Changes
/* 11 */
Հոլլում գրեթե ոչ ոք չկար։ Նույնիսկ բոլոր պոռնկատի ջահելներն էին գնացել։ Սոսկալի շատ էի ուզում գլուխս առնել ու կորչել այստեղից։ Անտանելի տխուր էի։ Ու բոլորովին չէի հոգնել։ Գնացի իմ համարը, հագա վերարկուս։ Պատուհանից նայեցի, տեսնեմ ինչ են անում այդ գժերը, բայց ոչ մի տեղ լույս չէր երևում։ Նորից իջա վերելակով, տաքսի վերցրի և պատվիրեցի տանել ինձ Էռնիի մոտ։ Դա գիշերային գինետուն է Գրինիջ֊վիլեջում։ Եղբայրս՝ Դ․ Բ֊ն, հաճախ էր գնում այնտեղ, մինչև որ ծախվեց Հոլիվուդին։Նա ինձ էլ մի քանի անգամ տարել է իր հետ։ Էռնին մի վիթխարի նեգր է, դաշնամուր է նվագում։ Նա սոսկալի պճնամոլ է և չի խոսի հետդ, եթե նշանավոր կամ մի երևելի մարդ չես, բայց հրաշալի է նվագում։ Նա այնքան լավ է նվագում, որ երբեմն նույնիսկ անտանելի է։ Չգիտեմ ինչպես բացատրեմ, բայց դա այդպես է։ Ես շատ եմ սիրում լսել նրա նվագը, բայց երբեմն ուզում եմ գլխի վրա շուռ տալ նրա դաշնամուրը։ Հավանաբար, դա նրանից է, որ նրա նվագից զգացվում է, որ նա երևակայում է իրեն ու չի խոսի քեզ հետ, եթե մի երևելի մարդ չես։
==12==
Տաքսին հին էր ու այնպես գարշելի հոտ էր փչում, ասես ինչ֊որ մեկն այդտեղ թափել էր իր ընթրիքը։ Միշտ ինձ այդպիսի գարշահոտ տաքսիներ են պատահաում, երբ գիշերն եմ ճամբորդում։ Շուրջն էլ այնպես լուռ էր, այնպես ամայի, որ ավելի շատ էի տխրում։ Փողոցում ոչ մի մարդ չկար, թեև օրը շաբաթ էր։ Երբեմն միայն գրկախառնված մի որևէ զույգ էր անցնում կամ խուլիգանական մի խումբ՝ աղջիկների հետ, հռհռում բորենիների նման, թեև, հավանաբար, ծիծաղելի ոչինչ չկար։ Ընդհանրապես Նյու֊Յորքը սարսափելի է, երբ գիշերը դատարկություն է տիրում և որևէ մեկն էլ հռհռում է։ Հարյուր մղոնի վրա էլ լսվում է։ Ու այնպես տխուր ու միայնակ ես զգում քեզ։ Շատ էի ուզում վերադառնալ տուն, գզվռտվել քույրիկիս հետ։ Բայց հետո խոսքի բռնվեցի վարորոդի հետ։ Նրա անունը Գորվից էր։ Նա նախորդ վարորդից անհամեմատ լավն էր, մտածեցի, որ գոնե սա կիմանա բադերի մասին։
― Լսեցեք, Գորվից, ― ասում եմ, ― դուք երբևէ անցե՞լ եք Կենտրոնական զբոսայգու լճակի մոտով։ Հարավային մուտքի կողմով։
― Ի՞նչ, ի՞նչ։
― Այնտեղ մի լճակ կա, փոքրիկ մի լիճ, որտեղ բադեր են լողում։ Ասենք, երևի գիտեք։
― Այո, գիտեմ, ի՞նչ է որ։
― Տեսել եք, չէ՞, որ այնտեղ բադեր են լողում, գարնանն ու ամռանը։ Պատահմամբ չգիտե՞ք ուր են կորչում ձմռանը։
― Ո՞վ է կորչում։
― Դե, բադերրն, էլի։ Ասում եմ, գուցե պատահմամբ գիտե՞ք։ Գուցե որևէ մեկը գալիս է բեռնատարով ու նրանց տանում կամ իրե՞նք են չվում մի որևէ տեղ։
Այստեղ Գորովիցը շուռ եկավ ու նայեց ինձ։ Նա, երևում է, շատ ջղային էր, թեև ընդհանրապես ոչինչ։
― Ես ի՞նչ իմանամ, գրողը տանի, ― ասում է։ ― Ինչի՞ս է պետք ամեն հիմարության հետ գլուխ դնեմ։
― Դե մի՛ նեղացեք, ― ասում եմ։ Երևում է շատ նեղացավ։
