Ով ասա՞ց։ Դուք ում ընկերն ե՞ք։ ― Իսկական էգ վագր է, հա՜, աստված վկա։ Նա ուղղակի բղավում էր ինձ վրա հեռախոսով։
 
― Էդմունդ Բերդսելի, Էդի Բերդսելի, ― կրկնեցի ես։ Լավ չէի հիշում նրան անունը՝ Էդմունդ էր թե Էդվարդ։ Միայն մեկ անգամ էինք հանդիպել մի ապուշ երեկույթում։
 
― Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, Ջեկ։ Ու եթե ձեր կարծիքով ինձ համար հաճելի է գիշերվա կեսին վեր թռչել․․․
 
― Էդի Բերդսել, Պրինսթոնից, ― ասացի ես։
 
Լսում էի, թե նա ինչպես է կրկնում ազգանունը։
 
― Բերդսել․․․ Բերդսել․․․ Պրինսթոնի քոլեջի՞ց։
 
― Այո, այո, ― ասացի ես։
 
― Դո՞ւք էլ եք այնտեղից։
 
― Մոտավորապես։
 
― Ըհը․․․ Իսկ ինչպե՞ս է Էդին, ― ասաց նա։ ― Այնուամենայնիվ, այլանդակություն է զանգահարել գիշերվա կեսին։
 
― Նա՝ ոչինչ։ Խնդրել է ձեզ բարևներ հաղորդել։
 
― Դե, շնորհակալ եմ։ Դուք էլ իրեն բարևեք, ― ասաց։ ― Նա շատ լավ տղա է։ Ի՞նչ է անում հիմա։ ― Կամաց֊կամաց սիրալիր էր դառնում, գրողը տանի։
 
― Նույն բանը, ինքներդ էլ հասկանում եք, ― ասացի ես։ Ինչ իմանայի, թե ինչ է անում։ Ես գրեթե անծանոթ էի նրան։ Չգիտեի նույնիսկ՝ սովորո՞ւմ է դեռ Պրինսթոնում, թե չէ։ ― Լսեցեք, ― ասում եմ։ ― Գուցե հանդիպենք հիմա, մի֊մի կոկտեյլ խմենք։
 
― Դուք պատկերացնո՞ւմ եք ժամը քանիսն է, ― ասաց նա։ ― Եվ թույլ տվեք հարցնել ձեր անունը։ ― Նա հանակարծ սկսեց խոսել անգլիական շեշտադրությամբ։ ― Ինչ֊որ շատ ջահել ձայն ունեք։
 
― Շնորհակալություն կոմպլիմենտի համար, ― ասում եմ ամենաբարձրաշխարհիկ տոնով։ ― Իմ անունը Հոլդեն Քոլֆիլդ է։ ― Հարկավոր էր ուրիշ անուն մտածել, բայց ես անմիջապես գլխի չընկա։
 
― Գիտեք ինչ, միստր Քոֆլ, ես սովոր չեմ գիշերները տեսակցության գնալու։ Չէ՞ որ աշխատում եմ։
 
― Վաղը կիրակի է։
 
― Միևնույն է, ես պետք է լավ քնեմ։ Ինքներդ էլ հասկանում եք։
 
― Իսկ ես կարծում էի, մենք միասին գոնե մի կոկտեյլ կխմեինք։ Եվ հիմա այնքան ուշ չէ։
 
― Դուք շատ սիրալիր եք, իսկապես, ― ասում է նա։ ― Որտեղի՞ց եք խոսում։ Որտե՞ղ եք հիմա։
 
― Ե՞ս։ Ես ավտոմատից։
 
― Ախ այդպե՜ս։ ― Հետո երկար լռեց։ ― Գիտեք ինչ, ես շատ ուրախ կլինեմ ձեզ հետ հանդիպել, միստր Քոֆլ։ Ձյանից երևում է, որ դուք շատ լավ մարդ եք։ Զարմանալի հաճելի ձայն ունեք։ Բայց հիմա, այնուամենայնիվ, ուշ է։
 
― Ես կարող եմ գալ ձեզ մոտ։
 
― Մեկ ուրիշ ժամանակ կասեի՝ հիանալի է։ Բայց հարևանուհիս հիվանդացել է։ Նա ամբողջ երեկոյան պառկած է եղել ու չի կարողացել քնել։ Հենց միայն նոր փակեց աչքերը, քնած է։ Հասկանո՞ւմ եք։
 
