Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

No change in size, 10:04, 6 Մարտի 2015
Ծերունի Սպենսերի մոտից հաճելի էր ընկնել հանրակացարան, մանավանդ որ բոլորը ֆուտբոլ էին գնացել, իսկ ջեռուցումը բացառության կարգով լավ էր տաքացնում։ Նույնիսկ մի տեսակ հարմարավետ էր դարձել։ Հանեցի բաճկոնս, փողկապս, արձակեցի բլուզիս օձիքը, իսկ հետո դրի կարմիր գլխարկս, որ առավոտյան էի գնել Նյու֊Յորքում։ Դա որսորդական գլխարկ էր՝ չափից շատ երկար հովհարով։ Ես սպորտային խանութի ցուցափեղկում տեսա, երբ դուրս եկանք մետրոյից, որտեղ մոռացել էի այդ անիծյալ սուսերները։ Ընդամենը մեկ դոլար էի վճարել։ Գլխարկը թարս էի դրել գլխիս, հիմարություն է, իհարկե, բայց ինձ շատ էր դուր գալիս։ Հետո վերցրի գիրքը, որ կիսատ էի թողել, ու նստեցի բազկաթոռին։ Ամեն սենյակում երկու բազկաթոռ կար։ Մեկն իմն էր, մյուսը՝ հարևանինս՝ Ուորդ Ստրեյդլեյթերինը։ Բազկաթոռները կոտրված էին, որովհետև միշտ որևէ մեկը նստում էր դրանց վրա, բայց բազկաթոռն ինքը շատ հարմարավետ էր։
Կարդում էի այն գիրքը, որը գրադարանում սխալմամբ էին ինձ տվել։ Ես միայն տանը նկատեցի, որ իմ ուզած գիրքը չեն տվել։ Նրանք ինձ տվել էին Իսահակ Դայնսենի «Աֆրիկայի թավուտներումը»։ Կարծում էի անպետք բան է, բայց հետաքրքիր դուրս եկավ։ Ընդհանրապես ես շատ անկիրթ եմ, բայց շատ եմ կարդում։ Իմ սիրած գրողը Դ․ Բ֊ն է՝ իմ եղբայրը, իսկ երկրորդ հերթին արդեն՝ Ռինգ Լարդները։ Ծննդյանս օրը եղբայրս ինձ նվիրեց Ռինգ Լարդների գիրքը։ Դա Փենսի ընդունվելուցս առաջ էր։ Գրքում շատ ծիծաղելի պիեսներ էին տպագրված ու մեկ էլ մի պատմվածք՝ կարգավորող֊ոստիկանի մասին, սա սիրահարվում է մի շատ սիրունիկ աղջկա, որը անընդհատ խախտում է երթևեկության կանոնները։ Բայց ոստիկանը ամուսնացած է և, իհարկե, չի կարող ամուսնանալ աղջկա հետ։ Վերջում աղջիկը կործանվում է, որովհետև մշտապես խախտում է երթևեկության կանոնները։ Ցնցող պատմվածք է։ Ընդհանրապես ես ամենից շատ այնպիսի գրքեր եմ սիրում, որոնց մեջ գոնե մի որևէ ծիծաղելի բան կա։ Իհարկե, ամեն տեսակ դասականներ էլ եմ կարդում, ինչպես ասենք՝ «Վերադարձ հայրենիքը», <ref>Թոմաս Հարգիի Հարդիի վեպը։</ref> և կռվի մասին հազար ու մի գրքեր, և դեդեկտիվ, բայց դրանք մի տեսակ այնքան էլ չեն հրապուրում ինձ։ Այ, ինձ դուր են գալիս այնպիսի գրքեր, որոնք կարդալուց հետո անմիջապես մտածում ես՝ ի՜նչ լավ կլիներ այդ գրողը քո բարեկամը լիներ, որին ցանկացածդ ժամանակ կարողանայիր զանգահարել ու զրուցել հետը։ Բայց այդպես հազվադեպ է լինում։ Ես հաճույքով կզանգահարեի այդ Դայնսենին, դե, իհարկե, նաև Ռինգ Լարդերին, միայն թե Դ․ Բ֊ն ասաց, որ նա արդեն մեռել է։ Իսկ այ, այնպիսի գիրք, ինչպիսին, օրինակ, Սոմերսեթ Մոեմի «Մարդկային կրքերի բեռն» է, այն չէ, ես անցած ամռանը կարդացի։ Գիրքն ընդհանրապես ոչինչ, բայց ես ոչ մի ցանկություն չունեմ զանգահարելու այդ Սոմերսեթ Մոեմին։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Պարզապես նա այն մարդը չէ, ում հետ կցանկանայի զրուցել։ Ես ավելի շուտ կզանգահարեի հանգուցյալ Թոմաս Հարգիին։ Ինձ դուր է գալիս նրա Յուստաիսա Վեյը։
Ուրեմն դրի նոր գլխարկս, նստեցի բազկաթոռին ու սկսեցի կարդալ «Աֆրիկայի թավուտներումը»։ Մի անգամ արդեն կարդացել էի, բայց ուզում էի որոշ տեղեր նորից կարդալ։ Ընդամենը մի երեք էջ էի կարդացել, երբ ինչ֊որ մեկը դուրս եկավ ցնցուղարանից։ Առանց նայելու էլ հասկացա, որ Ռոբերտ Էկլին է․ սա ապրում էր հարևան սենյակում։ Մեր թևում երկու սենյակը մի ընդհանուր ցնցուղարան ունեին, ու այդ Էկլին օրը տասն անգամ իրեն ինձ մոտ էր գցում։ Բացի այդ, ամբողջ հանրակացարանից մենակ նա էր, որ ֆուտբոլ չէր գնացել։ Նա ընդհանրապես ոչ մի տեղ չէր գնում։ Տարօրինակ տիպ էր։ Նա բարձր դասարանցի էր և արդեն չորս տարի է, սովորում էր Փենսիում, բայց բոլորը նրան ազգանունով էին դիմում՝ Էկլի։ Նույնիսկ նրա սենյակի հարևանը՝ Հերբ Հեյլը, երբեք նրան «Բոբ» կամ գոնե «Էկ» չէր ասում։ Երևի կինն էլ նրան «Էկլի» կանվանի, եթե, իհարկե, երբևէ ամուսնանա։ Նա չափից դուրս բարձրահասակ էր՝ վեց ֆուտ, չորս դյույմ, սոսկալի կուզիկ, ատամներն էլ փտած։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա մաքրեր ատամները։ Կեղտոտ, մի տեսակ բորբոսնած էին նրա ատամները, իսկ երբ ճաշարանում բերանը կարտոֆիլ կամ սիսեռ էր լցնում, քիչ էր մնում սիրտս ետ տամ։ Հապա պզուկնե՜րը։ Ոչ միայն ճակատին ու ծնոտին, ինչպես բոլոր տղաներին է պատահում, նրա ամբողջ դեմքն էր պզուկոտ։ Ընդհանրապես նա զզվելի էր։ Ու մի տեսակ ստոր։ Ճիշտն ասած, ես այնքան էլ չէի սիրում նրան։
Վստահելի
1318
edits