― Ո՞վ է նեղանում։ Ոչ ոք չի նեղանում։
Որոշեցի այլևս չխոսել նրա հետ, քանի որ այդպես ջղային է։ Բայց նա ինքը սկսեց։ Դարձավ իմ կողմն ու ասաց․
― Համենայն դեպս, ձկները ոչ մի տեղ չեն կորչում։ Ձկներն այնտեղ են մնում։ Նստում են լճակում ու մնում։
― Դե, դրանց մեջ մեծ տարբերություն կա, ― ասում եմ, ― դրանք ձուկ են, իսկ ես հարցնում եմ բադերի մասին։
― Ի՞նչ տարբերություն կա, ի՞նչ։ Ոչ մի տարբերություն էլ չկա, ― ասում է Գորովիցը։ Ու ձայնից երևում է, որ բարկանում է։ ― Տեր աստվա՜ծ, ախր ձկների վիճակը ձմռանն ավելի վատ է, քան բադերինը։ Գլխով մտածեք հապա, տեր աստված։
Ես լռեցի, լռեցի, հետո ասացի․
― Դե լավ, հապա ձկներն ի՞նչ են անում, երբ ամբողջ լճակը սառչում է, ու վրան նույնիսկ չմուշկներով սահում են։
Այստեղ նա շուռ եկավ ու գոռաց ինձ վրա․
― Ինչպե՞ս թե ձկներն ինչ են անում, ի՞նչ պիտի անեն, իրենց համար նստում են լճակում և վերջ։
― Չեն կարող չզգալ չէ՞, որ շուրջն ամբողջ սառույց է։ Նրանք հո այդ բանն զգում են։
― Իսկ ո՞վ ասաց, թե չեն զգում։ Ոչ ոք չի ասում, թե չեն զգում, ― գոռաց Գորվիցը։ Նա այնպես էր նյարդայնացել, որ ես նույնիսկ վախեցա, թե հանկարծ սյանը չխփի մեքենան։ ― Նրանք ապրում են սառույցի մեջ, հասկանո՞ւմ եք։ Նրանք այդպիսին են, գրողը տանի։ Ամբողջ ձմռանը սառչում են սառույցի մեջ, հասկանո՞ւմ եք։
― Այո։ Իսկ ի՞նչ են ուտում։ Եթե սառչում են, ուրեմն չեն կարող լողալ ու կեր փնտրել, ճի՞շտ է։
― Տեր աստված, ինչպե՜ս չեք հասկանում։ Նրանց օրգանիզմն ինքն է սնվում, հասկանալի՞ է։ Այնտեղ սառույցի մեջ ջրիմուռներ կան, ամեն տեսակի աղբ։ Նրանց ծակոտիները բաց են, այդ ծակոտիներով էլ ներծծում են սնունդը։ Նրանց բնույթն այդպիսին է, տեր իմ աստված։ Հասկացա՞ք, թե չէ։
― Ըհը՛, ― ես չուզեցի նրա հետ վիճել։ Վախենում էի մեքենան ջարդի։ Այնքան նյարդային է, որ հետաքրքիր էլ չէ նրա հետ վիճել։ ― Գուցե մի որևէ տեղ մտնենք, միասին խմե՞նք, ― հարցնում եմ։
Բայց նա նույնիսկ չպատասխանեց։ Հավանաբար, ձկների մասին էր մտածում։ Ես նորից հարցրի՝ միասին մի բան չխմե՞նք։ Ընդհանրապես վատ մարդ չէր։ Հետաքրքիր ծերուկ էր։
― Ես խմելու ժամանակ չունեմ, եղբայրս, ― ասում է։ ― Ի դեպ, քանի՞ տարեկան եք։ Ինչո՞ւ մինչև հիմա քնած չեք։
― Չեմ ուզում։
Երբ դուրս եկա Էռնիի մոտ ու վճարեցի նրան, ծերուկ Գորվիցը դարձյալ ձկների մասին խոսեց․
― Լսեցեք, ― ասում է, ― եթե դուք ձուկ լինեիք, մի՞թե մայր բնությունը ձեր մասին չպիտի հոգար։ Ի՞նչ։ Չլինի՞ կարծում եք, թե բոլոր ձկները սատկում են, հենց որ ձմեռը վրա է հասնում։
― Չէ, չեն սատկում, բայց․․․
― Ըհը։ Ուրեմն չեն սատկում, ― գոչեց Գորվիցն ու խելագարի պես առաջ սլացավ։ Կյանքումս այդքան նյարդային տիպ չէի տեսել։ Ինչ ուզում ես ասա, միևնույն է, նյարդայնանում է։