― Այո, դա վատ է։
 
― Որտե՞ղ եք իջևանել։ Գուցե վա՞ղը հանդիպենք։
 
― Չէ, վաղը չեմ կարող։ Միայն այսօր եմ ազատ։
 
Ա՜յ թե հիմարն եմ, այդպես չպետք է ասեի։
 
― Ինչ արած, շատ ափսոս։
 
― Ձեր ողջյունը կհաղորդեմ Էդիին։
 
― Իսկապես կհաղորդե՞ք։ Հուսով եմ, ուրախ ժամանակ կանցկացնեք Նյու֊Յորքում։ Հրաշալի քաղաք է։
 
― Դա ես գիտեմ։ Շնորհակալություն։ Բարի գիշեր, ― ասացի ու կախեցի լսափողը։
 
Հիմա՛ր։ Ինքդ ամեն բան փչացրիր։ Հարկավոր էր գոնե վաղվա համար պայմանավորվել, կոկտեյլ խմելու հրավիրել կամ նման մի բան։
 
 
==10==
 
 
Դեռ բավական շուտ էր։ Չեմ կարող որոշակի ասել, թե ժամը քանիսն էր, բայց այնքան էլ ուշ չէր։ Ամենից շատ չեմ սիրում պառկել քնելու, երբ բոլորովին չեմ հոգնել։ Բացեցի ճամպրուկս, մաքուր վերնաշապիկ վերցրի, գնացի լոգարան, լվացվեցի ու փոխեցի հագուստս։ Մտածեցի՝ գնամ տեսնեմ ինչ է կատարվում նրանց «Յասամանագույն դահլիճում»։ Հյուրանոցին կից գիշերային ակումբ կար, որ կոչվում էր «Յասամանագույն դահլիճ»։
 
Հագնվելու ընթացքում մտածում էի՝ չփորձե՞մ զանգահարել քրոջս՝ Ֆիբիին։ Շատ էի ուզում նրա հետ խոսել։ Նա ամեն ինչ հասկանում էր։ Բայց չէր կարելի ռիսկ անել և զանգահարել տուն, այնուամենայնիվ, նա փոքրիկ էր ու, հավանաբար արդեն քնած էր, չէր մոտենա հեռախոսին։ Իհարկե, կարելի էր լսափողը դնել, եթե ծնողներս մոտենային, բայց, միևնույն է, ոչինչ չէր ստացվի։ Նրանք կճանաչեին, որ ես եմ։ Մայրիկս միշտ գլխի է ընկնում։ Զգացողությունն ուժեղ է։ Բայց չափից դուրս շատ էի ուզում խոսել մեր Ֆիբիի հետ։
 
Եթե միայն տեսնեիք նրան։ Այդքան լավիկն ու խելացին հավանաբար, տեսած չեք լինի։ Շատ խելոքն է, ճիշտ եմ ասում։ Հասկանում եք, ինչ ընդունվել է դպրոց, միայն գերազանց գնահատականներ է ստացել, երբեք երկուսներ չի ստացել։ Ճիշտն ասած, մեր ընտանիքում միայն ես եմ այսպես բութ։ Ավագ եդբայրս՝ Դ․ Բ֊ն, գրող է, իսկ մյուս եղբայրս՝ Ալլին, որ մեռավ, ուղղակի կախարդ էր։ Միայն ես եմ այսպես բութ։ Իսկ դուք Ֆիբիին տեսնեիք։ Նրա մազերը գրեթե Ալլիի մազերի գույնին են՝ շեկ, ամռանը շատ կարճ է կտրում։ Ամռանը նա հավաքում է ականջների ետևը։ Իսկ ականջները փոքրիկ են, սիրունիկ։ Ձմռանը արձակում է, երբեմն մայրիկը հյուսում է, երբեմն՝ ոչ, ամեն ձևի էլ գեղեցիկ է։ Նա ընդամենը տասը տարեկան է։ Ինձ պես նիհարիկ է, բայց գեղեցիկ կազմվածքով, նիհարությունը հենց հարմար է չմշկասահքին։ Մի անգամ պատուհանից նայում էի, թե նա ինչպես է փողոցից անցնում զբոսայգի, ու մտածեցի, որ շատ հարմար է չմշկասահքի համար՝ նիհարիկ ու թեթև։ Ձեզ շատ դուր կգա նա։ Հասկանո՞ւմ եք, ինչ որ ասես, անմիջապես հասկանում է խոսքն ինչին է վերաբերում։ Նրան նույնիսկ ուր ասես կարող ես տանել հետդ։ Օրինակ՝ տանես անհաջող ֆիլմ նայելու, անմիջապես հասկանում է, որ թույլ նկար է, լավ ֆիլմ տանես, անմիջապես հասկանում է, որ լավն է։ Ես ու Դ․ Բ֊ն մի անգամ նրան տարանք ֆրանսիական այդ նկարը նայելու՝ «Հացթուխի կինը»։ Ռեյմսն է խաղում այնտեղ։ Ֆիբին ուղղակի գժվեց։ Բայց նրա սիրած ֆիլմը «Երեսունինը աստիճանն» է, Ռոբերտ Դոնատի խաղով հանդերձ։ Նա այդ ամբողջ նկարը գրեթե անգիր գիտի։ Մենք միասին մի տասն անգամ նայել ենք։ Օրինակ՝ երբ այդ Ռոբերտը ոստիկաններից թաքնվում է շոտլանդական ֆերմայում, Ֆիբին այդ շոտլանդացու հետ միաժամանակ բարձրաձայն ասում է․ «Դուք սելյոդկա՞ եք ուտում»։ Ամբողջ երկխոսությունն անգիր գիտի։ Իսկ երբ այդ պրոֆեսորը, որն իրականում գերմանական լրտես է, բարձրացնում է ճկույթը, որի մի հոդը չկա, ու ցույց տալիս Ռոբերտ Դոնատին, մեր Ֆիբին նրանից շուտ է իր ճկույթը մթության մեջ խփում դեմքիս։ Չէ, նա լավն է։ Ձեզ անպայման դուր կգա։ Ճիշտ է, նա մի քիչ շատ է կպչուն։ Ամեն ինչ չափից խորն է ապրում, ոչ մանկականորեն։ Դա ճիշտ է։ Եվ հետո ամբողջ ժամանակ գրքեր է գրում։ Միայն թե երբեք դրանք չի ավարտում։ Ամեն ինչ մի աղջկա մասին է գրում՝ Գիզելա Ուզերֆիլդի մասին։ Միայն թե մեր Ֆիբին գրում է՝ «Կիսելա»։ Այդ Կիսելա Ուզերֆիլդը խուզարկու աղջիկ է։ Նա կարծես թե որբ է, բայց հետո հայրը գտնում է նրան։ Իսկ նրա հայրը «բարձրահասկ, հրապուրիչ ջենտլմեն է, քսան տարեկան»։ Գժվել կարելի է։ Այո, մեր Ֆիբի՛ն։ Ազնիվ խոսք, նա անպայման ձեզ դուր կգա։ Նա նույնիսկ շատ պստլիկ ժամանակ էլ խելացի էր։ Երբ նա շատ֊շատ փոքրիկ էր, ես ու Ալլին նրան տանում էինք զբոսայգի, հատկապես կիրակի օրերին։ Իսկ Ալլին առագաստանավակ ուներ, նա սիրում էր կիրակի օրերին այն բաց թողնել, ու մենք միշտ մեր փոքրիկ Ֆիբիին տանում էինք մեզ հետ։ Նա ճերմակ ձեռնոցներ էր հագնում ու քայլում մեր մեջտեղով, ինչպես իսկական լեդի։ Երբ ես ու Ալլին որևէ բանի մասին խոսում էինք, նա ականջ էր դնում։ Երբեմն մոռանում էինք նրա գոյությունը, համենայն դեպս, շատ փոքրիկ էր, բայց նա անպայման հիշեցնում էր իր մասին։ Միշտ միջամտում էր։ Կհրեր ինձ կամ Ալլիին ու կհարցներ․ «Իսկ ո՞վ, ո՞վ ասաց, Բոբի՞ն, թե՞ աղջիկը»։ Ու մենք նրան պատասխանում էինք, թե ով ասաց, և նա ասում էր՝ «Աաա՜» ու կրկին ականջ դնում մեծի պես։ Ալլին էլ էր նրա համար գժվում։ Ուզում եմ ասել, որ նա էլ էր շատ սիրում Ֆիբիին։ Հիմա Ֆիբին արդեն տասը տարեկան է, այնքան էլ փոքր չէ, բայց միևնույն է, բոլորն էլ գժվում են նրա համար, ով հասկանում է, իհարկե։
 