Նույնիսկ այս ուշ ժամին Էռնիի մոտ լեփ֊լեցուն էր։ Ավելի շատ դպրոցներից ու քոլեջներից եկած պիժոններ էին։ Բոլոր դպրոցներն էլ Ծննդյան տոներից առաջ շուտ են վերջացնում դասերը, միայն իմ բախտը չի բերում։ Այնքան մարդ կար, որ հանդերձարանում համարները չէին բավարարում։ Բայց լռություն էր տիրում, Էռնին ինքն էր դաշնամուր նվագում։ Ինչպես եկեղեցում, աստված վկա, բավական է նա նստի դաշնամուրի առաջ, լիակատար երանություն է տիրում, բոլորն աղոթում են նրան։ Իսկ իմ կարծիքով ոչ մեկին էլ չարժի աղոթել։ Կողքս ինչ֊որ զույգեր սպասում էին սեղան ազատվեր ու անընդհատ շարժվում էին, կանգնում ոտքերի թաթերի վրա, միայն թե տեսնեին այդ Էռնիին։ Նրա դաշնամուրի վերևեում մի վիթխարի հայելի էր կախված, և ինքն էլ ողողված էր լուսարձակների լույսով, որպեսզի նվագելու ժամանակ բոլորն էլ հնարավորություն ունենային տեսնելու նրա դեմքը։ Ձեռքերը չէին երևում, միայն դեմքն էր երևում։ Լավ էին սարքել։ Չգիտեմ ինչ էր նվագում, երբ ես ներս մտա, բայց նա փչացնում էր ամբողջ երաժշտությունը։ Ցուցադրական հիմար դայլայլներ էր արձակում բարձր նոտաներով, ընդհանրապես այնպես էր կոտրատվում, որ փորս ցավեց։ Բայց մի լեսեի՜ք, հասարակությունը ինչ արեց, երբ նա վերջացրեց։ Սիրտներդ կխառներ։ Կգժվեիք։ Ճիշտ ինչպես այն կինոյի ապուշները, որ հռհռում են բորենիների պես, ամենից ոչ ծիծաղելի տեղերում։ Վկա է աստված, եթե ես դաշմամուր նվագեի կամ բեմում խաղայի ու դուր գայի այդ հաստագլուխներին, ես դա անձնական վիրավորանք կհամարեի։ Ինչի՞ են պետք դրանց ծափահարությունները։ Նրանք երբեք տեղին չեն ծափահարում։ Եթե ես դաշնակահար լինեի, կփակվեի խորդանոցում ու այնտեղ կնվագեի։ Իսկ երբ Էռնին վերջացրեց, ու բոլորն սկսեցին գժի պես ծափահարել, նա շրջվեց աթոռակի վրա և գլուխ տվեց ձևական ու համեստ խոնարհումով։ Ձևացնում էր, թե ոչ միայն հիանալի դաշնակահար է, այլև չտեսնված համեստ անձնավորություն։ Այդ ամենը լիակատար կեղծիք էր, նա այնպիսի պճնամոլ էր, որպիսին աշխարհը դեռ չի տեսել։ Բայց ես, այնուամենայնիվ, մի քիչ խղճում էի նրան։ Իմ կարծիքով, նա այլևս չի կարողանում տարբերել՝ լա՞վ է նվագում, թե վատ։ Բայց նա այս հարցում մեղք չունի։
Մեղավորն այդ հաստագլուխներն են, որ ծափահարում են նրան․ դրանք ում ասես չեն փչացնի, միայն թե հնարավորություն ունենան։ Ու այդ ամենից դարձյալ տրամադրությունս ընկավ, այն աստիճան, որ քիչ էր մնում վերարկուս վերցնեի ու ետ գնայի հյուրանոց, բայց շատ շուտ էր, ու բոլորովին չէի ուզում մենակ մնալ։
Վերջապես այդ գարշելի սեղանը հատկացրին ինձ, պատի տակ, ինչ֊որ սյան ետևում, որտեղից ոչինչ չէր երևում։ Սեղանը փոքրիկ էր, անկյունային, դրա ետևում հնարավոր էր նստել միայն այն դեպքում, եթե հարևան սեղանի շուրջ նստածները բոլորը ելնեին ու քեզ ճանապարհ տային, բայց այդ սողունները մի՞թե վեր կկենան։ Ես սոդայով վիսկի պատվիրեցի, դա իմ սիրած խմիչքն է սառույցով գայկիրիից հետո։ Էռնիի մոտ բոլորին էլ մատուցում էին, թեկուզև վեց տարեկանին, այնտեղ գրեթե բոլորովին մութ էր, բացի այդ էլ, ոչ մեկին չէր հետաքրքրում քանի տարեկան ես։ Նույնիսկ ինչ֊որ հաշիշամոլների վրա էլ ուշադրություն չէին դարձնում։