Համենայն դեպս ես շատ էի ուզում նրա հետ հեռախոսով խոսել։ Բայց վախենում էի, թե ծնողներս կմոտենան ու գլխի կընկնեն, որ ես Նյու֊Յորքում եմ, և որ ինձ վտարել են դպրոցից։ Այնպես որ, երբ նոր վերնաշապիկ հագա, իջա հոլլ՝ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։
 
Բայց այնտեղ գրեթե մարդ չկար, բացի ինչ֊որ սուտենյորներից և պոռնկատիպ շիկահեր աղջիկներից։ «Յասամանագույն դահլիճից» երաժշտության ձայն էր գալիս, և ես գնացի այնտեղ։ Ու թեև այնտեղ դատարկ էր, ինձ մի անպետք սեղան առաջարկեցին, հեռու մի անկյունում։ Հարկավոր էր մատուցողի ձեռքը մի դոլար խոթել։ Նյու֊Յորքում փողով ամեն ինչ էլ կարելի է, ես դա հաստատ գիտեմ։
 
Բադի Սինգերի նվագախումբը գարշելի էր։ Սոսկալի աղմկոտ, ոչ լավ իմաստով աղմկոտ, ուղղակի անտանելի։ Եվ դահլիճում իմ հասակակիցները քիչ էին։ Ճիշտն ասած, բոլորովին չկային․ այնտեղ միայն պճնված ծերուկներ էին իրենց դամաների հետ։ Միայն հարևան սեղանի մոտ նստածներն էին բոլորովին այլ տիպի այցելուներ։ Հարևան սեղանի մոտ նստած էին երեսունին մոտ երեք աղջիկներ։ Երեքն էլ տգեղ էին ու նրանց գլխարկներից երևում էր, որ եկվորներ են։ Բայց շիկահերը այնքան էլ տգեղ չէր։ Նրա մեջ ինչ֊որ հետաքրքիր բան կար։ Հենց որ սկսեցի նրան զննել, մատուցողը եկավ։ Ես պատվիրեցի սոդայով վիսկի, բայց խնդրեցի չբացել․ արագ էի խոսում, թե չէ երբ ծամծմում ես, կարծում են, անչափահաս ես ու այդպիսի դեպքում ոգելիչ խմիչքներ չեն տալիս։ Եվ այնուամենայնիվ, նա սկսեց կպչել․
 
― Ներեցեք, սըր, ― ասում է, ― բայց ձեզ մոտ որևէ հավաստագիր չկա՞ ձեր չափահասությունը հաստատող։ Գուցե վարորդական գրքույկը ձեզ մո՞տ լինի։
 
Ես սառցե հայացքով նայեցի նրան, կարծես մահացու կերպով վիրավորել էր ինձ, ու ասացի․
 
― Մի՞թե ես նման եմ անչափահասի։
 
― Ներեցեք, սըր, բայց մեզ կարգադրված է․․․
 
― Լավ, լավ, ― ասում եմ ու մտածում՝ «գրողի ծոցը»։― Կոկա֊կոլա տվեք։
 
Նա արդեն գնում էր, բայց ես կանչեցի․
 
― Դուք չե՞ք կարող մի երկու կաթիլ ռոմ ավելացնել, ― ես նրան խնդրեցի շատ սիրալիր, քաղաքավարությամբ։ ― Ինչպե՞ս կարող եմ այսպիսի տեղում նստել սթափ։ Դուք չե՞ք կարող մի երկու կաթիլ ռոմ ավելացնել։
 
― Ներեցեք, սըր, ոչ մի կերպ, ― և գնաց։ Բայց նա մեղավոր չէ։ Նա կարող է զրկվել իր տեղից, եթե ոգելից խմիչք տա անչափահասին։ Իսկ ես, դժբախտաբար, անչափահաս եմ։
 
Ես էլի սկսեցի նայել հարևան սեղանի այդ վհուկներին։ Ավելի շատ՝ շիկահերին։ Այն երկուսը սոսկալի այլանդակ էին, ինչպես մահացու մեղք։ Բայց ես հիմարի պես աչքս չէի տնկել։ Ընդհակառակը, նրանց նայում էի անտարբեր հայացքով։ Եվ ձեր կարծիքով ի՞նչ արեցին նրանք։ Սկսեցին ապուշների պես հռհռալ։ Հավանաբար մտածում էին, որ ես չափից դուրս ջահել եմ աչք տնկելու համար։ Ես սոսկալի վրդովվեցի, կարծես ուզում եմ ամուսնանա՜լ նրանց հետ։ Հարկավոր էր արհամարհել, բայց շատ էի ուզում պարել։ Երբեմն ուղղակի շատ եմ ուզում պարել ու հիմա էլ էի ուզում։ Ես թեքվեցի նրանց կողմն ու ասում եմ․
 
― Աղջիկներ, չե՞ք ուզում պարել։ ― Քաղաքավարությամբ հարցրի, շատ բարձրաշխարհիկ տոնով։ Իսկ նրանք հիմարի պես իրար անցան ու կրկին սկսեցին հռհռալ։ Ազնիվ խոսք, իսկական տխմարներ։ ― Գնանք պարենք, ― ասում եմ։ ― Եկեք հերթով։ Հը՞։ Գնա՞նք։ ― Չափից դուրս շատ էի ուզում պարել։
 
Վերջապես շիկահերը ոտքի ելավ, հավանաբար, հասկացավ, որ գլխավորապես իրեն եմ դիմում։ Մենք դուրս եկանք պարահրապարակ, իսկ այն երկու խրտվիլակները դեռ հռհռում էին հիստերիկայի մեջ։ Այդպիսիների հետ դարդից կարող ես գլուխ դնել։
 
Բայց խնդրելս արժեր։ Այդ ինչպե՜ս էր պարում շիկահերը։ Կյանքումս ավելի լավ պարող չեմ տեսել։ Գիտեք, երբեմն արտաքուստ հիմարի մեկն է, բայց պարում է ինչպես աստված։ Բայց պատահում է նաև, որ խելացի աղջիկը կամ անվերջ ինքն է ձեզ ուղղություն տալիս, կամ էլ այնպես վատ է պարում, որ գերադասում ես սեղանի մոտ նստած մնալ ու խմել։
 
― Դուք հրաշալի եք պարում, ― ասում եմ շիկահերին։ ― Ձեզ անհրաժեշտ է դառնալ պրոֆեսիոնալ պարուհի։ Ազնիվ խոսք։ Մի անգամ ես պարել եմ պրոֆեսիոնալի հետ, բայց դուք հարյուր անգամ նրանից լավ եք պարում։ Լսե՞լ եք Մարկոյի և Միրանդուի մասին։
 
― Ի՞նչ, ― նա նույնիսկ չէր լսում ինձ։ Ամբողջ ժամանակ շուրջն էր նայում։
 
― Ասում եմ դուք լսած կա՞ք Մարկոյի և Միրանդուի մասին։
 
― Չգիտեմ։ Չէ, չեմ լսել։
 
― Դրանք պարողներ են։ Աղջիկը պարուհի է։ Այնքան էլ լավը չէ։ Այսինքն՝ ինչ որ հարկավոր է, նա անում է, բայց ոչ շատ հաջող։ Գիտե՞ք, ինչպես ես զգում, երբ քո դաման լավ է պարում։
 
― Ի՞նչ եք ասում, ― նորից հարցրեց նա։ Բոլորովին չէր լսում, ուշադրություն չէր դարձնում ինձ վրա։
 
― Ասում եմ, գիտե՞ք ինչպես են զգում, երբ դաման շատ լավ է պարում։
 
― Ըհը՛․․․
 
― Տեսնո՞ւմ եք, ձեռքս ձեր մեջքին է, չէ՞։ Դե ուրեմն եթե մոռանում ես ինչ է ձեռքիդ տակ և որտեղ են դամայիդ ոտքերը, ձեռքերը և ընդհանրապես ամեն ինչ, նշանակում է նա հրաշալի է պարում։
 
Նա իսկի չէր էլ լսում, թե ինչ եմ ասում։ Որոշեցի էլ չխոսել։ Միայն պարում էինք, ուրիշ ոչինչ։ Օ՛հ, ինչպե՜ս էր պարում այդ ապուշը։ Բադի Սինգերն ու իր անպետք նվագախումբը նվագում էին «Աշխարհում միայն մի բան կա․․․» ― և նույնիսկ նրա՛նք չէին կարողանում փչացնել այդ երգը։ Հրաշալի երգ է։ Ես պարում էի հենց այնպես, առանց ֆոկուսների, ― ատում եմ, երբ պարի ժամանակ հազար ու մի ֆոկուսներ են ցուցադրում, ― բայց լավ պտտեցրի այդ շիկահերին, ու նա հրաշալի ենթարկվում էր։ Ես էլ հիմարի պես կարծում էի, թե նրա համար էլ է հաճելի պարելը, մեկ էլ նա սկսեց ինչ֊որ հիմար֊հիմար դուրս տալ։
 