Շուրջս հենց միայն տականքներ էին։ Ազնիվ խոսք, չեմ ստում։ Ինձնից ձախ գտնվող մեկ այլ փոքրիկ սեղանի մոտ նստած էր մի սոսկալի տգեղ տիպ, մի սոսկալի տգեղ աղջկա հետ։ Հավանաբար, ինձ հասակակիցներ էին, կամ ինձնից մի քիչ մեծ։ Ծիծաղելի էր նրանց նայել։ Նրանք ջանում էին, որքան կարելի է, դանդաղ խմել իրենց բաժինը։ Ես լսում էի նրանց խոսակցությունը, միևնույն է, ուրիշ անելիք չկար։ Տղան ինչ֊որ ֆուտբոլային մրցման մասին էր պատմում, որ տեսել էր այդ օրը։ Մանրամասնորեն, խաղի ամեն մի ակնթարթի մասին, ազնիվ խոսք։ Ես եբեք այդքան ձանձրալի խոսակցություն չեմ լսել, ու երևում էր, որ աղջկան բոլորովին չէր հետաքրքրում այդ պատմությունը, բայց նա սոսկալի տգեղ էր, նույնիսկ տղայից էլ տգեղ, այնպես որ նրան ոչինչ չէր մնում անել, քան լսել։ Տգեղ աղջիկների գործը վատ է։ Ես այնքան եմ խղճում դրանց, որ նույնիսկ չեմ կարողանում նայել, մանավանդ, երբ նրանք նստած են այնպիսի տխմարի հետ, որը պատմում է իր ապուշային ֆուտբոլի մասին։ Իսկ իմ աջ կողմում ավելի վատ էր վիճակը։ Աջ կողմս նստել էր ֆլանելե գորշ կոստյումով ու խիստ ոճամոլի կիտելով իելյան մի պճնասեր, ազնվականական հայրենակցություն ունեցող, բոլոր այդ հիմարները նման են մեկմեկու։ Հայրս ուզում էր ինձ տալ Իեյլ կամ Պրինսթոն, բայց երդվում եմ, ինձ ոչ մի կերպ չեն կարող հրապուրել այդ ազնվական քոլեջները, ավելի լավ է մեռնեմ, ազնիվ խոսք։ Եվ այդ ազնվականիկի հետ մի չտեսնված գեղեցիկ աղջիկ էր նստած։ Ուղղակի գեղեցկուհի։ Բայց մի լսեի՜ք նրանց խոսակցությունը։ Նախ երկուսն էլ թեթևակի խմած էին։ Տղան սեղանի տակ ճմկթում էր աղջկան ու միաժամանակ պատմում հանրակացարանում ապրող մի տիպի մասին, որը մի ամբողջ սրվակ ասպիրին է կերել ու քիչ է մնացել մեռնի։ Աղջիկն ամբողջ ժամանակ ասում էր․ «Ախ, ի՞նչ սարսափելի բան․․․ Պետք չէ, սիրելիս․․․ Դե, խնդրում եմ․․․ Միայն թե ոչ այստեղ»։ Պատկերացրեք հապա, ճմկթել աղջկան ու այդ ընթացքում պատմել ինչ֊որ տիպի մասին, որը փորձել է ինքնասպան լինել։ Ծիծաղելի է ուղղակի։
Այնքան նստեցի, հետևս մաշվեց, սոսկալի ձանձրանում էի։ Անելիք չկար, միայն խմիր ու ծխիր։ Ճիշտ է, ես մատուցողին պատվիրել էի Էռնիին հարցնել, թե չի՛ խմի ինձ հետ արդյոք։ Պատվիրեցի ասել, որ ես Դ․ Բ֊ի եղբայնրն եմ, բայց նա, կարծում եմ, նույնիսկ պատվերս չէր կատարել։ Այդ անասունները մի՞թե երբևէ կհաղորդեն։
Հանկարծ մեկը ձայն տվեց ինձ․
― Հոլդեն Քոլֆի՜լդ։ ― Դա Լիլիան Սիմոնսն էր։ Եղբայրս՝ Դ․ Բ֊ն, մի ժամանակ սիրահետում էր նրան։ Նա վիթխարի կուրծք ուներ։