― Գիտեք, երեկ երեկոյան, մենք ընկերուհիներով տեսանք Պիտեր Լորեին, ― ասում է, ― կինոդերասանին։ Կյանքում։ Թերթ էր գնում։ Այնպես լա՜վն էր։
 
― Ձեր բախտը բերել է, ― ասում եմ։ ― Լա՜վ է բերել, հասկանո՞ւմ եք։ ― Իսկակակն ապուշ է։ Բայց ինչպե՜ս է պարում։ Ես չդիմացա ու համբուրեցի նրա գլուխը, այդ հիմարի, ուղղակի մազաբաժանը։ Իսկ նա նեղացավ։
 
― Դա՞ ինչ բան է։
 
― Ոչինչ։ Հենց այնպես։ Դուք շատ լավ եք պարում, ― ասացի։ ― Ես մի քույր ունեմ, չորրորդ դասարանում է սատանան։ Դուք նրանից վատ չեք պարում, իսկ նա այնպե՜ս է պարում, չտեսնված, գրողը տանի։
 
― Կարգին խոսեք, խնդրեմ։
 
Գլխիս լեդի՜ է դարձել, թագուհի՜ է, գրողը տանի։
 
― Դուք որտեղի՞ց եք եկել, ― հարցնում եմ։ Չի պատասխանում։ Չորս կողմն է աչք ածում։ Երևում է, սպասում է, թե կհայտնվի ինքը՝ Պիտեր Լորեն։
 
― Որտեղից՞ եք եկել, ― կրկնում եմ։
 
― Ի՞նչ։
 
― Դուք բոլորդ որտեղի՞ց եք եկել։ Մի՛ պատասխանեք, եթե չեք կամենում։ Նեղություն մի՛ կրեք, խնդրեմ։
 
― Սիեթլից, Վաշինգտոնի նահանգից, ― ասում է։ Ներողամիտ գտնվեց, ծառայություն մատուցեց ինձ։
 
― Դուք հրաշալի զրուցակից եք, ― ասում եմ։ ― Դա ձեզ հայտնի՞ է։
 
― Դա ի՞նչ է նշանակում։
 
Ես այլևս չկրկնեցի։ Միևնույն է, տեղ չէր հասնում։
 
― Ուզո՞ւմ եք ջիտերբագ պարել, եթե արագ երաժշտություն լինի։ Իսկական ազնիվ ջիտերբագ, առանց հիմարությունների, ոչ թե ոստոստել, այլ իսկապես պարել։ Եթե արագ երաժշտություն նվագեն, բոլորը կնստեն, չհաշված ծերուկներին ու հաստլիկներին, տեղը կբավականացնի մեզ։ Լա՞վ։
 
― Ինձ համար միևնույն է, ― ասում է։ ― Լսեք, իսկ դուք քանի՞ տարեկան եք։
 
Ես այնպե՜ս վրդովվեցի․
 
― Օ՜, գրողը տանի, ինչո՞ւ եք ամեն ինչ փչացնում, ― ասում եմ։ ― Ես արդեն տասներկու կամ։ Պարզապես սատանայի պես բոյ եմ քաշել։
 
― Լսեք, ասացի կարգին խոսեք։ Թե որ շարունակեք սատանայի անուն տալ, կգնամ ընկերուհիներիս մոտ, հասկացա՞ք։
 
Ես սկսեցի ներողություն խնդրել գժի պես, որովհետև նվագախումբը արագ պարեղանակ նվագեց։
 
Նա ինձ հետ եկավ ջիտերբագ պարելու՝ շատ արժանավայել ձևով, թեթև։ Նա շա՜տ լավ էր պարում, ճիշտ եմ ասում։ Հազիվ մատդ կպչում է, անմիջապես ենթարկվում է։ Իսկ երբ պտույտներ էր գործում, այնպես հաճելի էր պտտվում նրա քամակը, ուղղակի հիանալի էր։ Շա՜տ լավ, աստված վկա։ Մինչ պարում էինք, ես մի քիչ սիրահարվեցի նրան։ Կրակ են այդ աղջիկները։ Երբեմն վրան նայել էլ չես ուզում, տեսնում ես, որ հիմարների հիմարն է, բայց բավական է մի որևէ բան լավ անի, արդեն սիրահարվում ես։ Օ՜հ, այդ աղջիկները, գրողը տանի։ Խելաքահան կանեն մարդու։
 