― Ողջո՛ւյն, ― ասում եմ։ Ես, իհարկե, փորձեցի վեր կենալ, բայց դա շատ դժվար էր այդպիսի նեղվածքում։ Նրա հետ մի ծովային սպա էր եկել, որ կանգնած էր այնպես, ասես փայտ էր կուլ տվել։
― Շատ ուրախ եմ քեզ տեսնելուս համար, ― ասում է Լիլիան Սիմոնսը։ Ստում է, իհարկե։ ― Ինչպե՞ս է ավագ եղբայրդ։ ― Այ հենց դա էր նրան հետաքրքրում։
― Լավ է։ Նա Հոլիվուդում է։
― Հոլիվուդո՞ւմ է։ Սքանչելի՜ է։ Ի՞նչ է անում այնտեղ։
― Չգիտեմ։ Գրում է, ― ասում եմ։ Չէի ուզում ծավալվել։ Երևում է, որ նրա համար շատ մեծ բան էր եղբորս Հոլիվուդում լինելը։ Բոլորն էլ այդպես են կարծում, հատկապես նրանք, ովքեր չեն կարդացել նրա պատմվածքները։ Իսկ ինձ դա կատաղեցնում է։
― Ի՜նչ հետաքրքիր է, ― ասում է Լիլիանն ու ինձ ծանոթացնում է իր ծովայինի հետ։ Նրան կապիտան Բլոպ, թե նման մի բան են անվանում։ Նա այն մարդկանցից է, ովքեր կարծում են, թե իրենց կին կհամարեն, եթե բարևելիս այնպես չսեղմեն, որ ջարդվեն մատներդ։ Թո՛ւհ, ինչպես եմ ատում։ ― Դու մենա՞կ ես, փոքրիկս, ― հարցնում է Լիլիանը։ Նա փակում էր ամբողջ անցումը և, թվում էր, նրան դուր էր գալիս, որ կտրում է մարդկանց ճանապարհը։ Մատուցողը կանգնել սպասում էր, թե սա երբ է ետ քաշվելու, որ ինքն անցնի, իսկ Լիլիանը չէր նկատում նրան։ Զարմանալի հիմար վիճակ էր։ Անմիջապես երևում էր, որ նա մատուցողի համար սոսկալի տհաճ է, հավանաբար ծովայինին էլ դուր չէր գալիս, թեև նրան բերել էր այստեղ։ Ինձ էլ դուր չէր գալիս։ Ոչ մեկին դուր չէր գալիս։ Նույնիսկ սկսեցի մի քիչ խղճալ նրան։
― Մի՞թե դու աղջիկ չունես, փոքրիկ, ― հարցնում է։
― Ես արդեն ոտքի էի ելել, և նա նեղություն չքաշեց նույնիսկ ասելու՝ նստիր։ Այդպիսիները կարող են ժամերով քեզ ոտքի վրա պահել։ ― Լավիկն է, չէ՞, ― հարցրեց ծովայինին։ ― Հոլդեն, օր֊օրի գեղեցկանում ես։
Այստեղ ծովայինն ասաց, որ Լիլիանը առաջ անցնի։ Ասաց, որ նա ճանապարհը փակել է։
― Գնանք մեզ մոտ, Հոլդեն, ― ասում է նա։ ― Վերցրու բաժակդ։
― Ես արդեն մտադիր եմ գնալ, ― ասում եմ։ ― Տեսակցություն ունեմ։
Երևում էր որ քծնում է, որպեսզի հետո ես պատմեմ Դ․ Բ֊ին։
― Ախ դու սատանա՜։ Կեցցե՛ս։ Երբ տեսնես ավագ եղբորդ, ասա, որ ես ատում եմ իրեն։
Եվ գնաց։ Ես ու ծովայինն ասացինք, որ շատ ուրախ ենք ծանոթության համար։ Ծիծաղելի է։ Միշտ ես ասում եմ՝ «Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալ, երբ բոլորովին էլ հաճելի չէ։ Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան էլ ասել։
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան գնալ, ասացի չէ՞, որ տեսակցություն ունեմ։ Հնարավոր չէր անգամ լսել, թե Էռնին ինչպես է որևէ օրինավոր բան նվագում։ Բայց ես չէի կարող նստել Լիլիան Սիմոնսի ու նրա ծովայինի հետ, ահավոր ձանձրալի էր։ Ու գնացի։ Բայց շատ էի բարկացած, երբ հագնում էի վերարկուս։ Մարդիկ միշտ ամեն ինչ փչացնում են։