Ինձ չհրավիրեցին իրենց սեղանի մոտ․ անդաստիարակությունից, իհարկե, իսկ ես, այնուամենայնիվ, գնացի։ Շիկահերին, որի հետ պարել էի, անվանում էին Բերնիս Կրաբս կամ Կրեբս։ Իսկ այն տգեղներին՝ Մարտի և Լավերն։ Ասացի, որ անունս Ջիմ Ստիլ է, դիտմամբ ասացի։ Փորձեցի խելացի զրույց սկսել նրանց հետ, բայց դա անհնար էր։ Նրանց զոռով էլ չես կարող խոսեցնել։ Մեկը մյուսից հիմար էին։ Ու ամբողջ ժամանակ աչք են ածում շուրջները, ասես սպասում են, որ հիմա դահլիճը լցվելու է կինոաստղերով։ Նրանք կարծում են, հավանաբար, որ կինոաստղերը, երբ գալիս են Նյու֊Յորք, ամբողջ ժամանակ ցցվում են «Յասամանագույն դահլիճում» և ոչ թե «Էլ Մարոկոյում» կամ «Սթորք ― ակումբում»։ Մի կերպ դուրս կորզեցի, թե ինչ գործն են անում իրենց Սիեթլում։ Պարզվեց, որ երեքն էլ աշխատում են միևնույն ապահովագրական ընկերությունում։ Հարցրի՝ սիրո՞ւմ են իրենց աշխատանքը։ Բայց մի՞թե հնարավոր էր այդ հիմարներից մի կարգին բան իմանալ։ Կարծում էի, թե այն երկու այլանդակները՝ մարտին ու Լավերնը, քույրեր են, բայց նրանք սոսկալի նեղացան, երբ հարցրի այդ մասին։ Հասկանալի է, նրանցից ոչ մեկը չէր ուզում մյուսին նման լինել, դա բնական է, բայց, այնուամենայնիվ, ծիծաղս եկավ։
 
Ես երեքի հետ էլ պարեցի հերթով։ Այլանդակներից մեկը՝ Լավերնը, այնքան էլ վատ չէր պարում, բայց երկրորդը՝ Մարտին, սոսկալի էր։ Նրա հետ պարել, միևնույն է, թե Ազատության արձանը քարշ տալ դահլիճով մեկ։ Հարկավոր էր ինչ֊որ բան նախաձեռնել, որպեսզի նրան քարշ տալն այդքան ձանձրալի չլիներ։ Ու ես ասացի, թե Հերի Կուպերը՝ կինոդերասանը, ա՜յ, գնում է։
 
― Ո՞ւր է, ո՞ւր է, ― նա սոսկալի հուզվեց։ ― Ո՞ւր է նա։
 
― Է՛հ, ուշացաք։ Նա հենց նոր դուրս եկավ։ Ինչո՞ւ հենց որ ասացի, անմիջապես չնայեցիք։
 
Նա նույնիսկ կանգ առավ ու գլուխների վրայով սկսեց նայել, թե կինոդերասանը չի՞ երևում արդյոք։
 
― Ախր ո՞ւր է, է՛, ― ասում է։ Քիչ էր մնում լաց լիներ։ Այ թե ինչ արեցի։ Ես շատ ափսոսացի, որ խաբել եմ։ Մարդիկ կան, որոնց չի կարելի խաբել, թեև հենց միայն դրան են արժանի։
 
Ամենածիծաղելին այն ժամանակ եղավ, երբ վերադարձանք սեղանի մոտ։ Մարտին ասաց, թե Հերի Կուպերն այստեղ էր։ Այն երկուսը՝ Լավերն ու Բերնիսը, քիչ էր մնում ինքնասպան լինեին։ Տխրեցին, հարցնում են Մարտիին, թե տեսա՞վ նրան։ Իսկ Մարտին թե՝ այո՛, միայն անցողակի։ Ա՜յ քեզ հիմար։
 
Բարը փակվում էր, և ես նրանց համար երկուական բաժին ոգելից խմիչք պատվիրեցի, իսկ ինձ համար՝ երկու կոկա֊կոլա։ Նրանց ամբողջ սեղանը ծածկված էր բաժակներով։ Այլանդակներից մեկը՝ Լավերնը, անընդհատ ծաղրում էր ինձ, որ ես միայն կոկա֊կոլա եմ խմում։ Փայլո՜ւն համար։ Նա ու Մարտին զովացուցիչ էին խմում դեկտեմբերին, սատանան տանի ինձ։ Նրանք ոչինչ չէին հասկանում։ Իսկ շիկահեր Բերնիսը փչում էր սոդայով վիսկին։ Ձիու պես խմում էր։ Ու երեքն էլ անվերջ աչք էին ածում շուրջը, կինոաստղեր էին որոնում։ Նրանք նույնիսկ միմյանց հետ չէին զրուցում։ Այդ Մարտին մյուսներից ավելի էր խոսում։ Ու ամբողջ ժամանակ հիմար անհեթություններ էր դուրս տալիս, օրինակ՝ զուգարանին ասում էր «մի տեղ», իսկ նվագախմբի պառավ, ճաղատ կլարնետահարին «հոգյակ» էր անվանում, հատկապես երբ նա վեր կացավ ու ինչ֊որ անհասկանալի բան ծվծվաց։ Իսկ կլարնետը «շվի» էր անվանում։ Սոսկալի գռեհիկ էր։ Իսկ երկրորդ այլանդակը՝ Լավերնը, ձևացնում էր, թե չտեսնված սրամիտ է։ Անվերջ խնդրում էր զանգահարեմ հայրիկիս ու հարցնեմ՝ ազա՞տ է այս երեկո։ Անվերջ հարցնում էր, թե հայրիկս տեսակցության հո չի՞ գնացել։ Չորս անգամ խնդրեց՝ զարմանալի՜ սրամտություն։ Միայն շիկահերն էր լուռ մնում։ Մի բան ես հարցնում, անպայման պիտի հարցնի՝ «դա ի՞նչ է»։ Ուղղակի նյարդերիդ վրա ազդում է։
 
Եվ հանկարծ երեքն էլ դատարկեցին բաժակներն ու վեր կացան, թե՝ քնելու ժամանակն է։ Ասում էին, առավոտյան վաղ պետք է արթնանան, գնալու են Մյուզիկ֊հոլլ, ռադիո֊սիթիի առաջին սեանսին։ Ես խնդրեցի նրանց մի քիչ էլ նստել, բայց չուզեցին։ Ստիպված էի հրաժեշտ տալ։ Ասացի, որ իրենց կփնտրեմ Սիեթլում, եթե երբևէ այնտեղ գնամ։ Բայց հազիվ թե։ Այսինքն՝ հազիվ թե նրանց փնտրեմ։
 
Ընդհանուր հաշիվը, ներառյալ նաև սիգարետները, կազմեց երեսուն դոլար։ Իմ կարծիքով, նրանք պետք է ասեին, որ իրե՛նք կվճարեն բոլորը, գոնե մինչ իրենց միանալս։ Ես, իհարկե, թույլ չէի տա, որ նրանք վճարեն, բայց, համենայն դեպս, կարող էին առաջարկել։ Ինչևիցե, դա նշանակություն չունի։ Չափից դուրս հիմար էին, հապա այդ ոլորված շլյապանե՜րը։ Տրամադրությունս ընկավ, երբ իմացա, որ ուզում են շուտ վեր կենալ, որպեսզի հաջողացնեն ընկնել ռադիո֊սիթի։ Երբ պատկերացնում ես, որ սոսկալի շլյապաներով այդ էակը Նյու֊Յորք է ժամանել չգիտես թե որտեղից, ինչ֊որ հեռավոր Սիեթլից, միայն այն բանի համար, որ լույսը բացվելուն պես իրեն գցի ռադիո֊սիթի հիմար ծրագիրը դիտելու, այնպես է ընկնում տրամադրությունդ, որ դիմանալ չես կարող։ Ես նրանց բոլորի համար հարյուրական բաժակ խմիչք կպատվիրեի, միայն թե այդ բանը չասեին։
 
Նրանց գնալուց հետո ես անմիջապես դուրս եկա «Յասամանագույն դահլիճից»։ Միևնույն է, դահլիճը փակվում էր, և նվագախումբն էլ վաղուց դադրել էր նվագել։ Նախ՝ նման տեղերում տխուր է նստելը, երբ պարընկեր չունես, և երկրորդ, որ մատուցողը կոկա֊կոլայից բացի ոչինչ չի տալիս։ Աշծարհում այնպիսի գինետուն չկա, որտեղ հնարավոր լինի երկար նստել, եթե չի կարելի ոգելից խմիչք պատվիրել ու խմել։ Կամ էլ՝ եթե հետդ աղջիկ չկա, որի համար իսկապես խելքդ թռցնում ես։
Ադմին, Վստահելի
1876
edits